Հարցազրույց. Լուիզա Սարգսյան

Հարցազրույց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության հայերենի խմբագիր Լուիզա Սարգսյանի հետ:

Ինչպե՞ս եք իմացել «Ինլայթ»-ի մասին։

Ինլայթի մասին իմացել եմ համակուրսեցուցս, կամավորական աշխատանք էինք փնտրում և որոշեցինք դիմել:

Ինչո՞ւ հենց խմբագիր:

Իրականում, «Ինլայթ»-ի մասին հենց խմբագրի հաստիքի համար դիմելու հայտից եմ իմացել, դեռ շատ ծանոթ չէի կազմակերպությանը, և խմբագրի աշխատանք, որպես այդպիսին, երբևէ չէի կատարել, և սա ինձ համար նորը սովորելու հնարավորություն դարձավ:

Ո՞րն է խմբագրի առաջնային խնդիրը։

Կարծում  եմ՝ առաջնայինը  խմբագրի համար պետք է լինի ընթերցողին գրագետ աշխատանք ներկայացնելը:

Ի՞նչ սկզբունքով եք ընտրում նյութերը:

Խմբագրական նյութերի ընտրություն, որպես այդպիսին, չկա, քանի որ բոլոր նյութերն էլ ենթակա են խմբագրման:

Որո՞նք են Ձեր աշխատանքի հիմնական դժվարությունները։

Հստակ չեմ կարող որևէ բան նշել, բայց դժվարությունների  կարելի է հանդիպել ցանկացած աշխատանքում, կարևորը դրանք ճիշտ ըմբռնելն ու հաղթահարելն է և, իհարկե, դրանց շնորհիվ սովորելը:

Ի՞նչ եք ակնկալում հեղինակից։

Կարծում եմ խմբագրի համար կարևոր է, որ աշխատանքը քերականապես ճիշտ շարադրված լինի:

Ի՞նչ է տալիս «Ինլայթ»-ը կամավորին առհասարակ և ի՞նչ է տվել Ձեզ։

Ինլայթը մի կազմակերպություն է, որտեղ ընձեռնված հնարավորությունները բազմաթիվ են. այն յուրաքանչյուրին, ինչպես և ինձ, հնարավորություն է տալիս ինքնադրսևորվելու, ստեղծագործելու, նոր գիտելքիներ ձեռք բերելու և,  իհարկե, սեփական հմտությունները ճանաչելու:

Ըստ Ձեզ՝ ի՞նչ հատկանիշներ են հարկավոր «Ինլայթ»-ի անդամ դառնալու համար։

Ինլայթի անդամ դառնալու համար ընդամենը մեծ ցանկություն, աշխատասիրություն և ստեղծագործ միտք է պետք:

Ունե՞ք «Ինլայթ»-ի 4-ամյակի հետ կապված նոր կարգախոսի տարբերակներ։

Նախընտրելի տարբերակներ կային, սակայն կարծում եմ՝ ամենալավ տարբերակն է ընտրվել. «Սովորի՛ր,  որ փոխես» կարգախոսը լիովին ընդգծում է Ինլայթի գաղափարները, որում, իհարկե, առաջնայինը կրթությունն է:


Հարցազրույցը վարեց Ինգա Շիրակյանը