Պատժամիջոցներ և միջազգային արձագանք
Ուկրաինական ճգնաժամի գրեթե սկզբից պարզորոշ երևաց շահերի և մոտեցումների տարբերությունը մի կողմից ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների, մյուս կողմից՝ ՌԴ-ի միջև:: Այս տարբերությունները ի վերջո վերաճեցին բացահայտ քաղաքական առճակատման: Արևմտյան դաշնակիցները Ռուսաստանի դեմ սկսեցին կիրառել տնտեսական պատժամիջոցներ, ինչին Ռուսաստանը պատասխանեց նույն կերպ: ԵՄ պատժամիջոցները ընդգրկում են Ռուսաստանին վաճառվող բոլոր զենքերի ու զինատեսակների էմբարգո: Սանկցիաները արգելում են նաև երկակի օգտագործման ապրանքների, նավթի և գազի արդյունահանման, թերթաքարային հանքավայրերում և Արկտիկայում հետազոտությունների համար անհրաժեշտ տեխնոլոգիաների վաճառքը:
Ի պատասխան Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների՝ օգոստոսի 6-ի՝ ՌԴ նախագահի հրամանով 1 տարի ժամկետով արգելվել է գյուղատնտեսական ապրանքների` տավարի, խոզի, թռչնի մսի, պանրի, մրգի և կաթի ներկրումը Ռուսաստան հետևյալ երկրներից` Ամերիկա, ԵՄ երկրներ, Կանադա, Ավստրալիա, Նորվեգիա: Նույն օրերին Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել նավթային «Յուկոս» ընկերության օգտին՝ ընդդեմ Ռուսաստանի, համաձայն որի՝ Ռուսաստանի Դաշնությունը 1.86 մլրդ եվրո պետք է փոխհատուցի «Յուկոսի» բաժնետերերին: «Յուկոսը», սակայն, պահանջել էր 98 մլրդ եվրո:
Արևմտյան սանկցիաները, որ գործադրվեցին երեք փուլով, հիմնականում ազդեցին շարքային քաղաքացիների և ֆինանսաբանկային ոլորտի վրա. լրջորեն արժեզրկվեց ռուբլին, տեղի ունեցավ շեշտակի ինֆլյացիա: Հարկավոր է նշել, որ Ռուսաստանի վրա դրված տնտեսական պատժամիջոցները չունեցան սպասված հետևանքները: Սոցիալական խնդիրները չվերաճեցին քաղաքական դժգոհությունների, ինչը պայմանավորված էր Ռուսաստանի ժողովուրդների հոգեբանական առանձնահատկություններով և հավաքականացման ռեսուրսների դյուրագրգիռությամբ (Հայրենական կամ Մեծ հայրենական պատերազմները և, ընդհանրապես, Ռուսաստանի վրա որևէ միջազգային ճնշման բոլոր փորձերը բերել են այդ երկրում հայրենասիրության, իշխանամետության և միասնականության շեշտակի վերելքների): Ռուսաստանի համար մեկ այլ դրական ձեռքբերում եղավ մի քանի գիգանտ կորպորացիաների ակտիվների որոշիչ փաթեի ձեռքբերումը պետության կողմից: Ռուբլու արժեզրկման և տնտեսկան անկման բարձրակետին այդ ակտիվները լրջորեն արժեզրկվեցին, ու ակտիվատերերը սկսեցին դրանք արագորեն վաճառել: Օգտվելով առիթից՝ պետությունը պետական ռեզերվների հաշվին գնեց դրանք՝ սահմանելով պետական վերահսկողություն:
Դիտարկենք, թե ինչ վնաս կկրեն Արևմտյան պետությունները Ռուսաստանի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում: Դրանք ԵՄ-ին կարող են հասցնել 6,7 մլրդ եվրոյի վնաս (հաշվարկված է Նիդերլանդական ֆինանսական ընկերության կողմից (ING))՝ վտանգի տակ դնելով 130 հազար աշխատանքային տեղեր ողջ Եվրոպայում: Փոխարենը՝ ռուսական տնտեսությունը շատ ավելի զգայուն էր սանկացիաների նկատմամբ, թեև մինչ այժմ չկա քիչ թե շատ արժանահավատ և պրոֆեսիոնալ հաշվարկ, թե որքան են կազմել Ռուսաստանի տնտեսությանը հասցված կորուստները:
2014թ. նոյեմբերի 15-16-ը ավստրալական Բրիսբեն քաղաքում տեղի ունեցավ Մեծ 20-յակի հանդիպումը: Վերլուծելով Պուտինի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը՝ սառը ընդունելություն, Կանադայի և Մեծ Բրիտանիայի վարչապետների հետ զրույցների բովանդակություն, մեկուսացվածություն և այլն, գալիս ենք այն եզրակացությանը, որ ի թիվս այլ պատժամիջոցների՝ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության դեմ պայքարում սկսվել է օգտագործվել անձնապես Պուտինի վրա ճնշում գործադրելու մոտեցումը: Բացի այդ՝ Ռուսաստանը ակնհայտորեն դուրս է մնում գեոպոլիտիկ զարգացումներից այն պարզ պատճառով, որ իրեն ուղղակի հաշվի չեն առնում: Սխալվեց ռուսական քաղաքական միտքը՝ համարելով, թե Ռուսաստանի քաղաքա-տնտեսական դիրքը աշխարհում այնքան է մեծացել, որ առանց Ռուսաստանի որևէ լուրջ աշխարհաքաղաքական գործընթաց չի կարող իրականացվել: Քաղաքական առումով բացատրությունների կարիք չկա. քաղաքական որոշումների ընդունման ու գործադրման էտապներում Ռուսաստանը վաղուց բացակայում է, իսկ տնտեսականն ի սկզբանե եղել է Ռուսաստանի ցավոտ կողմը: Այսպես՝ Ռուսաստանն իր նոմինալ ՀՆԱ-ով աշխարհում 8-րդ է՝ կազմելով համաշխարհային ՀՆԱ-ի 2%-ը, իսկ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ճապոնիայի ՀՆԱ-ն միասին կազմում է համաշխարհայինի 53.4%-ը: Առանց նավթագազային բլոկի արտահանումից գոյացող եկամուտի Ռուսաստանը դուրս է մնում թոփ քսանյակից՝ մոտավորապես հավասարվելով Շվեդիայի ցուցանիշներին: Ռուբլու տարածվածությունը համաշխարհային առևտրում կազմում է 00.2%, իսկ վերջինիս կայունությունը ամբողջովին կապված է գազի և նավթի գների հետ:
Ռուսական քաղաքական վերնախավը, սակայն, իրավիճակից դուրս գալու ուղիներ է փնտրում ոչ թե ակնհայտ հակաիրավական և վնասակար քաղաքականության ուղղման, այլ Չինաստանի հետ մտացածին առանցքներ կազմելու ճանապարհով: Խոսքը վերաբերում է ռուսական ԶԼՄ-ների և գործիչների կողմից խիստ ուռճացված ռուս-չինական պայմանագրին (21.05.2014), որի ընդհանուր գումարային արժեքը 30 տարվա համար կազմում է ընդամենը 400 մլրդ. դոլար (տարեկան մոտ 13 մլրդ դոլար): Այս պայմանագրի աննշանության մակարդակը հասկանալու համար անցում կատարենք Բրիսբենյան գագաթնաժողովի (15-16.11.2014) ընթացքում չինական ձեռքբերումներին: Չինաստանը պահպանեց իր դիրքերը աֆրիկական շուկայում, որի հետ դրամաշրջանառությունը գերազանցում է ռուս-չինականին, կնքեց պայմանագրեր Ավստրալիայի, խաղաղօվկիանոսյան ավազանի այլ երկրների հետ: Նոր պայմանագրեր ի հայտ եկան նաև չին-ճապոնական հարաբերություններում: Առաջին անգամ բարձրաձայնվեց «Նոր մետաքսե ճանապարհ» հսկայածավալ ծրագրի մասին, որին Ռուսաստանը այնուամենայնիվ կմասնակցի, սակայն դեռ հայտնի չէ՝ ինչ ներգրավվածությամբ: Նշվածներից յուրաքանչյուրը առանձին-առանձին գերազանցում է ռուս-չինական գազային պայմանագրի ծավալները:
Հետևանքներ
1 միլիոն բռնագաղթված՝ 634 հազար ներքին, 594 հազար արտաքին, 5000-ից ավելի սպանված խաղաղ բնակիչ, 8000-ից ավելի սպանված զինվորական, 10.000-ից ավելի ծանր վիրավորներ. մոտավորապես այսպիսին են ուկրաինական ողջ ճգնաժամի և պատերազմի հետևանքները :
Այն քաղաքական-տնտեսական առճակատումը, որին մենք ականատես ենք լինում, վերջին երեք տարիների ընթացքում արևմուտք-արևելք հարաբերություններում, կարելի է բնութագրել «նոր համաշխարհային սառը պատերազմ» եզրույթով: Սա նոր տիպի պատերազմ է, որը որակապես տարբերվում է իր նախորդներից: Մասսայական խոցման զենքի ստեղծումից և տարածումից ի վեր՝ գործնականում վերացել է մեծ միջազգային «տաք» կոնֆլիկտների ծագման վտանգը: Եվ եթե դասական «սառը պատերազմը» իրենից ներկայացնում էր սպառազինությունների մրցավազքի, լոկալ «տաք» կոնֆլիկտների ու համակարգերի տարածման պայքարի ամբողջություն, ապա արդի «սառը պատերազմը» (novum bellum frigidum) բնութագրվում է ֆինանսների, միջազգային տնտեսական գործիքների, տնտեսական կոալիցիաների, ռեսուրսների (հիմնականում էներգո) և դարձյալ տեղային տաք կոնֆլիկտների համադրությամբ:
Այս հակամարտությունը պարզ դարձրեց կողմերի գլոբալ և տարածաշրջանային նպատակները: Ռուսաստանը ձգտում է առնվազն պահպանել նախկին ԽՍՀՄ երկրների չեզոքությունը, իսկ ավելի ցանկալի է նրանց հետ հաստատել դաշնակցային հարաբերություններ՝ առաջնորդվելով եվրասիականության գաղափարով: ԱՄՆ-ի համար տարածաշրջանային նպատակ է ավանդապես Ռուսաստանի ազդեցության ոլորտում գտնվող երկրներում քաղաքական, մշակութային և օրիենտացիոն փոփոխությունների սերմանումը, իսկ գլոբալ առումով՝ համաշխարհային հեգեմոնիայի պահպանումը, ինչը դեռևս հաջող կերպով իրականացվում է ԱՄՆ-ի կողմից: Հակամարտության ողջ ընթացքում նկատելի էր ռուսական կողմի պրոֆեսիոնալիզմը, շեշտակի որոշումներ կայացնելու ու արագ կողմնորոշվելու ունակությունները, որոնք, սակայն, ներկայանում են որպես ավտորիտար ռեժիմների դասական առավելություններ: Ակնհայտ դարձավ նաև, որ Ռուսաստանի ողջ քաղաքական համակարգը հենված է 1 անձի վրա, ինչը, թերևս, ժամանակակից Ռուսաստանի ամենաթույլ կողմերից է:
Ուկրաինական ճգնաժամի հետևանքներից էր նաև Ռուսաստանի կողմից Ուկրաինայի՝ ավանդապես ռուսական ազդեցության գոտում գտնվող ամենամեծ երկրի մշտական կամ երկարաժամկետ կորուստը, դրացի ժողովուրդների միջև ատելության մթնոլորտի առաջացումը, Ռուսաստանի միջազգային և մշակութային մեկուսացումը: Ռուսաստանի դաշնակիցների ոչ ակտիվ մասնակցությունը հակամարտությանը պարզորորշ դարձրեց նաև վերջինիս աշխարհաքաղաքական միայնակությունը: Այս ամենի դիմաց Ռուսաստանը ձեռք բերեց Ղրիմը:
Ընդհանուր առմամբ՝ մենք ականատես ենք լինում լրջագույն պատմական իրողության. 18-րդ դարից ի վեր Ռուսաստանը երբեք չէր պատերազմել իր բուն կենսական սահմաններին այսքան մոտ՝ պարտվելով այդ պատերազմում: Ռուսաստանը, որն, ինչպես երևաց, չի պատկանում աշխարհի գերհզոր տնտեսությունների թվին, և որը պարտվում է գեոպոլիտիկ պայքարում անգամ իր սահմանների մոտ, շարունակում է ցուցադրել հավակնոտ քաղաքական ամբիցիաներ, որոնք հիմնականում ներկայանում են որպես ռուս ժողովրդի մեծապետական ձգտումների և Ռուսաստանի առաջնորդի կամքի ու ցանկությունների հետևանք՝ շատ հաճախ հեռու լինելով իրականությունից:
Հարկ է նկատել, որ երբևիցե դեմոկրատացման ու արևմտականացման ալիքը այսքան մոտ չէր եղել Ռուսաստանին. պայքարը չի ընթանում օրինակ ԵՄ անդամ Չեխիայի, կամ ԱՄՆ հարևան Մեքսիկայի համար, այլ վիճարկվում է Ռուսաստանի անմիջական և խոշորագույն հարևան ու պատմական ինքնագիտակցության խոշոր մասնիկ հանդիսացող Ուկրաինայի հարցը, ինչը, ինքնին, արդեն պարտություն է Ռուսաստանի համար:
Ուկրաինական ճգնաժամի արդյունքում հնարավոր եղավ աշխարհաքաղաքական իրավիճակը և ուժերի բաշխվածությունը ներկայացնել առավել պարզեցված ձևով. չնայած բոլոր կանխատեսումներին՝ աշխարհը դեռևս շարունակում է մնալ ամերիկակենտրոն, ինչը պայմանավորված է այլ ուժային կենտրոնի բացակայությամբ:
Օգտագործված գրականության ցանկ
- http://www.archives.gov.ua/
- http://ria.ru/
- http://rt.com/
- http://www.foreignaffairs.com/
- http://www.kyivpost.com/
- http://www.themoscowtimes.com/
- http://russia.tv/
- http://edition.cnn.com/
- http://www.foxnews.com/
- http://www.forbes.com/
- https://www.wikipedia.org/
- http://www.britannica.com/
- http://www.euronews.com/
- http://rulers.narod.ru/
- http://www.historytoday.com/
- Грушевский М.,. Иллюстрированная история Украины, Киев, 1995.
Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ընթերցեք նաև