Թուկիդիդեսի և Մաքիավելիի տեսությունների համեմատական վերլուծություն

«Միջազգային հարաբերություններ» դիսցիպլինը համեմատաբար երիտասարդ գիտություն է: Եզրույթն առաջին անգամ օգտագործել է անգլիացի մտածող Ջերեմի Բենթամը (1748-1832)՝ այդպես անվանելով պետությունների փոխհարաբերությունները պայմանավորող գործընթացը: Հետագայում դիսցիպլինն էլ ավելի է մշակվել, դրվել գիտական հիմքերի վրա, հստակեցվել են նրա ուսումնասիրության օբյեկտներն ու շրջանակները, մեթոդներն ու հիմնարար սկզբունքները: Իբրև գիտակարգ՝ Միջազգային հարաբերությունները ձևավորվել է 20-րդ դարում՝ 1919 թվականին Աբերսվիթում՝ Ուելսի համալսարանում, Դեյվիդ Դեյվիսի կողմից:

Թերևս արձանագրենք, որ այս գիտակարգի արմատները պատմական ավելի խոր անցյալ են գնում: Ճիշտ է, հին ժամանակներում միջազգային հարաբերություններ անունը կրող գիտակարգ որպես այդպիսին, գոյություն չուներ, բայց նրան բնորոշ բազում տարրեր առկա էին: Եվ ասվածի ապացույց կարող ենք վկայակոչել պատմական այն բազմաթիվ սկզբնաղբյուրները (եգիպտական, ասորական, պարսկական և այլն), որոնց հաղորդած տեղեկությունները հիմք են տալիս մտածել, որ առաջին պետական կազմավորումների ստեղծումից ի վեր նրանց միջև հաստատվել են որոշակի հարաբերություններ: Բնական է, որ դրանք ընթացել են իրենց ժամանակին բնորոշ տրամաբանության շրջանակներում, ունեցել են իրենց դրդապատճառները, նպատակները, ինչպես նաև ընթացակարգի կանոններն ու սկզբունքները:

Մեր նպատակն է համեմատական վերլուծության ենթարկել միջազգային հարաբերությունների ռեալիզմի երկու խոշորագույն տեսաբաններ Թուկիդիդեսի և Նիկոլո Մաքիավելիի առաջ քաշած մի քանի հիմնարար գաղափարներ:

Ռեալիզմի տեսությունը միջազգային հարաբերությունների դոմինանտ տեսություններից է, որի հիմնարար գաղափարներն են. 1. անարխիայի գերիշխանություն միջազգային հարաբերություններում (ըստ ռեալիստների՝ պետությունների միջև հարաբերությունները կարգավորող վերպետական մարմիններ գոյություն չունեն, ուստի միջազգային հարաբերություններն ընթանում են անարխիայի պայմաններում, որը սակայն ունի որոշակի սկզբունքներ և զսպման մեխանիզմներ), 2. պետություններն են հանդիսանում միջազգային հարաբերությունների հիմնական և գլխավոր սուբյեկտներ, 3. պատերազմները միջազգային հարաբերությունների անբաժան մասն են կազմում, ուստի դրանք անխուսափելի են և նույնիսկ բնական, իսկ խաղաղությունը՝ սոսկ պատերազմների միջև ընկած հարաբերական անդորրն է, 4. բոլոր պետությունների առաջնային նպատակը գոյության պահպանումն է:

Վերոհիշյալ երկու հեղինակները՝ Թուկիդիդեսը և Մաքիավելին, ապրել և գործել են տարբեր ժամանակներում, ընկերային համակեցական տարբեր միջավայրերում, որոնցից յուրաքանչյուրն ուներ իրեն բնորոշ սովորութային նորմեր, վարք ու բարքի կանոններ և բարոյականություն հասկացության չափորոշիչներ: Արդ` նրանք ունեցել են իրենց ժամանակի տրամաբանությունից բխող հարցադրումներ և նպատակներ, որոնց հաղորդակից ենք դառնում՝ այս հեղինակների թողած գրական-ստեղծագործական ժառանգությանը ծանոթանալով:

Թուկիդիդեսի մասին՝ իբրև Հին Հունաստանի խոշորագույն մտածողի, տեղեկանում ենք նրա «Պելոպոնեսյան պատերազմների մասին» աշխատությունից, որը կոթողային նշանակություն ունի նաև մեր օրերում` ոչ միայն պատմագիտական, այլև քաղաքագիտական մտքի ուսումնասիրման տեսակետից:

Մաքիավելիի և նրա գաղափարների մասին պատկերացում ենք կազմում հատկապես նրա «Իշխանը» (1532) գործից, որը կարևոր է հատկապես քաղաքագիտական մտքի և մասնավորապես` դասական ռեալիզմի տեսության մի քանի կարևոր հատկորոշիչների ուսումնասիրման առումով:

Գուցե և հարց է առաջանում, թե ի՞նչ ընդհանուր կապ կարող է լինել վերոնշյալ հեղինակների միջև, որոնց բաժանում է շուրջ երկու հազարամյակ, և ովքեր գործել են բոլորովին տարբեր հասարակական-քաղաքական մտքի միջավայրում: Ահա և մեր նպատակն է փորձել ցույց տալ, որ նրանց գաղափարների միջև այնուամենայնիվ առկա են որոշակի ընդհանրություններ, որոնք էլ վեր կհանենք համեմատական վերլուծության արդյունքում:

Թուկիդիդես

Այսօր արդեն մի շարք մասնագետներ համակարծիք են, որ ինչպես պատմագիտության, այնպես էլ քաղաքագիտական մտքի ակունքներում կանգնած ռահվիրաներից մեկը եղել է հին հույն խոշոր մտածող Թուկիդիդեսը: Թուկիդիդեսի առաջ քաշած գաղափարներից շատերը, ինչ-ինչ վարիացիոն փոփոխություններով հանդերձ, ընկած են արդի ռեալիստական տեսության հիմքերում, թերևս որոշ մասնագետներ էլ գտնում են, որ, չնայած առկա նմանություններին, թուկիդիդեսյան ռեալիստական տեսությունը, այնուամենայնիվ, էապես տարբերվում է ներկայիս գիտական միջավայրում ընդունված ռեալիստական տեսության տրամաբանությունից:

Թուկիդիդեսն ապրել և գործել է մ.թ.ա. V դարի II կեսերին: Ծագումով Թրակիայից էր, ազնվական ընտանիքի ժառանգ: Հորից կտակել էր բավականին մեծ կարողություն, որը նրան հնարավորություն ընձեռեց հետագայում ամբողջովին նվիրվել գրական ստեղծագործական կյանքին: Իր մասին հաղորդած տեղեկություններից իմանում ենք, որ երիտասարդ տարիներին զինվորական ծառայության մեջ էր մտել և Պելոպոնեսյան պատերազմների սկզբնական շրջանում աթենական զորքերի հրամանատարներից մեկն էր: Սա մի պատերազմ էր, որ անչափ մեծ ազդեցություն է թողել ժամանակի հունական հասարակական-քաղաքական մտքի վրա, որի արտացոլումը և տեսնում ենք Թուկիդիդեսի համանուն աշխատության մեջ: Ներկայացնելով պատերազմի ընթացքը՝ հեղինակը չի բավարարվել սոսկ դեպքերի, իրադարձությունների ժամանակագրությունը հաղորդելով, այլ փորձել է վերլուծել կատարվածը, և գործողությունների ընթացքը բացատրել ոչ թե «աստվածների կամքով», այլ ռացիոնալ, պատճառահետևանքային կապերի տրամաբանությամբ: Նա առաջիններից մեկն էր, որ առաջարկում էր կուրորեն չհավատալ այն ամենին, ինչը հաղորդում էին նախորդած ժամանակների պատմիչները (ի մասնավորի՝ նկատի ուներ Հոմերոսին), այլ կասկածանքով աշխատել սկզբնաղբյուրների հետ՝ այդպիսով փորձել տարբերակել իրականը մտացածինից: Նա նաև ավելացնում էր, որ հասկանում և հաշվի է առնում այն հանգամանքը, որ այդ ամենից աշխատանքը կարող է կորցնել գրավչությունն իր ժամանակի ընթերցողի համար, սակայն հույս էր հայտնում, որ իր կատարած աշխատանքը գալիք սերունդների համար, ովքեր կզբաղվեն քաղաքականությամբ և պետական կառավարմամբ, ուղեցույց կհանդիսանա և կօգնի հասկանալ իրերի էությունն ու ընթացքը: Սա, իրապես, պատմական-քաղաքագիտական մտքի զարգացման խոշորագույն առաջընթաց էր, երբ հեղինակն իր աշխատանքը գրելիս ուղղորդվում էր առավել ոչ թե էսթետիկ, այլ գործնական, կիրառական մոտիվներով:

Թուկիդիդեսը միջազգային հարաբերությունները դիտարկում էր պատերազմի բռնկման հնարավորության տեսանկյունից, այն է՝ պատերազմ կարող է սկսել ցանկացած պահի, իսկ պատերազմների միջև ընկած ժամանակը նա բնորոշում էր իբրև «խաղաղության ժամանակ». և սա ռեալիստական մոտեցում էր: Ըստ նրա՝ միջազգային հարաբերությունների ընթացքի և բնույթի վրա հավասարաչափ ներգործություն են ունենում ինչպես անհատները, այնպես էլ ներպետական համակարգերը և միջպետական հարաբերությունների էությունը: Հայդմ՝ նա գտնում էր, որ նպատակահարմար չէ ուսումնասիրել միջազգային հարաբերությունները՝ հենվելով վերոնշյալ ասպեկտներից որևէ մեկի վրա առանձին, այլ հեղինակը միջազգային հարաբերությունները դիտարկում էր իբրև մի կոմպլեքս համալիր:

Թուկիդիդեսն առաջ է քաշում այն գաղափարը, որ յուրաքանչյուր պետական կազմավորում, անկախ կառավարման ձևից, լինի դա օլիգարխիկ, դեմոկրատական, թե միապետական, հետապնդում է երկու հիմնական նպատակ:

Առաջինը. ելնելով սեփական անվտանգությունն ապահովելուց՝ յուրաքանչյուր պետություն ձգտում է անընդհատ հզորանալ: Այս առումով՝ ցանկացած պետություն մեկ այլ պետության հզորացումը դիտարկում է իբրև ռեալ վտանգ իր անվտանգության համար: Եվ հենց այս տեսակետից է Թուկիդիդեսը մեկնաբանում Պելոպոնեսյան պատերազմը. Աթենքի հզորացումը Սպարտան դիտարկում էր իբրև անմիջական սպառնալիք իր անվտանգությանը, և հենց այդ վախն էր, որ դրդում է Սպարտային պատերազմ սկսել Աթենքի դեմ:

Երկրորդ. յուրաքանչյուր պետություն անընդհատ հզորանալով փորձում է ընդարձակել իր ազդեցության գոտին: Այս տեսակետից հատկանշական է Աթենքի օրինակը, որը, պոլիսի սահմաններում հասնելով հզորության գագաթնակետի, սկսել էր նվաճողական բնույթի գործողություններ: Թուկիդիդեսի այս տեսությունը, ինչ-ինչ փոփոխություններով, այսօր համարվում է դասական ռեալիզմի տեսության հիմնական դրույթներից մեկը՝ իր ձևակերպումն ստանալով իբրև «անարխիայի գերիշխանություն» միջազգային հարաբերությունների վարման գործընթացում:

Արդի տեսաբաններն ուշադրություն են դարձնում նաև Թուկիդիդեսի բարոյականության ընկալմանը միջազգային հարաբերությունների հոլովույթում: Իր աշխատության մեջ հեղինակն արժևորելով բարոյականությունը, այնուամենայնիվ, փորձում է ցույց տալ, որ այն չի կարող և իրականում չի էլ հանդիսանում միջազգային հարաբերությունների վարման հիմնական ուղեցույց: Թուկիդիդեսը հույների ողջ պատմությունը մինչ իր ապրած ժամանակները բաժանում է երկու հիմնական շրջափուլերի, որոնցից առաջին փուլում ներհանրութային կյանքում առաջնորդվում էին այսպես կոչված «բնական իրավունքի» սկզբունքով, որտեղ ուժի գործոնը միակն էր և որոշիչը: Այս փուլում հին հույների պատկերացումները բարոյականության, հայրենիքի, օրենքների վերաբերյալ այլ էին, ուժեղը հաղթում էր թույլին՝ բառիս բուն և ուղղակի իմաստով: Երկրորդ փուլում, որը հեղինակը համարում էր իր ապրած ժամանակները, հույները ստեղծում են քաղաք-պետություն (պոլիս)՝ իբրև համակեցական կյանքի կազմակերպման բարձրագույն ձև, և առաջնորդվում բարոյական նորմերով և օրենքի գերակայությամբ: Սակայն, հընթացս այս ամենի, Թուկիդիդեսը ցույց է տալիս, որ հույների ստեղծած այս քաղաքակրթական միջավայրի հետագա գոյությունը մեծապես կախված է նյութական միջոցներից: Վերջինիս նկատմամբ մոլուցքն էլ, ուղղակի հակասության մեջ մտնելով բարոյական նորմերի հետ, հաղթող է դուրս գալիս և հիմնականում հանդիսանում պատերազմների դրդապատճառ, վերջինս էլ առաջ է բերում միջազգային հարաբերությունների վարման անհրաժեշտությունը:

Թուկիդիդեսի գաղափարները, հարկավ, սրանով չեն սահմանափակվում, սակայն, ելնելով վերլուծության տրամաբանությունից՝ կբավարարվենք վերոշարադրյալով:

Նիկոլո Մաքիավելի

Մաքիավելին (1469-1527) հանդիսանում է XVI դարի իտալական հասարակական-քաղաքական մտքի վառ ներկայացուցիչներից մեկը: Սա մի ժամանակաշրջան էր, երբ Իտալիան քաղաքականապես մասնատված էր, չկար միասնական կենտրոնական պետություն, փոխարենը՝ կային մի շարք ինքնուրույն իշխանություններ, որոնցից հատկապես նշանավոր էին Ֆլորենցիայի, Վենետիկի, Միլանի և պապական Հռոմի իշխանությունները: Մասնատված Իտալիան բավականին գրավիչ և խոցելի թիրախ էր հարևան կենտրոնաձիգ պետությունների, մասնավորապես Ֆրանսիայի և Իսպանիայի նվաճողական քաղաքականության համար: Այդ էր պատճառը, որ իտալական քաղաքական մտքի որոշ ներկայացուցիչներ սկսեցին ճանապարհներ որոնել մեկ միասնական պետության մեջ իտալական հողերի միավորման համար: Նրանցից մեկը, եթե ոչ ամենանշանավորը Մաքիավելին էր՝ ծագումով Ֆլորենցիա քաղաքից: Մի որոշ ժամանակ, ինչպես և Թուկիդիդեսը, գտնվել է պետական ծառայության մեջ, եղել է միջին կարգի պետական ծառայող, կատարել է նաև դիվանագիտական առաքելություններ: Սակայն պետական ծառայողի նրա կարիերան անփառունակ վախճան է ունենում: 1512 թ.-ին նա ձերբակալվում է Մեդիչիների հրամանով, ովքեր վերականգնել էին իրենց քաղաքական իշխանությունը Ֆլորենցիայում: Ազատություն ձեռք բերելուց հետո դադարեցնում է ակտիվ քաղաքական գործունեությունը և սկսում է զբաղվել առավելապես գրական գործունեությամբ: Երկար ժամանակ է հատկացնում հատկապես Հռոմի պատմությունը սերտելուն՝ գտնելով, որ հռոմեացի պետական գործիչները օժտված են եղել մեծ իմաստնությամբ, որի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել իր ժամանակի գործիչների համար ճիշտ որոշումներ կայացնելու հարցում:

Եվ հենց «Իշխանը» գրքում, Մաքիավելին, անդրադառնալով հիշյալ հարցերին, առաջ է քաշում Raison D’Etat-ի (պետական շահ) գաղափարը:

Մաքիավելյան ռեալիստական տեսությունը, որը մասնագետներից շատերն անվանում են նաև Մաքիավելյան ֆունդամենտալիզմ, հենված էր հետևյալ երեք սկզբունքների վրա՝ մարդկային էություն (առավելապես նկատի ուներ, թե որակական ինչպիսի հատկանիշներով է օժտված պետության առաջնորդը), ներհանրութային համակեցություն և միջպետական հարաբերություններ, որոնք էլ, ըստ հեղինակի, իրենց վարիացիոն դրսևորումներով հանդերձ, պետք է ուղղված լինեն ծառայելու ընդհանուր և գերակա պետական շահին: Եվ հենց այս սկզբունքների իրագործման եղանակներից է կախված պետության ուժեղ կամ թույլ լինելը:

Մաքիավելիին ծանոթ էին պետական կառավարման երկու հիմնական ձևեր՝ հանրապետական և միապետական, որոնցից առավելությունը տալիս էր առաջինին՝ այն համարելով առավել արդյունավետ: Ինչ վերաբերում է միապետական կարգերին, գտնում էր, որ վերջինիս արդյունավետությունը մեծապես կախված էր միապետի անձից: Միապետը իր իշխանությունը կարող էր ձեռք բերած լինել կամ ժառանգաբար, կամ ուժի միջոցով՝ տապալելով մինչ այդ իշխող ուժերին: Անկախ իշխանության գալու պայմաններից, բոլոր միապետերն էլ ունեն մեկ ընդհանուր գերնպատակ՝ պահպանել իրենց իշխանությունը ցանկացած գնով: Եվ իր աշխատանքում, որը հասցեագրված էր Ֆլորենցիայի դուքս Լորենցո Մեդիչին, Մաքիավելին մանրամասնորեն շարադրում է իր գաղափարները առ այն, թե ինչպիսին պետք է լինի միապետը, որպեսզի հաջողությամբ դիմագրավելով ներքին և արտաքին մարտահրավերներին, կարողանա պահպանել իր տիրապետությունը՝ նպաստելով նաև ընդհանուր պետական շահին: Այս առումով Մաքիավելիի գաղափարներն ուղղակի հակասության մեջ են մտնում ժամանակի եվրոպական մտքի հիմնարար քրիստոնեական-բարոյական սկզբունքների հետ: Ըստ նրա՝ բոլոր այն առաջնորդները, ովքեր ցանկանում էին հասնել հզորության և փառքի, քաղաքական հարցերում չպետք է առաջնորդվեին քրիստոնեական բարոյականությամբ: Սակայն սա ամենևին էլ չի նշանակում, որ Մաքիավելին պետական գործիչներին անբարոյական լինելու կոչ էր անում, այլ ավելի ճիշտ կլինի ասել, որ նա առաջ էր քաշում բարոյական սկզբունքների մեկ այլ հարացույց, որտեղ գլխավոր բարոյական սկզբունքը պետական շահին ծառայելն էր: Մաքիավելին գտնում էր, որ առաջնորդը երբեմն պետք է դիմի քրիստոնեության տեսակետից անբարոյական քայլի, որպեսզի կարողանա կանխել հանրույթի անվտանգությանը սպառնացող մի շարք վտանգավոր երևույթներ, նաև նշում էր, որ խելացի առաջնորդը, ելնելով հավատակից եղբայրներին աջակցելու քրիստոնեական բարոյական նորմից, չպետք է օգնություն ցուցաբերի նրանց, ովքեր հետագայում կարող են լուրջ սպառնալիքներ առաջացնել իր և իր պետության համար: Մաքիավելիի դիտարկմամբ՝ միայն ապաշնորհ առաջնորդը կարող է նպաստել իր հարևաններից որևէ մեկի, թեկուզ և այդ պահին իր դաշնակցի, չափից ավելի հզորացմանը, ինչը անմիջական սպառնալիք կստեղծի իր իսկ հետագա գոյության համար: Ստացվում է՝ Մաքիավելին առաջ էր քաշում ապաբարոյականության մի տեսլական, որն այսօր համարվում է դասական ռեալիզմի հիմնական բնորոշիչներից մեկը:

Ինչպես նշեցինք, Մաքիավելին, արդյունավետության տեսակետից, առաջնությունը տալիս էր հանրապետական կարգերին: Ընդ որում՝ նրա կարծիքով այն առավել արդյունավետ էր ոչ միայն ներհանրութային խաղաղության և կարգուկանոնի պահպանման տեսակետից, այլև արտաքին նվաճումների լեգիտիմության (օրինականության) առումով: Հեղինակը այն միտքն է հայտնում, որ հանրապետական կարգերը լավագույն միջոցն են՝ ներքին թշնամիներին ճնշելու, իսկ արտաքիններին ահաբեկելու և նրանց վրա գերիշխանություն հաստատելու առումով: Եվ սա բացատրում են նրանով, որ հանրապետական կարգերի ժամանակ որոշում կայացնողը ոչ թե մեկն էր, այլ մի խումբ մարդիկ, ինչն էլ նվազեցնում էր սխալ որոշում կայացնելու հավանականությունը: Ինչպես նաև՝ հանրապետական կառավարման պարագային, պետական քաղաքականությունը մշակվում է՝ ելնելով ներպետական տարբեր ուժային կենտրոնների շահերից, ինչն էլ նվազեցնում էր ներքին խժդժությունների հավանականությունը: Մաքիավելյան հանրապետությունը բնույթով մեծապես համապատասխանում է հասկացության գիտական ընկալման ներկայիս բովանդակությանը: Սա ամենևին էլ դեմոկրատիա չէ, որը հակվածություն ունի վերաճելու կամ տիրանիայի, կամ էլ քաոտիկ ամբոխավարության: Մաքիավելին օրենքների, սահմանադրության և քաղաքացիական ազատության մեծ ջատագով էր: Ըստ նրա՝ հանրապետությունում պետք է հաստատվեին իշխանությունը բալանսավորող հաստատութենական մարմիններ:

Մաքիավելյան գաղափարների մասին ևս կարելի է անսպառ խոսել, սակայն այստեղ ևս կբավարարվենք այսքանով:

Համեմատական վերլուծություն

Ներկայացնելով երկու հեղինակների առաջադրած գաղափարների հիմնական սկզբունքները՝ փորձենք համեմատական վերլուծությամբ վեր հանել առկա ընդհանրություններն ու տարբերությունները:

Ե՛վ Թուկիդիդեսը, և՛ Մաքիավելին երիտասարդ տարիներին պետական ծառայության մեջ են եղել, սակայն ձախողվել են: Դուրս գալով պետական ծառայությունից՝ երկուսն էլ իրենց նվիրել են գրական-ստեղծագործական կյանքին՝ գլխավորապես ներկայացնելով իրենց ապրած ժամանակների քաղաքական կյանքի անցուդարձերը:

Ե՛վ Թուկիդիդեսը, և՛ Մաքիավելին գտնում էին, որ միջազգային հարաբերությունների հիմնական սուբյեկտներ հանդիսանում են պետական կազմավորումները, իսկ միջազգային հարաբերություններն անարխիկ բնույթ են կրում: Այսինքն՝ միջազգային հարաբերություններում պատերազմի վտանգը միշտ առկա է, որից խուսափելու միակ հնարավոր ճանապարհը պետությունների միջև ուժային հավասարակշռության պահպանումն է:

Հեղինակները համակարծիք էին, որ ամեն ինչից վեր պետական շահն է (Raison D’ Etat): Արդ՝ հենց այս սկզբունքն է, որ պայմանավորում է միջազգային հարաբերությունների էությունը, բնույթը և ընթացքը:

Երկուսն էլ իրենց աշխատություններում մեծ տեղ են հատկացնում բարոյական արժեքներին և գալիս այն եզրահանգման, որ դրանք չունեն և չեն էլ կարող ունենալ վճռորոշ նշանակություն միջազգային հարաբերությունների վարման գործընթացում: Թուկիդիդեսն արժևորելով բարոյականությունը, այնուամենայնիվ, փորձում է ցույց տալ, որ այն չի կարող և իրականում չի էլ հանդիսանում միջազգային հարաբերությունների վարման հիմնական ուղեցույց, իսկ Մաքիավելին, իր հերթին, արդյունավետության տեսանկյունից մերժում էր ժամանակի համար ուղեցույց հանդիսացող քրիստոնեական-բարոյական արժեհամակարգը՝ դրա փոխարեն առաջարկելով մի նոր՝ ապաբարոյական համակարգ:

Երկուսի մոտ էլ մեծ նշանակություն է տրվում պատմության մեջ անհատների խաղացած դերին, թերևս Մաքիավելիի մոտ, շատ ավելի է գերագնահատվում: Եթե Թուկիդիդեսը անհատներին դիտարկում էր իբրև միջազգային հարաբերությունների ընթացքը պայմանավորող համալիր համակարգի անհրաժեշտ օղակներից մեկը միայն, ապա Մաքիավելին, ի դեմս նրանց, տեսնում էր ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային հարաբերությունների բնույթը կանխորոշող կարևորագույն և վճռորոշ դերակատարների:

Ամփոփենք

Վերլուծության թեման մեզ համար կարևոր և արդիական է: Ինչու՞: Մեր օրերում միջազգային հարաբերությունների ոլորտում տեղի են ունենում բազմաթիվ իրադարձություններ, գործընթացներ, որոնց էությունը լավագույնս հասկանալու համար պետք է հետադարձ հայացք նետել այս գիտակարգի անցած էվոլյուցիոն ճանապարհին: Մի շարք երևույթներ այսօր իրենց բացատրությունն են ստանում մասնագետներից շատերի կողմից՝ ներկայացվելով դասական ռեալիզմի փիլիսոփայության տրամաբանության շրջանակներում: Ի վերջո՝ դասական ռեալիզմը, որի ակունքները գնում են պատմական անցյալ, հանդիսանում է վերոհիշյալ գիտակարգի առաջնային տեսություններից մեկը: Այսօր այս տեսությունը ավելի է զարգացել և հարստացել պատմական փորձով: Ի հայտ են եկել դասական ռեալիզմի մի շարք ենթաճյուղեր, վարիացիոն և մոդեռն տարբերակներ: Այս ամենի խորքային բովանդակությունը հասկանալու համար անչափ կարևորում ենք պատմական փորձի ուսումնասիրությունը, ինչին էլ ձեռնամուխ էինք եղել աշխատանքի ընթացքում: Թուկիդիդեսը և Նիկոլո Մաքիավելին հանդիսանում են համաշխարհային քաղաքական մտքի պատմության խոշորագույն ներկայացուցիչները, որոնց գաղափարների, հայացքների ուսումնասիրությունը մեզ մեծապես կօգնի հասկանալ առկա մի շարք քաղաքական գործընթացներ:


Օգտագործած գրականության ցանկ

  1. Chris Brown, Terry Nardin and Nicholas Rengger, International Relations in Political Thought, Cambridge University Press, 2002.
  2. Donald Kagan,Thucydides, The Reinvention of history, New York: Viking, 2009.
  3. Friedrich Meinecke, Machiavellism: The Doctrine of Raison D’Etat and its Place in Modern History, Yale University Press, 1957.
  4. Lowell S. Gustafson, Thucydides’ theory of international relations, Louisiana State University Press, 2000.
  5. Maurizio Viroli, Machiavelli, Oxford University Press,1998.
  6. Michael W. Doyle, Ways of War and Peace: Realism, Liberalism and Socialism, New York, 1997.
  7. Steven Forde, Varieties of Realism: Thucydides and Machiavelli, The Journal of Politics Vol. 54, No. 2 (May, 1992), pp. 372-393, The University of Chicago Press, 1992.
  8. П.А. Цыганков, Теория международных отношений, Москва, 1996. http://polit.msu.ru/pub/unn_mpmo/library/mezhdunarodnie_otnosheniya.pdf

Հեղինակ՝ Հայկ Փայտյան (Hayk Paytyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: