Բանախոսություն «Չինաստանի վերելքի քաղաքատնտեսությունը» թեմայով

#EnlightTalks բանախոսությունների շարք՝ «Ինլայթ»-ի եռամսյա վերլուծական պրակտիկա ծրագրի շրջանակում: 

Հուլիսի 15-ին վերլուծական պրակտիկայի շրջանակներում տեղի է ունեցել «Ինլայթ»-ի վերլուծաբան, մասնագիտությամբ քաղաքագետ Գևորգ Գասպարյանի «Չինաստանի վերելքի քաղաքատնտեսությունը» թեմայով բանախոսությունը։

Բանախոսը հանդիպումը սկսեց Չինաստանի՝ ավանդականությունից արդիականություն անցումը խորհրդանշող նկարի ցուցադրումով: Նա նախ պատմական ակնարկ կատարեց վաղ շրջանում Արևելյան Ասիայի և այնտեղ Չինաստանի ունեցած գերիշխող դիրքի, արտասահմանցիների հետ փոխհարաբերությունների առաջին փորձերի մասին: Բանախոսը նախկին և ներկա ժամանակների համեմատությամբ ներկայացրեց Չինաստանի վերաբերյալ մի քանի ուշագրավ փաստեր՝ ՀՆԱ, առևտրային գործընկերության ցուցանիշ, աղքատության ցուցանիշ և այլն: Ուշագրավ է օրինակ այն հանգամանքը, որ 1978 թվականին Չինաստանը եղել է ավելի աղքատ, քան Սահարայից ներքև ընկած երկները (մեկ շնչի ՀՆԱ-ն կազմում էր 156 ԱՄՆ դոլար, որն ավելի փոքր էր, քան վերոնշյալ երկրների միջին մեկ երրորդինը` 490 ԱՄՆ դոլար):

Խոսելով Չինաստանի զարգացման հարցում Դեն Սյաոպինի նշանակալի դերի մասին՝ բանախոսը ներկայացրեց նրանից մի քանի մեջբերումներ, որոնք արտահայտում էին բարեփոխումների շրջանի փիլիսոփայությունը («Անցնել գետը՝ զգալով քարերը», «Կարևոր չէ կատուն սև է, թե սպիտակ, կարևորը նա մկներ բռնի» և այլն): Նա ներկայացրեց նաև Չինաստանի՝ բարեփոխումների քաղաքականության իրականացման սկզբունքները՝ պրագմատիզմ, աստիճանականություն, աշխատուժով առատ երկիր լինելը՝ որպես համեմատական առավելություն, կենտրոնացում, սոցիալական միատարրություն։ Օգտագործելով համեմատական առավելությունը և ուշ զարգացման առավելությունը՝ Չինաստանը հնարավորություն ստացավ զարգանալու մի մոդելով, որը հայտնի էր որպես արտահանմանն ուղղված զարգացում։ Սա իր հերթին հնարավորություն տվեց ունենալու կապիտալի կուտակում, որն էլ հետագայում ներդրվեց կապիտալի ինտենսիվ արդյունաբերություններում։ 

Բանախոսը անդրադարձավ նաև սոցիալիզմի չինական մոդելի և  շուկայական տնտեսության կոնցեպտի էվոլուցիային, քաղաքական բարեփոխումների ընթացքին, ներկայացրեց գյուղատնտեսական բարեփոխումների առանձնահատկությունները։ Խոսվեց զարգացում ապահովող գործոններ՝ կապիտալ, աշխատուժ, տեխնոլոգիաներ ձեռք բերելու եղանակների մասին, մասնակիցների հետ քննարկում ծավալվեց այն հարցի շուրջ, թե ինչպես էր Չինաստանում ծննդի վերահսկողությունը ծառայում կապիտալի կուտակմանն ու աշխատուժի խնդրի լուծմանը՝ որակի բարձրացմանը:

Հանդիպման մյուս մասում բանախոսը առանձին-առանձին անդրադարձավ կապիտալի ձեռքբերման եղանակներին (արտաքին առևտուր և ներդրումներ (FDI), ֆիսկալ ապակենտրոնացում, բանկային բարեփոխումներ/ներդրումներ), տեխնոլոգիայի ձեռքբերման եղանակներին, աշխատուժի առանձնահատկություններին (ծնելիության վերահսկման հետևանքներ, կրթություն, միջազգային մրցույթներում չինացիների բարձր ցուցանիշներ)։ Բանախոսը նշեց նաև Միացյալ Նահանգներում չինացիներին շնորհվող գիտական աստիճանների բարձր ցուցանիշների մասին, որ վկայում է Չինաստանի՝ որակյալ մասնագետների խնդիր այլևս չունենալու մասին։ Այս ամենի շնորհիվ Չինաստանը աշխատուժ ինտենսիվ արդյունաբերություններից անցում է կատարում դեպի կապիտալ ինտենսիվ արդյունաբերությունների և արտահանմանն ուղղված զարգացումից դեպի սպառողական հասարակության։

Վերջում բանախոսը խոսեց «Պատրաստված է Չինաստանում 2025» փաստաթղթի մասին, որով Չինաստանը պլանավորում է մինչև 2025 թվականը մի շարք ոլորտներում լինել առաջինը։ Նա հանդիպումն ավարտեց Չինաստանի մասին մի քանի զվարճալի և հետաքրքիր փաստերի ներկայացումով։


Պատրաստեց՝ Նարինե Գալոյանը