1988:
Ս Կ Ս Վ Ե ՛Ց
1965-ին սկիզբ առած ղարաբաղյան պահանջատիրության «զարոբյանա-սևակյան» ալիքը ճնշվեց ու մարեց 67-ին: Թվաց՝ եթե ոչ ընդմիշտ, ապա նրա ուրվագիծը կորչում էր ապագայի մշուշում: Ու թեև 87-ին միացա էկոլոգիական շարժմանը, ինձ, ինչպես և վաթսունականի ակտիվիստներից մի մասի համար աննկատ անցավ գլասնոստի հուսադրող զեփյուռով «ծովափից» հեռու սկզբնավորված նոր ալիքի ծնունդը. թափ առնելով ու ահագնանալով՝ այն ընդհուպ մոտեցավ «ափին» և կուրացրեց ու խլացրեց մեզ գահավիժման պատրաստ «9-րդ ալիքի» տեսքով ու դղրդյունով: ….
Փետրվարի 22-ին վերադարձա հերթական գործուղումից ու շանթահարվեցի ամպրոպ-լուրից… Սկսվե՛լ է…
Մեր ժողովրդի հոգեմաշ համբերության «բիկֆորդյան քուղի» ղարաբաղյան ծայրում 10 օր առաջ պայթած հանրահավաք-կայծը հասել է «քուղի» մյուս ծայրին՝ օպերայի հրապարակ. 3 օր առաջ բռնկված «հրդեհի լեզուները» արագ տարածվում են ողջ երկրով: Փա՜ռք քեզ, Ամենաողորմած Տեր…
Բողոքը սաստկացել էր փետրվարի 21-ին ՍՄԿԿ քաղբյուրոյում Գորբաչովի մերժողական ելույթից հետո: Փետրվարի 22-ին, ելույթ ունենալով հայկական հեռուստատեսությամբ, Կարեն Դեմիրճյանը ինքնատիրապետման, վերակառուցման գործին ավելի եռանդով կցվելու ու ժողովուրդների ինտերնացիոնալ եղբայրությունը ամրապնդելու կոչ արեց:
Հաջորդ օրը ժամանեցին Դոլգիխը և Լուկյանովը: Շտապեցի Բաղրամյանով ներքև: Կենտկոմի առջև հավաքվել էր ոչ մեծ բազմություն: Դիմացի՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի աստիճաններին բարձրախոսն էր: Միկրոֆոնը տնօրինում էր Սամսոն Ղազարյանը: Իրար չէինք ճանաչում: Առանց մի պահ վարանելու խնդրեցի միկրոֆոնը. չքացել էր ինձ հատուկ անվճռականությունը. գիտական զեկույցներ տարբեր գիտաժողովներում՝ ինչքան ուզես, սակայն այնտեղ պատրաստվում ես շաբաթներով, չափում-ձևում ամեն մի խոսքը, իսկ սա՝ առաջին քաղաքական, հրապարակային ու պատասխանատու, հանպատրաստից ելույթ… Ու ոչ մի տարակուսանք, միայն արտասովոր անհամբերություն: Սամսոնը, անշուշտ, նկատեց հուզմունքս, բնականաբար, զգուշացավ… Մերժեց: Սակայն, ինձ կարող էր կանգնեցնել միայն «հանդիպակաց տրամվայը»: Չգիտեմ՝ ինչով կվերջանար մեր վեճը, եթե ինձ ճանաչող ոմն չմիջնորդեր: Իմաստ չունի այստեղ վերարտադրել ելույթս, մանավանդ որ չեմ ձայնագրել ո՛չ այն, ո՛չ էլ հետագա բազմաթիվ ելույթներս: Անքուն գիշերների մտորումներում, շատ-շատերի բողոքներում ու սրտամաշ զրույցներում արտահայտած պատմական, իրավական ու հուզական հանրահայտ թեզերն էին, որոնք ավելի կամ պակաս հաջողությամբ և նույնպես հանպատրաստից կարող է «կրակել» մեր պատմությամբ հիվանդ ամեն մի հայ: Խոսեցի ռուսերեն՝ դիմելով հյուրերին: Չգիտեմ՝ ինչ տպավորություն թողեցի նրանց վրա, ինչ վերաբերում է հավաքվածներին՝ ցնցված էին, թեև, կրկնում եմ, իրենց համար մի նոր բան չասացի: Սամսոնը ներողություն խնդրեց և շնորհակալութուն հայտնեց ելույթիս համար: Նա արդեն համագործակցում էր այն օրերի անվերապահորեն ճանաչված լիդերի՝ Իգոր Մուրադյանի, ինչպես նաև Աշոտ Մանուչարյանի և այլոց հետ: Չէի ճանաչում ոչ ոքի, սակայն այդ «պատնեշը» հեշտությամբ հաղթահարվեց: Իսպառ վերացել էին մանկությունից ինձ նեղը գցող ամոթխածությունը, կասկածը սեփական ուժերի նկատմամբ: Հուսահատության ամպով պատած երկնքում 70 տարի անց հանկարծ ծնվեց ցավ-բարդույթի լուծման «հուսո աստղը»: Ժողովրդի տարերային հավաքները օր-օրի ավելի հսկայազանգված էին դառնում՝ ստեղծելով հրճվանքի աստիճանի ոգևորության աննախադեպ մթնոլորտ:….
Փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի պատգամավորների խորհուրդը (դեպուտատների Սովետը) ընդունեց Հայաստանի կազմի մեջ մտնելու հայտնի որոշումը: Ադրբեջանի ԶԼՄ-ները դատապարտեցին դա ու հայերին հորջորջեցին էքստրեմիստ և` ի հաստատումն այդ պիտակի, Աղդամի «խաղաղության աղավնիները» քշեցին դեպի Ասկերան: Ընդհարման ընթացքում ադրբեջանցի ոստիկանների զոհ դարձած թուրքի մահը պրովոկատոր-դատախազ Կատուսևը վերագրեց հայերին՝ ավելի բորբոքելով թուրքերի կրքերը:
23-ին մոսկվացի բարձրաստիճան հյուրերի հետ հանդիպմանը Հայաստանի կենտկոմ հրավիրվեցին մտավորականության և ցուցարարների ներկայացուցիչներ: Ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի վկայությամբ՝ տեղի ունեցավ փոխադարձ կոշտ երկխոսություն:
Նույն օրը հանրապետության կուսակցական ակտիվի ժողովը հավանություն տվեց ՍՄԿԿ քաղբյուրոյի փետրվարի 21-ի (մերժողական) որոշմանը՝ որպես խնդրի միակ ճիշտ լուծման տարբերակի և խնդրեց ՍՄԿԿ կենտկոմին առաջիկա՝ ազգային քաղաքականության պրոբլեմներին նվիրված պլենումում «մյուս պրոբլեմների կոմպլեքսում բազմակողմանիորեն քննության առնել Լեռնային Ղարաբաղի հարցը»: Այդ օրը կայացավ նաև Դոլգիխի հեռուստաելույթը: Տկարամիտներիս հասկացրեց, որ ԼՂԻՄ-ի միացումը Հայաստանին միանգամայն հակառակ է ողջ հայության շահերին: Փետրվարի 25-ին Գորբաչովին նամակ ուղարկեց Կաթողիկոս Վազգեն Ա-ն:
…. ԼՂԻՄ-ի մարզկոմի քարտուղար Կևորկովը ազատվեց պաշտոնից: Ստեփանակերտցիք (հիմնականում` կանայք) քարտուղարի աթոռին «բերման ենթարկեցին» խոհեմ, հայրենասեր Հենրիկ Պողոսյանին: «Իզվեստիան» կրկնեց «ժողովրդի կողմից դատապարտված» (ըստ երևույթին՝ խոսքը փետրվարի 24-ի 200.000-անոց միտինգավորների մասին էր) ազգայնամոլ-էքստրեմիստների մասին «մուղամը»: Ու քանի որ իրավիճակը «հանդարտվում ու մտնում էր բնականոն հունի մեջ», Երևանը լցվեց զորքերով ու շրջապատվեց հրետանային տեխնիկայով:
Արդեն ծանոթացել էի Իգոր Մուրադյանի ու նրա գործընկերների հետ: Հասկացրել էի, որ ուզում եմ օգտակար լինել (ավելի ճիշտ՝ չէի պատկերացնում ինձ շարժումից դուրս) անկախ կարգավիճակիցս: Ելույթներ ունեցա միտինգներում: ….
Բուտիրյան բանտում համոզվեցի, որ բոլոր ելույթներս խնամքով ձայնագրված ու թարգմանված են` տեղ-տեղ զվարճալի աստիճանի տառացիությամբ: ….
Իգորը անմիջապես տրամադրում էր իր կողմը: Նրա խոշոր մարմինը ճառագում էր անմիջականություն, վստահություն, ազնվություն, մի խոսքով` լայն հոգու մարմնացում և նման խառնվածքի մարդկանց հատուկ՝ կրքերին տիրապետելու ու «դիվանագիտություն» բանեցնելու անկարողություն: Նաև` անհիշաչար ու շուտ հանդարտվող: Զգացվում էր Բաքվի նկատմամբ նրա մեջ կուտակված բացասական լիցքը: Անշուշտ՝ հայրենասեր: Հետագայում ապացուցեց, որ հանուն շարժման ունակ է անձնական ամբիցիաներից վեր կանգնելու: Չգիտեմ` ինչպես, բայց ապահովում էր միտինգները շարժական հեռուստաստուդիայով: …
Այդ օրերին, իբր թե, գործում էր գաղտնի կոմիտե, որի մեջ, բացի Իգորից, մտնում էին արցախցիներ Մանվել Սարգսյանը, Գագիկ Սաֆարյանը, գուցե և այլ անձինք, որոնց ազգանունները չիմացա: ….
Առաջին շրջանում ակտիվ էր նաև դերասան Վաչե Սարուխանյանը: Նրա կրակոտ ելույթները ոգևորիչ էին: Հետո հանկարծ չքացավ, և ուսանողները բացահայտ կասկած նետեցին Իգորի երեսին: Պարզվեց, որ Սարուխանյանը հյուրընկալվել էր ընկերոջ տանը՝ շրջանում: Վերջացավ նրանով, որ Իգորը, ցուցաբերելով «հրեշտակային» հանդուրժողականություն, հենց բեմում հարձակվեց Վաչեի վրա՝ Օթելլոյի հնարքը կիրառելու վճռականությամբ. հազիվ բաժանեցինք: Այնուհետև Վաչեն տեսադաշտից անհետացավ:
Աշոտ Մանուչարյանն ամենուրեք էր, որտեղ, իր կարծիքով, իր կազմակերպչական կամ հաշտարարի ունակությունների կարիքն էր զգացվում: Կազմակերպչական (կոմերիտական) երբեմն չափից ավելի ջիղը երբեք չմարեց, սակայն ինչպես այն օրերին, այնպես էլ հետագայում, նրա մոտ չտեսա պաշտոնաբաղձության կամ նյութապաշտության ակնարկ: Ավելի ուշ գնահատեցի նրա զուտ մարդկային արժանիքները, ուստի մինչ օրս մտերիմ բարեկամներ ենք, չնայած որոշ հարցերում տարակարծիք ենք:….
Տեսնում էի նաև Համբարձում Գալստյանին: Տեսնում էի նաև Վանոյին ու Բաբկենին: Լսել էի, որ Վանոն ամիսներ առաջ Գրողների միությունում իր ելույթով ներկայացրել էր ըմբոստացման հայտը: Այդ օրերի միտինգներից մեկի ժամանակ, լսելով, որ համալսարանից է, ծանոթացա Վազգեն Մանուկյանի հետ: Հիմնական հավաքատեղին (եզակի բացառություններով) Վազգենի բնակարանն էր:
Փետրվարի 26-ի հանրահավաքը ցնցեց ոչ միայն քանակապես: Այն ի հայտ բերեց նոր որակ: Տարբեր գնահատականներից նվազագույնի պնդմամբ՝ մասնակիցների թիվը կես միլիոնից պակաս չէր: Եկել էին Լենինականից և մյուս՝ համեմատաբար հեռու շրջաններից: Դուրս էին եկել նախորդ օրը և ոտքով կտրել ողջ ճամփան: Միջանցիկ գյուղերում սեղաններ էին բացել երթի մասնակիցների համար: …
* * *
Գորբաչովի հետ Զորի Բալայանի ու Սիլվա Կապուտիկյանի հանդիպումը, իրենց ներկայացնելով, շատ հուսադրող էր: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դա, մեղմ ասած, չափազանցված էր: Սակայն Զորին համոզել էր տիկին Սիլվային` ներկայացնել դա լավատեսորեն` ժողովրդի թափը չկոտրելու համար: Այսօր դժվար է պնդել` ճի՞շտ էր դա, թե՞ ոչ, քանզի պատմության տարբերակված կրկնությունն անհնար է: Մնում է փաստել, որ բազմություն կազմող միամիտներս դեռ 1-2 ամիս վանկարկում էինք «Լենին, պարտիա, Գորբաչով»: Ամաչում ես հիշելիս. գոնե 60-ն անց երանելիս պարտավոր էի իմանալ պարտդպրոցի ու ղեկավար պարտաշխատանքի ճիզվիտացման բովով կոփված ֆունկցիոների խոսքի արժեքը:
Գորբաչովը պատվիրակների միջոցով խնդրել էր դադարեցնել հանրահավաքները, իրեն մեկ ամիս ժամանակ տալ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու և որոշում կայացնելու համար: Իգորը հայտարարեց միտինգադադար մինչև մարտի 26-ը:
Փետրվարի 27-ին սկսվեց Սումգայիթը: Լուրը ցնցեց, տակնուվրա արեց հոգիներս: Մանրամասները կատաղեցնում էին խելագարության աստիճանի, պղտորում երևակայությունը ամենադաժան վրեժի պատկերներով… Իգորը մնաց անհողդողդ. պայմանը պայման է: ….
Քաղաքում համարյա ամեն օր տարածվում էին կոմիտեի և այլ կազմակերպությունների նորանոր կոչեր, դիմումներ ժողովրդին և բողոքներ իշխանություններին: Բովանդակությամբ իրար մոտ. մեր արդար պահանջի պատմական հիմնավորումներ, մամուլի և Մոսկվայի լռությունն ազերիների վայրագությունների մասին, տոկունություն դրսևորել մեր պահանջների պաշտպանության գործում: Բավական երկարաշունչ էին, հիմնականում` ռուսերեն:
Ղարաբաղի և Հայաստանի բնակչությունը պահանջում է իր սահմանադրական իրավունքների ապահովում…
….Լավ հիշում եմ այդ օրերին ինձ համակած անհամբեր, լարված սպասումը. թվում էր՝ եթե ԼՂԻՄ-ի խնդրի դրական լուծումը ձգձգվի ևս մեկ ամիս, սիրտս կպայթի: Համոզված եմ՝ միայնակ չէի: Չէր լքում այսօրվա որակմամբ ապշեցուցիչ միամիտ համոզմունքը. եթե ինչպես հարկն է բացատրենք «ինչն ինչոց է», ապա բացառված է մեր պահանջատիրության մերժումը: Նման «սրտառուչ օպուսների» օրինակներ են կոմիտեի ընդարձակ դիմումը ժողովրդին (իմ խմբագրմամբ) և իմ նամակը ՍՄԿԿ կենտկոմի քարտուղար Ա. Յակովլևին:
….Մեր կարգապահ վարքին Գորբաչովը հակադրեց կենտրոնական մամուլի զայրացնող, սադրիչ գրոհը: Միտումը պարզ էր. իրեն պարգևած մեկ ամսում գործել մաքսիմալ «արդյունավետությամբ» և վերջ տալ շարժմանը: Անամոթ խեղաթյուրմանը, շարժման վրա տարբեր (ազգայնամոլական, էքստրեմիստական և այլ) պիտակներ կախելուն զուգընթաց՝ սկիզբ է առնում ահաբեկման, խուճապի մթնոլորտի ներմղման կամպանիան: Պաշտոնական ինստանցիաներում շշնջում են, սակայն այնպես, որ ամենուրեք լսելի դառնա, մոտալուտ ու անխուսափելի դաժան հաշվեհարդարի, համատարած բանտարկությունների մասին լուրը: Մարտի 8-ին հսկա բազմությունը (մեծամասամբ` կանայք) շարժվում է դեպի Եղեռնի հուշարձան: Պաստառներն են՝ «Սումգայիթի սպանդը XX-րդ դարի խայտառակությունն է», «Մամուլի ապատեղեկացումը սադրեց սպանդը Սումգայիթում» և այլն: Կենտրոնական ԶԼՄ-ները իրենց հերթին ծավալել էին իրական դեպքերի խեղաթյուրման սանձազերծ ու լպիրշ կամպանիան: Չէին խորշում «ծովահենային» միջոցներից. սադրիչ հոդվածների տակ երբեմն հայտնվում էին հայ գործիչների ստորագրություններ: ….
….Թեև Երևանում հանրահավաքները ժամանակավորապես դադարեցվել էին, սակայն Ստեփանակերտում, Մոսկվայում, Սփյուռքի տարբեր քաղաքներում անցնում էին բողոքի ցույցեր՝ ուղղված ԶԼՄ-ների և իշխանությունների կողմից սումգայիթյան դեպքերի լուսաբանման ու որակման զազրախաղի դեմ: Անթիվ նամակ-բողոքներ առանձին քաղաքացիներից, գիտա-և արտադրական ձեռնարկություններից երկրի իշխանավորներին, ԶԼՄ-ների խմբագիրներին:
Մարտի 13-ին Ս. Գրիգորյանցի կոնֆերանսից (Մոսկվա) հայտնի դարձան Արևելագիտության ինստիտուտի եզրակացությունները և առաջարկները, որոնց նա հանգել էր կենտկոմի հանձնարարությամբ կատարված սիտուացիոն վերլուծության հիման վրա: Ահավասիկ դրանք.
Ս. Գրիգորյանցի և Ն. Շելկովի 1988թ. մարտի 11-ի պրեսկոնֆերանսը («Գլասնոստ» ամսագիր N17, էջ 97)
Մեզ հայտնի դարձավ, որ ՍՄԿԿ ԿԿ հանձնարարությամբ Արևելագիտության ինստիտուտի ընդհանուր պրոբլեմների բաժինը կատարել է Հայաստանի իրավիճակի սիտուացիոն վերլուծություն: Եզրահանգումները, որոնք շարադրել է ԳԱ թղթ.-անդամ Գեորգի Կիմը, հետևյալն են.
Հանձնաժողովը որքան հնարավոր է պետք է ձգձգի հարցի քննարկումը: Մշակութային, սոցիալական և կենցաղային ոլորտներում զիջումների միջոցով, գուցե նաև զոհաբերելով որոշ ղեկավարների և մեղքը գցելով երկրորդական անձանց վրա, փորձել հանգստացնել բնակչությանը: Բոլոր դեպքերում ԼՂ-ն չպետք է միացվի Հայաստանին: Հիմա պետք է ձևացնել լիակատար հրապարակայնություն և ուռճացնել ամենափոքր ընդհարումները՝ մեղադրելով հայերին: Պետք է ակտիվորեն ներթափանցել հայկական միջավայր, այդ թվում նաև հայերի նկատմամբ բարեկամաբար տրամադրված, Հայաստանի տարածքում ապրող քրդերի օգնությամբ և աշխատել պառակտում մտցնել նրանց հարաբերությունների մեջ:
Դատելով ամեն ինչից՝ հենց այդ առաջարկներն են այսուհետև իրականացվելու: («Կանչ» N2, էջ3)
Ապագան ցույց տվեց, որ հենց այդ ցինիկ արտաթորանքը դարձավ կենտրոնական իշխանությունների գործողությունների մարտավարությունը:
Հանրապետության ղեկավարությունը հայտնվել էր պրոստրացիայի վիճակում, որին հետևեց լեթարգիական քունը. փոխարենը, տեսնելով Մոսկվայի բարեհաճ վերաբերմունքը, մոլեգին ակտիվացել էր ադրբեջանական կողմը: ….
Մարտի 28-ին Երևանում՝ մտավորականների հավաքում, Հենրիխ Բորովիկը կրկնեց Գորբաչովի զգուշացում-սպառնալիքը. «ԼՂԻՄ-ի միացումը Հայաստանին կնշանակի հավերժ Սումգայիթ»: Երկրի ղեկավարն, ըստ իս, չգիտակցելով իր ասածի տրամաբանական մեկնաբանությունը, բացեիբաց խոստովանեց, որ գերհզոր պետությունը, իր սահմանադրությամբ հանդերձ, չի կարող հուսալիորեն պաշտպանել ազգային փոքրամասնության ոչ միայն իրավունքները, այլև կյանքը: Այդքանից հետո նեղացավ, երբ ԱՄՆ-ում մեր առաջին արտագաղթողներին անվանեցին փախստական: Ստիպեց, որ մեկնողները հայտարարեն, թե իբր մեկնում են ընտանիքները վերամիավորելու նպատակով («Սով. Հայաստան», 30.08.88թ.): «Եղբայրությունը» պահպանելու միակ ելքը՝ մնալ սպանդը կազմակերպողի ենթակայության տակ: Այսինքն` սիրաշահել նրան ամեն ձևով:
Գորբաչովը իր խոստումը «կատարեց»: Դեռ չէր բոլորել նրա խնդրած մեկ ամիսը, երբ նա, հավանաբար «ծանոթանալով պրոբլեմի մանրամասներին», միամիտներիս գլխներին իջեցրեց առաջին հուժկու հարվածը. մարտի 23-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը կտրուկ մերժեց տարածքային խնդրի քննարկման իսկ հնարավորությունը. «Անթույլատրելի համարել, երբ ազգային- տերիտորիալ բարդ հարցերը փորձում են լուծել պետական իշխանության մարմինների վրա ճնշում գործադրելու միջոցով»: Այլ կերպ ասած՝ սովետական սահմանադրությամբ (համաձայն որի գործում էր ԼՂԻՄ-ը) դա լուծելի հարց չէ: Ինչպես այդ որոշման, այնպես էլ մեկ օր առաջ միութենական հանրապետությունների ԳԽ-ների նախագահությունների և մեկ օր անց ՍՄԿԿ կենտկոմի որոշումներում ոչ մի խոսք Սումգայիթի մասին: Համարյա միաժամանակ հրամանագիր ընդունվեց ժողովների և հանրահավաքների անցկացման նոր կարգի վերաբերյալ:
Երկու հանրապետությունների իշխանություններին Միության Մինիստրների խորհրդի և պետպլանի մասնակցությամբ հանձնարարվեց մշակել ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացման 88-95 թթ. ծրագիր արցախցիների առաջ քաշած հիմնական խնդրի փոխարեն: Տրամադրվելիք 400 մլն ռուբլու տնօրինումը հանձնվում էր Ադրբեջանին՝ ձեռ առնելու չափ սահմանափակելով Հայաստանի մասնակցությունը: Արցախցիք Գորբաչովին ուղղած նամակում, (31.03.88թ.) զայրույթով հրաժարվեցին «լավությունից»: Արժանապատիվ պահեցին իրենց ԼՂԻՄ-ի ղեկավարները, հատկապես Հ. Պողոսյանը:
Մարտի 24-25-ին Ռուսաստանից քաղաք բերված միլիցիայի ուժեղացված կարգախմբերից բացի, բերվել էին տասից ավելի ռազմական ուղղաթիռներ՝ «ласточки перестройки», կապույտ բերետավորներ, БТР-ներ` զինվորներով: Բոլորին տարաբաշխել էին քաղաքի հրապարակներով և հանգուցային խաչմերուկներով: Այդ մասին «բլուրից» այն կողմ (արտասահմանից) հայտնում էին բոլոր «չար ձայները»: Բերվել էին, իբր, բոլոր հնարավոր պրովոկացիաները խափանելու նպատակով, իրականում՝ բնակչությանը ահ տալու համար: Միակ վտանգը գալիս էր երեխաներից. դրանց ուրախությանը չափ չկար (որի համար տատիկները շնորհակալական նամակներ էին հղել Յազովին), շրջապատում էին զրահամեքենաները, մագլցում դրանց վրա, փորձում մանեկների ամրությունը: Թատերական հրապարակ չէին թողնում անգամ մանկական սայլակներով տատիկներին. շատ հնարավոր է դրանք խցկված լինեին պայթյունավտանգ թոռնիկներով: Կենտրոնական մամուլը «սուրբ պարզությամբ» զարհուրում էր մի խումբ էքստրեմիստների ծրագրվող հրեշավոր դավերի առթիվ: Փորձեցի դուրս բերել նրանց «կոմայի» վիճակից՝ «Аргументы и факты» պարբերական ուղարկելով թունախառն մխիթարանքս: Անշուշտ՝ չտպեցին, թեև ստացման հեռագիրն ուղարկեցին: Մի բան, սակայն, պարզ գիտակցում էինք. մարտահրավեր հիշեցնող այդ թատերականացված ներկայացումը կարող է բորբոքել տաք գլուխներին (գուցե դա հենց բուն նպատակն էր)՝ մղելով նրանց խելահեղ քայլերի: Հատկապես գրգռիչ էին երկնքում զօր ու գիշեր սպառնալից գռմռացող ուղղաթիռները (քաղաքացիներին քաղցր երազներ բերելու «բարի» նպատակով):
Վիճակը դարձել էր պայթյունավտանգ, ուստի ցրվել էինք քաղաքով մեկ՝ զինվորների հետ հնարավոր բախումը կասեցնելու նպատակով: Ինձ բաժին էր ընկել ֆիլհարմոնիայի դիմացի փողոցում առաջացած դիմակայությունը: Եղավ պահ, երբ ստիպված եղա գցել ինձ անբոխի և զինվորների միջև՝ սթափության կոչ անելով երկու կողմին: Հաշվի առնելով իրավիճակը՝ կոմիտեն կոչ արեց ժողովրդին առժամանակ խուսափել հավաքներից ու նաև բոյկոտել զվարճատեղերը, ինչպես նաև մայիսմեկյան տոնակատարությունը: Փողոցները սակավամարդ ու խաղաղ էին: Զինվորները, որոնց ներշնչել էին, որ հակասովետական հեղաշրջում է պատրաստվում, որը կլինի ավելի թեժ, քան Աֆղանստանում, տարակուսանքի մեջ էին: …..
Այլևս ոչ ոք չէր վանկարկում «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսը: Մարում էին և Ղարաբաղի խնդրի շուտափույթ (եթե չասենք` ընդհանրապես) լուծման հույսերը: …..
Հատված Ռաֆայել Ղազարյանի «Հաշվետու եմ» գրքից (Երևան, 2003)
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ