Պրոպագանդան որպես հաղորդակցության «լեզու»

Պրոպագանդան ընկալումներ ձևավորելուն, ճանաչման գործընթացը մանիպուլացնելուն և վարքագծի ուղղորդմանն ուղղված կանխամտածված, համակարգային փորձ է,  որը թույլ է տալիս հասնել պրոպագանդիստի համար ցանկալի արձագանքի: 

Պրոպագանդան որպես հաղորդակցության «լեզու». Սահմանման խնդիրն ու դրսևորման ձևերը

Երբ Հռոմի պապ Գրիգոր XV-ը 17-րդ դարում առաջին անգամ շրջանառության մեջ դրեց «պրոպագանդա» բառը բնորոշելու համար այն կազմակերպությունը, որը պետք է պաշտպաներ «ճշմարիտ հավատը» բողոքական Ռեֆորմացիայից[1], տերմինը ոչ միանշանակ ընկալում ստացավ: Բառը, մի կողմից, բացասական նշանակություն ձեռք բերեց բողոքականների համար՝ որպես  եկեղեցու դոկտրինների «կամավոր» ընդունմանն ուղղված համակարգող միջոց, և ընդհակառակը՝ դրական երանգավորում ստացավ Կաթոլիկ շրջաններում, քանի որ նույնականացվում էր կրթելու կամ քարոզչության հետ:

Եվ թեև պրոպագանդան ամենևին էլ նոր սոցիալական ֆենոմեն չէ, այդուհանդերձ միայն 20-րդ դարի սկզբում այն ստացավ իր ժամանակակից «գիտական» նշանակությունը, երբ ի հայտ եկած զանգվածային տեղեկատվական միջոցների շնորհիվ լայնածավալ կիրառություն ստացավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում:

Ճիշտ է, պրոպագանդայի վերաբերյալ  ընկալումները տարբերվում են՝ կախված երկրից և ժամանակահատվածից (օրինակ՝ Անգլիայում, ի սկզբանե, տերմինը չեզոք նշանակություն է ունեցել և ընկալվել է որպես տեղեկատվության տարածում՝ ի շահ որևէ նպատակի), սակայն Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների փորձառությունից հետո «պրոպագանդա» բառն ստացավ բացասական երանգավորում:

Օրինակ՝ 1926 թ.-ին Լորդ Պոնսոնբին, գրելով պրոպագանդայի մասին, հիշատակում է հետևյալը.«Մարդկային հոգու պղծում, որն ավելի վատ է, քան մարմնական ոչնչացումը[2]»:

Այսօր մասնագիտական գրականության մեջ չկա տերմինի համընդհանուր ճանաչում գտած սահմանում, իսկ պատմական կիրառության արդյունքում ձևավորված ասոցիացիաները ստի, կեղծիքի, մանիպուլյացիայի հետ հաճախ հոմանիշներ են դարձնում պրոպագանդան և համոզումը, պրոպագանդան և ապատեղեկատվությունը, պրոպագանդան և ուղեղի լվացումը:

Բացի այդ, բացասական ասոցիացիաները հաճախ թույլ չեն տալիս մեզ առօրյայում «նկատել» այս կամ այն թեմայով տարածվող պրոպագանդան, որը միշտ չէ վտանգ գուժում:

   

Ուստի նախ պետք է հասկանալ, թե ինչ է պրոպագանդան՝ որպես «լեզու» կամ հաղորդակցության գործիք:

Իհարկե, պրոպագանդայի ամբողջական վերլուծությունը կատարվում է պոստ ֆակտում, երբ արդեն հնարավոր է  տեսնել/գնահատել նաև վերջնարդյունքը, և մենք չենք կարող անտեսել դրա կիրառման «դրական» կամ «բացասական» հետևանքները, այդուհանդերձ այս անդրադարձում կփորձենք դիտարկել պրոպագանդան որոշակիորեն անկախ իր «լավ» կամ «վատ» ազդեցությունից, ուսումնասիրել այն որպես որոշակի նպատակով լսարանին որևէ գաղափարի փոխանցման գործիք և հասկանալ, թե ինչպես է այն  դրսևորվում: 

Չնայած ուսումնասիրված շուրջ տասնյակ մասնագիտական հոդվածներին և  գրականությանը՝ ընդհանուր առմամբ այս նյութն իմ արձագանքն է Գարթ Ջոեթի և Վիտորիա Օ’Դոնելի «Պրոպագանդա և համոզում» (Propaganda and Persuasion) գրքին, որտեղ մասնագետները բավական ընդգրկուն ներկայացրել են թե՛ պրոպագանդայի պատմությունը, թե՛ մասնագիտական գրականության համար դասական տեսությունները, և թե՛ պրոպագանդայի վերլուծության սեփական մոդելը՝ հիմնված պրոպագանդայի՝ որպես առանձին հաղորդակցության միջոցի ուսումնասիրության վրա: Այս հասկացությանը ծանոթությունը վերոնշյալ գրքի պրիզմայով անցկացնելը կօգնի պրոպագանդայի՝ որպես «լեզու» մեր ուսումնասիրությանը, որը կսկսենք պրոպագանդայի սահմանման խնդրին անդրադարձով:

Ի՞նչ է պրոպագանդան. Սահմանման խնդիրը

Լատիներենից թարգմանաբար «պրոպագանդա» բառը նշանակում է «աճեցնել» (to propagate) կամ «ցանել» (to sow): Մասնագիտական գրականության մեջ, ինչպես արդեն նշել ենք, չկա պրոպագանդայի մեկ ընդհանուր սահմանում:  Ավելին՝ դրանք միմյանցից խիստ տարբեր են և թույլ չեն տալիս հստակ  պատկերացում կազմել պրոպագանդայի բնույթի մասին:

Մասնագետներից մեկն, օրինակ, տարբերություն չի տեսնում պրոպագանդայի և ինստիտուտների կողմից փոխանցվող տեղեկատվության միջև: Ըստ նրա՝ այն, ինչ մարքեթինգում «վաճառելն» է, դպրոցում՝ «ուսուցանելը», եկեղեցում՝ «քարոզելը», քաղաքականության մեջ «պրոպագանդելն» է[3]:

Էնթընի Պրատկանիսն ու Էլիոթ Արոնսոն սահմանել են պրոպագանդան որպես «զանգվածային «ներշնչում» կամ  ազդեցություն սիմվոլների և անհատների հոգեբանության  մանիպուլյացիայի միջոցով[4]», այսպիսով՝ շեշտը դնելով վերբալ և ոչ վերբալ հաղորդակցության/ներշնչման մեխանիզմների միջոցով գործադրվող հոգեբանական ազդեցության վրա:

Իսկ Ժակ Էլուլն, առհասարակ, կարծում է, որ գրեթե բոլոր կողմնակալ (biased) ուղերձները հասարակությունում պրոպագանդա են, նույնիսկ այն դեպքում, երբ անգիտակցաբար են արվել[5]:

Որոշ մասնագետներ, օրինակ՝ Լեոնարդ Դուբը, ով 1948 թվականին սահմանել էր  պրոպագանդան որպես «անհատականությունների վրա ազդելու և անհատների վարքագիծը վերահսկելու փորձ որոշակի ժամանակահատվածում` հասարակության համար  ոչ գիտական կամ կասկածելի նպատակով[6]», հետագայում եզրակացնում է, որ հնարավոր չէ տալ պրոպագանդայի հստակ սահմանում:

Նա դա բացատրում էր հասարակության ներսում մարդկային վարքագծին առնչվող հարցերի բարդությամբ և ժամանակային ու  մշակութային  տարբերություններով:

Ինչպես տեսնում ենք, բոլոր թվարկված սահմանումներում մասնագետներից յուրաքանչյուրը շեշտադրել է տարբեր գործոններ: Ոմանք հիմք են վերցրել պրոպագանդայի ազդեցությունը անհատի կամ նրա հոգեբանության վրա, ոմանք՝ լսարանի կամ հասարակության վրա` գործնականում մոտենալով հասկացության ուսումնասիրությանը կա՛մ հոգեբանության, կա՛մ սոցիոլոգիայի տեսանկյունից: Մոտեցումները շատ են:

Տերմինի սահմանման խնդիրը լավագույնս ներկայացրել է Նիկոլաս Օ’Շոնեսին իր «Քաղաքականություն և պրոպագանդա. Զանգվածային գայթակղության զենքերը» (Politics and Propaganda: Weapons of Mass Seduction) գրքում: Ուսումնասիրելով պրոպագանդայի սահմանման բազմաթիվ մոտեցումներ՝ Օ’Շոնեսին դուրս է բերել սահմանման որոշակի օրինաչափություններ, ինչպիսին է, օրինակ, պրոպագանդան իր հակաթեզիսներով սահմանելու փորձը, երբ մասնագետները սահմանում են պրոպագանդան՝ ներկայացնելով այն, ինչ այդ հասկացությունը չի հանդիսանում: Մեծապես հենց այդպես են առաջացել   պրոպագանդայի և համոզման, պրոպագանդայի և տեղեկատվության, պրոպագանդայի և կրթության կամ պրոպագանդայի և ապատեղեկատվության միջև համեմատությունները:  

Համաձայնելով Շոնեսիի այն պնդմանը, որ պրոպագանդայի սահմանման հարցը պետք է բաց մնա, քանի որ այն հնարավոր չէ փակել, երբ  հասկացությունը  ծանրացած է այդքան մեծ պատմական ուղեբեռով[7]՝ այդուհանդերձ պրոպագանդայի աշխատանքի հետագա ուսումնասիրությունը կատարելու համար անխուսափելի է պրոպագանդայի որոշակի սահմանման որդեգրումը որպես ելակետ:

Որպես այդպիսին՝ հիմք եմ վերցնում Գարթ Ջոեթի և Վիկտորիա Օ’Դոնելի սահմանումը, հաշվի առնելով «Պրոպագանդա և համոզում» գրքում հեղինակների մոտեցումը՝ դիտարկել պրոպագանդան որպես «չեզոք տեխնիկա», որը միայն կիրառության արդյունքում է  դառնում  «դրական» կամ «բացասական»:

«Պրոպագանդան ընկալումներ ձևավորելուն, ճանաչման գործընթացը մանիպուլացնելուն և վարքագծի ուղղորդմանն ուղղված կանխամտածված, համակարգային փորձ է,  որը թույլ է տալիս հասնել պրոպագանդիստի համար ցանկալի արձագանքի»:

Տարընկալումներից խուսափելու համար Ջոեթն ու Օ’Դոնելը նաև տվել են սահմանման մեջ օգտագործված բանալի բառերի մեկնաբանությունը, որոնց և կանդրադառնանք հաջորդիվ:

Պրոպագանդան կանխամտածված է

«Կանխամտածված» բառը ենթադրում է դիտավորություն, բոլոր հնարավոր տարբերակների կշռադատում: Հեղինակները կարծում են, որ պրոպագանդան նախապես լավ մտածված է, ինչը թույլ է տալիս ընտրել որևէ գաղափարախոսության տարածման կամ շահեկան դիրքի պահպանման համար ամենաարդյունավետ ռազմավարությունը:

Այս կետով Ջոեթն ու Օ’Դոնելը, ըստ էության, բացառում  են Ժակ Էլուլի դիտարկումն  առ այն, որ պրոպագանդան կարող է և անգիտակցաբար իրականացվել: Այս մոտեցումը մեծապես թույլ է տալիս հեղինակներին «սահմանափակել» պրոպագանդայի մասշտաբները միայն կանխամտածված օրինակներով, այլապես դա կբարդացներ պրոպագանդայի  նույնականացումն ու առհասարակ վերլուծությունը:

Պրոպագանդան համակարգային է

Համակարգային մոտեցումը, ըստ էության, լրացնում է նախորդ բնութագրիչը և ենթադրում է որոշակի մեթոդաբանության առկայությունը, որը թույլ է տալիս  ինչ-որ բան իրականացնել կազմակերպված կանոնավորությամբ: Իզուր չէ, որ պետությունները և կազմակերպությունները ստեղծում են առանձին գործակալություններ կամ ստորաբաժանումներ համակարգված պրոպագանդայի իրագործման համար: Օրինակ՝ Նացիստական Գերմանիան ուներ Ժողովրդական լուսավորության և պրոպագանդայի նախարարություն (Reichsministerium für Volksaufklärung und Propaganda), Սովետական Միությունը՝ իր ագիտացիայի և պրոպագանդայի բաժինը (отдел пропаганды и агитации ЦК КПСС), ԱՄՆ-ն՝ Պատերազմական տեղեկատվության գրասենյակ (Office of War Information), իսկ Մեծ Բրիտանիան՝ Տեղեկատվության նախարարություն (Ministry of Information):

Որպես կանոն՝ այս գործակալությունների մասին հանրությունն ավելի շատ տեղեկացված է պատերազմների ժամանակ, իսկ ոչ պատերազմական իրավիճակերում դրանք սովորաբար «աննկատ» են մնում:

Պրոպագանդան՝ փորձ առ…

Ըստ Ջոեթի ու Օ’Դոնելի՝ պրոպագանդան փորձ է՝ ուղղված թիրախային լսարանին որոշակի ցանկալի վիճակին բերելուն: Այդ ցանկալի վիճակը կարող է կապված լինել լսարանի ընկալումների, ճանաչողության, վարքագծի կամ երեքի հետ միասին: Այժմ անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին.

  • Ընկալումների ձևավորում: Ընկալումն արտաքին աշխարհից, ինչպես նաև ներաշխարհից տեղեկատվություն քաղելու գործընթացն է: Յուրաքանչյուր անհատի  ընկալման դաշտը տարբեր է, քանի որ ձևավորվում է արժեքների, դերերի, խմբային նորմերի և ինքնագնահատման ազդեցությամբ: Ընկալումների ձևավորումը սովորաբար տեղի է ունենում պատկերների և լեզվի միջոցով՝ կլինեն դրանք արտահայտված սիմվոլների, պաստառների, ճարտարապետական կոթողների, թե որևէ այլ տեսքով: Լեզուն, իր հերթին, հիմնված է զուգորդումների հսկայական ցանցի վրա, որը  հնարավորություն է տալիս մեկնաբանել  ընկալումները:

Պրոպագանդիստները գիտակցում են, որ մարդկանց կողմից ձևավորվող իմաստներն ու նշանակությունները կապված են անցյալում այդ պատկերների և լեզվի ըմբռնումների, ինչպես նաև այն մշակույթի և կոնտեքստի հետ, որտեղ դրանք դրսևորվում են: Այս գործոնի շուրջ ոչ զգուշավոր մոտեցումը կարող է դիմադրություն առաջացնել լսարանի մոտ և ոչ միայն չձևավորել պրոպագանդիստի համար ցանկալի մեկնաբանությունը, այլև հիմք դառնալ հակառակ ուղղությամբ պրոպագանդայի համար (Counterpropaganda):

Որպես օրինակ՝ մասնագետները դիտարկում են ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի թույլ տված լեզվական սայթաքումներից մեկը, որը վերջինիս անվան շուրջ սխալ ընկալումների ձևավորման տեղիք դարձավ: Մասնավորապես, նախագահ Բուշն Առևտրի համաշխարհային կենտրոնի վրա հարձակումից հետո սկսեց գործածել «պատերազմ ահաբեկչության դեմ» արտահայտությունը, (“the war on terror”) որը, շոշափելով հանրության մոտ առկա վախը, թույլ էր տալիս որոշակիորեն ամփոփել քաղաքացիների արդարացի վրդովմունքը 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ: Սակայն, որոշ ժամանակ անց իր հանպատրաստից ելույթներից մեկում նախագահը բնութագրում է Աֆղանստանում Ալ-Քաիդայի  թալիբան աջակիցներին ոչնչացնելու Ամերիկայի նպատակը որպես «խաչակրաց արշավանք»: Մահմեդական աշխարհում «խաչակրաց արշավանք» արտահայտությունը, որը ներկայացնում էր միջնադարյան եվրոպական խաչակրաց արշավանքներն ընդդեմ իսլամի, մեծ վրդովմունքի պատճառ դարձավ և ենթադրությունների տեղիք տվեց, որ Բուշը ցանկանում է հաղթել իսլամը: Բուշն, իհարկե, արագորեն հրաժարվեց այդ տերմինի կիրառումից և միանգամից շտապեց այցելել Վաշինգտոնում գտնվող մզկիթ՝ փորձելով վերացնել այն տպավորությունները, որ ԱՄՆ պայքարն Ալ-Քաիդայի դեմ ընդհանուր առմամբ պայքար է իսլամի դեմ: Այնուամենայնիվ, Բուշին չհաջողվեց խուսափել այդ արտահայտության հետագա շահարկումներից, և այն դարձավ  «ամերիկյան խաչակիրների» դատապարտումը պրոպագանդող  Ալ-Քաիդայի ուղերձների մի մասը:

Ուստի, շատ բան մեծապես կախված է նաև հասցեատիրոջ ընկալումներից: Ինչպես նշում  է Դրեսչերը. «Կմեկնաբանվի ուղերձը որպես փաստ, պրոպագանդա կամ աղմուկ՝ կախված է այն ստացողի տեսանկյունից[8]»:

Ընկալումների ձևավորման համար հիմք կարող են հանդիսանալ նաև վիզուալ սիմվոլները: Օրինակ՝  Իրաքի պատերազմի ժամանակ, ի աջակցություն ԱՄՆ-ի զինված ուժերի, դեղին ժապավեններ էին ամրացվում ծառերին, ցանկապատերին, ավտոմեքենաներին: Ավանդույթի արմատները կարելի է նկատել ընդհուպ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի շրջանում, երբ կանայք դեղին ժապավեններ էին կրում պատերազմ գնացած իրենց սիրելիների համար: Հետագայում ևս դեղին ժապավենները մեկ անգամ չէ, որ կիրառություն են ունեցել՝ արտացոլելով հեռվում գտնվող ինչ-որ մեկին հիշելու ըմբռնումը:

  • Ճանաչողության մանիպուլյացիա: Շրջապատող աշխարհի ճանաչման գործընթացը և վերաբերմունքի ձևավորումն այս կամ այն հարցի հանդեպ վակուումում տեղի չի ունենում: Այն բարդ գործընթաց է, որը կապված է մշակութային, ինչպես նաև անձնական արժեքների և հույզերի հետ: Ինչպես և ընկալումները, ճանաչողական գործընթացը ևս կարող է մանիպուլացվել: Ավելի պատկերավոր դարձնելու համար  Ջոեթն ու Օ’Դոնելը բերում են հետևյալ օրինակը. 2008 թվականի մայիսի 3-ին Մյանմայում տեղի ունեցած ավերիչ ցիկլոնի արդյունքում զոհվել էր շուրջ 60.000 մարդ,  1,5 միլիոն մարդ էլ օգնության կարիք ունեին  հիվանդության և սովի պատճառով: Երբ  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը օդանավերի օգնությամբ հումանիտար օգնություն է ուղարկում տուժածներին, օգնության տրամադրման համար այնտեղ ժամանած աշխատակիցներին թույլ չեն տալիս մուտք գործել երկիր: Դրա փոխարեն զինվորականները գեներալ Թհան Շվեի գլխավորությամբ բաժանում էին ստացված հումանիտար օգնությունը տուփերից, որոնց վրա գրված էին գեներալների անունները:Նույն թվականին երկրում անցկացվում է իշխող խունտայի իշխանության ամրապնդմանն ուղղված հանրաքվե, և, քանի որ մարդիկ հավատում էին, որ հումանիտար օգնությունը ստացել էին հենց գեներալներից, դրական վերաբերմունք ունեին նրանց հանդեպ[9]:
  • Վարքագծի ուղղորդում: Հաճախ վարքագծի որոշակի փոփոխությունը կարող է հանդիսանալ ոչ միայն ցանկալի վերջնարդյունքին հասնելու միջոց, այլև՝ ինքնին պրոպագանդիստի նպատակը: Հենց նման վարքագծի ուղղորդման մարտավարություն էր որդեգրել ԱՄՆ-ն 2003 թվականին Իրաքյան պատերազմում, երբ «Մի՛ վտանգիր քո և ընկերներիդ կյանքը», «Թո՛ղ և գնա տո՛ւն. տես, թե ինչպես են սովորում, մեծանում և բարգավաճում երեխաներդ» ուղերձներով թռուցիկներ էր տարածում Իրաքի զինված ուժերի շրջանում:

Ցանկալի արձագանքի ստացում: Ջոեթի ու Օ’Դոնելի սահմանման վերջին բաղկացուցիչը պատասխան արձագանքն է, որը ձգտում է ստանալ պրոպագանդիստը լսարանից: Վերջին բառերն առանցքային են, քանի որ ցանկալի արդյունքի պարագայում լսարանի արձագանքից օգուտ ստացողը գլխավորապես պրոպագանդիստն է և ոչ անհրաժեշտաբար լսարանը:

Իհարկե, պրոպագանդիստի մոտիվները պարտադիր չէ, որ բացասական լինեն, և լսարանը ևս կարող է որոշակի օգուտ ստանալ, բայց դրա գնահատումը մեծապես կախված է կողմերի ընկալումներից: Օրինակ՝ Սառը պատերազմի տարիներին մարդիկ, որոնք լսում էին Ամերիկայի ձայնի հեռարձակումները  «երկաթե վարագույրի» այն կողմում, փորձում էին այդկերպ հագեցնել «տեղեկատվական քաղցը», որն ունեին Արևմուտքի մասին, և նրանց համար «Ամերիկայի Ձայն»-ի մղումներն ալտրուիստական կարող էին թվալ: Այդ հեռարձակումները, սակայն, նպատակ ունեին դրական վերաբերմունք ձևավորել ԱՄՆ-ի, իր դաշնակիցների, ժողովրդավարության և ազատության գաղափարների նկատմամբ: Նման գործելակերպը շատերի համար միգուցե բացասական չէր, բայց այդպես էր ընկալվում խորհրդային կառավարության կողմից:

Այժմ, երբ արդեն որոշակի պատկերացում ունենք, թե ինչ է պրոպագանդան, փորձենք հասկանալ, թե ինչպես է այն դրսևորվում:

Պրոպագանդայի տեսակները

Պրոպագանդայի դասակարգման տարբեր մոտեցումներ կան: Օրինակ՝ կախված լսարանի ակտիվությունը փոփոխելու պրոպագանդիստի նպատակից՝ առանձնացնում ենք ագիտատիվ և  ինտեգրատիվ պրոպագանդա:

  • Ագիտատիվ պրոպագանդան փորձում է դրդել լսարանին որոշակի վերջնարդյունքի և, սովորաբար, ենթադրում է մեծ փոփոխություններ:
  • Ինտեգրատիվ պրոպագանդան փորձում է պասիվացնել լսարանը և այնպես անել, որ այն առանց որևէ կասկածի/առարկության ընդունի այս կամ այն իրողությունը:

Այդուհանդերձ, մասնագիտական գրականության մեջ առավել տարածված է պրոպագանդայի դասակարգումը՝ հիմնվելով աղբյուրի ճանաչման և տեղեկատվության ճշգրտության գործոնների վրա:

Ըստ այդմ՝ ընդունված է առանձնացնել պրոպագանդայի հետևյալ տեսակները՝ 

  • սև 
  • սպիտակ 
  • մոխրագույն 
Սպիտակ պրոպագանդա

Սպիտակ է կոչվում այն պրոպագանդան, որի աղբյուրը մեզ հայտնի է կամ հնարավոր է ճիշտ նույնականացնել, իսկ հաղորդվող տեղեկատվությունը, որպես կանոն, ճշգրիտ է: Սպիտակ պրոպագանդայի դեպքում ճշմարտության  ներկայացումը, սակայն, իր «պատճառներն» ունի: Այն  ուղղված է լսարանի համոզելուն, որ ուղերձի աղբյուրը, նրա գաղափարները, քաղաքական գաղափարախոսությունը «լավն են»: Ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու միջոցով սպիտակ պրոպագանդան փորձում է վստահություն ներշնչել լսարանին և օգտագործել այդ վստահությունը հետագայում կամ անհրաժեշտ ժամանակ: 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում սպիտակ պրոպագանդայի ամենահայտնի աղբյուրը եղել է BBC-ն: Ինչպես նշում է Ֆիլիպ Թեյլորը՝  օբյեկտիվությունն ու ճշմարտությունը (բայց ոչ երբեք ամբողջ ճշմարտությունը) աքսիոմատիկ էին BBC-ի հեռարձակումների համար[10]:

Պատերազմական իրավիճակում  յուրաքանչյուր տեղեկության  տարածումը զգուշավորություն էր պահանջում: Ժամանակ առ ժամանակ անգամ լավ լուրերը BBC-ն ստիպված էր լինում թաքցնել՝ վախենալով վանել այն լսարանին, որը, գտնվելով նացիստական ռեժիմի ազդեցության տակ, թերահավատորեն կարող էր մոտենալ այդ լուրերին:

Սպիտակ պրոպագանդան կիրառվում է լրատվական միջոցների կողմից նաև ոչ պատերազմական իրավիճակներում, օրինակ՝ միջազգային մարզական մրցաշարերի ժամանակ: Որպես կանոն՝ լրատվամիջոցները, լուսաբանելով մրցաշարերը, առաջնային ուշադրություն են դարձնում իրենց մարզիկների ներկայացմանը, ինչպես, օրինակ, 2010 թվականի Վանկուվերում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ NBC-ն, որը, բացի խաղերը լուսաբանելուց, պարբերաբար ներկայացնում  էր դահուկորդներ Լինդսի Վոնի, Բոդ Միլլերի և ԱՄՆ թիմի այլ ներկայացուցիչների տպավորիչ կենսագրությունը[11]:

 Այս դեպքում առաջնային է դառնում ազգային հպարտության, ոգևորության զգացումը, այլ ոչ թե բուն հետաքրքրությունը խաղերի հանդեպ:

Սև պրոպագանդա

Սև պրոպագանդայի դեպքում աղբյուրը հայտնի չէ կամ կեղծ է և տարածում է սուտ, կեղծիք և խաբեություն: Նացիստական Գերմանիայի Լուսավորության և պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբելսը կարծում էր, որ կեղծ մեղադրանքները ավելի շատ հավատ են առաջացնում, քան ավելի մեղմ հայտարարությունները, որոնք պարզապես մի փոքր աղավաղում են ճշմարտությունը[12]:

Սև պրոպագանդայի «աշխատանքը» և դրա տարբերությունը սպիտակ պրոպագանդայից ավելի ընդգծելու համար դիտարկենք Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Նացիստական Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի՝ միմյանց դեմ կիրառած պրոպագանդայի օրինակները:

Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, նախքան Հիտլերի` Բրիտանիա ծրագրված ներխուժումը, գերմանական կողմը ստեղծել էր ռադիոկայան՝ հայտնի «Նոր Անգլիական Հեռարձակման Կայան» անվանմամբ, որը ենթադրաբար վարում էին դժգոհ բրիտանական հպատակները (British subjects)[13]:

 Այն օրվա ընթացքում կես ժամ տևողությամբ հաղորդումներ էր հեռարձակում, որոնք սկսվում էին Loch Lomond-ով, ավարտվում երկրի հիմնով (“God Save the King”) և մեծամասամբ ներկայացնում էր «նորություններ պատերազմից»: Քողարկվելով անգլիական ռադիոկայանի անվան տակ՝ գերմանական կողմը փորձում էր թուլացնել բրիտանացիների մարտական ոգին Բրիտանիայի ճակատամարտի  (Battle of Britain) ընթացքում:

Բայց միայն Գերմանիան չէր նման փորձեր կատարում: Մեծ Բրիտանիան այս առումով շատ ավելի արդյունավետ էր: 1941 թվականից փաստացի Մեծ Բրիտանիայում սկսեց գործել Քաղաքական պատերազմի գործադիր մարմինը (Political Warfare Executive), որը պատասխանատվություն էր կրում թշնամուն և նրա կողմից օկուպացված երկրներին ուղղված պրոպագանդայի համար: Կառույցը համապատասխանաբար հիմնում է իր  ռադիոկայանները, որոնք հայտնի էին որպես հետազոտական ​​ստորաբաժանումներ  (RUs-Research Units): Ամենահայտնին Gustav Siegfried Eins-ն էր կամ պարզապես GS1-ը: Դրա հետևում Daily Express-ի միջազգային թղթակից և գերմանական հոգեբանության մեծ գիտակ Սեֆթոն Դելմերն էր:

Այդ ռադիոկայանների միջոցով բրիտանացիներին հաջողվում էր կեղծ լուրեր և դժգոհություններ տարածել, ինչին մեծապես նպաստում էր բրիտանացիների ծանոթությունը Hellschreiber մեքենայի հետ, որը հաղորդում էր գերմանական անլար հեռատիպի ծառայությունն ամբողջ Եվրոպայում: Դա նշանակում էր, որ Քաղաքական պատերազմի գործադիր մարմինը կարող էր հետևել բոլոր լուրերին հենց այն պահին, երբ այն ստանում էին նացիստական թերթերն ու ռադիոկայանները[14]:

 Այս ամենը թույլ էր տալիս հստակ պատկերացում կազմել թշնամի երկրի  ներքին  սոցիալական, քաղաքական, մշակութային իրավիճակի մասին և ավելի հասցեական դարձնել տարածվող տեղեկատվությունը՝ խուսափելով ձախողման կամ լսարանի մոտ կասկած հարուցելու վտանգից: 

Սև պրոպագանդան նաև ենթադրում է լսարանի ավելի հստակ տարանջատում՝ ի տարբերություն սպիտակ պրոպագանդայի: Այսպես, օրինակ՝ սև պրոպագանդայի պարագայում բրիտանացիները հստակ տարանջատում էին գերմանացի ժողովրդին իրենց  նացիստական առաջնորդներից, մինչդեռ սպիտակ պրոպագանդայի պարագայում, հաշվի առնելով, որ այն շատ հաճախ ուղղված էր ներքին լսարանին, թշնամու կերպարի նման տարանջատումներ չկային: 

Պետք է նաև նշենք, որ սև պրոպագանդայի հաջողությունը/արդյունավետությունը ևս կախված է  հաղորդվող տեղեկատվությանը վստահելու և այն ընդունելու լսարանի պատրաստակամությունից:

Մոխրագույն պրոպագանդա

Մոխրագույն պրոպագանդան սև և սպիտակ պրոպագանդայի «ոսկե միջինն» է: Մոխրագույն պրոպագանդայի դեպքում աղբյուրը կարող է հայտնի կամ թաքնված լինել, իսկ տարածվող տեղեկատվության ճշգրտության հարցն անորոշ է: Որպես օրինակ՝ «Պրոպագանդա և համոզում» գրքում դիտարկվում է  ԱՄՆ-ում 2000-ականների սկզբին  գրանցված մի դեպք. Միացյալ Նահանգների մի շարք  թերթերում լույս են տեսնում Իրաքի հաջող վերակառուցման մասին պատմող  նամակներ, որոնք ենթադրաբար գրվել են 2003 թվականին  Իրաքում գտնվող  ամերիկացի զինվորների կողմից: Gannett News Service-ը (GNS) հայտնաբերում է նման բովանդակությամբ նամակներ 11 թերթում: Կազմակերպությունը հարցում է անցկացնում 6 զինծառայողի հետ, որոնց անունները հայտնվել էին այդ նամակներում, և պարզ է դառնում, որ նրանցից ոչ մեկը նման նամակ չի  գրել: Այդուհանդերձ, ծանոթանալով նամակներին, զինվորները համաձայնում են նամակների բովանդակությանը, չնայած, որ դրանք իրենցը չէին: Այս օրինակը հստակ ցույց է տալիս, որ գործ ունենք մոխրագույն պրոպագանդայի հետ, որտեղ տարածված տեղեկատվությունը վերագրված է ոչ իրական աղբյուրին, իսկ ինքնին տեղեկատվությունը թեև կեղծ է, բայց ունի որոշակի ճշգրտություն:

Սև, սպիտակ և մոխարագույն պրոպագանդայի այս փոքրաթիվ օրինակներն անգամ հուշում են, թե որքան բազմազան դրսևորումներ կարող է ունենալ պրոպագանդան, ինչով են պայմանավորված այս հասկացության հանդեպ «անապահովության» զգացումն ու հակասական մեկնաբանությունները մասնագիտական գրականության մեջ:  Այս ամենը հաշվի առնելով՝ մեր կողմից պրոպագանդայի դիտարկումը՝ որպես հաղորդակցության «լեզու», թեև խիստ ընդհանրական կամ լայն մոտեցում է, բայց  կօգնի հետագայում ավելի լավ հասկանալ, թե ինչով է տարբերվում պրոպագանդան տեղեկատվությունից կամ համոզումից, և որքան տարբեր նշանակություններ կարող է ունենալ այս հասկացությունը յուրաքանչյուր առանձին կոնտեքտում:

Նշում՝ Հայերենում պրոպագանդան հաճախ փոխարինվում է «քարոզչություն»[15] բառով: Ընդ որում, հիմնվելով տերմինի բառարանային գործածության վրա, տեսնում ենք, որ պրոպագանդան անգամ քարոզչություն բառի առաջին մեկնությունը չէ և «զիջում» է  բառի եկեղեցական  քարոզի համատեքստում կիրառությանը[16]

Բացի այդ, նույն արմատն առկա է օրինակ «քարոզարշավ» բառում: Ուստի, այս պարագայում նպատակահարմար եմ համարում հենց պրոպագանդա բառի օգտագործումը տարընթերցումներից խուսափելու համար:

Հղումներ

[1] Տերմինի առաջին փաստագրված օգտագործումը թվագրվում է 1622 թվականին, երբ Հռոմի պապ Գրիգոր 15-րդը ստեղծեց «Հավատքի պրոպագանդման սրբազան ժողովը»(Sacred Congregation de Propaganda Fide):
[2] Philip M. Taylor “Munitions of the mind: A history of propaganda from the ancient world to the present day” 3rd edition, Manchester University Press, 2003, p. 1:
[3] Nicholas J. O’Shaughnessy ՛՛Politics and Propaganda: Weapons of Mass Seduction՛՛ Manchester University Press, 2004, p.14.
[4] [5][6]  Garth S. Jowett, Victoria O’Donnell ՛՛Propaganda and Persuasion՛՛ Fifth Edition 2012 by SAGE Publications, Inc., p. 4:
[7]  Nicholas J. O’Shaughnessy ՛՛Politics and Propaganda: Weapons of Mass Seduction՛՛ Manchester University Press, 2004, p.13:
[8] Տե՛ս նույն տեղում, p. 24:
[9] Տես նաև՝ http://www.nbcnews.com/id/24553511/ns/world_news-asia_pacific/t/un-aid-used-junta-propaganda-exercise/#.XoehYqgzbcc
[10] [14] Philip M. Taylor “Munitions of the mind: A history of propaganda from the ancient world to the present day” 3rd edition, Manchester University Press, 2003, p. 224, pp. 224-226:
[11] [12] Garth S. Jowett, Victoria O’Donnell ՛՛Propaganda and Persuasion՛՛ Fifth Edition 2012 by SAGE Publications, Inc., p 18: Տես նաև՝ https://www.nytimes.com/2010/02/22/sports/olympics/22watch.html
[13] Մինչև 1949 թվականը Միացյալ Թագավորության հետ գրեթե բոլոր սերտ կապ ունեցողները կոչվում էին «բրիտանական հպատակներ»: Ազգերի բրիտանական համագործակցության գրեթե բոլոր քաղաքացիները, ընդհանուր առմամբ, համարվում էին այդպիսին մինչև 1983 թվականը  (https://www.gov.uk/types-of-british-nationality/british-subject):
[15] Պրոպագանդա, տե՛ս քարոզչություն (http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=47&dt=HY_HY&query=%D5%BA%D6%80%D5%B8%D5%BA%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1)
[16] Տես՝ http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=47&dt=HY_HY&query=%D6%84%D5%A1%D6%80%D5%B8%D5%A6%D5%B9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

Գրականություն

  1. Garth S. Jowett, Victoria O’Donnell ՛՛Propaganda and Persuasion՛՛ Fifth Edition 2012 by SAGE Publications, Inc
  2. Philip M. Taylor “Munitions of the mind: A history of propaganda from the ancient world to the present day” 3rd edition, Manchester University Press, 2003
  3. Nicholas J. O’Shaughnessy ՛՛Politics and Propaganda: Weapons of Mass Seduction՛՛ Manchester University Press, 2004
  4. Johnnie Manzaria & Jonathon Bruck “Media’s Use of Propaganda to Persuade People’s Attitude, Beliefs and Behaviors”
  5. https://web.stanford.edu/class/e297c/war_peace/media/hpropaganda.html
  6. A.P. Foulkes “Literature and Propaganda” 2003, Routledge
  7. Pennsylvania College of Technology “A Historical Analysis of Technology and Propaganda” https://www.youtube.com/watch?v=F4mj_macM_w&t=197s


Հեղինակ՝ Հեղինե Ալեքսանյան (Heghine Aleksanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: