Ոսկեղենիկ նախաձեռնության չորրորդ հրապարակումները
Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Խմբագիրների բաժնի անդամների կողմից: Նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։
⚠️Համաձայնությունը կապակցման այն եղանակն է, որի դեպքում իրար կապակցվող բառերը դրվում են քերականական միևնույն կարգով, օրինակ` միևնույն հոլովով, դեմքով, թվով:
Ավելի հաճախ առօրյա խոսքում հանդիպում են ենթակայի և ստորոգյալի անհամաձայնության դեպքեր թվի առումով: Օրինակ` «Այդ ժամանակները անցավ»: Ճիշտ տարբերակն է` «Այդ ժամանակները անցան»: Հոգնակի թվով գործածված ենթակայի հետ պետք է գործածել հոգնակի թվով ստորոգյալ, բազմակի ենթակաների հետ նույնպես, օրինակ` «Արամը և Աշոտը խոսում են, որ ժամանակները խառն են»:
Աղբյուրը՝ Ա. Սարգյան, Ս. Համբարձումյան, «Հայոց լեզու և խոսքի մշակույթ», Երևան, 2012, «Կրթության ազգային ինստիտուտ»:
⚠️Կապերի կիրառության որոշ անկանոնություններ պայմանավորված են հնաբանությունների նախնական ստուգաբանական նշանակությունների անստույգ ընկալմամբ, ինչը պատճառ կարող է դառնալ, օրինակ, նախդրով կազմությունների սխալ գործածության: Այդպիսի ամենատարածված սխալներից մեկը շնորհիվ կապն է: Շնորհիվ-ը շնորհ բառի գրաբարյան գործիական հոլովն է (այսինքն՝ շնորհիվ), իսկ գրաբար գործիական հոլովն ի նախդիրի հետ գործածվել չի կարող։ Ուստի ի-ն այստեղ միանգամայն ավելորդ է:
Աղբյուրը՝
1) http://www.ysu.am/files/07L_Telyan.pdf
2) Հենրիկ Գալստյան, «Ճիշտը և սխալը»
⚠️ Հաճախ հանձին և հանձինս բառերը շփոթում են միմյանց հետ կամ միևնույնը համարվում: Այնինչ հանձին-ը եզակի թվի հետ է գործածվոմ, իսկ հանձինս-ը` հոգնակի, ինչպես՝ հանձին ուսուցչի — հանձինս ուսուցիչների:
Իմաստով նույնն է, ինչ ի դեմս֊ը, որը, սակայն գործածվում է և՛ եզակիի, և՛ հոգնակիի համար՝ ի դեմս իմ ուսուցչի — ի դեմս մեր ուսուցիչների։ Այս երկու ձեւերը գրաբարյան անձն բառի եզակի և հոգնակի ներգոյական հոլովներն են. հանձին նշանակում է «անձի մեջ», իսկ հանձինս՝ «անձերի մեջ»։
Աղբյուրը՝ https://krishayas.wordpress.com/2010/02/28/մի-շարք-լեզվական-սխալներ/amp/
⚠️ Շեշտը արտասանական շղթայում հնչյունի, վանկի կամ բառի ընդգծումն է, որը կատարվում է ձայնի տոնի բարձրացումով:
Հայերենի շեշտը կայուն է. սովորաբար շեշտվում է բառի վերջին վանկի ձայնավորը: Այն միևնույն ժամանակ շարժական է, քանի որ նոր վանկ ավելանալու դեպքում շեշտը տեղափոխվում է բառավերջի վանկի վրա։ Այսպես՝ փողո՛ց, փողոցի՛, փողոցայի՛ն և այլն։
Վերջին շրջանում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ շեշտվում է ոչ վերջին վանկի ձայնավորը (օրինակ՝ Չ՛ծխել), սակայն դրանք համարվում են սխալ կիրառություններ:
Աղբյուրը՝ Լեզվի կոմիտե
Հայտնի է, որ կապերը հարաբերակից են հոլովներին և, դրվելով այս կամ այն հոլովաձևի վրա, արտահայտում են տարբեր հարաբերություններ, այսինքն` մի դեպքում առկա է հոլովներով, մյուս դեպքում` կապային կառույցով արտահայտված խնդրառություն:
❌Այս օրինաչափություններից կատարվող շեղում է «հնարավորինս չափ» եզրույթը, քանի որ հնարավորինս բառն արդեն իսկ արտահայտում է որոշակի չափ, ուստի անհիմն է հավելյալ կապի կիրառումը: Այդ եզրույթի փոխարեն ընդունված է կիրառել «հնարավորինս», «ըստ հնարավորին», «հնարավորության չափ» ձևերը:
Աղբյուրը՝ http://bit.ly/2raD20F
Այսօր շատերը տարեկան բառի համանմանությամբ ե-ով են օգտագործում նաև ամսական և օրական բառերը, այսինքն՝ ամսեկան, օրեկան, մինչդեռ վերջիններս պետք է լինեն ա-ով։
Հայերենում -եկան վերջածանց չկա, կա -ական վերջածանց, որը բառավերջում «ի» հնչյունին հանդիպելիս, դառնում է ե, եթե բառը «ի»-ով չի վերջանում, -ական ածանցը որևէ փոփոխության չի ենթարկվում։
Ուստի ճիշտ են հետևյալ կիրառությունները.
1) օր+ական=օրական
2) ամիս+ական=ամ(ի)սական=ամսական
3) տարի+ական=տար(իա>ե)կան=տարեկան