Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա վտանգում է ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը  օդային և հրթիռային լայնամասշտաբ հարձակում է սկսել Հայաստանի՝ Արցախի դեմ։ Թուրքիան հատկապես ակտիվ դեր է խաղացել ոչ միայն աջակցելով, այլև ղեկավարելով Ադրբեջանի ագրեսիայի մեծ մասը։ Այն իր դաշնակցին տրամադրել է օտարերկրյա վարձկաններ և իր ռազմական ողջ զինանոցը՝ այդ թվում նաև F-16-երը։ Իրականում, Ադրբեջանի հարձակումից կարճ ժամանակ անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց Ադրբեջանին ցուցաբերվող լիակատար աջակցության մասին և կոչ արեց տապալել Հայաստանի կառավարությունը։ Այս մարտավարությունը նորություն չէ․ Էրդողանը բազում անգամներ է այն կիրառել՝ սկսած Լիբիա իր ներխուժումից, մինչև Հունաստանի հետ վեճը Միջերկրական ծովում։ 

Ցավոք, միջազգային հանրության որոշ անդամներ մերժել են Ադրբեջանի դերը որպես ագրեսոր՝ երկու կողմերին կոչ անելով «ժողովրդին նախապատրաստել խաղաղության»։ Սակայն, եթե Հայաստանը  երբեք պատերազմի չի էլ ձգտել, ապա էլ  ինչի՞ն պետք է նրանք նախապատրաստվեն։ 

Ի հակադրություն սրան, Ադրբեջանը վերջին երկու տասնամյակների ընթացքում պատրաստում էր իր բնակչությանը պատերազմի՝ ինստիտուցիոնալացնելով հակահայկական տրամադրությունը, կուտակելով Թուրքիայից և Իսրայելից գնված ռազմական ռեսուրսները և շարունակաբար հետին պլան մղելով հակամարտության բանակցային լուծման ջանքերը։ Փաստացի, Ադրբեջանը վերջերս հրաժարվեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի խաղաղության գործընթացից, երբ նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հարցով միջնորդության ջանքերը «անիմաստ» անվանեց և սպառնաց հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Այն, ինչ այժմ կատարվում է, չպետք է զարմացնի միջազգային հանրությանը․ Ադրբեջանը շարունակ զգուշացնում էր այդ մասին։ 

Ադրբեջանը և Թուրքիան ռազմավարական ջանքեր էին գործադրում հատկապես ԱՄՆ-ում, Իսրայելում և Եվրոպայում միջազգային հանրության կարծիքի վրա ազդելու ուղղությամբ։ Վերջերս Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին զեկուցող կենտրոնի (OCCRP) հետաքննության արդյունքում բացահայտվել են Ադրբեջանի արտաքին անօրինական գործարքները՝ «Ադրբեջանի լվացքատունը», որը գումարի լվացման մի լայնածավալ գործողություն է, ինչի արդյունքում Ադրբեջանը 2012-2014թթ․ ավելի քան 2,9 միլիարդ դոլար է ուղարկել օտարերկրյա կեղծ ընկերություններին` միջազգային ինստիտուտների, քաղաքական գործիչների, լոբբիստների և լրագրողների բարեհաճությանն արժանանալու նպատակով։ ՅՈՒՆԵՍԿO-ն և Եվրոխորհրդարանը լայնորեն թիրախավորված էին, և վերջերս  զեկույցներ երևան եկան Իսրայելից առ այն, որ 5 միլիարդ դոլարի պայմանագիր կնքելուց հետո Իսրայելի պետական ավիատիեզերական արդյունաբերության հաշվից զգալի քանակությամբ միջոցներ են փոխանցվել «լվացքատանն» առչվող հաշվեհամարին։ 

Ադրբեջանի հանրային կապերի ջանքերը նպատակ ունեին մթագնելու Ադրբեջանի հասարակության շրջանում պետության կողմից հովանավորվող սուր հակահայկական ռասիզմի վերաբերյալ միջազգային հանրության իրազեկումը, ինչը հանգեցրել է ատելության հենքով այնպիսի հանցագործությունների խրախուսմանը, ինչպիսիք են մշակութային հուշարձանների ավերումը և հանցագործներին անպատիժ թողնելը։ Ավելին, Ադրբեջանն ու Թուրքիան շարունակաբար մերժել ու ժխտել են Հայոց ցեղասպանությունը՝ ոչ միայն հրաժարվելով պատասխանատվություն կրել իրենց նախնիների՝ մարդկության դեմ կատարած այս ոճրագործության համար, այլև բացահայտ կերպով պաշտպանելով այն գաղափարախոսությունները, որ 105 տարի առաջ հիմք են ծառայել ցեղասպանության իրագործմանը։ 

Այս գործողությունները միջազգաին արձագանք են ստացել։ Օրինակ՝ հուլիսին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայից հետո տասնյակ հազարավոր ադրբեջանցի ցուցարարներ Բաքվի փողոցներում վանկարկում էին «մահ հայերին»։ Սա տարածվել է սփյուռքում, անգամ Միացյալ Նահանգներում, որտեղ անցած շաբաթների ընթացքում, հատկապես Սան Ֆրանցիսկոյում մի շարք հարձակումներ են իրականացվել հայկական եկեղեցու ու տարրական դպրոցների վրա։ 

Ճակատագրի հեգնանքով Ադրբեջանը իրեն հաճախ է մարդու իրավունքների և կրոնական ազատության առաջնորդ համարել: Սակայն, ըստ Ժողավրդավարության տարատեսակների սանդղակի կրոնական ազատության չափանիշների, 2018-ի դրությամբ Ադրբեջանը դասվում է աշխարհի երկրների 10-րդ տոկոսի շարքում՝ գտնվելով միջինից բավականին ցածր մակարդակում: Ի հակադրություն դրան, Հայաստանը բոլոր երկրների տվյալների շարքում զբաղեցնում է մոտավորապես միջին  անկշիռ հորիզոնականը: 

Եթե կրոնական ազատությունը միջազգային հարաբերությունների որոշ ուսանողների համար կարող է ճոխություն թվալ, այն անձի զարգացման գործում որոշիչ գործոն է: Օգտագործելով ավելի քան 150 երկրների օրինակը, որոնք հետազոտվել են 2006-ից 2018 թվականներին, հեղինակներից մեկի նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կրոնական ազատությունը պատճառահետևանքային ազդեցություն ունի մարդու զարգացման վրա, հատկապես կրոնական փոքրամասնությունների շրջանում: Հատկանշական է, որ այս արդյունքները առկա են նույնիսկ Heritage  հիմնադրամի «Տնտեսական ազատության ինդեքսի»  տնտեսական ազատության (օրինակ՝ սեփականության իրավունքի) և տնտեսական գործունեության չափանիշները (օրինակ՝ ՀՆԱ) վերահսկելուց հետո: 

Հետազոտությունը ենթադրում է, որ կրոնական ազատությունը անհրաժեշտ պայման է ժողովրդավարական կառավարության համար` նպաստելով քաղաքացիական ներգրավվածության և կանանց դերի հզորացման գործընթացին և նվազեցնելով հասարակական ու քաղաքական կոռուպցիայի հնարավորությունը: Զարմանալի չէ, որ սահմանափակելով ընտրության ազատությունն ու իրենց ինքնության մասին անգամ ամենասովորական դատողություններ անելու կարողությունը չափից դուրս նախանձախնդիր և ազդեցիկ բյուրոկրատները ճնշում  են ստեղծագործականությունը և մեծացնում կոռուպցիայի պոտենցիալը: Այս առումով, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել հայ ժողովրդի ինքնորոշման օրինական իրավունքը` առանց իր կրոնի, մշակույթի և էթնիկական ինքնության համար հետապնդումների սպառնալիքի, խաղաղությունն անհնար է լինելու: 

Տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ այս հակամարտության կարգավորումը գտնելու իրավասություն ստանձնած սուբյեկտի և նրա երեք համանախագահների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի գլխավոր ձախողումը եղել է Ադրբեջանին շարունակական ագրեսիայի մեղքը ուղղակիորեն չվերագրելը: Չնայած 1991-94թթ. պատերազմի ժամանակ Ադրբեջանի ագրեսիան սանձելու ԱՄՆ ջանքերին և վերջին տարիներին Ռոյս-Էնգել խաղաղության արձանագրությունների իրագործման ջատագովությանը, իրար հաջորդող վարչակազմերը շարունակում են հաճոյանալ Ադրբեջանին, դա ներառում է այս տարվա սկզբին 100 մլն դոլարի ռազմական օգնությունը կասպյան բռնապետությանը: 

Մինչ Ադրբեջանը իրեն ներկայացնում է որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի կարևոր ռազմավարական գործընկեր` հաճախ ցինիկորեն ցուցադրելով իր հարաբերությունները Իսրայելի հետ իբրև իր բարեսիրական գործընկերության օրինակ, իր սերտ կապերը ավելի բռնապետական և էքսպանսիոնիստ Թուրքիայի հետ, ինչպես նաև Իրանի և Ռուսաստանի հետ իր անտեսված հարաբերությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը նպատակ ունի ծառայել միայն իր շահերին, նույնիսկ եթե դա նշանակում է միլիոնավոր դոլարներ փոխանցել Ռուսաստանի և Իրանի պետության հետ կապված ընկերություններին կամ Իրանին վաճառել իր խոշոր նավթամուղերից մեկի 10 տոկոսը՝ չնայած միջազգային պատժամիջոցներին:

Ադրբեջանը փորձում է իրեն պաշտպանել միջազգային հսկողությունից՝ հենվելով ԱՄՆ-ում լարված ներքին քաղաքականության առկայության և համաշխարհային համաճարակի վրա, բայց մենք այլևս չենք կարող անտեսել այն: Միջազգային հանրությունը պետք է ընդունի, որ կրոնական փոքրամասնությունների կողքին կանգնելու ձախողումը ցանկացած վայրում սպառնալիք է նրանց համար ամենուր: Անգործությունը նախադեպ է ստեղծում և խրախուսում բռնապետներին:

Քրիստոս Ա. Մակրիդիսը Արիզոնայի պետական համալսարանի կրտսեր պրոֆեսոր է, Բեյլորի համալսարանի ոչ ռեզիդենտ անդամ և Gallup-ի ավագ խորհրդատու: Ալեքս Գալիցկին Միացյալ Նահանգների հայկական շահերի պաշտպանության ամենամեծ կազմակերպության՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի հաղորդակցությունների գծով տնօրենն է:


Թարգմանիչներ՝ Լիլիթ Արսենյան (Lilit Arsenyan), Մանե Վարդանյան (Mane Vardanyan)   © Բոլոր իրավունքները պաշտպանված են: