Ամերիկան պետք է կանգնեցնի Թուրքիայի խարդախամիտ արկածախնդրությունը Հարավային Կովկասում
Ամերիկան կարող է օգնել իրացնել հայերի ինքնորոշման ձգտումները՝ ճանաչելով Թուքիայի խարդախ վարքագիծը, ինչպիսին որ այն կա: Դա հետագայում թույլ կտա կարող ուժերին, ինչպիսին Ռուսաստանն է, խաթարել Թուրքիայի թշնամական մտադրությունները հօգուտ տարածաշրջանի կայունության:
Ալեքսանդր Քլարկ
Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող վեճը պետք է ամերիկացիների մոտ արձագանք գտնի՝ որպես Սառը պատերազմի ավարտից հետո ավելի բարդ դարաշրջանում մեր երկրի թուլացած իշխանության նախորոշման դեպքի օրինակ: Վաշինգտոնի արտաքին քաղաքականության գերատեսչությունը խստորեն դատապարտել է Թուրքիային ռուսական S-400 օդային պաշտպանության համակարգերի գնման, Կիպրոսի հետ գազային վեճերի, և այլ աշխարհաքաղաքական բռնկումների պատճառով: Սակայն Թուրքիայի պահվածքը Հարավային Կովկասում հասել է լկտիության գագաթնակետին՝ նույնիսկ այնպիսի ուժեղ մարդու համար ինչպիսին Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Նա Թուրքիայի ողջ աջակցությունն է ուղղել մի պետության, որն ագրեսիվորեն ռմբակոծում է Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերը, ինչպիսին է՝ Ստեփանակերտը: Ամերիկայի արտաքին քաղաքական վերնախավը վերջերս համեմատաբար հանգիստ է Թուրքիայի ներկայիս պահվածքը դատապարտելու հարցում: Հարավային Կովկասում Թուրքիայի մեծ խաղի նկատմամբ պատժամիջոցների բացակայությունը հակադրվում է անցյալ տարվա Ամերիկայի արձագանքին, երբ Թուրքիան ներխուժեց հյուսիսային Սիրիա և հեռացրեց Ամերիկայի քուրդ դաշնակիցներին: Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը: Ղարաբաղի հարցում Էրդողանը գտնվում է Ամերիկայի մերձարևելյան առանցքային դաշնակցի՝ Իսրայելի կողմում: Այս իրողությունը Վաշինգտոնի քաղաքական գործիչներին դժվարին կացության մեջ է դնում: Ադրբեջանը, Իսրայելը և Թուրքիան միավորվել են Ռուսաստանի՝ Հայաստանի ամենակարևոր դաշնակցի, և Իրանի՝ Հայաստանի` Վրաստանից բացի միակ սահմանամերձ առևտրային գործընկերոջ դեմ: Ստոր գաղտնիքն այն է, որ Թուրքիայի և Էրդողանի կեղծ լիբերալիզմի սկզբունքային դատապարտումը այսքան հեռուն է անցնում Վաշինգտոնի իշխանութան միջանցքներով, քանի որ արտաքին քաղաքական վերնախավը գերկենտրոնացած է մնում Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ մրցակցության վրա: Օրինակ Մայքլ Դորանը (Հուդզոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող) թվիթել է. «Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի: Այսպիսին են դաշնակցությունները Կասպյան տարածաշրջանում», մինչդեռ հաջորդիվ գովում է Էրդողանին Իրանին թուլացնելու միջոցով Իսրայելին օգնելու համար: Լինելով այն քիչ մարդկանցից մեկը, ով հայ չլինելով այցելել է Ղարաբաղ` ես հիանալի վերաբերմունքի եմ արժանացել բնակիչների ջերմ հյուրընկալությամբ: Իմ տեսանկյունից քաղաքացիներին ԱԹՍ-ներով և բալիստիկ հրթիռներով ահաբեկող պետության կեցվածքն անըմբռնելի է: Ես համակարծիք եմ ամերիկացիների մեծամասնության հետ, որոնք հոգնել են տասնամյակներ տևող ռազմականացված արտաքին քաղաքականությունից և Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական ձախողված շախմատային քայլերից: Մենք պետք է մարտահրավեր նետենք Վաշինգտոնի ակնհայտ թուրքամետ գործունեությանը, որը բխում է Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում և դրանցից դուրս անվերջ պատերազմն արդարացնող մտածողությունից: Փոխարենը պետք է ողջունենք ռուսական խաղաղասիրությունը, քանի որ մենք ձգտում ենք նվազեցնել մեր արտասահմանյան ռազմական պարտավորությունները և զսպել Էրդողանի ագրեսիան:
Ղարաբաղյան շարունակվող հակամարտությունում Թուրքիայի պահվածքի վերլուծությունն անհրաժեշտ էր՝ հասկանալու Էրդողանի ցինիզմի և կոպիտ ուժային քաղաքականության խորությունը: Թուրքիայի կողմից Ղարաբաղում վարձկանների օգտագործումը ուշագրավ է թուրք բռնապետի նեոօսմանական ծավալապաշտության մեջ: Թուրքիայի ռազմական ուժերը ավելի քան 1500 սիրիացի վարձկան են տեղափոխել Լեռնային Ղարաբաղի առաջնագիծ, որպեսզի օգնեն Ադրբեջանին վերադարձնել վիճելի տարածքը: Այս վարձկանները այն նույն սուննիջիհադիստ ուժերից են, որոնք կռվում են Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ Լիբիայում և Իդլիբում` Սիրիայում: Foreign policy-ի վերլուծաբան Լիզ Քուկմանը փոխանցում է այն քամահրանքը, որ քողարկված է այս .պրոքսի պատերազմի ետևում: Սիրիացի երիտասարդ տղամարդիկ, մոտ մեկամսյա վարժանքներից և ամսական 1500 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց, նետվել էին պատերազմի բովի մեջ՝ իրենց անձնական անվտանգության համար նվազ արժեքականությամբ: Այս երիտասարդ տղամարդկանց նույնպես խաբել են: Թուրքերը նրանց հավաստիացրել էին, որ իրենց պարտականությանն են հանձնվելու պահեստազորային առաջադրանքները: Ադրբեջանի Բարդա շրջանում մի մարտիկ հայտնում է, որ կռվի ժամանակ սիրիացիները շատ քիչ աջակցություն ու հաղորդակցում են ստանում պաշտոնական ադրբեջանական զինված ուժերից: Այս ռազմավարական զանցառությունը հետևանք դարձավ շուրջ 55 սիրիացու մահվան, որոնց դիակները վերադարձրին Սիրիայում սգացող ընտանիքներին` գումարելով ճակատագրի մեկ այլ դաժան հեգնանք մի երկրի, որը ներքաշված է մարդկային տառապանքների մեջ: Իրապես, այս տառապանքներում փոքր դեր չունի Թուրքիան, որն իր ազդեցության գոտին է ստեղծում Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբի շրջակայքում, այնպիսի խմբավորումների միջոցով, ինչպիսին է նախկինում Ալ-Քաիդային կից Հայաթ Թահրիր ալ-Շամ խմբավորումը, որն օգտագործում է թուրքական լիրան պատերազմից տուժած իր իրավասության տակ գտնվող տարածքներում: Կարճ ասած՝ Թուրքիան օգտագործում է այն անկայունությունը, որը բորբոքել է Սիրիայում շուրջ մեկ տասնամյակ ձգվող քաղաքացիական պատերազմում, Ղարաբաղում հետագա անկայունություն ու ավերածություններ հրահրելու համար:
Եթե Մերձավոր Արևելքում պրոքսիների օգտագործումը ստվերային դասավորումներում աշխարհաքաղաքական իշխանության նախորոշման համար ծանոթ է հնչում. պետք է այդպիսին լինի: ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետների շրջանում Իրանի հասցեին ամենամեծ քննադատություններից մեկը Յեմենից մինչև Սիրիա պրոքսի ուժերի կազմակերպումն է Թեհրանի կողմից: Այս դատապարտումը նշանակալի է: Ֆաթիմիյուն բրիգադների երիտասարդ շիա աֆղանները նույն վերջաբանն ունեցան, ինչ և Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիայի ազգային բանակի» (ՍԱԲ) շատ զինվորներ Ղարաբաղում:
Նյու Յորք Թայմսի զեկույցում Ֆաթիմիյունի վետերանները մանրամասն ներկայացրին իրենց առաջադրանք-հանձնարարականների զարհուրելի էությունը՝ պնդելով, որ մեկ մարտում երեք հարյուրից միայն երեսունն էր ողջ մնում: Զեկույցը մանրամասնում է, որ Ֆաթիմիյունի մարտիկները գալիս են մարգինալացված ընտանիքներից, ինչպես և «Սիրիայի ազգային բանակի» զինվորները: Աֆղան փախստականների նրանց երերուն կարգավիճակը պատերազմն այլընտրանք է դարձնում աղքատության շեմի վարձատրությանն ու արտաքսմանը: Ըստ Մերձավոր Արևելքի Ինստիտուտի՝ Ֆաթիմիյունի իրանցի հրամանատարները էժան են գնահատում իրենց մարտիկների կյանքերը՝ նետելով անպատրաստ աշխարհազորայիններին մահվան ելքի բարձր հավանականությամբ մարտերի մեջ: Այս պահվածքը արդարացիորեն դատապարտվում է, երբ Իրանը ամրացնում է իր «Շիա կիսալուսնի» իշխանությունը Մերձավոր Արևելքով մեկ: Այն պետք է դատապարտվի նաև, երբ Էրդողանն աջակցում է Ադրբեջանին՝ հայերին իրենց պատմական հայրենիքից հնարավոր էթնիկ զտման հարցում:
Ղարաբաղյան հակամարտության ամենասարսափեցնող կողմերից մեկը Բաքվի կողմից Ղարաբաղի հայերի դեմ իսրայելական ու թուրքական ԱԹՍ-ների ու հրթիռային տեխնոլոգիաների կիրառումն է: Լեռնային շրջանում ապրող քաղաքացիները ստիպված են վախի մեջ ապրել իրենց գլխավերևում շչացող մահացու ձայներից, երբ իսրայելական արտադրության Harop ԱԹՍ-ները թռչում են դեպի իրենց նշանակետերն ու պայթում կամիկաձեի նման: Մարտակերտ քաղաքի հայ քաղաքացիները լսել են ադրբեջանական զինանոցին հատուկ այս մահացու զենքի ձայնը: Հոկտեմբերի 2-ին հայտնվեցին կադրեր, թե ինչպես է իսրայելական արտադրության LORA բալիստիկ հրթիռը ոչնչացնում կամուրջը Հայաստանի ու Ղարաբաղի միջև: Գերժամանակակից զենք՝ 33 ոտնաչափ հարվածային ճշգրտությամբ. քաղաքացիական ենթակառուցվածքի այս ոչնչացումը մարտում LORA հրթիռի առաջին կիրառությունն էր: Ի տարբերություն Թուրքիայի լռությանը վարձկանների հարցում՝ Ադրբեջանը բացեիբաց պարծենում էր բարձր տեխնոլոգիաների ոլորտում իր առավելությամբ՝ չարախնդորեն հաղորդելով իր ԱԹՍ-ների խոցումների տեսանյութերը Բաքվում հանրային գովազդային վահանակներով:
Ադրբեջանը արդարացնում է Հայաստանի հանդեպ իր ռազմական գործողությունները այն հիմքով, որ Լեռնային Ղարաբաղը օկուպացված ադրբեջանական տարածք է: Ադրբեջանի կողմնակիցները հաճախ Ղարաբաղը ներկայացնում են որպես նեոգաղութատիրական վերաբնակեցման ինչ-որ նախագիծ՝ թելադրված հայերի կողմից: Այս զրպարտությունը չի կարող ճշմարտությունից ավելի հեռու լինել: Լինելով Ղարաբաղում՝ ես պատիվ ունեցա քայլելու Գանձասարի վանական համալիրի սուրբ հողով, որը վեր է խոյանում լեռնոտ գագաթներին 1200-ականներից ի վեր: Հայաստանի հարուստ գրական ավանդույթները խոսում են Ղարաբաղի մասին՝ որպես իրենց բուն հայրենիքի գոհարի:
Իհարկե, Հայաստանի պատմական սահմանները չեն կարող քննարկվել, առանց Հայոց ցեղասպանության անարդարություններին անդրադառնալու: 1915-1923 թվականներին ամբողջությամբ մարվել է հազարամյա հայկական ներկայությունը արևելյան Թուրքիայում: 1.5 մլն հայ զոհվեց օսմանյան խոշտանգումների, կոտորածների, հարկադիր աշխատանքի և տեղահանության արդյունքում: Հայոց պատմության և մշակույթի խորհրդանիշերը, ինչպիսին է՝ Վան քաղաքը, ջնջվեցին երկրի երեսից: Այսպիսի ցավալի պատմական հիշողությամբ՝ հայ ժողովուրդը ձգտում է երաշխավորել, որ այլևս չեն կորցնի իրենց պատմական տարածքը 1915 թվականի մռայլ արձագանքում:
Դեռ ավելին՝ էթնիկ հայերը միշտ էլ ժողովրդագրական մեծամասնություն են կազմել Ղարաբաղյան տարածաշրջանում: Երբ Հայաստանը Սովետական Միության մաս էր, Ղարաբաղը 1921 թվականին փոխանցվեց Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ղեկավարությանը Իիոսիֆ Ստալինի կողմից: Երբ Սովետական Միության փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի Սովետական խորհրդարանը միջնորդեց Ադրբեջանի կազմից դուրս գալու համար, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը պատասխանեց 1988-1990 թվականներին տարբեր ջարդերի ընթացքում էթնիկ հայերին կոտորելով և արտաքսելով: Պատերազմը սկսեց1991 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ Լեռնային Ղարաբաղը իրեն անկախ հռչակեց Խորհրդային Միությունից: Դրան հետևած կռիվը հողին հավասարեցրեց տարածաշրջանը՝ մոտ 30,000 զոհ և 1 միլիոն տեղահանված: Արդարության համար պետք է ասել, որ էթնիկ տեղահանումը միակողմանի չէր: Ղարաբաղում բնակվող ադրբեջանցիները փախան տարածաշրջանից և շրջակա տարածքներից, որոնք հետագայում քաոսի մեջ միակցվեցին հայկական ուժերի կողմից: Այնուամենայնիվ, դա չի փոխում այն փաստը, որ հայերը Ղարաբաղում մշտական ներկայություն են ունեցել:
Այսօր, այդ հայերը կանգնած են էքզիստենցիալ ընտրության առաջ՝ ի՞նչ կյանք կվարեն իրենց երեխաները՝ թաքնվելով ապաստարաններում: Երբ նախագահ Իլհամ Ալիևը պահանջում է Հայաստանից դադարեցնել Ղարաբաղի օկուպացիան, նա չի պահանջում պարզապես, որ տարածաշրջանը լքեն Հայաստանի զինված ուժերը: Կարո՞ղ ենք լրջորեն հավատալ, որ այն ռեժիմը, որը կանոնավոր կերպով ապամարդկայնացնում է հայերին, կհանդուրժի նրանց քաղաքացիական ներկայությունը Ղարաբաղում՝ զորքերի դուրս բերումից հետո: Ինչպես նշում է թուրք լրագրող Ուզայ Բուլութը. «Ադրբեջանն իր իրավասության տակ գտնվող բոլոր հայկական մշակութային արժեքների ոչնչացման շարունակական արշավ է իրականցնում, որը հիշեցնում է Իսլամական պետության հնագիտական թալանը: Ադրբեջանում, ըստ հետազոտողներ Սիմոն Մաղաքյանի և Սառա Փիքմանի, հայկական 89 եկեղեցի, 5.480 խաչքար և 22.700 գերեզմանաքար է ավերվել: Ես սարսռում եմ այն մտքից, թե ինչ կպատահի Գանձասարի վանական համալիրին ադրբեջանցիների օկուպացիայի դեպքում»:
2018 թվականի անմոռանալի փորձառության ընթացքում ես Ղարաբաղում հանդիպեցի փոքր երեխաներ ունեցող հիանալի, խաղաղասեր ընտանիքների: Իմանալով Ադրբեջանի անցյալը՝ ես գիտակցում եմ, որ «Հայաստանի օկուպացիային վերջ դնելու» ցանկացած կոչ նշանակում է, որ նման խաղաղ ընտանիքները տեղ չունեն այն տարածաշրջանում, որը սերունդներ շարունակ տուն են անվանել: Գալով այս տագնապալի եզրակացությանը՝ հայ ժողովուրդը հաստատակամորեն հավատում է, որ պայքարում է իր գոյության համար: Հենց այս մտածելակերպն է, մտածողությունն է դրդում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարել, որ Թուրքիան և Ադրբեջանը հույս ունեն ավարտին հասցնել Հայոցց եղասպանությունը: Հայ ժողովուրդը դարեր ի վեր եղել է պատմություն կորցնողների ծայրում՝ տրվելով շատ ավելի ուժեղ արտաքին ուժերի մեքենայություններին: Որպես փոքրիկ ազգ՝ բոլոր հայերը միայն իրենց հարևանների հետ խաղաղ ապագա ունենալոււ հույս ունեն: Նրանք հույս ունեն ազատորեն շարունակել զարգացնել իրենց քրիստոնեական և ժողովրդական եզակի մշակույթը հայրենի հողում: Էրդողանի և Ալիևի ավտորիտար ռեժիմների համար հայ ժողովուրդը շատ բան է պահանջում աշխարհի այս փոքրիկ անկյունում:
Հաշվի առնելով Հայաստանի բարոյական կարգավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ ինչպե՞ս պետք է Ամերիկան գնահատի իր ազգային շահերը: Չնայած՝ անթաքույց իմ կողմնակալությանը, Ամերիկայի կողմից ղեկավարվող ցանկացած խաղաղապահ միջամտություն Հայաստանի անունից հեռու է խելամիտ լինելուց: Շատ ամերիկացիներ արդարացիորեն թերահավատորեն են մոտենում ձգձգված ռազմական միջամտությանը՝ մեր ռեսուրսների սպառման պայմաններում: Առավել անհետաձգելի առաջնահերթությունը պետք է լինի մարտական գործողությունների դադարեցումը ի շահ թե՛ Ադրբեջանի, և թե՛ Հայաստանի քաղաքացիների: Այդ նպատակը ենթադրում է գիտակցումն առ այն, որ յուրաքանչյուր ճգնաժամ յուրաքանչյուր տարածաշրջանում չի արժանանում Ամերիկայի վճռական ներգրավվածությանը, ինչպես նկատում է Bloomberg-ի խմբագրական վերջին հոդվածը՝ հստակեցնելով, որ քարտերի մեծ մասը դեռևս Ռուսաստանի ձեռքում է: Մոսկվան նախկինում արդեն հաջողության հասել էր երկու կողմերի միջև հրադադարի շուրջ բանակցություններում: Իրոք, Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին, նրան հզոր լծակ է տալիս, որը Ամերիկան չունի: Չնայած թուրքական ներգրավվածությանը՝ Ադրբեջանի զինուժը չէր կարող հեռուն գնալ առանց ռուսական աջակցության: Էրդողանը ևս կարող է կասկածի տակ դնել ռազմական աջակցության բացը լրացնելու իր սեփական կարողությունը Թուրքիայում աշխարհաքաղաքական և տնտեսական լարվածության պատճառով: Մինչ Վլադիմիր Պուտինի դիվանագիտական քողարկումը նպաստեց Էրդողանի անցյալ ընդարձակմանը Սիրիայում, նա կարողացավ փոխել Թուրքիայի առաջնահերթությունները Ռուսաստանից աճող մեկուսացման պայմաններում։ Հաշվի առնելով կոնֆլիկտին աշխարհագրական և պատմական մոտիկությունը՝ Ռուսաստանն ամենաշատն է դնում խաղասեղանին՝ անցյալ հաջողությունները զարգացնելու և Թուրքիայի վարքագծին վերջ դնելու համար:
Նման զսպվածությունը, հիմնված ռեալիզմի վրա, կպահանջի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության էլիտայից ընդունել որոշ անհարմար ճշմարտություններ: Դրանցից գլխավորն այն է, որ Ռուսաստանին ընդդիմացող ագրեսիվ, թշնամական Թուրքիան, բայց և այնպես ագրեսիվ և թշնամական է: Ուստի, դա վտանգավոր է տարածաշրջանային անվտանգության համար: Եթե Ամերիկան փորձում է մեծ խաղ խաղալ Հարավային Կովկասում Ռուսաստանին և Իրանին հակազդելու համար, նա գնալու է անցյալի ռազմական անհաջող ճանապարհով, ինչպիսին է 2003 թվականին Իրաքի ներխուժումը, որը մեկուսացրեց Թուրքիային Միացյալ Նահանգներից և քաջալերեց Անկարային՝ ավելի ազատ գործել այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին է Հարավային Կովկասը: Իրոք, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ՝ արդյոք ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վատթարացումը դրական զարգացում կլինի ղարաբաղյան հակամարտությունում: Վերջնական պատասխանն է ՝ ոչ: Ուստի Ամերիկան պետք է կրճատի իր կորուստները և դադարեցնի ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ: Ամերիկան կարող է օգնել իրացնել ինքնորոշման հայկական ձգտումները՝ ճանաչելով Թուրքիայի խարդախամիտ պահվածքն այնպիսին, ինչպիսին այն կա: Հետագայում դա թույլ կտա այնպիսի գերտերությունների, ինչպիսին Ռուսաստանն է, միջոցներ ձեռնարկել վիճարկելու Անկարայի թշնամանքը՝ ելնելով տարածաշրջանային կայունության շահերից:
Ալեքսանդր Քլարկը Ջորջթաունի Արտաքին Ծառայությունների Դպրոցի ասպիրանտ է, որը գիտական աստիճան է ստանում Եվրասիական, Ռուսական և Արևելաեվրոպական ուսումնասիրություններում: Նա այցելել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ 2018 թվականի ամռանը:
Թարգմանիչներ՝ Լիաննա Սարգսյան (Lianna Sargsyan), Ջեմմա Խաչատրյան (Jemma Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: