Ղրիմ
Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունը բուռն հակազդեցություն առաջացրեց Ղրիմում, և ի տարբերություն նախկինի՝ այդ ակտիվությունը աջակցվում էր Ռուսաստանի կողմից:
Արդեն փետրվարի 26-27-ի գիշերը Ղրիմի ինքնակառավարման նորակազմ ուժերը գրավում են Սիմֆերոպոլում գտնվող իշխանության մարմինները, ավտոնոմ հանրապետության (ԱՀ) Բարձրագույն խորհուրդը և Մինիստրների խորհուրդը: Ամրացվում են Պերեկոպյան պարանոցը և Չոնգարյան թերակղզին: Նույն օրը առավոտյան ԱՀ-ի Բարձրագույն խորհուրդը «Ռուսկոյե Եդինստվո» կուսակցության ղեկավարին նշանակում է ԱՀ-ի կառավարության ղեկավար՝ հետագայում հայտարարելով, որ այս քայլը համաձայնեցված է եղել Յանուկովիչի հետ: Մարտի 1-ի դրությամբ Ակսիոնովը իրեն է ենթարկում Ղրիմի տարածքում գտնվող բոլոր ուժային կառույցները, սկսում է անկախացման գործընթաց և պաշտոնապես դիմում է Վ.Վ. Պուտինին՝ Ռուսաստանի հետ միավորվելու խնդրանքով: Նույն օրը Ռուսատանի օրենսդիր վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը, նախագահին լիազորում է երկրի զինված ուժերը անհրաժեշտության դեպքում օգտագործել Ուկրաինայի տարածքում: 2014թ.-ի մարտի 17-ին Ղրիմում անցկացված ռեֆերենդումի արդյունքների համաձայն՝ Ղրիմի Բարձրագույն խորհուրդը Ղրիմը հռչակեց անկախ պետություն: Անկախության հռչակումից րոպեներ անց Ղրիմի Հանրապետության ղեկավարությունը ՌԴ նախագահին է դիմում դաշնության անդամ դառնալու խնդրանքով: Նույն օրը Պուտինը ճանաչում է Ղրիմի անկախությունը: Հաջորը օրը՝ մարտի 18-ին, Կրեմլում հանդիսավոր կերպով ստորագրվում է միության հռչակագիրը. սկսվում է Ղրիմի՝ Ռուսաստանին անդամակցության գործընթացը, որն ավարտվում է չորս օրում՝ մարտի 21-ին հաստատվելով Դաշնության խորհրդի կողմից: Այս չորս օրերի ընթացքում պատրաստվում և կնքվում է Ղրիմյան պայմանագիրը, որը հաստատվում է Պետդումայի և Դաշնության խորհրդի կողմից, ինչպես նաև՝ ՌԴ ՍԴ-ի կողմից: Ղրիմում և Սևաստոպոլում հիմնվում են նոր դաշնային սուբյեկտներ՝ Ղրիմի Հանրապետություն և Դաշնային նշանակության քաղաք՝ Սևաստոպոլ: Պուտինը իր՝ 2014թ.-ի ապրիլի 17-ի և հոկտեմբերի 24-ի ելույթների ընթացում նշում է, որ ինքն անձամբ տեղյակ է եղել «քաղաքավարի մարդկանց» և «պրոֆեսիոնալ օգնության», այսինքն՝ զինված ինտերվենցիայի մասին: Ապրիլ ամսվա ընթացքում Ղրիմը ընդգրկվում է ռուսական ռազմական բաժանումներում, իսկ կատարված փոփոխությունները արձանագրվում են Սահմանադրության մեջ: Ապահովվում է Ուկրաինայի հետ պետական սահամանի անվտանգությունը:
Պետք է քաջ գիտակցել, որ Ղրիմը Ռուսաստանի համար ունի առաջնային ստրատեգիական նշանակություն: Նախ՝ այնտեղ է գտնվում Սևծովյան նավատորմի գլխավոր կայանատեղին, բացի այդ՝ Ղրիմի աշխարհագրական դիրքը իշխող է ողջ սևծովյան ջրավազանում, այդ թվում՝ ռուսական ափերի հատվածում: Ղրիմի տարածքային ջրերում կանխատեսվում են բնական գազի հանքերի մեծ կուտակումներ: Ղրիմը ունի բացառիկ նշանակություն ռուս հասարակության կոլեկտիվ հիշողության համար:
Հարավ-Արևելք, ինտերվեցնիա և քաղաքացիական պատերազմ
Ղրիմում լուսաբանված գործընթացներին զուգահեռ՝ Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում նախ ոչ աշխատանքային օրերին, ապա ամեն օր ընթանում էին բողոքի ակցիաներ՝ ընդդեմ երկրում տեղի ունեցած իշխանափոխության: Ցուցարարները հրաժարվում էին ճանաչել Կիևում իշխանության եկած ուժերին և նրանց նշանակած շրջանային ղեկավարությանը: Փոխարենը՝ հասարակական ցուցարարները ընտրեցին մարզային ղեկավարություն՝ հանդես գալով Ուկրաինայի ֆեդերալիզացման պահանջով: Ապրիլի 6-7-ը Դոնեցկում և Լուգանսկում լավ կազմակերպված խմբերը գրավում են վարչական շենքեր և տիրանում զենք-զինամթերքի: Նույն օրը Դոնեցկում հռչակվում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, իսկ հանրաքվեն նշանակվում է մայիսի 11-ին. ժամեր անց ողջ Դոնեցկի շրջանը անցնում է ապստամբների վերահսկողության տակ: Նույն օրը Ուկրաինայի նախագահի պաշտոնկատար Տուրչինովը հայտարարում է հակաահաբեկչական օպերացիայի սկսվելու մասին: Ուկրաինական հատուկ նշանակության զորքերը հաջողությամբ հետ են գրավում մի քանի վարչական շինություններ: Ապրիլի 8-ին ուկրաինական կառավարական ուժերը հետ են գրավում Խարկովը, իսկ ապրիլի 10-ին ԴԺՀ-ում ստեղծվում է կանոնավոր բանակ: Ապրիլի 12-ին Սլավյանսկի մոտ սկսվում են առաջին մարտերը:
Ողջ ապրիլ ամսվա ընթացքում շարունակվում էր Լուգանսկի և Դոնեցկի շրջանների համակարգված ապստամբությունը. ապստամբությունը ոչ թե ինքնաբուխ էր, այլ համակարգված: Պատմությունը ցույց է տալիս, որ ինքնաբուխ ապստամբությունները միշտ ուղեկցվում են արյունահեղությամբ, կրում են խիստ անկազմակերպ և մասսայական բնույթ: Այս կետերից և ոչ մեկին չենք հանդիպում ապստամբության ողջ ընթացքում: Փաստացի գործում էին առանձին փոքրաթիվ խմբեր, որոնք բավականին պրոֆեսիոնալ և անարյուն կերպով լուծում էին կետային խնդիրներ, ինչը ենթադրում է պոտենցիալ համակարգող շտաբի առկայություն:
Ապրիլի 17-ին Ժնևում ՌԴ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնեցնում են հայտարարության տեքստ, որը կոչ էր անում կողմերին թողնել գրավված շենքերը, վայր դնել զենքերը և սկսել բանակցություններ: Բոլոր կողմերը ընդունում էին ճգնաժամի՝ ուկրաինական ներքին խնդիր լինելը: Հայտարարությունը փաստացի որևէ լուրջ հետևանք չունեցավ: Մայիսի սկզբներին Դոնեցկում և Լուգանսկում տեղի ունեցան անկախության հանրաքվեները, որոնց արդյունքները առաջ բերեցին մի շարք հակասություններ: Հանրապետությունների ղեկավարները պնդում էին, որ Դոնեցկում հանրաքվեին մասնակցել է բնակչության 75%, իսկ Լուգանսկում՝ 76%-ը, որոնցից կողմ են քվեարկել համապատասխանաբար 89%-ը և 96%-ը, մինչդեռ կիևյան իշխանությունները պնդում էին, որ հանրաքվեին մասնակցել է Դոնեցկում առավելագույնը 24%, իսկ Լուգանսկում՝ 32 %-ը: Հանրաքվեների արդյունքների հիման վրա ինքնահռչակ հանրապետությունների իշխանությունները հռչակեցին անկախություն և հայտնեցին ՌԴ կազմի մեջ մտնելու ցանկության մասին: Ռուսաստանը իր հերթին հայտարարեց, որ հարգանքով է մոտենում ժողովրդի կամքի արտահայտությանը՝ հույս հայտնելով, որ հանրաքվեի արդյունքների պրակտիկ իրագործումը կիրականացվի առանց բռնությունների և կընթանա քաղաքակիրթ միջավայրում, ինչին հասնելու համար Կիևի, Լուգանսկի և Դոնեցկի ներկայացուցիչները կօգտագործեն բոլոր հնարավոր դիվանագիտական խողովակները, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն:
Հանրաքվեներին հաջորդեց իրավիճակի լարումը, սկսեցին լսվել առաջին կրակահերթերը, մարտեր ծավալվեցին հիմնականում նորահռչակ հանրապետությունների և Ուկրաինայի շփման գոտում: Մայիսից փետրվար ընկած ժամանակահատվածում ողջ հարավ-արևելքում տեղի էին ունենում լայնածավալ ռազմական գործողություններ՝ փաստացի պատերազմ: Հատկապես ուշագրավ են Սլավյանսկի, Մարիուպոլի, Դոնեցկի, Սաուր Մոգիլայի, Իլովայսկի, Կրամատորսկի, օդանավակայանների ճակատամարտերը և այլ առանձին բախումներ: Բոլորից առանձնանում է, սակայն, «Դեբալցևոյի կոտյոլ» կոչվող մարտական օպերացիան, որն աչքի ընկավ իր անզիջում ու արյունալի բնույթով: Ուկրաինական կողմը հումանիտար օգնություն էր ստանում մի շարք արևմտյան երկրներից, իսկ ապստամբները՝ Ռուսաստանից: Ուկրաինան մեղադրում էր Ռուսաստանին ապստամբներին նաև այլ, այդ թվում՝ մարդկային ու զենք-զինամթերքի տեսքով օգնություն ցուցաբերելու մեջ: Եվ եթե Ռուսաստանը ընդունում է, որ իր տարածքից ժամանած բազմաթիվ կամավորականներ մարտնչում են հանրապետությունների անկախության համար, ապա զենք-զինամթերքի մատակարարման մեղադրանքը ամբողջովին մերժում է: Սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ապստամբների մոտ կան առանձին զինատեսակների և զինամթերքի այնպիսի պաշարներ, որոնք տեղում հայթայթել ուղղակի հնարավոր չէր, քիչ հավանական է նաև դրանց՝ Ուկրաինայի տարածքից ներկրումը: Այսպիսով՝ միակ հնարավոր տարբերակն է մնում ռուսական կողմից ներկրումը, ինչը, սակայն, չի ապացուցում Ռուսաստանի ներգրավվածությունը այդ գործում: Ուկրաինան և արևմտյան այլ պետություններ բազմիցս ներկայացրել են Ռուսաստանի՝ կոնֆլիկտում ներգրավվածության և փաստացի իտերվենցիայի առկայությանը վերաբերող «անհերքելի» ապացույցներ, սակայն Ռուսաստանը դրանց բոլորի նկատմամբ ուներ հակադիր տեսակետ:
Մարտի 15-ին կայացած նիստի ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հասավ «կոնսենսուս-1»-ի. որոշում չկայացվեց Ռուսաստանի վետոյի պատճառով: Ապրլի 1-ին Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը (ներառյալ Ղրիմը) ճանաչելու որոշում կայացրեց: Ի վերջո, իրավիճակում վերջնական պարզություն կարող է մտցնել Արդարադատության միջազգային դատարանը, որին դեռևս փետրվար-դեկտեմբեր ամիսներից պատրաստվում էր դիմել ուկրաինական կողմը միանգամից մի քանի հարցերով՝ Ղրիմ, իտերվենցիա, ռազմական հանցագործություններ:
2015թ. փետրվար-ապրիլ ամիսներին նկատվում է ռազմական գործողությունների քանակի նվազեցում և ընդհանուր իրավիճակի որոշակի խաղաղացում: Այս շրջանում տեղ գտած կարևորագույն իրադարձությունը, անշուշտ, Մինսկյան համաձայնագրերն են: Դեռևս 2014թ. սեպտեմբերին կնքված Մինսկյան առաջին եռակողմ բանաձևը որևէ լուրջ առաջընթաց չբերեց, և կարիք առաջացավ հրավիրելու նոր հանդիպում՝ արդեն ավելի լայն շրջանակներով: 2015թ. փետրվարի 15-ին ուժի մեջ մտավ Մինսկյան նոր բանակցությունների արդյունքում կայացված համալիր որոշումը: Զինադադարի մասին հայտարարագիրը ստորագրվել են ԴԺՀ, ԼԺՀ, Նորմանդյան քառյակի (Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան) ղեկավարների կողմից: Նոր համաձայնագիրը ներառում էր 11 կետից կազմված պլան, որը միտված էր կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծմանը: Հիմնական կետերից կարելի է նշել հետևյալները՝ կրակի դադարեցում, բոլոր ռազմագերիների ազատ արձակում, Ուկրաինայի տարածքից բոլոր արտասահմանյան զինվորական ուժերի դուրսբերում, սահմանադրական բարեփոխումների անցկացում Ուկրաինայում, Դոնբասի շրջանների հատուկ կարգավիճակը ապահովող օրենքների ընդունում, Դոնբասում ՏԻՄ ընտրությունների անցկացում, կոնֆլիկտի գոտուց ծանր զինատեսակների դուրսբերում և այլն: Զինադադարի կայացման վերահսկումը վերապահվում էր ԵԱՀԿ-ին և ռուս-ուկրաինական համատեղ կոորդինացիոն կենտրոնին (փաստաթղթի հղումը այստեղ): Մինսկյան համաձայնագրերին հաջորդեցին իրավիճակի կայունացումն ու մարտական գործողությունների նվազեցումը: Չնայած ընդունված որոշումներին՝ 2015թ. ապրիլ-մայիս ամիսներին դարձյալ առկա էին զինադադարի խախտման դեպքեր, իսկ իրավիճակը շարունակում է մնալ խիստ անկայուն:
Լավագույն պաշտպանությունը հարձակումն է. թերևս այս սկզբունքով կարելի է բնութագրել Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունները: Ղրիմի անեքսիայից հետո Ռուսաստանին հարկավոր էր իրադարձությունների նոր թատերաբեմ, որում գործողությունները կլինեին շատ ավելի երկարատև ու արյունալի՝ Ղրիմից ուշադրությունը շեղելու համար: Բացի այդ՝ խաղաղության համար միշտ հարկավոր է զիջումների գնալ, իսկ Ռուսաստանը չէր կարող և չէր պատրաստվում զիջումների գնալ Ղրիմում:
Օգտագործված գրականության ցանկ
- http://www.archives.gov.ua/
- http://ria.ru/
- http://rt.com/
- http://www.foreignaffairs.com/
- http://www.kyivpost.com/
- http://www.themoscowtimes.com/
- http://russia.tv/
- http://edition.cnn.com/
- http://www.foxnews.com/
- http://www.forbes.com/
- https://www.wikipedia.org/
- http://www.britannica.com/
- http://www.euronews.com/
- http://rulers.narod.ru/
- http://www.historytoday.com/
- Грушевский М.,. Иллюстрированная история Украины, Киев, 1995.
Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ընթերցեք նաև