Այս բացառիկ հարցազրույցի ընթացքում հասարակագետ և փիլիսոփա Էդգար Մորենի հետ զրուցում ենք մեզ շրջապատող ճգնաժամերի մասին։ Բազմաբարդ [*] մտածողության (pensée complexe) նախաձեռնողը մեզ է ներկայացնում իր անձնական պատմությունը և Եվրոպայի մասին իր գաղափարը, իր հայացքները բնապահպանության և ապագայի վերաբերյալ և անդրադառնում է իր ողջ ստեղծագործության գլխավոր նշանաձողերին։ Այս մեծ հարցազրույցը կառուցում է բացառիկ մարդու դիմանկարը նրա «Հուշագրության» (Les souvenirs viennent à ma rencontre, Paris, Fayard, 2019 թ․, «Հիշողություններն ինձ ընդառաջ են գալիս») հրատարակումից մի քանի օր առաջ։
1976 թվականի մի տեքստում՝ «Ի նպաստ ճգնաժամաբանության» Դուք զարգացնում էիք ճգնաժամի հասկացությունը և «ախտորոշում` ճգնաժամի հասկացման անհրաժեշտ ճգնաժամը»։ Այս բառը վաղուց իմաստափոխված էր։ Ի՞նչ եք կարծում այս «ճգնաժամի ճգնաժամը» տեղի ունեցել է։
ԷԴԳԱՐ ՄՈՐԵՆ։ Ճգնաժամ հասկացության բարդությունը հետևյալն է․ այն կարող է կիրառվել ցանկացած պատմական էվոլյուցիայի համար։ Էվոլյուցիան երբեք ուղղագծային չէ, այն միշտ ինչ-որ նոր բանի հայտնվելն է, որը կասկածի տակ է դնում, ձգտում է քանդել արդեն կայացած ինչ-որ բան և, այդպիսով, առաջացնում մի շարք անորոշություններ։
Այդուհանդերձ, չնայած կարելի է ասել, որ ցանկացած պատմական կայացում ճգնաժամային է, հատկապես արևմտյան պատմության մեջ, կան առանձնահատուկ ճգնաժամային պահեր, ինչպես օրինակ, 1929 թվականի ընդհանուր տնտեսական ճգնաժամը, որը պատճառ հանդիսացավ ժողովրդավարությունների ճգնաժամի, իսկ վերջինս էլ պատճառ հանդիսացավ պատերազմի համար։
Ուրեմն դեպքեր կան, երբ կարելի է որոշարկել ճգնաժամը։
Մարդկության մի ճգնաժամ կա, որը թույլ չի տալիս մարդկությանը կազմավորվել որպես այդպիսին:
Կարծում եմ՝ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որը սկսվում է 2008 թվականի տնտեսական ճգնաժամով և համընկնում ժողովրդավարությունների խորը ճգնաժամին, ու այս ամենն էլ համընկնում է քաղաքակրթական ճգնաժամին, համենայն դեպս, համամարդկային դարձած արևմտյան քաղաքակրթությանը։ Քաղաքակրթության այս ճգնաժամն ինքնին համընկնում է կենսոլորտի ճգնաժամին, որը կոչվում է բնապահպանական ճգնաժամ, այսինքն՝ այն պահը, երբ բնական կարգավորման համակարգերը այլևս ունակ չեն վերացնել շեղման և ոչնչացման գործոնները։ Ի դեպ, ճգնաժամն այսպես է սահմանվում․ այն համապատասխանում է դրական feedback-ների ի հայտ գալուն, որոնք համապատասխանում են հոմեոստազի խախտումներին։
Այնպես որ, ես կասեի, մտել ենք մարդկության ճգնաժամի մեջ, քանի որ մարդկությունն այսօր գտնվում է ճակատագրերի ընդհանրության կենսաշրջանում` բնապահպանական, ատոմային, տնտեսական և այլ ընդհանուր վտանգներով պայմանավորված։ Բայց նա ապրում է այս ընդհանուր վտանգները առանց իրապես գիտակցելու, ավելի ճիշտ, հետաքրքիրն այն է, որ անհանգստությունները, որոնց պատճառն են ապագայի անորոշությունը, հարաբերականորեն տագնապալի հեռանկարները և ներկայի որոշ երևույթները, ինչպես մոլեռանդության պոռթկումը (ոչ միայն ջիհադական, այլ նաև ավետարանական) և խանգարող երևույթների մի ամբողջ շարքը, այնպես են անում, որ ճակատագրի համաշխարհային ընդհանրությունը գիտակցելու փոխարեն պատսպարվում ենք մասնավոր, եզակի, անհատական, հատկապես էթնիկ, կրոնական ու ազգային գիտակցություններում։ Այսպիսով, մարդկության մի ճգնաժամ կա, որը թույլ չի մարդկությանը կազմավորվել որպես այդպիսին։ Ուրեմն, ոչ միայն համընկնում, այլ նաև ճգնաժամերի ամբողջության շղթայական հարաբերություն կա։ Հենց մարդկության այս ճգնաժամի մասին էր, որ խոսում էի «Երկիր-Հայրենիք» (Terre-Patrie, 1993) գրքում։
Հիասթափված սերնդի և անհատական գիտակցությունների մասնատվածության փաստի հետ կապված ի՞նչ լուծումներ եք տեսնում ընդհանուրը վերագտնելու համար։
Այս ճգնաժամը, որի մասին խոսում եմ, նպաստում է շատ ենթաքաղաքական և վերքաղաքական նախաձեռնություններին՝ տեղական կամ ավելի ընդհանուր ընկերությունների մակարդակում, ինչպես, օրինակ, հասարակական և միասնական տնտեսության ընկերությունն է։ Կան նաև բնապահպանական շարժումներ և տարատեսակ միավորումներ։ Ֆրանսիայում և, նույնիսկ, աշխարհում մեկ ուրիշ քաղաքակրթություն փնտրելու ձգտման ծաղկում կա։ Դա ակնհայտ է դառնում Նոտր-Դամ-դե-Լանդի ՊԵՏ-ում (պաշտպանության ենթակա տարածք)[1] տեղի ունեցածով․ այդտեղ փորձում են ստեղծել մեկ այլ եղանակ, քան խիստ անհատապաշտ սեփականատիրականն է, ինչպես նաև ստիպված ենք արձանագրել այս բոլոր ջանքերին ուղղված համառ դիմադրությունները, որոնք չեն հասկացվել ինստիտուտների և նույնիսկ կուսակցությունների կողմից։
Հաստատումը երկակի է․ վկա ենք այս շարժումների մեծ կենսունակությանը և տարբեր գիտակցումների առաջընթացին, բայց նաև բախվում ենք դրա մեծ ցրվածությանը․ այս նախաձեռնությունները փոխկապակցված չեն, չեն հասել մտածողության մակարդակին, ներկա աշխարհի քաղաքական հեռանկարին՝ Մարքսի մտածողության ձևով, որը մտածողություն էր՝ իրականության, Պատմության, մարդկության, ապագայի և այլնի մասին։
Քաղաքականությունը կարիք ունի վերաձևակերպելու մտածողությունը, մտածողության բացն ընդհանրական է և, անշուշտ, այս պայմաններում է, որ հետաքրքիր, բայց շատ սահմանափակ նախաձեռնությունների բուռն աճ կա։
Կարծում եք` «Դեղին ժիլետների» շարժումը նու՞յն տրամաբանությամբ է գործում։
«Դեղին ժիլետների» ֆենոմենը շատ հետաքրքիր է։ Այն բյուրեղացնում է հազար ու մի իրական ձգտումներ, պահանջներ՝ որոշները շատ երկրորդական, մյուսները կարևոր, բայց այն վկայում է նաև ընթացքը փոխելու միջոցի գիտակցման բացակայության մասին։ Ես կասեի, նույնիսկ, այն հսկայական ուժի գիտակցման բացակայությունը, որը գրավել է փողի, ֆինանսի, տնտեսության իշխանությունը, բառացիորեն գաղութացրել է քաղաքականությունը և բերել է այն բանի չգիտակցվածությանը, որն այսօր անվանում են քաղաքականություն։ Այդ քաղաքականությունը կուրորեն հետևում է այս նեոլիբերալ տնտեսությանը, որի միակ հեռանկարը զուտ քանակական է․ աճի տեմպը, ՀՆԱ-ն, գործազրկության անկումը։
Սրանից ես եզրակացնում եմ մեկ այլ ճգնաժամ՝ մտածողության ճգնաժամը, որը սակայն անտեսանելի է։
Ինչպե՞ս է երևան գալիս այդ անտեսանելի ճգնաժամը։
Այն ի հայտ է գալիս մեր կրթական համակարգի միջոցով։ Իրականում, ես կարծում եմ, որ մեր կրթական համակարգը մշտապես նպաստում է մտավոր կարողության մասնատմանը, անկարողությանը՝ առաջադրելու այն հիմնարար խնդիրները, որոնք բոլորը փոխառարկայական և բազմառարկայական են։ Համաշխարհայնացման մասին մտածելու համար բավարար չէ միագումարել տնտեսությունը, ժողովրդագրությունը և այլն, այլ պետք է տեսնել այս բոլորի միջև եղած փոխներգործությունը։
Եթե անգամ մտածողության մեկ այլ եղանակի փնտրումը գոյություն ունի, ապա ես այն ցրված եմ տեսնում։ Բազմաբարդությունը (complexité), որի կողմնակիցն եմ ես, դեռ չի իրագործվել երեխաներին կրթելու գործելաձևում։ Այն դեռ մնում է որպես մարտահրավեր։ Ինձ ապշեցնում է մտածողության այս, իմ կարծիքով, կարճատես կամ կույր եղանակի հսկայական առաջընթացը․ շարունակում ենք կրթվել այդ ձևով։
Մենք մարդկության մակարդակում չենք հասել ավելի նշանակալից գիտակցության նախափուլին անգամ, որը կկարողանար փոքր ինչ կողմնորոշել ուղու փոփոխությունը, և ոչ էլ խորհրդածման մակարդակում բուն իմացությանը և մտածողությանը, որ պիտի բացվեր իրականի բազմաբարդության (complexité) նկատմամբ։ Ահա ներկայիս վիճակը։
Այնուամենայնիվ, մարդիկ այսօր ավելի շատ են իրենց մտառում իրական ժամանակում և միջկապակցվածության մեջ, քան երեկ՝ շնորհիվ նոր տեխնոլոգիաների։ Դուք ասում եք, որ, չնայած դրան, Ձեր ցանկացած բազմաբարդությունը (complexité) կամ «վերամիավորումը» տեղի չի ունեցել։ Ի՞նչպես բացատրել այս պարադոքսը։
Հիրավի, գլոբալիզացիայի դարաշրջանը, որը սկսվում է 1989 թվականին, այսինքն՝ կապիտալիստական, առևտրային, մրցակցային համակարգի ընդհանրայնացմամբ, և, որը տարածվեց ամբողջ աշխարհում, հատկապես Չինաստանում և նախկին ԽՍՀՄ-ում, հատկանշվում է նաև համաշխարհային մակարդակով հաղորդակցական համակարգերի պայթյունով՝ համացանցի, համակարգչի, բջջային հեռախոսի և այլնի միջոցով։
Այսինքն՝ ամեն ինչ հաղորդակցվում է, բայց այս ծայրահեղ և գլոբալ հաղորդակցությունը հասկացողության գործընթացում առաջընթաց չարձանագրեց։ Արդյոք մշակույթների և ժողովրդի միջև հարաբերությունները բարելավվու՞մ են։ Ամենևի՛ն, և ընդհակառակը, համաշխարհայնացումը, թույլ տալով ճախրել որևէ բանի, որն ընկալվում է որպես սպառնալիք մշակութային ինքնությանը, կարծես թե, հրահրում է մշակութային դիմադրությունների ուժեղացումը։ Նեո-նացիոնալիզմի և նեո-էթնիզմի այս երևույթները, կարծես թե, իսկ և իսկ կապված են այս համաշխարհայնացմանը, որի ծնունդը համընկնում է Հարավսլավիայի պատերազմի հետ, որտեղ գրեթե կազմավորված ազգը, քանդվում է ինքնության, կրոնական, նեո-նացիոնալիստական մղումների ներքո։
Ամփոփելով՝ հաղորդակցությունը հասկացում չէ, այս հաղորդակցությունը ծառայում է հատկապես տնտեսատեխնիկական շփումներին։ Իհարկե, այն ծառայում է նաև զգացմունքային շփումներին, քանի որ կարող ենք զանգահարել մեր սիրելի մարդկանց, որոնք գտնվում են աշխարհի մյուս ծայրում։ Բայց այս հաղորդակցությունը վերաբերում է այն մարդկանց, որոնք արդեն իսկ հասկանում էին միմյանց և որոնք պարզապես կարող են շարունակել հասկանալ միմյանց այս միջոցներով։
Տեղեկությունը իմացություն չէ, իմացությունը տեղեկության կազմակերպումն է․ անկազմակերպ տեղեկությունն ընդամենը ծխից առաջացած մշուշ է։ Կազմակերպված իմացությունը, եթե վատ է կազմակերպված, սխալ գաղափարախոսություն է, եթե լավ է կազմակերպված, ապա այն բավականին բարդ (complexe) է իրականի գոնե մի մասը փորձել հասկանալու համար։ Բազմաբարդությունը (complexité), ինչպես որ ես եմ այն հասկանում, ճանաչողական զարգացում է, ուրեմն շատ լավ հասկանում ենք, որ հաղորդակցության այս հսկայական զարգացումները բնավ ճանաչողական զարգացումներ չեն, դրանք հասարակ տեխնիկական բարելավումներ են։
Տեղեկությունը իմացություն չէ, իմացությունը տեղեկության կազմակերպումն է․ անկազմակերպ տեղեկությունն ընդամենը ծխից առաջացած մշուշ է։
Ուրեմն ինչպիսի՞ լուծում, բազմաբարդ (complexe) լուծում կարող է լինել հանրային քաղաքականության կամ մոտեցման տեսանկյունից արտահայտելու համար կենսոլորտի այն մեծ ճգնաժամը, որը Դուք վկայակոչում էիք, օրինակ, տնտեսական աճի հարացույցով։
Ինչ վերաբերում է բնապահպանությանը, բազմաբարդությունը (complexité)՝ աճն ու նվազումը զուգադրելն է։ Կարևոր է իմանալ՝ ինչը պետք է աճի և ինչը պետք է նվազի։
Ի՞նչը պետք է աճի։ Ակնհայտորեն՝ համերաշխության տնտեսությունը, կենսական և օգտակար տնտեսությունը։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչը պետք է նվազի, ապա դա զուտ առասպելական արժեք ունեցող ապրանքների տնտեսությունն է, որն, իբրև, տալիս է առողջություն, երջանկություն և այլն։ Դա նաև վնասակար մթերքների տնտեսությունն է, օրինակ, քաղցրացված ըմպելիքները, որոնք գիրացնում են երեխաներին, կամ արդյունաբերականացված սնունդը, որը վնասակար նյութեր է պարունակում․․․ Պետք է նաև պայքարել ծրագրավորված հնացմամբ արդյունաբերական ապրանքների նվազեցման համար։ Այս մտահոգիչ միտումը, որ սկսվել է նայլոնե գուլպաներից և շարունակվում է սառնարաններով ու ավտոմեքենաներով, այսօր ավելի ու ավելի շատ ապրանքներ է ներառում։ Առաջ կառուցում էին երկարատև օգտագործման համար, մինչդեռ այժմ կառուցում են, որպեսզի օտագործվի ընդամենը մեկ տասնամյակ․ համակարգիչներ, ավտոմեքենաներ և այլն․․․
Մի ամբողջ տնտեսական ոլորտ կա, որ պիտի անպայման նահանջի, և մեկ ուրիշը, որ պիտի աճի։ Կարծում եմ, որ «աճն ընդդեմ նվազման» այլընտրանքը պարզունակ պատկերացում է, որը քողարկում է իրական խնդիրները։ Նվազման կողմնակիցները ինչ-որ չափով շեշտը կարևորի վրա դնելու առավելությունն ունեն, բայց դա միակողմանի է, և նրանք միայն ավելի են ուժեղացնում աճի կողմնակիցներին։
«Մտքեր Եվրոպայի շուրջ» (Penser l’Europe) գրքում Դուք ցույց էիք տալիս, թե ինչպես կարող է բազմաբարդությունը (complexité) հնչեցնել Եվրոպայի գաղափարը՝ որպես «բազմաբարդ (complexe) միավոր»։ Ինչպե՞ս եք բացատրում այն, որ երկար ժամանակ մտավորականների մտածողությունը սնող Եվրոպան դադարել է գաղափար լինել այն պահին, երբ իրականացել է եվրոպական կազմավորումը: Ինչպիսի՞ն էր Ձեր անձնական զարգացումը մինչև եվրոպական գաղափարը։
Ինչ վերաբերում է ինձ, եվրոպական գաղափարին հարել եմ միայն 1970-ականների սկզբին։ Սկզբում ես ունիվերսալիստ էի։ Շատ էի հետաքրքրվում ապագաղութացմամբ, Երրորդ աշխարհով։ Իմ հորիզոնները դրան էին ենթարկվում։ Դիմադրությունում ես պատերազմող կոմունիստ էի և, չնայած կապերս խզել էի Կոմունիստական կուսակցության հետ, պահպանել եմ և շարունակում եմ պահպանել համամարդկայինի ոգին։ Եվրոպական գաղափարն այդ ժամանակ իմ մտորումների մասը չէր կազմում, քանի որ այն դիտարկում էի որպես չափազանց տարածաշրջանային, չափազանց արևմտակենտրոն։
Ես դարձա եվրոպամետ 1970-ականների բեկումնային շրջանում երկու պատմական պատճառներով։ Նախ` նավթի առաջին ճգնաժամը, որի ժամանակ արաբական պետությունները դժվար կացության մեջ դրեցին Եվրոպային, որին մինչ այդ համարում էինք անձեռնմխելի, սկսեց էականորեն փոխել իրերի դրությունը։ Աշխարհին տիրող այդ մեծ Արևմտյան Եվրոպան երևակայության մեջ դառնում էր հիվանդանոցի մի հիվանդ, որը սպասում էր իր կաթիլային ներարկմանը, որ չմեռներ․ մեծ ամբարտավան Եվրոպան դարձել էր անառողջ ինչ-որ բան, մի բան, որն, ուրեմն, պետք էր սկսել պաշտպանել։ Ի միջի այլոց, հենց այդ նույն տարիներին՝ ավելի ճշգրիտ լինելու համար 1974 թվականին է, որ Պորտուգալիան դադարեց լինել գաղութային տերություն։ Ըստ իս՝ այդ ժամանակ Եվրոպան լվացվեց այդ մեղքից, այդ մշտական բծից, որ գաղութացումն էր։ Կարծում եմ, այդ ժամանակ պատկերացման ձևափոխություն է տեղի ունենում․ Եվրոպան կրկին դառնում է ինչ-որ համեստ, վտանգված բան։
1970-ականների բեկումնային շրջանում աշխարհին տիրող այդ մեծ Արևմտյան Եվրոպան երևակայության մեջ դառնում էր հիվանդանոցի մի հիվանդ, որը սպասում էր իր կաթիլային ներարկմանը, որ չմեռներ․ մեծ ամբարտավան Եվրոպան դարձել էր անառողջ ինչ-որ բան, մի բան, որը, ուրեմն, պետք էր սկսել պաշտպանել։
Նա այլևս այն չէ, ինչը տիրելու է աշխարհին, այլ, ընդհակառակը, այն, ինչը, պարզվում է, վտանգված է գերտերությունների կողմից։ Եվ ես դառնում եմ եվրոպամետ՝ մտածելու համար, որ այս աշխարհում Եվրոպան կարող է դառնալ մշակութային և քաղաքակրթական նմուշ։ Հենց այդ ժամանակ մտածելով, որ կարևորը մեր միասնությունը պահելն ու պահպանելն է, ես քվեարկում եմ և արտահայտվում եմ հօգուտ մեծ պայմանագրերի, ինչպիսին Մաաստրիխտինն էր։ Ես դրան բնավ չեմ հավատում, բայց քվեարկում եմ այն տրամաբանությամբ, ըստ որի պետք չէ քանդել սա՝ գիտակցելով, որ այս պայմանագրերը եվրոպական խնդիրները սահմանափակում են տնտեսական պատկերացմամբ։
Եվ ահա եվրոպական գաղափարին Ձեր հարման համատեքստի մասին։ Բայց ի՞նչ եզրահանգման եք գալիս այս փորձառության արդյունքում։
Հետահայաց կերպով 1990 թվականից ի վեր Հարավսլավիայի ճգնաժամը ես ընկալել եմ որպես եվրոպական առաջին ծանր ճգնաժամ, քանի որ եվրոպական երկրներն անընդունակ եղան խանգարել, կանխել կամ շատ շուտ դադարեցնել այդ պատերազմը։ Ընդհակառակը, նրանք թույլ տվեցին, որ այն թեժանա։ Ֆրանսիան կամ Գերմանիան ամբողջովին անզոր եղան։ Միացյալ Նահանգներն էին, որ դադարեցրին այն՝ առանց, ի միջի այլոց, իրապես խնդիրը հիմնովին լուծելու։
Ոչ պակաս հետահայաց կերպով ես հասկացա, որ Եվրոպան արդեն շեղվել էր ճանապարհից Ֆրանսիայի՝ մի պաշտպանական համագործակցությանը (Եվրոպական պաշտպանական համագործակցություն, Communauté européenne de défense ” CED) մասնակցելու մերժումից հետո։ Նա պիտի ռազմաքաղաքական մեկ քայլով առաջ գնար, բայց չգնաց։ Այդ ժամանակ Եվրոպայի վերակենդանացմանը նոր թափ հաղորդեց 1950-ականների տնտեսական զարգացման ալիքը։ Այս տնտեսական զարգացումը, հատկապես ինտենսիվ էր և թույլ տվեց Ածուխի և պողպատի եվրոպական համագործակցությանը (ԱՊԵՀ) և վերջապես Եվրոպական տնտեսական համագործակցությանը (ԵՏՀ) երևան գալ։ 1950-ականների տնտեսական այս զարգացումն է, որ, վերջ ի վերջո, Եվրոպական միության և եվրոյի սկզբնապայմանն է հանդիսանում։ Այսպիսով, ես տեսել եմ՝ ինչպես է Եվրոպան տնտեսապես զարգանում, միևնույն ժամանակ, մնալով քաղաքական գաճաճ։ Երանությունն ամեն ինչ տարավ․ այդ փայլուն տնտեսական զարգացումը քողարկեց քաղաքական գաճաճությունը։
Ուրեմն ավելանում է ճգնաժամային նոր գործոն՝ խորհրդային կայսրության հովանավորության տակ գտնվող երկրների ընդունումը, անհրաժեշտ մուտքը։ ԽՍՀՄ-ի փլուզման պահին ինչքան այս երկրների Եվրոպա մտնելու ցանկությունը մեծ էր, այնքան նրանց պարտադրված տնտեսական պայմանները ուշացրին այդ մուտքը և այնպես արեցին, որ Եվրոպան ցանկանալը փոխվեց․ Եվրոպան այլևս մշակութային ծարավ չէր, այն դարձել էր տնտեսական ծարավ։
Ես տեսել եմ՝ ինչպես է Եվրոպան տնտեսապես զարգանում, միևնույն ժամանակ, մնալով քաղաքական գաճաճ։ Երանությունն ամեն ինչ տարավ․ այդ փայլուն տնտեսական զարգացումը քողարկեց քաղաքական գաճաճությունը։
Եվ, ի դեպ, այսօր շատ լավ տեսնում ենք, որ որոշ երկրներ, ինչպես Հունգարիան, եվրոպական են մնում, միայն, որովհետև Եվրոպայից մի քիչ փող են ստանում։ Դա նրանց ռազմավարության մասն է կազմում։ Բայց հետաքրքիր է արձանագրել, որ հենց տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, ինչպես օրինակ, Իրաքի պատերազմը, Արևելքի (Արևելյան Եվրոպայի՝ թարգմանչի կողմից) երկրները Բուշի գործողության մեջ տեսան Ստալինին նույնացված բռնարարի՝ Սադամ Հուսեյնի դեմ օգտաշատ գործողություն։ Մինչդեռ մյուս՝ արևմտյան երկրները, այդ թվում, Ֆրանսիան, դա տեսնում էին ավելի շուտ որպես մի արկածախնդրություն, որ կարող էր ունենալ աղետալի հետևանքներ․ ինչն, ընդ որում, պարզվեց՝ ճիշտ էր։
Ինչպե՞ս եք բացատրում միավորման հասնելու այս դժվարությունները։
Այսօր Արևելքի երկրները (Արևելյան Եվրոպայի երկրները՝ թարգմանչի կողմից) նայում են նրան, ով իրենց վախեցնում է, այսինքն՝ Ռուսաստանին․ Արևմուտքում (Արևմտյան Եվրոպայում՝ թարգմանչի կողմից) մենք նայում ենք Միջերկրական ծովի կողմը և Միջին Արևելքին։ Այս պայմաններում շատ դժվար է ընդհանուր պատկերացում գտնելը։
Ի դեպ, քաղաքական որոշ պատճառներ խորապես ձևափոխել են Եվրոպան։ Բրյուսելյան բյուրոկրատիան մշակել է մի շարք հրահանգներ, որոշները իրապես հետաքրքիր, մյուսները՝ երկրորդական կամ, ընդհակառակը, մանրախնդիր, բայց, հատկապես ֆինանսական և տնտեսական իշխանությունն է, արդյունքում, դարձել նշանակալից և գաղութացրել եվրոպական հաստատությունները։ Հունական ճգնաժամի ժամանակ կարողացանք հասկանալ, որ Եվրոպան ամեն ինչ արել է, որ ոչնչացնի փորձառության մեկ այլ տիպի հնարավորությունը: Եվրոպան, երբ ստիպված եղավ դիմադրել Սիրիայից և Միջին Արևելքից գաղթականների զանգվածային հոսքին, փակեց իր դռները։ Հոգեբանական պայմանները, ի դեպ, շատ են փոխվել, որովհետև հիշում եմ, երբ կային ապօրինի ներգաղթյալներ, ականատես էինք լինում փոխօգնության և համերաշխության լայնածավալ շարժումների։ Ինչ վերաբերում է գաղթականներին, նրանք առաջացրին միայն ցրված և տեղային հակազդեցություններ։
Մտնելով Խորը ճգնաժամի մեջ՝ Եվրոպան դարձավ ինչ-որ անմիս կմախք։ Այսպիսով, Եվրոպայում ժողովրդավարական ճգնաժամից ծագած համաշխարհային մի երևույթի զարգացման մեջ ամենալավ տեղերը զբաղեցրինք․ նեո-ավտորիտար պետությունների առաջացումը, որը հիմարաբար անվանում են պոպուլիստական, բայց, որոնք իրենց էությամբ ժողովրդավարության անկման բացահայտողներն են: Այս նեո-ավտորիտար շարժումներում իրականում զարգանում են հակաեվրոպական անջատողական գաղափարներ, որ գալիս են կասեցնելու միայն որոշ ռեսուրսներ գտնելու տնտեսական շահը, ինչպես օրինակ, Հունգարիայում է։
Ուրեմն ճգնաժամը շատ խորն է, և խոստովանում եմ, որ ֆրանկո-գերմանական զույգը, որ այս Եվրոպայի հիմնասյունն էր (դը Գոլ-Ադենաուեր, Միտերան-Կոլ), առաջվա նման այլևս չի գործում։ Մենք նույնիսկ տեսնում ենք, որ ամենաեվրոպամետ երկրներից մեկը՝ Իտալիան, բոլորովին այլ ճանապարհ է բռնել։
Եվ ի՞նչ խորհուրդ կտայիք։ Ո՞րն է այս իրավիճակի հակաթույնը։
Նավի ամբողջությամբ խորտակվելը կանխելու համար ես միայն մեկ ելք եմ տեսնում․ փրկել այն, ինչ հնարավոր է փրկել։ Շատ լավ գիտեմ՝ որպեսզի եվրոն ամրապնդվի, մեկ այլ տիպի, ավելի համապարփակ համաձայնագիր է պետք հարկերի, բանկերի և այլնի մասին։ Չգիտեմ՝ արդյոք կկարողանանք, բայց կարծում եմ, որ ներկայումս պետք է պահպանենք այն, ինչ ունենք։
Ամենայն ազնվությամբ, լավ չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է այսօր նորից ոտքի կանգնեցնել Եվրոպան, եթե ոչ այն հանգամանքով, որ եվրոպական պետությունների մի փոքրամասնություն որոշի միասին մի քիչ ավելի հեռուն գնալ, ասենք, միացման ճանապարհով։
Նավի ամբողջությամբ խորտակվելը կանխելու համար ես միայն մեկ ելք եմ տեսնում․ փրկել այն, ինչ հնարավոր է փրկել։
Ինչպե՞ս եք բացատրում այն, որ մտավորականների ձայնն այլևս նշանակություն չունի եվրոպական հասարակական շրջաններում։
Նախ և առաջ պետք է ասել, որ իմ սերնդի ֆրանսիացի մտավորականների մեծամասնությունը բոլորովին կորցրել է հետաքրքրությունը Եվրոպայի նկատմամբ։ Սա մասամբ ունիվերսալիզմի պատճառով է, որի մասին քիչ առաջ խոսեցի։ Այդ ունիվերսալիզմն իմից մի քիչ տարբեր էր, քանի որ իրականում, այս մտավորականներից շատերի համար համամարդկայինի ընտրությունը մարմնավորված էր Խորհրդային Միությամբ, հետո մաոիստական Չինաստանով, և, գուցե, մի քիչ էլ Կուբայով։ Այլ կերպ ասած, դրանք ազգեր էին, որ կրում էին համամարդկայինը, մարդկային տեսակի փրկությունը։ Ոմանք նույնիսկ կարծեցին, թե ալժիրյան հեղափոխությունը Ֆրանսիայում առաջացնելու էր քաղաքական հեղափոխություն։ Ազգերի հզորության միջոցով համամարդկային փրկության այդ մտասևեռման պատճառով էր, որ Եվրոպան այդ մտավորականների համար հետաքրքրության արժանի չէր համարվում։ Այնուհետև, երբ պարզվեց, որ այդ մտավորական աշխարհը խորապես սխալվել էր, ինչ-որ հարգանքի կորուստ եղավ, հատկապես, որ ոչ ոք անգամ չնչին ինքնաքննադատության չդիմեց։
Ինչ վերաբերում է ինձ, ապա հուսով եմ, որ չեմ կարող նույնն ասել․ ես գիրք եմ գրել, որ կոչվում է «Ինքնաքննադատություն» (Autocritique)։ Լինելով կոմունիստ մինչև 1949-50թթ․՝ ես այնտեղ բացատրում եմ՝ ինչու և ինչպես եմ, ըստ իս, սխալվել։ Ես կասեի՝ նրանց հիասթափությունը, որ հետո եղավ, սկսված 1980-ականներին Մաոյի «Չորսի ավազակախմբով», բերեց նրան, որ շատերը կորցրին հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ և մնացին զուտ գաղափարաբանական դիրքերում։
Պետք է ասել, որ ես ինքս էլ ազդվել եմ խնդիրները համաշխարհային մակարդակով մտառելու՝ այդ ժամանակ շատ տարածված դժվարությունից, մտառելու այդ համաշխարհային ասպարեզը, որն արդեն ազդարարել էր Հայդեգերը 1950-ականներից ի վեր։ Շատերը հավատացել էին, թե մոլորակը փրկվելու էր ԽՍՀՄ-ի և Չինաստանի կողմից։ Մոլորակի, Երրորդ աշխարհի, հետգաղութային աշխարհի, արաբական երկրների ապագան փաստորեն չմտածվածությունների մի շարք էր։ Պետք չէ մոռանալ, որ այդ արաբական երկրներում կոմունիստականի ուժեղ վերելք եղավ, որն իհարկե ոչնչացավ, պետք չէ մոռանալ նաև արաբական սոցիալիզմը, որն անհաջողության մատնվեց հատկապես Բաաս կուսակցությունների հետ։ Տնտեսական զարգացումը նույնպես անհաջողության մատնվեց կաշառակերության կամ տնտեսական գաղութացման պատճառով, և բոլոր այս պետություններում ժողովրդավարությունը, որն ինքը չձախողվեց, չդիմակայեց։ Ուստի, երբ ամեն ինչ ձախողվում է, մնում է կրոնը՝ որպես վերջին մխիթարանք։ Արաբական երկրները լավ օրինակն են այս աշխարհի, որը չի դիտարկվել մտավորականների կողմից։ Ընդհանուր առմամբ, նրանք չեն ունեցել անհրաժեշտ իմաստավորումը այն իմացաբանական պայմանների, որոնք թույլ են տալիս ըմբռնել ցանկացած էական մտածողության կանխենթադրույթները։ Իմ կարծիքով, մտավորականների ճգնաժամը մտածողության ճգնաժամի մասն է կազմում։ Եվ հետո կան նեո-մտավորականներ, որ կոչվում են «լրատվամիջոցային», որոնց մասին նախընտրում եմ չխոսել․․․
Մտավորականների այս ճգնաժամը կարող է դիտարկվել նաև որպես թյուրիմացությունների շարք։ Համալսարանականներն այլևս ելույթ չեն ունենում բանավեճերում, և նախապատվություն է տրվում այնպիսի անձանց, ովքեր իրականում մտավորականներ չեն։ Մի գուցե մտավորականները պարզապես լսելի չե՞ն։
Այս ճգնաժամը մեծամասամբ հաջորդական հիասթափությունների պատճառով է, որոնց մասին խոսում էի։ Կային նախապատերազմյան հակաֆաշիստ մտավորականներ, որոնց մեծ մասը պացիֆիստ էր, և որոնք աննախադեպ ճգնաժամ ապրեցին: Հետո տեղի ունեցավ, եթե ոչ կոմունիստ, ապա գոնե իրենց ճանապարհի ընկերներ կոմունիստամետ մտավորականների ճգնաժամը․․․ Կարող ենք այսպես շարունակել՝ ճգնաժամն առաջացնող, սթափեցնող ազդակների շարքը։
Ապացույցը հետևյալն է․ այն, ինչ այսօր ի հայտ է եկել, մի ինտելիգենցիա է, դիցուք՝ աջական, որն առաջ գոյություն չուներ։ Դա Զեմուրն է, դա Ֆինկելկրոտն է և այլք։ Այնուամենայնիվ, մնում են մտավորականներ, որոնք ելույթ են ունենում հրապարակայնորեն, ինչպես Ռոզանվալոնը կամ Գոշեն, բայց դա միայն բարեփոխական, ազգային պլանում է և չի կարողանում տեղակայվել համաշխարհային մակարդակում։ Կարծում եմ, որ դա այն պատճառով է, որ այդ համաշխարհային մակարդակը վախեցնում է և, որ փիլիսոփաները ավելի շուտ նախընտրում են սխալների անվերջ շրջանի մեջ պտտվել, քան ռիսկի դիմել և գլոբալ մակարդակով հասկանալ։
Բավարար չէ ասել, թե բավական է վերամիավորել, այլ, որ պետք է դեռ իմանալ՝ ինչպես վերամիավորել։
Քանիցս շոշափեցինք Ձեր մեծ թեման՝ բազմաբարդությունը (complexité)։ Ձեր հանրագումարում՝ «Մեթոդը»”ում (La Méthode), թեմակարգել եք բազմաբարդ մտածողությունը (pensée complexe)՝ որպես բարոյագիտական և մեթոդաբանական հարկադրանք, որ պետք է մեր առաջ դնենք, վերամիավորելու բաներ, որոնք ապրիորի իրար հետ ոչ մի կապ չունեն։ Ձեր կարծիքով, մտավորական և քաղաքական աշխարհում, որ Դուք նկարագրում եք, այդ բազմաբարդ մտածողության (pensée complexe) ժառանգության առումով ու՞ր ենք հասել։
Նախևառաջ, բազմաբարդ մտածողության (pensée complexe) այս պլանում, այսինքն, որը փորձում է արձագանքել աշխարհի մեզ առաջադրած այս բազմաբարդության մարտահրավերին, ես միայն մեթոդապես չէ, որ ջանացել եմ։ Նույն վերնագրով գրքերը ցույց են տալիս, որ բավարար չէ ասել, թե բավական է վերամիավորել, այլ, որ պետք է դեռ իմանալ՝ ինչպես վերամիավորել։ Պետք է ունենալ որոշ գործիքներ, որոնք ես հիշատակել եմ, ինչպես օրինակ, ավելի շուտ շրջանաձև մտածողությունը, քան գծային։
Կրթությունը՝ ճիշտ Ձեր «մեթոդի» հենասյունը, առաջընթաց ունեցե՞լ է այս ուղղությամբ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար գրել եմ «Ապագայի կրթության համար անհրաժեշտ 7 գիտելիքները»։ Այս աշխատությունը, որը ես կարևոր եմ համարում, ցույց է տալիս, որ միջնակարգ դպրոցում և, երբեմն, նույնիսկ, սկսած տարրականից, իսկ միջնակարգում միանշանակ, պետք է ներմուծել որոշ թեմաներ ավելի լավ ապրելու և ավելի լավ մտածելու համար։ Առաջին թեման գիտելիքի իմացությունն է։ Այսօր գիտելիքներ են տալիս առանց ցույց տալու, որ իմացությունը միշտ իրականի արտահայտման և վերակազմավորման գործընթաց է, և, որ հենց դրանով էլ պայմանավորված՝ սխալների և պատրանքների վտանգը մշտական է։ Վտանգը գոյություն ունի՝ սկսած ընկալումից և հասնում է մինչև հաղորդակցություն, որտեղ պահպանվում է սխալների վտանգը, որը շատ լավ ներկայացրել է Շեննոնը։ Երբեք պետք չէ դադարել ցույց տալ, որ գիտելիքը՝ որպես այդպիսին, կարող է թակարդ լինել։ Ուրեմն պետք է, որ յուրաքանչյուրը փորձի ինքնաիմացաբանությամբ զբաղվել, քանի որ իմացաբանությունը չպետք է լինի փիլիսոփայության պրոֆեսորների հատուկ դասի արտոնություն։ Յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն ուսումնասիրի՝ ուսումնասիրելով աշխարհը։
Ընդ որում, անհերքելի է, որ, օրինակ, եթե վերցնենք ֆրանսիական հեղափոխության պատմությունը, շատ լավ կտեսնենք, որ, ի վերջո, ինչպես Գիզոն, Մատիեզը, Օլարը, յուրաքանչյուր պատմաբան հետադարձել է իր սեփական համատեքստի մտահոգությունները հեղափոխությանը։ Այդ պատճառով է, որ Օլարը՝ լինելով ռադիկալ հանրապետական, հանրապետական պատմություն է գրել, Ժորեսը սոցիալիստական պատմություն է գրել, և վերջինը՝ Ֆյուրեն՝ զղջացող կոմունիստը, հետստալինյան պատմություն է գրել, որտեղ նա հարցի տակ է դնում նույնիսկ հեղափոխության պիտանիությունը։
Ուրեմն անկհայտ է, որ յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն ուսումնասիրի, ինքն իրեն տեսնի իր սեփական համատեքստում, տեսնի մտածելու իր պայմանները։ Սա հիմնարար նախապահանջ է և հենց սա է, որ պետք է ներմուծել։ Ես նշել եմ, որ պետք է նաև ներմուծել ուրիշի հասկացումը, որը ոչ մի տեղ չի դասավանդվում և, որը պահանջում է միավորել տարբեր առարկաներում ցրված գիտելիքներ՝ ոչ միայն հոգեբանության և հոգեվերլուծության։
Նշել եմ, որ պետք է սովորեցնել դիմակայել անորոշություններին։ Միայն գիտելիքի մեջ և տարբեր գիտություններում չէ, լինի դա միկրոֆիզիկան, սոցիոլոգիան կամ կոսմոֆիզիկան, որ գործ ունենք շատ անորոշությունների հետ, որոնք քիչ թե շատ գիտենք քննարկել, առօրյա կյանքում ոչ ոք չգիտի՝ ինչպիսին է լինելու իր ճակատագիրը։ Ոչ ոք չգիտի՝ ինչ ասել է լինել մարդ, ոչ մի տեղ չեն սովորեցնում, թե որն է մեր բուն ինքնությունը։ Պատճառն այն է, որ այս ամենը ցրված է կենսաբանության, հումանիտար գիտությունների և այլնի մեջ։
Այսօր գիտելիքներ են բաժանում առանց ցույց տալու, որ իմացությունը միշտ իրականի արտահայտման և վերակազմավորման գործընթաց է, և որ հենց դրանով էլ պայմանավորված՝ սխալների և պատրանքների վտանգը մշտական է:
Եթե այս թեմաները ներմուծենք կրթության մեջ, անհրաժեշտաբար կներմուծենք բազմաբարդ մտածողության (pensée complexe) եղանակը, որը, իհարկե, կարելի է ուղեկցել տեսական կրթությամբ, բայց, որը չի լինի միայն տեսական-մեթոդաբանական։
Ինչպե՞ս եք իրականում բացատրում կրթական աշխարհի այս պատնեշումը, որ թույլ չի տալիս յուրացնել տվյալ գործիքները։
Դժվարությունն այն է, որ հաստատությունը դիմադրում է, քանի որ մտածելու, ճանաչելու այս ձևը դեռ ընդունված չէ մշակույթում։ Կրթական համակարգում առայժմ կա միայն աշխարհով ցրված մի քանի անհատների և մի քանի կրթական փորձառությունների դեպքերը, որոնք արդեն գոյություն ունեն, բայց չեն օգտվում այս բանալիներից` որպես կիրառելի գործիք։ Ուստի, եթե ուզենայինք այս փոփոխություններն անել, օրինակ, Ֆրանսիայում, ապա պետք կլիներ, որ այդ հսկայական կրթական բյուրոկրատիան, որ Ալլեգրը անվանում էր «մամոնտ», տեղից շարժվեր, և, որ թուլանար միջնակարգ դպրոցի ուսուցիչների դիմադրությունը, որոնք իրենց հեղինակությամբ արժեզրկված լինելով աշակերտների, ծնողների և հասարակության հետ հարաբերության մեջ, որպես միակ ապավեն ունեն գերակայությունը իրենց առարկաների հանդեպ։ Խեղճերը կարծում են, թե պաշտպանում են իրենց պատիվը՝ պաշտպանելով իրենց առարկան։ Իրականում դրանք հսկայական դիմադրություններ են, որոնց դեմ կարելի է պայքարել միայն այստեղ ու այնտեղ ուղղորդող փորձեր անելով, ուղղորդող առարկաներ, համալսարաններ ընտրելով, և պետք է, որ որևէ նախարար վճռած լինի ուղեկցել այս շարժումը։ Հիշում եմ, որ երբ Ժոսպենի ժամանակավոր կառավարությունում Ժակ Լանգը երեք ամիս նախարարի պաշտոնում էր, պատրաստ էր դա անել։ Սակայն, իհարկե, դա տեղի չունեցավ․․․
Ուրեմն, սա շատ դժվար է, և, անշուշտ, ես արձանագրում եմ, որ բազմաբարդության (complexité) խնդիրները, իրական խնդիրները՝ վերամիավորելու ունակ մեկ այլ իմացություն, զարգանում են, սակայն մտածելու ավանդական ձևը, որի դեմ ես պայքարում եմ, հիմքում զարգանում է էլ ավելի արագ, քանի որ տնտեսական հաշվարկն է, որ կառավարում է քաղաքականությունը։
Կարծում եմ՝ պետք է, որ բարեփոխումը սերի համալսարաններից։ Այն, ինչը կարող է հույս ներշնչել՝ ժամանակակից համալսարանի բարեփոխման օրինակն է, որ ի կատար ածվեց Հումբոլդտի կողմից Բեռլինում, մի փոքրիկ երկրում՝ Պրուսիայում, լուսավորված բռնակալի և մի մտածողի կողմից, որը հասկացավ, որ այդ ժամանակ ծագող գիտությունները պետք է գրանցված լինեին ուսումնական ծրագրում։ Այս համալսարանն աշխարհում հաղթանակեց և շատ բան տվեց, բայց այսօր դրանք համալսարանի սահմաններն են։ Մասնագիտացումը չէ, որ խնդիր է, այլ հենց մասնագիտացման փակումը և գիտելիքները բովանդակող մտածողության մերժումը․ այսօր, եթե աշխարհում որևէ տեղ ուղղորդող համալսարան լիներ, այն կլիներ օրինակելի։
Տնտեսական հաշվարկի և շահավետության տեսանկյունից աշխարհի ընկալման համար արդյոք հանդիմանու՞մ եք Հանրապետության նախագահին, ով, ընդհակառակը, բացահայտորեն հպարտանում է Ձեր «բազմաբարդ մտածողությամբ» (la pensée complexe)։
Նախագահը ամուր կապված է մնում նրան, ինչ ինքը համարում է տնտեսական գիտություն և նրան, ինչը ես կարծում եմ, որ նեո-լիբերալիզմի գաղափարախոսություն է։ Հանդիմանանք չէ, որ ես ուղղում եմ նրան, այլ փաստի արձանագրում։ Նա հաստատապես կարծում է, որ այդտեղ է փրկությունը, այսինքն, որ ձեռնարկությունների հարստացումը վաղ թե ուշ ողջ բնակչության վրա բարգավաճում «կհորդեցնի»։ Նա ամբողջությամբ այդ համակարգում է, և սա շատ հետաքրքիր է, քանի որ, իմիջիայլոց, խոսքը վերաբերում է շատ կիրթ մարդու․ նա մեկն է, ով ճանաչել է մեծ փիլիսոփա Պոլ Ռիկյորին․ նա մարդ է, ով ընդունակ է զանցառության, քանի որ խախտել է գավառական կուռ բարքերը, նա նաև ընդունակ է խախտել քաղաքական կանոնները, քանի որ արկածախնդրության է գնացել՝ չունենալով որևէ կուսակցության աջակցությունը, և այլն․․․
Սակայն քաղաքական կուսակցությունների նկատմամբ այս ազատության գինը, թերևս եղել է փողի իշխանության հետ պորտալարային կապը։ Ըստ իս՝ այս կետում է, որ նա կարող է փոխվել կամ պետք է փոխվի։ Դա երևում է Նիկոլա Հյուլոյի հրաժարականի օրինակով, ով չսահմանափակվեց բնապահպանության մասին խոսելով, այլ ցույց տվեց նրան, որ այդ ամենը կարող էր փոխվել՝ կոչ անելով ընդհանուր փոփոխության, մեկ այլ քաղաքական ուղու։ Վերջինս ենթադրում էր քաղաքների թունազերծում, երթևեկության նվազման միջոցով դրանց առողջացում, այսինքն, ավտոկայանատեղիների կառուցման մեծ աշխատանքներ, գյուղերի թունազերծում արդյունաբերական գյուղատնտեսության նահանջի միջոցով և այլն։ Այս ամենը և, ոչ միայն, էներգետիկ խնդրակարգը՝ մեծ քաղաքականություն կլիներ։ Այս ամենը բնավ չհամոզեց նախագահին, և այդ պատճառով հիմա այս փուլում ենք․․․
Արդյո՞ք դրանով ուզում եք ասել, որ քաղաքական աշխարհից դեպի բազմաբարդություն (complexité) կառուցվածքային ծակոտկենություն կա։
Այո, ոչ միայն փակվածություն կա, այլ նաև այն չի վերաբերում միայն քաղաքական աշխարհին: Այլևս մտապատկեր չկա։
Եվ քաղաքական աշխարհի կատարածուները գաղափար անգամ չունեն այն քաղաքական դատարկության մասին, որի մեջ գտնվում են։ Նրանք կույր են մտածողության այս դատարկության, այս բաց ճգնաժամի նկատմամբ, քանի որ սոցիալ-ժողովրդավարությունը կորցրել է իր հիմքը, քանի որ կոմունիզմը ամբողջովին կորցրել է իր հիմքը և, քանի որ կարիք կա կրկնելու Մարքսի այն արկածը, որը վերամտածել է իրականը, աշխարհը, Պատմությունը, Մարդը․․․
Կա համոզմունք, հատկապես այդ մասնատված ձախերի մոտ, թե, իրար կպցնելով տարբեր կոտրված ծաղկամանների կտորները, վերստեղծելու են նոր տեսակի ծաղկաման։ Ավաղ, դա հնարավոր չէ, դրանք փազլի մասերը չեն․ եթե վերադառնաք սոցիալ-ժողովրդավարական, ձախական և կոմունիստական ծաղկամանների կտորներով, դրանցից միայն հրեշ կստանաք։
Սա է, որ փորձում եմ համեստորեն ցույց տալ իմ մարդաբանության մեջ («Ուղին», La Voie), բայց ես իմ ձևով շատ գաղափարայնացված եմ մնում և բնավ չընթերցված չեմ քաղաքական գործիչների կողմից։ Կա համոզմունք, հատկապես այդ մասնատված ձախերի մոտ, թե, իրար կպցնելով տարբեր կոտրված ծաղկամանների կտորները, վերստեղծելու են նոր տեսակի ծաղկաման։ Ավաղ, դա հնարավոր չէ, դրանք փազլի մասերը չեն․ եթե վերադառնաք սոցիալ-ժողովրդավարական, ձախական և կոմունիստական ծաղկամանների կտորներով, դրանցից միայն հրեշ կստանաք։
Այսպիսով, ես կարծում եմ, որ քաղաքական գործիչները չեն գիտակցում դատարկությունը, կարծում են, որ դուրս կպրծնեն կոալիցիաների, համաձայնությունների միջոցով, և հատկապես կարող են մտածել, թե Ազգային միավորումը (ԱՄ, Rassemblement national (RN)) շատ հզոր հետ մղման շարունակական դեր կունենա, բայց ասված չէ, թե ԱՄ-ն հավերժ շարունակելու է կատարել այդ դերը։ Չհաշված՝ նա ստանում է ավելի ու ավելի մեծ արտաքին հարգարժանություն։
ԱՄ-ի հաջողությունը բացատրվում է տեսակետին (հասարակական՝ թարգմանչի կողմից) հասնելու հիանալի ունակությամբ՝ երբեմն հենվելով թյուր տեղեկությունների տարածման վրա։ Դուք, որ հասարակագիտական տեսանկյունից եք ուսումնասիրել հակասեմական ասեկոսեների տարածման մեխանիզմները, Ձեր անդրանիկ աշխատանքում՝ «Օռլեանի ասեկոսեն»-ում (La Rumeur d’Orléans), ինչպե՞ս եք մեկնաբանում կեղծ լուրերի (fake news) երևույթը։
Այն նոր չէ։
Խորհրդային Միությունը տասնյակ տարիներ թյուր տեղեկություններով է ապրել։ Իսկական խնդիրն այն է, որ կարելի է շարունակել անել դա տեղեկատվական աղբյուրների բազմաքանակության բացակայության դեպքում։ Եթե ունենք տեղեկությունների աղբյուրների մեծ քանակ, ապա հնարավորություն ունեք պայքարելու կեղծ լուրերի կամ սուտ լուրերի դեմ, ինչի հնարավորությունը չեք ունեցել Չինաստանի պարագայում՝ ո՛չ Մեծ թռիչքի, ո՛չ էլ Մշակութային հեղափոխության ժամանակ։ Հետո կարիք եղավ շատ երկար սպասել։
Ուրեմն, իմ կարծիքով, տեղեկության աղբյուրների բազմաքանակությունն ավելի կարևոր է, քան համացանցում ատելության վերահսկումը, նույնը՝ արտահայտման միջոցների կամ կարծիքի բազմաքանակության համար, այսինքն՝ մամուլի ու լրատվամիջոցների։ Եթե չլինի այդ բազմաքանակությունը, մենք դատապարտված ենք, որովհետև սխալ տեղեկությունները հայտնվելու են անգամ առանց համացանցի։ Համացանցը դեռ երիտասարդ էր, երբ ծագեցին դավադրության տեսություններն այն գաղափարի մասին, թե Նյու-Յորքի երկու աշտարակների կործանումը ամերիկյան դավադրություն էր, կամ, որ Պենտագոնը չէր վնասվել։
Կարծում եմ, որ միայն fake բառն է, որ իսկապես նորություն է․ մնացածը շատ հին է, ինչ վերաբերում է սոցիալական ցանցերին, ապա դրանք երկիմաստ են։ Դրանց միջոցով է, որ Ասսանժը և Սնոուդենը քողազերծել են քաղաքական գաղտնիքները․ ահազանգողներ կան, ովքեր դա կարող են անել միայն սոցիալական ցանցերի միջոցով։ Ինչպիսին էլ որ լինեն չափազանցությունները, որոնց նրանք կարող են տրվել, չենք կարող չարձանագրել սոցիալական ցանցերի լրագիր «Մեդիապարտի» (Mediapart) անհրաժեշտ դարձած բնույթը։
«Rainbow Warrior»-ի և Կայուզակի դատավարություններում Պլենելի դերակատարությունից սկսած, նույնիսկ այսօր՝ բնապահպանության նախարարի ընթրիքի ծովախեցգետնի այդ ինչ-որ տեղ գրոտեսկային գործից երևում է, որ սոցիալական ցանցերը պատասխանատուների գործառույթ ունեն այս գործերի թարմացման մեջ, որը չէին կարող ունենալ, եթե լինեին մամուլի՝ փոքրիկ թերթի տեսքով։ Նույն կերպ, Ֆիյոնի գործը երբեք լույս չէր տեսնի Canard enchaîné-ում («Շղթայված բադը»՝ սատիրային շաբաթաթերթ՝ թարգմանչի կողմից)։ Կարծում եմ, որ կարիք կա տեսնելու այս բոլոր երևույթների երկակիությունը։ Ճիշտ է՝ տեսնում եմ տխմարությունների, ատելության, հիմարությունների հեղեղ, քանի որ ինքս թվիթ եմ անում, բայց միևնույն ժամանակ երևում են հնարքներ, երևակայություն և այլն։
Դուք ինքներդ թվիթու՞մ եք ձեր էջում։
Դեռ Հեգելն ասում էր․ «Ազատությունը, այսինքն՝ ոճիրը․․․»:
Չնայած սոցիալական ցանցերի բազմաքանակությանն ու դրանց խաղացած դրական դերին՝ հասարակությունը, որ fake news է սպառում, նույնն է, ինչ այն մյուսը, որ ասեկոսե էր սպառում․․․ Կարծում եք՝ միայն մամուլի միջոցների բազմաքանակությունը բավարա՞ր պատասխան է դավադրապաշտների դեմ։
Այո․․․
Կարծես թե, համոզված չեք․ համարում եք, որ կան ավելի՞ խորը պատճառներ։
Գնչուների պատմությունը, կարծեմ, համացանցի կարիք չի ունեցել, դա տեղային մոլագարության պես մի բան էր, որ եկավ ու տարածվեց հենց այնպես Սեն-Դընիում, կարծեմ, և, որը հանգեցրեց խելացնոր արարքների։ Մարդիկ համոզված էին, որ գնչուները երեխաներ էին գողանում։ Օռլեանի ասեկոսեի պես, արձանագրում ենք, որ սրանք բաներ են, որ կամայականորեն չեն ծնվում։ Օռլեանի ասեկոսեի դեպքում քրիստոնեական քաղաքակրթության մի քանի դարերի ընթացքում կառուցված հրեայի հին պատկերն է, որը հանգեցրել է մի հավատալիքի, ըստ որի հրեաները Զատկին խմում էին քրիստոնյա երեխայի արյունը, և որը մնացել է Լեհաստանում մինչև XX դար։
Երբ դիտարկում եք գնչուների պատմությունը, սա նույնպես հավատալիք է՝ խարսխված ոչ միայն ֆրանսիական գյուղական միջավայրում․ ուրիշ շատ երկրներում ժողովրդական հավատալիքն ուզում էր, որ գնչուները երեխաներ գողանան։
Ինչ վերաբերում է fake news-ին, Համացանցը միշտ միայն երևույթի ուռճացնողն է։ Հավատալիքները միշտ ինչ-որ տեղ խարսխված աղբյուրներ ունեն։
Ճիշտն ասած, ես դրա անմիջական փորձն ունեմ, որովհետև առաջին կինս, որ պերիգորուհի էր, այսինքն՝ գեղջկուհի, դժբախտ էր իր բռնապետ հոր մոտ։ Մի օր, երբ իրենց տան մոտով գնչուների ծածկասայլ է անցնելիս լինում, նա բղավում է․ «Տարե՛ք ինձ, տարե՛ք ինձ ձեզ հետ»։
Այս ամենը ասելու համար է, որ համացանցը միշտ միայն երևույթի ուռճացնողն է։ Հավատալիքները միշտ ինչ-որ տեղ խարսխված աղբյուրներ ունեն։
[*]- «Complexe»-ը «բազմաբարդ» (ինչպես նաև՝ «complexité»-ն «բազմաբարդություն») եզրույթով թարգմանելիս հաշվի ենք առել Էդգար Մորենի մտածողության տեսության հայեցակարգը՝ ըստ որի մտածողությունը ճանաչողության հասնելու համար պետք է ընդգրկի իրականության բարդությունների (մշակութային, քաղաքական, տնտեսական, կրոնական, ազգային և այլն) ամբողջությունը, ինչպես նաև դրանց միջև փոխկապակցվածությունն ու վերամիավորումը (la reliance)։ Հարկ է նշել, որ «complexe» եզրույթի թարգմանության և հայերեն համարժեքի փնտրտուքներում հանգել ենք բառընտրության և հասկացության ոչ լիարժեք արտահայտման խնդրի։ Ըստ այդմ ներկայացնում ենք «complexe»-ի բառային թարգմանությունների ընկալական տարբերությունները․ «Երբ խոսում եմ բազմաբարդության (complexité) մասին, ես հղում եմ անում լատիներեն «complexus» բառի տարրական իմաստին՝ «այն, ինչ միահյուսված է»։ Բաղկացուցիչները տարբեր են, բայց ինչպես գործվածքում՝ պետք է տեսնել միասնական պատկերը։ Իրական խնդիրը (մտածողության բարեկարգման) այն է, որ մենք չափազանց լավ ենք սովորել անջատել։ Ավելի լավ է՝ սովորենք վերամիավորել։ Վերամիավորել, այսինքն՝ ոչ միայն մի ծայրից մյուսը կապ հաստատել, այլ հաստատել մի կապ, որը օղակ կդառնա։ Ի դեպ, վերամիավորել բառում կա «վեր»-ը, որ օղակի վերադարձն է ինքն իրեն։ Ուրեմն օղակն ինքնարտադրվող է։ Կյանքի սկզբում ստեղծվել է օղակի պես մի բան, ինչ-որ բնական մեխանիզմ, որը վերադառնում է ինքն իրեն և արտադրում է ավելի ու ավելի տարբեր տարրեր, որոնք ստեղծելու են մի կոմպլեքս էակ, որը կենդանի կլինի։ Ինքն աշխարհն է շատ առեղծվածային ձևով ինքն իրեն արտադրում։ Այսօր ճանաչողությունը պետք է ունենա գործիքներ, հիմնարար հասկացություններ, որոնք թույլ կտան վերամիավորել»։ (Տե՛ս Edgar Morin, « La stratégie de reliance pour l’intelligence de la complexité », in Revue internationale de systémique, vol. 9, n° 2, 1995.) [1]-Նոտր-Դամ-դե-Լանդի ՊԵՏ-ը (նշանակում է պաշտպանության ենթակա տարածք) սոցիալական էքսպերիմենտ է, որը իրագործվել է Ֆրանսիայում Գրանդ-Ուեստ օդանավակայանի կառուցման ծրագրի հակառակորդների կողմից։ Սկզբնական շրջանում այն նպատակ ուներ պաշտպանել խոնավ տարածքը, որը առաջացել էր մի քանի գետերից և թույլ չտալ իրականացնել ոմանց կողմից «անօգուտ մեծ կառուցապատում» համարվող ծրագիրը։ Այնուհետև այն դառնում է ոչ առևտրային հասարակական կյանքի էքսպերիմենտի և տարբեր այլ հասարակական էքսպերիմենտների տարածք, որը շարունակում է գոյություն ունենալ օդանավակայանի կառուցման ծրագիրը չեղարկելուց հետո (թարգմանչի կողմից)։Ծանոթագրություն
Թարգմանիչ՝ Լուսինե Աղաջանյան (Lusine Aghajanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Ընթերցեք նաև Պիեռ Ռոզանվալոնի (Pierre Rosanvallón) «Հակաժողովրդավարություն. Քաղաքականությունը անվստահության դարաշրջանում» հոդվածի հայերեն թարգմանությունը: