Շուրջօրյա ուսուցում

Պրոֆեսոր Միտչել Ռեսնիկը երեխաների համար նախատեսված համակարգչային ակումբների, արդյունավետ ուսուցման ու ձևավորման սկզբունքների և դպրոցական կրթական համակարգի մասին:

Ինչո՞վ են իրականում ցանկանում  զբաղվել ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաները: Ի՞նչ է նշանակում համակարգչային ակումբների ավան (Clubhouse village): Որո՞նք են այս համակարգի գլխավոր նպատակները: MIT (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ) Media Lab-ում LEGO Papert ուսումնական հետազոտությունների պրոֆեսոր Միտչել Ռեսնիկը պատմում է այն մասին, թե ինչ կարող ենք անել, որպեսզի օգնենք երեխաներին առաջընթացի հասնել նրանում, ինչում որ նրանք հետաքրքրված են:

Հաճախ ենք լսում շարունակական կրթության մասին խոսակցություններ, որ մարդկանց համար կարևոր է շարունակ ուսուցումը ամբողջ կյանքի ընթացքում: Մենք նաև սիրում ենք խոսել շուրջօրյա կրթության մասին, որ կարևոր է սովորել ամբողջ օրվա ընթացքում: Երեխաների ուսուցումը միայն դպրոցում չէ, որ տեղի է ունենում: Նրանք շարունակում են սովորել` ըստ էության ավելի շատ սովորելով դպրոցից դուրս: Այժմ մենք ցանկանում ենք ուղիներ գտնել երեխաներին դպրոցից դուրս և շուրջօրյա ուսուցման իրենց փորձերում աջակցելու համար, հատկապես այն երեխաներին, ովքեր գալիս են այնպիսի բնակավայրերից, որտեղ դպրոցից դուրս ուսուցումը չի օժանդակվում: Իհարկե, որոշ երեխաներ մեծանում են այնպիսի ընտանիքներում, որոնք ապահովում են դպրոցից դուրս սովորելու բոլոր հնարավորություններով, իսկ որոշները՝ ոչ: Եվ մենք ցանկանում ենք վստահ լինել, որ բոլոր երիտասարդները՝ անկախ պատկանելությունից, հնարավորություն ունեն շարունակել ուսուցումը օրվա ընթացքում:

Համակարգչային ակումբի (Clubhouse) ստեղծման պատմությունը

Թույլ տվեք պատմել մի պատմություն այն մասին, թե ինչպես սկսեցինք մեր շուրջօրյա ծրագրերից մեկը: Դա այն ժամանակ էր, երբ մենք զարգացնում էինք մեր առաջին ռոբոտաշինության տեխնոլոգիայի ամենավաղ տարբերակներից մեկը: Եվ մի քանի նախատիպ մշակեցինք այստեղ՝ MIT-ում: Ցանկություն առաջացավ փորձարկել դրանք մի քանի երեխաների հետ, այդ պատճառով արձակուրդների ժամանակ, երբ երեխաները դպրոց չեն գնում, մենք գնացինք տեղի թանգարան և ստեղծեցինք ռոբոտատեխնիկայի մեր հավաքածուի նախատիպերը, որպեսզի տեսնենք, թե ինչ կանեն երեխաները դրանց հետ: Շաբաթվա ընթացքում բազում երեխաներ էին  գալիս թանգարան, քանի որ արձակուրդ էր, և փորձարկում էին ռոբոտատեխնիկայի հավաքածուն. հետաքրքիր բաներ պաստրաստեցին: Որոշներն աշխատեցին, իսկ որոշները՝ ոչ: Դա նրանց համար սովորելու լավ փորձ էր, ինչպես և մեզ համար:

Շաբաթվա վերջում մենք մտածեցինք, որ ամեն ինչ ավարտվել է և բերեցինք ռոբոտաշինության նյութերը հետ՝ MIT: Հաջորդ շաբաթ զանգ ստացա թանգարանի կրթության գծով տնօրենից: Նա ասաց, որ երեխաները դասերից հետո գալիս են և հարցնում, թե որտեղ են լեգո-իրերն ու ռոբոտաշինական պարագաները: Պարզվեց, որ դրանք այն երեխաներն էին, որոնք չէին կարողանում թանգարան մտնել գումար չունենալու պատճառով: Երեխաներ, որոնք միշտ դպրոցից դուրս խնդիրների մեջ էին ընկնում, որովհետև այլ զբաղմունք չունեին: Այնուամենայնիվ, նրանք ցանկանում էին գալ և շարունակել աշխատել ռոբոտատեխնիկայով: Այսպիսով մենք տեսանք, որ սա մեծ հնարավորություն էր այն երեխաների համար, որոնք դպրոցից դուրս միշտ խնդիրների առաջ էին կանգնում, բայց ձգտում էին սովորել այն, ինչով հետաքրքրվում էին: Մենք հասկացնաք, որ նրանք ցանկանում էին օգտագործել մեր ռոբոտաշինական միջոցները իրեր սարքելու համար:

Այսպիսով, մենք մտածեցինք, որ պետք է նրանց  համար տեղ ապահովենք: Կարող էինք թանգարան մտնելու անվճար հնարավորություն տալ նրանց, սակայն դա բավարար չէր: Թանգարանը ստեղծված չէր նրա համար, որ երեխաները գային և աշխատեին ծրագրերի վրա: Որոշեցինք ստեղծել մի տեղ, որը կոչեցինք «Համակարգչային ակումբ», որտեղ դպրոցից հետո երեխաները կարող էին գալ և սովորել, իրենց ստեղծագործաբար արտահայտել նոր տեխնոլոգիաների միջոցով՝ կառուցել ռոբոտատեխնիկական սարքեր, սեփական երաժշտություն գրել թվային երաժշտության ստուդիայում, պատրաստել իրենց սեփական տեսահոլովակներն ու անիմացիան նոր ծրագրավորման լեզուներով: Այսպիսով այն տեղը, որը մենք դիտում էինք որպես ստեղծագործ եղանակներով սովորելու հարուստ հնարավորություն, երեխաները ցանկանում էին գալ այդ միջոցներով աշխատելու: Եվ մենք ստեղծեցինք առաջին համակարգչային ակումբը, հատկապես այն երեխաների համար, ովքեր ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից էին, երեխաների, որոնք այդ հնարավորությունները չունեին իրենց տներում, չունեին համակարգիչներ, իրենց աջակցող ընտանիք, որը կօգներ ուսումնասիրել նոր տեխնոլոգիաները: Այսպիսով, նրանք իրոք մի վայրի կարիք ունեին, որտեղ կարող էին զարգացնել նոր տեխնոլոգիաների մասին գիտելիքը:

Ուսումնական լավագույն գործընթացները կգան, երբ երեխաներն իրենք ստեղծեն դրանք:

Համակարգչային ակումբի սկզբունքները

Երբ մենք ստեղծեցինք մեր առաջին համակարգչային ակումբը, որոշեցինք, որ այն պետք է հիմնված լինի չորս հիմնական սկզբունքների վրա: Առաջին սկզբունքն այն էր, որ ակումբը պետք է հիմնված լինի կառուցելու միջոցով սովորող երեխաների վրա,  որոնք պետք է մշտապես ներգրավված լինեն տեխնոլոգիաների օգտագործմամբ նոր իրերի ստեղծման աշխատանքներում: Համակարգչային ակումբը չպետք է լինի խաղալու տեղ, այնտեղ պետք է գալ սեփական խաղերը ստեղծելու: Այն պետք է լինի վայր, որտեղ երեխաները կգան ոչ թե պարզապես երաժշտություն ներբեռնելու, այլ սեփականը ստեղծելու, ոչ թե պարզապես կայքեր այցելելու, այլ իրենց սեփական կայքը ստեղծելու համար: Այսպիսով` այս տեղը նախատեսված է արարելու համար, որովհետև մենք գիտեինք, որ ուսումնական լավագույն գործընթացները կգան, երբ երեխաներն իրենք ստեղծեն դրանք:

Սովորել ստեղծելու միջոցով, հետևել սեփական հետաքրքրություններին: 

Երկրորդ առաջնորդող սկզբունքն այն էր, որ կենտրոնը պետք է լիներ այն տեղը, որտեղ երեխաները կկարողանային հետևել սեփական հետաքրքրություններին: Մենք չէինք ցանկանում, որ այն դառնա մի տեղ, որտեղ բոլորը միաժամանակ նույն բանով կզբաղվեին: Գիտեինք, որ երեխաները (ինչպես և չափահասները) ավելի լավ են սովորում այն ժամանակ, երբ աշխատում են այն բանի վրա, ինչով հետաքրքրված են: Երբ նոր երիտասարդ է գալիս ակումբ, մենք միշտ հարցնում ենք, թե ինչով է նա հետաքրքրվում: Դա մեզ թույլ է տալիս պատկերացում կազմել, թե ինչով նրանք կցանկանան զբաղվել մեր ակումբում: Եթե հետաքրքրված են երաժշտությամբ, մենք ցույց կտանք, թե ինչպես օգտվել երաժշտական ստուդիայից, եթե սպորտով, ապա ցույց կտանք, թե ինչպես կարող են կայք, անիմացիաներ կամ ստիմուլիացիաներ ստեղծել իրենց սիրելի սպորտային թիմի մասին: Այսպիսով` սա ենթադրում է սովորել ստեղծելու միջոցով, հետևել սեփական հետաքրքրություններին: 

Երրորդ սկզբունքը որպես համայնքի մաս աշխատելն է: Մենք չենք ցանկանում, որ ակումբը բաղկացած լինի միայն 20 երեխաներից, ովքեր կնստեն 20 տարբեր համակարգիչների առջև: Գիտեինք, որ նրանք կսովորեին ավելին, եթե աշխատեին միասին, ինչպես նաև համայնքի մյուս անդամների հետ: Այսպիսով, մենք այս սկզբունքը ներդրել ենք անգամ տեղի ճարտարապետության առանցքում, որպեսզի երեխաների համար հեշտ լինի տեղաշարժվելը: Մենք հոգ ենք տարել, որ նրանք ունենան անիվներով աթոռներ, որպեսզի կարողանան հեշտությամբ տեղաշարժվել  ծրագրերի վրա միասին աշխատելիս: Հրավիրել ենք նաև համայնքում գործող մենթորների, կամավորների, որոնք փորձառություն ունեին: Դա կարող էր լինել համայնքից որևէ նկարիչ-ճարտարապետ, գիտնական կամ երաժիշտ, ովքեր կկարողանային գալ,  երեխաները կսովորեին նրանց հետ միասին: Նրանք ընդլայնված համայնքի անդամ էին, և մենք ասացինք, որ նրանք գան ոչ միայն երեխաներին սովորեցնելու, այլև սեփական ծրագրերի վրա աշխատելու համար: 

Երեխաները ավելի կոգեշնչվեն, եթե տեսնեն, որ մեծահասակները նույնպես շարունակում են սովորել: Այսպես, մենք ցանկանում ենք, որ մեծահասակները այնտեղ աշխատեն և ստեղծագործեն:

 

Հիշում եմ, որ վաղ ժամանակներում մենք ունեինք շրջանավարտներ, որոնք գալիս էին, և ստեղծում սեփական ռոբոտները: Սկզբում երեխաները ուշադրություն չէին դարձնում, նրանք մտածում էին միայն սեփական գործերի մասին, բայց հետո մոտենում էին և հարցնում թե ինչ են անում կամ ինչպես են հաջողել, և աստիճանաբար դարձան ռոբոտատեխնիկական այս պրոյեկտի սաները: Այսպիսով, մենք ընկալում էինք դա որպես զարգացող համայնքի տեսակ. մենք երեխաներին չէինք հանձնարարել աշխատել թիմերով, բայց նրանք, առաջնորդվելով իրենց հետաքրքրություններով, սկսեցին կապվել մյուս երեխաների և մեծահասակների հետ՝ որպես իրենց կրթական համայնքի մի մաս:

Կարևոր է վստահության և հարգանքի միջավայրում աշխատելը, որտեղ մարդիկ կաջակցեն միմյանց:

Չորրորդ առաջնորդող սկզբունքը վստահության և հարգանքի միջավայր ստեղծելն է: Հիմա հնարավոր է մտածեք, որ սա երեխաների կողմից շփման ընթացքում լավ վարվելակերպ դրսևորելու մեր ցանկությունն է, որը, իհարկե, մասամբ կարևոր է: Բայց կա նաև ավելի մեծ պատճառ: Մենք գիտեինք, որ եթե երեխաները իրոք ցանկանում են սովորել այստեղ, նրանք պետք է ռիսկի դիմեն, պետք է նոր բաներ փորձեն: Իսկ երբ ռիսկի ես դիմում, հաճախ ձախողում ես, սխալներ ես գործում: Եվ երբ սխալվում ես, ինչ-որ մեկը սկսում է ծիծաղել և ծաղրել քեզ, դու չես ցանկանում կրկին ռիսկի դիմել: Ահա թե ինչու է այդքան կարևոր վստահության և հարգանքի միջավայրում աշխատելը, որտեղ մարդիկ կաջակցեն միմյանց: Այնպես որ դուք կարիք չունեք անհանգստանալու, որ ինչ-որ բան այնպես չի ընթանա կամ ձեզ կծաղրեն:

Այսպիսով` այս 4 առանցքային սկզբունքների՝ ստեղծելու միջոցով սովորելու, սեփական հետաքրքրություններով առաջնորդվելու, համայնքային կյանքին մասնակցելու, հարգանքի ու վստահության միջավայր ստեղծելու հիման վրա, մենք ստեղծեցինք այս ակումբը, և այն դարձավ համայնք, որտեղ երիտասարդները աշխատում են ստեղծագործաբար` ուսումնասիրելով և փորձարկելով նոր տեխնոլոգիաներ:

Նոր մարտահրավերները և հնարավորությունները. Առցանց ակումբների «ավանի» (Clubhouse village) ստեղծումը

Առաջին ակումբը հաջողվեց: Ուստի Բոստոնի այլ անկյուններում ևս մեր աջակցությամբ սկսեցին բացվել ակումբներ: Հետագայում Intel հիմնադրամի աջակցությամբ սկսեցինք ընդլայնվել ամբողջ աշխարհում: Հիմա ունենք հարյուրից ավելի ակումբներ աշխարհի ավելի քան քսան երկրում, որտեղ երիտասարդները սովորում են ուսումնասիրել, փորձեր կատարել և արտահայտել իրենց՝ տեխնոլոգիաների միջոցով:

Հիմա, երբ այն ընդարձակվում է, շարունակում է ի հայտ բերել նոր մարտահրավերներ և հնարավորություններ: Այնպես, ինչպես սկզբանական փուլում ցանկանում էինք, որ համագործակցություն լիներ ակումբի ներսում, հիմա ցանկանում ենք, որ համագործակցեն նաև հարյուրի հասնող ակումբները: Այսպիսով, մենք ստեղծել ենք նաև առցանց ակումբների «ավան», որտեղ տարբեր ակումբների ներկայացուցիչներ փոխանակվում են մտքերով և ներկայացնում իրենց ծրագրերը միմյանցից սովորելու համար:

Այսպիսով տեսնում ենք, որ ակումբում բոլորը՝ անկախ պատկանելությունից, հետաքրքրություններից, կարող են հիմնվել այդ հետաքրքրությունների վրա, որպեսզի կարողանան զարգացնել ինչպես հմտությունները, այնպես էլ վստահությունը՝ այսօրվա հասարակության ակտիվ անդամ դառնալու համար: Նկատում ենք, որ ակումբ են հաճախում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից շատ երիտասարդներ: Նրանցից շատերը այսօրվա հասարակության մեջ իրենց մարգինալացված են զգում, եզրին կանգնած, զգում են, որ երբեք տեղ չեն գտնի հասարակությունում, որ իրենց ընտանիքները իրոք ամբողջապես ներգրավվել են մեյնսթրիմ մշակութային հոսքում և տնտեսական համակարգում: Ակումբում նրանք սկսում են հասկանալ` ինչպես լինել ակտիվ ներդրողներ, զարգացնել հմտությունները, վստահությունը և ստեղծագործականությունը, որտեղ կարող են լինել ակտիվ մասնակիցներ: Հասարակությունն ավելի քան երբևէ պահանջելու է տեխնոլոգիական և ստեղծագործական հմտություններ, և համակարգչային ակումբները օգնում են պատրաստել երիտասարդներին որպես հասարակական կյանքի ակտիվ մասնակիցների: 

Հաճախ զգում ենք, որ կարևոր է ակումբներում միջոցառումներ անցկացնելը, որտեղ մարդիկ կարող են ցույց տալ, թե ինչ են ստեղծել, որովհետև նրանց դուր է գալիս լսարանի առկայությունը, հետադարձ կապը այդ լսարանի հետ, որը կտեսնի, թե ինչ են իրենք արել: Այս միջոցառումները կարող են տարբեր ձևեր ընդունել, երբեմն կարող են անցկացվել մրցույթի տեսքով, օրինակ` ռոբոտների մրցույթի, որտեղ մարդիկ ստեղծում են իրենց ռոբոտները և հետևում, թե ինչպես է ներկայանում իրենց ռոբոտը մեկ ուրիշի ռոբոտի դեմ: Այլ դեպքում դա կարող է ցուցահանդես լինել, որտեղ տարբեր մարդիկ ինչ-որ բան են պատրաստում և, ինչպես արվեստի ցուցահանդեսի ժամանակ, որտեղ այցելում են մարդիկ, կարծիքներ են լսում տարբեր մարդկանցից, որոնք նայում են ցուցահանդեսի համար նրանց ստեղծած աշխատանքները:

Կարծում եմ` ամենակարևորն այն է, որ մարդիկ կարողանան կիսվել իրենց ստեղծագործություններով, լսեն ուրիշների կարծիքները և այդ արձագանքի հիման վրա նոր մտքեր ստանան: Երեխաները տարբեր են, հետևաբար նրանցից յուրաքանչյուրը յուրովի է արտահայտում զգացածի և արածի մասին. որոշ դեպքերում մրցույթների, երբեմն էլ ցուցահանդեսների, բայց միշտ փորձի փոխանակման և մեկը մյուսից մտքեր ստանալու միջոցով:

Առավել շատ մեզ զարմացնում է այն, որ այստեղ կան բազմաթիվ երեխաներ, որոնք ավանդաբար հաջողություն չեն ունեցել դպրոցում, բայց շատ հաջողակ են ակումբում:

Այն երեխաները, ում մասին նրանց ուսուցիչներն ասում են, որ ուշադրության կենտրոնացման խնդիր ունեն, գալիս են և երեք ժամ անընդմեջ աշխատում ծրագրերի վրա, որոնց մասին իրոք մտածում են:

 

Այսպիսով, երբեմն ունենում ենք ուսուցիչներ, որոնք գալիս են ակումբ և ցնցվում, երբ տեսնում են, որ այն երեխան, որը դասի ժամանակ քնում է, ակտիվորեն մասնակցում է ակումբի աշխատանքներին: Նրանք հասկանում են, որ եթե երեխաներին հնարավորություն տան աշխատել իրենց հետաքրքրող բաների վրա, ապա նրանք պատրաստ են  քրտնաջան աշխատելու:

Իմ կարծիքով կան ակումբում անցկացվող շատ դասեր, որոնք կարող էին ազդել դպրոցների վրա: Դպրոցները կարող են շատ բան սովորել ակումբներից: Հիմա, կարծում եմ, մենք տարբեր բաներ սովորելու համար նախատեսված տարբեր շրջանակներ ունենք, մեզ անհրաժեշտ են տարբեր տեսակի կրթական կարգավորումներ: Եվ հաճախ դպրոցներն ուղղված են միայն մեկ տեսակի սովորողի և մեկ տեսակի ուսուցման փորձի աջակցմանը: Կարծում եմ, որ պետք է ընդլայնենք ուսուցման փորձը, որովհետև ներկայումս դպրոցները հաջողված չեն շատ երեխաների համար: Ակումբը մեկ այլ ճանապարհ է ցույց տալիս, որը  կօգնի շատ երիտասարդների զարգացնել իրենց ունակությունները և վստահություն ձեռք բերել այնպիսի եղանակներով, որոնք դպրոցներում կիրառում չունեն: Հետևաբար շատ բաներ կան, որոնք կարող ենք սովորել ակումբներից ոչ միայն մյուս համայնքային կենտրոններում կիրառության համար, այլև տանը, ծնողների համար, ինչպես նաև դասեր, թե ինչպես կարող ենք դպրոցները դարձնել ավելի ընդգրկուն տարբեր հետաքրքություններ ունեցող երեխաների համար՝ անկախ նրանց սոցիալական պատկանելությունից:

Միտչել Ռեսնիկ

 

LEGO Papert ուսումնական հետազոտությունների պրոֆեսոր, MIT Media Lab-ի Մեդիա արվեստի և գիտության ծրագրի, Lifelong Kindergarten group-ի, գիտական ղեկավար

 

Բնօրինակի հեղինակ՝ Mitchel Resnick, Serious Science


Թարգմանիչ՝ Լիաննա Սարգսյան (Lianna Sargsyan), խմբագիր՝ Հեղինե Ալեքսանյան (Heghine Aleksanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցել նաև Կրթություն խորագրի մյուս նյութերը