Ցեղասպանության սպառնալիք․ Ադրբեջանն Արցախում

2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զորքերը հատեցին Ղարաբաղը սահմանագծող «Շփման գիծը»: Թուրքիան միջամտեց Ադրբեջանի կողմից: Հայաստանը սատարում է Արցախին: Ադրբեջանն օգտագործում է լազերային բարձրաչափերով ուղղորդվող անօդաչու թռչող սարքեր, որոնք մատակարարվում են Թուրքիայից և Իսրայելից՝ հայկական զորքերը, գյուղերն ու խաղաղ բնակչությունը թիրախավորելու/խոցելու համար: Ադրբեջանի ռազմական գրոհները խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործություններ են՝ համաձայն Ժնևի կոնվենցիաների դրույթների:

Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության հիմնադրումը 1918 թվականին նշանավորվեց Ադրբեջանում և Նախիջևանի ու Լեռնային Ղարաբաղի նահանգների հայ բնակչության համակարգված ոչնչացմամբ: Ադրբեջանական ուժերը Բաքվում  իրականացրին առնվազն 15,000 հայ խաղաղ բնակիչների «սեպտեմբերյան» ջարդերը, որոնք հաճախ դիտարկվում են որպես 1915 թվականի օսմանյան հայերի տեղահանության և ցեղասպանության շարունակություն: 1919-1920 թվականներին ադրբեջանցիները իրականացրել են նաև մոտ 1000 հայերի կոտորածներ Ղարաբաղի Շուշա և Գայբալու քաղաքներում: Ցեղասպանության այս պատմական դրսևորումները նպաստել են այսօրվա հայկական անվստահությանը Ադրբեջանի հանդեպ:

Սովետական ռեժիմը վերջ տվեց հայերի կոտորածներին, սակայն Խորհրդային Միության փլուզման ընթացքում Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը վերսկսեց բռնությունն Ադրբեջանում հայ փոքրամասնության դեմ: 1988-1990 թվականներին ադրբեջանական ամբոխը կողոպտեց, ճնշեց և ծեծեց, բռնաբարեց և սպանեց էթնիկ հայերի Սումգայիթ, Բաքու և Կիրովաբադ քաղաքներում: Ահաբեկչության այս արշավը հանգեցրեց Ադրբեջանում բնակվող գրեթե բոլոր հայերի բռնի արտաքսմանը:

1988 թվականին Լեռնային Ղարաբաղում խորհրդարան ձևավորվեց, և հանրաքվեի արդյունքում տարածաշրջանի հայ քաղաքացիները քվեարկեցին անկախության օգտին` հռչակելով Արցախի Հանրապետությունը: Ադրբեջանցիները բոյկոտեցին հանրաքվեն: Դրան հաջորդեց 6-ամյա քաղաքացիական պատերազմը: Հայկական բանակը ջախջախեց ադրբեջանական ուժերը, և շատ ադրբեջանցիներ փախուստի դիմեցին Լեռնային Ղարաբաղից: Պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը հրետակոծեցին Ստեփանակերտը՝ արդյունքում սպանելով ավելի քան 100 հայ խաղաղ բնակչի, ոչնչացրին հայկական գյուղեր, կարճեցին խաղաղ բնակիչների կյանքեր և այլանդակեցին զոհվածների դիակներ: Մարաղա գյուղում տեղի ունեցած կոտորածի ժամանակ, 1992 թվականի ապրիլին, ադրբեջանական ուժերը սպանեցին ավելի քան 100 հայ խաղաղ բնակիչների:

Իլհամ Ալիևի նախագահությամբ Ադրբեջանի կառավարությունը հերքում է հայերի նկատմամբ բռնությունները՝ ժխտելով նաև 1915 թվականի Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Այսօր Ադրբեջանը մերժում է տեղահանված հայերի վերադառնալու իրավունքը և արգելում  հայկական ծագում ունեցող մարդկանց մուտք գործել իր տարածք: Ադրբեջանի կառավարությունը խթանում է ատելության խոսքի դրսևորումները և խրախուսում բռնությունները հայերի նկատմամբ: 2004 թվականին ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սաֆարովի՝ տուն վերադառնալուց անմիջապես հետո, Ադրբեջանի կառավարությունը արդարացրեց Սաֆարովի հանցարոծությունը՝ պարգևատրելով և հերոսացնելով նրան Ադրբեջանին մատուցած ծառայության համար: 2016 թվականին ադրբեջանական զորքերը գլխատեցին ազգությամբ եզդի հայկական բանակի զինծառայող Քյարամ Սլոյանին և նրա կտրված գլխի լուսանկարները տեղադրեցին «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում:

2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զորքերը հատեցին Ղարաբաղը սահմանագծող «Շփման գիծը»: Թուրքիան միջամտեց Ադրբեջանի կողմից: Հայաստանը սատարում է Արցախին: Ադրբեջանն օգտագործում է լազերային բարձրաչափերով ուղորդվող անօդաչու թռչող սարքեր, որոնք մատակարարվում են Թուրքիայի և Իսրայելի կողմից՝ հայկական զորքերը, գյուղերն ու խաղաղ բնակչությունը թիրախավորելու համար: Ադրբեջանի ռազմական գրոհները խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործություններ են՝ համաձայն Ժնևի կոնվենցիաների դրույթների:

ՄԱԿ-ը, Ռուսաստանը և Կարմիր խաչը զինադադարի կոչեր են հղում, որոնք, սակայն, երկու կողմերն էլ անտեսում են:

Հայերի դեմ անցյալում իրականացված ցեղասպանության ժխտման, ատելության խոսքի պաշտոնական օգտագործման և Արցախում ներկայումս քաղաքացիական անձանց թիրախավորելու պատճառով,

Genocide Watch-ը համարում է, որ Ադրբեջանը գտնվում է ցեղասպանության հանցագործության 9-րդ՝ Ոչնչացում և 10-րդ՝ Ժխտում  փուլերում:

Genocide Watch-ը հորդորում է՝

  1. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է պահանջի, որ Ադրբեջանը դադարեցնի բոլոր հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ և ընթացիկ հակամարտությունում տա Կանոնադրության 7-րդ գլխով սահմանված «հրադադարի» հրաման:
  2. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը կարգավորելու համար պետք է դիմի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԵԱՀԿ Մինսկի խմբին «բարի ծառայություններով» միջնորդելու խնդրանքով:
  3. Անվտանգության խորհուրդը պետք է էմբարգո դնի Ադրբեջանին զենք վաճառելու վրա։
  4. Ադրբեջանի կողմից Արցախի հայերի դեմ հարձակումները կանխելու նպատակով պետք է ստեղծվեն և շփման գծի երկայնքով տեղակայվեն ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր:
  5. Համաշխարհային առաջնորդները պետք է դատապարտեն Ալիևի ռեժիմի կողմից ատելության հրահրումը և ցեղասպանության ժխտումը։

Բնօրինակի հեղինակ՝ Nathaniel Hill & Gregory Stanton, Genocide Watch

Կարդացե՛ք նաև Ցեղասպանության 10 փուլերը


Թարգմանիչ՝ Մերի Բաբայան (Mery Babayan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: