Լեռնային Ղարաբաղ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև

Ադրբեջանական զորքերը սեպտեմբերի 27-ին` ժամը 07:10-ին, հարձակման են անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ստեղծված իրադրության առնչությամբ հրապարակումներով են հադես գալիս միջազգային մամուլի ներայացուցիչ-պարբերականները` տարածելով ընդգծված հայաստանամետ և/կամ ադրբեջանամետ նյութեր։ Առաջիններից մեկն արձագանքել է ֆրանսիական հայտնի Le Figaro օրաթերթը․ ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը։

Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի վրա Ադրբեջանի հարձակումից հետո կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, երկու երկրները «ռազմական դրություն» հայտարարեցին։

Սեպտեմբերի 27-ին՝ կիրակի օրը, հայկական իշխանությունները հայտարարեցին ընդհանուր զորահավաք և ռազմական դրություն այն բանից հետո, երբ նոր մահացու մարտեր սկսվեցին Լեռնային Ղարաբաղի անջատողականների (որոնց աջակցում է Հայաստանը) և հարևան Ադրբեջանի ռազմական ուժերի միջև։ Այս նոր մարտերի հետևանքով մահացել է 23 մարդ և կան հարյուրավոր վիրավորներ։ «Հայաստանում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք է հայտարարված։ Կոչ եմ անում ողջ անձնակազմին ներկայանալ զինկոմիսարիատներ»,- իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ անջատողական շրջանի նախագահությունը նույնպես հայտարարել էր «ռազմական դրություն և 18 տարին լրացած բոլոր անձանց ընդհանուր զորահավաք» տեղական խորհրդարանի արտակարգ ժողովի ժամանակ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին խոստացել է հաղթանակ և վստահեցրել է, որ մարտավարական գոտի են գրավել։ «Ադրբեջանական բանակն այսօր կռվում է իր տարածքում, պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը, թշնամուն կործանարար հարվածներ է հասցնում։ Մեր շարժառիթը ճշմարիտ է, և մենք կհաղթենք»,- ասել է նա։ Ադրբեջանում նույնպես հայտարարված է ռազմական դրություն, և մայրաքաղաք Բաքվում պարետային ժամ է հաստատված։

«Ավտորիտար ռեժիմը (Ադրբեջանի) նորից պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին»,- հակադարձել է Հայաստանի վարչապես Նիկոլ Փաշինյանը ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթի ժամանակ՝ նշելով, որ Բաքուն և Երևանը «լայնածավալ պատերազմի» շեմին են, որը կարող է «անկանխատեսելի հետևանքներ» ունենալ և ծավալվել Կովկասից այն կողմ։

Ամենաքիչը 16 անջատողական զինվորականներ են սպանվել, և եղել են հարյուրից ավել վիրավորներ այս մարտերի ժամանակ՝ ըստ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների։ Պատերազմող կողմերը, որոնք զինված հարձակման պատասխանատվությունն իրար վրա են գցում, հայտնել են նաև քաղաքացիների զոհերի մասին։ Երևանը հայտնել է մեկ կնոջ և մեկ երեխայի մահվան, իսկ Բաքուն՝ հինգ անձից բաղկացած մի ընտանիքի անդամների մահվան մասին։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հուլիսին տեղի ունեցած միջսահմանային մարտերն արդեն իսկ առաջացրել էին միջազգային համայնքի մտահոգությունը։ Սակայն այս նոր էսկալացիայի ծավալը՝ Հայաստանում և Ադրբեջանում ռազմական դրության հայտարարմամբ, այս անգամ մտահոգում է երկու երկրների միջև իսկական բաց պատերազմ սկսելու հավանականությամբ։ Վերջիններիս վեճի առիթը Լեռնային Ղարաբաղի ինքնավար տարածքն է. հինավուրց մի հակամարտություն, որի վերսկսումը կարող է հանգեցնել Կովկասյան տարածաշրջանում մրցակցող ուժերի՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջամտությանը։

Հինավուրց հակամարտություն

Այս վերջին բախումներն ամենաուժեղն են՝ 2016-ից ի վեր, երբ Ղարաբաղի շուրջը տեղի ունեցող զինված բախումները քիչ էր մնում՝ Երևանի և Բաքվի միջև բաց պատերազմ առաջացնեին։ Դեռ այսօր էլ լարվածության մեծացումը սպառնում է Կովկասի՝ արդեն իսկ անկայուն տարածաշրջանի պոռթկմամբ: Այդ պատճառով է, որ կիրակի օրը Ռուսաստանը, ինչպես նաև Փարիզը և Եվրոպական միությունը, զինադադարի կոչ արեցին, մինչդեռ Թուրքիան իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին՝ հիշատակելով «հայկական ագրեսիան»։

1936 թվականին սովետականները սահամաններ գծեցին՝ ստեղծելու համար երեք Սովետական սոցիալիստական հանրապետությունները՝ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը։ Սահմանները հաստատվեցին՝ չնայած Ադրբեջանի և Հայասատանի ժողովուրդները զգալիորեն միախառնված էին։ Մնում էր Լեռնային Ղարաբաղի տարածքը, որ սովետականները թողնում են Ադրբեջանին։ Իրավիճակ, որն անընդունելի էր հայերի համար, որոնք այդ ժամանակ տարածքում մեծամասնություն էին կազմում։

1988 թվականին Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց անկախ են հռչակում։ Բայց միայն ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ է, որ իրավիճակը բորբոքվում է։ 1992 թվականի վերջին մեծածավալ մարտեր են բռնկվում։ Այդ ժամանակ «Լեռնային Ղարաբաղի պատերազմում» 30.000 մարդ զոհվեց։ 1994 թվականին Ռուսաստանի միջամտությամբ ստորագրված անկայուն զինադադարը շարունակում է կանոնավոր կերպով խախտվել։ Այդ ժամանակից սկսած ադրբեջանական իշխանությունները պարբերաբար փորձում են վերցնել տարածքի վերահսկողությունը՝ անհրաժեշտության դեպքում ուժային միջոցով։ Մարտերը ժամանակ առ ժամանակ հակադրում են անջատողականներին և ադրբեջանցիներին, ինչպես նաև Երևանին և Բաքվին, մինչդեռ խաղաղ բանակցությունները տարիներ ի վեր փակուղում են։

Սակայն այս ստատուս քվոն նաև տարածաշրջանի երկու մեծ ուժերի՝ Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքական խաղի արդյունքն է՝ պայմանավորված աշխարհաքաղաքական մրցակցային շահերով։

Դարանակալած Թուրքիան և Ռուսաստանը

«Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի հարձակումը Ադրբեջանի վրա»,- այսպես է հակադարձել Թուրքիայի նախագահի խոսնակը թվիթերում՝ խոստանալով Ադրբեջանին «Թուրքիայի լիակատար աջակցությունը»։ Թուրքիան, որ վաղուց ի վեր Հայաստանի թշնամին է և հրաժարվում է ընդունել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից կատարված ցեղասպանությունը, Ադրբեջանի կողմնակիցն է և նրա հետ ունի լեզվական և կրոնական ընդհանուր արմատներ։ Սակայն հատկապես Թուրքիան տարածքային հավակնություններ ունի, որոնք գալիս են Օսմանյան կայսրությունից և որոնք  այսօր թափահարում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ռուսաստանն իր հերթին կոչ է արել «անմիջապես զինադադար հաստատել և բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու համար»։ Ռուսաստանի դերն այս հակամարտության մեջ երկբայելի է մնում։ Համարվելով Հայաստանի ավանդական դաշնակիցը, որին  մատակարարում է նրա զինվորական սպառազինության մեծ մասը և որտեղ նա ռազմական բազաներ ունի՝ Ռուսաստանը նրա հետ ունի նաև ուղղափառ քրիստոնեական ավանդույթի ընդհանրություն։ Թեև մի քանի տարի է, ինչ Մոսկվան կարծես մոտեցել է Ադրբեջանին՝ զգալի քանակով սպառազինությունների վաճառքի միջոցով։

Այս կիրակի Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ Մևլութ Չավուշօղլուն, հեռախոսային զրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ միջսահմանային հակամարտության շուրջ, նշել է թուրքական դիվանագիտական աղբյուրը՝ առանց լրացուցիչ մանրամասներ հայտնելու։

Բնօրինակի հեղինակ՝ Le Figaro avec AFP

Թարգմանիչ՝ Լուսինե Աղաջանյան (Lusine Aghajanyan) ©  Բոլոր իրավունքները պաշտպանված են։


Արցախյան իրադարձությունների վերաբերյալ միջազգային մամուլի արձագանքին ծանոթացեք հղմամբ: