Հարցազրույց. Մելանյա Խաչատրյան

Հարցազրույց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության հայերենի խմբագիր Մելանյա Խաչատրյանի հետ:

Ինչպե՞ս եք իմացել «Ինլայթ»-ի մասին։

«Ինլայթ»-ի մասին իմացել եմ ԵՊՀ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի միջոցով:

Ինչո՞ւ հենց խմբագիր:

Ի սկզբանե խմբագրի հաստիքի համար դիմել էի խիտ գրաֆիկի պատճառով: Բացի այդ, սիրում եմ ինձ փորձել տարբեր ոլորտներում, իսկ որպես խմբագիր աշխատելու առիթ մինչ այդ երբեք չէր եղել, այդ պատճառով էլ որոշեցի իմ ուղին «Ինլայթ»-ում սկսել հենց խմբագրի հաստիքից:

Ո՞րն է խմբագրի առաջնային խնդիրը:
Խմբագրի առաջնային ու հիմնական խնդիրը ընթերցողներին գրագետ ու հեշտ ընթեռնելի նյութ մատուցելն է:
Ի՞նչ սկզբունքով եք ընտրում նյութերը:
Նյութերը չենք ընտրում, քանի որ գրված բոլոր նյութերն էլ պարտադիր ենթակա են խմբագրման: Դա իրականում շատ լավ է, քանի որ հնարավորություն է ընձեռում ծանոթանալ բազմապիսի բնագավառների նյութերի։
Որո՞նք են Ձեր աշխատանքի հիմնական դժվարությունները։

Հիմնական դժվարությունն այն է, որ պետք է լինել չափազանց ուշադիր բոլոր թերությունները շտկելու համար, քանի որ յուրաքանչյուր աննշան բացթողում փչացնում է նյութը, և ընթերցողի մոտ ստեղծվում է տպավորություն, որ նյութը ոչ պրոֆեսիոնալ է գրվել։

Ի՞նչ եք ակնկալում հեղինակից։
Հեղինակներից ակնկալում եմ գրագետ աշխատանք թե՛ ընտրված բառապաշարի, թե՛ քերականության ու շարադասության առումով: Ուրախությամբ պետք է նշեմ, որ «Ինլայթ»-ում հեղինակներից ստացված նյութերը հիմնականում բավականին գրագետ են շարադրված, և հազվադեպ է էական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առաջանում: 🙂
Ի՞նչ է տալիս «Ինլայթ»-ը կամավորին առհասարակ և ի՞նչ է տվել Ձեզ։
Ըստ իս՝ «Ինլայթ»-ը կամավորություն անելու համար լավագույն հարթակներից է: Այն հնարավորություն է տալիս ինքնադրսևորվելու, փորձելու մեզ տարբեր ոլորտներում, դուրս գալու մեր հարմարավետության գոտուց և իհարկե անընդհատ կատարելագործվելու ու զարգանալու։
Ըստ Ձեզ` ի՞նչ հատկանիշներ են հարկավոր «Ինլայթ»-ի անդամ դառնալու համար։
Ըստ իս՝ «Ինլայթ»-ի անդամ դառնալու համար պարզապես պետք է լինել բաց նոր գաղափարների, համագործակության համար, լինել ընկերասեր, շփվող, նախաձեռնող, և իհարկե ունենալ մեծ ցանկություն:
Ունե՞ք «Ինլայթ»-ի 4-ամյակի հետ կապված նոր կարգախոսի տարբերակներ։

Կարծում եմ՝ «Ինլայթ»-ի թե՛ նախկին, թե՛ ներկայիս կարգախոսը լիովին արտացոլում են «Ինլայթ»-ի ոգին, գաղափարախոսությունն ու տեսլականը և դժվար է պատկերացնել մեկ այլ կարգախոս, որն այս պահին ավելի համապատասխան կլինի:


Հարցազրույցը վարեց Ինգա Շիրակյանը