Արցախի կարգավիճակի հարցում հայկական և ադրբեջանական կողմերի միջև ծագած տարաձայնությունները ռազմական բախման, տարածքային, դիրքային փոփոխություններից զատ երկու երկրների համար առաջացնում են լուրջ տնտեսական խնդիրներ: 1994թ-ի զինադադարից ի վեր երկրները ռազմական մրցավազքի նոր փուլ մտան, և արդյունքում ՀՆԱ-ի մի ստվար մասը (ինչպես բացարձակ, այնպես էլ հարաբերական ցուցանիշով) ուղղվում էր և մինչ օրս էլ շարունակում է ուղղվել ռազմական կարիքների բավարարմանը, նոր զինատեսակների ձեռքբերմանը՝ նվազեցնելով տնտեսության արտադրողական ճյուղերում այդ միջոցների կիրառման հնարավորությունը:
Ըստ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) հերթական զեկույցի՝ Հայաստանը 2019 թվականի ՀՆԱ-ից 4․9 տոկոսը ծախսել է ռազմական բյուջեի վրա, իսկ Ադրբեջանը՝ 4 տոկոսը[1]։
2020թ-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը հակամարտող կողմերի առաջ դրեց մի նոր խնդիր. լրացուցիչ ռազմական միջոցներ ձեռք բերելու համար իրականացնել նոր ֆինանսական հատկացումներ, այսինքն՝ իրականացնել 2020թ-ի համար հաստատված բյուջեի վերաբաշխում:
Նախքան այս պատերազմին, նրա ընթացքում արված ռազմական ծախսերին և դրա տնտեսական հետևանքներին անդրադառնալը՝ ներկայացնենք հակամարտող կողմերի ռազմական ծախսերի դինամիկան վեջին 10 տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա գնահատելու կողմերի իրական ռազմական հնարավորությունները, կատարված և կատարվող ծախսերի մակրոտնտեսական հետևանքները:
ՀՀ ռազմական ծախսերի դինամիկան 2011-2020թթ-ին
Վերջին 10 տարվա կտրվածքով ՀՀ ռազմական բյուջեի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն 2011թ-ից դրամային արտահայտությամբ կայուն աճ է գրանցել: Մասնավորապես՝ 2011-2020 թվականների ընթացքում ծախսված ֆինանսական միջոցները կրկնապատկվել են՝ 2011 թ.-ի 142.963 միլիարդ դրամից այս տարի հասնելով 307.237 միլիարդ դրամ:
ՀՀ Ազգային ժողովը 2019թ. դեկտեմբերի 6-ին ամբողջությամբ ընդունեց ՀՀ 2020 թ. բյուջեի օրենքը, որով նախատեսվում էր պաշտպանության ոլորտի ծախսերին հատկացնել 307 մլրդ 236 մլն դրամ: Պաշտպանական բյուջեից ռազմական պաշտպանությանը նախատեսվում էր ուղղել 302 մլրդ 877 մլն դրամ: 2020 թվականի բյուջեի նախագծով պաշտպանական բյուջեն ամերիկյան դոլարով կազմում է ավելի քան 640 մլն (հունվարի 1-ի փոխարժեքով):
Թեև 2020թ-ի ընդահանուր պաշտպանական ոլորտի հատկացումները դրամային արտահայտությամբ զիջում են 2019-ի նույն ցուցանիշին, այնուամենայնիվ 2019թ-ի ռազմական պաշտպանության հատկացումների համեմատ, որը կազմում է 300 մլրդ դրամ, 2020 թվականի ռազմական պաշտպանության հատկացումները, ըստ բյուջեի հաստատված տարբերակի, աճում են շուրջ 3 մլրդ դրամով[3]:
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ եթե ՀՀ ռազմական բյուջեի նույն ցուցանիշը ներկայացնում ենք դոլարային արտահայտությամբ, ստանում ենք այլ պատկեր: Ի տարբերություն դիտարկվող ժամանակահատվածում դրամային արտահայտությամբ ռազմական բյուջեի մշտական աճի` դոլարային արտահայտությամբ մենք ստանում ենք տատանողական ցուցանիշներ ողջ ժամանակահատվածի կտրվածքով, իսկ 2020թ-ի ռազմական բյուջեն դոլարային արտահայտությամբ գերազանցում է 2019թ-ի նույն ցուցանիշը: Սա ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ թե կրճատել է ռազմական ծախսերը 2019թ-ի համեմատ, այլ դոլար/ դրամ փոխարժեքի տատանմամբ պայմանավորված բյուջեով տրամադրվել է դրամային արտահայտությամբ ավելի քիչ միջոց, ինչը, սակայն, դոլարային արտահայտությամբ գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Այս հանգամանքը կարևորվում է հաշվի առնելով այն, որ դոլար/դրամ փոխարժեքային տատանումները բերում են դոլարային արտահայտությամբ պետական պարտքի ծավալների փոփոխության, ինչն էլ լրացուցիչ ռիսկեր է առաջացնում նաև պարտքային նոր միջոցներ ներգրավելու և այդ պարտքը սպասարկելու տեսանկյունից: Ներկայումս ՀՀ-ն կանգնած է փոխարժեքի տատանման ռիսկի առաջ, երբ նկատվում է դոլարի նկատմամբ դրամի արժեզրկում: Այնուամենայնիվ, նշենք, որ ԿԲ-ը հայտարարել է, որ տատանումները կառավարելի են և անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն կիրականացնի համապատասխան գործնական քայլեր: Բացի այդ, փոխարժեքային տատանումները հանգեցնում են նաև ՀՀ-ի կողմից իրականացվող ռազմական ծախսերի արժեքային փոփոխության, քանի որ գնումերը կատարվում են հինականում դոլարով և փոխարժեքային տատանումներն էլ այդ ծախսերի վերագնահատման անհրաժեշտություն են առաջացնում:
Կարևոր է դիտարկել նաև, թե ընդհանուր բյուջեի կազմում որքան է պաշտպանական ոլորտին հատկացվող միջոցների տեսակարար կշիռը, ինչը հնարավորություն կտա հասկանալ նաև պաշտպանական ոլորտի նկատմամբ կենտրոնացվածության և այն կարևորելու աստիճանը:
Գրաֆիկից պարզ է դառնում, որ, բացառությամբ առանձին տարիների (2015թ, 2016թ), պետական բյուջեից պաշտպանական ոլորտին տրվող հատկացումների շարունակական աճ: Հետաքրքրական է հատկապես բյուջետային հատկացումների տեսակարար կշռի աճը 2016թ-ից հետո: Դիտարկվող ողջ ժամանակահատվածում պաշտպանական ոլորտին հատկացվող միջոցների ամենամեծ տեսակարար կշիռն ապահովվել է 2019թ-ին:
Ադրբեջանի ռազմական ծախսերի դինամիկան 2011-2020թթ-ին
Ադրբեջանի ռազմական բյուջեն 2019 թ-ին կազմել է 1 մլրդ 787 մլն դոլար կամ 864.908 մլրդ դրամ (2019թ-ի հունվարի 1-ի փոխարժեքով), որից 812 մլն դոլարը կամ 393.008 մլրդ դրամը հատկացվել է միայն hատուկ պաշտպանական նշանակության նախագծերի և միջոցառումների իրականացմանը։
Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է երկրի 2019թ. բյուջեի կատարողականը, համաձայն որի` Ադրբեջանը նախորդ տարի պաշտպանական ոլորտի ծախսերին ուղղել է 3 մլրդ 354 մլն մանաթ, ինչը մոտ 167 մլն մանաթով ավելի է 2019թ. ամռանը հաստատված բյուջեով նախատեսված ծախսերից: 2019թ. հունիսին Ադրբեջանը կրկին ավելացրել էր իր ռազմական ծախսերը, այս անգամ ևս հայտարարելով, որ դրան նպաստել են տնտեսական բարձր ցուցանիշները: Ամռանը հաստատված բյուջեով նախատեսված էր պաշտպանական ծախսերին հատկացնել 3 մլրդ 187 մլն մանաթ: Ըստ հրապարակված կատարողականի` 2019թ. ծախսերը մոտ 20,7 մլն մանաթով կամ 0,6 տոկոսով ավել են նաև 2018թ. ծախսերից[4]:
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ 2020թ-ի օգոստոսի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել է 2020թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այս փոփոխություններով նախատեսվեց ավելացնել առողջապահական և սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը՝ փոխարենը նվազեցնելով այլ, այդ թվում՝ պաշտպանական ոլորտի ծախսերը։ Ըստ նոր փոփոխությունների՝ Ադրբեջանում նախատեսում են պաշտպանական ծախսերը կրճատել մոտ 50 մլն մանաթով կամ մոտ 1,3 տոկոսով։ 2019թ. նախատեսված 3 մլրդ 853.5 մլն մանաթի փոխարեն պաշտպանական ծախսերին նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 804 մլն մանաթ ( 2 մլրդ 238 մլն դոլար՝ օգոստոսի 12-ի փոխարժեքով)։
2020թ. բյուջեի փոփոխությունների հայտարարված նպատակը պաշտպանության և անվտանգության ոլորտի միջոցառումների իրականացման համար պահուստ ստեղծելը, երկրին նոր կորոնավիրուսի (COVID-19) հասցրած վնասների դեմ պայքարի միջոցառումների և երկրի առջև ծառացած այլ խնդիրների լուծումն է [5]։
Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է «2021թ․ պետբյուջեի նախնական ցուցանիշների մասին հայտարարություն», ըստ որի 2021թ․ պաշտպանական ծախսերին կհատկացվի բյուջեի ծախսերի 15,3 տոկոսը, մոտ 3 մլրդ 954 մլն մանաթ (2 մլրդ 326 մլն դոլար, սեպտեմբերի 3-ի փոխարժեքով)։ Նախնական տվյալներով ներկայացված ծախսերը 2020թ֊ի փոփոխված բյուջեի համեմատ ավել է մոտ 150 մլն մանաթով ( մոտ 88 մլն դոլարով) կամ 3,9 տոկոսով[6]։
Այժմ ներկայացնենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից դիտարկվող ժամանակահատվածում կատարված ծախսերը պաշտպանական ոլորտում (նշենք, որ Հայաստանի դեպքում մենք հաշվի ենք առել ՀՀ ՊՆ ծախսերը, իսկ Ադրբեջանի դեպքում` պաշտպանության և անվտանգության ոլորտի ծախսերը, որոնք վերաբերում են ոչ միայն Պաշտպանության նախարարությանը, այլև, Պետական սահմանապահ ծառայությանը (SBGS), պետական անվտանգության ծառայությանը (SSS) և արտաքին հետախուզական ծառայությանը (EIS)):
Պաշտպանական հատկացումների նման դինամիկան և կողմերի միջև առկա նման անհավասարությունը մեզ հնարավորություն է տալիս ենթադրելու, որ Հայաստանը դիտարկվող ժամանակահատվածում առավելապես առաջնորդվել է ոչ թե սպառազինությունների մրցավազքի տրամաբանությամբ, այլ առավելապես քայլեր է ձեռնարկել իր տնտեսական հնարավորությունների սահմաններում ազգային անվտանգությունն ապահովելու համար: Նշենք, սակայն, որ առկա անհավասարությունը ՀՀ-ն փորձում է մեղմել միջպետական վարկերով զենք ձեռք բերելու միջոցով: Այս առումով նշենք, որ ՀԱՊԿ անդամակցությունը ՀՀ-ի համար որոշակի արտոնյալ պայմաններ է ստեղծում զենքի ձեռք բերման հարցում: Այսինքն՝ ի տարբերություն Ադրբեջանի, ՀՀ-ն ներքին գներով զենքի ձեռքբերման ֆինանսական արտոնություններ ունի որպես ՀԱՊԿ անդամ երկիր[7]: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսական գործոնն ակնհայտորեն կարևոր է ուժային հարաբերակցության հարցում, նշենք, որ Հայաստանն այնքան էլ շահեկան դիրքերում չէ: Պատճառն այն է, որ ադրբեջանական նավթին և նավթադոլարներին հակազդելու համար երկիրը դեռևս չունի անհրաժեշտ տնտեսական ռեսուրսներ և պայմաններ, իսկ Ադրբեջանի տնտեսական ցուցանիշների հիմնական աճն ապահովվում է էներգետիկ ռեսուրսների, մասնավորապես նավթի հաշվին, և չնայած նավթի՝ համաշխարհային շուկայում գնային տատանումները բերում են նաև այս երկրի ՀՆԱ-ի էական տատանումների, այնուամենայնիվ երկարաժամկետում էներգետիկ ռեսուրսները դառնում են այս պայքարի կարևոր դերակատարը[8]: Ուստի ՀՀ-ի և Արցախի համար առավել կարևոր է դառնում հակազդման այլընտրանքային միջոցների ձևավորումը և արդեն իսկ առկա տարբերակների կատարելագործումը:
ՀՀ 2020թ-ի բյուջեի վերաբաշխումը նոր մարտահրավերի պայմաններում
Անդրադառնալով Արցախյան այս նոր պատերազմով պայմանավորված ՀՀ բյուջետային վերաբաշխմանը և դրա ունեցած տնտեսական հետևանքներին, նշենք, որ 2020թ-ի բյուջեի 2-րդ վերաբաշխումը հաստատվեց հոկտեմբերի 7-ին:
Ինչպես նշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը օրինագիծը ներկայացնելիս, 2020 թվականին փոփոխված բյուջեով նախատեսվում է, որ ծախսերը կավելանան մոտ 40 միլիարդ դրամով (80 միլիոն դոլարից մի փոքր ավելի), ինչը տարեսկզբին հաստատված բյուջեով նախատեսված չէր: Այս ծախսերը հիմնականում պայմանավորված են հանրապետությունում ռազմական դրությամբ: Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ սպասվում է զբաղվածության ժամանակավոր անկում, մասնավոր հատվածում պահանջարկի նվազում, ինչպես նաև անորոշության և ռիսկերի աճ: Արդյունքում, 2020թ-ին սպասվում է 6.8% տնտեսական անկում, ապրիլին սպասվող 2%-ի փոխարեն: Ակնկալվում է նաև անվանական ՀՆԱ-ի նվազում՝ հասնելով մինչև 6 տրիլիոն 170,2 միլիարդ դրամի ապրիլի 6 տրիլիոն 485 միլիարդի համեմատ: Ստեղծված անկայուն պայմաններում կանխատեսվում է, որ հարկային եկամուտները կնվազեն 35 միլիարդ դրամով կամ ՀՆԱ-ի 0.3% -ով, իսկ կառավարության պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կհասնի մոտ 67%-ի:
Բյուջեում փոփոխությունների նշված տարբերակը նպատակաուղղված է տնտեսության մոբիլիզացման համար պայմանների ստեղծմանը, ռազմական հարձակմանը դիմակայելու համար ռեսուրսներ ապահովելուն, ինչպես նաև ձեռնարկությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունը, պատերազմում մարդկանց անվտանգության պաշտպանությունն ապահովելուն[9]:
Մեկ այլ օրինագծի համաձայն՝ քաղծառայողները կկարողանան սոցիալական աջակցության փաթեթներից չօգտագործված միջոցներն ուղղել զինված ուժերի աջակցության ֆոնդերին[10]:
Անդրադառնալով 2021թ-ի բյուջեի նախագծին՝ նշենք, որ չնայած Հայաստանի տնտեսության մեջ առկա դժվարություններին, 2021 թվականի պետական բյուջեով նախատեսվում է կապիտալ ծախսերի ավելացում 215 միլիարդ դրամով (շուրջ 450 միլիոն դոլար ):
Թեև համավարակով և պատերազմով պայմանավորված 5% տնտեսական աճի կանխատեսումը փոխարինվեց 6% անկմամբ, իսկ այնուհետև ՝ 6,8%, այնուամենայնիվ, նույնիսկ այս դեպքում կառավարությունը անհրաժեշտ է համարում պահպանել կապիտալ շինարարության ծավալը, ինչը կօգնի աշխատատեղեր ստեղծելուն և հանրապետությունում առկա ենթակառուցվածքները (ճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր և այլն) ուժեղացնելուն:
Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարարը վերահաստատեց այն մոտեցումը, որ կառավարությունը մտադիր չէ կրճատելու ընթացիկ ծախսերը, մասնավորապես, առողջապահության, կրթության և սոցիալական աջակցության գծով: Դրանք կաճեն՝ համեմատած 2020թ-ի, և նույնիսկ նախաճգնաժամային 2019թ-ի համեմատ: Մասնավորապես, 2019-ի համեմատ, առողջապահության ոլորտի ծախսերը կաճեն 2.1%-ով, կրթության և մշակույթի ոլորտներինը` 1.2% -ով: Սոցիալական ապահովության ծախսերը 2020թ-ի համեմատ կաճեն 2.2% -ով: Նախատեսվում է որ կատարվող այս ծախսերը կֆինանսավորվեն բյուջեի համալրման համար նախատեսված վարկերի շնորհիվ, որոնք հանրապետությունը ստանում է ԱՄՀ-ից (մինչև 420 միլիոն դոլար)[11]:
Ամփոփելով հայ-ադրբեջանական սպառազինությունների մրցավազքի վերլուծությունը՝ նշենք, որ անհավասար տնտեսական պայմանները և հնարավորությունները, ակնհայտ ազդեցություն են ունեցել և շարունակում են ունենալ հակամարտության կողմերի միջև անհավասարակշիռ ռազմական պաշարների ձևավորման հարցում: Թեև միջազգային կառույցների կողմից կատարված գնահատումների համաձայն՝ Հայաստանը ՀՆԱ-ի ավելի մեծ մասն է տրամադրում պաշտպանական միջոցների ձեռքբերմանը, քան Ադրբեջանը, այնուամենայնիվ սա չի արտահայտում իրերի իրական դրությունը: Մասնավորապես՝ Ադրբեջանի ՀՆԱ-ն մի քանի անգամ գերազանցում է ՀՀ-ի նույն ցուցանիշը, ուստի զուտ տոկոսային հարաբերակցությունը չի կարող հիմք հանդիսանալ երկրիների զինվածության մակարդակի գնահատման համար: Նավթադոլարների այն հսկայական ծավալը, որն Ադրբեջանի կողմից ուղղվում է սպառազինության ձեռքբերմանը, ակնհայտ առավելություն է ստեղծում Ադրբեջանի համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր պատերազմը COVID19-ից էականորեն տուժած երկրի համար հանդիասացավ նոր մարտահրավեր՝ Հայաստանը հայտնվեց տնտեսական, ֆինանսական և ռազմական լուրջ խնդիրների առջև: Հիշյալ խնդիրների լուծման նպատակով ֆինանսական միջոցների մոբիլիզացումը, բյուջեի վերաբաշխումը և 2021թ-ին պետական պարտքի հերթական աճը, ինչպես ցույց տվեց պատերազմի այս փուլի ելքը, բավարար չեղան այս խնդիրների լուծման համար:
Թեև ռազմական գործողությունների այս փուլը կարելի է ընդհանուր առմամբ ավարտված համարել, այնուամենայնիվ վերոնշյալ տնտեսական, սոցիալական, ռազմական, այժմ նաև քաղաքական մթնոլորտում առկա խնդիրների լուծման կամ մեղմման համար դեռևս երկար ժամանակ և ջանքեր են պահանջվում: Պատերազմն ապացուցեց, որ այս ոլորտներում շուրջ 25-ամյա գործունեությունը չապահովեց բավարար արդյունավետություն, իսկ ձեռք բերված այս եռակողմ համաձայնությունը նոր ռիսկեր է առաջ բերում ինչպես մակրոմակարդակով ամբողջ տնտեսության, այնպես էլ ամբողջ պետության համար գործունեության բոլոր ոլորտներում: Մեր կողմից կատարված այս հետազոտությունը միտված էր բացահատելու երկու երկրների ռազմական ծախսերի հարաբերակցությունը, հակամարտության ընթացքում և հետևանքով առաջացող տնտեսական խնդիրները և նոր պատերազմի արդյունքում ՀՀ-ի կրած տնտեսական կորուստները: Կատարվածը դեռևս նախնական գնահատում է, պատերազմի արդյունքում առաջացած իրական տնտեսական խնդիրները դեռևս զգացվելու են երկարաժամկետում, իսկ դրանց հետևանքների մեղմումը կամ լուծումը պահանջելու է խորը և համակողմանի գնահատում: Սա պետք է դառնա տնտեսական քաղաքականություն մշակողների առաջնային նպատակը, քանի որ բոլոր ոլորտներում կայունություն ապահովելու կարևորագույն հիմքերից մեկը տնտեսականն է:
Գրականություն
Հայաստանը 2019-ին ռազմական բյուջեի վրա ծախսել է ՀՆԱ-ի 4․9 տոկոսը․ SIPRI
Համախառն ներքին արդյունք, շուկայական գներով, մլն. դրամ / 2020
Ադրբեջանի 2020 թ. պաշտպանական ծախսերը. մանրամասներ
2020 թվականի ռազմական բյուջեն աճել է ընդամենը 3 մլրդ դրամով. օրենք
Ադրբեջանի 2019թ. պաշտպանական ծախսերը գերազանցել են բյուջեյով նախատեսվածը
Իլհամ Ալիևը վավերացրել է 2020թ. բյուջեի փոփոխությունների նախագիծը
Ադրբեջանում նախատեսում են 2021թ․ պաշտպանական ծախսերին մոտ 2,3 մլրդ դոլար հատկացնել
2018 թվականին ՀՀ ռազմական բյուջեն աճում է ավելի քան 18 տոկոսով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Middle East conflict risks overspill into the Caucasus
Мировой Атлас Данных
[1]TRENDS IN WORLD MILITARY EXPENDITURE, 2019 [2]Հայաստանը 2019-ին ռազմական բյուջեի վրա ծախսել է ՀՆԱ-ի 4․9 տոկոսը․ SIPRI [3]2020 թվականի ռազմական բյուջեն աճել է ընդամենը 3 մլրդ դրամով. օրենք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ/ՆԱԽԱԳԻԾ/ [4]Ադրբեջանի 2019թ. պաշտպանական ծախսերը գերազանցել են բյուջեյով նախատեսվածը [5]Իլհամ Ալիևը վավերացրել է 2020թ. բյուջեի փոփոխությունների նախագիծը [6]Ադրբեջանում նախատեսում են 2021թ․ պաշտպանական ծախսերին մոտ 2,3 մլրդ դոլար հատկացնել, [7]Middle East conflict risks overspill into the Caucasus [10] Парламент Армении принял военные изменения в бюджете 2020-го, Правительство Армении переложило бюджет на военные рельсы [11] Капзатраты будут увеличены: глава Минфина о проекте бюджета Армении на 2021 годՀղումներ
Համախառն ներքին արդյունք, շուկայական գներով, մլն. դրամ / 2020
Ադրբեջանի 2020 թ. պաշտպանական ծախսերը. մանրամասներ
2018 թվականին ՀՀ ռազմական բյուջեն աճում է ավելի քան 18 տոկոսով
[9] ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հեղինակ՝ Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: