Հեռավոր պատերազմ. ինչու՞ չի կարելի հաշվի չառնել Ղարաբաղը

Եվրոպացիները և ամերիկացիները կարող են որքան ասես մտահոգվել այս չարտասանվող անվանումով կոնֆլիկտի շուրջ, որն ընթանում է հեռվում ` Կովկասյան լեռների լանջերին, բայց ի վերջո այդ հարցի լրջորեն լուծմամբ զբաղվելուց բացի՝ այլընտրանք չեն ունենա։ Ավելին՝ չնայած մյուս հարցերով բոլոր հակասություններին` այն պետք է լուծել Ռուսաստանի հետ։

Անցյալ կիրակի Ադրբեջանի և Հայաստանի միջև կրակի դադարեցման համաձայնագիրը ստորագրելուց 26 տարի անց, որին այդ ժամանակներից ի վեր քիչ թե շատ հետևում էին, Լեռնային Ղարաբաղում նորից սկսվեցին կատաղի մարտերը։ Ինչո՞ւ հենց հիմա։ Առաջին՝ քանի որ փոխադարձ գրգռվածությունը վաղուց էր կուտակվել, երկրորդ՝ քանի որ հիմա մոտեցավ պատմական հատուկ պահը։

Հարկ է հիշեցնել, որ խոսքը հետխորհրդային տարածքում ամենաերկար էթնո֊տարածքային կոնֆլիկտի մասին է։ Սկսվելով 1988 թվականին քաղաքական հակասություններից՝ այն ստիպել է Միխայիլ Գորբաչովին շատ անքուն գիշերներ անցկացնել։ Երբ ԽՍՀՄ֊ը փլուզվեց, կոնֆլիկտը երկու անկախ պետություններ դարձած Հայաստանի և Ադրբեջանի զինված ընդհարման վերածվեց։

Պատերազմն ավարտվեց 1994 թվականին՝ կրակի դադարեցման մասին համաձայնագրով, որին հնարավոր եղավ հասնել Ռուսաստանի միջնորդությամբ և կռվի դաշտում արձանագրեց հայերի հաղթանակը։ Բայց կոնֆլիկտը մնաց չլուծված։ Ադրբեջանը կորցրեց ոչ միայն Ղարաբաղը, որտեղ դեռևս խորհրդային տարիներին հայերը բնակչության մեծամասնությունն էին կազմում, այլև մասամբ կամ ամբողջությամբ յոթ շրջաններ, որոնք երբեք չեն եղել վեճի առարկա, բայց առաջվա պես վերահսկվում են հայկական ուժերի կողմից։

1994 թվականից հետո շփման գծում որպես կանոն խաղաղություն էր տիրում՝ երբեմն շարունակվելով տարիներ, բայց ագրեսիվ հռետորաբանությունը երկու կողմերից էլ երբեք չի դադարել։ Ղարաբաղում խաղաղապահներ չկային, դրա հետ մեկտեղ երկու պետությունները ջանասիրաբար ավելացնում էին իրենց ռազմական ուժը՝ գնելով ծանր հրետանի,  հարվածային ավիացիա, անօդաչուներ, հեռահար հռթիրներ։

Պատերազմն արդեն տարածաշրջան վերադարձել էր 4 օրով 2016 թվականի ապրիլին, երբ զոհվեցին մոտ երկու հարյուր մարդ, ինչից հետո Ռուսաստանին հաջողվեց հասնել կրակի դադարեցման։ Բայց այժմյան բախումները ավելի լուրջ են։ Հասարակական կարծիքը և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տրամադրված է շատ ռազմատենչ, այդ իսկ պատճառով երկու պետությունների առաջնորդների համար դժվար է լինելու արագ կանգ առնել` հայտարարելով հաղթանակի մասին։ Էսկալացիայի և մասսայական ավերածությունների ռիսկը չափազանց մեծ է։

Իրավիճակը խորացնում են երկու նոր հանգամանքներ։ Առաջինն այն է, որ ի տարբերություն պետությունների մեծ մասի, որոնք ավանդաբար դեէսկալացիայի և ռազմական գործողությումների դադարեցման կոչ են անում, այս անգամ էրդողանյան Թուրքիան՝ տարածաշրջանում ազդեցիկ ուժը, բացահայտ աջակցում է կոնֆլիկտի կողմերից մեկին՝ Ադրբեջանին։

Գրեթե 30 տարի Թուրքիան ղարաբաղյան կոնֆլիկտի միակ միջազգային միջնորդի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ է եղել։ Թուրքերը միշտ քաղաքական առումով աջակցել են Ադրբեջանին, բայց միաժամանակ զսպել են նրան՝ խաղաղ լուծման կոչ անելով։ Այժմ ամեն ինչ փոխվել է, և աշխարհաքաղաքական հավասարակշռությունը  կոնֆլիկտի գոտում խախտված է։

Երկրորդ նոր հանգամանքն այն է, որ կոնֆլիկտից, հակառակ իր սովորույթի, հետ է քաշվել Միացյալ Նահանգները։ 1998 թվականից Վաշինգտոնը Մինսկի խմբի երեք համանախագահողներից մեկն է։ 2001 թ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Քի֊Վեսթում՝ Ֆլորիդայում, հանդիպում անցկացրին, որտեղ միջնորդ էր հանդիսանում ԱՄՆ֊ն։ Այդ ժամանակ նույնիսկ հույս կար, որ կոնֆլիկտը կհաջողվի լուծել։ Բայց այս անգամ՝ սեպտեմբերի 27֊ին, ԱՄՆ֊ն խոշոր տերություններից վերջինը եղավ, որը Ղարաբաղի իրավիճակի մասին հայտարարությամբ հանդես եկավ։

Սա ցույց է տալիս, որ Վաշինգտոնը ընդհանուր առմամբ կորցրել է հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ։ Բացառված չէ նաև այն, որ ներկայիս ԱՄՆ֊ի նախագահը, որը ժամանակին ներդրում էր արել Բաքվում այդպես էլ չկառուցված Թրամփի աշտարակում, պատրաստ է դիտարկել Հայաստանն ու Ադրբեջանը բացառապես բիզնես֊հետաքրքրությունների տեսանկյունից։

Բացի այդ՝ դա ևս մեկ անգամ հաստատում է, որ ԱՄՆ֊ն այլևս չի զբաղվում տարածաշրջանային կոնֆլիկտներ հաշտեցնելով։ Վերջ ի վերջո Ղարաբաղն արդեն երրորդ կոնֆլիկտային գոտին է Լիբիայի և Սիրիայի շարքում, որտեղ Թուրքիան բախվում է Ռուսաստանի հետ։

Ինչ վերաբերում է ԵՄ֊ին, ապա, ի տարբերություն Բալկանների, այն ղարաբաղյան կոնֆլիկտի մեջ երբեք ակնառու դեր չի խաղացել։ 1990֊ական թվականներին, երբ հակամարտությունը նոր էր սկսվել, Եվրամիությունը չուներ այժմյան աշխարհաքաղաքական ամբիցիաները։ 1998 թվականին Ֆրանսիան դարձավ Մինսկի խմբի համանախագահող երրորդ երկիրը, բայց Փարիզը չի առանձնանում կոնֆլիկտի հանդեպ կայուն հետաքրքրությամբ՝ չնայած ֆրանսիացի նախագահների պարբերական ջանքերին։

Ռուսաստանը և հատկապես Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մնում է ամենաակտիվ միջնորդը, և միակ պետությունը, որն ունակ է համոզել Հայաստանին և Ադրբեջանին կրակի դադարեցման մասին նոր համաձայնագիր կնքել։

Բայց Մոսկվան խիստ սահմանափակված է իր գործողություններում՝ Երևանի և Ադրբեջանի հետ իր բարդ երկկողմանի հարաբերությունների այլ հարցերով, որոնք դրա հետ մեկտեղ կասկածով են վերաբերում Ռուսաստանի մտադրություններին տարածաշրջանում։ Ռուսաստանը երբեք չի կարող ինքնուրույն խաղաղության պայմանագիր ստորագրմանը հասնել։

Արդյունքում, կոնֆլիկտը լուծելու համար եղած միջազգային պոտենցյալը մնում է չօգտագործված։ Շատ տարիներ անցան ապարդյուն դիվանագիտական շփումների և շրջանակային փաստաթղթերի ձևակերպման վերաբերյալ վեճերի վրա, որոնք ընթանում են 2006 թվականից, կամ այն մասին, թե որքան ԵԱՀԿ դիտորդներ պետք է լինեն Ղարաբաղում։

Այս շաբաթ դժվար է ազատվել դեժավյուի զգացողությունից։ 2016 թ. մայիսին՝  վերջին լուրջ սրացումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ժամանեցին Վիեննա, և այնտեղ Լավրովի և այդ ժամանակ ԱՄՆ֊ի պետքարտուղար Ջոն Քերիի ճնշման տակ բանակցության գործընթացը հաջողվեց մեռած կետից շարժել։

Այդ ժամանակ կողմերն ընդունեցին մի շարք պահանջներ, որոնք վաղուց էին միմյանց առաջ դրել։ Ադրբեջանը համաձայնեց ուժեղացնել կրակի դադարեցման ռեժիմը ապահովելու միջոցառումները՝ հայերին անհանգստացնող գլխավոր առարկան։ Իսկ Հայաստանը, իր հերթին, համաձայնեց վերսկսել «համապարփակ համաձայնագրով բանակցություններ», որին ձգտում էին ադրբեջանցիները։

2016 թվականի ողբերգական իրադարձությունները կարող էին այդպիսի համաձայնագրի վրա աշխատելու համար շարժառիթ ծառայել, բայց շատ շուտով երկու կողմերը հրաժարվեցին իրենց խոստումներից, իսկ միջազգային միջնորդները, ինչպես միշտ, չստիպեցին Բաքվին և Երևանին հավատարիմ մնալ դրանց։

Արդյունքում Մինսկի խմբի հովանավորությամբ շարունակվող բանակցությունները զուտ տեխնիկական բնույթ ունեն և գործնական բովանդակությունից զուրկ են։ Իրական երկխոսության բացակայությունը դարձավ այժմ ընթացող ռազմական գործողությունների գլխավոր պատճառը։ Ադրբեջանը դադարեց հավատալ, որ այժմյան հայկական ղեկավարությունը պատրաստ է առարկայական բանակցություններ վերսկսելուն։

Եվրոպացիները և ամերիկացիները կարող են որքան ասես մտահոգվել այս չարտասանվող անվանումով կոնֆլիկտի համար, որն ընթանում է հեռվում՝ Կովկասյան լեռների լանջերին, բայց ի վերջո հարցի լուծմամբ լրջորեն զբաղվելուց բացի՝ ոչինչ չի մնա։ Եվ չնայած բոլոր մյուս հարցերում Ռուսաստանի հետ ունեցած հակասություններին՝ զբաղվել Ռուսաստանի հետ։ Տարածաշրջանում, որտեղ ակտիվանում է Թուրքիան, ոչ հեռու Իրանն է, ինչպես նաև անցնում են նավթա և գազատարները. ցանկացած բռնկում կարող է վերածվել լուրջ միջազգային խնդրի։

Կոնֆլիկտին վերջ դնելը կարևոր է նաև հումանիտար նկատառումներով։ Ղարաբաղյան պատերազմում զոհվել են գրեթե 20 հազար մարդ, ավելի քան մեկ միլիոնը ստիպված են եղել լքել իրենց տները։ Նման բան չպետք է կրկնվի։ 1992 թվականին վերջերս ստեղծված Մինսկի խումբը կոչ արեց անցկացնել միջազգային կոնֆերանս ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման համար, բայց այն տեղի չունեցավ։ Հիմա ճիշտ ժամանակն է։


Թարգմանիչ՝ Սյուզաննա Ղազարյան (Syuzanna Ghazaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: