Հարցազրույց. Հերմինե Մուրադյան

Հարցազրույց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության Ֆրանսերենի թարգմանչուհի Հերմինե Մուրադյանի հետ:

Ինչպե՞ս դարձաք «Ինլայթ» հասարակական կազմակերպության անդամ։ Որտեղի՞ց եք իմացել «Ինլայթ»-ի մասին։ Ի՞նչն է այստեղ առաջին հայացքից Ձեզ գրավել:

Առաջին անգամ «Ինլայթ»-ի մասին լսել եմ իմ համակուրսեցուց։ Անկեղծ, շատ տպավորված էր կազմակերպությունից: Պատմում էր, որ հաճելի մթնոլորտ է տիրում, շփվում են խելացի երիտասարդների հետ, իսկ աշխատանքը մեծ բավականություն է պատճառում։ Մտածեցի՝ լավ հնարավորություն է լեզուն զարգացնելու և ինքդ քեզ բացահայտելու համար։ Ասաց, որ ֆրանսերենի թարգմանչի կարիք ունեն, ու քանի որ սիրում եմ լեզուն, որոշեցի միանալ և փորձել ուժերս, ու ստացվեց, ինչի համար շատ ուրախ եմ։

Ի՞նչ է Ձեզ տալիս «Ինլայթ»-ում կամավորությունը։ Ի՞նչ  առանձնահատկություն ունի վերջինս որպես հասարակական կազմակերպություն։

Կատարելով այս կամավորական աշխատանքը՝ մեծ բավականություն եմ ստանում թարգմանված նյութերը հանրությանը լսելի դարձնելու համար ու ուրախանում եմ թեկուզ ամեն մի չնչին հաջողությունից։ Այնքան շատ են առանձնահատկությունները, որ չեմ կարող առանձնացնել։ Բայց, թերևս, կնշեմ թեմաների ճիշտ, բազմազան ընտրությունն ու նյութերի որակյալ մատուցումը։

Ի՞նչ խնդիրների եք հանդիպել սկզբնական շրջանում, ինչպիսի՞ն է կապը «Ինլայթ»-ի մյուս անդամների հետ։ Արդյո՞ք աշխատանքի ընթացքում բախվում եք խոչընդոտների:

Աշխատելիս կարելի է ասել խնդիրների չեմ բախվում։ Եթե նույնիսկ լինում են, ժամանակի ընթացքում հարթվում են։ Չէ՞ որ մենք սեփական սխալների վրա ենք սովորում։ Միակ խնդիրը երևի ժամանակն է, որը միշտ չի բավականացնում ամեն պարագայում)) «Ինլայթի» մյուս անդամների հետ կապը շատ ջերմ է։ Կազմակերպվում են թե’ աշխատանքային, թե’ ժամանցային հանդիպումներ, որոնք օգնում են էլ ավելի լավ ճանաչել միմյանց։

Եթե հանդիպեք մի մարդու, ով ոչինչ չգիտի «Ինլայթի»-ի մասին, որո՞նք կլինեն այն երեք բառերը, որ կնկարագրեն  կազմակերպությունը:

Մասնագիտական աճի գրանցում, գաղափարների իրագործում, հաճելի ու բանիմաց երիտասարդներ։

Ի՞նչի մասին էր Ձեր վերջին թարգմանած նյութը։

Վերջին նյութը, որ թարգմանել եմ, եղել է 1988 թվականի հանրահավաքների ժամանակ օգտագործված պաստառների մասին, որոնք ներկայացնում են խորհրդային օրգանների ծախվածությունը և կամակատար լինելը։

Ի՞նչ խորհուրդ կտաք  «Ինլայթ»-ում պրակտիկա անցնող թարգմանիչներին։

Սա հմտությունները պրակտիկորեն կիրառելու բացառիկ փորձ է: Խորհուրդ կտամ, որ օգտագործեն այդ հնարավորությունը` լեզվի մեջ ավելի կատարելագործվելու, լեզվական ունակությունները զարգացնելու ու խոչընդոտներից չվախենալու, նաև համարձակ կերպով առաջ շարժվելու դեպի իրենց նպատակները։

Այժմ Հայաստանում երիտասարդները նոր լեզուներ սովորելու մեծ ձգտում ունեն։ Ըստ Ձեզ` ի՞նչ առավելություններ է լեզուն տալիս մարդուն։

Անշուշտ ողջունելի փաստ է։ Նախ բացահայտում ենք տարբեր երկրների մշակույթներ, զարգացնում ենք հիշողությունը՝ սովորելով նոր բառեր, արտահայտություններ և այլ տեղեկություններ։ Բացի այդ` սկսում ենք ստեղծագործել՝ մտածել օտար լեզվով, որը օգնում է բանավոր խոսքին: Եվ ի վերջո, առավելությունն այն է, որ մի քանի լեզվի տիրապետելով հեշտությամբ ենք կարողանում աշխատանք գտնել։

Ո՞րն է «Ինլայթ»-ի կարգախոսը և ինչպե՞ս կմեկնաբանեք այն։

«Համարձակվի’ր մտածել»-ահա «Ինլայթի» կարգախոսը։ Այո, կարգախոսը շատ ճիշտ է ընտրված։ Աշխատելով հասկանում ես, որ սկսում ես մտածել այլ կերպ, փոխվում է աշխարհայացքդ, բացահայտում ես կարողություններդ, ինքդ քեզ…


Հարցազրույցը վարեց Ինգա Շիրակյանը