2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրիը երկրում ստեղծել է ճգնաժամային իրավիճակ. քաղաքական, հասարակական, բարոյահոգեբանական ճգնաժամ:
Նման իրավիճակից առանց նոր կորուստների և վայրիվերումների դուրս գալը հրամայական է մեր պետականության համար:
Ստեղծված պայմաններում քաղաքական առճակատման գնալը, երկրում քաղաքական անկայունություն և քաղաքացիական պատերազմ հրահրելը անթույատրելի է և հղի անդառնալի հետևանքներով:
Ներքաղաքական հակասությունների հաղթահարումը բացառապես սահմանադրական ճանապարհով պետք է իրականացվի:
Անթույլատրելի է մի շարք ուժերի կողմից ստեղծված իրավիճակի օգտագործումն ու Արցախի շահարկումը իշխանության գալու նկատառումներով:
Առավել անթույլատրելի են գործող իշխանության կողմից կատարվածի վերաբերյալ անսթափ դատողությունները, արդարացումները և փաստացի անգործությունը:
Իշխանությունները րոպե առաջ պետք է գիտակցեն նման գործելաոճի անդառանալի հետևանքները մեր պետականության համար և ձևավորեն երկխոսության դաշտ այս ծայրահեղ իրավիճակից դուրս գալու հարցով իրապես մտահոգ և կարող կուսակցությունների, հասարակական-քաղաքական խմբերի, ուժային կառույցների, մտավորականության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Անհրաժեշտ է ներկայացնել քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման ճանապարհային քարտեզ, որը՝
- հենված կլինի ժողովրդի, այդ թվում` տեղահանված բնակչության ազատ ու անկաշկանդ կամարտահայտման հիմնարար սկզբունքի և անվտանգ կյանքի իրավունքի իրացման վրա,
- կարտացոլի քաղաքական համերաշխության դաշտ ստեղծելու ժամանակային դրույթները,
- խարսխված կլինի բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու առանցքի շուրջ,
- կերաշխավորի տեղահանված անձանց սոցիալական ապահովության նվազագույն փաթեթի անհապաղ մատուցումը:
Նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի իրականացմանը, Արցախի կարգավիճակի հարցի վերջնական լուծման գործընթացին և դրանից բխող բոլոր հետևանքներին պետք է պատրաստվել ամենայն լրջությամբ և սթափությամբ և առավելագույնս ողջամիտ կերպով:
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ
Հայտարարությունն արտահայտում է կազմակերպության դիրքորոշումը և կարող է չհամընկնել կազմակերպության առանձին անդամների տեսակետների հետ: