Ինչու թուրքն յաղթեց

Shahan Natali
Շահան Նաթալի. Ինչու թուրքն յաղթեց

Ներկայացնելով Ղարաբաղյան շարժմանը նախորդող հայկական քաղաքական հոսանքների պատմությունը՝ հրապարակում ենք Շահան Նաթալիի (Հակոբ Տեր-Հակոբյան, 1884-1983) խմբագրականներից մեկը: Հեղինակը 1919-ից «Նեմեսիս» գորոծողության օպերատիվ ղեկավարներից էր և ՀՅԴ Բյուրոյի անդամ: Հենց սկզբից «Նեմեսիս» գործողության ծրագիրն ուժեղ դիմադրության արժանացավ ՀՅԴ Բյուրոյի մեծամասնության՝ Ռուբեն Տեր-Մինասյանի, Ռուբեն Դարբինյանի, Սիմոն Վրացյանի կողմից: Ի վերջո այն կիսատ մնաց, իսկ Շահանի եւ Բյուրոյի մեծամասնության հակամարտությունը 1920-ականների վերջին հասավ իր գագաթնակետին: 1929-ին Նաթալին վտարվում է ՀՅԴ-ից: Մինչ այդ՝ 1928-ից հիմնադրել եւ խմբագրում էր «Ազատամարտ»-ը, որում ակտիվորեն քարոզում էր հակաբյուրոյական դաշնակցականների գիծը: Վեճի հիմնական նյութն էր՝ ո՞րն է հայերի առաջնային թշնամին՝ սովետական իշխանությո՞ւնը, թե՞ Թուրքիան: Բյուրոն առաջին տեսակետին էր, իսկ Նաթալին ու մյուսները՝ երկրորդ: Ըստ այդմ՝ Նաթալին եւ իր համախոհները մեղադրում էին Բյուրոյին թուրքական կողմնորոշման մեջ, իսկ ի պատասխան ստանում էին բոլշեւիկյան գործակալ լինելու մեղադրանքը: Հետագայում Շահանը համագործակցեց ՀՅԴ-ից առանձնացած մեկ այլ՝ «Մարտկոցականների» խմբի հետ, որի մեջ էին հայտնի գրող Վազգեն Շուշանյանը եւ ուրիշներ:

Շահանի հիմնական անձնավորված թիրախը ՀՅԴ փաստացի բյուրոյապետ Ռուբենն էր: Իրականում, սակայն, որքան էլ հակադիր են եղել երկուսի դիրքերը, ավելի խորքային մակարդակում ունեն լուրջ ընդհանրություններ: Երկուսն էլ՝ Ռուբենը եւ Շահանը, հայ գործիչների այն սերունդն են, որի հիմնական մղիչ ուժը նախորդ՝ առաջին հեղափոխական սերնդի մոտեցումների, կարծրատիպերի կազմաքանդումն է՝ դեկոնստրուկցիան: Երկուսն էլ ուժապաշտ են, երկուսն էլ հեգնում են մարդկության անխուսափելի առաջադիմության նկատմամբ նախորդների միամիտ հավատը, երկուսն էլ սկեպտիկ են՝ մռայլության աստիճանի: 

Կա նաեւ ճակատագրերի հակասական միահյուսությունը: Շատ վաղ շրջանից՝ դեռ 1914-ից էլ առաջ, հայ-թուրքական հաշտության կողմնակից Ռուբենն իր ողջ հեղափոխական կյանքը մինչեւ 1920-ն անցկացրեց թուրքերի դեմ կռվում, իսկ հակաթուրք Շահանը երբեք որեւէ կռվի չմասնակցեց, եթե չհաշվենք «Նեմեսիս»-ի օպերատիվ ղեկավարումը, որը սակայն պատերազմ չէր, անշուշտ, բառիս բուն իմաստով: Իր հիմնական քաղաքական թիրախ որպես Ռուբենին ընտրած Շահանը «Թուրքերը եւ մենք» գրքույկում իբրեւ հայ զենքի մեծագույն հաղթանակ նշում է Հայաստանի մաքրագործումը թուրքական տարրից, հատկապես՝ 1920-ի Զանգիբասարի գործողությունը՝ դա կարեւորելով ավելի, քան Սարդարապատը: Բայց դա … Ռուբենի մտահղացած եւ իրագործած ծրագրերից էր, պարզապես նրանցից, որոնք սովորաբար չեն բարձրաձայնում ..: Այնպես որ այս եւ նման հակադրությունները շատ ավելի բարդ են ու բազմաշերտ, քան կարող են թվալ առաջին հայացքից: … Ռուբենի եւ Շահանի վեճն ինչ-որ տեղ շարունակվում է ցայսօր. միայն թե պետք է միշտ հիշենք դրա ոչ միանշանակությունը եւ բազմաշերտությունը:

-Հրանտ Տեր Աբրահամյան

 

***

Չկայ ճշմարտութիւն․ Կան ճմշարտութիւններ։

Կարեւորը ճմշարտութիւնները դասակարգելն է, ըստ արժէքի։

Ահա ա՛յն, ինչ որ հայը, մանաւանդ քաղաքական միտքը, չհասկացաւ ընթացքին, եւ ա՛յն, ինչ որ թուրքը ըմբռնեց տառացիօրէն։

Ու մենք պարտուեցանք։ Թուրքը պարտեց մեզ։

Ճմշարտութիւն է, որ գիրն ու գրականութիւնը ուժ են եւ հայն ըմբռնեց այդ ու վանքեր կանգնեց, դպրոցներ բացաւ․ գիր ու գրականութիւն տարածեց։

Ճշմարտութիւն է, որ արուեստ ու առուտուր ուժ են․ եւ հայը նուիրուեցաւ արուեստի բոլոր ճիւղերուն, հպարտացաւ իր արուեստով, որոնց ազդեցութիւնը տարածեց մօտիկ ու հեռաւոր ժողովուրդներու վրայ։ Զարգացաւ իբր առեւտրական, ծովեր կտրեց, հարստացաւ եւ տիրող տարրը իր տնտեսական գերին դարձուց։

Ճշմարտութիւն է, որ արհեստ ու երկրագործութիւն ուժ են․ եւ հայը իր միջավայրի արհեստներուն տէր ու տիրական դաձաւ․ երկիրը հերկեց, հունձքը առաւ։ Թեկուզ՝ մարաբա, բայց կուշտ ապրեցաւ։

Ճշմարտութիւն է, որ քաղաքակրթութիւն ու կրթութիւն ուժ են․ եւ հայը արեւմուտքի քաղաքակրթութեան հետ շփուեցաւ, սերունդ կրթեց, կրօնական կապերով կապուեցաւ քաղաքակրթուած աշխարհի հետ։

Ճշմարտութիւն են դեռ շատ բաներ։

Դառնագոյն ճմշարտութիւն է նաեւ որ այդ բոլորը չը փրկեցին մեզ պարտուելէ մահ ու կեանքի մեր պայքարին մէջ։

Եւ պարտուեցանք թուրքէն, որ ո՛չ մէկն ունէր այն բոլորէն, ո՛չ մէկն ունէր գոնէ մեզ չափ։

Թուրքը մէկ բան ունէր մեզմէ աւելի ― ԶԷՆՔ։ Որովհետեւ ան գիտէր, թէ քաղաքական կեանքի մէջ զէնքի ուժը աւելի արժէք էր քան արժէքները բոլոր մնացած ուժերուն։

Այս գիտակցութեան արդիւնքն է թուրքին տիրապետութիւնը մէկ արհեստի մէջ ― ԽԱՍԱՊՈՒԹԻԻՆ։

Մսագործութիւնը եթէ մորթել ու պատռտելու կողմով այնքան հարազատ է թուրքի հոգիին, պէտք է ընդունիլ նաեւ սադրին ու սուրին պողպատեայ յարաբերութեան ազդեցութիւնը թուրքին մսագործութեան արհեստին մէջ։

Մի՛ ըսէք, որ մենք կը ժխտենք գիր ու գրականութիւն, կրթութիւն ու քաղաքակրթութիւն։ Սուտ է։

Մենք կ’ըսենք  միայն, թէ թուրքին սուրը աւելի ուժեղ է ― եւ այդպէս է աշխարհի ամէն կողմը ― քան հային բոլոր ուժերը։ Եւ թէ թուրքին յաղթութիւնը այդ ճշմարտութիւնը ըմբռնելուն մէջ է։

Եւ ինչու ամչնալ եւ չխոստովանիլ, որ թուրքը շատ աւելի խելօք էր եւ այսօր ալ խելօք է ճշմարտութիւնները դասակարգելու մէջ։

Մեր չխոստովանիլը փաստ չի փոխեր երբէք, թէ գրել-կարդալ չգիտցող, անարհեստ, անարուեստ, առեւտուրէ եւ երկրագործութենէ զուրկ թուրքը միայն սուր ունենալով՝ կոտորեց գրել-կարդալ գիտցող հայը, թալանեց հայ արհեստին ու արուեստին արդիւնքները, խմեց հայ երկրագործին քրտինքը եւ յղփացաւ հայ առեւտրականին հարստութիւնով։

Այս փաստին խոստովանութիւնը Հայ Յեղափոխութեան գոյութեան մէջն է։

Իսկ մեր պարտութիւնը վերջնական չէր ըլլար, եթէ Հայ Յեղափոխութիւնը իր հասկցածը ամբողջ ըմբռնէր եւ ամբողջապէս թօթափէր մեր հայրերուն գլխիվայր ճշմարտութիւնները։

Ո՞վ չէ լսել իր հօրմէն ―

«Թո՛ղ թալանեն թուրքերը․ միայն թէ կեանքի չդպին։ Անոնք տարի մը վերջ կրկին անօթի են եւ հայի դուռը՝ մուրացկան։»

Ճշմարիտ էր․

Բայց ճիշտ չէր «միայն թէ կեանքի չդիպչի» բաղձալը, եւ այս բաղձանքին համար զէնք չբարձրացնելը։

Իսկ եթէ զէնք չբարձրացնելը հայ հոգիի խաղաղասիրութեան հարազատ էր, ան մեծապէս արդիւնքն էր նաեւ զէնքէն դուրս իր քաղաքակրթական կարողութիւններու, գրել-կարդալ գիտնալու ուժին ու սխալ գնահատութեան։

Քիւրտն անգամ այս ճշմարտութիւնը հայէն լաւ ըմբռնած է, անգիր, անքաղաքակիրթ քիւրտը։

Եւ այդ է պատճառը, որ մեզի պէս չի կոտօրուիր եւ մեզմէ ալ շուտ կրնայ ազատագրուիլ։

Զէնքին կռթնած թուրքը, ահա կը քալէ այն ճամբաներէն, ուր մեր փառքերն ու հպարտութիւնները արիւնոտեցան։

Եւ եթէ այս փաստերուն առջեւ ալ դեռ չեն կանգնիր պողպատի ուժին ճշմարտութիւնը, բոլոր ճշմարտութիւններէն վեր, հայ քաղաքակրթական մնացորդ ամբարտակներն ալ շուտով գետնի կը հաւասարին։


«Ազատամարտ»(Փարիզ) #5, դեկտեմբերի 23, 1928

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ


Ընթերցել նաև՝  Ռուբեն Տեր-Մինասյան. Հայաստան եւ Ադրբեջան