Աջակցելով համապարփակ և առավել արդյունքամետ մոտեցմանը՝ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը համագործակցություն է ձեռնարկում StrategEast-ի հետ՝ վերջիններիս նոր ծրագրի շրջանակներում․ «Տեղեկագրում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների (այսուհետև ԱլԳ) երկկողմ օրակարգի հիմնական հարցերի վերաբերյալ»: Տեղեկագիրը ձևավորված է որպես օգտակար գործիք հանրային կառույցների և որոշում ընդունողների համար, որոնց հետաքրքրության ոլորտն ընդգրկում է ԱլԳ տարածաշրջանը, և տարածվելու է ԵՄ և ԱլԳ ավելի քան 1000 բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կառույցների և ճանաչված փորձագետների շրջանում։
2020 թվականի հուլիսին «ՄԱԿ-Կանայք»-ը և ՄԱԿԲՀ-ն Եվրամիության հետ համատեղ նախաձեռնել են եռամյա տարածաշրջանային ծրագիր` ուղղված Արևելյան գործընկերության վեց երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում ու Ուկրաինայում, գենդերային կարծրատիպերի և գենդերային հիմքով բռնության դեմ պայքարին:
Ծրագիրը, որը կոչվում է «ԵՄ-ն՝ հանուն գենդերային հավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և գենդերային հիմքով բռնության» (“EU 4 Gender Equality: Together Against Gender Stereotypes and Gender-Based Violence”), ի վերջո, ձգտում է ամրապնդել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները և հնարավորությունները` հարցականի տակ դնելով ընտանիքի ու հասարակության մեջ տղամարդկանց ու կանանց դերերի վերաբերյալ պատկերացումները և փորձելով վերացնել գենդերային հիմքով բռնությունը:
StrategEast-ը հարցազրույց է վերցրել Արևելյան գործընկերության երկրների առաջատար փորձագետներից՝ ծանոթանալու իրենց հայրենի երկրներում գենդերային հավասարության հիմնախնդիրներին: Ահա Հայաստանի վերաբերյալ փորձագետների պատասխանները:
Ինչպե՞ս կարող եք նկարագրել ձեր երկրում գենդերային հիմնախնդիրները, կա՞ արդյոք գենդերային անհավասարություն (այսինքն` վարձատրության գենդերային խզվածք, գենդերային կարծրատիպային վարքագիծ՝ ներառյալ տղամարդկանց չներգրավումը ծնողական և ընտանեկան պարտականություններում, գենդերային հիմքով բռնություն և այլն):
Վերջին շրջանում կանանց ներգրավվածությունը աշխատաշուկայում աճել է, սակայն դա համամասնորեն չի բերել տղամարդկանց ներգրավվածության աճի: Այստեղ իրենց դերն ունեն և՛ անհատական հատկանիշները, և՛ երկրին ներհատուկ առանձնահատկությունները:
Երկրին ներհատուկ բնութագրերի դեպքում պետք է հաշվի առնենք մշակութային գործոնները, ինչպիսիք են կրոնական և ինստիտուցիոնալ ավանդույթներն ու վարքը, քանի որ երկուսն էլ մեծ ազդեցություն ունեն տնային տնտեսությունում տնային գործերի հավասար բաշխման վրա: Մի կողմից, Հայ առաքելական եկեղեցին ամուսնության ծեսերի միջոցով ուսուցանում է, որ կանայք անմիջականորեն ենթարկվում են տղամարդկանց, և նրանք պետք է հնազանդվեն, և առաջին հերթին, հանդես գան որպես մայր ու տնային տնտեսուհի: Մյուս կողմից, հատկապես Խորհրդային միության ժամանակաշրջանում, գենդերային դերերի նկատմամբ այս կողմնակալ վերաբերմունքը վերափոխվել էր, և հանգեցրեց աշխատաշուկայում կանանց ներգրավվածության ընդլայնման:
Ինստիտուցիոնալ կանոնակարգերի տեսանկյունից Հայաստանը ստորագրել է գենդերային հավասարության միջազգային կոնվենցիաներ և վերջերս սևագրել է 2019-2023թթ. գենդերային հավասարության ռազմավարության թարմացված տարբերակը, որում ձևակերպված են առաջնահերթությունները և տարբեր ոլորտներում գենդերային հավասարության արդիականացմանն ուղղված ճանապարհները: Ընդհանուր առմամբ, կանանց հավասարության իրավունքը ոչ միայն ամրագրված է օրենսդրությամբ, այլև ավելի է ամրապնդվում որպես սոցիալական նորմ:
Ներկայումս ՀՀ-ում թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ վարձատրվող աշխատանքը դիտարկում են որպես հիմնական միջոց` ընտանիքի համար ցանկալի ապրելակերպ ապահովելու և (կամ) ունենալու համար: Այնուամենայնիվ, վերը նշված գործոնների պատճառով կանանց մեծ մասը դեռևս «տնակենտրոն» է՝ տունը գերադասելով վարձատրվող աշխատանքից, կամ «հարմարվողական»՝ փորձելով համատեղել տան ու երեխաների հոգածությունը աշխատանքի հետ: Սակայն դա չի կարող նշանակել, որ տղամարդիկ «տնակենտրոն» չեն, քանի որ իրենց ընտանիքների կարիքները հոգալու համար լրիվ դրույքով աշխատանքի մեջ ներգրավումը ևս կարող է «տնակենտրոնության» արտահայտություն լինել: Թեև միևնույն ժամանակ թվում է, որ ժամանակը ՀՀ-ում տնային աշխատանքի բաշխման տեսանկյունից ամենաազդու գործոնը չէ, և կանանց զբաղվածությունը չի կարող էականորեն նվազեցնել տնային գործերին հատկացված ժամանակի հետ կապված կանանց և տղամարդկանց տարբերությունը:
Արդյոք ակնկալում եք, որ ծրագիրը կապահովի գենդերային հավասարություն ձեր երկրում, ի՞նչ արդյունքներ կարող են գրանցվել դրա իրականացման երեք տարվա ընթացքում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված տվյալների համաձայն մինչև 2019 թ. դեկտեմբերը կանանց աշխատուժի մասնակցությունն ավելի ցածր է, քան տղամարդկանցը. աշխատաշուկայի մաս է կազմում աշխատանքային տարիքի կանանց միայն կեսից ավելին (51.4%), տղամարդկանց 70.6%-ի համեմատ: Կանայք ավելի հակված են աշխատելու կես դրույքով, քան տղամարդիկ (34%-ն ընդդեմ 18%-ի): Գործազրկությունը բարձր է երիտասարդ կանանց շրջանում (15-24 տարեկան)` 45%, նույն տարիքային խմբի տղամարդկանց 33.3%-ի համեմատ: Կանայք սակավ ներկայացված են ղեկավար պաշտոններում: Չնայած նրանք ավելի հակված են բուհական կրթություն ստանալու, քան տղամարդիկ, փոքր և միջին ձեռնարկություններից (ՓՄՁ-ներ) մոտավորապես հինգից միայն մեկն ունի կին սեփականատեր:
Հայաստանում այս պատկերին «նպաստող» հիմնական գործոններից մեկը մասնագիտական կարծրատիպերն են, որոնք իրենց հերթին ազդում են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց կրթական նախընտրության վրա: Կրթության ոլորտում տղամարդիկ ավելի մեծ հավանականությամբ նախապատվությունը տալիս են մասնագիտական տեխնիկական կրթությանը, մինչդեռ կանայք ավելի շատ նախընտրում են համալսարանական կրթություն ստանալ առողջապահության, հասարակագիտության կամ կրթության ոլորտներում: Կանայք հակված են կարիերա կառուցելու այնպիսի ոլորտներում, որոնք կապված են կանանց ավանդական դերերի հետ և թույլ են տալիս նրանց կատարել իրենց ընտանեկան պարտականությունները: Այդ իսկ պատճառով նրանց մոտ պակասում են մասնագիտական առաջխաղացման ձգտումները։ Հաշվի առնելով, որ «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և գենդերային հիմքով բռնության» ծրագիրը նպատակ ունի նաև խթան դառնալ և գոտեպնդել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց՝ իրենց ընտրած կյանքի ուղուն հետևելու, հավասարապես հասարակական կյանքին մաս կազմելու և այն ղեկավարելու գործում, այն կարող է օգնել հաղթահարելու գենդերային տարանջատված կրթական/մասնագիտական ընտրության սահմանափակումները, բայց ընտրված ռազմավարությունը պետք է իրականացվի` հաշվի առնելով երկրի մշակութային համատեքստն ու սովորույթները, հակառակ դեպքում այն կարող է արդյունավետ չլինել:
Հեղինակներ՝ Նարինե Պետրոսյան և Հեղինե Ալեքսանյան (Narine Petrosyan and Heghine Aleksanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Սկզբնաղբյուրը՝ Strategeast
Թարգմանիչ՝ Արմինե Թաթոյան (Armine Tatoyan).