Շաբաթներ շարունակ Լեռնային Ղարաբաղի մարտերից հետո Ադրբեջանն ու Հայաստանն ունեն  հրադադար և հազարավոր զոհեր:
Այցելություն Երևանում բնակվող երեք ընտանիքի: 
Տեքստը՝ Թորե Շրոդերի, լուսանկարները՝ Անուշ Բաբաջանյանի

Մութն ընկնելուն պես Հրանտ Ուզունյանը դուրս է գալիս Երևանի Այգեձոր թաղամասում գտնվող իր հայրական տնից զբոսնելու: Վերադառնալուն պես նա հայացքը սևեռում է պատշգամբի վրա, որտեղ իր փոքր եղբայր Դավիթը հաճախ խորոված էր պատրաստում և գարեջուր խմում: Միջանցքում նա անցնում է ձողի կողքով, որով Դավիթը 15 անգամ ձգումներ էր անում: Նա նստում է Դավիթի սենյակի ​​անկողնու վրա, որտեղ վերջինս սիրում էր պառկել։ «Իսկ հետո սկսում եմ խոսել նրա հետ»,- ասում է 22-ամյա Հրանտը: Նա պատկերացնում է, որ Դավիթը դեռ այնտեղ է: 

Դավիթի հայրը՝ Բագրատը, որդու մահվան հետ համակերպվելու համար այլ ելք է գտել. նա իրեն շրջապատում է որդու ընկերներով: 19-ամյա Մհերը և 20-ամյա Վլադիմիրը, ցավոք, չէին կարող կռվել Լեռնային Ղարաբաղում: Նրանք ունեն առողջական խնդիրներ՝ մեկը սրտի, մյուսը՝ աչքի հետ կապված: Բայց նրանք նման են Դավիթին: Նույն հետաքրքրությունները մեքենաների, ֆուտբոլի և վիդեոխաղերի հանդեպ: «Մհերը ծիծաղում է՝ ինչպես Դավիթը, Վլադիմիրը ուժեղ է՝ ինչպես իմ որդին»,- ասում է Բագրատը: Նրա դեմքը պայծառանում է, երբ խոսում է կրտսեր որդու մասին: Նա հպարտ ու ոգևորված է, և կարող է թվալ, թե բնավ էլ տխուր չէ: Հայրն ասում է. «Ես սպասում եմ, որ Դավիթը վերադառնա»: 

Դավիթ Ուզունյանը մահացել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին: Նա 19 տարեկան էր: Երբ նրա զորամասը հարձակման է ենթարկվել ադրբեջանական ուժերի կողմից, hրթիռից մի բեկոր ծակել է պարանոցը: Նրա կրծքի գրպանից հանված զինվորական գրքույկը այժմ դրված է Դավիթի սենյակում գտնվող դիմանկարի կողքին:

Դավիթին զորակոչել էին շուրջ մեկ տարի առաջ: Նա որոշեց զինվորական ծառայություն անցնել Լեռնային Ղարաբաղում՝ տնից շատ հեռու, մի սահմանի վրա, որը ցանկացած պահի կարող էր և դարձավ ռազմաճակատ: Դավիթն իր երիտասարդ կյանքը հիմնականում անց է կացրել ֆուտբոլային հավաքականում՝ որպես դարպասապահ, Միլենայի կամ Մհերի և Վլադիմիրի հետ վիդեոխաղեր խաղալով։ Սակայն պատերազմից մի քանի ամիս առաջ այս ամենն արդեն մնաց հետևում։ 

Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը խլեց ընդհանուր առմամբ ավելի քան 5000 մարդու կյանք: Ըստ պաշտոնական տվյալների՝ ադրբեջանական կողմն ունի 2783, իսկ հայկական կողմը՝ ավելի քան 2700 զոհ: Վեց շաբաթ տևած մարտերից հետո երկու կողմերը նոյեմբերի սկզբին հրադադար կնքեցին: Բազմաթիվ զինվորականներ մինչ օրս անհետ կորած են: 

Մոտավորապես երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված վերջին էսկալացիան ողբերգություն է: Կորցրած գյուղեր, քաղաքներ, տասնյակ հազարավոր փախստականներ։ Այս ամենից զատ նաև հասարակությունը պետք է հաշվի նստի և ապրի այն փաստի հետ, որ անդառնալիորեն կորցրեց իր զավակներին։ Ի՞նչ է նշանակում ընտանիքի ու ընկերների համար իրենց սիրելիների կորուստը:

Վլադիմիրը և Մհերը Դավթի պատշգամբում. Նրանք գիտեին ատելությունը Լեռնային Ղարաբաղում, բայց ոչ պատերազմը

«Այս պահին,- ասում է 24-ամյա Գայանե Հակոբյանը՝ Հակոբի՝ չորս տարով փոքր քույրը- ինձ դեռ խեղդում են արցունքները»: Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Հակոբը, ով սովորելու ընթացքում աշխատում էր նաև ՀՀ կենտրոնական բանկում, իր քսաներորդ տարում հաստատուն ծրագրեր ուներ, քաջատեղյակ էր հարկային օրենսդրությանը և մոնետարիզմի տեսությանը, տիրապետում էր Python ծրագրավորման լեզվին և դեռ համալսարանական տարիներից անդամակցում էր Enlight հանրային հետազոտությունների կենտրոնին ու վերջինիս համար փորձում միջոցներ հայթայթել։

«Այն, ինչ մեզ համար անցյալում կարևոր էր, կորցրել է իր արժեքը»

Վերլուծական կենտրոնի սենյակում նստած՝ Գայանեն այժմ խոսում է իր եղբոր մասին: «Հակոբը դեռ փոքրուց իմ խորհրդականն էր, ընկերն ու վստահելի անձնավորությունը»,- ասում է նա: Քրոջ նախադասությունները հնչում են այնպես, ասես նախապես ձևակերպված լինեն, բայց խոսելիս արցունքները հոսում են նրա աչքերից: «Արտաքինից թվում էր, թե Հակոբը վերահսկում էր իր ներաշխարհը․ միայն տանն էր խոսում իր զգացմունքների մասին»: Երբ հայտարարվեց զորակոչ, նա գնաց առանց երկմտելու, առանց կեղծ պաթոսի: «Հենց պատերազմն ավարտվի»,- ասաց Հակոբը,- ես կշարունակեմ իմ կյանքը»:

Մոտ երեք միլիոն հայերի մեջ յուրաքանչյուրը ճանաչում է մեկին, ով ընկել է Լեռնային Ղարաբաղի կռվում: Գայանե Հակոբյանը կորցրել է իր եղբորը՝ Հակոբին:

Մարտերի ընթացքում Հակոբն իր ընտանիքին վստահեցնում էր, որ հեռու է ռազմաճակատից: Նա ասում էր, թե իրեն վտանգ չի սպառնում: Հակոբը չէր ուզում, որ ընտանիքն անհանգստանա: Դա էլ ավելի է ծանրացնում կորստի ցավը: Քրոջ խոսքերով՝ Հակոբի մահն իրական է դարձել այն պահին, երբ նա ճանաչել է եղբոր կզակի սպին, որը փոքր տարիքում ընկնելու հետևանք էր։ «Երբ ես տեսա դա, հասկացա, որ Հակոբն է: Նրա մահը իրական դարձավ»,- պատմում է Գայանեն, ով, միգուցե, շուտով կկարողանա խոսել նաև այլ սգավոր ընտանիքների, այդ թվում՝ իր երկու ընկերուհիների հետ, ովքեր նույնպես կորցրել են իրենց եղբայրներին:

Հակոբը և Գայանեն

«Մեզ համար ամեն ինչ այլ հարաբերությունների մեջ է »,- ասում է Գայանեն: «Այն բաները, որոնք մեզ ենթադրաբար պետք էին, հիմա հարցականի տակ ենք դնում»: Գայանեն այժմ ցանկանում է ավելի շատ ապրել ներկայով, այլ ոչ թե նախապես ծրագրել: «Փորձում եմ վայելել իմ սիրելիների հետ անցկացրած պահերը»: 

Հրանտ Ուզունյանը նույն կերպ է մտածում. «Այն, ինչ մեզ համար նախկինում կարևոր էր, կորցրել է իր արժեքը»: Դավիթի մահից հետո նա իրեն ավելի մեծ է զգում, հոգ է տանում այնպիսի գործերի մասին, որոնք ընտանիքի մյուս անդամները չեն կարող լուծել իրենց վշտի մեջ: «Ես պետք է հենարան լինեմ ծնողներիս համար»: 

Դավիթ Բաբաջանյանի ընտանիքն ու ընկերները հանդիպում են Երևանում գտնվող Եռաբլուր պանթեոնում, որտեղ հերոսների գերեզմանները կրկնապատկվել են պատերազմի ընթացքում և որտեղ ամեն օր նոր գերեզմաններ են փորում: Դավիթը 18 տարեկան էր և գտնվում էր զինվորական ծառայության մեջ: Դավիթի մահվան 40-րդ օրը հարազատներն ու ընկերները հավաքվել էին նրա գերեզմանի շուրջ: «Դու չես վերադառնա»,- անընդհատ գոռում էր նրա մայրը՝ նայելով դեպի երկինք: 

Լեռնային Ղարաբաղի պատերազմում կա հաղթող, բայց ոչ վերջ

Դավիթն իր հետևից թողեց եղբայրներին ու քույրերին, ովքեր չկարողացան հրաժեշտ տալ նրան: Նրա մեծ եղբայրն ապրում է Սիբիրում և Կորոնավիրուսի համաճարակի պատճառով չկարողացավ տուն վերադառնալ: Իսկ 21-ամյա քույրը՝ Ջեմման, բռնում է մորը ձեռքը և խոսում Դավիթի մասին, քանի որ մայրը հազիվ է կարողանում կառավարել զգացմունքները: 

Արարողության ավարտին նրա երեք ընկերները մնում են գերեզմանատանը: Արմանը, Գրիգորը և Դավիթը փոքր ժամանակ շատ են շրջել հարազատ Վարդաշեն թաղամասում՝ Դավիթի հետ միասին: Նրանք հիշում են, որ Դավիթը շատ էր սիրում խենթություններ անել: Ղարաբաղում նա լրջացավ: «Երբ խոսում էինք նրա հետ հեռախոսով և WhatsApp-ով, միշտ շնորհակալություն էր հայտնում մեզ մեր ջանքերի համար»,- պատմում է Ջեմման: «Վերադառնալուն պես ուզում էր մոր գործը թեթևացնել»: Սակայն Դավիթն այլևս չի վերադառնա: Իսկ նրա ընտանիքն ու ընկերները, ինչպես հազարավոր մարդիկ, փորձում են խաղաղություն հաստատել պատերազմի և կորուստների հետ միասին: Դա կհաջողվի միայն այն դեպքում, երբ վերջնական խաղաղություն հաստատվի. վերջերս Լեռնային Ղարաբաղում կրկին մարտեր էին տեղի ունեցել: 

Բնօրինակի հեղինակ՝ Thore Schröder, Fluter


Թարգմանիչ՝ Հռիփսիմե Մանուկյան (Hripsime Manukyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: