«ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է հանրակրթական հիմնական դպրոցի 7-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը: Ըստ այդմ՝ ծրագիրն իրականացնող դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկային հատկացվում է շաբաթական 1,5 դասաժամ, տարեկան` 51 դասաժամ, որը դպրոցը կարող է տրամադրել դպրոցական բաղադրիչին կամ «Ֆիզկուլտուրա» առարկային հատկացված դասաժամերից»։
Օրեր առաջ այդ մասին իր պաշտոնական էջում1 հայտարարություն է տարածել ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը։ Առաջին հայացքից այս անմեղ և ոչինչ չասող հայտարարությունը արգասիքն է այն քաղաքականության, որը երկար տարիներ իրականացվում է իշխանության կողմից հանրակրթության ոլորտում։ Ըստ այդ որոշման` նախատեսվում է «Ազգային երգ ու պար» առարկայի համար նախատեսված ժամերը իրացնել ի հաշիվ «Ֆիզկուլտուրա» առարկայի դասաժամերի։ Ըստ ամենայնի` նախարարության համապատասխան վարչությունները և դրանց պատասխանատուները` նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ, գտել են, որ աշակերտների ֆիզիկական պատրաստությունը առավել նվազ արժեք ունի, քան «Ազգային երգ ու պար» առարկան, որը մինչև շուրջ 2 տարի՝ 2014 և 2015 թթ. և նաև այժմ (բայց արդեն այլ մասշտաբներով), ներդրվում է որպես պիլոտային ծրագիր հանրապետության որոշ հանրակրթական դպրոցներում և իրակակացվում է համապատասխանաբար 5-7-րդ դասարաններում։ Նախ, մի քանի նախնական դիտարկումներ հարցի շուրջ․
- Առաջին և հատկանշական փաստը, որ կարող ենք արձանագրել մեզ համար, ազգայնականության ինստիտուցիոնալիզացիան է հանրակրթության միջոցով։ Եվ, որ առավել կարևոր է ընդգծել, այն «անվնաս» և միաժամանակ անմիջական գործիք է ներազդելու աշակերտների վրա: Կարևոր է հասկանալ, թե որքանով հնարավորություն կունենան քննադատաբար մոտենալ խնդրին, մտորել այդ փոփոխությունների և դրանց ազդեցության շուրջ, դրանց արժեքը իրենց համար և, որ ամենակարևորն է, ունենալ ընտրության իրավունք` սովորել «Ազգային երգ ու պար», թե ՞ պարզապես պահպանել իրենց «Ֆիզկուլտուրա» առարկայի դասաժամերը։
- Մյուս հարցը. «Ազգային» ձևակերպումը, ըստ որում` ենթադրաբար առաջնություն է տրվում քաղաքացու և մշակույթի էթնիկ բաղադրիչին։ Ընդհանրապես էթնիկ ազգայնականությունը և էթնիկության շեշտը հայկական իրականությունում նորություն չեն և արտառոց էլ չեն։ Բայց մի բան է դա մշակութային շրջանակներում պահել, մեկ այլ բան` կրթական ոլորտում իրացնել։ Քանզի Հայաստանի Հանրապետությունը որքան էլ մոնոէթնիկ և միատարր պետություն է, քաղաքացիության համակարգը դեռ ոչ ոք չի լուծարել, և ըստ այդմ էլ` հանրակրթությունը միայն ազգությամբ հայերի համար չէ, այլև մնացյալ ազգությունների համար, որոնք ՀՀ քաղաքացիներ են` անկախ իրենց էթնիկ պատկանելիությունից։ Այս տեսանկյունից` այս ամենը ամենաիսկական և ամենատարրական խտրականություն է ՀՀ քաղաքացի համարվող այլ ազգերի նկատմամբ։
- Խնդրի մեկ այլ կողմ է դասընթացը իրականացնողների մասնագիտական պատրաստվածության հարցը, և դրա արդյունավետությունը աշակերտների համար։ Հայտարարությունում նշվում է, որ այդ պիլոտային ծրագիրը իրականացվում է «Կարին» համույթի և նրա ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ և ղեկավարությամբ։ Հարկ է նշել միայն նրա կողմից օգտագործվող «Հայու գեն» արդեն աբսուրդային կաղապարը և այլ, մեղմ ասած, քննարկելի և քննադատության արժանի հարցեր։
- Մնացյալ կարևոր հարցերից են նաև հանրակրթության մեջ այդ առարկայի ներդրման հանրային պահանջը, դրա գիտական հիմնավորումը, անհրաժեշտ մարդկային, գիտական և նյութական պոտենցիալի առկայությունը (այս ծրագիրը նախնական պետք է ներդրվի 113 դպրոցում, իսկ ընդհանրապես ՀՀ-ում գործում են 1389 դպրոցներ) և այլ հարցեր, որոնք դեռևս բաց են մնում և կարիք ունեն որոշակիացման և կոնսենսուսային լուծման։
- Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունեն ազգային երգ ու պարի բարձրագույն կրթությամբ մասնագետներ: Փաստորեն, դպրոցում ներառվել է մի առարկա, որի անհրաժեշտ բարձրագույն կրթության բազա Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի: ԿԳՆ-ն, դրամական միջոցների սղությունից ելնելով, որոշել է ուղղակի վերապատրաստել երգի և ֆիզկուլտուրայի ուսուցիչներին, որը խոսում է պրոֆեսիոնալիզմի բացակայության և համակարգային թերացման մասին, որով էլ այդ ծրագիրը մուտք է գործում հանրակրթական 113 դպրոցներ։
Ընդհանրապես ասած, այս հաղորդագրությունը, որ տարածել է Կրթության ու Գիտության նախարարությունը նոր ուսումնական տարվան ընդառաջ, զուրկ չէ պաթոսից և ըստ իս` առավելապես ուղղված է ամրացնելու և առավել քան զարգացնելու ազգայնականության գաղափարական դիրքերը պետությունում և հասարակությունում, որոնք, ըստ իս, առավելապես զատողական, անջատողական, ինքնատիպության շեշտադրման երանգներ պարունակող իրողություններ են։ Ազգայնականությունը ինքնին որպես չեզոք կատեգորիա կարելի է դիտարկել, եթե այն չի սկսում զատողական հիմքեր ձեռք բերել և բաժանարարներ անցկացնել թե՛ հանրույթի ներսում և թե՛ արտաքին աշխարհի հանդեպ։ Առավելապես կարևոր է նաև ազգային, մասնավորապես ներհանրութային էլիտիզմի շոշափելի շունչը էթնիկության ոգով, որը բավականին վտանգավոր է պետության և պետականության համար, քանի որ դժվար կառավարելի է և մանիպուլյատիվ դաշտ է ստեղծում պատեհապաշտների և պոպուլիստների համար։
Առանց դույզն-ինչ երկմտելու, ազգայնական քարոզչության այս շարքին կարող ենք ավելացնել նաև ոչ վաղ անցյալում հանրակրթական դպրոցներում «Պատանի երկրապահ» ակումբների բացումը, որոնց նպատակը նմանապես նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպումն է և նրան ազգային ոգով մեծացնելու «պատվաբեր» ձգտումը3, որը ոչ այլ ինչ է, քան պետության և հասարակության սաղմնային ռազմականացում։ Այս շարքի մյուս բաղադրիչը կարող ենք համարել նաև կրոնի՝ առավելապես Առաքելական եկեղեցու դավանանքի ուսուցանումը դպրոցներում, պարագայում, երբ ՀՀ հռչակված է որպես աշխարհիկ երկիր, և որը նորություն չէ և ընդհանրական է հետխորհրդային երկրների և խորհրդային ճամբարին հարող արևելաեվրոպական երկրների համար։
Հարկավ այս ամենում առանցքային խնդիրը ոչ այնքան պարի ներդրումն է, որքան դրա իրականացումն ու իրականացնողը, շահառու կողմերը, հեռահար նպատակները, որը պակաս կարևոր չէ իհարկե նաև այն ուղղորդված ու միտումնավոր էթնիկ ազգայնական պետական քաղաքականությունը, դրա նպատակները և շահառու կողմերը։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ պետականության և հասարակության անվտանգության շահերի գրավական համարվող հանրակրթության պես զգայուն և առաջնային ոլորտը «շրջափակվել է» ազգայնական պոպուլիզմի ցանցով՝ կրոնի, ռազմական պատրաստության և երգ ու պարի («անմեղ առարկաների») համակարգային գրոհով։
Ըստ իս` ստեղծված իրավիճակը թե՛ իշխանության էության, թե՛ նրա կենսագործման և գործառնության դիրքից որոշակիորեն նմանվում է Ֆաշիստական իտալիայի վաղ շրջանի ներպետական քաղաքականությանը (այս վիճակը կարող ենք համարել վաղ ֆաշիզմի ներքին քաղաքականության խղճուկ ու նույնիսկ ծիծաղելու չափ տխուր կրկնօրինակ)։ Եթե ուշադիր նայենք վաղ ֆաշիզմին, հատկապես Մուսոլինիի և կաթողիկ եկեղեցու դաշինքից հետո4 հարող շրջանին, կտեսնենք, որ եկեղեցին սկսեց սրբագործել Ֆաշիզմը, դրա ինստիտուցիաները և իշխանական համակարգը` իր ողջ համակարգային ամբողջությամբ՝ պետությունից ստանալով ահռելի դիվիդենտներ իր դիրքերի ամրապնդման, խաթարված հեղինակության վերականգնման և իր ազդեցության զարգացման ու տարածման համար։ Երկրորդ և ամենակարևոր նմանության եզրը ֆաշիստական կուսակցության տոտալիտար բնույթն էր, որի տոտալիտարության էությունը, ըստ Գրամշիի խոսքերի, այն էր, որ այն իրենով փոխարինել էր քաղաքական ինստիտուտների դերակատարությունը կուսակցական տոտալ վերահսկմամբ5 :
Այստեղից արդեն կարող ենք անցում կատարել մյուս կարևոր խնդրին, երբ քաղաքական ինստիտուտների տոտալ վերահսկողության պարագայում բացառվում է քաղաքականությունը ինքնին, որովհետև քաղաքականություն կարող է լինել հավասար, կամ գոնե մոտավոր համազոր ուժերի միջև, իսկ մնացած բոլոր պարագաներում մենք գործ ունենք իշխող-ենթարկվող տարրական հարաբերության հասարակական պրակտիկաների հետ պետության սահմաններում, որտեղ իշխանությունը իր իսկ նախաձեռնությամբ փորձեր է անում քվազի քաղաքական պայքարը ներկայացնել որպես քաղաքական կյանքի բնական ընթացք։ Ահա և այս առանցքային կետից սկսյալ հետագա կապ կտեսնենք մեր ներկայիս իշխանության ներքին քաղաքականության այդ զգայուն կետի՝ հանրակրթական ոլորտի նորաարարության հետ: Քանի որ մեկնարկում ենք այն համոզմունքից, որ իշխանության կուսակցությունը տոտալ կամ համարյա տոտալ իշխանության է հասել երկրում, ըստ այդմ` մեզ համար պետք է կարմիր գծով ընդգծենք մի կարևոր թեզ. եթե որևէ կուսակցության հաջողվում է տոտալ վերահսկողություն հաստատել երկրում, հատկապես պետական իշխանության համակարգում և պետական ինստիտուտներում, ապա այդ կուսակցությունը վերը նշված պատճառներով չի կարող իրականացնել մաքուր քաղաքական գործառույթներ, այլ իրականացնում է գլխավորապես տեխնիկական գործառույթներ՝ վարչարարական, ոստիկանական, քարոզչական, բարոյախրատական և մշակութային։ Այս պարագայում, երբ քաղաքական կյանքը որպես այդպիսին դադարում է կենսագործվելուց, քաղաքական խոսքը փոխարինվում է ժարգոնով, իսկ ներքին կյանքում շեշտը դրվում է մշակութային և բարոյական ոլորտների վրա, որոնց հիմքն էլ հենց հանդիսանում է հանրակրթությունը, իսկ գործիքը` զանգվածային լրատվության միջոցները։ Սրանից էլ արդեն հաջորդ խնդիրը, ըստ որում, քաղաքական խոսքի բացակայությունը բերում է քաղաքական խնդիրների «մշակութականացման» և «բարոյականացման», որոնց ուղղակի հետևանք է հանդիսանում քաղաքական խնդիրների մշակութային ոճավորումը և, հետևաբար, առավել քան գիտակցված կերպով արխայիկացվում-առասպելացվում և, ըստ այդմ` դրանք դառնում են անլուծելի, իրենց էության իսկ հիմամբ։ Արդյունքում քաղաքական խնդիրները լղոզվում են, ռացիոնալ քաղաքական մտքին փոխարինելու է գալիս առասպելական միտքը` իր արխայիկ ամենակուլ էությամբ, ու հասարակությունը զրկվում է առողջ դատողության գործիքներից, սթափ բանականությունից և վերադառնում նախալուսավորչական շրջան, բարի ու չարի անխափան ու շրջապտույտային չափումների դաշտ։
Ահա այս խորքային քաղաքական ճգնաժամի ուղիղ արգասիքն է այն պետական կրթական քաղաքականությունը, որը տարվում է հանրակրթության ոլորտում, և որը նկատելի ու լրջագույն ռիսկեր է պարունակում թե՛ պետության, թե՛ պետականության և թե՛ իշխանության համար, որովհետև այն վաղ թե ուշ կարող է դառնալ իր իսկ ստեղծած երկակի գաղափարաբանության և առասպելական իրականության գերին` անընդհատ ակտիվ թափի մեջ պահելով ստեղծած առասպելա-արխայիկ իշխանական համակարգը և զրկվելով ներքին պոտենցիալից6 ։
1http://www.edu.am/index.php?id=8291&topMenu=-1&menu1=- 2&menu2=-1 8․30․2016․
2 Էթնիկ ազգայնականության և քաղաքական ազգայնականության ամենաէական և սահմանային չափումը ազգի` որպես էթնիկ կամ քաղաքական միավորի չափումն է։ Արևմտաեվրոպական լուսավորչական շարժումից սկսած արևմտյան քաղաքակրթությունում առավելապես գերակշռում է ազգի քաղաքական չափումը՝ ազգը որպես քաղաքական միավոր, իհարկե, չբացառելով և չզատելով էթնոմշակութային կողմը, բայց նախ և առաջ տուրք տալով ազգի չափման քաղաքական հենքին։ Ազգայնականության էթնիկական բաղադրիչի ակտիվացումը և առաջին պլան մղումը կարող է հանգեցնել իմպոտենտ քաղաքական ռեժիմի կայացման, որը հատկապես ձեռնտու է մեր հարևաններին և քվազի դաշնակիցների, քանզի էթնիկ ազգայնականությունը ներկայումս առավելապես ոչ քաղաքական խնդիրների է միտված և լուծում։
3 Որպես օրինակ կարող ենք հիշել ֆաշիստական Իտալիայում տարածված Ludi Juveniles խմբակները, որոնք նախատեսված էին իտալացի պատանի աշակերտ-ֆաշիստների համար, և որոնք նմանապես «ռազմահայրենասիրական» էին իրենց ոգով և միտված էին ապագա «գաղափարի մարտիրոսներ» պատրաստելու։
4 Լաթերանի Կոնկորդատով նախ և առաջ Ֆաշիստական Իտալիան և Պապական Կուրիան փոխադարձաբար ճանաչեցին միմյանց սուվերենությունը և սկսվեց փոխադարձ լեգիտիմացման շրջանը, որը առավել կարևոր է տվյալ դեպքի քննարկման համար։
5 Грамши, Избраннъе произбедения, Т3, стр. 194. Կարևոր է շեշտել, որ որքան էլ իշխանությունը համարվի
տոտալիտար, այն չի կարող բացարձակ կայուն կերպով իրացնել իր գործառույթը, քանզի դա կբերի պարզապես համակարգի անկման, ըստ որում բացարձակ տոտալիտարիզմը ենթադրում է քաղաքական իմաստով ամեն ինչի ավարտ և ֆունկցիոնալիզմի առումով ուղղակի տնտեսական, քաղաքական և մշակութային անգոյություն։
6 Ազգայնականության ժամանակակից տեսաբան, անգլիացի պրոֆեսոր Ջոն Բրոյլին նշում է, որ ինքնին բնական է քաղաքական ազգայնականության նպատակը կոորդինացնել, մոբիլիզացնել և օրինականացնել ազգայնականների նկրտումները իշխանության գալու համար։ Ըստ նրա այսպիսի քաղաքական սկզբունքը առաջանում է որպես հակոտնյա պետական իշխանությանը և ի հայտ է գալիս այն ժամանակ երբ ակներև է տարանջատումը հասարակության և իշխանության միջև։ Սրա շնորհիվ ազգայնականները կարող են հասարակությունից քամել բոլոր ոչ քաղաքական ռեսուրսները, որպեսզի դրանք ծառայեցնեն քաղաքական ընդդիմության շահերին։
Գրականության ցանկ
- Нации и национализм / Б. Андерсон, О. Бауэр, М. Хрох и др; Пер с англ. H 28 и нем. Л. Е. Переяславцевой, М. С. Панина, М. Б. Гнедовского — М.: Праксис, 2002., стр. 201-236.
- Грамши А. Избранные произведения, Т3.стр 194.
- http://www.edu.am/index.php?id=8291&topMenu=-1&menu1=- 2&menu2=-1 8․30․2016․
- http://www.gumer.info/bibliotek_Buks/Culture/Eko/_05.php 8/31/2016.
- http://www.epress.am/ru/2016/08/30/%D0%B2-%D0%B0%D1%80%D0%BC%D1%8F%D0%BD%D1%81%D0%BA%D0%B8%D1%85-%D1%88%D0%BA%D0%BE%D0%BB%D0%B0%D1%85-%D0%B7%D0%B0%D0%B1%D0%B8%D0%B2%D0%B0%D1%8E%D1%82-%D0%B3%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B2%D1%83-%D1%87%D0%B5.html 8/31/2016.
Հեղինակ՝ Գոռ Մադոյան (Gor Madoyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են