Hong Kong (CNN). Չինաստանի Հուբեյ նահանգում գործարանները փակվել են, իսկ փողոցները` մաքրվել, քանի որ իշխանությունները հրահանգել են բնակիչներին մնալ տանը, որպեսզի դադարի կորոնավիրուսի տարածումը:
Թվում է, թե այս արգելքն ակամայից օգուտ բերեց՝ կապույտ երկինքը:
Ըստ Չինաստանի էկոլոգիայի և բնապահպանության նախարարության` «օդի լավ որակի առկայությամբ օրերի» միջին քանակը փետրվարին աճել է 21,5%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Եվ Հուբեյը մենակ չէր
Հունվարից փետրվար ընկած ժամանակահատվածում NASA-ի և Եվրոպական տիեզերական գործակալության թողարկած արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ավտոմեքենաների, էլեկտրակայանների և արդյունաբերական օբյեկտների կողմից ազոտի երկօքսիդի արտանետումների կտրուկ նվազում: Արդյունաբերական էլեկտրակայանների վրա կախված թունավոր գազի տեսանելի ամպը գրեթե անհետացել է:
«Առաջին անգամ եմ տեսնում, որ կոնկրետ իրադարձության արդյունքում այսպիսի կտրուկ նվազում տեղի ունենա այսպիսի ընդարձակ տարածքում», ” ասում է NASA-ի Գոդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոնի օդի որակի հետազոտող Ֆեյ Լիուն: «Ես զարմացած չեմ, քանի որ հանրապետության շատ քաղաքներ միջոցներ են ձեռնարկել վիրուսի տարածումը նվազագույնի հասցնելու համար»:
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև ածխաթթու գազի հարցում (CO2), որն արտանետվում է մթնոլորտ օրգանական կամ բնական վառելիքի այրման արդյունքում, ինչպիսին է, օրինակ, ածուխը:
Ըստ օդի աղտոտման ուսումնասիրություններով զբաղվող Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի (CREA)՝ փետրվարի 3-ից մարտի 1-ն ածխաթթու գազի արտանետումները նվազել են մոտ 25%-ով՝ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շնորհիվ:
Լինելով աշխարհի ամենամեծ աղտոտողը՝ Չինաստանին բաժին է ընկնում աշխարհում CO2 արտանետումների 30%-ը, ուստի արտանետումների այսչափ նվազման ազդեցությունը հսկայական է, նույնիսկ կարճ ժամանակահատվածի դեպքում: Ըստ CREA-ի գնահատման՝ այդ նվազման թիվը համարժեք է 200 միլիոն տոննա ածխաթթու գազի` Մեծ Բրիտանիայի տարեկան արտանետումների կեսից ավելիին:
«Մեկ գիշերում իրականացրած կանխարգելիչ միջոցներից իմ տեսած ամենաարդյունավետն ու ամենաապշեցուցիչը սա էր՝ արտանետումների վրա ազդեցության տեսանկյունից», ” ասաց Լաուրի Միլիվիրտան՝ CREA-ի առաջատար վերլուծաբանը:
Չնայած վիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված արգելքները Չինաստանի աղտոտվածության մակարդակը մի փոքր նվազեցրել են, փորձագետները նախազգուշացնում են, որ երբ երկիրը սկսի վերագործարկել իր տնտեսությունը, քիմիական թունավոր նյութերի արտանետումները կարող են հասնել ավելի բարձր մակարդակի, քան մինչ համաճարակի սկսվելը:
Ածխի սպառումը նվազում է
Ըստ CREA-ի՝ նավթի և պողպատի արտադրության նվազումը և ներքին թռիչքների 70%-ի կրճատումը նպաստեցին արտանետումների նվազմանը: Բայց ամենամեծ շարժանիվը Չինաստանի ածուխի օգտագործման կտրուկ անկումն էր:
Չինաստանն աշխարհում ածխի ամենամեծ արտադրողն ու սպառողն է, որը, 2018 թվականի տվյալներով, այս ռեսուրսն օգտագործում է իր էներգետիկայի ոլորտի 59%-ում: Ինչպես գործող էլեկտրակայանների և այլ ծանր արդյունաբերությունների դեպքում, այնպես էլ երկրի հսկայական գյուղական բնակավայրերում գտնվող միլիոնավոր տների համար ածուխը միակ ջերմային աղբյուրն է:
Ըստ CREA-ի (WIND վիճակագրական ծառայության տվյալների վերլուծության)՝ Չինաստանում ածուխով աշխատող ամենախոշոր էկեկտրակայանները փետրվարի 3-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում սպառման 36% անկում են գրանցել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Ածխի ամենամեծ սպառողները՝ ածուխով աշխատող էլեկտրակայանները, մեծապես տուժել են, քանի որ էլեկտրաէներգիայի պահանջարկը նվազել է», ” ասաց Միլիվիրտան: «Կարծում եմ՝ պարզ է, որ այդ իրավիճակը կշարունակվի նաև հաջորդ շաբաթների և ամիսների ընթացքում, քանի որ մեծ ազդեցություն է կրել նաև տնտեսության պահանջարկի կողմը»:
2017 թ.-ին նախագահ Սի Ծինփինը խոստացավ աղտոտման դեմ պայքարը դարձնել Չինաստանի «երեք ճակատամարտերից» մեկը, իսկ հաջորդ տարի ստեղծվեց Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարությունը:
«Քաղաքականությունները հանգեցրել են էական ազդեցության, որի շնորհիվ 2017 և 2018 թվականների ընթացքում Չինաստանի քաղաքներում աղտոտվածության ընդհանուր մակարդակը 10%-ով ավելի ցածր է»,- ասվում է Greenpeace-ի և AirVisual-ի անցյալ տարի հրապարակված համատեղ զեկույցում:
Կլիմայի ակտիվիստները նշում են, որ ճգնաժամը կարող է հնարավորություն ընձեռել այս խոստացված բարեփոխումները հարկադրելու համար:
«Մենք շատ ավելի կողմնակից կլինեինք նրան, որ Չինաստանն օգտվեր այս հնարավորությունից՝ փոխակերպելու իր տնտեսությունը և հնից հրաժարվելու», ” ասում է Greenpeace միջազգային հասարակական բնապահպանական կազմակերպության Արևելյան Ասիայի կլիմայի քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Լի Շուոն:
«Աղտոտում ի վրեժխնդրություն»
Լին հայտնեց, որ մտավախություն կա, որ կորոնավիրուսի սպառնալիքի անցնելուն պես Չինաստանը կկենտրոնանա բացառապես իր տնտեսությունը վերականգնելու վրա, որն, արդեն իսկ, վնասներ էր կրել ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի հետևանքով: Նշյալը կարող է տեղի ունենալ շրջակա միջավայրի հաշվին:
«Չինաստանը գուցե որևէ փուլում տնտեսությունը խթանելու նպատակով էժան վարկեր տրամադրի երկրում գործող ծանր արդյունաբերություններին, և դրա արդյունքում մենք այս տարվա երկրորդ կեսին հնարավոր է տեսնենք ավելի մեծ քանակի աղտոտիչներ և ածխածնի արտանետումներ», ” հավելեց Լին:
Այս հետցատկի ազդեցությունը, որը երբեմն կարող է արտանետումների նվազմանը հակադարձել, Լին անվանում է «աղտոտում ի վրեժխնդրություն»: Իսկ Չինաստանում դա նախադեպ է ունեցել:
2009 թվականին Չինաստանի կառավարությունը գործարկեց տնտեսական աճի խթանման 586 միլիարդ դոլար արժողությամբ փաթեթ՝ ի պատասխան համաշխարհային ֆինանսական ճգնաժամի: Գումարի մեծ մասը հատկացվեց ենթակառուցվածքների լայնածավալ ծրագրերին:
Այդուհանդերձ, վերոնշյալի արդյունքում աղտոտման մակարդակը կտրուկ բարձրացավ՝ առաջ բերելով հանրության կողմից բողոքի մեծ ալիք, որը սկիզբ դրեց Չինաստանի կառավարության կողմից օդի աղտոտվածության մասին առաջին ազգային գործողությունների պլանին՝ 2013 թ. սեպտեմբեր ամսին: 2012-2013 թթ. ձմռանն այս իրավիճակը «օդակալիպսիս» (airpocalypse) էին կոչում:
Նախագահ Սին պարզաբանել է, որ աշխատողները և գործարանները պետք է հնարավորինս արագ վերսկսեն գործունեությունը, եթե երկիրը ցանկանում է խուսափել տնտեսական կտրուկ անկումից:
Միլիվիրտան հույս ունի, որ Չինաստանը դասեր է քաղել անցյալից:
«Այդ շրջանում իսկապես համբերության բաժակն արդեն լցվել էր», ” ասում է Միլիվիրտան, ով նաև նախազգուշացնում է հանրության դիմադրության մասին, եթե երկինքը կրկին մոխրագույն դառնա:
«Օդի աղտոտվածության նվազումը շատ պարզ եղանակով է տեղի ունեցել, այնպես որ, եթե աղտոտումը հին մակարդակին բարձրանա տնտեսության խթանմանը նպաստող միջոցառումների պատճառով կամ քանի որ ծանր արդյունաբերությունը պետք է սկսի աշխատել կրկնակի արագությամբ, որպեսզի վերականգնի կորցրած ժամանակը, ապա կարող է հակառակ ազդեցությունն առաջանալ»:
Հոնկոնգի օդի աղտոտման մակարդակը նվազում է
Հարևան Հոնկոնգում օդի որակը նույնպես բարելավվել է, քանի որ քաղաքը մտել է մասնակի անջատման ռեժիմ՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար:
Օդի հիմնական աղտոտիչները հունվար-փետրվար ամիսներին նվազել են գրեթե մեկ երրորդով՝ ըստ Հոնկոնգի համալսարանի հանրային առողջության դպրոցի տվյալների, որոնք վերլուծվել են Clean Air Network բնապահպանական կազմակերպության կողմից:
Հոնկոնգի ամենամարդաշատ տարածքների կայարաններում՝ ներառյալ «Կենտրոնական», Causeway Bay և Mongkok կայարաններում անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աերոզոլային աղտոտող մանր մասնիկներից PM 2.5-ը նվազել է 32%-ով, խոշոր մասնիկներից PM10-ը նվազել է մինչև 29%, իսկ ազոտի երկօքսիդը (NO2) կրճատվել է մինչև 22%-ով:
Կառավարությունը հայտնում է, որ Հոնկոնգում և Պերլ գետի դելտայի շրջակայքում աղտոտվածության հիմնական պատճառն են ավտոմեքենաները, ծովային նավերն ու էլեկտրակայանները:
Վնասակար աղտոտիչների նվազումն ուղիղ կապ ուներ հոնկոնգյան կառավարության ներկայացրած կանխարգելիչ միջոցների հետ՝ ներառյալ տնից աշխատելու ընթացակարգը, որոշ հասարակական հաստատությունների փակումը և Չինաստանի հետ սահմանի մասնակի փակումը: Այս ժամանակահատվածում մայրցամաքային Չինաստանում աղտոտվածության նվազումը նպաստեց նաև հարավային Գուանդուն նահանգի՝ էլեկտրակայաններ ունեցող արդյունաբերական քաղաքներում մշուշի նվազմանը:
«Շատ մարդիկ աշխատում են տնից, ինչի պատճառով կրճատվել են երթևեկությունը և խցանումները», ” ասում է Clean Air Network-ի նախագահ Պատրիկ Ֆունգը: Հոնկոնգի ձեռնարկած միջոցները, իհարկե, այնքան կտրուկ չէին, որքան մայրցամաքային Չինաստանի ձեռնարկած միջոցները, բայց և այնպես զգալի ազդեցություն ունեցան:
Ֆունգը քարոզարշավ է իրականացրել Հոնկոնգում մարդկանց առողջության վրա օդի աղտոտվածության երկարատև ազդեցության մասին, ինչը, նրա խոսքով, քաղաքում տարեկան միջին հաշվով 1500 վաղահաս մահվան պատճառ է դառնում:
«Վերջին տասնամյակի ընթացքում Հոնկոնգի օդի աղտոտվածության մակարդակն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ապահով մակարդակից կրկնապատիկ աճել է», ” ասում է Ֆունգը: «Հատկապես մայթերին, որտեղ շատ հետիոտներ և աշխատանքի գնացող ուղևորներ ենթարկվում են այդ տեսակի թունավոր և քաղցկեղածին օդի աղտոտիչների բացասական ազդեցությանը»:
Հոնկոնգյան Կառավարությունն իր` վերջերս ներկայացրած բյուջեում ներառեց կանաչ քաղաքականություն` ներառյալ ավելի մաքուր հասարակական տրանսպորտային միջոցների հասնելու ճանապարհային քարտեզը: Ֆունգն ասում է, որ հայտարարությունը հաջող էր որպես «առաջին քայլ», բայց շատ ավելին պետք է արվի:
Ֆունգը կարծում է, որ այժմ մաքուր օդի առկայության այս կարճ ժամանակահատվածը պետք է ուղերձ լինի ժողովրդի համար, որպեսզի վերջիններս ավելի երկարաժամկետ փոփոխությունների պահանջատեր լինեն: «Եթե մենք ուզում ենք, որ երեխաներն ու տարեցներն առողջ ապրեն Հոնկոնգում, ապա մենք պետք է մտածենք, թե ինչպես կարելի է բիզնեսում փոփոխությունները սովորական երևույթ դարձնել», ” ասում է Ֆունգը:
Հեղինակներ՝ Մարինե Օհանջանյան (Marine Ohanjanyan) և Ազատուհի Սուքոյան (Azatuhi Sukoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հայերեն աղյուսակների հեղինակ՝ Մանե Թադևոսյան (Mane Tadevosyan)