Օգոստոսի 2-ին տեղի ունեցավ «Ինլայթ»-ի թարգմանչական պրակտիկայի ավարտական հանդիպումը:
Ներկաներին ողջունեց կազմակերպության նախագահ Աննա Խաչյանը: Նա շնորհավորեց պրակտիկանտներին և նշեց, որ թեև «Ինլայթ»-ը մշտապես ունեցել է թարգմանիչների բաժին, պրակտիկան իր բնույթով և համաճարակով պայմանավորված ձևաչափով նորություն էր կազմակերպության համար: Նա հավելեց, որ պրակտիկանտների այս խումբը դիտարկվում է որպես թարգմանչական պրակտիկայի 1-ին սերունդ, և կազմակերպությունը մտադիր է պրակտիկան շարունակական դարձնել՝ տարբեր սերունդներ ունենալու ակնկալիքով: Աննան պրակտիկանտներին շնորհավորեց նաև Յան Արտյուս Բերտրանի «Մարդ» (Human) ֆիլմի թարգմանության կապակցությամբ և կարևորեց ֆիլմի թարգմանության համաձայնություն ստանալը՝ որպես համատեղ ձեռքբերում՝ հավելելով, որ Բերտրանի աշխատակազմի կողմից արդեն ուղարկվել են բոլոր անհրաժեշտ նյութերը, որոնց հիման վրա կիրականացվի թարգմանության խմբագրությունը՝ անգլերենի գլխավոր խմբագիր Մարինե Օհանջանյանի գլխավորությամբ:
Թարգմանիչների բաժնի ղեկավար Մերի Բաբայանը ամփոփեց եռամսյա պրակտիկայի արդյունքները:
Պրակտիկան մեկնարկել է ապրիլի 20-ին և ավարտվել հուլիսի 25-ին: Մայիսին տեղի է ունեցել երկու հանդիպում, որոնց ընթացքում քննարկվել են տեխնիկական և բովանդակային պահանջներ, արվել են աշխատանքներին վերաբերող որոշ պարզաբանումներ, բանախոսություններ են տեղի ունեցել գլխավոր խմբագիր Մարինե Օհանջանյանի և վերլուծաբան Հեղինե Ալեքսանյանի հետ: Մայիսի ընթացքում թարգմանվել է նաև 12 նյութ, որից մեկը ֆրանսերեն, մյուսները՝ անգլերեն:
Հունիսին տեղի է ունեցել մեկ հանդիպում, որի ընթացքում արվել են քննարկումներ թարգմանության տեխնիկական և բովանդակային պահանջների, արձանագրված առաջընթացի, առաջիկա անելիքների շուրջ, պրակտիկանտները արտահայտել են կարծիքներ՝ իրենց աշխատանքների խմբագրությունը հանձն առած թարգմանիչների հետ աշխատանքի վերաբերյալ։ Հունիսին անգլերեն է թարգմանվել 6 լայնածավալ նյութ:
Հուլիսին տեղի է ունեցել մեկ բանախոսություն կազմակերպության վերլուծաբան Մարինե Խաչատրյանի հետ: Մարինեն խոսել է թարգմանությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ: Հուլիսին պրակտիկանտները կատարել են նաև նախագծային աշխատանքը՝ Բերտրանի «Մարդ» ֆիլմի թարգմանությունը: Պրակտիկանտները արել են նաև թիմային աշխատանք. թարգմանել են կազմակերպության վեցամյսա ամփոփագիրը: Դա հնարավորություն տվեց պրակտիկանտներին միասին աշխատելու մեկ նյութի վրա, խմբագրելու մեկը մյուսի աշխատանքները և համատեղ ստեղծելու բարձր որակի թարգմանություն: Նշվածներից բացի հուլիսին արվել է նաև 1 նյութի թարգմանություն ֆրանսերեն և 2 ֆրանսերեն նյութի խմբագրություն:
Ընդհանուր առմամբ եռամսյակի ընթացքում տեղի է ունեցել 3 բանախոսություն, 3 ընթացիկ աշխատանքների քննարկում, թարգմանվել է 39 նյութ, որից 32-ը՝ անգլերեն, 4-ը ֆրանսերենը, 2-ը՝ գերմաներեն:
Մերին նաև շնորհավորեց պրակտիկանտներին և հույս հայտնեց, որ պրակտիկայի խոստումնալից ավարտը մասնակիցների համար նոր, առավել խոստումնալից սկզբի առիթ կդառնա։
Հանդիպման մյուս մասում պրակտիկանտները արտահայտեցին իրենց տպավորությունները, խոսեցին պրակտիկայի ընթացքում իրենց ձեռքբերումների, ամենատպավորիչ դրվագների ու սպասելիքների արդարացման մասին: Նրանցից շատերը ամենատպավորիչը համարեցին աուդիովիզուալ նյութերի և հատկապես ֆիլմի թարգմանությունը, մեկը մյուսի թարգմանությունները խմբագրելու հնարավորությունը, թարգմանվող նյութերի հետաքրքիր ու ուսուցողական բովանդակությունը:
Իբրև ձեռքբերումներ նշվեցին աճող ու դինամիկ թիմի անդամ դառնալու հանգամանքը, թարգմանական հմտությունների բարելավումը, ժամանակի կառավարման հմտությունները, հայերենի իմացության բարելավումը, ճիշտ բառընտրություն անելու հմտությունը, թարգմանչական հոտառության ձեռքբերումը և այլն:
Մասնակիցները կարևորեցին նաև պրակտիկայի ընթացքում խորհրդատվության առկայությունը, իրենց գիտելիքների մակարդակը ճիշտ գնահատելու, թարգմանչի մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվելու հնարավորությունը, «Ինլայթ»-ի մասին իմանալը և այն մարդկանց հետ շփումը, որոնց պրակտիկայի ընթացքում առնչվեցին:
Կարևորելով կազմակերպության համար քննադատության նշանակությունը՝ Աննան առաջարկեց մասնակիցներին ներկայացնել նաև իրենց դիտարկումներն ու քննադատությունը: Մասնակիցներն առաջարկեցին պրակտիկանտ թարգմանիչների և նրանց խմբագիրների միջև շփումը հետագայում առավել ինտենսիվ դարձնել՝ մինչև նյութի թարգմանությունը և թարգմանության ընթացքում դեմ առ դեմ հանդիպումներ կազմակերպելու և ակտիվ քննարկումներ վարելու միջոցով:
Հանդիպման վերջին մասում նախագահը մասնակիցներին հանձնեց էլեկտրոնային, երկլեզու հավաստագրերը։ Խոսեց նաև առաջիկա անելիքների մասին. առաջիկայում խմբագրվելու է «Մարդ» ֆիլմի թարգմանությունը։ Կազմակերպությունը նախատեսում է տարբեր կարծիքներ ու մեկնաբանություններ ստանալու նպատակով «Մարդ» ֆիլմի թարգմանությունը տրամադրել նաև կինոարտադրության ոլորտի որոշ մասնագետների, որից հետո այն դիտարկումների համար ուղարկվելու է նաև Բերտրանի աշխատակազմին։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կայքում կհրապարակվեն նաև մասնակիցների թարգմանած լավագույն նյութերը։
Հետագա հաղորդակցման առնչությամբ նշվեց, որ մասնակիցները ներգրավվելու են տելեգրամյան Enlight community նորաբաց ալիքում։ Նա շեշտեց, որ կազմակերպությունը շատ կարևորում է այն մարդկանց, որոնք տարբեր ժամանակներում իրենց ներդրումն են ունեցել կազմակերպության գործունեության մեջ, ուստի մշտապես կապ է պահում նրանց հետ՝ անկախ հետագա ակտիվությունից ու ներգրավվածությունից։
Վերջում խոսեց նաև աշխատակազմի ղեկավար Լիլիթ Կարապետյանը։ Նա նշեց, որ մասնագիտական հմտություններից զատ՝ շատ կարևոր են նաև այլ որակները, օրինակ՝ աշխատանքային էթիկետը, և հույս հայտնեց, որ այս առումով ևս պրակտիկան օգտակար եղավ մասնակիցների համար։
Մերի Բաբայանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ու մասնակիցներին և շեշտեց, որ մշտապես բաց է ցանկացած դիտարկման կամ առաջարկության համար։
Ամենավերջում Աննան ասաց, որ վստահությունը միասին ճանապարհ անցնելու համար ամենամեծ կապիտալն է, և կազմակերպության համար շատ կարևոր է թիմում ունենալ վստահելի և պատասխանատու մարդկանց, ուստի շնորհակալություն հայտնեց առաջին հերթին վստահության և պատասխանատվության համար։ Նա առաջարկեց մասնակիցներին կազմակերպության «Համարձակվի՛ր մտածել» կարգախոսը միշտ մտքում պահել, լինել համարձակ և նախանձախնդիր։
Պատրաստեց՝ Նարինե Գալոյանը