Բանախոսություն «Հայ-թուրքական հարաբերությունները» թեմայով

#EnlightTalks բանախոսությունների շարք՝ «Ինլայթ»-ի եռամսյա վերլուծական պրակտիկա ծրագրի շրջանակում: 

Օգոստոսի 1-ին վելուծական պրակտիկայի շրջանակներում կայացավ «Ինլայթ»-ի  վերլուծաբան, մասնագիտությամբ թյուրքագետ Անահիտ Կարապետյանի բանախոսությունը՝ «Հայ-թուրքական հարաբերությունները անկախության շրջանում» թեմայով։

Հանդիպման սկզբում Անահիտը շեշտեց, որ Թուրքիան առաջիններից էր, ով ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ այդպես էլ չհաստատվեցին։ 

Բանախոսը անկախության շրջանի հայ-թուրքական հարաբերությունները բաժանեց (պայմանական) 4 փուլի՝ 1991-1998 թթ․, 1998-2008թթ․, 2008-2018թթ․, 2018-2020թթ․։ Խոսելով 1991 թվականից սկսած հայ-թուրքական փոխադարձ այցերի ու շփումների մասին, Անահիտը նշեց ՀՀ իշխանությունների՝ այս առումով բավականին նախաձեռնողական լինելն ու յուրաքանչյուր առիթ օգտագործելը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Անդրադառնալով 1991-1998 թվականներին հայ-թուրքական հարաբերություններում ընթացող քաղաքական ու տնտեսական զարգացումներին, նա նշեց, որ 1995 թվականից երկու երկրների միջև համագործակցությունն ու շփումները իրականանում էին տնտեսական փոխգործակցության միջոցով։ Ավելացրեց նաև, որ  1991-1998թթ․ բնորոշվեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին ուղղված բավական զուսպ քաղաքականությամբ։ 

Բանախոսը ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունների երկրորդ փուլում մոտեցումների լուրջ փոփոխություններ տեղի ունեցան։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քայլեր կատարվեցին, և Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքար դարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ 

Անահիտը հիշատակեց նաև 2005 թ․ Թուրքիայի առաջարկը՝ ստեղծել հայ և թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողով, որը պետք է որոշեր՝ 1915 թվականի դեպքերը կարող են համարվել ցեղասպանություն, թե ոչ։ Եվ նախքան բանախոսությունը շարունակելը հարցրեց հանդիպման մասնակիցների կարծիքները հանձնաժողովի ստեղծման դրական կողմերի կամ հնարավոր վտանգների մասին։ Նրանք արտահայտեցին իրենց տեսակետները՝ ընդգծելով, որ հանձնաժողովի ստեղծումն, արդեն իսկ, կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իսկությունը։ Ամփոփելով այս փուլը՝ Անահիտը նշեց, որ 1998-2008 թվականներին հայ-թուրքական հարաբերություններում ակտիվություն մտցնելուն ուղղված ավելի քիչ քայլեր կատարվեցին, քան նախորդ փուլում։

Ներկայացնելով 2008-ից 2018 թվականների հայ-թուրքական հարաբերությունները՝ բանախոսը նշեց, որ Սերժ Սարգսյանն ավելի նախաձեռնողական գտնվեց Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերում, բայց, միևնույն է, այս հարաբերություններում առաջընթաց չարձանագրվեց։ Նա նաև հավելեց, որ խոսել այս շրջանի հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշանակում է խոսել ֆուտբոլային դիվանագիտության և դրան հաջորդած Ցյուրիխյան արձանագրությունների մասին։ 2008 թ․ սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահի հրավերով Հայաստան ժամանեց Թուրքիայի նախագահը՝ դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, իսկ Թուրքիայում տեղի ունեցած պատասխան խաղին ներկա գտնվեց ՀՀ նախագահը։ Այս ամենի վերջնարդյունքն եղավ 2009 թ․ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ-ի և Թուրքիայի արտգործնախարարների՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների ստորագրումը, որոնք այդպես էլ չվավերացվեցին, իսկ 2018 թ․ մարտի 1-ին չեղյալ հայտարարվեցին։

Խոսելով 2018 թվականից հետո տեղի ունեցող զարգացումների մասին՝ Անահիտը նշեց, որ ավելի շատ եղել է ՀՀ նոր իշխանությունների դիրքավորման փուլ և, ըստ էության, հայ-թուրքական որևէ շփում տեղի չի ունեցել։ Շեշտեց նաև, որ ՀՀ կառավարությունը հայտնել է իր պատրաստակամությունը առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։

Հանդիպման վերջում բանախոսն անդրադարձավ մասնակիցներին հուզող հարցերին, լսեց նրանց կարծիքներն ու տեսակետները այս թեմայի վերաբերյալ և ներկայացրեց իր դիտարկումները։

Պատրաստեց՝ Մարիամ Մանուկյանը


Անահիտ Կարապետյանի հեղինակած վերլուծություններին կարող եք ծանոթանալ հղմամբ: