Ջեֆ Բեզոսը 10 մլրդ դոլար կհատկացնի կլիմայի փոփոխության դեմ պայքարին 

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, 10 մլրդ դոլար կհատկացնի կլիմայի փոփոխության դեմ պայքարին 

«Ես 10 մլրդ դոլար հատկացնելու պարտավորություն եմ ստանձնում և այս տարվա ամռանը սկսելու եմ դրամաշնորհներ տրամադրել։ Երկիրը միակ բանն է, որ միավորում է մեզ բոլորիս։ Եկե՛ք պաշտպանենք այն միասին»:

Երկուշաբթի օրը «Ամազոն» (Amazon) ընկերության գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը, ով աշխարհի ամենահարուստ մարդն է, խոստացավ 10 մլրդ դոլար հատկացնել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին՝ այն անվանելով «մեր մոլորակին սպառնացող ամենամեծ վտանգը»։

Իր ինստագրամյան էջում 56-ամյա միլիարդատերը նշել է, որ գործարկել է «Բեզոս Երկիր» հիմնադրամը: Սա մի նախաձեռնություն է, որը պատրաստ է ֆինանսավորել այն գիտնականներին,  ակտիվիստներին, հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են կլիմայական փոփոխությունների ուսումնասիրությամբ և դրանց դեմ պայքարով։ Բեզոսը չի հստակեցրել, թե կոնկրետ որ խմբերը կֆինանսավորվեն, բայց նշել է, որ հիմնադրամն իր 10 մլրդ դոլարը դրամաշնորհների ձևով  կսկսի բաշխել այս տարվա ամռանը։

«Հիմնադրամը պատրաստվում է միացյալ գործընթացներ սկսել մեծ ու փոքր կազմակերպությունների, ազգային կառավարությունների, միջազգային ընկերությունների և մասնավոր անձանց հետ».” այսպես է վերնագրել Բեզոսն իր ինստագրամյան էջում տեղադրված Երկիր մոլորակի լուսանկարը։ «Երկիրը միակ բանն է, որ միավորում է մեզ։ Եկե՛ք պաշտպանենք այն միասին»։

Բեզոսի հայտարարությունից ենթադրվում է, որ Ամազոնը քայլեր է ձեռնարկում գլոբալ տաքացումների խնդրի լուծման շրջանակներում իր դերը սահմանելու համար, ինչպես նաև այն պատճառով, որ հիմնադրամն իր իսկ  աշխատակիցների կողմից ներքին ճնշման է ենթարկվում։

Սեպտեմբերին կազմակերպությունը հանդիսավոր կերպով մեկնարկեց «Կլիմայի փոփոխության դեմ պայքարի խոստումը» (Climate Pledge), որով պարտավորվում է պետությունների մեծամասնության նախնական պայմանավորվածությունից 10 տարի ավելի շուտ հասնել Փարիզյան համաձայնագրով սահմանված նպատակին, այն է՝ մինչև 2040 թ․ ածխաթթու գազի արտանետումների մակարդակը հասցնել զրոյականի։

Առցանց մանրածախ առևտրով զբաղվող ընկերության՝ այդ նպատակին ուղղված նախագիծը ներառում է առաքման համար նախատեսված 100.000 նոր էլեկտրական փոխադրամիջոցների ձեռքբերում, ինչպես նաև անտառվերականգնման համաշխարհային ծրագրերի համար 100 մլն դոլարի ներդրում։

Այս քայլն, այդուհանդերձ, չբավարարեց սիեթլյան տեխնոլոգիական հզորագույն կազմակերպության աշխատակիցներից ոմանց, որոնք ստեղծել էին «Ամազոնի աշխատողները հանուն կլիմայական արդարության» խորագրով խումբը: Այս խումբն իրենց գործատուին կոչ է անում չհամագործակցել նավթ և գազ արդյունահանող ընկերությունների հետ և  չֆինանսավորել կլիմայական փոփոխությունները ժխտող վերլուծական կենտրոններին։ Բաժնետերերի՝ վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ խումբը բողոքի ակցիա է կազմակերպել և բախում ունեցել Բեզոսի հետ։ Նախորդ ամսին խմբի որոշ աշխատակիցներ հայտարարել էին, որ Ամազոնը սպառնացել է արդարացի պատիժ սահմանել նրանց նկատմամբ կազմակերպության՝ կլիմայական փոփոխություններին վերաբերող դիրքորոշումը քննադատելու համար։

Ե՞րբ է Ամազոնը պատրաստվում դադարեցնել աջակցությունը նավթ և գազ արդյունահանող ընկերություններին, որոնք ավերակ են դարձնում Երկիրը՝ բացելով նոր հանքեր։

«Մենք ողջունում ենք Ջեֆ Բեզոսի բարեգործությունը, բայց մի ձեռքը չի կարող տալ այն, ինչը մյուսն է խլում».” նշված է «Ամազոնի աշխատողները հանուն կլիմայական արդարության» խմբի՝ երկուշաբթի օրվա հայտարարության մեջ: «Երկրի մարդիկ պետք է իմանան՝ երբ է Ամազոնը պատրաստվում դադարեցնել աջակցությունը նավթ և գազ արդյունահանող ընկերություններին, որոնք ավերակ են դարձնում Երկիրը՝ բացելով նոր հանքեր, և երբ այն կդադարի ֆինանսավորել կլիմայական փոփոխությունները մերժող վերլուծական կենտրոններին, ինչպիսիք են Մրցակցային ձեռնարկատիրության ինստիտուտը (Competitive Enterprise Institute) և կլիմայական փոփոխությունների հետաձգման քաղաքականությունը»։

Էլեկտրոնային նամակով «Ամազոն» հիմնադրամի խոսնակը գովաբանեց հիմնադիր և գործադիր տնօրենին։ Ընկերությունը հրաժարվեց պատասխանել Ամազոնի աշխատակիցների հարցերին։

«Հայտարարելով իր «Կլիմայի փոփոխության դեմ պայքարի խոստումը» (Climate Pledge)՝ Ամազոնը համարձակ քայլ կատարեց՝ այդպիսով պարտավորելով կազմակերպությանն իրականացնել Փարիզյան համաձայնագրի նպատակները 10 տարի ավելի շուտ, և այժմ մենք մեծապես ոգևորված ենք «Բեզոս Երկիր» հիմնադրամով». -նշված է կազմակերպության հայտարարությունում։ «Ջեֆի ձգտումը և կլիմայի փոփոխության դեմ պայքարին այս  աննախադեպ ներդրումը հսկայական ազդեցություն կունենան»։

«Բեզոս Երկիր» հիմնադրամի գումարները կհատկացվեն Ամազոն ընկերության հիմնադրի և գործադիր տնօրենի անձնական միջոցներից, և ոչ Ամազոնի բյուջեից։ Ֆորբսի տվյալների համաձայն՝ 10 մլրդ դոլարը նրա անձնական կարողության 8%-ից քիչ մասն է կազմում: Երկուշաբթի օրվա տվյալներով ընդհանուր հաշիվը կազմել է 129,9 մլրդ դոլար։ 

Բեզոսը, ում նախկինում քննադատում էին իր ահռելի մեծ կարողության համեմատ քիչ բարեգործություն անելու համար, վերջին ժամանակներում քայլեր է ձեռնարկում իր բարեգործական նվիրատվությունների չափն ավելացնելու ուղղությամբ։ 2018թ․ նա մեկնարկեց «Օր առաջին» հիմնադրամը (Day One Fund), որին պարտավորվում էր տրամադրել 2 մլրդ դոլար, և հայտարարեց  ընտանիքների և անտուն մարդկանց խնդրով զբաղվող բարեգործական կազմակերպություններին երկու տարվա ընթացքում ընդհանուր հաշվով 196 մլն դոլար դրամական միջոցներ բաշխելու մասին։ «Բեզոս Երկիր» հիմնադրամը կգործի «Օր առաջին» և «Բեզոսների ընտանիք» հիմնադրամներից անջատ: Վերջինս հիմնադրվել է «Ամազոն» ընկերության ղեկավարի ծնողներ Ջեքի և Մայք Բեզոսների կողմից` կրթական հիմնահարցերին անդրադառնալու համար։

Անձը, ով ծանոթ է «Բեզոս Երկիր» հիմնադրամին, նշում է, որ 10 մլրդ դոլարը չի օգտագործվելու ներդրումների համար, այլ տրամադրվելու է գործող ինստիտուտներին ու հետազոտողներին՝ իբրև բարեգործություն։

«Ես ցանկանում եմ մյուսների հետ կողք կողքի աշխատել ոչ միայն հայտնի մեթոդները կատարելագործելու համար, այլև բոլորիս պատկանող այս մոլորակին սպառնացող կլիմայական փոփոխությունների ավերիչ ազդեցությունների դեմ պայքարի նոր միջոցներ բացահայտելու համար»-իր ինստագրամյան էջում գրել է Բեզոսը։

Բնօրինակի հեղինակ՝ Райан Мак, BuzzFeed News Reporter


Պատրաստեցին՝ Թամարա Կարապետյան (Tamara Karapetyan), Մարինե Օհանջանյան (Marine Ohanjanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։