Արցախի անկախության ճանաչումը կօգնի կանգնեցնել Թուքիայի ու Ադրբեջանի պատերազմն ընդդեմ հայերի

Այս երկրների միջև տեղի ունեցած վերջին հակամարտությունն Արցախի շուրջ (հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ), ցավոք, հայ ժողովրդի հանդեպ նրանց տածած պատմական ու մահաբեր ատելության շարքի լոկ շարունակությունն է։

Պատմությունն ու ճակատագիրը ծանրացրել են փոքր, չորս կողմից ցամաքով շրջափակված հայ ազգի բեռը, որը վերջերս արժանացել էր “The Economist”-ի Տարվա երկիր կոչմանը՝ պարգևելով նրան ոչ թե մեկ, այլ երկու թշնամի երկիր՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ Այս երկրների միջև տեղի ունեցած վերջին հակամարտությունն Արցախի շուրջ (հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ), ցավոք, հայ ժողովրդի հանդեպ նրանց տածած պատմական ու մահաբեր ատելության շարքի լոկ շարունակությունն է։ Եթե Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքով ոչնչացվեց ներկայիս Հայաստանի բնակչության երկու երրորդ մասը, հավանաբար եղել է այդ տարածաշրջանում հայերին բնաջնջելու ծրագրի վերջնակետը, ապա դրա շարունակությունը տեղ է գտել այսօրվա հակամարտության մեջ։

Իհարկե, Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունները իրենց քաղաքացիներին ևս քիչ են սիրում։ Ադրբեջանը այն երեք երկրներից մեկն է՝ Հյուսիսային Կորեայի ու Սիրիայի կողքին, որն իրեն հռչակում է «սահմանադրական հանրապետություն», բայց որտեղ իշխանությունը ժառանգաբար փոխանցվում է իշխող ընտանիքի անդամներին։ Իլհամ Ալիևը արդյունավետ կերպով իրեն 4 անգամ նախագահ է ընտրել՝ սկսած 2003 թվականից, ու իր կնոջն էլ ապահովության համար նշանակել է առաջին փոխնախագահ։ Երկիրը բնութագրվում է համատարած կոռուպցիայով. նախագահի ժառանգը, առանց եկամտի որոշակի աղբյուրներ ունենալու, ամբողջ աշխարհում բանկեր ու առանձնատներ ունի՝ համաձայն Ադրբեջանի լվացքատուն նախագծի տվյալների։ Նավթով հարստացած այս հասարակարգում ապրող սովորական քաղաքացիները մարդու իրավունքների պաշտպանման այդ «սարսափելի» միջավայրում տարրական իրավունքներից զուրկ են և բախվում են համատարած խոշտանգումների, լրագրողների, իրավաբանների ու ընդդիմադիր գործիչների հանդեպ անգութ վարվեցողության։ Ադրբեջանցի սպան, որը Հունգարիայում ՆԱՏՕ-ի ուսումնական դասընթացների ժամանակ կացնահարելով սպանել էր քնած հայ սպայի, արտահանձնվել է Ադրբեջանին  ու այնտեղ հռչակվել ազգային հերոս։ Հասարակ մարդկանց շրջանում հայ բառը օգտագործվում է որպես վիրավորանք: Դա խրախուսվում է անձամբ Ալիևի կողմից։

Մասնավորապես 2016 թվականի հեղաշրջման փորձից ի վեր Թուրքիայի կառավարությունը նույնպես հրաժարվեց ժողովրդավարական նորմերին առնչվող ցանկացած պարտավորվածությունից՝ սահմանադրական հանրաքվեի միջոցով Էրդողանին շնորհելով իշխանության գլխին անժամկետ մնալու իրավասություն։ Իշխանությունը բանտարկել է տասնյակ հազարավոր մարդկանց՝ ամեն մի անկյունում հեղաշրջում ծրագրողներ տեսնելով, և այդ պատրվակն օգտագործել լրագրողների, ակտիվիստների և քաղաքական հակառակորդների բանտարկելու ու երկրի երբեմնի անկախ լրատվամիջոցները վերացնելու համար։ Երկրի իշխող վերնախավը շարունակում է տարված մնալ հարցով, որը իրենք տեսնում են որպես «հայկական խնդիր»։ Վերջերս տեղեկատվական հարձակումներ են իրականացվել հայերի դեմ՝ որպես մամուլում համաշխարհային  խարդավանք, և մշտական սպառնալիքներ ու հրահրումներ հնչել անձամբ Էրդողանի կողմից, որը, ինչպես կարելի է կանխատեսել, երկրում մնացած հայկական համայնքի նկատմամբ շարունակաբար հայատյաց հանցագործությունների է հանգեցնում՝ ներառյալ լրագրող Հրանտ Դինքի՝ մինչև օրս «չբացահայտված» սպանությունը։

Այս երկարատև ատելությունն իր ամենավերջին արտահայտությունն է գտել Ադրբեջանի, որը սերտ դաշնակցում է Թուքիայի հետ, ու Հայաստանի միջև հակամարտության մեջ։ Կառավարության կողմից հրապարկված հոդվածի մեջ մի թուրք լրագրող հորդորում էր իր կառավարությանը միջամտել ու Հայաստանի մայրաքաղաք Երևանում «պատահական» մի պայթյունով «ավարտին հասցնել» Հայոց ցեղասպանության գործը։ Իհարկե, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը երբեմն տարբեր են. Ադրբեջանի մեծամասնությունը շիա է, իսկ սուննիական մեծամասնությամբ Թուրքիան հաճախ իրեն հռչակում է սուննիների համաշխարհային առաջամարտիկ։ Բայց Էրդողանն ու Ալիևը կապված են հայերի նկատմամբ ունեցած իրենց ընդհանուր հակակրանքով՝ որդեգրելով «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը։ Էրդողանը հիմա մի աստիճան վեր է բարձրացել՝ փաստացի միջամտելով ու աջակցելով Ադրբեջանին ոչ միայն համատեղ զորավարժություններ անցկացնելով, այլ նաև Գյանջայի ռազմական օդանավակայանում թուրքական F-16-եր տեղակայելով ու օգտագործելով, ինչպես նաև հարյուրավոր սիրիացի երիտասարդ վարձկաններ հավաքագրելով՝ Հայաստանի դեմ կռվելու համար։ Թուրքիայի կառավարությունը, ավելի ճիշտ՝ պաշտպանության նախարարը, կարծես թե ադրբեջանական ռազմական գործողությունների ղեկին է, մինչդեռ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին ոչ ոք չի տեսել կամ լսել վերջին ռազմական էսկալացիայի գոնե առաջին տասը օրերի ընթացքում։

Վիճաբանության կենտրոնը՝ Արցախը, մշտապես ունեցել է մեծ մասամբ հայ բնակչություն և կազմել է պատմական Հայաստանի անբաժանելի մասը, քանզի քարտեզներում հայտնվել է ավելի քան երկու հազարամյակ առաջ։ 1923 թվականին Ստալինը գրչի մի հարվածով Արցախը դարձրեց Ադրբեջանի ինքնավար մարզ՝ կամայականորեն սահմաններ նշանակելով նորաստեղծ խորհրդային պետություններին։ Բայց 1988-ին, երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր, Արցախի հայ բնակչության մեծամասնությունը պահանջում էր Արցախի ինքնորոշման իրավունքը և Հայաստանի հետ վերամիավորումը՝ այդ ժամանակաշրջանի խորհրդային օրենքների համաձայն: Հենց այդկերպ էր Ադրբեջանը հայտարարել իր սեփական անկախությունը ԽՍՀՄ-ից: Ադրբեջանը հրաժարվեց դա ընդունել, և միայն 1994-ին՝ դաժան պատերազմից հետո, տեղի հայերը ապահովեցին իրենց վերահսկողությունը Արցախի վրա։ Բայց Թուրքիան, ի համերաշխություն Ադրբեջանի, երբեք չփոխեց հայերի դեմ իր ռազմատենչ հռետորաբանությունը: Սկսած 1992 թվականից՝ Անկարան օգնել է իրականացնել Հայաստանի ծայրաստիճան վնասակար տնտեսական շրջափակումը, վերջինս պետք է փորձի գոյատևել` ունենալով ավելի քան 89 տոկով փակ սահմաններ:

Այժմ Ադրբեջանն օգտագործում է ոչ միայն իսրայելական և թուրքական ԱԹՍ-ներն ու զենքերը՝ ռմբակոծելու համար Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակավայրերը, այլև վայրագորեն խտրություն չի դնում օգտագործվող միջողցների մեջ։ Իր հարձակման առաջին օրերից ի վեր ադրբեջանական ուժերը ռմբակոծում են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը միջազգայնորեն արգելված կասետային զինամթերքով (Lar-160), բազմակի հրթիռային կայանքներով (բոլորը պատրաստված Իսրայելում)՝ սպանելով հարյուրավոր հայ խաղաղ բնակիչների։ Այս մեկամսյա բռնությունների ընթացքում Ադրբեջանը երեք անգամ բացահայտորեն խախտեց հրադադարի պայմանավորվածությունները, որոնք միջնորդել էին Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, և վերսկսեց մարտերը։  

Երեկ Ադրբեջանը ռմբակոծեց Ստեփանակերտի ծննդատունը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ութսուն հոգուց կազմված ցեղասպանագետների մի խումբ հայտարարություն տարածեց Ադրբեջանի և Թուրքիայի դեմ՝ Արցախի հայերի նկատմամբ սպառնալիք հանդիսացող ցեղասպանության մասին։ Հայաստանի պես 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար, որը պայքարում է ընդդեմ 92 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայի ու Ադրբեջանի, սա գոյության պայքար է, որը մղվում է այն տերությունների դեմ, որոնք իրենց նկատմամբ իրականացրել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ մնալով անպատիժ։ Միջազգային հանրության համար սա պետք է լինի քաղաքակրթական ճակատ` ընդդեմ երկու մարդասպան բռնապետությունների, որոնք առաջնորդվում են ռասայական ատելությամբ: Ի վերջո, երբ այդպիսի վարչակարգերը մեկ վայրում կատարած հանցագործությունների համար չեն պատժվում, նրանց հանցագործությունները կրկնօրինակվում են և հասնում երկրագնդի բոլոր ծայրերը:

Պետք է նշել, որ  խաղաղ, ժողովրդավարական աշխարհի համար արցախահայության և ընդհանրապես հայության հանդեպ իրականացվող վայրագությունները դադարեցնելը գրեթե ոչինչ չէր արժենա։ Ի տարբերություն աշխարհի շատ այլ խճճված հակամարտությունների՝ տվյալ իրավիճակում խաղաղությունը կարող է ապահովվել` ճանաչելով Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, դիվանագիտական ճնշում գործադրելով Թուրքիայի և Ադրբեջանի վրա, ինչպես նաև գործի դնել երկար սպասված ԱՄՆ պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ և վերականգնել Ադրբեջանի և նրա կոռումպացված պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները: Անխղճություն կլինի ճնշում չգործադրել երկու ագրեսորների վրա՝ ավելի շատ կյանքերի կորուստներից խուսափելու համար:

Հարութ Էքմանյանը Նյու Յորքի փաստաբան է՝ մասնագիտացած միջազգային իրավունքի և մարդու իրավունքների ոլորտում:

Բնօրինակի հեղինակ՝ Harout Ekmanian, The National Interest



Թարգմանիչներ՝ Մարիետա Ստեփանյան (Marieta Stepanyan), Մարիամ Անտիկյան (Mariam Antikian) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: