Հայերը կրկին կանգնած են էթնիկ բնաջնջման վտանգի առաջ

Նրանք հայտնվել են Թուրքիայի ու Ադրբեջանի միջև՝ երկու տերությունների, որոնք հայերի դեմ ագրեսիայի երկար պատմություն ունեն։

Ուզայ Բուլութ

Ս․թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի, կամ, ինչպես  Հարավային Կովկասում է հայտնի, Արցախի Հանրապետության հայության դեմ։ Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ, անխտիր ռմբակոծում է տարածաշրջանի բնակելի թաղամասերը։ Այս հարձակումներով Ադրբեջանը և Թուրքիան կրկին վտանգի տակ են դնում Արցախի գոյությունն ու Հայաստանի գոյատևումը։

Հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մոտ 150 թուրք բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի հրամանատարական կենտրոններում: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նույնպես հրապարակել է հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Թուրքիայի օդուժը անմիջականորեն ներգրավված է Ադրբեջանի՝ Արցախի դեմ  հարձակումներում: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 2-ին հայտարարեց, որ մեկնում է առաջնագիծ՝ պաշտպանելու իր երկիրը:

Այս ընթացքում հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ Արցախում կանայք ու երեխաները բռնությունից խուսափելու համար պատսպարվում են նկուղներում։ Տեղեկացնում են, որ ծանր վիրավորներ և զոհեր կան Արցախի ի մայրաքաղաք Ստեփանակերտում, որը, համաձայն «Արմենպրես» լրատվական գործակալության, մնացել էր առանց էլեկտրականության։

Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել նաև Հայաստանի վրա։ Համաձայն ՀՀ ԱԳՆ հայտարարության՝ Ադրբեջանը թիրախավորել է Վարդենիս տարածաշրջանի քաղաքացիական-ռազմական ենթակառուցվածքները՝ սպանելով մեկ խաղաղ բնակչի։

Միայն Ադրբեջանն ու Թուրքիան չեն, որ հարձակվում են հայերի վրա։ Համաձայն սիրիացի որոշ վարձկանների վկայութունների՝ Թուրքիան շուրջ 1000 սիրիացի ջիհադիստ է ուղարկել հայերի դեմ կռվելու։ Ֆրանսիան և Ռուսաստանը նույնպես մեղադրել են Թուրքիային՝ սիրիացի ջիհադիստներին Արցախ ուղարկելու մեջ։

Հոկտեմբերի 1-ին ադրբեջանական ռմբակոծությունից վիրավորվել են պատերազմը լուսաբանող չորս լրագրողներ: Համաձայն «Լրագրողներ առանց սահմանների»՝

Ֆրանսիական «Le Monde» օրաթերթի թղթակիցը և նրան ուղեկցող ֆրանսիացի լուսանկարիչը հոսպիտալացվել են՝ վնասվածքները շտապ բուժելու համար: Վիրավորվել են նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը և «24news.am» հայկական լրատվական գործակալության թղթակից Սևակ Վարդումյանը:

 

Մի քանի այլ լրագրողներ, ներառյալ «Agence France-Presse»-ի անձնակազմը և Ռուսաստանի «Дождь» հեռուստաընկերության կողմից ուղարկված գլխավոր խմբագրի տեղակալը հազիվ են փրկվել հրետակոծությունից: Բոլոր լրագրողները և նրանց մեքենաները հստակորեն առանձնացված էին․ նրանց վրա գրված էր «press» բառը:

Հոկտեմբերի 3-ին Հայաստանի վարչապես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց

Մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության թերևս ամենավճռորոշ փուլում։ Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են: Նրանք միայն Ղարաբաղի կամ Ղարաբաղի հարցի ետևից չէ, որ եկել են: Նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու նպատակով։ Նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է, և նրանք խնդիր են դրել Հայոց ցեղասպանությունը շարունակելու այսօր:

Փաշինյանը նկատի ուներ 1913-23 թթ․ քրիստոնեական ցեղասպանությունը, որ իրականացրել է Օսմանյան Թուրքիան հայերի, ասորիների և հույների դեմ։ Մինչ օրս Թուրքիան ագրեսիվ կերպով հերքում է այս հանցանքը։ Մեկ դար առաջ օսմանյան թուրքերը սրերն ու սովն էին որպես գործիք օգտագործում՝ հայերին ու մյուս քրիստոնյաներին բնաջնջելու համար։ Այսօր նրանք գրոհում են հրթիռներով, հրետանիով և օդային ռմբակոծությամբ։ 

Միաժամանակ զոհերի թիվն անընդհատ աճում է։ Համաձայն հայկական աղբյուրների՝ Արցախի զինված ուժերի զոհերի թիվը հասել է 198-ի (հոկտեմբերի 6-ի դրությանբ, թարգմանչի կողմից)։ Ադրբեջանի իշխանությունները մանրամասներ չեն հայտնել իրենց զոհերի մասին։ Հոկտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաղորդել է․  «Բռնության ամենածանր ալիքի զոհերը դառնում են հենց քաղաքացիական անձինք։ Շփման գծի երկու կողմերում, ինչպես նաև Հայաստանում կան զոհեր և վիրավորներ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ նաև երեխաների շրջանում»։

Այնուամենայնիվ, թուրքական կառավարությունն ու լրատվամիջոցները որպես ագրեսոր ներկայացնում են Հայաստանին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Եվս մեկ անգամ դատապարտում եմ Հայաստանին, որը երեկ հարձակում գործեց Ադրբեջանի վրա։ Հայաստանը պետք է դուրս գա իր կողմից օկուպացրած տարածքներից։ Պետք է վերջ դրվի տարածաշրջանի ճգնաժամին, որը սկսվել է Լեռնային Ղարաբաղի գրավմամբ»։

Նա նաև հավելել է․ «Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին։ Զարգացումները հնարավորություն են ընձեռել տարածաշրջանում ազդեցություն ունեցող բոլոր երկրներին կիրառել խնդրի լուծման իրենց իրատեսական ու արդար մեթոդները։ Հենց Հայաստանի՝  Ադրբեջանից գրաված տարածքները անմիջապես լքելուց հետո միայն տարածաշրջանում կվերականգնվեն խաղաղությունն ու հանգստությունը»։ 

Հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ասել է, որ Հայաստանն ու իր զինված ուժերը «պետք է դուրս գան մեր տարածքից, և միայն այդ ժամանակ պատերազմը կդադարի, այդ ժամանակ հակամարտությանը վերջ կդրվի»։

Նա հայտարարել է․ «Ադրբեջանցի զինվորը շան նման հետապնդում է նրանց, ադրբեջանցի զինվորն է կանգնած նրանց դիրքերում, մենք վերցրել ենք նրանց զենքերը և իրականացնում ենք ազատագրման առաքելություն»։ 

Այս խոսքերով Էրդողանն ու Ալիևը զբաղվում են իրենց վարչակարգերի վճռորոշ փորձով՝ պատմական ռևիզիայով։ Հակառակ նրանց պնդումներին՝ Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը հազարամյակներ շարունակ եղել է հայկական մշակույթի և պատմական ինքնության մի մասը։ Թուրքերը բնիկ չեն ո՛չ Թուրքիայում, ո՛չ էլ Հարավային Կովկասում, և սա վերաբերում է նաև թյուրք մահմեդական ադրբեջանցիներին։ Ալիևի պահանջած Արցախը բնակեցված է եղել հայերով թուրքական զավթիչ ցեղերի՝  արևելքից գալուց հազարավոր տարիներ առաջ։ Զորյանի ինստիտուտը՝ մարդու իրավունքների ուսումնասիրությամբ զբաղվող կազմակերպությունը, նշում է

Յոթերորդ և ութերորդ դարերում այս տարածաշրջանի մեծ մասը նվաճվել էր արաբների կողմից, որոնց ազդեցությամբ բնակչության մի մասը իսլամ էր ընդունել։ Ղարաբաղում բնակչության միայն շատ փոքր մասն էր դավանափոխվել։ Ղարաբաղում իրադրությունը արմատապես փոխվեց տասնմեկերորդ դարում, երբ սկսեցին էթնիկ թուրքերի արշավանքները։ Թուրքերը դուրս էին եկել Միջին Ասիայից, գրավել Իրանը և հիմնել Սելջուկ թուրքերի տոհմը, որը նախ արշավեց, այնուհետև գրավեց  Հայաստանը։ 

ՀՅԴ՝ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) հաղորդում է

Լեռնային Ղարաբաղը՝ պատմական Հայաստանի Արցախ նահանգի լեռնային տարածքները, ողջ պատմության ընթացքում Հայաստանի մասն է կազմել։ Դրա հայկական արմատները հասնում են Ք․ա․ առաջին հազարամյակ։ Հայ իշխանական տոհմերը հաջորդաբար կառավարում էին Արցախում (Ղարաբաղում)՝ երաշխավորելով նրա ինքնիշխանությունը հարևան տերությունների հետ դաշինքների միջոցով:

Չնայած օտարների՝ դարեր շարունակ իրականացրած  արշավանքներին ու տիրապետությանը՝ Արցախը հիմնականում ունեցել է կիսանկախ կարգավիճակ՝ համարվելով հայկական միավոր, և գլխավորապես մնացել է էթնիկորեն հայկական։ Այնուամենայնիվ, այս կարևոր փաստը լիովին անտեսվել կամ հերքվել է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ 

Պատմական հիմքեր

Լեռնային Ղարաբաղը ցարական Ռուսաստանի մաս է դարձել 1813 թվականին: Տարածքի վերաբերյալ վեճը Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև սկսվել է 1917 թվականի ռուսական հեղափոխությամբ և Ռուսական կայսրության փլուզմամբ:

1918 թվականի մայիսին Հայաստանը և Ադրբեջանը հռչակեցին իրենց անկախությունը: Այսպիսով՝ պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց «Ադրբեջան» անունով պետություն: 2 ամիս անց Ղարաբաղի հայերը ևս փորձեցին օգտվել իրենց՝ ինքնիշխանություն ունենալու սահմանադրական իրավունքից: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը նշում է․

«Երկրորդ համաշխարհային պատերազմը և Բոլշևիկյան հեղափոխությունը նոր պատմաքաղաքական իրավիճակ ստեղծեցին Անդրկովկասում: 1917 թվականի նոյեմբերի 15-ին բոլշևիկյան կառավարությունն ընդունեց Ռուսաստանի ժողովրդուրդների իրավունքների հռչակագիրը, որն այլ դրույթների հետ միասին հռչակեց նաև առանձնանալու և ռուսական կայսրության տարածքում անկախ պետություն ստեղծելու իրավունքը: Օգտվելով այս հանգամանքից և միաժամանակ նաև Անդրկովկասում հանրապետությունների հաստատումից` 1918 թվականի հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի հայերի առաջին համագումարը շրջանը հռչակեց առանձին վարչական միավոր»:

Ի պատասխան դրա՝ Ադրբեջանը դիմեց սանձարձակ բռնությունների: 1918-1920 թվականներին Ադրբեջանը իրականացրեց հայկական բնակչության կոտորածներ: Համաձայն EAFJD-ի  (ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը)՝ «1918-1920 թվականներին Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակով իրականացված թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում սպանվել է տեղի ողջ հայության մոտ 20%-ը»:

Այսօր Ադրբեջանը պահանջում է Լեռնային Ղարաբաղը, միայն որովհետև Խորհրդային միության դիկտատոր Իոսիֆ Ստալինը, արհամարհելով շրջանի ժողովրդագրությունն ու պատմությունը, 1921 թվականին այն` որպես ինքնավար մարզ, հանձնեց Խորհրդային Ադրբեջանի կառավարմանը: 

Զորյան ինստիտուտը նշում է

«Ներկայիս խնդիրները, որ անհանգստացնում են տարածաշրջանին, կապված են Խորհրդային Ռուսաստանի և նացիոնալիստական Թուրքիայի ղեկավարության համագործակցության շրջանում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին փոխանցելու հետ:  Փաստը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը հայեր են, Ադրբեջանի համար պատահականություն է և երկրորդական. Ղարաբաղն իրենցն է հիմա և եղել է Ադրբեջանի ազգային գիտակցության զարգացման մի մասը, ինչը մեծամասամբ հետխորհրդային կյանքի ազդեցություն է: Ադրբեջանցի ազգայնականները Ղարաբաղը համարում են իրենց հայրենիքի մի մասը, որտեղից սերում են երկրի մտավորականներից և քաղաքական առաջնորդներից շատերը: Եվ ի վերջո,  տարածքի կարգավիճակի ցանկացած փոփոխություն ներկայում անընդունելի հարված կհամարվի ադրբեջանական ազգային հպարտությանը»:

Համաձայն զեկույցի՝ «շրջանի՝ 1920-1923 թվականներին Ադրբեջանին կցվելուց հետո Ադրբեջանի կառավարությունը կիրառել է տնտեսական և սոցիալական խտրականության և քաղաքական բռնաճնշումների քաղաքականություն՝ իր քաղաքացիների կյանքը տարաբնույթ ձևերով անտանելի դարձնելով»:

Ադրբեջանական ուժերի կողմից դաժան հետապնդումների պայմաններում հայերը 1987 թվականին սկսեցին քայլեր ձեռնարկել ադրբեջանական վերահսկողությունից ազատվելու համար: Ղարաբաղի հայերը տասնյակ հազարավոր ստորագրություններ ուղարկեցին Մոսկվա՝ Հայաստանի հետ միավորվելու խնդրանքով: Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդարանը ևս պաշտոնապես անջատում խնդրեց Խորհրդային Ադրբեջանից՝ համաձայն Խորհրդային միության սահմանադրության տարածքային անջատման մասին օրենքի:

Ի պատասխան դրա՝ Խորհրդային Ադրբեջանը թիրախավորեց  հայկական քաղաքացիական անպաշտպան բնակչությանը՝ իրականացնելով ջարդեր և կոտորածներ ադրբեջանական բազմաթիվ քաղաքներում: Հակահայկական ջարդերը ցնցեցին Սումգայիթ քաղաքը 1988-ին, դրան հաջորդեցին 1988-ի ջարդերը Կիրովաբադում, 1990-ի ջարդերը Բաքվում և այլ ադրբեջանական քաղաքներում:

Միևնույն ժամանակ Խորհրդային Ադրբեջանը շրջանի ժողովրդագրությունը փոխելու քաղաքականություն էր վարում:

«1991 թվականի հունվարից մինչև մայիս,- հաղորդում է EAFJD-ն,- Լեռնային Ղարաբաղի  հայկական 24 գյուղերի բնակիչները բռնի կերպով տարհանվեցին իրենց տներից: Խորհրդային Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի տարածքի կեսից ավելին ռազմական օկուպացիայի տակ դրեց»:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հռչակեց իր անկախությունը Խորհրդային միությունից: Ինչպես միշտ, Ադրբեջանը պատասխանեց բռնությամբ և սկսեց լայնամասշտաբ պատերազմ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը: 1991-1994 թվականների պատերազմի ընթացքում Ադրբեջանն  զանգվածային անխնա ռմբակոծություններ իրականացրեց Լեռնային Ղարաբաղում, որը հանգեցրեց գյուղերի և քաղաքների ամբողջական կամ մասնակի ոչնչացման: Պատերազմը ոչնչացրեց շրջանների տնտեսության մոտ 80 տոկոսը:

1992 թվանակից սկսած՝ Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության (OSCE) Մինսկի խումբը Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համանախագահությամբ միջնորդում է հակամարտության լուծմանը, բայց առանց որևէ շոշափելի արդյունքի:

EAFJD-ն ամփոփում է Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի պատմությունը.

«1988 թվականի Ղարաբաղյան շարժման սկզբից Ադրբեջանը հարձակումների է դիմել Հայաստանի քաղաքացիների դեմ, պատերազմ հայտարարել և լիակատար շրջափակում սահմանել Լեռնային Ղարաբաղի դեմ: Նաև փորձել է մեկուսացնել Ղարաբաղի հայկական բնակչությանը միջազգային հանրությունից և ստեղծել անտանելի կենսական պայմաններ: Այս գործողությունները դատապարտվել են համաշխարհային կառավարությունների կողմից: Մասնավորապես, ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992 թվականի Ազատության աջակցության ակտը  շրջափակման պատճառով սահմանափակում էր ցանկացած ուղղակի օգնություն Ադրբեջանին: 

Ադրբեջանը շարունակում է Արցախի և Հայաստանի շրջափակումը: 1993 թվականից սկսած՝ Թուրքիան ևս շրջափակում է սահմանել Հայաստանի նկատմամբ: Այսօր Արցախն ու Հայաստանը ցամաքով շրջապատված, ցեղասպանությունից փրկված երկրներ են, որ շրջափակված են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից և փորձում են դիմադրել այս երկու վարչակարգերի ռազմական ագրեսիային: 

Այն, ինչ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են անել, հայերի բնաջնջումն է տարածաշրջանում. և ոչ միայն հայ մարդկանց, այլ նաև հայկական մշակութային ժառանգության: 2019 թվականին The Guardian-ը հաղորդել է.

«21-րդ դարի մշակութային ամենալայնածավալ  բնաջնջման արշավը մինչ օրս, հնարավոր է, որ տեղի չի ունեցել Սիրիայում, ինչպես որ կարող եք ենթադրել, այլ Անդրկովկասյան սարահարթի` հիմնականում անտեսված հատվածում: Համաձայն Hyperallergic գեղարվեստական ​​ամսագրում փետրվարին հրապարակված հոդվածի՝ Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարիների ընթաքցքում ներգրավված է եղել երկրում հայկական պատմական ժառանգության համակարգված բնաջնջման գործում: աշտոնական, սակայն մշակութային և կրոնական այս կոթողների գաղտնի ոչնչացումը, ըստ հոդվածի հեղինակներ Սիմոն Մաղակյանի և Սառա Պիքմանի, գերազանցում է ինքնագովազդման նպատակով իսլամական պետության կողմից Պալմիրայի պայթեցումը: Մաղակյանը (դենվերաբնակ վերլուծաբան, ակտիվիստ և քաղաքագիտության դասախոս) սա անվանում է «21-րդ դարի  մշակութային մեծագույն ցեղասպանություն»:

Թուրքիան և Ադրբեջանը, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 100 միլիոն, կրկին թիրախավորում են շուրջ 3 միլիոն հայերի հայրենիքը: Նրանք նորագույն զինտեխնիկա են օգտագործում հայերին տարածաշրջանից բնաջնջելու իրենց դարավոր նպատակն իրագործելու համար: 

Արցախի՝ միջազգայնորեն չճանաչված մնալու փաստը այն ավելի խոցելի է դարձնում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայի պայմաններում: Հետևելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին` 2017 թվականի փետրվարին պետությունը վերանվանվեց Արցախի Հանրապետություն: Ժամանակն է, որ Արևմուտքի երկրները պաշտոնապես ճանաչեն հայերի ինքնորոշման իրավունքը և Արցախի Հանրապետությունը, որպեսզի օգնեն դադարեցնելու թուրքական և ադրբեջանական ագրեսիան:

Ուզայ Բուլութը թուրք լրագրող և քաղաքական վերլուծաբան է, որը նախկինում բնակվել է  Անկարայում: Նրա գրվածքները հայտնվել են  The Washington Times, The American Spectator, The Christian Post, The Jerusalem Post, և Al-Ahram Weekly թերթերում: Նրա աշխատանքները հիմնականում կենտրոնացած են մարդու իրավունքների, թուրքական քաղաքականության և պատմության, Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնությունների և հակասեմիտիզմի ուսումնասիրությունների վրա:

Բնօրինակի հեղինակ՝ Uzay Bulut, The American Conservative


Թարգմանիչներ՝ Լիլիթ Արսենյան (Lilit Arsenyan), Արգիշտի Եղյան (Argishti Yeghyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։