Բանախոսություն «Հարկաբյուջետային քաղաքականություն» թեմայով

#EnlightTalks բանախոսությունների շարք՝ «Ինլայթ»-ի եռամսյա վերլուծական պրակտիկա ծրագրի շրջանակում: 

Հունիսի 26-ին «Ինլայթ»-ի առցանց վերլուծական պրակտիկայի շրջանակներում տեղի ունեցավ «Հարկաբյուջետային քաղաքականության ձևերը և կիրառման մեթոդները» խորագրով բանախոսություն-քննարկում, բանախոս՝ «Ինլայթ»-ի վերլուծաբան, տնտեսագետ Նարինե Պետրոսյան: Մասնակիցներն էին տնտեսագիտական և հումանիտար գծով մասնագետներ:

Ընդհանուր հանդիպումը կարելի է ներկայացնել երեք բաժիններով։

  1. Բանախոսը ներկայացրեց հարկաբյուջետային քաղաքականության էությունը, հիմնական մեխանիզմները, տեսակները, գործիքները, արդյունավետության չափանիշները, թեմայի կարևորությունը և արդիականությունը:
  2. Երկրորդ բաժնում՝ ՀԲՔ-ի ընդհանուր ակնարկից հետո թեման տեղայնացվեց՝ «Հարկային փոփոխությունները ՀՀ-ում»: Մասնավորապես քննարկվեց 2018 թվականից սկսված և 2020 թվականի հունվարից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքի փոփոխությունները ՀՀ-ում:
  3. Երրորդ՝ եզրափակիչ մասում տեղի ունեցավ քննարկում, մասնակիցները արտահայտեցին իրենց կարծիքները, տեսակետները՝ ՀՀ-ում իրականացվող հարկային փոփոխությունների վերաբերյալ, առանձնացրին իրենց տեսանկյունից փոփոխությունների առավելությունները և թերությունները: Վերջում իր դիտարկումները և լրացումները թեմայի շուրջ արեց հանդիպման բանախոս Նարինե Պետրոսյանը՝ նշելով նաև խնդիրների լուծման ուղիները, դրանով նաև ընդգծելով նման ձևաչափով բանախոսություն-քննարկման կարևորությունը:

Համառոտ անդրադարձ հանդիպան երեք բաժիններին առանձին-առանձին.

  1. Նարինե Պետրոսյանի հարկաբյուջետային քաղաքականության թեմայով բանախոսության ակնարկային մասից.

Հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսության վրա պետության ազդեցությունն է՝ պետական ծախսերի և հարկերի փոփոխության միջոցով, տնտեսական պարբերաշրջանների հարթման և տնտեսական աճի գրանցման նպատակով:

ՀԲՔ-ի գործիքներն են՝ պետական ներդրումներ, պետական գնումներ, հանրային աշխատանքներ, հարկային բեռի փոփոխություն, սոցիալական ծրագրեր, պետական տրանսֆերտներ:

ՀԲՔ-ի արդյունավետությունը որոշվում է պետական բյուջեի պակասուրդի մեծությամբ և պետական պարտքի մեծության փոփոխության արագությամբ: ՀԲՔ-ի արդյունավետության չափորոշիչներն են՝ բյուջեի պակասուրդի այն մասը, որը ծածկված է մոնետարացման հաշվին, հարկերի հավաքելիության աստիճանը, բյուջետային պարտավորությունների կատարողականը, պետական ֆինանսական ռեսուրսների այն մասը, որն ուղղված է պետական պարտքի սպասարկմանը:

Արդյունավետությունը արտահայտվում է երկրում առկա տնտեսական աճի միջոցով:

ՀԲՔ-ի տեսակներն են՝ դեպի ամբողջական պահանջարկ կողմնորոշված (դիսկրետ և ոչ դիսկրետ) և դեպի ամբողջական առաջարկ կողմնորոշված:

2. ՀՀ-ում 2018 թվականից սկսված և 2020 թվականի հունվարից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունները, մասնավորապես՝

միկրոձեռնարկությունների վերաբերյալ հարկային նոր օրենքը. այս հարկային համակարգի շրջանակներում սուբյեկտներն ազատվում են բոլոր հիմնական հարկերից և հնարավորություն են ունենում անսահմանափակ թվով ֆիզիկական անձանց (անկախ այն հանգամանքից՝ նրանք ընտանիքի անդամներ են, թե ոչ) ներգրավել իրենց գործունեության մեջ որպես աշխատողներ, և նրանց ամսական անհատական եկամտահարկը կկազմի 5000 ՀՀ դրամ,

շահութահարկ. 2020 թվականի հունվարի 1-ից շահութահարկը իջեցվել է 2 %-ով՝ դառնալով 18 %: 2020-ից ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ստացված շահութաբաժինը հարկվում է 5 %-ով 10 %-ի փոխարեն: Այս դրույքաչափը վերաբերում է 2020 թվականին բաժին ընկնող շահույթից ստացված շահաբաժիններին և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններին,

եկամտային հարկ. պրոգրեսիվ հարկման ձևից անցում համահարթ հարկման (2020 թվականի հունվարի 1-ից՝ 23 %)՝ տարեկան աստիճանաբար նվազեցվելու որոշմամբ (տարեկան 1 %-ով մինչև 2023 թվականի հունվարի 1-ը` 20 %),

սոցիալական վճարներ. տնտեսավարող սուբյեկտի պարտավորություններն աճում են 2.5 %-ով, պետության պարտավորությունները նվազում են 2.5 %-ով. նախկինում գործող համապատասխանաբար 2.5/7.5 փոխհարաբերությունը դարձել է 5% / 5%,

ավելացված արժեքի հարկ. 2019 թվականից սկսած այն ռեզիդենտ հարկատուները, որոնց վաճառքի շրջանառությունը գերազանցում է 115 մլն դրամը (58.35 մլն դրամի փոխարեն), համարվում են ԱԱՀ վճարողներ,

ակցիզային հարկ. մի շարք ապրաքատեսակների գծով սահմանվեցին լրացուցիչ ակցիզային հարկեր,

գույքահարկ. լայն հանրային քննարկման առարկա դարձած և վիճակահարույց հարկային փոփոխություն է, որի մեջ (դրույքաչափերի փոփոխության) առանցքային տարբերությունը գույքի կադաստրային արժեքի հաշվման ձևից անցումն է շուկայական արժեքով գույքի գնահատման մոդելին:

3. Հանդիպման վերջնամասում ՀՀ հարկային փոփոխությունների ներկայացումից հետո բանախոսը առաջարկեց մասնակիցներին կիսվել հարկային փոփոխությունների վերաբերյալ իրենց կարծիքներով, տեսակետներով՝ յուրաքանչուրին տալով հինգրոպեական ժամանակ նշելու համար իրենց տեսակետները հարկային փոփոխությունների վերաբերյալ՝ նշելով ուժեղ և թույլ կողմերը, իսկ վերջում հանդիպման բանախոս Նարինե Պետրոսյանը ներկայացրեց իր տեսակետը, դիտարկումները և ամփոփեց քննարկումը:


Նարինե Պետրոսյանի հեղինակած վերլուծություններին կարող եք ծանոթանալ հղմամբ: