«Ինլայթը» ներկայացնում է իտալացի հայտնի փիլիսոփա Ջորջո Ագամբենի «Եթե դրամի կատաղի կրոնը խժռում է ապագան» հոդվածի հայերեն թարգմանությունը:
Եթե դրամի կատաղի կրոնը խժռում է ապագան
Ջորջո Ագամբեն
Հասկանալու համար, թե ինչ է նշանակում «ապագա» բառը, նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում «hավատը»` բառ, որի կիրառումը կրոնական համատեքստից դուրս այդքան էլ սովորական չէ: Ապագան անհնարին է առանց հավատի կամ վստահության․ մենք ունենք ապագա, միայն եթե կարող ենք ինչ-որ բանի հույս ունենալ կամ հավատալ ինչ-որ բանի: Այո՛, բայց ի՞նչ է հավատը: Դավիդ Ֆլյուսերը՝ մեծ գիտնական-կրոնագետը, ուսումնասիրել է «pistis» բառը (գոյություն ունի այդպիսի տարօրինակ անվանմամբ առարկա), որը Հիսուսն ու առաքյալներն օգտագործում էին «հավատ» իմաստով: Մի անգամ նա պատահականորեն հայտնվում է Աթենքի հրապարակներից մեկում և, բարձրացնելով գլուխը, իր առջև տեսնում է մեծ տառերով գրություն` «Trapeza tes pisteos»: Համընկնումից ապշահար՝ նա ավելի ուշադիր է ուսումնասիրում և երկու րոպե անց հասկանում է, որ ուղղակի գտնվում է բանկի դիմաց. «Trapeza tes pisteos» հունարեն նշանակում է «վարկային բանկ»: Ահա թե որն էր «pistis» բառի նշանակությունը, որի պարզաբանմամբ նա զբաղվում էր արդեն մի քանի ամիս: «Pistis»՝ «հավատ». այն Աստծո վարկն է, պարզապես, որից մենք օգտվում ենք, և որից օգտվում է Աստծո խոսքն այն պահից, երբ մենք հավատացինք Աստծուն: Այս ամենից ելնելով՝ Պողոսը հայտնի սահմանման մեջ կարող է ասել, որ «հավատն ակնկալվողի իրականացումն է»՝ այն, ինչ տալիս է իրականությունը դեռևս գոյություն չունեցողին, սակայն ինչի՞ն ենք մենք հավատում, երբ քարտին ենք փոխանցում մեր վստահությունն ու մեր խոսքը: Ապագային նմանվող ինչ-որ բան գոյություն ունի այնչափ, որչափ իրականանում են մեր հույսերը, այսինքն՝ մեր հույսերի իրականությունը: Սակայն մեր ժամանակը թերահավատության կամ, ինչպես Նիկոլա Կյարոմոնտեն է ասել՝ «հիմար հավատքի» ժամանակ է («di malafede»), այսինքն հավատքի, որը պահպանվում է ուժով և ոչ համոզմամբ: Հետևաբար՝ դարաշրջան առանց «ապագայի» և հույսերի, կամ ապագա ձախողումների և կեղծ հույսերի դարաշրջան:
Այս դարաշրջանը չափազանց ծեր է՝ ինչ-որ բանի անվերապահորեն հավատալու համար, և չափազանց չար՝ անկեղծ հուսացող լինելու համար, ուրեմն ի՞նչ է պատահել մեր վարկին, ի՞նչ է պատահել մեր ապագային:
Քանզի եթե ուշադիր լինենք՝ դեռևս գոյություն ունի մի ոլորտ, որը պտտվում է վարկի շուրջ (ոլորտ, որի մեջ հայտնվել է մեր ողջ «pistis»-ը` հավատքն ամբողջությամբ): Եվ այդ ոլորտը` փողն ու բանկը («trapeza tes pisteos»), նրա տաճարն են: Փողն այն չէ, ինչը թղթադրամների բազմության մեջ նշվում է «վարկ» բառով (ֆունտ, դոլլար, նույնիսկ եթե այդ գրությունը բացակայում է եվրոյի վրա, ո՞վ գիտե՝ ինչու. միգուցե դա է՞լ է կասկածելի): Այնտեղ նույնիսկ գրում են, որ Կենտրոնական բանկը խոստանում է որևէ կերպ ապահովել վարկը: Այսպես կոչված «ճգնաժամը», որով մենք անցնում ենք, (սակայն ճգնաժամի էությունն այժմ, ինչպես երբեք, հայտնի է. «նորմալ չէ, որ կապիտալիզմ գոյություն ունի») սկսվեց էժան վարկերով իրականացված ոչ խելամիտ վարկային գործընթացներով, որոնք տասնյակ անգամ վերավաճառվեցին, մինչև հնարավոր եղավ վերադարձնել: Այլ կերպ ասած` սա նշանակում է, որ ֆինանսական կապիտալիզմը (և բանկերը, որոնք գլխավոր գործիքն են) գործում է՝ խաղալով վարկի, այսինքն՝ մարդկանց հավատի հետ:
Սակայն սա նաև նշանակում է, որ Վալտեր Բենիամինի հիպոթեզը, համաձայն որի կապիտալիզմն երբևէ գոյություն ունեցող ամենադաժան և անողորմ կրոնն է, քանի որ չի ճանաչում ո՛չ թողություն, ո՛չ էլ շունչ քաշելու հնարավորություն է տալիս, պետք է բառացիորեն հասկանալ: Բանկն իր գորշ աշխատակիցներով ու փորձագետներով զբաղեցնում է եկեղեցու և նրա հոգևորականների տեղը և, ղեկավարելով վարկը, մանիպուլյացիայի է ենթարկում ու ղեկավարում հավատը: Ճղճիմություն, թերահավատություն. ահա թե ինչ է իրենից ներկայացնում մեր ժամանակը: Ամեն ինչ տեղի է ունենում այնպես, որ ամենաանպատասխանատուներն ու անխիղճները մարդկանց վստահության և հույսի հաշվին դրամական շահ են փնտրում: Նրանք հաստատում են վարկ, որից կարող են օգտվել բոլորը, և գին, որի համար պետք է վճարել (նույնիսկ սեփական ինքնիշխանությունից կամովին հրաժարված պետությունների համար): Այսպիսով, վարկը ղեկավարողը ղեկավարում է ոչ միայն աշխարհը, այլև՝ մարդկանց ապագան: Ապագան, որն ավելի է սեղմվում և սահմանափակվում ճգնաժամի պատճառով: Եվ, եթե քաղաքականությունն այժմ անհնար է, ապա այն պատճառով, որ ֆինանսական հզորությունը ոչնչացրել է ողջ հավատն ու ապագան, ամբողջ ժամանակն ու սպասումները:
Որքան տևի այս իրավիճակը, այնքան մեր հանրությունը, որը համարվում է «si crede»՝ աշխարհիկ, կմնա ավելի քան մութ ու իռացիոնալ պաշտամունքների ենթակայության տակ: Եվ լավ կլինի, եթե յուրաքանչյուրը հետ վերցնի իր վարկն ու ապագան անպատիվ, կեղծ հոգևորականների, բանկիրների, դասախոսների և տարբեր գործակալությունների աշխատակիցների մռայլ ձեռքերից: Սակայն հնարավոր է, որ առաջին քայլը, ի հեճուկս այն ամենի, ինչ ստիպում են մեզ անել (միայն թե պահպանեն իրենց պահանջարկը), դադարելն է անվերջ նայել ապագային՝ անցյալ չվերադառնալու համար: Միայն նրանք կարող են վերադարձնել իրենց սեփական ազատությունը, ովքեր հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել, և հատկապես նրանք, ովքեր ձգտում են հասկանալ՝ ինչպես կարող էր այդ ամենը պատահել: Հնագիտությունն է գալիքի հասանելիության միակ ճանապարհը, և ո՛չ ֆուտուրոլոգիան:
Թարգմանիչ՝ Անահիտ Ասատրյան (Anahit Asatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ընթերցեք նաև՝ Ջ. Ագամբեն | Եթե պետությունը գրավում է քո անձը