Խոսքի ազատության իրավունքը Թուրքիայում

«Թուրքիայում խոսքի ազատությունը հոգեվարք է ապրում»…այսպես էր վերնագրված 2018թ-ի մարտ ամսին  լույս տեսած զեկույց-հոդվածը, որը համահեղինակել էին Ստամբուլի Բելգեի համալսարանի և Անկարայի համալսարանի դասախոսներ Յաման Աքդենիզը և Քերեմ Ալթըփարմաքը։[1] Զեկույցը, որի վերնագիրը թերևս բավականին դիպուկ է ընտրված, ընդհանուր առմամբ գնահատում է 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո լրագրողների, ուսանողների, մտավորականների նկատմամբ նոր թափ ստացած բազմաթիվ ճնշումները, մեղադրանքներն ու դատապարտումները։ Հեղինակները նշում են, որ հեղաշրջման փորձից առաջ և առավելապես դրանից հետո խոսքի ազատությանը միջամտելու առաջնային հիմք պետության կողմից նշվում է ահաբեկչության դեմ պայքարը։ Ներկայացված մեղադրանքների ու դատավճիռների մի զգալի մասի համար որպես հիմք հանդիսացել է Թուրքիայի Հանրապետության Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը, այն է՝ «նախագահին ուղղված վիրավորանք»։ Սույն աշխատանքում  կդիտարկենք վերոնշյալ հոդվածը խոսքի ազատության սահմանափակման շրջանակներում և կանդրադառնանք  հատկապես Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման շրջանում այս հիմքով բացված դատական գործերի թվի մեծացմանը:

Խոսքի ազատությունն ու Թուրքիան

Թուրքիան մշտապես եղել է Եվրախորհրդի՝ մամուլի և խոսքի ազատության առումով ամենից մեծ սահմանափակումներ ունեցող  երկրներից  մեկը։ 1959-2017թթ. ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ընդհանուր 20657 վճիռներից 3386-ում Թուրքիան ներառված է եղել որպես պատասխանող երկիր՝ այս առումով զբաղեցնելով անդամ պետությունների ցանկում առաջին տեղը։ Ընդհանուր թվով 700 դատավճռից, որոնցում համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի` ՄԻԵԴ-ը գտել է խախտում, Թուրքիան առաջինն է 281 դատավճռով։[2]

Թերևս չորրորդ իշխանությունը ամենից շատն է  առնչվում  խոսքի ազատության սահմանափակման հետ։ Թուրքիան վերջին տարիներին չի լքում նաև ամենից շատ ձերբակալված լրագրողներ ունեցող երկրների ցանկի առաջին հորիզոնականները։ “The Economist”-ի 2020թ․ հունվարի 4-ի զեկույցի համաձայն` մինչ 2019թ-ի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով Թուրքիան այս ցանկում երկրորդն է՝ զիջելով միայն Չինաստանին։ Մինչ “The Economist”-ը խոսում է Թուրքիայում 47 ձերբակալված լրագրողի մասին, «Անկախ լրագրողների նախաձեռնությունը» (Özgür Gazeteciler Inisiyatifi)` 130, իսկ Թուրքիայի լրագրողների արհմիությունը 108 թվերն են շրջանառում։[3] Հատկապես 2016թ-ից հետո Թուրքիան լրագրողների համար, այսպես ասած, «ոչ ապահով» երկրի համբավ է ձեռք բերել։ «Ահաբեկչական կազմակերպության անդամ լինել», «հավատարմագրման չեղարկում», «նախագահին ուղղված մեղադրանք» և նման այլ հիմքերով վերջին շրջանում մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների՝ Թուրքիայում գործող ներկայացուցիչներ հեռացվել են երկրից կամ կալանքի տակ վերցվել։[4]

Լրատվամիջոցների վրա թուրքական իշխանությունների՝ մշտապես ունեցած վերահսկողությունը շարունակվել է նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման շրջանում։ Թերևս այս առիթով մի շարք նմանօրինակ դեպքերի կողքին (երբ իշխանական մամուլը թույլ չի տվել իրեն ոչ ցանկալի դեպքերի լուսաբանումը) ամենից խոսունը 2013թ․-ի ամռանը Գեզի այգու ցույցերի ընթացքում ցուցարարների բողոքի և քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումների թեժ պահին բարձր հեղինակություն ունեցող լրատվամիջոցներից մեկի՝ CNN TÜRK-ի կողմից պինգվինների մասին վավերագրական կինոնկարի ցուցադրությունն էր։ Ցույցերին իշխանության նմանօրինակ վերաբերմունքը ԵՄ-ի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն անվանել է «թուրքական լրատվամիջոցների խլացնող լռություն»[5]:

Համացանցի լայնորեն ներթափանցմանը զուգընթաց վերջին տասնամյակի ընթացքում Թուրքիայում մեծ տարածում են գտել նաև համացանցային գրաքննությունն ու կառավարությանն առընթեր Ինֆորմացիոն և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների հանձնաժողովի (Bilgi Teknolojileri ve İletişim Kurumu), նրան կից գործող Հեռահաղորդակցության և կապի նախագահության (Telekomünisyon İletişim Başkanlığı) և դատարանների կողմից կայքերի արգելափակումը։ 2008թ-ից մինչ այժմ մի քանի անգամ արգելափակվել են YouTube, Twitter, Vimeo, MySpace կայքերը։ Եվ միայն օրեր առաջ՝ 2020թ-ի հունվարի 15-ին, վերացվեց 2017թ․-ի ապրիլից Wikipedia կայքի վրա դրված արգելքը։

Նախագահին ուղղված վիրավորանքը Թուրքիայի քրեական օրենսգրքում

2005թ-ին այդ շրջանի նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերի կողմից ընդունված և օրենքի ուժ ստացած Թուրքիայի համար 5327  քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը կրում է «Նախագահին ուղղված վիրավորանք» (Cumhurbaşkanına hakaret) վերտառությունը և կազմված է հետևյալ կետերից՝

  1. Հանրապետության նախագահին վիրավորած անձը դատապարտվում է 1-4 տարվա ազատազրկման,
  2. եթե հանցագործությունը հրապարակայնորեն է կատարվել, ապա պատիժը խստացվում է 1/6 չափով,
  3. սույն հանցանքի հետ կապված քրեական հետապնդում սկսելու համար անհրաժեշտ է արդարադատության նախարարի թույլտվությունը։[6]

Իրավական հատուկ հիմքերով նախագահի  պաշտպանությունը ունի շատ խորը գնացող արմատներ։ Հռոմեական կայսրության վաղ շրջանում կայսրերը, հանրապետական կարգերի նկատմամբ հակումները վերացնելու համար իրենց անձը միավորելով պետության հետ, իրենց անձի դեմ ուղղված յուրաքանչյուր հանցանք համարեցին հանցանք նաև պետության նկատմամբ։[7] 299-րդ հոդվածն ըստ էության շարունակում է իր գոյությունը որպես կայսերական կառավարման շրջանի մնացուկ։ Եվ այն փաստը, որ տվյալ 299-րդ հոդվածը ներառված է «Պետության ինքնիշխանության խորհրդանիշերին և ինստիտուտների արժանապատվությանն ուղղված հանցանքներ» (Devletin Egemenlik Alametlerine ve Organlarının Saygılığına Karşı Suçlar) բաժնի, և ոչ թե «Արժանապատվության նկատմամբ հանցանք» (Șerefe karşi suçlar) գլխի 125-րդ ՝ «Վիրավորանք» (Hakaret) անունը կրող հոդվածի կողքին, խոսում է հենց այն մասին, որ օրենսդիրը նախագահին ուղղված վիրավորանքը դիտարկել է որպես պետության դեմ ուղղված հանցանք։

Հարց է առաջանում, թե այս հոդվածով ի՞նչը կարող է համարվել վիրավորանք։  «Գող», «բռնակալ» բառերը, օրինակ, որոնցով, ի դեպ բավական թվով դատական գործեր են բացված, արդյո՞ք պետք է գնահատվեն որպես վիրավորանք` ուղղված նախագահի դեմ, և ոչ թե իշխանությանն ու ղեկավարին ուղղված խիստ քննադատություն։ Եվրոպական Խորհրդի Նախարարների կոմիտեի 2004թ․ փետրվարի 12-ին ընդունած «Մեդիայում քաղաքական բանավճերի ազատության մասին դեկլարացիայում» ընդգծվում է, որ պետական պաշտոնյաներին, պետության ղեկավարներին և քաղաքական գործիչներին ուղղված քննադատությունը ժողովրդավարության ամենակարևոր նախապայմաններից է։[8] Տվյալ փաստաթուղթը լիովին համապատասխանում է այս հոդվածի վերաբերյալ ՄԻԵԴ-ի մոտեցմանը։ Մասնավորապես 2005թ-ին «Նախագահին ուղղված վիրավորանք»-ին առնչվող ՄԻԵԴ-ի կողմից Թուրքիայի վերաբերյալ կայացված Փաքդեմիրլի/Թուրքիա որոշման, 2015թ-ին լրագրող Բեքիր Չոշքունի վերաբերյալ անհատական դիմումի համար կայացված որոշումներում[9] կարելի է տեսնել ՄԻԵԴ-ի՝ նախագահին ուղղված վիրավորանքը որպես խոսքի ազատության դրսևորում ներկայացնելու մոտիվը։ Իսկ 2016թ-ի հոկտեմբերի 14-ին Վենետիկի հանձնաժողովի համար 858/2016 զեկույցում Թուրքիայի վերաբերյալ ասվում է հետևյալը․ «Ծայրաստիճան շատ կիրառման պատճառով 299-րդ հոդվածը («Նախագահին ուղղված վիրավորանք») ամբողջությամբ պետք է հանվի»:[10]

Վենետիկի հանձնաժողովի վերոնշյալ զեկույցի հրապարակումից հետո երկրում առաջ եկան բուռն քննարկումներ։ Սրա ֆոնին 2016թ․-ին երկրի Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը իր ելույթում հնչեցրեց «ներկայումս Եվրախորհրդում կա 47 անդամ պետություն։ Նրանցից գրեթե բոլորում կա «երկրի ղեկավարին ուղղված վիրավորանքը համարվում է հանցանք» արտահայտությունը։ Խոսքում առկա այլ ձևակերպումներով ևս 299-րդ հոդվածի առկայությունը և դրա միջոցով խոսքի ազատ իրավունքի սահմանափակումները փորձում էին արդարացվել Եվրոպական երկրներում հոդվածի առկայությանը հղում տալով։ Այնուամենայնիվ պետք է նկատել, որ եվրոպական երկրներում հոդվածի հետ կապված փոփոխություններ են տեղի ունենում, և հոդվածի կիրառումը վերը հիշատակված երկրներում հազվադեպ է։ Իսկ Թուրքիայում այս հոդվածի նման հաճախ կերպով կիրառումը ըստ էության ուշադրության արժանի է։

Թայիփ Էրդողանը՝ 299-րդ հոդվածն ամենից շատ կիրառած առաջնորդ

1986-2017թթ. ընթացքում 299-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել 13889 կասկածյալի։ Հանրապետության 7-րդ նախագահ Քենան Էվրենի կառավարման շրջանում մեղադրանքների թիվը եղել է 340, Թուրգութ Օզալի շրջանում՝ 207, Սուլեյման Դեմիրելի շրջանում ՝ 158, Ահմեթ Նեջդեթ Սեզերի շրջանում՝ 163։ Նախագահ Գյուլի կառավարման փուլում այս թիվը, աճելով 420%-ով, հասել է 848-ի։[11]

Թուրքիայի քրեական օրենսգրքի շրջանակներում նախագահին ուղղված վիրավորանքի մեղադրանքով բացված գործերում մեղադրյալների թիվը, աղբյուրը՝ Doğruluk Payı:

Թերևս դիագրամից էլ երևում է, որ Էրդողանը Թուրքիայի՝ հոդվածն ամենից շատ կիրառած առաջնորդն է։ Նրա ղեկավարման առաջին 4 տարում արդեն այս հոդվածով  մեղադրանքները 19.5  անգամ գերազանցելով նախորդ շրջանը՝ կազմել է 17406։[12]  Էրդողանին վիրավորելու համար մեղադրյալի աթոռին հայտնվել են բազմաթիվ պատգամավորներ, լրագրողներ, ծաղրանկարիչներ, արվեստագետներ, շարքային քաղաքացիներ։ Մեղադրանքների համար հիմք են ծառայում հրապարակային ելույթներում Էրդողանին ուղղված արտահայտություններ, սոցիալական ցանցերում հումորային գրառումներ, ծաղրանկարներ։ 299-րդ հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահհաթթին Դեմիրթաշի, ԺԴԿ մեկ այլ նախկին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի, ԺԴԿ պատգամավոր Ահմեթ Յըլդըրըմի, հայազգի պատգամավոր Գարո Փալյանի և քաղաքական այլ գործիչների դեմ։ Այս առումով թերևս ռեկորդային թիվ են գրանցել «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ՀԺԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ հարուցված դատական գործերը։ Քեմալ Քըլըչդարօղլուն դարձել է Էրդողանին վիրավորելու հիմքով հարուցված դատական գործերի ողջ պատմության ընթացքում ամենից հաճախ մեղադրյալի աթոռին հայտնված և Էրդողանին ամենաշատ դրամական փոխհատուցում վճարած գործիչը։ Միայն վերջին 8 տարում ի վնաս Քըլըչդարօղլուի կայացվել է 15 դատավճիռ՝ վերջինիս պարտավորեցնելով Էրդողանին վճարել ավելի քան 1 մլն լիրայի փոխհատուցում։[13] 2018թ. հուլիսի 17-ին «Թայիփների թագավորություն» անվամբ հայտնի ծաղրանկարը «Twitter»-ում հրապարակելու համար Էրդողանը Քըլըչդարօղլուի և նրա կուսակցության 72 պատգամավորի դեմ հայց է ներկայացրել։[14] Ծաղրանկարին կից Քըլըչդարօղլուն գրել էր.«Պետք է հանդուրժես քննադատությունն ու հումորը, պարտավոր ես հանդուրժել։ Բանտարկելով՝ քննադատությունն ու հումորը չես կարող կանխել»:

Պետք է հիշեցնել, որ դեռևս 2016թ. մարտի 11-ին Քարշըյաքայի 7-րդ, իսկ մարտի 26-ին՝ Ստամբուլի 43-րդ առաջին ատյանի քրեական դատարանները դիմել էին Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել 299-րդ հոդվածը, քանի որ այն հակասում է Սահմանադրության՝ «Հանրապետության առանձնահատկությունների» մասին 2-րդ, «Օրենքի առաջ հավասարության» մասին 10-րդ և «Ապացուցման իրավունքի մասին» 39-րդ հոդվածին։  Սահմանադրական դատարանը հայցը քննեց 2016թ. դեկտեմբերի 14-ի նիստում և մերժեց այն հիմնավորմամբ, թե հանրապետության նախագահը ոչ միայն առանձին անհատ է, այլ թուրքական պետության և թուրք ժողովրդի միասնական ներկայացուցիչը, ուստի նրա անձը վիրավորելը նշանակում է վիրավորել պետությանը։[15] 

Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նախագահ Էրդողանը միաժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահն է, կուսակցության առաջին դեմքն ու խորհրդանիշը, ընտրական գործընթացներում այս քաղաքական ուժը ներկայացնող հիմնական ֆիգուրը և քարոզարշավներում հիմնական դերակատարը (այդպես էր նաև 2019թ-ի տեղական ՏԻՄ ընտրությունների ժամանակ): Հետևաբար որպես նախագահ վերոնշյալ հատուկ օրենքով պաշտպանված լինելը ըստ էության կարող է հանդիսանալ ընդդիմությանը կաշկանդող հանգամանք և ստեղծել ոչ հավասար պայմաններ։ Մեր կարծիքով հոդվածի ուժը կորցնելը առաջիկա տարիներին ավելի քան անիրատեսական է, քանի որ ինչպես արդեն տեսանք՝ նախագահ Էրդողանը հոդվածն ամենից շատ կիրառած թուրք քաղաքական գործիչն է, (որը, անշուշտ, ունի նաև հոգեբանական բաղադրիչ) և քննադատությունը հանդուրժելու՝ Քըլըչդարօղլուի կոչերը թերևս մնացել են անարդյունք։

Որպես ամփոփում պետք է փաստել, որ Թուրքիան այսօր խոսքի ազատության սահմանափակման, ինֆորմացիոն վերահսկողությամբ, գրաքննությամբ աշխարհում աչքի ընկնող պետություններից է։ Թուրքիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի օրինակով նպատակ ունեինք ցույց տալու, որ իշխանություններն ըստ էության յուրաքանչյուր քննադատություն ընդունում են մեծ դժվարությամբ և փորձում լռեցնել այլակարծությունը։ Նյութը թույլ է տալիս եզրակացնել, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեփական անձի հասցեին հնչեցված հայտարարություններն ամենից շատ գրաքննության ենթարկող առաջնորդն է ու նաև իրավաբանական առումով ամենից պաշտպանվածը։ Մինչ Թուրքիայում  շատ մտավորականներ, իրավաբաններ և սովորական քաղաքացիներ միջազգային իրավապաշտպան կառույցների հետ միասին գիտակցում  են 299-րդ հոդվածի դեմ պայքարելու անհրաժեշտությունը, հոդվածի կիրառման դեմ մղվող պայքարի որևէ միջոց դեռևս արդյունավետ չէ։

Գրականություն

  1. Վահրամ Տեր-Մաթևոսյան/ «Զանգվածային լրատվամիջոցները Թուրքիայում. քաղաքականություն, սահմանափակումներ և մարտահրավերներ»/ Արևելագիտության հարցեր 10-րդ հատոր/ ԵՊՀ/ 2015/ Էջ 97-137
  2. Yaman Akdeniz, Kerem Altıparmak/ “Turkey: freedom of expression in  jeopardy”/ PEN International/ 2018 /p. 4
  3. Türk Ceza kanunu/5237 sayılı/2004/ 299. Madde
  4. Özge Demir/ “Uygulamada Cumhurbaşkanına hakaret suçu ve ilgili mevzuat”/ 2017
  5. Fatma Sümer/ “Ifade Özgürlüğü Ve İtibarın Arasında Cumhurbaşkanına Hakaret Suçu”/ SETA Analiz/ 2018/ sayı 229
  6. Özge Demir/ “Yeni Rejimde Cumhurbaşkanına Hakaret Suçuna Yönelik Eleştirel Bir İnceleme”/ Hakemli Makale/ Suç ve Ceza 2018/ sayı 3
  7. “Medyada siyasi tartışma Özgürlüğü bildirisi”/ Avrupa Konseyi Bakanlar Komitesi/2004/ Türkçe çevri
  8. Venedik Komisyonu’nun 14/10/16 tarihli ve 858/2016 sayılı rapor
  9. Yaman Akdeniz, Kerem Altıparmak/ “Turkey: freedom of expression in jeopardy”/ PEN International/ 2018

Ինտերնետային կայքեր և լրատվական հոդվածներ

  1. https://www.dogrulukpayi.com/bulten/cumhurbaskanina-hakaret-kanunu
  2. https://www.google.com/amp/s/barandogan.av.tr/blog/ceza-hukuku/cumhurbaskanina-hakaret-sucu-cezasi-nedir.html
  3. https://www.google.com/amp/s/amp.dw.com/tr/cumhurba%25C5%259Fkan%25C4%25B1na-hakaret-davalar%25C4%25B1nda-rekor-art%25C4%25B1%25C5%259F/a-46622702
  4. https://m.dw.com/tr/aym-cumhurba%C5%9Fkan%C4%B1na-hakeret-su%C3%A7unun-iptalini-reddetti/a-36768090
  5. https://m.dw.com/tr/erdo%C4%9Fana-hakaret-su%C3%A7undan-3658-ki%C5%9Fiye-dava/a-39476792
  6. https://m.dw.com/tr/tutuklu-gazeteci-say%C4%B1s%C4%B1nda-t%C3%BCrkiye-%C3%BC%C3%A7%C3%BCnc%C3%BC-s%C4%B1rada/a-46780288
  7. https://m.dw.com/tr/cpj-en-fazla-tutuklu-gazeteci-t%C3%BCrkiyede/a-46714898
  8. https://m.dw.com/tr/erdo%C4%9Fana-hakaret-davalar%C4%B1-2-bine-yakla%C5%9Ft%C4%B1/a-19089106
  9. https://m.bianet.org/bianet/ifade-ozgurlugu/209331-kac-kisi-cumhurbaskanina-hakaretten-cezaevinde
  10. https://www.evrensel.net/amp/312490/cumhurbaskanina-hakaret-davalari-raporlastirildi
  11. https://m.dw.com/tr/birg%C3%BCn-yazar%C4%B1na-dava-i%C3%A7inde-davadan-hapis-cezas%C4%B1/a-50396819
  12. https://m.dw.com/tr/eski-alman-vekile-erdo%C4%9Fana-hakaretten-dava/a-50365790
  13. https://m.dw.com/tr/b%C3%B6hmermann%C4%B1n-erdo%C4%9Fan-%C5%9Fiiri-hakk%C4%B1nda-yeni-mahkeme-karar%C4%B1/a-49837232
  14. https://m.dw.com/tr/canan-kaftanc%C4%B1o%C4%9Flu-yeniden-h%C3%A2kim-kar%C5%9F%C4%B1s%C4%B1nda/a-50322512
  15. https://m.dw.com/tr/yeni-t%C3%BCrkiyenin-ilk-se%C3%A7imleri-cumhurba%C5%9Fkan%C4%B1-muhalefete-kar%C5%9F%C4%B1/a-47934214
  16. https://m.dw.com/tr/gazeteci-h%C3%BCsn%C3%BC-mahalli-tutukland%C4%B1/a-36788359
  17. https://m.dw.com/tr/t%C3%BCrkiyede-31-mart-%C3%B6ncesi-medyan%C4%B1n-ba%C4%9F%C4%B1ms%C4%B1zl%C4%B1%C4%9F%C4%B1-tart%C4%B1%C5%9Fmas%C4%B1/a-47825457
  18. https://m.dw.com/tr/t%C3%BCrkiye-gazeteciler-i%C3%A7in-korku-%C3%BClkesi-oldu/a-1921443
  19. https://www.takvim.com.tr/guncel/2018/07/18/baskan-erdogan-kilicdaroglu-ve-72-chpli-vekil-hakkinda-suc-duyurusunda-bulundu
  20. https://m.irazek.am/hy/news/6728
  21. https://orbeli.am/hy/post/96/2019-01-09/%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9+%D5%A1%D6%80%D5%AA%D5%A5+%D5%B4%D5%A5%D5%AF+%C2%AB%D5%A2%D5%BC%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A8%C2%BB
  22. Ծաղրանկարի հղում ՝ https://www.google.com/search?q=tayyipler+alemi++kilicdaroglu+Takvim&tbm=isch&ved=2ahUKEwiItLbNg9HoAhXOXZoKHc2aBEsQ2-cCegQIABAA&oq=tayyipler+alemi++kilicdaroglu+Takvim&gs_lcp=CgNpbWcQA1CSuwZY8cwGYPfOBmgAcAB4AYAB3QGIAakIkgEFMS40LjKYAQCgAQGqAQtnd3Mtd2l6LWltZw&sclient=img&ei=UqyJXojDHc676QTNtZLYBA&bih=657&biw=1366#imgrc=Qs39ZhTrEv24vM

Հղումներ

[1]“Türkiyede ifade özgürlüğü can çekişiyor”/DW Türkçe/ Burcu Karakaş/ 28.03.18https://www.dw.com/tr/pen-raporu-t%C3%BCrkiyede-ifade-%C3%B6zg%C3%BCrl%C3%BC%C4%9F%C3%BC-can-%C3%A7eki%C5%9Fiyor/a-43173904
[2] Yaman Akdeniz, Kerem Altıparmak/ “Turkey: freedom of expression in  jeopardy”/ PEN International/ 2018 /p. 4
[3]The Economist: Tutuklu gazeteci sayısında Türkiye ikinci/ Gazete Duvar/04.01.2020 https://www.gazeteduvar.com.tr/gundem/2020/01/04/the-economist-tutuklu-gazeteci-sayisinda-turkiye-ikinci/
[4] Tükiye gazeteciler için korku ülkesi oldu/DW Turkçe/Aram Ekin Duran/ 26.04.2016
[5] Տե՛ս Շտեֆան Ֆյուլեի ելույթը Եվրահանձնաժողովի «Speak-ap!2: Loud wake up call for improving  media freedom in Western Balkans and Turkey» խորագիրը կրող խորհրդաժողովի ընթացքում։
https://ec.europa.eu/commission/presscorner/detail/en/SPEECH_13_558
[6] Türk Ceza kanunu/5237 sayılı/2004/ 299. Madde.
[7]Özge Demir/”Yeni rejimde Cumhurbaşkanına hakaret suçuna yönelik bir incelem”/ Hakemli makale/ 2018/s. 54
[8]“Medyada siyasi tartışma Özgürlüğü bildirisi”/ Avrupa Konseyi Bakanlar Komitesi/2004/ Türkçe çevri
http://www.hsk.gov.tr/Eklentiler/Dosyalar/f20fbc23-8676-4066-9213-3f0b00798adf.pdf.
[9]Ankara Mahkemesi, Bekir Coşkun Bireysel Başvuru Kararı, No:2014/12151, Karar Tarihi:04/06/2015
http://kararlaryeni.anayasa.gov.tr/BireyselKarar/Content/e9014968-b510-48f4-b80887726a1add8d?wordsOnly=False
[10] Venedik Komisyonu’nun 14/10/16 tarihli ve 858/2016 sayılı rapor için bkz.
https://www.google.com/url?sa=t&source=web&rct=j&url=http://www.ihop.org.tr/wp-content/uploads/2016/11/Venedik-Komisyonu-Yasama-Dokunulmazl%25C4%25B1%25C4%259F%25C4%25B1-G%25C3%25B6r%25C3%25BC%25C5%259F%25C3%25BC.pdf&ved=2ahUKEwiJ89rE-Y7nAhUJqIsKHUBmDE0QFjAAegQIARAB&usg=AOvVaw1rhVz9CHVlwkOohu4or-l3
[11]“Cumhurbaşkanına hakaretten kaç kişi sanık oldu?”/Doğruluk Payı/Emincan Yüksel/22.01.2019
https://www.dogrulukpayi.com/bulten/2018-yilinda-cumhurbaskanina-hakaretten-kac-kisi-sanik-oldu
[12] Տե՛ս նույն տեղում:
[13]«Ի՞նչ արժե մեկ բռնապետը»/Օրբելի վերլուծական կենտրոն/ Նարինե Թադևոսյան/2019-01-09
https://orbeli.am/hy/post/96/2019-01-09/%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9+%D5%A1%D6%80%D5%AA%D5%A5+%D5%B4%D5%A5%D5%AF+%C2%AB%D5%A2%D5%BC%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A8%C2%BB
[14]“Başkan Erdoğan , Kılıçdaroğlu ve 72 CHP-‘li vekil hakkında suç duyurusunda bulundu”/ Takvim gazetesi/18.07.2018
https://www.takvim.com.tr/guncel/2018/07/18/baskan-erdogan-kilicdaroglu-ve-72-chpli-vekil-hakkinda-suc-duyurusunda-bulundu
[15]«Ի՞նչ արժե մեկ բռնապետը»/Օրբելի վերլուծական կենտրոն/ Նարինե Թադևոսյան/2019-01-09
https://orbeli.am/hy/post/96/2019-01-09/%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9+%D5%A1%D6%80%D5%AA%D5%A5+%D5%B4%D5%A5%D5%AF+%C2%AB%D5%A2%D5%BC%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A8%C2%BB


Հեղինակ՝ Անահիտ Կարապետյան (Anahit Karaprtyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: