Մեր համերաշխությունն Արցախի հետ
«Մեր համերաշխությունն Արցախի հետ» հոդվածը, որ թվագրված է 1988 թ. հուլիսի 18, գրվել է (բնագիրը՝ հայերեն) հանուն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական ԽՍՀ-ին միավորելու` Երևանի զանգվածային ցույցերի գագաթնակետի օրերին: Այս բաց նամակին Մելքոնյանը կցել է հետևյալ նախաբանը. «Ինչպես իմ` 1988թ. ապրիլի 4-ի նամակի դեպքում, ես գրում եմ իբրև անկեղծ ինտերնացիոնալիստ և ազնիվ հայ հայրենասեր, իբրև գիտական սոցիալիզմի կենտրոնական սկզբունքների վրա վստահ գիտակից մարտիկ: Ես գրում եմ կառուցողական նպատակով, իբրև ԽՍՀՄ-ի և նրա բոլոր ժողովուրդների բարեկամ»:
Երեք ամիս առաջ ես գրել եմ «Ղարաբաղի» հետ մեր համերաշխության մասին: Այսօր այս անունը գործածելն այլևս ճիշտ չէ, քանզի շրջանի բնակչության ճնշող մեծամասնությունը և նրանց խորհրդի ներկայացուցիչները որոշել են տարածքն անվանել իր պատմական անունով՝ Արցախ: Ավելին, բնակչությունը և նրա ժողովրդական ներկայացուցիչները հայտարարել են, որ այժմ իրենց շրջանը Հայկական ԽՍՀ-ի մասն է: Ես՝ իբրև լենինյան, հարգում եմ Արցախի բնակչության կամքը և ապավինում եմ նրանց նախաձեռնություններին ու որոշումներին: Ինչպես հայտարարել եմ նախկինում, ես հավատում եմ, որ այդս որոշումներն արտահայտում են տեղի բոլոր ժողովուրդների, ներառյալ՝ ազերիների իրական շահերը:
Հակառակ Արցախի ժողովրդի, նրա Կոմունիստական կուսակցության անդամների և Ժողովրդական պատգամավորների խորհրդի հստակ և կրկնվող որոշումների՝ խորհրդային բարձրագույն իշխանությունները հրապարակում են անհասկանալի հայտարարություններ և վարում անարդյունավետ քաղաքականություն: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության վերջին նիստի ժամանակ, օրինակ, հայտարարվեց, որ «Ղարաբաղը» պետք է մնա Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմաններում, իսկ Կոմունիստական կուսակցության տասնիններորդ համամիութենական կոնֆերանսում ասվեց, որ ԽՍՀՄ ներքին սահմանները փոփոխության ենթակա չեն: Հարկ է նշել սակայն, որ, ըստ ԽՍՀՄ սահմանադրության, բոլոր սահմանները կարող են փոխվել: Իրականում Խորհրդային Միության ներքին սահմանները բազմիցս վերագծվել են այնպես, ինչպես երկրի՝ հարևան պետությունների հետ սահմանները: Սակայն առավել էական է այն, որ ազգային ինքնորոշման վերաբերյալ լենինյան սկզբունքները պահանջում են, որ խնդրո առարկա ժողովրդի կամքը լինի վճռորոշ: Այս հարցում Լենինը հատկանշականորեն հետևողական ու անդրդվելի էր, և նա այդ կրկնել է բազմիցս՝ ազգային հարցի վերաբերյալ իր գրվածքներում:
Շրջանի ժողովրդի ժողովրդավարական կամքին պաշտոնական հակադրությունը, ինչն առավել զարմանալի է, գալիս է «պերեստրոյկայի» և «գլասնոստի» պաշտպաններից: Անհավատալի է, բայց այդ պաշտպաններից առավել բարձրագոչները կողմ եղան Գերագույն խորհրդի հայտարարությանն այն մասին, որ եթե Արցախի ժոողովուրդը շարունակի իր կամքն արտահայտել զանգվածային շարժման միջոցով, ապա իշխանությունները կօգտագործեն «բոլոր միջոցները՝ վերականգնելու համար օրենքն ու կարգը»:
Անցյալ երկու շաբաթվա իրադարձությունները ցույց տվեցին «բոլոր միջոցներ» արտահայտության նշանակությունը: Արցախի և Խորհրդային Հայաստանի շարժումները նախաձեռնել են զանգվածները: Նրանց կոմունիստ ներկայացուցիչները ստացել են շրջանի բնակչության գերակշռող մեծամասնության գործուն աջակցությունը: Սույն փաստերի տեսանկյունից ի՞նչ կարգի մարքսիզմ-լենինիզմ է ներկայացնում տանկերի տեղակայումը Երևանում: Մարքս-լենինյան դիրքերից լիովին անարդարացի է բռնի և պատժիչ միջոցներ կիրառել այն զանգվածների դեմ, ովքեր պաշտպանում են սոցիալիստական սկզբունքները և ճշմարտությունը: Նման քաղաքականության կիրառումը սոսկ խորացրել է անցյալի չշտկված սխալը, այն է՝ Արցախը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու մերժումը: Այդ քաղաքականությունը կարող է միայն հանգեցնել հետագա մարդկային կորուստների և խորհրդային իշխանությունների նկատմամբ վստահության անխուսափելի կորստի:
Կենտրոնական իշխանությունների ներկայիս որոշումներն ու մեթոդները հակասում են «գլասնոստի» և «պերեստրոյկայի» ոգուն ու տառին: Իրականում դրանք բնորոշ են անցյալ տարիների բյուրոկրատական ցենտրալիզմի և լճացման մտայնությանը և բնազդային հակազդեցությանը: Մյուս գրեթե բոլոր բնագավառներում՝ տնտեսական քաղաքականություն, քաղաքական բարեփոխումներ, զինաթափում, նոր քաղաքականությունն էական առաջընթաց է ապահովել: Սակայն իրատեսապաշտական չի լինի ենթադրելը, թե այդ մյուս բնագավառների առաջադիմությունը կարող է երկար շարունակվել՝ առանց ազգությունների հարցում առաջադիմության:
Մարքսը և Լենինը գիտեին, որ յուրաքանչյուր գործընթաց, յուրաքանչյուր իրադարձություն ունի իր հետևանքները: Սխալների համար պետք է վճարել, իսկ թանկ գնից խուսափելու համար հարկ է այսօր ուղղում կատարել: Գիտակցելով այս՝ ընկեր Գորբոչովն աշխատավորներին կոչ է արել ցուցաբերել խստագույն կարգապահություն և պատասխանատվություն, բարձրացնել աշխատանքի որակը և անգամ տարիներով զրկանքներ կրել՝ տնտեսական վերակառուցում սկսելու համար: Նմանապես, քաղաքական և վարչական վերակառուցման ոլորտում նոր քայլեր են արվել, ներառյալ՝ բյուրոկրատներին խստագույնս պատժելը, ովքեր իրենց դիրքն օգտագործում են հանուն անձնական շահի:
Ազգային հարցերը լուծելու համար ևս պետք է թանկ վճարել: Արցախի հարցը վաթսունհինգ տարի մնացել է թարախակալած վիճակում: Այդ ընթացքում շրջանի բնակիչները բազմիցս պահանջել են, որ Արցախը միավորվի Հայկական ԽՍՀ-ի հետ: Հղվել են պաշտոնական նամակներ և խնդրագրեր, տեղական խորհրդի կողմից ընդունվել են բանաձևեր, տեղի են ունեցել զանգվածային ցույցեր: Որքան լուծումը երկարաձգվել է, այնքան հարցն ավելի է բարդացել: Ավելին, ինչպես ցույց են տալիս վերջին տասնհինգ ամիսների իրադարձությունները, հարկ եղավ վճարել շատ ավելի թանկ գին՝ անմեղ մարդկանց կյանքով:
Արդեն նշվել է, որ ԽՍՀՄ-ում առկա են տասնինը «ծխացող» ազգային խնդիրներ, և որ Արցախի վերամիավորումը խորհրդային ուրիշ ժողովուրդների կքաջալերի նմանատիպ լուծումներ փնտրել այդ խնդիրների համար: Հակախորհրդային մամուլը երկար ժամանակ քարոզում է այն տեսակետը, որ ազգային խնդիրների շուրջ վեճերը կհանգեցնեն ԽՍՀՄ-ի փլուզմանը: ԽՍՀՄ-ի մեր ընկերները պարտավոր են գործնականում հերքել հակախորհրդային հայեցակետը: Եթե առկա են տասնինը ազգային խնդիրներ, ապա ԽՍՀՄ-ի համար միմիայն շահավետ կլինի գտնել տասնինը լուծումներ՝ և ըստ հնարավորին ավելի շուտ: Անշուշտ, կլինեն դժվարություններ, սակայն ավելի վնասակար հետևանքներ կունենա սույն խնդիրների անտեսումը:
Իրոք, ավելի մեծ վնասի պատճառը տուժածին մեղադրելու միջոցով հարցը քողարկելու քաղաքականությունն է: Բնավ օգտակար չէ Արցախի ժողովրդին պատկերել իբրև անխոհեմ պահանջներ ներկայացնող կողոպտիչների: Այդ ժողովուրդը վաթսունհինգ տարի եղել է մոլեռանդության թիրախ: Ի պատասխան նրանց խաղաղասեր և սահմանադրական բողոքների՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում ազգայնամոլ մարդասպանները սպանդ և ավերածություններ են արել: ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների շահերից է բխում ամրապնդել իրենց համագործակցությունը և բարեկամությունը, սակայն անցյալի սխալները շարունակելն այդ նպատակին չի ծառայում: Ճիշտ այնպես, ինչպես որոշ քաղաքական ծրագրեր, որոնք մի ժամանակ «ճշմարիտ» էին համարվում, այժմ խստորեն քննադատվում են, նմանապես, կգա այն օրը, երբ Արցախի խնդրի լուծման մերժումը կդառնա խստագույն քննադատության առարկա:
Ես հավատում եմ, որ բարի կամքի տեր հայերը դեռևս կցանկանան բարեկամական կապեր պահպանել իրենց ազերի հարևանների հետ: Մենք գիտակցում ենք, որ Ադրբեջանական ԽՍՀ-ում կան ճշմարիտ ինտերնացիոնալիստներ, անկեղծ կոմունիստներ ու ընկերներ, և մենք չենք մոռանա այն ազերի հայրենակիցներին, ովքեր իրենց կյանքը վտանգեցին՝ Սումգայիթում պաշտպանելով հայերին մոլեգնած ազգայնամոլներից: Շատ ցավալի է, սակայն, որ վերջին իրադարձությունները, Արցախի ժողովրդի կամքի նկատմամբ ազերի իշխանավորների հակառակության հետ մեկտեղ, վկայում են, թե մինչև օրս հանրապետությունում գերիշխում են ազգայնամոլները: Վեց տասնամյակ շարունակ այդ ազգայնամոլները քամահրել են Արցախի ժողովրդի կամքը: Նրանց հանցավոր անգործությունը (և անգամ լուռ հավանությունը) սումգայիթյան սպանդի առիթով ցույց է տալիս, որ Խորհրդային Ադրբեջանի ճշմարիտ կոմունիստներն ու ինտերնացիոնալիստները ներկայումս անզոր են ազգայնամոլների դեմ: Ցավոք, վաթսունհինգ տարվա սոցիալիստական ենթադրվող առաջադիմությունից հետո Ադրբեջանի բնակչության մի հատվածը, ներառյալ` շատերը՝ կուսակցության և հանրապետության ղեկավարության մեջ, անհաղորդ է մնացել սոցիալիստական արժեքներին:
Հուսադրող է այն փաստը, որ խորհրդային եղբայրական ժողովուրդների մեջ աճում է Արցախի հետ համագործակցությունը, և որ Արցախի և Խորհրդային Հայաստանի բնակիչներն սկսել են ուղղակի քայլեր կատարել` ընդդիմանալու համար անցյալի եսամոլ բյուրոկրատիային և կաշառակերությանը: Սփյուռքի հայ հայրենասերները չափազանց հպարտ են, որ Արցախի ժողովուրդը նման համարձակ և վճռական քայլեր է ձեռնարկել՝ բարելավելու այն անտանելի պայմանները, որոնցում ապրել է: Մենք հպարտ ենք, որ Արցախի ժողովուրդը, որն այնքան փոքր է խորհրդային ողջ բնակչության համեմատ, ԽՍՀՄ-ում դարձել է առաջապահ ուժ` պահանջելով ուղղել անցյալի սխալները: Մենք նաև ոգևորված ենք, որ Արցախի և Հայկական ԽՍՀ-ի կոմունիստների մեծագույն մասը կողմնակից է մեր ժողովրդին: Վերջապես, մենք հպարտ ենք, որ մեր ժողովուրդը և հայյրենիքը նման գործուն ու կառուցողական դեր են խաղում ԽՍՀՄ-ում դրական փոփոխություններ պահանջելու հարցում:
Անշուշտ, Արցախի և Խորհրդային Հայաստանի մեր հայրենակիցների ջանքերով հպարտանալը բավարար չէ: Մեր համերաշխությունը մենք պետք է ցույց տանք ավելի գործնական քայլերով: Արդեն տեղի են ունենում ցույցեր, և կան նյութական օգնության ծրագրեր: Այս ջանքերը խիստ կարևոր են և պետք է շարունակվեն` Արցախի ժողովրդի որդեգրած քաղաքականության համատեքստում: Բացի այդ, կարևոր է առաջադեմ և ժողովրդական ուժերի կողմից համերաշխության հայտարարություններ ապահովելը: Սա հատկապես ճիշտ է` կոմունիստական և բանվորական կուսակցությունների կողմից համերաշխության պաշտոնական հայտարարությունների առումով: Նրանք կարող են բարոյական և քաղաքական էական աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին:
Եվ առավել կարևոր է հիշել, որ մեր ժողովրդին օգնելու համար մենք յուրաքանչյուրս պետք է անձամբ մասնակցենք պայքարին: Ինչպես որ Արցախի և Խորհրդային Հայաստանի ժողովուրդը զանգվածաբար մասնակցում է մեր հայրենիքի վերամիավորման նախաձեռնությանը, նմանապես, մենք սփյուռքում պետք է պայքարենք հանուն մեր իրավունքի՝ ապրելու մեր հայրենիքի այն հատվածում, որն ընկած է խորհրդային ներկա սահմաններից դուրս: Արցախի մեր հայրենակիցները փայլուն օրինակ են, որին մենք պարտավոր ենք հետևել:
Հատված Մոնթե Մելքոնյանի «Պայքարելու իրավունքը. Հայոց ազգային հարցի Մոնթե Մելքոնյանի գրվածքները ընտրանի» գրքից (2007) [The Right to Struggle: Selected Writings of Monte Melkonian on the Armenian National Question, 1993]
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ