Անցյալի և ներկայի վերագնահատման գործընթացը հայոց ինքնության մեջ

Ղարաբաղյան շարժման տարիներին ցեղասպանության թեմային այս կամ այն կերպ առնչվող շուրջ 370 ցուցապաստառների բավականին ստվար մասեր, որպես կանոն, երևան էին գալիս ամեն տարվա ապրիլի 24-ին, իսկ 1989թ.՝ նաև փետրվարի 28-ին՝ սումգայիթյան ցեղասպանության առաջին տարելիցին։ [1] Միայն այդ օրերին, տարբեր աղբյուրների համադրմամբ, արձանագրվել են շուրջ 250 ցուցապաստառ և նման գործառույթ իրականացնող ծաղկեպսակ, այդ թվում միայն ցեղասպանության թեմային առնչվող՝ գրեթե 200 ցուցապաստառ։ Այս նյութի թռուցիկ դիտարկումն անգամ ցույց է տալիս, թե ինչպես տարեցտարի փոխվում է ցուցապաստառային տեքստերի բնույթը՝ խնդրողական երանգներ ունեցող, արդարություն, ցեղասպանության ճանաչում, արդարացի դատ պահանջող տեքստերն իրենց տեղը զիջում են վերջնական եզրակացության բնույթ ունեցող՝ պայքարի ու զենքի դիմելու անհրաժեշտությունը մատնացույց անող, անկախության վերականգնման կոչող, ցեղասպանության պատճառների և պատասխանատուների մասին պատկերացումների փոփոխություն արձանագրող տեքստերին։ Այսինքն, Ղարաբաղյան շարժման տարիներին, անգամ միայն ցեղասպանությանն առնչվող նյութի դիտարկումը հնարավորություն է տալիս ֆիքսելու անցյալի և ներկայի վերագնահատման անկասելի գործընթացի տրամաբանական ավարտը ցուցող եզրակացություններ, ինչին և մտադիր ենք անդրադառնալ ստորև։

1. «Զարթիր, լաո…»

Ինչպես նախորդ էջերում նկատել էինք, Ղարաբաղյան շարժման տարիներին, որպես կանոն, ինչ-ինչ երևույթների շուրջ գերիշխող մեկնաբանությունների և ընկալումների շարքում միշտ էլ հանդես էին գալիս գաղափարներ, որոնք միայն ժամանակ անց էին մարդկանց շատ ավելի մեծ զանգվածներին հոգեհարազատ դառնում։ Այդպիսի գաղափարների թվին էին պատկանում նաև հետևյալ երկուսը, որոնք տեղ էին գտել տրանսպարանտներում և իրենց ի հայտ գալու ժամանակ՝ 1988 թ. ապրիլի 24-ին, իրավիճակային բոլորովին այլ լուծում էին առաջարկում՝ «Հույսներս մեզ վրա, հայեր» և «Մեր միակ պաշտպանը մենք ենք»։ Որպեսզի այս տեքստերում արտահայտված գաղափարը դառնար ժողովրդական զանգվածների մտածելակերպի հիմնական, ուղենիշային բանաձևը անհրաժեշտ եղան իրադարձություններով հագեցած ամիսներ, անգամ տարիներ։ 

1988թ. նոյեմբերին, նույն տարվա ապրիլի համեմատ, իրավիճակն այլ էր. սումգայիթյան իրադարձություններին Միության բարձրագույն ղեկավարությունը քաղաքական գնահատական չէր տվել, ջարդարարների նկատմամբ դատավարությունը համեմատվում էր խեղկատակության հետ, ղարաբաղյան հարցի արդարացի լուծման առիթով տեղի էին ունեցել և շարունակում էին ընթանալ հացադուլներ, մարդիկ դիմել էին քաղաքական խաղաղ պայքարի գործադուլային եղանակին, տեղ էին գտել «Զվարթնոցի» դեպքերը և Խոջալուի ընդհարումները, ցույցերն ու հանրահավաքներն ավելի ու ավելի բազմամարդ էին դառնում, քաղաքական պայքարը կազմակերպչական նորանոր երանգներ էր ձեռք բերում և այլն, և այլն։  

Ահա այս հենքի վրա էր, որ «խորհրդային» վերջին շքերթի ժամանակ՝ նոյեմբերի 7-ին, մարդկանց ձեռքին հայտնվեց «Զարթի՛ր, լաո, մը՛ռնիմ քը՛զի» (նկ. 93, 199) տրանսպարանտը։ Այս տողը մաս է կազմում ազատագրական պայքարի երգերի մի ստվար բաժնի՝ հայդուկային (ֆիդայական) երգերից մեկի, որը հետաքրքիր ճակատագիր է ունեցել. այն կազմավորվել է պատմական հենքի վրա, նվիրված է եղել հայ առաջին ֆիդայիներից Արաբոյին (1863-1893), սակայն հետագա գործածության ժամանակ այդ հանգամանքը մատնվել է մոռացության, ինչը դրսևորվել է նաև վերնագրերում՝ «Արաբոյի երգ», «Քաջ Արաբոյի երգ», «Մշեցու երգ», «Զարթիր լաո» և այլն։[2] Առաջին անգամ 1898 թ. լույս տեսած երգի սկզբնական բնագիրը վերագրվում է աշուղ Ֆահրատին։ Երգի հերոսը՝ Արաբոն, որը հայտնի հայդուկ էր ու իր խմբով գործում էր Սասնո, Տարոնի շրջանում, զոհվում է Խնուսից Մուշ ճանապարհին, քրդական բանդաների դեմ մղած անհավասար մարտի ժամանակ։ Երգում նա այլևս չի գիտակցվում որպես իրական պատմական անհատ, այլ հանդես է գալիս իբրև ազատամարտիկի խորհրդանիշ։[3] 

  • Նկ. 93. Դրվագ շքերթից։ «Խորհրդային» վերջին շքերթի ժամանակ՝ նոյեմբերի 7-ին, մարդկանց ձեռքին հայտնված «Զարթի՛ր, լաո, մը՛ռնիմ քը՛զի» տրանսպարանտը։ 7 նոյեմբերի 1988 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։

«Արաբոյի երգը» հորինված է ավանդական օրորների նմանությամբ, միայն հակառակ նպատակադրմամբ՝ արթնացնել, ոտքի հանել մանուկին-լաոյին, զենքի կոչել։ Օրորում կենտրոնական դեմքը մայրն է։ Նա որդուն պատմում է հայության թշվառ վիճակի մասին ու առաջարկում է զենքի դիմել, կշտամբում է նրան սին հույսերով տարվելու ու պատեհ առիթը բաց թողնելու համար։ Մայրը, մատնացույց անելով Արաբոյին, հորդորում է որդուն հետևել սիրված հերոսի օրինակին՝ զինվորագրվել հայրենիքի ազատության գործին։ Երգի հիմնական բովանդակությունը բացահայտված է «զարթիր լաո, մեռնիմ քըզի» կրկնակի միջոցով, որը պայքարի ելնելու կոչ է՝ ուղղված ողջ հայությանը։[4] Այս երգը սիրված և առավել տարածված, բազմաթիվ տարբերակներով գոյատևած ստեղծագործություններից էր նաև խորհրդահայ իրականության մեջ, հատկապես 1967թ. էկրանին հայտնված «Եռանկյունի» ֆիլմում հնչելուց հետո։

Ինչպես «Զարթի՛ր, լաո, մը՛ռնիմ քը՛զի», այնպես էլ նոյեմբերի 18-ին հայտնված «Որտեղ զենք, այնտե՛ղ հաղթանակ[5] (սումգայիթյ… [չի կարդացվում – Հ. Մ.]» տրանսպարանտային կոչերը ցուցում էին սեփական ուժերով նպատակների իրագործմանը հասնելու մոռացված հին գործելակերպի նորովի ընկալվող ճանապարհը։ Եվ քանի որ քաղաքական խաղաղ պայքարը չէր բերում ցանկալի արդյունքների, կոչ էր արվում դիմել պայքարի այլ միջոցների, մասնավորապես՝ զինված պայքարի։ 

Ոչ այնքան հստակ ձևով, սակայն այս նույն գաղափարը տեղ է գտել նաև 1989 թ. փետրվարի 28-ի մի տրանսպարանտում՝ «Ցեղաշունչ հայորդիներ, լինենք արժանավոր հետևորդները հին և նոր ցեղաշունչ մարտիրոսների»։ Այս տրանսպարանտը, ամենայն հավանականությամբ, ստեղծված է 1988թ. Երևանում ձևավորված ցեղապաշտական կազմակերպության անդամների կողմից։[6]

Ցեղապաշտություն-ցեղակրոնություն գաղափարական հոսանքը ձևավորվել էր հայ գաղութային իրականության մեջ 1920-30-ական թվականներին Լեռնահայաստանի հիմնադիր և սպարապետ, անվանի զորավար և քաղաքական գործիչ, հայոց ազգային գաղափարախոսության գրեթե բոլոր հիմնադրույթների ամբողջական շարադրանքի հեղինակ Գարեգին Նժդեհի կողմից[7] և նպատակ էր հետապնդում «մեր գաղթօջախների հայության առողջացումը։ Իսկ դա կարող է տեղի ունենալ միայն վերանորոգմամբ, որն էլ հնարավոր է միայն՝ սեփական պատմության իրական արժեքները վերապրելու ճանապարհով»։[8] Ի թիվս այլ խնդիրների, «Ցեղակրոն շարժումը կոչված էր հայությանը տեր դարձնելու Թուրքիայից ունեցած տարածքային պահանջներին»։[9] Որպես գաղափարախոսական հիմնարար սկզբունք առաջ էր քաշվում այն մտայնությունը, թե «Մի ժողովուրդ, որն իրեն պէտք եղած ուժն իրենից դուրս է փնտրում – կուրօրէն իր պարտութիւնն ու անկումն է նախապատրաստում»։[10] 

Արդ, տրանսպարանտում, թերևս դիմելով օտարին ապավինելու մտայնությունը թոթափած «հայորդիներին», կոչ էր արվում «լինել արժանավոր հետևորդը» (միանգամայն խորհրդային մտածելակերպի կնիք կրող արտահայտություն է) «հին ու նոր ցեղաշունչ մարտիրոսների»։ Եթե «հին ցեղաշունչ մարտիրոսներ» («մարտիրոս» նշանակում է «նահատակ»[11]) գրելով տրանսպարանտի հեղինակները գուցե թե նկատի ունեին հայ ազգային-ազատագրական պայքարին զոհ գնացած հազարավոր հերոսներին, ապա այնքան էլ պարզ չէ, թե ում էին նրանք ենթադրում «նոր ցեղաշունչ մարտիրոսներ» ձևակերպմամբ. հնարավոր է, որ նրանք նկատի ունեին սումգայիթյան իրադարձությունների զոհերին, քանզի ֆիդայական նորագույն շարժումը դեռևս առջևում էր։

Նկ. 200. Տրանսպարանտներ, դրված Ցեղասպանության հուշահամալիրի երկարավուն հուշապատին (ձախից աջ). ա) «Ցեղասպանությունից փրկվելու միակ ելքը անկախությունն է։ Եղիցի ազատ ու անկախ Հայաստան», բ) «- Ոչ լացել է պետք, ոչ հուսահատվել, / Հայի պայքարը կա ու կլինի…»։ Եղեռնի զոհերի հուշահամալիր, 24 ապրիլի 1989 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։

1989թ. ապրիլքսանչորսյան երկու տրանսպարանտներում կոչ էր արվում պատրաստ լինել պայքարի՝ «– Ոչ լացել է պետք, ոչ հուսահատվել, / Հայի պայքարը կա ու կլինի…» (նկ. 200), «24 апреля – день памяти и единения к борьбе!» («Ապրիլի 24-ը հիշատակի և հանուն պայքարի միավորվելու օր է»)։ Առաջին տրանսպարանտում հնչած միտքը քաղված է Դավիթ Հովհաննեսի՝ 1988թ. աշնանը հանրապետական մամուլում տպագրված  «Պատգամ» բանաստեղծությունից, որի առաջին և վերջին տները սկսվում են հենց այդ տողերով։ Բնութագրական է, որ բանաստեղծն իբրև բնաբան ընտրել է «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ» կարգախոսը, որը պարբերաբար թևածում էր Օպերայի հրապարակում Շարժման տարիներին։ Բանաստեղծության հիմնական թեման հույսին ապավինելով պայքարի գաղափարն է, որին դիմում է «անկոտրում համառության» տեր հայ մարդն անկախ այն հանգամանքից, թե ինչ վտանգներ են հառնում իր դեմ, ինչ ճակատագիր է իրեն սպասում։[12] Հատկանշական է, որ տրանսպարանտներում արտահայտված պայքարելու գաղափարները հնչում էին հենց ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հարգման, համահայկական ընդգրկում ունեցող սգի օրը։ Դա նշանակում էր, որ հայոց ոգին կոտրված չէ, և հայության կյանքում տեղ գտած ամենամեծ ողբերգության խորհրդանշական օրն անգամ կոչ էր արվում միասնության և պայքարի։ Հետաքրքիր է «հայի պայքար» ձևակերպումը, որտեղ փաստորեն օտարի՝ ամենայն հավանականությամբ թուրքի դեմ պայքարը ձեռք է բերում էթնիկ որակավորման բնույթ և ինչ-որ իմաստով կարծես թե համահունչ է դառնում ավելի լայն ընդգրկում ունեցող «հայի ճակատագիր» բանաձևին։

2. Պատմության դրվագների վերագնահատում

1989թ. ընթացքում ցեղասպանության պատճառների և իրականացման հարցի առնչությամբ վերագնահատման գործընթաց էին ապրում նաև հայ-ռուսական հարաբերությունների և Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման փաստերը։ Միանգամից նշենք, որ այս թեմաներով մեջտեղ եկած տրանսպարանտները ստեղծված էին Ազգային ինքնորոշում միավորում կազմակերպության կողմից, որն իր գերագույն նպատակն էր համարում Հայաստանի անկախության ձեռքբերումը։ [13] Անկախության հարցը 1988, մասամբ նաև 1989թ. դեռևս համաժողովրդական ընդունելություն չէր գտել, և ԱԻՄ-ի կողմից առաջ քաշվող գաղափարները դեռևս չէին բխում այդ ժամանակների Ղարաբաղյան շարժման տրամաբանությունից։ Բոլոր դեպքերում անկախության նվաճման ճանապարհին պետք էր նաև ձերբազատվել մի շարք, մասնավորապես «մշտական բարեկամների» (ումից որ ցանկանում էինք անջատվել) մասին ունեցած կարծրատիպերից։ Այդ դժվարին գործի իրականացման ուղղությամբ առաջին քայլերի պատասխանատվությունն իր վրա էր վերցրել ԱԻՄ-ը։

Ինչևիցե, 1989թ. ապրիլի 24-ին ԱԻՄ-ի ակտիվիստները տանում էին հետևյալ տրանսպարանտները՝ «Հայերի ցեղասպանության գագաթնակետը 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրն է», «Մեր ցեղասպանության գագաթնակետը Հայաստանի բռնի խորհրդայնացումն էր» (նկ. 201), հոկտեմբերի 16-ին՝ Թատերական հրապարակի կողմից Օպերայի առաջին հարկի ապակիներին փակցված էին հետևյալ գրությունները՝ «Հայոց Մեծ Եղեռնը 1920-1989 թիւն է» (նկ. 202), «1921 թ. մարտի 16-ի Լենին-Աթաթուրք պայմանագիրը ապօրենի է» (նկ. 203), ևս մի նմանատիպ բովանդակությամբ տրանսպարանտ փակցված էր Օպերայի հրապարակի տարածքում գտնվող բացօթյա սրճարանի ամրաններին՝ «1915 թ. եղեռնը Ռուսաստանի և երիտթուրքերի գործն է» (նկ. 204

  • Նկ. 201. Տրանսպարանտ, դրված Ցեղասպանության հուշահամալիրի երկարավուն հուշապատին. «Մեր ցեղասպանության գագաթնակետը Հայաստանի բռնի խորհրդայնացումն էր»։ 24 ապրիլի 1989 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։

Վերոբերյալին համահունչ մի տրանսպարանտ էլ՝ «Մեր ցեղասպանութեան գագաթնակէտը Հայաստանի բռնի սովետացումն է» (նկ. 205), ամրացված էր Գերագույն խորհրդի նախագահության շենքի ճաղերին 1990թ. գարնանը՝ այնտեղ անցկացվող շուրջ երկու ամիս տևող նստացույցի ժամանակ, որի հիմնական պահանջներից էր թույլատրել ԱԻՄ-ի ղեկավար Պարույր Հայրիկյանին (նա արտաքսված էր ԽՍՀՄ-ից 1988թ. հուլիսից) վերադառնալ Հայաստան։ Եվս մեկը (հեղինակն ինձ հայտնի չէ)՝ «Հայերի ցեղասպանությունը ռուս-թուրքական դաշինքի արդյունք է» (նկ. 206) մեզ հանդիպեց 1990թ. ապրիլի 24-ին։

  • Նկ. 205. Նստացույցին ուղեկցող տրանսպարանտներ (վերևից ներքև). ա) «Մեր ցեղասպանութեան գագաթնակէտը Հայաստանի բռնի սովետացումն է», բ) «Մոսկուա դու՛րս մեր տնից»։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության առջևի հրապարակ, 20 ապրիլի 1990 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։

Ինչպես տեսնում ենք, ԱԻՄ-ը առաջ էր քաշում խնդիրներ, որոնք հայ խորհրդային պատմագրության, առավել ևս պաշտոնական գաղափարախոսության մեջ երբեք նման ձևակերպումներով չէին ներկայացվել և որոշ բացառություններով բավականին խորթ էին խորհրդահայ քաղաքացիների ոչ միայն ականջին, այլ նաև մտածողությանը։ Արդ, ինչու՞ էր Մեծ եղեռնը ներկայացվում իբրև Ռուսաստանի և երիտթուրքերի «գործ»։ Հարցի պարզաբանման նպատակով կատարենք որոշ պատմական էքսկուրսներ։

*

Նախ հիշենք, որ Ռուսաստանի ծավալապաշտական քաղաքականությունը Առաջավոր Ասիայում և, մասնավորապես, Օսմանյան կայսրության հետ հարաբերություններում, ի թիվս այլ խնդիրների, նպատակաուղղված էր արևմտահայկական վիլայեթները իրեն միացնելուն։ Ձգտելով գրավել Արևմտյան Հայաստանը՝ ցարիզմը միաժամանակ վտանգ էր զգում, որ հայկական ազատագրական շարժումները կտարածվեն Անդրկովկասի հայկական տարածքների ռուսական տիրակալության շրջաններում։ Դրանով է բացատրվում XIX դարավերջին ռուս իշխան, պետական գործիչ, հետագայում արտաքին գործերի նախարար Ա. Բ. Լոբանով-Ռոստովսկու ուղենիշային բնույթի հայտարարությունը, թե «Մենք ուզում ենք Հայաստանը առանց հայերի»։[14] Այսպես թե այնպես, Առաջին համաշխարահային պատերազմի տարիներին, ի թիվս այլ խնդիրներ լուծելու, այդ թվում և Կովկասյան ռազմաճակատում ռուսական բանակի առաջխաղացմանը նպաստելու գործի համար կազմակերպվեցին հայկական յոթ կամավորական գնդեր։ 

1915թ. մայիսին, շնորհիվ վանեցիների հերոսական ինքնապաշտպանության, ապա նաև հայ կամավորական գնդերի և ռուսական բանակի օժանդակության, ազատագրվեց Վանը։[15] Կամավորական գնդերն առաջացան դեպի Բիթլիս, որտեղ շուրջ 100 հազ. հայեր, թուրքերի ջարդի վտանգի տակ, սպասում էին ռուսական զորքին և հայ կամավորներին։ Սակայն հուլիսին ռուսական զորքերը նահանջելու հրաման են ստանում,[16] Բիթլիսի, Մուշի և Սասունի հայությունը մնում է անպաշտպան և կոտորվում, իսկ նահանջող ռուսական բանակի հետ դատարկվում է նաև Վասպուրականը. շուրջ 200 հազ. հայություն գաղթում է դեպի Կովկաս, շատերը սպանվում են ճանապարհին քրդերի հարձակումներից և ապա Արևելահայաստանում՝ սովից ու համաճարակներից։ 1915թ. օգոստոս-սեպտեմբերին ռուսական զորքը վերագրավում է Վանը, ապա ուղղվում Բիթլիս և Մուշ, որտեղ արդեն հայություն չէր մնացել։[17] 

Փոխվել էր նաև ցարական իշխանության նպաստավոր վերաբերմունքը. «Հայ կամաւորական գունդերու գործողութիւնները կարեւոր չէին այլեւս[18]։ Արտօնուած չէր կամաւորներու գործողութիւններու կամ այլ ազգային հարցերու մասին խօսիլ կամ գրել։ Կառավարությունը կ’արգիլեր արեւմտահայ գաղթականներուն՝ ռուսերու կողմէ գրաւուած Արեւմտահայաստանի իրենց տուները վերադառնալ։ Պատերազմի նախօրեակին հայերուն տրուած ինքնավարութեան խոստումը այժմ անիրականանալի կը սեպուէր։ Արեւմտահայութեան տեղահանութենէն եւ ջարդերէն ետք, այլեւս հայութիւնը մեծամասնութիւն չէր Արեւմտահայաստանի մէջ եւ հայկական իշխանութիւն մը թուրք եւ քիւրտ բնակիչներուն պարտադրելը անիմաստ էր։ Եւ այսպէս, 1916-ին, ցարական կառավարութիւնը հրաման կու տար իր գրաւած հողերուն, այսինքն՝ Արեւմտահայաստանի վրայ, զինուորական իշխանութիւն ստեղծելու։[19] Հրամանագրին մէջ հայերու կամ Հայաստանի անունն անգամ յիշուած չէր։ Ցարական կառավարութեան քաղաքականութեան փոփոխութեան ամենէն յստակ ապացոյցը, սակայն, հայ կամաւորական գունդերու ցրւումի հրամանն էր 1915-ի Դեկտեմբերին։ … Ցարական նախկին նախարար Լոբանովի նպատակը՝ ունենալ Հայաստանը առանց հայերու՝ իրականացած էր»։[20] 

Ահա թերևս վերոբերյալ հանգամանքները նկատի առնելով էր, որ ստեղծվել էր հայերի՝ 1915թ. ցեղասպանության մեջ Ռուսաստանի մասնակցությունը մատնանշող տրանսպարանտային գրությունը։ Համենայն դեպս, այս հարցը դեռևս կարոտ է գիտական հետագա պարզաբանումների։  

*

Վերոբերյալ հարցի ամբողջացման և հաջորդին անցնելու առումով մեծապես կարևորվում է նաև բոլշևիկների և նրանց առաջնորդ Վ. Լենինի վերաբերմունքը հայերի ցեղասպանությանը և Հայաստանի անկախության հարցին։ 

Ռ. Խուրշուդյանի, ինչպես նաև Վ. Լենինի բարոյական կերպարին անդրադարձած այլ հետազոտողների համոզմամբ, «Լենինի և նրա նվիրյալների համար ցեղասպանությունը հանդիսանում էր գործունեության միանգամայն ընդունելի մեթոդ։ … Լենինը, լռության մատնելով հայերի ցեղասպանությունը, այնուհետև կատարեց երկրորդ սարսափելի քայլը՝ համագործակցության գնաց երիտթուրք ցեղասպանների հետ»։[21] Որպես այս քայլերի տրամաբանական շարունակություն, Լենինն ու նրա զինակիցները ուղղակիորեն աջակցեցին (այդ թվում օգոստոս ամսին՝ զենքով, զինամթերքով, ոսկով) նաև 1920թ. սեպտեմբերյան թուրքական հարձակմանը «իմպերիալիստական» Հայաստանի վրա[22], որին, ինչպես նաև հաջորդող օկուպացիային զոհ գնաց մեծաթիվ հայություն։[23] Այսինքն, ռուս-խորհրդային ղեկավարության քաղաքականության արդյունքում թուրքական զորքերը հնարավորություն ստացան այս անգամ արդեն Արևելյան Հայաստանում շարունակելու հայերի ցեղասպանությունը։ 

*

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից որոշ ժամանակ անց Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով 1921թ. փետրվարի 26-ից Մոսկվայում իր աշխատանքները սկսեց խորհրդա-թուրքական կոնֆերանսը։[24] 

Սակայն Խորհրդային Հայաստանի կառավարության ներկայացուցիչներին (պատվիրակությունը գլխավորում էր Ալեքսանդր Բեկզադյանը), չթույլատրվեց մասնակցել բանակցություններին, չնայած հարցը վերաբերում էր հենց Հայաստանի տարածքներին։ Միևնույն ժամանակ Խորհրդային Ռուսաստանի շահերը պահանջում էին բարդություններ չստեղծել Թուրքիայի հետ հարաբերություններում. թուրքական պատվիրակությունն ակնարկում էր, թե կոնֆերանսի ձախողման դեպքում իր երկիրը շուռ կգա դեպի Անտանտ։ 

Ի վերջո, 1921թ. մարտի 16-ին ՌԽՖՍՀ-ի և Թուրքիայի միջև ստորագրվում է «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագիրը, որտեղ ոչ մի հիշատակություն չկար արևմտահայկական հողերի մասին (փաստաթղթի առաջին իսկ կետն ուղղված էր Սևրի հաշտության պայմանագրի դեմ), Թուրքիային էին անցնում հայերից զավթված գրեթե բոլոր տարածքները (բացի Ալեքսանդրապոլ քաղաքից և գավառից)՝ Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, Կաղզվանի, Արդահանի, Օլթուի օկրուգները և ուրիշ տարածքներ, ընդամենը 19215 քառ. կմ։

Թուրքերի համար հատկապես կարևոր էր Նախիջևանի գավառը հայերից խլելը։ Նրանք լավ գիտեին, որ Ռուսաստանը չի համաձայնի, որպեսզի այդ տարածքներն անցնեն Թուրքիային՝ ամենից առաջ ելնելով նրա ստրատեգիական դիրքից։ Սակայն Նախիջևանի գավառն առանձնահատուկ նշանակություն ուներ պանթուրքիզմի տեսանկյունից՝ այն, ըստ էության, կապող օղակ էր Թուրքիայի և Ադրբեջանի ու այդպիսով նաև ողջ Թուրանի միջև։ Այդ իսկ պատճառով թուրքական պատվիրակությունն ամեն ինչ արեց գավառը Ադրբեջանին հանձնելու համար։ 

Պայմանագրի երրորդ կետով Հայաստանից անջատվում և որպես ինքնավար տարածք Խորհրդային Ադրբեջանի պետական գերիշխանությանն էր անցնում Նախիջևանի գավառը հարակից մի շարք տարածքներով։[25] Այդ ճանապարհով Հայաստանից խլվեց ևս 5500 քառ. կմ տարածք և արդյունքում 1921թ. մարտի 16-ի պայմանագրով Հայաստանը կորցրեց իր տարածքի շուրջ կեսը՝ ավելի քան 25000 քառ. կմ։[26] 

Թերևս վերոբերյալը նկատի ունենալով էր, որ Մոսկվայի պայմանագիրը որակվում էր որպես «ցեղասպանության գագաթնակետ»։ Կարծում ենք սակայն, որ նման բնորոշումը բավականին խիստ էր և շատերի համար ոչ այնքան համոզիչ՝ նկատի ունենալով նախ և առաջ մարդկային այն կորուստները, որ ունեցան հայերը պայմանագրին նախորդող վեց տարիների ընթացքում։ Այս նույն պատճառաբանությամբ ընդունելի չէր նաև Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը «ցեղասպանության գագաթնակետ» բնորոշելը։ Նման որակումներում ավելի շատ գերիշխում էր թունդ հակասովետիզմը, ինչը, կրկնում ենք, չէր բխում այն ժամանակվա Ղարաբաղյան շարժման ուղղվածությունից։ 

Մի նկատառում ևս. վերը դիտարկված աիմական ցուցապաստառները փորձում էին օգտագործել ոչ թե գործող՝ «կոմունիստական» որակված, այլ դասական ուղղագրությունը, բայց և թույլ էին տալիս վրիպումներ։ Այսպես, գործող ուղղագրությամբ գրված տրանսպարանտում օգտագործվում էր հայեցի «խորհրդայնացում» եզրը, մինչդեռ կես տարի անց դասական ուղղագրությամբ գրված տրանսպարանտում օգտագործվում էր «սովետացում» ոչ հայերեն եզրը։ Եվ վերջին նկատառումը. հայերենում չկա «ապօրենի» բառ, այլ օգտագործվում է «ապօրինի» գրելաձևը։[27]

Անցյալի և ներկայի վերագնահատման գործընթացը | Մաս 2 

Հղումներ

  1. Ստորև դիտարկվող հարցերի մասին տե՛ս նաև Յ. Մարութեան, «Մենք պետք է կռուենք, եւ ոչ լաց լինենք…». անցեալի եւ ներկայի վերագնահատման գործընթացը Ղարաբաղեան շարժման համատեքստում. – Հանդէս Ամսօրեայ, 2003, էջ 411-468։
  2. Բնագրում շեշտադրում ունի միայն «զարթի՛ր» բառը։ Տե՛ս. Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր (աշխատասիրությամբ Ա. Ս. Ղազիյանի), Երևան, 1989, էջ 146-148։
  3. Թերևս պատահական չէ, որ նորագույն ժամանակների ֆիդայական առաջին ջոկատներից մեկը կոչվում էր «Արաբո»։
  4. Տե՛ս. Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր, էջ 33, 34, 146-148, 302, 303։
  5. Հմմտ. «Համոզված ենք, որ միայն զենքով կա հային փրկություն» տողի հետ «Մենք անկեղծ զինվոր ենք առանձին վիճակ» դեռևս 70 տարի առաջ լայն տարածում ունեցող երգից։ Տե՛ս. Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր, էջ 116, 292։  
  6. Հմմտ. Կանչ, նոյեմբեր 1992, թիվ 1։ 
  7. Մանրամասն տե՛ս Գարեգին Նժդեհ, Հատընտիր, Երևան, 2001։ Տե՛ս նաև Վարդան Աթոյան, Գարեգին Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը, Երևան, 2007։
  8. Տե՛ս Գարեգին Նժդեհ, Ինչու՞ ստեղծվեց Ցեղակրոն շարժումը. – Գարեգին Նժդեհ, Հատընտիր, էջ 313։
  9. Նույն տեղում, էջ 315։
  10. Գարեգին Նժդեհ, Ցեղակրօնութիւնն իբր յաղթանակի զօրոյթ. – Գարեգին Նժդեհ, Հատընտիր, էջ 316։
  11. Տե՛ս Հր. Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հատոր Գ, Երևան, 1946, էջ 271։ Ինչպես նկատել է Է. Սմիթը մարտիրոսության երևույթին անդրադառնալիս, «իրական ազգայնականի համար հերոսը դա մարտիրոսն էր, որը զոհաբերում էր իր կյանքը հանուն ազգի և նախնիների հայրենիքի և մահվամբ սրբագործում է այս երկու երևույթները»։ Տես. Anthony D. Smith. Myths and Memories of the Nation, p. 154. Հմմտ. Rubina Peroomian, Literary Responses to Catastrophe: A Comparison of the Armenian and the Jewish Experience. Atlanta, Georgia: Scholars Press, 1993, էջ 27-47։ Մանրամասնորեն քննարկելով մարտիրոսության կոնցեպցիայի ծագումն ու զարգացումները, Ռ. Փիրումյանը նկատում է (էջ 47), որ հայ գրականության մեջ XVIII դարից սկսած Վերածննդի շրջանի հեղինակները նորովի սկսեցին մեկնաբանել մարտիրոսության գաղափարները, ինչը նաև ապտակ էր պատմության ավանդական բացատրություններին։ Մարտիրոսության կրոնական հիմնավորումները արդեն իսկ աշխարհականացվել էին միջնադարյան հայ մտածողների կողմից, իսկ Վերածննդի շրջանի գործիչները դրան հաղորդեցին քաղաքական ենթատեքստ։ Մարտիրոսությունը, նրանց համոզմամբ, գործիք էր քաղաքական նպատակների հասնելու համար, միանգամայն արժանի զոհաբերություն հանուն հայրենիքի ազատագրության։
  12. Տե՛ս Դավիթ Հովհաննես, Աղետի գոտի։ Բանաստեղծություններ, Երևան, 1989, էջ 16-17։ 
  13. Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ) ստեղծվել է 1966 թ. ապրիլի 24-ին, իսկ մեկ տարի անց կազմվել են ԱՄԿ-ի ծրագիրը և կանոնադրությունը։ 1974 թ. ծրագիրը վերախմբագրվել է, սակայն հիմնական հարցերում այն մնացել է նույնը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է գլխավոր նպատակներին, այն է՝ Հայկական հարցի լուծումը Հայաստանի անկախացման, տարածական վերամիավորման և մայր հայրենիքում աշխարհասփյուռ հայության համախմբման ճանապարհով։ 1987 թ. հոկտեմբերին ԱՄԿ-ն վերանվանվել է Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ)։ Մանրամասն տե՛ս Պարույր Հայրիկյան, Ազգային միացյալ կուսակցություն. ծրագիր-կանոնադրություն և պարագայք, Երևան, 1991։
  14. Տե՛ս. Հայ ժողովրդի պատմություն, հ. VI, Երևան, 1981, էջ 284-285։ Տե՛ս նաև Հրաչիկ Սիմոնյան, Անդրանիկը և նրա ժամանակը, Երևան, 1996, գիրք Ա, էջ 465։
  15. Տե՛ս Արսէն Ա. Կէօրկիզեան, Վասպուրականի հերոսամարտը. 1915 ապրիլ 7 – 1915 մայիս 7, Պէյրութ, 1965։ Վան-Վասպուրականի հերոսամարտը-75 (կազմող՝ Հ. Դ. Փափազյան), Երևան, 1990։ Հ. Մարության, Վանի 1915 թ. հերոսամարտը. 80 տարի առաջ Վանի հայությունը վերջին անգամ բռնեց գաղթի ճամփան. – Այժմ, 20-26 մայիսի 1998 թ., թիվ 18 (112), էջ 6։ 
  16. Շուրջ 300 հազարանոց զորքին տրված նահանջի հրամանը ռուսական Կովկասյան բանակի հրամանատարությունը հետագայում պատճառաբանում էր նրանով, որ իբր թուրքերը զինվորական մեծ ուժերով բռունցք էին ստեղծել և պատրաստվում էին վճռական հակահարձակման։ Նահանջի այդ հրամանը զորավար Անդրանիկը համարեց «կատարեալ կեղծիք մը», դավաճանություն և հայության համար կործանարար։ Տե՛ս Հրաչիկ Սիմոնյան, Անդրանիկը և նրա ժամանակը, գիրք Ա, էջ 463-465։
  17. Թուրքերից գրաված Բիթլիսում ազատվեցին միայն 200-ի չափ հայ կանայք և երեխաներ. տղամարդիկ չկային, քանի որ նրանցից ոչ ոք քաղաքում կենդանի չէր մնացել։ …Մշո դաշտի ողջ հայությունը զոհվել էր քուրդ խուժանի ձեռքով։ Տե՛ս Հրաչիկ Սիմոնյան, Անդրանիկը և նրա ժամանակը, գիրք Ա, էջ 508, 515, 516։ 
  18. Ցարական իշխանությունները տագնապում էին այն բանից, որ հայկական կամավորական զորամասերը կարող են ինքնուրույն բանակի կերպարանք ստանալ։ …Կազմվում էին հայ զինվորներով և հայ հրամանատարներով զուտ հայկական գնդեր, բայց դրանք լինելու էին ռուսական զորքեր, ռուսական բանակի անբաժան մասեր, որոնք իրենց իրավունքներով ու պարտականություններով ոչնչով չէին տարբերվելու ռուսական բանակի մյուս զինվորական միավորներից։ Տե՛ս Հրաչիկ Սիմոնյան, Անդրանիկը և նրա ժամանակը, գիրք Ա, էջ 523։ Այդպիսով, Սիմոն Վրացյանի գնահատմամբ, «հայ կամավորական շարժումը վերջացած պետք է համարել»։
  19. 1916 թ. աշնանը, մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչի հրամանով իշխանությունները գործնական քայլերի դիմեցին Արևմտահայաստանի ռուսականացումը արագացնելու համար։ Ալաշկերտի հովտում արդեն սկսվել էր ռուսական գյուղերի կառուցումը, որտեղ առաջին հերթին բնակություն էին հաստատելու 50 հազար կազակներ։ Արևմտահայաստանի գրավված վայրերում ամենուրեք մտցվում է ռուսական վարչություն։ Ասիական Թուրքիայում Համաձայնության տերությունների ազդեցության ոլորտների ընդունած փաստաթղթերում Հայաստանի մասին ոչ մի խոսք չկար։ Տե՛ս Հրաչիկ Սիմոնյան, Անդրանիկը և նրա ժամանակը, գիրք Ա, էջ 525-527։
  20. Ռուբինա Փիրումեան, Հայ Դատ. տասնմէկերորդ դասարան (դասագիրք), Լոս Անճելըս, 1994, էջ 38, 39։ Տե՛ս նաև Եր. Փամպուքեան, Ապրիլեան եղեռնը. ” Արշաւիր Շիրակեան, Կտակն էր նահատակներուն, էջ 45, 67։ Ռաֆայել Իշխանյան, Մեծ եղեռնի դասերը. – Ալբերտ Փարսադանյան, Թղթապանակ՝ 1915, Երևան, 2005, էջ 176-179։ Հմմտ. Հրաչիկ Սիմոնյան, Անդրանիկը և նրա ժամանակը, գիրք Ա, էջ 479-481, 487, 492-494, 511։
  21. Մանրամասն տե՛ս Ռուբեն Խուրշուդյան, Եղեռնը և բոլշևիզմը. – Հայոց ցեղասպանություն. պատճառներ և դասեր, Երևան, Ազգային հարցի և գենոցիդի ուսումնասիրման կենտրոն, 1995, մաս 3, էջ 30, 31։
  22. Տե՛ս Ռ. Խուրշուդյան, նշվ. աշխ., էջ 34։ Մանրամասն տե՛ս Հր. Ռ. Սիմոնյան, Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից, Երևան, 1991, էջ 369-415։ Է. Ա. Զոհրաբյան, 1920 թ. թուրք-հայկական պատերազմը և տերությունները։ Զենքով ու զինամթերքով աջակցությունն շարունակվեց նաև 1921 թ.։ Այս մասին տե՛ս Д. Е. Еремеев. На стыке Азии и Европы (очерки о Турции и турках), М., 1980, с. 129. Անգամ 1920 թ. դեկտեմբերի կեսերին, երբ առաջ էր քաշվում Կարսը թուրքերից մաքրելու հարցը, Լենինը գտնում էր, թե Խորհրդային Ռուսաստանը ժամանակավորապես պարտավորված է զոհելու հայ աշխատավոր դասակարգի շահերը հանուն համաշխարհային հեղափոխության շահերի։ Տես. Երվանդ Սարգսյան, Դավադիր գործարք. Հայաստան-Ռուսաստան- Թուրքիա, Երևան, «Հայաստան» հրատ., 1995, էջ 162, 163։
  23. Տե՛ս Ա. Եսայան, Հայաստանի միջազգային-իրավական դրությունը (1920-1922 թթ.), Երևան, 1967, էջ 43։ Հայ ժողովրդի պատմություն, հ. VII, Երևան, 1967, 127-129։ Հր. Ռ. Սիմոնյան, Թուրք-հայկական, էջ 403, 404, ինչպես նաև գլուխ երրորդի թիվ 46-53 ծանոթագրությունները։
  24. Կոնֆերանսի նախապատրաստական փուլում և ընթացքում Ստալինի խաղացած դերի մասին տես. Ե. Ղ. Սարգսյան, Քեմալականների 1920-21 թթ. արշավանքն, էջ 30-32։ Երվանդ Սարգսյան, Դավադիր գործարք, էջ 182-184, 187, 188։
  25. Տե՛ս. Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923) (կազմողներ՝ Ջ. Ս. Կիրակոսյան, Ռ. Գ. Սահակյան, խմբ.՝ Ջ. Ս. Կիրակոսյան), Երևան, 1972, էջ 504։ Հաջորդող տասնամյակում Թուրքիային հաջողվեց Իրանի հետ Արարատ լեռան շրջանում տարածքային փոխանակումների ճանապարհով, մի նեղ շերտով անմիջական կապ հաստատել Նախիջևանի հետ։ 
  26. Տե՛ս Է. Ա. Զոհրաբյան, Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922 թթ., Երևան, 1979, էջ 219-236։ Հր. Սիմոնյան, Ողբերգության պահին. – Գարուն, 1989, թիվ 4, էջ 47-53։ Նույնի՝ Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից, էջ 407-413։ 1921 թ. մոսկովյան խորհրդա-թուրքական պայմանագրի գիտական տեսանկյունից գնահատելու հարցերին էր նվիրված 1999 թ. մարտի 18-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և Կոնֆլիկտների լուծման Հայաստանի կենտրոնի կազմակերպած մեկօրյա կոնֆերանսը։ Տե՛ս. Հայկական հարց. հետադարձ հայացք. – Գիտություն, 24 ապրիլի 1999 թ., թիվ 8-9 (138-139), էջ 5։ 
  27. Տե՛ս Հ. Խ. Բարսեղյան, Հայերեն ուղղագրական-ուղղախոսական տերմինաբանական բառարան, Երևան, 1973, էջ 108։
  28. Ֆիդայի և ֆիդա արաբական ծագմամբ պարսկերեն բառեր են. առաջինը նշանակում է «կորովի, քաջ», իսկ երկրորդը՝ «զոհ»։ Տե՛ս Ստ. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, հ. IV, Երեւան, 1945, էջ 625։ Տե՛ս նաև Алим Гафуров. Имя и история: Об именах арабов, персов, таджиков и тюрков. Словарь. М., 1987, с. 201. Ֆիդայական թեմատիկան, որպես հայ ազգային-ազատագրական շարժման ամենապայծառ էջերից մեկը, լայնորեն էր դիտարկվում դեռևս 1989 թ. հանրապետական մամուլի էջերում, իսկ Մշակույթի հայկական ֆոնդն անգամ ձեռնամուխ էր եղել հայ ֆիդայիների թանգարան ստեղծելու գործին։ Տե՛ս. Հայ ֆիդայիների թանգարան՝ համազգային ջանքերով (բաց նամակ մեր բոլոր հայրենակիցներին). – Գրական թերթ, 4 օգոստոսի 1989 թ., թիվ 32 (2352)։
  29. Հայկ Աճեմեան, Հայոց Հայրիկ. առաջին հատոր, Կենսագրութիւն, Թաւրիզ, 1929, էջ 512, 513։
  30. Նույն տեղում, էջ 515։ Տե՛ս նաև Արշակ Մադոյան, Հակոբ Պետրոսյան, Գաղափարի և ազատության ջահակիրը. – Խրիմյան Հայրիկ, Երկեր, Երևան, 1992, էջ 5-18։ Էմմա Կոստանդյան, Մկրտիչ Խրիմյան։ Հասարակական-քաղաքական գործունեությունը, Երևան, 2000, էջ 266, 267։ Ռ. Փիրումյանի գնահատմամբ, այն փաստը, որ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին ռուսական բանակին զինվորագրված էին շուրջ 150 հազ. հայեր, կազմակերպվել էին նաև հայ կամավորական գնդեր, վկայում էր, որ «…այս պատերազմին հայ ժողովուրդը այլեւս խնդրագիրներով չէր ներկայանար։ Ան գտած էր Խրիմեան Հայրիկի «երկաթէ շերեփ»ը եւ իր մարտական ուժը ցոյց կու տար՝ իր պահանջները ստանալու համար»։ Տե՛ս Ռուբինա Փիրումեան, նշվ. աշխ., էջ 35։ Հմմտ. նաև. Rubina Peroomian, նշվ. աշխ., էջ 63։ 
  31. Հայդուկային (ֆիդայական) երգերի վերլուծությունը տե՛ս. Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր, էջ 28-40։
  32. Անդ, էջ 105։ Նկատենք, որ մինչ այս երգարանում լույս տեսնելը, երգն արդեն ունեցել է մի քանի հրատարակություն։ Տե՛ս. Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր, էջ 113, 291։ Ալվարդ Ղազիյանի այս աշխատասիրած գրքում «Հայդուկային երգեր» բաժնում բերված տեքստն ունի փոքր տարբերություններ Տ. Վարժապետյանի կազմած երգարանում (Քնար. գրպանի նոր երգարան Հաւաքեց՝ Տիրան Կ. Վարժապետեան, N.J., USA, 1918, էջ 105) տպագրվածից. «չգանգատվենք»-ի փոխարեն բերված է «չլանք» ձևը, «թշնամին»-ի փոխարեն՝ «տաճիկը», «սովից»-ի փոխարեն՝ «մահից»։
  33. 1989-90 թթ. Հայոց համազգային շարժման տեղական կազմակերպությունները դեռևս չունեին վառ արտահայտված կուսակցական ուղղվածություն, այլ յուրատեսակ շարունակություն էին 1988 թ. ի վեր տեղերում գործող «Ղարաբաղ կոմիտեների»։
  34. Տե՛ս, օրինակ. Հովիկ Գրիգորյան, Ահաբեկչությունը որպես ազգային-ազատագրական պայքարի ձև (19-րդ դարի վերջ – 20-րդ դարի սկիզբ). – Հայոց ցեղասպանություն. պատճառներ և դասեր, մաս 2, Երևան, 1995, էջ 39-72։ Արշաւիր Շիրակեան, նշվ. աշխ.։
  35. Անգլերեն «Armenian Secret Army for the Liberation of Armenia», որի ASALA (ԱՍԱԼԱ) հապավումով էլ այն ավելի հայտնի էր ժողովրդական լայն զանգվածներին։
  36. Ինչպես նկատում է մասնագետը, հայերի վրիժառության պատմությունը դեռևս հոգեբանորեն չի վերլուծվել ու մեկնաբանվել։ Տե՛ս Մելինէ Գարագաշեան, Ցեղասպանութեան հոգեցնցումն ու ազգային ինքնությունը։ Հոգեբանական վերլուծություն, Երևան, 2006, էջ 63, 71։
  37. Տե՛ս Արամ Սարոյան, Գուրգեն Յանիկյանի դատավարության պատմականը, Երևան, 1992, էջ 42։ 
  38. Տե՛ս Գուրգեն Յանիկյան, Նպատակ և ճշմարտություն։ Հուշագրություն, Երեւան, 1999, էջ 8, 13-19։ Արամ Սարոյան, նշվ. աշխ., էջ 81։
  39. Տե՛ս Գուրգեն Յանիկյան, նշվ. աշխ., էջ 9, 205։
  40. Տե՛ս Սեդա Գպրանյան-Մելքոնյան, Մոնթե Մելքոնյան (կազմողներ), Իրականությունը. ՀԱՀԳԲ – Հեղափոխական շարժման փաստաթղթերը, 1992, էջ 33։ 7 օգոստոս ” տօն ուխտի եվ նահատակութեան. – Երկաթէ շերեփ, 1988, օգոստոս, թիվ 15, էջ 1։ Անմահ սխրանք. – Երկաթէ շերեփ, 1989, յունուար, թիվ 20, էջ 24։ Սիլվա Կապուտիկյան, Գիշերային ռեքվիեմ. – Գարուն, 1987, թիվ 11, էջ 16։
  41. Հմմտ. Սեդա Գպրանյան-Մելքոնյան, Մոնթե Մելքոնյան, նշվ. աշխ., էջ 46։ 
  42. Աստվածաշունչ, Ելից գիրք, գլ. ԻԱ, 24։ Հմմտ. Ավետարան ըստ Մատթեոսի, գլ. Ե, 38, 39։ 
  43. Նշենք, որ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս 2005 թ. անցկացված հանրային հարցման մասնակիցների 21%-ի մեջ առաջանում էր վրեժի, 18%-ի մեջ՝ ատելության, 11,5%-ի մեջ՝ թշնամանքի զգացում, ցավի զգացում առաջանում էր հարցվածների շուրջ 40%-ի մեջ։ Տե՛ս. Հայոց ցեղասպանությունը 90 տարվա սահմանագծին. Հանրային հարցման արդյունքների ներկայացում (մասնակցել է 1900 հարցվող Երևանից և ՀՀ բոլոր մարզերից), Երևան, ապրիլ 2005, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն, էջ 8։ 

 


Հատված Հարություն Մարությանի «Հայ ինքնության պատկերագրությունը. Հատոր 1. Ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը» գրքից [Անցյալի և ներկայի վերագնահատման գործընթացը հայոց ինքնության մեջ. Գլուխ վեցերորդ] (Երևան, 2009)

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ