«Մեր ճակատագիրը ոչ ոքի չի հուզում»․ հայերի պարտությունն ու արտագաղթը Լեռնային Ղարաբաղում

Վեցշաբաթյա վայրի բախումներից հետո, որոնք հատկանշվեցին ծանր բռնություններով, Բաքուն գրավեց տարածքի  մեծ մասը և հայ բնակչությանը ենթարկեց արտագաղթի։ Երևանը, որ այսուհետ Մոսկվայի հովանավորության տակ է, ծնկի իջավ։

Ստեփանակերտից Շուշի բարձրացող ճանապարհի եզերքը լցված է դեղին մշուշով ու դիակներով։ Սպիտակ փոքր բեռնատարների շարքը կանգ է առնում ամեն հիսուն մետրը մեկ․ հայ զինվորները հանում են պատգարակները, զննում ազերիների մարմինները՝ հավաստիանալով, որ կողոպտված չեն, հետո անփութորեն տեղափոխում են նրանց բեռնատեղ։ Անփութորեն՝ ոչ թե ատելության պատճառով, այլ պարզապես, որովհետև չափազանց շատ են։ Այնուհետև նրանք շարունակում են ճանապարհը, այս անգամ ոտքով, որպեսզի հանկարծակիի չբերեն Բաքվի զինվորներին, որ սպասում են իրենց ձեռքն ընկած Շուշիի դարպասների մոտ, և չհրահրեն նրանց հրաձգությունները։ Գալիս են մարմինների փոխանակում կատարելու։

Եվ մարտի դաշտի մռայլ մշուշում, որը ծածկում է Լեռնային Ղարաբաղի լեռների գագաթները, հավերժ մի տեսարան է ընթանում․ մահացածների զինադադարը՝ զենքերի լռելուն պես։ Հողից մսի ու արյան հոտ է բարձրանում, որից զինվորները ործկում են՝ ծալապատիկ նստած ճամփեզրին։ Ոմանք լալիս են։ Զինվորական հագուստով տղաները, որոնց դիերը ժողովում են, ամենևին էլ իրենց թշնամիները չեն, այլ հիշեցնում են, որ շուտով իրենք էլ իրենց զոհերին պիտի ընտանիքներին հանձնեն։ 2317 զոհ հայկական կողմում, և, անկասկած, ոչ պակաս «կորածներ», որ սփռված են Լեռնային Ղարաբաղի անտառներում ու լեռներում։

Ճանապարհը, որը նրանք ոտքով են բարձրանում, իրենց նսեմացման ճանապարհն է։ Շուշիի՝ երկու կողմերից պահանջված Լեռնային Ղարաբաղի Երուսաղեմի անկումից հետո է ստորագրվել Հայաստանի համար լեոնյան (ասվում է մի համաձայնագրի մասին, ըստ որի՝ կողմերից մեկը առավել շահավետ բաժինն է ստանում-թարգմանչի կողմից) այս զինադադարը։ Նոյեմբերի 9-ին` Դրոշի տոնի օրը, որ ազգային տոն է Ադրբեջանում, ճիշտ ինչպես հայտարարել էր Իլհամ Ալիևը։ Համաձայնագիրն այնքան կոպիտ էր, որ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետը,  համարձակություն ունեցավ այն բացահայտելու ոչ այլ կերպ, քան գիշերը Facebook-ում հաղորդագրություն հրապարակելով։ Դրանից անմիջապես հետո Երևանի բնակիչները հավաքվեցին Խորհրդարանի առաջ և ողջ գիշեր պահանջեցին «դավաճանի» պաշտոնազրկումը։

Դատարկել և վառել տները

Շուշիի՝ ձորերի վրա կախված այդ լեռնագագաթի դարպասների մոտից Ստեփանակերտի՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի համապատկերն է բացվում։ Յուրաքանչյուրը գիտի՝ նա, ով վերահսկում է Շուշին, վերահսկում է ողջ Լեռնային Ղարաբաղը։ Եվ համաձայնագիրը, որը սահմաններն ըստ զորքերի առաջխաղացման կետի է սահմանել, Շուշին տվել է ադրբեջանցիներին, իսկ Ստեփանակերտը՝ հայերին։ Ինչպե՞ս պիտի ապրեն վերջիններս՝ իրենց թշնամիների՝ գերիշխող դիրքում տեղադրված հրթիռների հասանելիության սահմաններում։ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հյուսիսին միացնող ճանապարհին երկար ձգվող խցանումներ են, որտեղ բեռնատարները դժվարանում են առաջ շարժվել․ Քարվաճառի շրջանը դատարկվում է, բոլորը տեղափոխվում են։ Չարեքտար գյուղի բնակիչները լուռ իրենց իրերն են հավաքում։ Անթափանց հայացքներով նրանք դատարկում են տները, հետո վառում դրանք, «որպեսզի թուքերը [այդպես են նրանք անվանում ազերիներին] չբնակվեն այնտեղ»։ 

Լերկ խոտածածկով գյուղում, որի միջով գետակ է անցնում և որտեղ չորացած ճյուղերից կախված են նարնջագույն խուրմաները՝ ինչպես Սուրբ ծննդյան զարդարանքներ, մերթընդմերթ լսվում է ագարակները կլանող կրակի ճարճատյունը։ Եվ հետո կենդանիների հառաչանքը, որոնց չեն կարող տանել և որոնց սպանում են ու հետո ծածկում ավազով՝ իբրև գերեզման։ Ճանապարհին մի էշ է թափառում։ Վիրավոր մի շնիկի կաղկանձները պատռում են դաշտը։ Կանգնած իր վառվող ագարակի առաջ՝ Արսենը խոսում է Արևմուտքից, որը «լքեց աշխարհի միակ քրիստոնեական ժողովրդին»։ Գնալու է Ռուսաստան՝ Օրենբուրգ։ Քիչ առաջ կրակեց իր սպիտակ լաբրադորի գլխին, քանի որ չի կարող նրան տանել, և դա ինքնասպանության պես բան է։ «Մենք այլևս հայրենիք չունենք, Արցախը [Լեռնային Ղարաբաղի հայերեն անվանումն է] վերջացավ»։ Նրա հարևանը՝ Հայկը, 42 տարեկան, չկարողացավ իրեն ստիպել այրել տունը, որտեղ ծնվել էր։ Նա խնամքով դուռը փակում է բանալիով։ 1990 թվականի ազգային հերոսի այս որդին մի օր կվերադառնա պայքարելու․ «Մենք ինչպե՞ս կարող ենք նրանց թողնել մեր լեռները»։

Այդտեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա կանգնած է Դադիվանքը։ Այն հիմնվել է սուրբ Դադիի կողմից, որը Թադևոս առաքյալի աշակերտն էր։ Վերջինս ավետարանեց արևելյան Հայաստանը մեր թվարկության 1-ին դարում։ Այսօր ողջ Հայաստանից եկել են վերջին հարգանքի տուրքը մատուցելու միջնադարյան սրբավայրին՝ նույնքան խորհրդանշական, որքան Աստվածամոր տաճարը փարիզեցիների համար։ Մոմեր են վառում, լալիս են՝ շոյելով խաչերով և հին հայերեն գրություններով փորագրված պատերը։ Ոմանք եկել են լուսանկարչական դրոն-ապարատներով հավերժացնելու համար այս կոթողը, որ այլևս երբեք չեն տեսնելու։ Քանզի Դադիվանքը մի քանի ժամից անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հայր Հովհաննեսը վճռել է մնալ վանքում մի քանի հայ կամավորների հետ։ Կարծես թե ռուսների կողմից թույլտվություն է ստացել։ Բայց եկեղեցականներն արդեն հանել են զանգերը և հավաքել են այն ամենը, ինչը հնարավոր է տանել։ Նրանք գիտեն, թե ինչ վտանգի է ենթարկվում այս գլուխգործոցը․ երբ այն ադրբեջանական վերահսկողության տակ էր, վանքը, որը համարվում է հայկական քրիստոնեական կրոնի փրկված մասունք, մեծապես վնասվել է տեղական մուսուլման բնակչության կողմից, որն այն օգտագործում էր որպես ախոռ։ Վանականները պատրաստվում են պահել նաև խաչքարները՝ զարդանախշ խաչերով փորագրված կարմիր տուֆից գերեզմանային քարակոթողները։ Նրանք հիշում են, որ Նախիջևանում Ջուղայի հայական գերեզմանը 2005 թվականին ամբողջությամբ ոչնչացվել էր, երբ հայերը, որ այդ շրջանում մեծամասնությունն էին կազմում, փոխարինվեցին ադրբեջանցի գաղութաբնակներով։ Վանքի մուտքի մոտ երկու ռուսական տանկեր են տեղակայված։ Արդյո՞ք վերահսկողության անցումից հետո էլ դրանք այնտեղ կլինեն։ Բոլորը հենց այդ հույսն ունեն։

Վատ սպառազինված բանակ

Երևանում էքսկավատորները չեն դադարում ընդարձակել Եռաբլուրի զինվորական գերեզմանի տարածքը։ Հերմինեն եկել է հարգանքի տուրք մատուցելու իր 18-ամյա եղբորը՝ մահացած Մարտունիում նոյեմբերի 1-ին։ Շոյելով գերեզմանաքարը, որը նայում է Արարատ լեռանը, լալիս է թախծից ու ցասումից․ «Նրանք ասում են, որ մահացածները զինորականներ էին, բայց եղբայրս ծառայությունը չէր ավարտել, երբ հեռացավ․․․ Բանակը նրանց անգամ գուլպաներ չէր տվել, էլ չխոսենք քնապարկերի կամ զրահազգեստների մասին։ Ողջ այս երիտասարդությունը, որ ոչնչացավ․․․ Ինչո՞ւ։ Հենց սկզբից Փաշինյանը պիտի իմանար, որ հետևազորը չի կարող կռվել անօդաչու սարքերի և F16-ների դեմ։ Մինչդեռ չէր դադարում կրկնել, որ գնում ենք դեպի հաղթանակ»։

Նիկոլ Փաշինյան։ Պսակված անհավատալի ժողովրդականությամբ՝ վարչապետ դարձած նախկին լրագրողը 2018 թվականի «թավշյա հեղափոխության» շնորհիվ տապալեց Մոսկվայի մարդկանց՝ առանց մեկ կաթիլ անգամ արյուն թափելու։ Նա նախաձեռնեց Հայաստանը տանել բարեկարգումների և ժողովրդավարության ճանապարհով․․․ Սակայն հարկ չհամարեց խաղախություն հաստատել Ադրբեջանի հետ, երբ դեռ ժամանակ կար։ Մինչ նա էլեկտորալիզմով թափահարում էր ազգայնական մուլետան, նրա ազերի հակառակորդը՝ նախագահ Իլհամ Ալիևը, զինվում էր և կրկնապատկում էր իր զինվորական բյուջեն։ «Մի օր Հայաստանը պիտի իր ինքնաքննադատությունն անի,- հոգոց է հանում մի դիվանագետ,- պարուրված թշնամական աշխարհով, ինչպես Իսրայելը՝ նրանք շրջափակված են իրենց թշնամիներով։ Բայց Իսրայելն ունի աշխարհի առաջին բանակներից մեկը։ Իսկ իրենք ոչինչ չեն պատրաստել իրենց փրկությունն ապահովելու համար»։ Փաշինյանը բանակի խղճալի վիճակի միակ պատասխանատուն չէ։ Ժողովուրդը չի մոռանում, որ նախկին կառավարությունը՝ սերված խորհրդային բյուրոկրատիայից, դատարկել է բանակի դրամարկղերը և կրճատել բյուջեն։ Իսրայելը, որը, ասում են, որ հույս ուներ իր անօդաչու սարքերը (որ վճռորոշ էին  ազերական հաղթանակում) վաճառել նաև Հայաստանին, հրաժարվել է դրանից, երբ այդ ժամանակվա կառավարական միջնորդները պահանջել են 30% միջնորդավճար։ Եվ այն շատ երիտասարդ տղաները, որ ճակատ գնացին, որ հակամարտության վերջում ուտելու օրական միայն կես խնձոր ունեին, հիշելու են, որ Էջմիածնի նախկին քաղաքապետը՝ Մանվել Գրիգորյանը, զինվորների օրաբաժիններով կերակրում էր իր մասնավոր կենդանաբանական այգու գազաններին․․․ 

Պատերազմական հանցագործություննե՞ր

Երևանի այրվածքաբանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարինե Բաբյանը՝ մի նիհար և եռանդուն կին, տեղում նստած չի մնում։ Բառերը խառնվում են նրա բերանում, մինչ նա մեզ ցույց է տալիս իր հիվանդների լուսանկարները՝ բաց վերքերով, փոշիացած ոսկորներով՝ մեզ տալով պաշտպանիչ համազգեստներ։ «Երբեք այսպիսի բան չէինք տեսել։ Այրվածքները չեն լավանում։ Հիվանդները ջղաձգություններ ունեին։ 12 օրից նրանց վիճակը վատանում էր և 17 օրից նրանք մահանում էին սրտի կանգից։ Մենք երիտասարդ շատ զինվորներ կոցրինք։ Ամենևին չգիտեինք՝ ինչպես նրանց բուժել»։ Գևորգ Գինոսյանը՝ 25 տարեկան, 70%-ով այրվել է։ Նոյեմբերի 1-ն էր Մարտունիում։ Չի տեսել, թե ինչպես մի ռումբ՝ արձակված անօդաչու սարքից, պայթեցրել է իր մեքենան, որը 4 մեքենայից բաղկացած շարասյունից երկրորդն էր։ Մյուս զինվորները, գրեթե բոլորը մահացել են։ Չնայած ուժասպառությանը՝ ծիծաղելու ուժ է գտնում․ «Այդ ռումբերում ինչ ասես, որ չկա․ իսկական անակնկալների փաթեթ է»։ Հիվանդանոցի մի թևը զբաղեցնող տասնյակ զինվորներ կան, որ տառապում են մինչև ոսկորները հասնող ցավի այդ խավարում։ Երբ Կարինե Բաբայանը Ֆրանսիայից ժամանած բժիշկներին պատմեց այդ վիրավորումների մասին, Պատրիկ Նեյպերը, որը Փարիզի հիվանդանոցների հանրային բուժօգնության օրթոպեդ-վիրաբույժ է և այրվածքաբան, եկավ տեսնելու Երևանի այրվածքաբանական հիվանդանոցի վիրավորներին։ Այդ խորը վնասվածքները, որոնց վիճակը չի դադարում վատանալ, հիպոկալցեմիան (արյան մեջ կալցիումի մակարդակի ոչ նորմալ նվազումը), այդ հանկարծակի մահերը, կողմնակի պատճառներով մահերը, նյութափոխանակության խանգարումները, ըստ նրա, խիստ հատկանշական են սպիտակ ֆոսֆորից առաջացած վիրավորումներին։ ՄԱԿ-ն էլ իր կողմից Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի միջոցով որոշակի նվազասությամբ հիշատակում է «հնարավոր պատերազմական հանցագործությունների» մասին։ 

Ձևակերպում, որը զայրացնում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին․ «Հնարավո՞ր» պատերազմական հանցագործություններ», իսկապե՞ս, այն ժամանակ, երբ ազերիները գլխատել են մեր զինվորներին և իրենց իսկ հեռախոսներով ուղարկել կտրված գլուխների լուսանկարները ընտանիքներին», հարցնում է Արման Թաթոյանը դառը հեգնանքով։ «Եվ ի՞նչ ասել նախագահ Ալիևի մասին, որն իր գոհունակությունն է հայտնում, որ քշել է հայերին «ինչպես շների», և կառավարության մասին, որը կոչ է անում իր բանակին «ավարտել ցեղասպանությունը»։ Telegram-ում մենք նույնիսկ քննարկման մի շարան ենք գտել ռեժիմի հետ կապված, որը ցուցադրում էր հայ զինվորների գլխատման և կտտանքների տեսագրություններ, և որին հաջորդում էր հարցում՝ պատասխանների մի քանի հնարավորությամբ․ «Ի՞նչ եք զգում պատերազմական այս իրողություններից․ բավարարությու՞ն, զզվա՞նք, ոչի՞նչ»։ Պատասխանները խոսուն էին»։ 

«Ռուս-թուրքական սակարկություն»

«Իրականությունն այն է, որ մեր ճակատագիրը ոչ ոքի չի հուզում,- բացատրում է հայկական կառավարության մի անդամ,- մենք գոչել ենք դատարկության մեջ, փորձել ենք կայծ գտնել մոխրի մեջ, բայց՝ ոչինչ։ Միջազգային համայնքն ավելի շատ հետաքրքրվում է Ավստրալիայում մահացող կենդանիներով, քան մեր ճակատագրով»։ Արդյո՞ք չսխալվեց Նիկոլ Փաշինյանը՝ թշնամանալով Ռուսաստանի՝ Հայաստանի միակ դաշնակցի  հետ, որի հետ կապված է ռազմական համաձայնագրով։ Հայ պաշտոնյան բարկանում է մեր հարցից․ «Այո՛, պատմությունը կրկնվում է, Ռուսաստանը մեզ փրկում է վերջին պահին, բայց ինչի՞ց։ Մի վտանգից, որը հենց ինքն է ստեղծել․․․ Քանի որ այն, ինչ տեղի ունեցավ, իրականում ռուս-թուրքական սակարկություն է։ Իսկ մինչ այդ, Մոսկվան մեզ պարտադրված այս խաղաղության մեծ հաղթողն է, իսկ Ադրբեջանը հպատակ կլինի շուրջ մեկ սերունդ։ Ավելի լավ է՝ հարցնեք, թե ինչի նման կլինի Հայաստանը քսան տարուց։ Ռուսական զինվորներով օկուպացված Հայաստան, որի միջով անցնում են իր թշնամիների ճանապարհները։ Եվ դատարկված իր երիտասարդությունից, որը կգնա լավագույն կյանք փնտրելու արտասահմանում․․․ »։

Բնօրինակի հեղինակ՝ Sara Daniel, L'OBS


Թարգմանիչ՝ Լուսինե Աղաջանյան (Lusine Aghajanyan) ©  Բոլոր իրավունքները պաշտպանված են։