Գրամշիական գերիշխանություն․համառոտ ակնարկ

Վերլուծությունը նպատակ ունի քննել Անտոնիո Գրամշիի տեսական ժառանգության կարևորագույն հղացքներից մեկը՝ գերիշխանության (Hegemony) տեսությունը, հնարավորինս սեղմ ծավալով քննել նրա ծագման, զարգացման և այլ տեսությունների ու տեսաբանների հետ հարաբերությունները։ Այդուհանդերձ, կփորձեմ ներկայացնել եզրույթի և ընդհանրապես տեսության զարգացումը երկու՝ ռուսական և իտալական սոցիալ-քաղաքական մարքսիզմի ավանդույթների համադրման ձևերը և գործառական առանձնահատկությունները գրամշիական մշակման և նորովի մեկնաբանման դիրքերից:

Տեսական դրույթներ

  1. Գրամշիի աշխատանքների ուշադիր քննությունը ցույց է տալիս, որ ինքը՝ հեղինակը իր կենդանության օրոք վերջնական, անքննելի և սպառիչ պատասխան չի տալիս իր գերիշխանության տեսությունից բխող բոլոր հարցերին և չունի էլ:
  2. Գրամշիի գերիշխանության տեսության քաղաքական, սոցիալական և մշակութային տեսությունների և հասարակության մեջ դրանց գործնական դաշտերի համադրման մի ուրույն փորձ է արված հեղինակի կողմից գլխավորապես իր կյանքի բանտային շրջանում1։ Գրամշիի առանձնահատկությունը իր ժամանակի քաղաքագիտական, սոցիալ-մշակութային տեսությունների հետ քննադատական աշխատանքն է հարկադրանքի և համոզումի հակոտնյա իրականության դիտանկյունից։ Իր հայացքներով լինելով դասական մարքսիստական ավանդույթի կրող՝ Գրամշին միաժամանակ ընդունում էր (իր գործունեության վաղ շրջանից սկսած 1920-ական թթ), որ եզրույթի իր մեկնաբանումը որոշակի խզում ունի մարքսիստական գաղափարախոսության ընդունված մեկնաբանությունից:
  3. Տվյալ վերլուծությունը նրա ստվարածավալ ժառանգության վերլուծությունն է գերիշխանության տեսության և իր ժամանակի արդի և խնդրահարույց տեսությունների հիմամբ։
  4. Առավել կքննվեն մարքսիստական դասական տեսության իշխանության սոցիոլոգիայի դրույթները և դրանց գրամշիական վերափոխումները՝ ստրուկտուրալիզմի և նեոմարքսիստական տեսությունների համադրմամբ։

Նախագիտելիք

Նախ՝ ի՞նչ է գերիշխանությունը՝ հեգեմոնիան ըստ Անտոնիո Գրամշիի։ Ընդհանրական ձևով գրամշիական գերիշխանությունը մի գործընթաց է, որով աշխարհը հասկանալու որոշ ձևեր դառնում են այնքան ինքնակնհայտ և բնական հասարակության անդամների համար, որ անհնարին կամ անիմաստ է դառնում ցանկացած այլընտրանքի գոյությունը և կամ նույնիսկ այդ այլընտրանքի կազմակերպման անհրաժեշտությունը:

Գրամշիական գերիշխանությունը իր ժամանակի համար իսկական մտավոր հեղափոխություն էր՝ ի տարբերություն այդ հասկացության դասական մարքսիստական սահմանման։ Այն ավելի կիրառելի ու օգտակար է որպես քննական եզրույթ, քան մարքսիստական «տիրապետումը» (Domination), որը իշխանության դասական էսսենցիալիստական՝ վեբերյան և մարքսյան մեկնաբանման հիմամբ մերժում է ընդունել ենթակա, կախյալ (subordinate) մարդկանց, խմբերի ակտիվ դերակատարության հնարավորությունը ուժի գործոնի տարասեռ չափումներում և դրանց կիրառման սահմաններում2: Գրամշին առաջինն էր, որ կասկածի տակ առավ դասական մարքսիստական տեսությունը՝ այս հիմնարար դրույթը և քննադատաբար վերաձևեց այն։ Գրամշին ընդունում էր բազիսի և վերնաշենքի առանցքային փոխհարաբերության արժեքը, բայց միաժամանակ ուշադրություն դարձնում այն հանգամանքին, որ վերնաշենքում գտնվող ինստիտուտները կարող են լինել և են բազիսի գոյության կարևոր նախապայմաններ։ Այսինքն՝ ի տարբերություն Մարքսի և նրա էպիգոնների միակողմանի և կարծրացած մեկնաբանման՝ վերնաշենքը (հասարակությունը և սոցիալ-քաղաքական ինստիտուտները) իրենք են ձևավորում գերիշխանության հաստատման և վերահսկման կարգը։ Գրամշին առաջ է քաշում այն դրույթը, որ գաղափարախոսությունները3, լինելով վերնաշենքի մաս, կարող են կառուցակազմել գերիշխանության հաստատման և վերարտադրման հիմքը։ Ըստ որում, ստացվում է, որ որոշակի քաղաքական, սոցիալական և մշակութային իրավիճակներում կառավարողները, որոշակի հաշվարկներից ելնելով, կամովի միտվում են փոխհարաբերվել կառավարվող ենթակաների հետ, ըստ որում, կառավարվողները նույնպես մասնակից են դառնում իշխանությանը՝ կառավարողների կամքով կառավարելով իրենք իրենց։

Լեզվական ստրուկտուրալիզմ։ Սոսյուր-Գրամշի

Իր աշխատանքներում ձգտելով ստեղծել անհրաժեշտ լեզվական միջավայր՝ Գրամշին նպատակ ունի ի ցույց դնել այդ հասկացությունների առավել նեղ և ի տեղի իմաստային փորձընկալումը՝ տուրք տալով իրեն հատուկ ձևաիմաստային վերլուծությանը1: Ինքը Գրամշին մասնագիտությամբ լեզվաբան էր և, անկասկած, ազդվել էր Ֆերդինանդ դը Սոսյուրի առաջ քաշած և իր ժամանակի համար հեղափոխական համարվող գաղափարներից4։ Եվ նրա առաջ քաշած եզրույթներն ու դրանց մեկնաբանությունը նույն տրամաբանության սահմաններում էին գործում. երբ Գրամշին օգտագործում է այնպիսի դասական եզրույթներ, ինչպիսիք են «գաղափարախոսություն», «գերիշխանություն», «իշխանություն», «պետություն» և այլն ու դրանց տալիս նոր իմաստներ, նորովի մեկնաբանելով՝ նրանց ժամանակակից, ընթացիկ իմաստային դաշտ է տեղափոխում։ Սոսյուրը5 նշում էր, որ․«Խոսքը կամքի և բանականության անհատական ակտ է, որում հարկ է տարբերակել․

  1. այն միակցությունները, որոնց միջոցով խոսողը լեզվական կոդն օգտագործում է իր սեփական մտքերն արտահայտելու նպատակով,
  2. հոգեֆիզիկական այն մեխանիզմը, որը նրան հնարավորություն է տալիս իրականացնել այդ միակցությունները ․․․

Ահա թե ինչու որևէ բառի սահմանում տալն անիմաստ է․ բառերից ելնելով՝ իրեր սահմանելը ճիշտ մեթոդ չէ»։ Նշանաբանության հետագա զարգացումը առավել քան ամրապնդեց այս միտումը, և արդեն Վիտգենշտայնը խոսում էր այն մասին, որ «բառի իմաստը նրա լեզվական կիրառման մեջ է»։ Այս կոնտեքստում է, որ Գրամշիի հայացքի ուղղումը լեզվական փորձառությանը շատ կարևոր է՝ հասկանալու, թե ինչպես ենք մենք մեկնաբանում աշխարհը և իմաստներ ստեղծում: Լեզվի հանդեպ գրամշիական հայացքը թույլ է տալիս հասկանալ առօրեական և տարրական մակարդակում իշխանության գործառնության սկզբունքները և տրամաբանությունը:

Առաջիկայում կփորձեմ ներկայացնել «գերիշխանություն» եզրի և ընդհանրապես հեգեմոնիայի տեսության ծագումնաբանությունը և դրանց գրամշիական վերամեկնաբանությունը։

Հեգեմոնիա եզրը և նրա ակունքները

Անշուշտ, հարկ է նշել, որ Գրամշին չի համարվում արդի հեգեմոնիա-գերիշխանություն հասկացության ստեղծողը: Ընդհանուր առմամբ, արդեն իսկ մարքսիստական ավանդույթում և առավել ցցուն՝ 20-րդ դարի սկզբի ռուսական սոցիալիստական շարժման սահմաններում այդ եզրը տևական կիրառման, զարգացման և շարունակական վերամեկնաբանման պատմություն ունի: Քաղաքական պայքարի դիտանկյունից եզրը առավել կիրառելի և նոր տեսական մեկնաբանության է ենթարկվել Լենինի կողմից: Գրամշին առաջին անգամ բախվում է այդ հասկացությանը մի բանավեճում՝ կոմունիստական ինտերնացիոնալի մոսկովյան համաժողովի ընթացքում, երբ ներկայացնում էր իտալական կոմունիստական կուսակցությունը:

Իր քաղաքական աշխատանքներում խոսելով հեգեմոնիա հասկացության մասին՝ Լենինը հատկապես շեշտադրում է հեգեմոնիայի՝ որպես գործիքակազմի կարևորությունը քաղաքական պայքարի դիտանկյունից։ Լենինը առավել կարևորում և անհրաժեշտ է համարում ուշադրություն դարձնել «մշակութային պայքարի ճակատին»։ Լենինը միաժամանակ զարգացնում է այն միտքը, որ բուրժուազիան նույնպես հեգեմոնիայի համար ուղղված անընդհատական պայքարի մեջ է և որ կարևոր է՝ ձգտում է բանվոր դասակարգին ենթարկել գաղափարներին և ավելի ընդհանրական վերցրած` իր աշխարհայացքին։ Լենինը գրում է, որ բանվոր դասակարգը ինքնաբուխ կերպով ձգտում է ընկերավարության, բայց քանզի բուրժուական գաղափարախոսությունը ամենուր տարածված է և անընդհատ վերականգնվում է տարատեսակ կերպերով, դա էլ հիմնական պատճառներից է, որ այն կարողանում է անընդհատ իր ենթակայության տակ պահել բանվոր դասակարգին։

Ինչ վերաբերում է հեգեմոնիա հասկացության իտալական ակունքներին, ապա հարկ է նշել, որ այդ հասկացությունը բավականաչափ ծանրակշիռ արժեք ուներ 19-րդ դարի իտալական մտքում, մասնավորապես՝ իտալական արդիության կաթոլիկ փիլիսոփա Վինչենցո Ջոբերտիի գործերում։ Ջոբերտին ենթադրում էր, որ մի պետության սահմաններում կոնկրետ վերցված մի մարզ կարող է բարոյական գերազանցություն ցուցաբերել մյուսների նկատմամբ։ Ջոբերտին, այդ ասելով, նկատի էր առնում Իտալիայի միավորման խնդիրը Պյեմոնտի առաջնորդությամբ, բայց նաև հեգեմոնիայի գաղափարը կապում էր ազգային-մասսայական մշակույթի զարգացման հետ ևս։ Գրամշին, իր բանտային նոթերում խոսելով Ջոբերտիի հայացքների մասին, նշում է, որ Ջոբերտին թեև ոչ անմիջական, բայց որոշակի յակոբինյան մտապատկեր ունի, այն է՝ ազգային-մասսայական և քաղաքական հեգեմոնիան։ Ջոբերտիի աշխատանքը իրավամբ կարելի է համարել, իտալական պատմության մեջ հեգեմոնիայի գործողութենական իրողությունների գործնական փնտրտուքի փայլուն օրինակ։

Պետք է հաշվի առնել, որ Գրամշիի հասկացած հեգեմոնիան այդ հասկացության երկու չափույթի՝ ներիտալական և միջազգային սահմանման խառնուրդ էր նաև, որին հեղինակը ավելացնում էր իր անձնական, եզակի ու ուրույն հասկացումը՝ հասարակության մեջ չափազանց կարևոր, ինտելեկտուալ գործունեության արժեքի միահյուսման կարևորության շեշտադրմամբ։ Հեգեմոնիա, որի նախասկզբնական տեսական իրավիճակները իտալական իրականության պարագայում նա դիտարկում էր երեք իրողությունների միախառնման դիրքերից, այն է՝ հասարակության մեջ ուժային գործոնի, քաղաքացիական հասարակության և Հարավային Հարցի հիմամբ։

Գրամշին, օգտագործելով հեգեմոնիա հասկացությունը, ժամանակ առ ժամանակ այն կիրառում է որպես գործիք պատմական և քաղաքական վերլուծության համար։ Չնայած, ինչպես մենք կարող ենք տեսնել, հեգեմոնիայի բնույթի հարցը Գրամշիի մոտ փոփոխվում է՝ կապված քննելի առարկայից։ Ե՛վ այն հայացքները, և՛ հեգեմոնիայի այն մեկնաբանությունը, որոնք Գրամշին ներդնում է իր «Հարավային Հարցում» արդեն փոփոխվում և այլ շեշտադրում ու երանգավորում են ստանում իր բանտային նոթերում։

Խոսելով իտալական ընկերավարական շարժման մասին և հատկապես բանվոր դասակարգի դերի մասին՝ Գրամշին հատկապես շեշտադրում է այն հանգամանքը, որ մեկնարկելով իտալական հասարակության պատմական զարգացման խնդրից՝ կարելի է տեսնել, որ դա պայքար չէր, որ կարող էր բնութագրվել որպես պարզապես տնտեսական անհավասարության դեմ պայքար։ Որպեսզի գլխավորեր մյուս ենթակա խմբերը և հատկապես գյուղացիությանը՝ իտալական աշխատավորական շարժումը պետք է հասկանա այն խնդիրները, որոնք մշակութապես մեծ կարևորություն ունեին իտալական գյուղացիության համար և դարձնի այդ խնդիրները իր անձնականը։ Գրամշին հետևապես որոշարկում և առաջնային կարևորություն է տալիս 2 խնդրի՝ Կաթոլիկ եկեղեցուն և Հարավային Հարցին։ Գրամշին շարունակում է, որ հենց այս 2 խնդիրներն են գյուղացիության առավել ստորադասային վիճակի հիմքերը, և աշխատավորական շարժումը այս խնդիրների լուծումը պետք է ներառի իր առաջնային ծրագրերի մեջ։

Գերիշխանության գործընթացը և գործնական կիրառության դաշտերը։ Դիտարկումներ և հակասություններ։

Տեղայնացնելով Լենինի դիտանկյունները հեգեմոնիայի արտահայտչաձևերի հետ կապված՝ Գրամշին եզրակացնում է, որ իրական հեգեմոնիայի ձգտող խումբը պետք է իր սեփական աշխարհայացքին ենթարկի ստորադաս-ենթակա (subalterne) խմբերի մեծամասնությանը․«․․․Քանզի գերիշխանության ապարատի կառուցումը ձևավորում է նոր գաղափարաբանական կառույցներ, քանզի այն պայմանավորում է գիտակցության ձևերը և ճանաչման մեթոդները, հետևաբար այն հանդիսանում է ճանաչման ակտ, փիլիսոփայական ակտ։ Կամ էլ կրոչեական լեզվով, երբ հնարավոր է դառնում ներդնել նոր աշխարհայացքին համապատասխան նոր «բարոյականություն», դա հանգեցնում է նրան, որ ներդրվում է նաև այդ աշխարհայացքը, այլ խոսքերով՝ նոր բարոյականության ներդրումը հանգում է մի ողջ փիլիսոփայական ռեֆորմի»: Շարունակելով միտքը՝ Գրամշին նշում է, որ այդ գործընթացի ընթացքում հեգեմոնայի ձգտող խումբը ինքնին կփոփոխվի՝ սկսած իր կորպորատիվ սկզբունքի կազմակերպվածությունից, կդառնա ավելի ընդարձակ, ավելի ունիվերսալ, ավելի գրավիչ։

Հարկ է նշել, որ առաջնորդության այսքան ընդգրկուն սահմանումը իր հետ բերում է նաև բազմաթիվ խնդիրներ և տարակարծություններ։ Առաջինն այն է, որ տվյալ պարագայում այդ վիճակը հնարավորություն է տալիս իշխանություն չունեցող խմբին կատարել ընտրություն և գործել միասնական, ունակություն, որը հատուկ է կառավարող մարմնի։ Իշխող խմբում գտնվող մարդիկ իրավիճակը պարզորոշ դիտարկելու և գործելու գերազանց հնարավորություն ունեն, քան սահմանափակվելը համակարգի կամ գաղափարախոսական գործընթացների կողմից։

Երկրորդ՝ իսկապես համագործակցել ենթակա-ստորադաս խմբերի հետ, նշանակում է լրջորեն դիտարկել այն մեթոդները և արժեքները, որոնք արժեքավոր են այդ խմբերի համար, բայց որոնք պարտադիր չէ, որ առաջադիմական լինեն։ Քննարկելով եկեղեցու քաղաքական դերակատարումը իր «Հարավային Հարցում»՝ Գրամշին հանգում է այն մտքին, որ եկեղեցու դերը և կարգավիճակը Իտալիայի հարավում և հյուսիսում առանցքային տարբերություն ունեն և շարունակելով՝ հանգում այն մտքին, որ կապված պատմական զարգացումից՝ հյուսիսում եկեղեցին առաջադիմական է, իսկ հարավում՝ առավել հետադիմական, ու ավատատիրական համակարգի բնորոշիչները` ավելի զգալի։

Երրորդ՝ հարց է ծագում, թե որքանով են ենթակա-ստորադաս խմբերը ներգրավված իշխող խմբի աշխարհայացքում։ Արդյո՞ք իշխող խումբը ստիպված է տնտեսական և գաղափարախոսական զիջումների գնալ իր կողմից ղեկավարվողների հանդեպ և եթե այո՝ որքանո՞վ։

Կարևոր է նաև անընդհատ տեղաշարժության և հեգեմոնիայի աստիճանակարգում խմբերի դերը, քանզի չի բացառվում, որ ենթակա խումբը կամ խմբերը կարող են ցուցաբերել պատկառելի միասնականության նախաձեռնություն և դուրս գալով իշխող «հիմնարար» խմբի դեմ՝ այդ հեգեմոնիայի համակարգում ձգտեն դառնալ իշխող խումբ։

Ամենաառանցքային խնդիրներից է նաև այն, թե ինչպես են հեգեմոնիայի համակարգում գտնվող հիմնարար խմբերը սահմանափակելու իշխող խմբի «ձգտումները»՝ «ընդարձակելու» իրենց գերիշխանությունը։

Հարկադրանքը և համաձայնությունը հասարակության մեջ։ Իշխանության գործածական դաշտերը և հնարավոր լուծումները

Գրամշին փաստարկում է, որ գերիշխանության գործընթացի սահմաններում ենթակաները անցնում են մի ձևից մյուսի, երբ «առարկա» կարգավիճակից փոխադրվում են «պատմական անձի», «գլխավոր» հերոսի կարգավիճակ։ Գլխավորն այն հակադրությունն է, ըստ որի՝ մասսայական մշակույթի դիտանկյունից այս ենթակաները գաղափարապես իշխում են խմբի ղեկավարներին։ Ըստ Գրամշիի՝ դա կարևոր ժողովրդավարական ցուցիչ է և փաստում է, որ գերիշխող խումբը պետք է ընդունի իր առաջնորդությանն ուղղված մարտահրավերը։ Իր ամբողջության մեջ ակտիվ և ուղիղ համաձայնությունը հեգեմոնիայի համակարգի մեջ գտնվող խմբերի միջև նշանակում է բոլորի մասնակցությունը կառավարմանը, նույնիսկ եթե դա հանգեցնում է քայքայման կամ ակներև աղմուկի։

Ստորադաս-ենթակա մարդկանց ձգտումների իրողության ընդունումը և դրա վերլուծությունը հանգում է այն պարզ մտքին, որ գերիշխանությունը գործընթաց է առանց վերջի։

Որպեսզի իշխող խումբը պահպանի և վերարտադրի իր իշխանությունը, պետք է մշտապես զգուշանա ստորադաս խմբերի փոփոխվող պահանջներից և պահպանի այն շարժական կոնսենսուսի սահմանները, որում ինքը գերիշխում է։ Այն խումբը, որը ձգտում է գերիշխանության, պետք է առաջնորդության հասնի մինչև իշխանություն վերցնելը և նույնիսկ իշխանություն վերցնելուց հետո պետք է «շարունակի առաջնորդությունը» նույն «ոճով»։ Ահա թե ինչ է ասում Գրամշին այս կապակցությամբ․«Այս իմաստով քաղաքական ղեկավարությունը վերածվում է գերիշխանության ասպեկտներից մեկի, քանի որ թշնամական խմբերի (elite) կլանումը բերում է նրանց գլխատման և ոչնչացման, երբեմն բավական երկար ժամանակով։ ․․․Չափավորների քաղաքականությունը ողջ պարզությամբ ցույց է տալիս, որ գերիշխանության քաղաքականությունը կարելի է և պետք է իրականացնել մինչև իշխանության գալու փուլը և որ պետք չէ հենվել այն տնտեսական ռեսուրսին, որոնք տրված են իշխանության կողմից՝ ուղղված արդյունավետ կառավարմանը»։

Հիմնական հարցերից մեկն է նաև այն, թե ինչու են ստորադաս խմբերը վերցնում իշխող խմբի աշխարհայացքը և դարձնում իրենց սեփականը։ Արդյո՞ք դա պարզապես գերիշխող խմբի կողմից տրված արժեքների և իմաստների պարզագույն յուրացում է, թե՞ ստորադաս խմբերին տրվում են տնտեսական, առարկայական և իրավա-քաղաքական արտոնություններ, և եթե այո, ապա ի՞նչ չափով։

Իշխող խմբի կողմից գերիշխանության իրացմանը և պահպանմանը նպաստում են նաև հաստատութենական կառույցները, որոնք նպաստում են գերիշխող խմբի մտքերի և արժեքների տարածմանը։ Այս դիտանկյունից Գրամշին որոշակիացնում է քաղաքացիական հասարակության դերը (ընտանիքը, եկեղեցին և արհմիությունները), որը, ըստ նրա, բանալի-մեխանիզմ է իշխանության սպասարկման համար և ենթադրում է, որ իշխանության արդյունավետությունը կախված է նրանից, թե որքանով կհաջողվի մաքրել քաղաքական իշխանության և առօրյա կյանքի միջև տարբերությունները։ Որքան որ քաղաքական իշխանությունը կզարգացնի առօրեական կյանքի ապաքաղաքականացման միտումը, այնքան այն ավելի ու ավելի կամրապնդի իր գերիշխանությունը։

Այստեղ է, որ կարող ենք տեսնել Գրամշիի և իր ժամանակի հակադրությունը։ Խնդիրը բացահայտելն է պատմական հարմարվողականության տիպերում մտածողության ձևերը և դրանց դրական և բացասական ընթացքը ներհանրութենական գործընթացներում և փորձել տեսական հիմնավորմամբ գործնական կիրառական հակազդելու գործիքներ մշակել հասարակական համակեցության առանցքային այդ հարցին լուծում տալու համար։

Սկսած արդեն 17-րդ դարի անգլիական լիբերալիզմի տեսաբաններից6 և 18-րդ դարի ֆրանսիական լուսավորականներից՝ գաղափարը, որ կառավարիչները օրինական են կառավարում ի հաշիվ կառավարվողների համաձայնության, կարևորագույնն է քաղաքական գիտության և հարակից այլ գիտակարգերի տեսություններում:

Գրամշիի հեգեմոնիայի տեսության առանցքային կետերից մեկը ուժի կիրառման խնդիրն է։ Այստեղ երևում է Գրամշիի և ժամանակի լիբերալ դիսկուրսի փոխհարաբերությունը և հակասությունները ի դեմս Մաքս Վեբերի7 , իսկ նրանից առաջ՝ Հոբսը և այլք։ Հարցը, թե ինչ է անում գերիշխանության հասած խումբը այն պարագայում, երբ չի կարողանում իրեն ստորադաս խմբերին տարալուծել իր մշակութային և քաղաքական տեսլականում։ Ինչ դեր են կատարում հասարակութենաշինական գործընթացներում «բռնության» և «համաձայնության» իրողությունները, որոնք են այն կիրառական մեխանիզմները, որոնք կյանք են տալիս գերիշխանությանը։

Ֆրանսիացի մարքսիստ-ստրուկտուրալիստ Լուի Ալտյուսերը (1918-1990), խոսելով պետական ապարատի միջոցով իշխանության հաստատման և պահպանման գործընթացի մասին, նույնպես անդրադառնում է հարկադրանքի և համաձայնության իրողություններին։ Նշելով, որ իշխանությունն իր մեջ կրում է ոչ միայն հարկադրանքի, այլ նաև համոզումի գործառույթներ և, իհարկե, տուրք տալով մարքսիստական ավանդույթին՝ անմասն չի մնում գերիշխանության դերը պետական իշխանության պահպանման գործում արժևորելու հարցում։ Ալտյուսերը, ընդգծելով գերիշխանության կարևորությունը և արժեքը պետական իշխանության վերարտադրման գործընթացում, առանձնացնում է պետական ապարատի երկու տեսակ։ Առաջինը գաղափարախոսական պետական ապարատն է՝ ԳՊԱ (ընտանիք, արհմիություններ, մեդիա, արվեստ մշակույթ, կրոն), որի հիմնական գործառույթը գաղափարախոսության կենսագործունեության ապահովումն է և երկրորդը՝ բռնաճնշումների պետական ապարատը՝ ԲՊԱ (բանակ, ոստիկանություն, դատարան, կառավարություն), որի հիմնական գործառույթը բռնությունն է։ Իսկ արդեն ժամանակակից խոշորագույն փիլիսոփաներից մեկը՝ Ջ․Ագամբենը, նկատում է, որ պետական ապարատը միշտ ունի կոնկրետ ռազմավարական գործառույթ և միշտ գտնվում է ուժի հետ հարաբերակցության մեջ։

Գրամշիի հայացքների, մտքերի և աշխարհընկալման վրա ահռելի ազդեցություն է թողել իտալական սոցիալիստական շարժման պարտությունը: Անհաջողությունների մի երկար շղթա, որոնք չէին կարող իրենց հետքը չթողնել երիտասարդական շրջանում ձևավորված մտքերի ու հայացքների հետագա վերափոխման, մշակման և վերաիմաստավորման վրա:

Բանվորական շարժման ջախջախումը եվրոպայում, իտալական բանվորական շարժման պարտությունը մի քանի ճակատներով՝ բուրժուազիայի, պետական ապարատի, իսկ հետո արդեն ֆաշիստական շարժման կողմից։ Պարզ է, որ Գրամշին, լինելով տեսաբան և գործնական քաղաքական գործիչ միաժամանակ, պետք է փորձեր վերլուծել և հասկանար այն պատճառները, որոնք հիմք հանդիսացան այդ պարտության համար: Գրամշին, որոշակիացնելով և ամբողջական պատկեր ստանալով, գալիս է այն եզրակացության, որ իտալական բանվորական դասակարգը պարզապես «անընդունակ» էր անհրաժեշտ և հույժ կարևոր քաղաքական դաշինք ձևավորել այլ ենթակա կամ ստորադաս խմբերի հետ, մասնավորապես՝ գյուղացիության և մտավորականության: Գրամշին եզրակացնում էր, որ դասակարգային պայքարի հաղթանակի կարևորագույն նախապայման պետք է հանդիսանար տարատեսակ և այլ տարասեռ սոցիալական խմբերի միջև փոխադարձ անըմբռնման և թշնամական անջատողականության հաղթահարումը: Գրամշին այդ հակընդդեմ իրավիճակի լուծումը և խնդրի հետագա կարգավորումը՝ հօգուտ ենթակա, ստորակա դասակարգերի, տեսնում էր խոր տարաձայնությունների հաղթահարման անառարկելի պայմանի մեջ:

Ահա այսպիսի առավել ամփոփ և ընդհանրական գծերով է ներկայանում հեգեմոնիայի՝ գերիշխանության տեսության՝ Գրամշիի իմաստավորումը և մեկնաբանումը գործողութենական դիտանկյունից:

Շարունակելի․․․


Ծանոթագրություն

1Անտոնիո Գրամշին համարվում է Բ․Մուսսոլինիի Ֆաշիստական վարչակարգի ամենաոխերիմ թշնամին և  մենահայտնի բանտարկյալը, որը 1926-37 թթ. անցկացրեց բանտում և մահկանացուն կնքեց այնտեղ։

2Մարքսիստական դասական տեսության մեջ բազիսի և վերնաշենքի (base and superstructure) միակողմանի և անփոփոխ գործառույթներ ունեն, և բազիսը (հասարակության տնտեսական հիմքը) որոշում է վերնաշենքի (հասարակական, քաղաքական, մշակութային համակարգերի) էությունը և հնարավոր գործառական դրսևորումները։

3Ըստ Գրամշիի առաջ քաշած գերիշխանության տեսության՝ գաղափարախոսական համակարգը գերիշխանության համակարգի անքակտելի և անկյունաքարային տարր է։ Պետք է հիշել գաղափարախոսության գրամշիական ընկալման առանձնահատկությունը։

4Սոսյուրի տեսության հիմնաքարերից է նշանի ուսմունքը, որը ներկայացվում է որպես նշանակիչի և նշանակյալի կամայական, պայմանական (arbitraire) միասնություն՝այն առումով, որ նշանակիչը բնական կապ չունի նշանակյալի հետ, նրա ընտրությունը պատճառաբանվածչէ։

5Ֆերդինանդ դե Սոսյուրին կարելի է համարել ստրուկտուրալիզմի հայր և նրա աշխատանքները և գաղափարները բեկումնային ազդեցություն են թողել ժամանակի և հետագա մտքի ողջ պալիտրայի վրա։

6Թոմաս Հոբսը, իր Լեվիաֆանում խոսելով անհատի և սուվերենի միջև հարաբերության մասին, նշում է, որ համաձայնությունը չի բացառում պարտադրանքը: Նա հաստատում է, որ դա խելամիտ է մի անհատի դեպքում՝ համաձայնություն տալ վերադասին հենց նրա՝ վերադասի, իշխանության և ուժի ու բռնության պոտենցիալ կիրառման շնորհիվ:

7Խոսքը Վեբերի հայտնի պնդման մասին է, որ միայն պետությունը ունի որոշակի տարածքում բռնություն գործադրելու օրինական մենաշնորհ, բռնության և հարկադրանքի կիրառման իրավունք։

Գրականություն

  1. Abercrombie N, Hill S, Turner B.S. The Penguin Dictionary of Sociology, Penguin Books, 1994․
  2. Թորես Կ․Ա․, Ժողովրդավարություն, կրթություն և բազմամշակութայնություն․քաղաքացիության երկընտրանքները գլոբալ աշխարհում, Երևան, 2005։
  3. Jeremy Lester, Dialogue of Negation: Debates on Hegemonyin Russia and the West,London, Pluto Press, 2000.
  4. Karl Marx, Friedrich Engels ” The German Ideology (1998); К. МарксиФ. ЭнгельсСочинения. Т.3, М. 1955. 629 с.
  5. Սոսյուր Ֆերդինանդ դե, Ընդհանուր լեզվաբանության դասընթաց, Երևան, 2008, 372 էջ։
  6. Wittgenstein Ludwig, Philosophical Investigations, second edition, translated by G.E.M. Anscombe (Oxford: Basil Blackwell, 1958)․
  7. Ives Peter․Language and Hegemony in Gramsci․Pluto press. London, 2004.
  8. Ленин В. Л., Полное собрание сочинений,. Т.6,11,33,41 М, 1963,1972,1974.
  9. Holst J. (1999) ‘The Affinities of Lenin and Gramsci: Implications forRadical Adult Education Theory and Practice’, International Journal ofLifelong Education, 18, 5.
  10. Gioberti Vincenzo, Del primato morale e civile degli italiani (2 vols., Brussels, 1843); reference in what follows is to the second edition (2 vols., Capolago, 1844). Տես․ Haddock Bruce (1998). Political Union without social revolution, The Historical Journal․
  11. Грамши Антонио. Избранные произведения в трех томах. Т. 3. М.1959. 560 с.
  12. Thomas Hobbes, Leviathan, revised edition, edited by Richard Tuck(Cambridge: Cambridge University Press, 1996)․
  13. Max Weber, ‘Politics as a Vocation’, in From Max Weber, edited and translated by H.H. Gerth and C. Wright Mills, (New York: Oxford University Press, 1946)․
  14. Althusser L. Idéologie et appareils idéologiques d’Etat // Althusser L. Positions (1964–1975). Paris: Les Éditions sociales, 1976․
  15. G. Agamben, What is and Apparatus? And other essays. Stan. Univ. press. 2009․


Գոռ Մադոյան (Gor Madoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։