Իսկ մեզ թատրոն պե՞տք է

Դեռ 1983 թվականին՝ խորհրդային տարիներին, հայտնի էստոնական շոու-խումբը երգում էր  անհոգ երաժշտասերների մասին ուրախ երգ՝ «Մենք շատ ենք սիրում օպերա»: Իրենց սերը սահմանում էին թատրոնի «արբեցուցիչ և սքանչելի բուֆետով» (https://www.youtube.com/watch?v=-UmhIHXJ4sM): Ահա այդ երգը հիշվեց այս օրերին, երբ Երևանի Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար մաեստրո Կոնստանտին Օրբելյանի աշխատանքից հեռացման շուրջ սկանդալ սկսվեց:

Չէի ցանկանա մանրամասներ հայտնել. դրանք բոլոր հետաքրքրվողներին, բոլոր նրանց, ում այս խնդիրը խորը խոցել է, լավ հայտնի են: Բացահայտ շինծու պահանջը, բյուրոկրատական խոչընդոտները, որոնցից անձնական թշնամանքի հոտ էր գալիս կամ, ավելի վատ, որը վերևից իջեցված հրահանգ էր, վրդովմունքի լայն ալիք բարձրացրեց հանրապետության բնակչության բոլոր շերտերի մոտ: Երբ գրվում էր այս նյութը, ո´չ դրական, ո´չ բացասական որոշում դեռ կայացված չէր: Սակայն հիմա խոսքը կոնկրետ մարդու կամ վերևում գտնվող մեկ մարդու կոնկրետ որոշման մասին չէ։ Խոսքը մշակույթի, մշակութային մարդու, արվեստի հանդեպ մեր վերաբերմունքի մասին է: Թվում է՝ այդպիսի վերաբերմունքը եկել է խորհրդային տարիներից, երբ մշակույթը ղեկավարում էին դրանից հեռու մարդիկ և, մեծ հաշվով, այն չէին սիրում: Շատ քիչ բան է փոխվել նաև անկախությունից հետո: Առաջին նախագահը դրա հանդեպ ընդհանրապես անտարբեր էր, երկրորդը ձևացնում էր, որ ջազ է սիրում, դե, իսկ երրորդի ժամանակ ռաբիսը և գռեհիկ փոփ երաժշտությունը ծաղկեցին: Համերգային և թատրոնների դահլիճները դատարկվեցին, հասարակությունը թեքվեց դեպի ակումբային մշակույթի կողմ, հեռուստատեսություն՝ իր սարսափելի և ապականող «ժամանցային» ծրագրերով և այլ Stand-up-ներով ու հումորային ակումբներով: Ոչ, իհարկե, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները և օպերային դիվա Ռենե Ֆլեմինգի մենահամերգը (ում, ի դեպ, անձնական կապերի շնորհիվ կարողացավ բերել Կոնստանտին Օրբելյանը) հավաքել էին ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճ: Բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ դահլիճում 1500-ից մի փոքր ավելի տեղ կա և շատ տխուր կլիներ, եթե Երևանում չգտնվեին լուրջ երաժշտության գոնե այդ սակավաթիվ քանակի սիրահարներ: Եվ դա համաշխարհային բեմի սուպեր աստղի: Իսկ, ահա, օրինակ՝ Հ. Չեքիջյանի գեղարվեստական ղեկավարությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին՝ Կոմիտասի տարեդարձին նվիրված, այն երգչախմբի, որին կանգնած ծափահարում են մի շարք երկրներում, նույնիսկ դահլիճի կեսը չհավաքվեց: Ինչպես և բոլոր այլ դասական երաժշտության համերգներին: Իսկ դուք ի՞նչ եք ուզում: Եթե տարիներով մարդկանց գլուխը մտցնում են, որ դա հնություն է, որ դասականն արդեն ոչ ոքի պետք չէ, որ կարևոր է միայն ուժեղ կառավարումը, իսկ դրա հետ մեկտեղ նախաբեմում են հայտնվում համառ տղաներն ու աղջիկները, ովքեր «հեռուստացույցում» հայտնվելու, իսկ հետո կորպորատիվ հրավիրվելու, ավտոմեքենաների նոր ցուցասրահի բացմանը մասնակցելու, հարսանյաց մեծ հանդեսի համար պատրաստ են ամեն ինչի, բառի բուն իմաստով, ապա միանգամայն բնական է, որ արդյունքը հենց այդպիսին կլինի: Եվ մշակութային լուրջ գործիչների հանդեպ վերաբերմունքը այդպիսին կլինի:

Երբեմն դավադիր մտքեր են լինում, դե թող կորչի այդ երաժշտական մշակույթը, բարձր արվեստը: Դե, եթե մարդիկ չեն գնում ֆիլհարմոնիկ, ուրեմն պետք չէ: Ստիպելով չես սիրվի: Միգուցե, իսկապես, բոլոր այդ Մոցարտները Բեթհովենների հետ միասին հնացել են: Իսկ, եթե դա գործարկել դիջեյի մշակումով, տարբեր խոշորացույցներով, dub-step և deep house ոճերով, մարդիկ կսկսեն պարել, ուրախանալ մեքենայի մեջ՝ Սևանի ճանապարհին լսել և հաճույք ստանալ: Իսկ այսպես երկու ժամ ֆիլհարմոնիայում նստել բազկաթոռին և լսել տաղտկալի մի բան․․․ Կամ օպերա: Դե ի՞նչ են նրանք այնտեղ երգում: Բառերը չեն հասկացվում, դեկորացիաները կարտոնից են, հագուստները կարված են մնացուկներից և հին վարագույրներից: Դա ո՞վ կլսի: Ահա՛, տեսե՛ք, Զիմբաբվեում չկա ո՛չ օպերա, ո´չ Զիմբաբվեյի ազգային ֆիլհարմոնիայի նվագախումբ՝ և ոչինչ, մարդիկ իրենց համար ապրում են: Եվ չունեն խնդիրներ կապված այն բանի հետ, թե ում նշանակեն Օպերային թատրոնի նոր ղեկավար՝ Էդուարդ Թոփչյանին, ով ժամանակ առ ժամանակ բարձրաձայն հայտարարում էր այդ մասին: Իսկ նրա փոխարեն Սերգեյ Սմբատյանին, որի իմիջը բարձրացնելուն էին ուղղված  գրեթե ողջ պետական ռեսուրսները: Չկա թատրոն, չկա նվագախումբ, չկան նաև խնդիրներ: Երկաթե տրամաբանություն: Շինությունը վերածել աշխարհում ամենահզոր խաղատան՝ հարակից ռեստորանով, իսկ ողջ դուրս բերված գումարը ուղղել Ծաղկաձորում նոր բարձրաստիճան հյուրանոցների վրա՝ հերթական հույսով, որ այն՝ մեր սիրելին, վերջապես կվերածվի Կուրշավելի և այնտեղ միանգամից կնետվեն ողջ աշխարհի հարուստ տուրիստները: Իսկ ի՞նչ։ Տարբերակ է: Ե՛վ օպերային խնդիրներից կազատվենք, և՛ տուրիզմը կզարգացնենք: Էլ չեմ խոսում, որ այդ համառ և դիմակայուն երաժիշտների հետ խնդիրներ էլ չեն լինի: Միանգամից երկու նապաստակ կխփենք: 

Կհարցնեք՝ իսկ ի՞նչ անել երիտասարդ տաղանդների հետ, ովքեր ծնվում են մեզ մոտ անկախ քաղաքական և տնտեսական համակարգից: Տարրական բան է: Կա´մ սովորելու հնարավորություն չունենալու պատճառով հենց այստեղ էլ նեխել, կա´մ ավելի լավ՝ ուղարկել արտերկիր: Թո´ղ այնտեղ նրանց դրամաշնորհներ տան, թո´ղ նրանք այնտեղ սովորեն, անուն վաստակեն, դիրք՝ երաժշտական աշխարհում, իսկ մենք այստեղ կհպարտանանք նրանցով, հյուր կկանչենք, հարցազրույց կվերցնենք: Նրանց կգրանցենք ամեն տիպի «մեծ հայեր»-ի ցանկերում և հպարտանա՜լ-հպարտանա՜լ-հպարտանա՜լ: Հեռվից: Անվճար: Առանց որևէ ջանք գործադրելու:

Ո՛չ, դե ինչպես, կասեք դուք։ Մենք հնագույն մշակույթ ունեցող ազգ ենք, մենք առաջինն ենք աշխարհում, լավագույնն ենք, մենք ունենք Մաշտոց, Կոմիտաս, Գառնի և Գեղարդ: Նաև տոլմա և լավաշ: Մենք ոչ մի կերպ չենք կարող առանց օպերային թատրոնի: Ա՜խ, պե՞տք է: Դե, այդ դեպքում պետք է ջանք գործադրել, որպեսզի այն ոչ միայն լինի, այլ շարունակի լինել և զարգանալ: Իսկ դրա համար ներդրումներ են հարկավոր, դրա համար անհրաժեշտ է հենց այն նույն հռչակավոր մենեջմենթը՝ կառավարումը, պետք է կադրերի հավաքագրման ճիշտ քաղաքականություն: Չէ՞ որ արվեստում հենց մի մարդուց՝ առաջատար մասնագետից, շատ բան է կախված: Իհարկե, ընդհանուր մակարդակը նույնպես կարևոր է, բայց, եթե թեմայից գլուխ հանող մարդը արժանավոր է, ապա իր հետևից կարող է ցանկացած կոլեկիվ տանել: Իսկ ի՞նչ էր կատարվում մեզ մոտ օպերային թատրոնի, ֆիլհարմոնիկի և կամերային նվագախմբերի հետ: Հիշե´ք: Կար Վալերի Գերգիև: Փրկվեցին: Ունեինք Օհան Դուրյան՝ վտարեցին: Ամենադաժան տարիներին ինչ-որ բան արեց Լորիս Ճգնավորյանը՝ դուր չեկավ: Վերջիններից Կարեն Դուրգարյանը նույնպես հավանություն չստացավ վերևից և հիմա հոյակապ աշխատում է Նովոսիբիրսկում: Իսկ ու՞ր հասցրեցին Արամ Ղարաբեկյանին: Չեն կարող, չեն սիրում մեզ մոտ տաղանդավոր մարդկանց: Նախանձում են, երբ մեկը մի օգտակար, կարևոր, գեղեցիկ բան է անում: Միանգամից նախանձ, որը վերափոխվում է ատելության, սկսած գործը ամբողջ ուժով խլելու, իրենց ձեռքը վերցնելու ցանկության, իսկ հետո թքած, թե ինչ կլինի: Այս ի՞նչ մարդիկ ենք մենք:

Դե իսկ հիմա՝ ավելի կոնկրետ: Եթե մոտ ժամանակներում մշակույթի նախարարությունում կադրերի հարցը լուծված չլինի, ապա այն ուղղակի պետք է փակել: Միևնույնն է իր գործունեությունից ոչ ոք ոչ մի օգուտ չունի: Երաժիշտները, արվեստագետները, նկարիչները, կազմակերպիչները միայն խնդրում են.-«Չեք օգնում, գոնե մի´ խանգարեք»: Հետո: Թույլ տալ մշակութային և գործունյա մարդկանց հանգիստ, առանց ինչ-որ բանում մեղադրվելու վախի, աշխատել և ստեղծել մշակութային արտադրանք, արտերկրից հրավիրել տաղանդավոր հայրենակիցներին՝ ղեկավարող պաշտոնների՝ հաշվի չառնելով բյուրոկրատական խոճընդոտները, խրախուսել գիտությունն ու արվեստը հովանավորելը, օժանդակել մանկական երաժշտական դպրոցներին և քոլեջներին, դադարեցնել հեռուստաեթերներով ռաբիս երաժշտության ցուցադրումը: Օ՜, այո, իրականում գործեր շատ կան: Եվ ոչ ոք չի ասում, որ հեշտ կլինի: Բայց, եթե դա չանել, եթե շարունակել պայքարել երկրի լավագույն մարդկանց հետ, ապա օպերայինը ավելի լավ է արդեն հիմա փակել: Դրա հետ մեկտեղ նաև բոլոր մյուս թատրոննեը, թանգարանները և այլ՝ եկամուտ չբերող «օբյեկտները»: Ինչու՞ իզուր գումար վատնել:


Հեղինակ՝ Արմեն Մանուկյան (Armen Manukyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Թարգմանիչ՝ Սյուզաննա Ղազարյան (Syuzanna Ghazaryan).