Հարցազրույց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության անգլերենի թարգմանիչ Մարիամ Բադալյանի հետ:
Ինչպե՞ս դարձաք «Ինլայթ» հասարակական կազմակերպության անդամ։ Որտեղի՞ց եք իմացել «Ինլայթ»-ի մասին։ Ի՞նչն է այստեղ առաջին հայացքից Ձեզ գրավել:
Ճիշտն ասած՝ «Ինլայթ»-ի մասին իմացել եմ իմ գործընկերոջից: Քանի որ կամավորական աշխատանքի որոնումների մեջ էի, նա ինձ հայտնեց Կազմակերպության մասին: Հետո Ֆեյսբուքով գտա կայքը, ուսումնասիրեցի, թե ինչով են զբաղվում Ինլայթցիները, և հետաքրքիր թվաց: Առաջինը, որ գրավեց, չափից շատ ջերմ մթնոլորտն էր:
Ի՞նչ է Ձեզ տալիս «Ինլայթ»-ում կամավորությունը։ Ի՞նչ առանձնահատկություն ունի վերջինս` որպես հասարակական կազմակերպություն:
«Ինլայթ»-ում կամավորական աշխատանքը տալիս է հսկայական մասնագիտական փորձ: Հնարավորություն ես ունենում աշխատել հիանալի թիմում՝ հիանալի մարդկանց հետ: «Ինլայթ»-ում չկան սահմաններ, որը, կարծում եմ, ամենաշատն է գրավում մարդկանց:
Ի՞նչ խնդիրների եք հանդիպել սկզբնական շրջանում, ինչպիսի՞ն է կապը «Ինլայթ»-ի մյուս անդամների հետ։ Արդյո՞ք աշխատանքի ընթացքում բախվում եք խոչընդոտների:
Սկզբնական շրջանում միակ խնդիրը աշխատանքը համալսարանի հետ համատեղելն էր: Մյուս անդամների հետ կապը գործնական է: Խոչընդոտներ միշտ էլ լինում են, բայց, իհարկե, փորձում եմ հաղթահարել:
Եթե հանդիպեք մի մարդու, ով ոչինչ չգիտի «Ինլայթի»-ի մասին, որո՞նք կլինեն այն երեք բառերը, որ կնկարագրեն կազմակերպությունը:
Մանուշակագույն, երիտասարդներ, անսահման:
Ինչի՞ մասին էր Ձեր թարգմանած վերջին նյութը։
Վերջինը կորոնավիրուսի՝ գլոբալիզացիայի վրա ազդեցության մասին էր, թե ինչպես է այն մակերևույթ հանում մի շարք շուկայական խոցելիություններ:
Ի՞նչ խորհուրդ կտաք «Ինլայթ»-ում պրակտիկա անցնող թարգմանիչներին։
Խորհուրդ կտամ առաջին հերթին լինել կամակոր, երբեք չհիասթափվել և միշտ բարելավել սեփական կարողությունները: Այստեղ ոչ մի դեպքում ձեզ միայնակ չեն թողնի և միշտ օգնության ձեռք կմեկնեն:
Այժմ Հայաստանում երիտասարդները նոր լեզուներ սովորելու մեծ ձգտում ունեն։ Ըստ Ձեզ` ի՞նչ առավելություններ է լեզուն տալիս մարդուն։
Լեզուները նոր աշխարհի դռներ են բացում մեր առջև: Տիրապետելով տարբեր լեզուների` հավելում ենք մեր գիտելիքների պաշարը, զարգանում ենք, և, ամենակարևորը, նոր գիտելիքները կարողանում ենք մայրենի լեզվով փոխանցել ժողովրդին, ինչպես նաև մերը հասու դարձնել այլ ազգերի համար:
Ո՞րն է «Ինլայթ»-ի կարգախոսը և ինչպե՞ս կմեկնաբանեք այն։
«Համարձակվի՛ր մտածել»: «Ինլայթ»-ի գլխավոր նպատակն է նեցուկ լինել հայկական վերլուծական մտքի զարգացմանը և ծառայել որպես երիտասարդների արտահայտման միջոց:
Հարցազրույցը վարեց Ինգա Շիրակյանը