Ցեղասպանության 10 փուլերը

Ցեղասպանությունը գործընթաց է, որը զարգանում է 10 փուլով, որոնք կանխատեսելի են, բայց ոչ անխուսափելի: Յուրաքանչյուր փուլում կանխարգելիչ միջոցառումները կարող են դադարեցնել այն: Գործընթացը գծային չէ: Փուլերը կարող են տեղի ունենալ միաժամանակ: Տրամաբանորեն ավելի ուշ փուլերին պետք է նախորդեն ավելի վաղ փուլերը: Բայց բոլոր փուլերը շարունակում են իրականացվել գործընթացի տևողության ողջ ընթացքում:

Փուլ 1. ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

 

Բոլոր մշակույթներում կան կատեգորիաներ, որոնք բաժանում են մարդկանց «մեզ և նրանց»՝ էթնիկ, ռասայական, կրոնական կամ ազգային պատկանելության հատկանիշներով․ գերմանացի ու հրեա, հութու և թութսի: Երկբևեռ հասարակություններում, որոնք չունեն խառը կատեգորիաներ, ինչպիսիք են Ռուանդան և Բուրունդին, ցեղասպանության հավանականությունը բավականին մեծ է:

Այս վաղ փուլում հիմնական կանխարգելիչ միջոցը համընդհանուր հաստատությունների զարգացումն է, որոնք դուրս են գալիս էթնիկական կամ ռասայական տարբերությունների սահմաններից, ակտիվորեն նպաստում են հանդուրժողականությանն ու փոխըմբռնմանը, ինչպես նաև խրախուսում են բաժանումները հաղթահարող դասակարգումների տարածումը: Հռոմեական կաթոլիկ եկեղեցին կարող էր այս դերը կատարել Ռուանդայում, եթե այն բաժանված չլիներ նույն էթնիկական տարբերակումներով, ինչպես Ռուանդայի հասարակությունը: Ընդհանուր լեզվի առաջխաղացումն այնպիսի երկրներում, ինչպիսին Տանզանիան է, ևս նպաստել է տրանսցենդենտալ ազգային ինքնության զարգացմանը: Ընդհանուր հիմքի որոնումը շատ կարևոր է ցեղասպանության վաղ կանխարգելման համար:

Փուլ 2. ՍԻՄՎՈԼԻԶԱՑԻԱ

Դասակարգումներին մենք տալիս ենք անուններ կամ այլ խորհրդանիշներ: Մարդկանց անվանում ենք «հրեաներ» կամ «գնչուներ», տարբերակում ենք նրանց գույնով կամ հագուստով և խորհրդանիշներ ենք կիրառում խմբերի անդամների հանդեպ: Դասակարգումը և սիմվոլիզացիան համընդհանուր մարդկային բնույթ են կրում և անպայման չեն հանգեցնում ցեղասպանության, քանի դեռ դրանք չեն տանում դեպի ապամարդկայնացման: Ատելության հետ զուգակցվելիս խորհրդանիշները կարող են պարտադրվել  վտարյալ խմբերի անցանկալի անդամներին, ինչպես օրինակ, դեղին աստղը՝ նացիստական տիրապետության տակ գտնվող հրեաներին, կամ կապույտ շարֆը՝ Կամբոջայի Արևելյան գոտու մարդկանց Կարմիր քմերների շարժման ժամանակ:

Սիմվոլիզացիայի դեմ պայքարի համար ատելության խորհրդանիշները, ինչպես և ատելության խոսքը, կարող են օրինականորեն արգելվել (սվաստիկան Գերմանիայում): Խմբային պայմանական նշաները, ինչպիսիք են ավազակային հագուստը կամ ցեղային սպիները, նույնպես կարող են անօրինական ճանաչվել: Խնդիրն այն է, որ իրավական սահմանափակումները արդյունք չեն տա, եթե չաջակցվեն հանրաճանաչ իրավակատարողի  կողմից: Չնայած մինչև 1980-ական թվականները «հութու» և «թութսի» բառերը արգելված էին Բուրունդիում, սակայն դրանց փոխարեն կիրառվում  էին կոդային բառեր: Այնուամենայնիվ, հանրային լայն աջակցության դեպքում սիմվոլիզացիայի ժխտումը կարող է արդյունավետ լինել, ինչպես եղավ Բուլղարիայում, որտեղ կառավարությունը հրաժարվեց բավարար քանակությամբ դեղին կրծքանշաններ տրամադրել, և հրեաների առնվազն ութսուն տոկոսը դրանք չէր կրում՝ այդպիսով  զրկելով դեղին աստղը հրեաների համար նախատեսված նացիստական խորհրդանիշի նշանակությունից:

Փուլ 3. ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերիշխող խումբը օգտագործում է օրենքը, սովորույթը և քաղաքական ուժն այլ խմբերի իրավունքները մերժելու համար: Անզոր խմբին կարող են տրված չլինել լիարժեք քաղաքացիական իրավունքներ, ընտրական իրավունք կամ նույնիսկ քաղաքացիություն: Գերիշխող խումբը առաջնորդվում է բացառող գաղափարախոսությամբ, որը զրկում է պակաս իշխանավոր խմբերին իրենց իրավունքներից։ Գաղափարախոսությունը նպաստում է գերիշխող խմբի կողմից իշխանության մենաշնորհմանը կամ ընդլայնմանը: Այն լեգիտիմացնում, օրինականացնում է թույլ խմբերի վիկտիմիզացիան: Բացառման գաղափարախոսության կողմնակիցները հաճախ խարիզմատիկ են, արտահայտում են իրենց հետևորդների դժգոհությունը, գրավում զանգվածների աջակցությունը: Այդպիսի օրինակներից են նացիստական Գերմանիայի 1935 թվականի Նյուրնբերգյան օրենքները, որոնք զրկում էին հրեաներին գերմանական քաղաքացիությունից և արգելում աշխատանք ստանալ կառավարության և բուհերի կողմից: Օրհասական օրինակներից է Բիրմայում փոքրամասնություն կազմող ռոհինջա մահմեդականների քաղաքացիության մերժումը։

Խտրականության կանխարգելումը նշանակում է քաղաքական և քաղաքացիության իրավունքների լիարժեք ընդլայնում հասարակության բոլոր խմբերի համար: Ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական հիմքով խտրականությունը պետք է արգելված լինի: Անհատները պետք է իրավունք ունենան իրենց իրավունքների խախտման դեպքում դատական հայց ներկայացնելու պետության, կորպորացիաների և այլոց դեմ:

Փուլ 4. ԱՊԱՄԱՐԴԿԱՅՆԱՑՈՒՄ

Մի խումբը ժխտում է մյուս խմբի մարդկայնությունը: Այս խմբի անդամները նույնացվում են կենդանիների, մակաբույծների, միջատների կամ հիվանդությունների հետ: Ապամարդկայնացումը հաղթահարում է մարդուն հատուկ բացասական վերաբերմունքը սպանությունների նկատմամբ: Այս փուլում ատելության քարոզչությունը տպագիր հրատարակումների և ռադիոկայանների միջոցով օգտագործվում է զոհ-խմբին վատաբանելու համար: Մեծամասնության խմբին սովորեցնում են այլ խմբի ներկայացուցիչներին համարել նվազ մարդկային  ինչ-որ բան և նույնիսկ խորթ իրենց հասարակությանը: Նրանց դրդում են կարծել․  «Մենք ավելի լավ կլինեինք առանց նրանց»: Անզոր խումբը կարող է այնքան դիմազուրկ դառնալ, որ նրանց, ըստ էության, տրվում են համարներ, այլ ոչ թե անուններ, ինչպես հրեաներին՝ մահվան ճամբարներում: Նրանք հավասարեցված են կեղտի, անմաքրության և անբարոյականության հետ: Ատելության խոսքը լցնում է պաշտոնական ռադիոյի, թերթերի և ելույթների միջոցով տարածվող պրոպագանդան:

Ապամարդկայնացման դեմ պայքարի համար անհրաժեշտ է չշփոթել ցեղասպանության հրահրումը խոսքի ազատության հետ: Ցեղասպան հասարակություններում հակակշիռ հայտարարությունների համար սահմանադրական պաշտպանության պակաս կա, և դրանց պետք է վերաբերվել այլ կերպ, քան ժողովրդավարություններին: Տեղական և միջազգային առաջնորդները պետք է դատապարտեն ատելության խոսքի գործածումը և այն դարձնեն մշակութայնորեն անթույլատրելի: Ցեղասպանություն հրահրող առաջնորդներին պետք է արգելվի իրականացնել միջազգային ճանապարհորդություններ, և պետք է սառեցվեն նրանց արտաքին ֆինանսական ռեսուրսները: Ատելության ռադիոկայանները պետք է խլացվեն կամ փակվեն, իսկ ատելության քարոզչությունն պետք է արգելվի: Ատելության հողի վրա իրականացված հանցագործությունները և վայրագությունները պետք է անմիջապես պատժվեն:

 Փուլ 5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Ցեղասպանությունը միշտ կազմակերպված է, սովորաբար պետության կողմից, որը հաճախ օգտագործում է աշխարհազորայիններին պետական պատասխանատվության ժխտումն ապահովելու համար, oրինակ՝ Դարֆուրում «Ջանջավիդի» աջակցումն ու զինումը Սուդանի կառավարության կողմից։ Երբեմն կազմակերպումը ոչ ֆորմալ է (Հնդկաստանի մասնատման ժամանակ հինդու  խառնամբոխը տեղական RSS զինյալների ղեկավարությամբ) կամ ապակենտրոնացված (ջիհադական ահաբեկչական խմբավորումներ): Հատուկ բանակային ստորաբաժանումները կամ աշխարհազորայինները հաճախ ուսուցված և զինված են: Զենքը ձեռք է բերվում պետությունների և աշխարհազորայինների կողմից հաճախ ՄԱԿ-ի սահմանած զենքի էմբարգոյի խախտմամբ և ցեղասպան գործողություններին նպաստելու նպատակով:

Պետությունները կազմակերպում են գաղտնի ոստիկանություն՝ քաղաքական առաջնորդների դեմ ընդդիմադիր գործողությունների մեջ կասկածվող մարդկանց լրտեսելու, ձերբակալելու, խոշտանգելու և սպանելու համար: Պատժիչ ուժայիններն ու հատուկ ռազմական մահարբու ստորաբաժանումներն անցնում են հատուկ վերապատրաստման դասընթացներ:

Այս փուլի դեմ պայքարելու համար ցեղասպան աշխարհազորություններում անդամակցությունը պետք է արգելվի: Նրանց ղեկավարները պետք է մերժվեն արտասահմանյան երկրներ մուտքի արտոնագրի տրամադրման հարցում, իսկ նրանց օտարերկրյա ակտիվները պետք է սառեցվի: ՄԱԿ-ը պետք է զենքի էմբարգո սահմանի ցեղասպան գործողություններին մասնակցած երկրների կառավարությունների և քաղաքացիների դեմ, հանձնաժողովներ ձևավորի խախտումները հետաքննելու համար, ինչպես արվեց Ռուանդայում ցեղասպանությունից հետո, և օգտագործի ազգային իրավական համակարգերը այդպիսի էմբարգոները խախտող անձանց պատասխանատվության կանչելու համար:

Փուլ 6. ԲԵՎԵՌԱՑՈՒՄ

Ծայրահեղականները տարանջատում են խմբերը: Ատելության խմբերը հեռարձակում են բևեռացնող քարոզչությունը: Խմբի թիրախավորման դրդապատճառները ներշնչվում են լրատվամիջոցների միջոցով: Օրենքները կարող են արգելել խառնամուսնությունները կամ սոցիալական փոխազդեցությունը: Ծայրահեղական ահաբեկչությունը թիրախավորում է չափավորներին՝ ահաբեկելով և լռեցնելով կենտրոնը: Հենց հանցագործ խմբի ներսում գտնվող չափավորներն են առավել  մեծ հավանականությամբ ունակ  կանգնեցնելու ցեղասպանությունը, բայց և առաջինն են ենթարկվում ձերբակալվելու և սպանվելու ռիսկին: Թիրախավորված խմբերի առաջնորդները հաջորդն են ձերբակալվողների ու սպանվողների ցուցակում: Գերիշխող խումբն ընդունում է արտակարգ իրավիճակի վերաբերյալ օրենքներ կամ հրամաններ, որոնք նրանց լիակատար իշխանություն են տալիս թիրախավորված խմբի նկատմամբ: Օրենքները ոտնահարում են քաղաքացիական հիմնարար իրավունքները և ազատությունները: Թիրախավորված խմբերը զինաթափվում են ինքնապաշտպանություն կազմակերպելու անկարողությունն ու գերիշխող խմբի լիակատար վերահսկողությունը ապահովելու համար:

Կանխարգելումը կարող է նշանակել չափավոր լիդերների անվտանգության պաշտպանություն կամ օգնություն մարդու իրավունքների խմբերին: Ծայրահեղականների ունեցվածքը կարող  է առգրավվել, և մերժվել նրանց միջազգային ճանապարհորդությունների համար վիզաների տրամադրումը: Ծայրահեղականների կողմից իրականացվող պետական հեղաշրջումներին պետք է հակադրել միջազգային պատժամիջոցներ: Պետք է ակտիվ առարկություններ ներկայացնել ընդդիմադիր խմբավորումների զինաթափման հարցում: Անհրաժեշտության դեպքում նրանք պետք է զինվեն լինեն իրենց պաշտպանելու համար:

Փուլ 7. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

 

Ցեղասպան գործողությունների համար ծրագրեր են մշակվում: Ազգային կամ հանցավոր խմբերի ղեկավարները ծրագրում են «վերջնական լուծումը» հրեաների, հայերի, թութսիների կամ այլ թիրախավորված խմբի «հարցի» համար: Նրանք հաճախ օգտագործում են էվֆեմիզմներ՝ իրենց մտադրությունները թաքցնելու համար, օրինակ՝ իրենց նպատակները անվանելով «էթնիկ զտում», «մաքրում» կամ «ահաբեկչության դեմ պայքար»: Նրանք բանակներ են կառուցում, զենք են գնում և մարզում իրենց զորքն ու աշխարհազորայիններին: Նրանք վախ են ներշնչում բնակչության մոտ զոհ-խմբի ներկայացուցիչներից: Առաջնորդները հաճախ պնդում են, որ «եթե մենք չսպանենք նրանց, նրանք կսպանեն մեզ»՝ դիմակավորելով ցեղասպանությունը ինքնապաշտպանությամբ: Շարունակվող զինված բախման կամ քաղաքացիական պատերազմի դեպքում ցեղասպան գործողությունները քողարկվում են ապստամբների դեմ պայքարով: Հանկարծակիորեն աճում են հրահրիչ հռետորաբանությունը և ատելության խոսքը՝ այլ խմբի առջև վախ ստեղծելու համար: Քաղաքական գործընթացները, ինչպիսիք են խաղաղության պայմանագրերը, որոնք սպառնում են ցեղասպան խմբավորման ընդհանուր գերիշխանությանը կամ առաջիկա ընտրությունները, որոնք կարող են սասանել բացարձակ իշխանության նկատմամբ իրենց վերահսկողությունը, իրականում կարող են հանգեցնել ցեղասպանության:

Նախապատրաստման կանխարգելումը կարող է ներառել զենքի էմբարգոները և դրանց համապատասխան կիրառումն ապահովող  հանձնաժողովները: Այն պետք է դատական կարգով հետապնդում ներառի ցեղասպանության հրահրման և այն իրականացնելու դավադրության համար` սահմանված Ցեղասպանության կոնվենցիայի 3-րդ հոդվածով:

Փուլ 8. ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

 

Զոհերը բացահայտվում և առանձնացվում են իրենց էթնիկ կամ կրոնական պատկանելիության պատճառով: Կազմվում են մահվան ցուցակներ: Պետության կողմից հովանավորվող ցեղասպանությունում զոհ-խմբերի անդամները կարող են ստիպված լինել կրել նույնականացման խորհրդանիշներ: Նրանց ունեցվածքը հաճախ օտարվում է: Երբեմն նրանք նույնիսկ մեկուսացվում են գետտոյում, արտաքսվում են համակենտրոնացման ճամբարներ կամ սահմանափակվում են որոշակի շրջանում սովամահ լինելու համար: Նրանց դանդաղ ոչնչացնելու համար մարդկանց միտումնավոր զրկում են այնպիսի ռեսուրսներից, ինչպիսիք են ջուրը կամ սննդամթերքը: Իրականացվում են ծրագրեր՝ կանխելու համար երեխաների ծննդաբերությունը հարկադիր ստերիլիզացման կամ աբորտի միջոցով: Երեխաները բռնի կերպով հեռացվում են իրենց ծնողներից:  Համակարգված կերպով խախտվում են տուժող խմբի հիմնական իրավունքները արտադատական սպանությունների, խոշտանգումների և հարկադիր տեղահանման միջոցով: Սկսվում են ցեղասպան գործողությունները: Դրանք ցեղասպանություն են, քանի որ իրականացվում է  խմբի մի մասի դիտավորյալ ոչնչացում: Կազմակերպիչները հետևում են, թե արդյո՞ք նման կոտորածները հանդիպում են որևէ միջազգային արձագանքի: Եթե ոչ, նրանք հասկանում են, որ միջազգային հանրությունը կրկին կդառնա արտաքին դիտորդ և թույլ կտա իրագործել ևս մեկ ցեղասպանություն:

Այս փուլում անհրաժեշտ է ցեղասպանությամբ պայմանավորված արտակարգ դրություն հայտարարել: Եթե գերտերությունների, տարածաշրջանային դաշինքների, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կամ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի  քաղաքական կամքը հնարավոր լինի մոբիլիզացնել, ապա անհրաժեշտ է պատրաստվել զինված միջազգային միջամտության կամ զոհ-խմբին տրամադրել հիմնավոր աջակցություն ինքնապաշտպանության նախապատրաստման համար: Մարդասիրական օգնությունը պետք է կազմակերպվի ՄԱԿ-ի և մասնավոր օգնության խմբերի կողմից փախստականների անխուսափելի հոսքի համար:

Փուլ 9. ՈՉՆՉԱՑՈՒՄ

Այն սկսվում և արագորեն վերածվում է զանգվածային սպանությունների, որն իրավաբանորեն կոչվում է ցեղասպանություն: Սա «ոչնչացում» է մարդասպանների համար, քանի որ նրանք չեն հավատում, որ իրենց զոհերը ունեն լիովին մարդկային բնույթ:  Պետության կողմից ֆինանսավորման դեպքում զինված ուժերը հաճախ աշխատում են աշխարհազորայինների հետ սպանություն կատարելու համար: Երբեմն ցեղասպանությունը հանգեցնում է վրեժխնդրության, երկու խմբերը գործում են միմյանց դեմ՝ ստեղծելով երկկողմանի ցեղասպանության հորձանուտի նմանվող ցիկլ (ինչպես Բուրունդիում): Ցեղասպանության ակտերը ցույց են տալիս, թե որքան անմարդկային են դարձել զոհերը: Դիակները մասնատվում են, բռնաբարությունը օգտագործվում է որպես պատերազմի գործիք՝ մյուս խմբին գենետիկորեն փոխելու և արմատախիլ անելու համար: Մշակութային և կրոնական արժեքների ոչնչացումը օգտագործվում է խմբի գոյությունը պատմությունից ջնջելու համար: «Համընդհանուր պատերազմի» դարաշրջանը սկսվեց Երկրորդ աշխարհամարտում: Ռմբակոծումը քաղաքացիական հասարակությանը չէր առանձնացնում ոչ կոմբատանտներից: Սառը պատերազմի ավարտից հետո բռնկված քաղաքացիական պատերազմները նույնպես չեն տարբերակում քաղաքացիական անձանց և կոմբատանտներին: Դրանք հանգեցնում են համատարած պատերազմական հանցագործությունների: Կանանց և աղջիկների զանգվածային բռնաբարությունները դարձել են ժամանակակից բոլոր ցեղասպանությունների առանձնահատկությունը: Որոշ ցեղասպանությունների ժամանակ սպանվում են մարտական տարիքի բոլոր տղամարդիկ: Տոտալ ցեղասպանություններում ոչնչացվում են թիրախավորված խմբի բոլոր անդամները:

Այս փուլում միայն արագ և  ճնշող զինված միջամտությունը կարող է դադարեցնել ցեղասպանությունը: Պետք է ստեղծվեն իրապես անվտանգ գոտիներ կամ փախստականների տարհանման միջանցքներ՝ լավ զինված միջազգային պաշտպանությամբ: (Վտանգավոր «անվտանգ» գոտիներ ունենալն ավելի վատ է, քան դրանց բացակայությունը): ՄԱԿ-ի մշտական պատրաստության բրիգադը, ԵՄ արագ արձագանքման ուժերը կամ տարածաշրջանային ուժերը պետք է լիազորված լինեն գործել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, եթե ցեղասպանությունը փոքր է: Ավելի մեծ միջամտությունների համար պետք է գործեն ՄԱԿ-ի կողմից լիազորված բազմակողմ զինված ուժերը: Եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կաթվածահար է, տարածաշրջանային դաշինքները այնուամենայնիվ պետք է գործեն ՄԱԿ-ի կանոնադրության VIII գլխի համաձայն, կամ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան պետք է հաստատի գործողությունների իրականացումը համաձայն «միասնություն հանուն խաղաղության» բանաձևի (1950 թ.), որը նման զինված միջամտության համար օգտագործվել է 13 անգամ: 2005 թվականից ի վեր պաշտպանելու միջազգային պատասխանատվությունը դուրս է գալիս առանձին ազգային պետությունների նեղ շահերի տիրույթից: Եթե ուժեղ երկրները չեն տրամադրում զորքեր ուղիղ միջամտության համար, ապա պետք է ապահովեն օդային փոխադրումներ, սարքավորումներ և ֆինանսական ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանային պետությունների միջամտության համար:

Փուլ 10. ԺԽՏՈՒՄ

Վերջին փուլն է, որը շարունակվում է ողջ ընթացքում և միշտ հաջորդում է ցեղասպանությանը: Այն հետագա ցեղասպան ջարդերի ամենահուսալի ցուցիչներից է: Ցեղասպանություն իրագործողները փորում են եղբայրական գերեզմաններ, այրում են մարմինները, փորձում են թաքցնել ապացույցները և ահաբեկել վկաներին: Նրանք հերքում են, որ կատարել են որևէ հանցագործություն և հաճախ կատարվածի մեջ մեղադրում են զոհերին: Նրանք խոչնդոտում են հանցագործությունների հետաքննությունը և շարունակում կառավարել, մինչև ուժով չեն հեռացվում իշխանությունից՝ փախչելով աքսորից: Այնտեղ նրանք անպատիժ են մնում, ինչպես Փոլ Փոթը կամ Իդի Ամինը, քանի դեռ չեն գերվել, և չեն ստեղծվել տրիբունալներ  նրանց դատելու համար:

Ժխտման ամենալավ պատասխանը նրանց պատիժն է միջազգային տրիբունալում կամ ազգային դատարաններում: Այնտեղ ապացույցները լսելի են դառնում, իսկ հանցագործները պատժվում են: Հարավսլավիայի, Ռուանդայի կամ Սիերա Լեոնեի տրիբունալները, Կամբոջայում կարմիր քմերներին դատելու տրիբունալը կամ միջազգային քրեական դատարանը չեն կարող կանգնեցնել ցեղասպանությունների ամենադաժան ոճրագործներին: Բայց նրանց ձերբակալելու և հետապնդելու քաղաքական կամքի առկայության դեպքում որոշ ոճրագործներ կարող են պատասխանատվության կանչվել: Հնարավորության դեպքում տեղական դատավարությունները պետք է ապահովեն ֆորումներ՝ լսելու համար ապացույցները այն հանցագործների դեմ, որոնք չեն եղել ցեղասպանության հիմնական առաջնորդներն ու ծրագրողները ռեստիտուցիայի և հաշտեցման հնարավորություններով: Ռուանդայի «գատչաչա» (gaçaça) դատարանները նմանատիպ օրինակներից են: Արդարադատությունը պետք է ուղեկցվի դպրոցներում և լրատվամիջոցների միջոցով ցեղասպանության փաստերի,  զոհերի վերապրած տառապանքի, հանցագործների դրդապատճառների և զոհերի իրավունքների վերականգնման անհրաժեշտության մասին իրազեկմամբ:

Բնօրինակի հեղինակ՝ Dr. Gregory H. Stanton, Genocide Watch


Թարգմանիչ՝ Մերի Բաբայան  (Mery Babayan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: