Հրանտ Մաթևոսյանի «Տերը» վիպակը, հայ գրականության լավագույն նմուշներից լինելով, իր էությամբ միաժամանակ համահունչ է մեր կայքի հիմնական գաղափարներին: Հրապարակում ենք վիպակի ավարտական՝ 30-րդ հատվածը: Իհարկե, առանձին վերցված՝ հատվածը չի կարող լիարժեք պատկերացում տալ երկի մասին, սակայն, հուսանք, որ այս հրապարակումն առիթ կդառնա Մաթևոսյանի այս կարևոր ստեղծագործությունը վերընթերցելու:
30
Հետո, մասրենու բացատում արնոտ աղաքարն ու փորոտիքը տեսնելով, մենք խելագարվեցինք ու բղավեցինք, ինչպես որ անլեզու անասունն է արյան հոտից խելագարվում. չհասկացանք ինչպես արյունոտվեցինք, այդ արյունը կարծես մեր արյունն էր, կարծես մեզ էին խփել. ոչ թե մենք էինք մեզ վազեցնում, հոտոտել ու փնտրել տալիս, կառավարում, այլ՝ ցավը. արահետը մեր ոտքի տակից փախավ, ձորն ընկանք, տերեւածածկ ցեխի միջով առվակն ի վար գնում էինք ու չէինք հասկանում ցեխից ելնել. «Գտիր, շան ծնունդ, ասում էինք, որ շուն ես՝ շան նման հոտ քաշիր ու գտիր. բռնիր ու թաքուն խեղդիր ― իրենց նման, իրենց նման»։ Մի տեղ մեզ թվաց թե այն կածանի վրա ենք, որով մեր թշնամին է գալիս մեր ետեւից. ծառի ետեւն անցանք, մեր թիկունքը սեղմեցինք ծառի բնին եւ, համակ չարություն ու հրճվանք դարձած, սպասեցինք։ «Արի, մտածեցինք, առանց ծնողի դու ո՞նց մեծացար, թող երեխեքդ էլ մեծանան»։ Մեր ուշքն ու ականջը ետ էին՝ որտեղից հիմա մեր վստահ կարծիքով թշնամին էր գալու, բայց արահետը դատարկ էր, եւ մենք կանգնած էինք ու չէինք տեսնում՝ որ կանգնած ենք գետափնյա մենատան դեմ, անտառից մենատուն իջնող կածանի վրա, խորովածի բուրմունքի մեջ։ Կռահելու հետ՝ հոտ քաշեցինք, հուսահատվեցինք, ասացինք. «Բա իհարկե»։
Սիրտը հիվանդ, նիհարիկ, աչքերի տակը կապտած, տգեղիկ, սիրելի աղջնակի ու նրա հարյուր տարեկան տատի երազը նրանց հայրն ու զավակը՝ մեր թզուկ նախկին պետը, լիուլի կատարել էր. հիանալի մենատուն էր կանգնեցրել, ամբարտակ ու լճակ էր կապել ու ջրվեժը լռեցրել, լճակի վրա կամրջակի կամար էր կապել, այգում մի երկար սեղան էր գցել՝ Ծմակուտի ու Հովըտի մեր ժողովրդին շնորհակալության հաց էր տալիս։ Մեր ժողովուրդն էլ՝ ուրիշ ոչ մի անգամ այսպես քաղաքավար, կազմակերպված, լուրջ ու զուսպ չէր եղել-հավաքվել, մաքուր հագնվել, կազմակերպվել եկել էին։ Արկղերով խմիչք էին բերել, դյուժինով՝ ոչխար, իրենց հին գետափն էր, բայց այնպես էին քաշվում, կարծես կառավարության առջեւ էին կանգնած։ Մեր նախկին պետի պառավ մորը անտառի արքայական տեսարանի դեմ պատշգամբում բուխարու առջեւ դրված բազկաթոռից միացյալ տնտեսությունների ղեկավար կոչվածը համարեք գրկել հանել ու մենատան շուրջը պտույտի էր տարել, եղնիկի մեր մանկության զանգակը մեր քրոջ անտառապահ որդին հիվանդոտ-սիրելի աղջնակի համար կապում էր ոլործուն եղջյուրներով հպարտ խոյի վզին, իսկ մեր քույրը վերեւի դատարկ սրահներում մի երկու ուրիշ պառավի հետ բարձր, փափուկ ներքնակներ էր կապում. Մարոյի զույգ աղջիկը, բժշկի զույգ բուժքույրը եւ կաշվե բաճկոնավոր երեք տղա՝ ջահել, մարզված, քաղաքավար, հնազանդ ու սպառնալի երեք թիկնապահ տղա վիթխարու կառավարությամբ սպասք ու ուտելիք էին շարում երկար, սպիտակ սեղանին՝ որ ժամանակավորապես հավաքվել էր շինարարական իշոտնուկներից ու տախտակներից. շուտով, կերուխումից հետո, շինարարության այդ մնացորդները դուրս կտարվեին, դուրս կքշվեր նաեւ լուռ հպատակների այդ զանգվածը, եւ կմնային զուտ մենատունն ու գետափը-իսկը երեխայի, պառավի ու նրանց ցածրախոս-դանդաղախոս, հանդիսավոր-դանդաղաշարժ, իր կարեւորությունը հարգող եւ հարգանք պահանջող թզուկ տիրոջ երազ։ Խորովողները խորովում են, եփողները եփում, իսկ ինքը՝ մեր նախկին պետը, չի էլ թաքցնում, թե հրաշալի մենատունը հրաշալի տեղ է կանգնեցրել-լուռ ժպտում, կարճ ոտները լայն դնում եւ սեւեռվում է դեմի անտառին, եւ մյուսները պարտավոր են նրա հայացքի ուղղությունը իրենցից մաքրել. նայում ասում է.
― Է՜էէն կաղնին…
Եվ մյուսները նայում ու սպասում են՝ թե էն կաղնին այսինքն ի՞նչ։
― Հը՞, ասում է, եթե մի քիչ ներքեւ լիներ… ի՞նչ եք ասում։
Ի՞նչ ասեն. իրար են նայում եւ ամաչում՝ որ էն կաղնին մի քիչ ներքեւ չի։
― Բայց ոչինչ, հը՞, ներում է, թող մնա։ Եվ չեն հասկանում «թող մնան» ծառի՞ մասին է թե մենատան։
― Ռոստոմ, կանչում է, խազեին, հեգնում է։
Ռոստոմն այդտեղ չէ, բայց մյուսներն ու մանավանդ մեր քրոջ զավակը պարտավոր են հասկանալ, որ Ռոստոմը հիմա ներկա անտառապահն է։ Մեր քրոջ զավակը գալիս զուսպ, ժպտուն ու պատրաստակամ ներկայանում է։
― Քեզ ինչքա՞ն աշխատավարձ եմ տալիս, հարցնում է։
― Շատ, ընկեր Մանթաշյան, ասում է մեր քրոջ զավակը, եւ նրա խոսքը մեր Ծմակուտի ու Հովըտի ամբողջ ժողովրդի առաջին եւ թերեւս նաեւ վերջին խոսքն է այստեղ՝ իրենց հին ջաղացատեղը։
― Շատ՝ ինչքա՞ն, հարցնում է։
― Շնորհակալ եմ, ընկեր Մանթաշյան, ասում է մեր քրոջ զավակը։
― Ապրես, ասում է. այսինքն թե մեր ուզած պատասխանն ես տալիս։ Ութսուներեք ռ. քառասունինը կ.։ Բայց պիտի ե՛ս եկած լինեի էստեղ քո տեղը՝ ութսուներեք ռ. քառասունինը կ., եւ բռնցքում է մեր քրոջ զավակի վզին եւ ձեռքը չի հասնում, եւ մեր քրոջ զավակը պարտավոր է իր երկար հասակը «ուտել» ու հարմարեցնել նրա թզուկ ցածրությանը, քեզ տարած էնտեղ իմ տեղը։ Շան տղերք, բացատրում է մյուսներին, էս դրախտում եկել ապրում ու ձեն չեք հանում։
Նրա պառավ մայրը, մեր գյուղերի հլու ղեկավարին թեւանցուկ, պտտվում է որդու մենատան շուրջը, վատ տեսնող իր աչքերով տեսնում խնամքով ստեղծված նորանոր մանրամասներ եւ հիանում որդու ճարպկությամբ ու շնորհքով.
― Խելոք է, ասում է, լսողի վրա հեր, չլսողի վրա էլ դատավոր է իմ տղեն. Ձեզ հնազանդ պահեցեք՝ որ աչքի լույսը դառնաք։
Հերն էլ էր խելոք, բայց պապին՝ իմ հայրիկիս է քաշել։ Ձեռը երկարել իմ հայրիկն էստեղ պալատ էր շինել, ասում էր Ծմակուտ տուն ունենք, էս է ուրեմն Ծմակուտը։ Կանգ է առնում, սուր նայում ու բորբոքվում. Վառեցիք, ներելու բան չի՝ որ ասենք հա… Անպետք ժողովուրդ եք, վառեցիք հայրիկիս տունը։
Նրա տղայի սիրուհին՝ կես երգչուհի, կես բանաստեղծուհի, կես դերասանուհի գավառցի պչրուհին, իրեն բեմադրելու տեղ է գտել. ժողովրդից զատվել, կամրջի կամարին է, կարծում է ժողովուրդն իրեն նայում է, ժողովրդի առջեւ «մտածում», ժողովրդի առջեւ բանաստեղծություն է մտմտում. «Պտտվիր, պտտվիր, կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել»։ Ժողովրդի համար, այնինչ, այդտեղ մեկ երգիչ ու բանաստեղծ կա՝ մենատան տերը, որ հիմա գնացել ճաշի կաթսայի մոտ ժողովրդավարություն է անում ” կաթսայի կափարիչը բարձրացրել, մատները այրելով միս է հանում, մատները սրբում է վիթխարու կոնքով, եւ դա միաժամանակ կսմիթ է, եւ նրա վիթխարի զանգվածը նազելիորեն խրտնում է եւ նրա լեզուն նազելիորեն բողոքում է՝ «Էէ՜է, ընկեր Մանթաշյան», եւ բնիկները համարձակվում են ժպտալ, թուքները կուլ տալ եւ ապա հայացքները շրջել, եւ ինչքան գեղջկական է պետի այդ վարքը, նույնքան քաղաքավար է նրա մյուս արարքը ” մսի փոքրիկ կտորը մի փոքրիկ կտոր լավաշի մեջ խնամքով ու բարակիկ փաթաթում, մանրիկ կծելով մոտենում է ժողովրդին եւ կարծես նույնիսկ ներողություն է խնդրում այդպես մենակ ուտելու համար՝ «Սոված մեռանք», եւ կարծես տնավարությունից զատ ուրիշ ոչինչ չկա՝ երբ ձեռքի կլորիկը դեմ է անում առաջին պատահածի բերանին՝ «Կծիր. դե լավ, մի քիչ կհամբերես»։ Նրա ամենատես աչքից չի վրիպում նաեւ սիրուհու այդ ինքնաբեմադրումը՝ որ կամրջակն անցել, գետակի զառիթափ մյուս ափին, ուր մի ժամանակ մենք էինք ձիու վրա արձանացել, «մտասույզ» ետուառաջ է անում, «խոր մտքերից ուշքի է գալիս» եւ իր հեռվից հարցական նայում այս ափի ժողովրդին. «Գիտեք, չէ՞, ինչ է ուզում». ժողովուրդը գլուխը կախում եւ իբր թե ամոթխած ժպտում է. «Ժողովուրդ չեք՝ հրեշտակ եք, ասում է, շան տղերք, որիդ վարքը քննեցինք՝ հարեմի փաշա էիք»։ «Ժողովուրդ է ուզում, հավելում է անկեղծ տխրությամբ, բոլորս դերասան ենք՝ ժողովուրդ ենք ուզում։ Բայց դուք կարծեցիք աղջիկն ուրիշ բան է ուզում»։
Պառավն իր պտույտը ավարտելու վրա է։ Այդքան լույսի ու գեղեցկության դեմ կկոցվում, գլուխը պտտվում է։ «Քա վո՜ւյ, հարբեցի», ասում է։ Մեր տնտեսությունների ղեկավարը նրա մեջքը գրկում է՝ արժանանալով նրա զավակի ուրախ ծիծաղին. «Հլա էն անառակին տեսեք, մորս պաչեց։ Մա՜ա, կանչում է, տունն օրհնիր, չես օրհնո՞ւմ»։ Բժիշկն իրեն նետում է ծառայելու պառավին, բայց սրա զավակը բժշկի թեւից բռնում ասում է.
― Անհանգստանալու բան չկա, հարյուր տարեկան է։
Եվ այդ պահին Ալբերտը մեզ տեսավ, «Ռոստոմը, տախը» ասաց եւ իրեն ետ քաշեց ժողովրդի մեջ, եւ մեզ նրա այդ առաջինը նկատելն ու իրեն ժողովրդի մեջ թաքցնելը միակ նշանն են այն բանի, որ եղնիկի բացատում դարանածը նա ինքն էր։
Թեւի երկարության մի դագանակ չգիտենք ինչու, երբվանից ու որտեղից առած՝ մենք մուրացկանի թե գիշերային գողի զգուշությամբ մտանք ապարանքի սահմանները, անտառ խորքերը գնացող արահետի վրա բացվող մետաղե ճաղավոր, ներկած այդ դռնակը զգույշ խնամքով ծածկեցինք, շուռ եկանք կանգնեցինք ապարանքի դեմ։
Կանգնած մեզ նայող ժողովուրդ, պատշգամբում նախշազարդ բուխարու առջեւ բազկաթոռում նստած հին թիֆլիսեցի պառավ, խուզած կարգի բերած պառավ խնձորենիներ, հացի երկար, սպիտակ սեղան, անմեղ ոչխարներ ծառերի հնձած մաքրած արանքներում, վիթխարու փեշերը հոտոտող անմեղ մի խոյ, փոքրիկ շնիկի հետ խաղացող սիրուն հագնված մի աղջնակ, նկարչորեն հատիկ առ հատիկ շարված շամփուրներ, ծխի ու գոլորշու աբելաբար շիտակ սյուն ուղիղ դեպի աստված, կամրջակի մոտ մի ցնորված անթեւ հրեշտակ-իսկը հնօրյա դրախտ. վիթխարու մոտից խոյը խրտնեց ու զանգակը զնգացնելով գնաց դեպի ոչխարները։
Երբ կամրջակին ոտք էինք դնելու եւ չգիտեինք ինչու խեթեցինք այդտեղ ետուառաջ անող անթեւ հրեշտակին, կարծեց հանձին մեզ հայտնվել է դարձյալ մի երկրպագու, ասաց.
― Սխալվում եք։ Կարծում եք ծանոթ ենք, բայց ծանոթ չենք։ Դուք ինձ հեռուստացույցից եք հիշում։
― Մենք հեռուստացույց չենք միացնում, ասացինք։
― Որովհետեւ,- ասաց,- շատերն են բարեւում. էկրանից իրենք ինձ ճանաչում են, կարծում են ես էլ իրենց եմ ճանաչում։
Թշնամանքով խեթեցինք անցանք։ Շնիկը հաչոցով եկավ մեր դեմը կտրեց, ուղղակի չէր թողնում կամրջակից իջնենք, իսկ շնիկից դենը մեր դեմ խմբված ժողովուրդն էր՝ որ մենատան տիրոջը իրենից մի քայլ առաջ էր թողել եւ ինքը նրա թիկունքում պարսպի պես կանգնել։ Մինչեւ աղջնակի վրահասնելը կանգնել նրանք մեզ էին նայում եւ մենք նրանց. մենատան տերը մանրիկ ծամում ու մեզ զննում էր, եւ մեր գոյությունը՝ որ մնացյալ ամբողջ ժողովրդի մեջ ծանր ատելություն էր կուտակում, նրա աչքերը լցնում էր քամահրոտ ժպիտով, այսինքն մենք իր առջեւ արգելք չէինք։ Աղջնակը եկավ շանը գրկեց, մեզ նայել-չնայելով «լավ հոպար» հատկանշեց («Լավ հոպար է, Տուզիկ, ինչի՞ ես ճամփան փակում, լավ հոպար չի՞, լավ հոպար է. ձեզ վրա չի հաչում, քեռի, մահակի վրա է հաչում»), շունը տարավ, եւ հիմա իրար դեմ մենք եւ ժողովուրդն էինք։ Խորամա՜անկ, աչքը աչքի գցելով խաբո՜ող, նայեց ասաց մեր նախկին պետը.
― Երեխայի սիրտը տեսա՞ր ոնց ճանաչեց. ասում է լավ հորեղբայր ես, խազեին։
Չպատասխանեցինք։
― Քեզ նեղացրել ենք, նեղացած ես երեւում, խազեին, ասաց։ Բայց ի՞նչ իմանաս, քու օգուտի համար էսպես գուցե ավելի հարմար է։
Լռեցինք, նայեցինք, ասացինք.
― Անտառը մենք ոչ քեզանից ենք ստացել, ոչ էլ քեզ ենք հանձնում։ Դու ո՞վ ես՝ մի հեռու օտարական, մենք քեզանից ի՜նչ իրավունք ունենք նեղանանք։
Իրեն նրան պաշտպան էր կարգում եւ՛ մեր քրոջ նորընծա անտառապահ զավակը, եւ՛ տնտեսության ղեկավար կոչվածն էր ուզում պաշտպանիչ խոսքով մեջ ընկնել, նրանց «սսսս» սաստեց, ասաց.
― Լավ չի, խազեին, մեր հարեւանությունը լավ հիմքի վրա չենք դնում։
Չպատասխանեցինք։ Լուռ կանգնած էինք, իրենք մեզ էին նայում եւ մենք չտեսնելով իրենց։ Դրսի այդ ծանր լռությունը վերեւի դատարկ սրահներում պառավների հետ ներքնակներ կարող մեր քրոջ ուշադրությունը գրավեց ” գործի վրայից ելավ, «էս ի՞նչ եղավ» ասաց եւ գուլպաներով ու փափուկ՝ պատշգամբ ելավ։ Նրա զնգուն ձայնը մեր ծանր գլուխն ու կոպերը դանդաղորեն վերեւ՝ պատշգամբին դարձրին.
― Վույ ցավդ տանեմ, ցավը՜դ, ցավը՜դ, ախպեր ջան, եկել դու էլ ես հասե՞լ… Բա ասեցին հրաժարվել ես։
Նայեցինք, շատ ավելի մեր մեջ՝ ասացինք.
― Դու էլ ես էստեղ, քեզ էլ են բերել։
Նրա նորընծա անտառապահ զավակը ձեռքով նրան ետ՝ տուն մտնել հրամայեց, նա կարծես խելագար էր եւ գաղտնիքներ էր դուրս տալիս, այնինչ այդ կինը միամիտ ու բաց պարծեցավ իր արած գործով.
― Բրդեր եմ բերել, տղիս խազեինի համար դոշակնի եմ կապում – փափո՜ւկ, մաքո՜ւուր… Բարի վայելում, խազեին, միջին անուշ քնեք դու էլ, քու գերդաստանն էլ ու քու թանկ հյուրերն էլ։
Անտառապահ զավակը նրանից լուռ պահանջում էր ավելորդ չխոսել, ներս մտնել, նա այնինչ բացահայտեց նաեւ որդու այդ պահանջը.
― Վույ, ասում է խոսալ մի. էդ ի՞նչ եմ ասում՝ որ խոսամ ոչ. մեր պապի ջաղացն ու ծառերը խազեինդ ասում եմ բարով վայելի։
Կարճ մարդու հանդիսավոր ու դանդաղ քայլով «խազեինը» ընդառաջ եկավ՝ մեզ թեւանցուկ անելու, այո, թեւանցուկ անելու-մենք նրա պարզած ձեռքը պարապ թողնելով առաջ գնացինք, եւ մեր ծանր քայլի դեմից մի կողմ քաշվեց ինքը «խազեինն» էլ, պարսպի պես կանգնած ժողովուրդն էլ ճեղքվեց։ Բոլորը, բոլորը այդտեղ էին ” բժիշկն էլ, երկրախույզների օդաչուն էլ, հովըտեցի մեր եղբայրներն էլ, մեր քրոջ մյուս՝ վարորդ զավակը, նորընծա անտառապահի ետեւը թաքնվող Ալբերտը, գործակատարը, ակումբի վարիչը, փոստատարը, շինարարության արդեն հագած-կապած բանվորները՝ բոլորը, եւ բոլորն էլ եթե ոչ սիրելի՝ գոնե մեզ հասկանալի մարդիկ, բայց մենք ակամա դանդաղեցինք, մի վայրկյան գրեթե կանգ առանք մեզանից սերվածի առջեւով անցնելիս միայն, «Դու էլ ես, հա՞, էստեղ» ասացինք, անցանք, հայտնվեցինք պատշգամբում բազկաթոռի մեջ նստած չորուկ պառավի առջեւ. մեր արանքում նախշազարդ բազրիքն էր, բազրիքի վրայով պառավը ձեռնափայտը մեզ մեկնեց, ուղղակի մեր աչքը խոթեց, ասաց.
― Դու ո՞վ ես։
Ատելությունն ու անհարմարության զգացումը մեզ կաշկանդել էին, իսկ պառավի ցուպն ու հայացքը մեր դեմքից չէին կտրվում։ «Կենդանի միջանցքի» մյուս ծայրից նրա հաղթող զավակը՝ թիկունքում կամրջակի վրա սիրուհին՝ ձեռքերը գրպաններում, աչքերը փակեց ու չարաճճի երեխա ձեւանալով կանչեց.
― Մա՜ա… Հայրիկի ընկերոջ տղան է՝ Տիգրան Սարգսյանի – Սարգսյան Ռոստոմ, ծանոթացիր։
Պառավը լսեց, վերհիշեց ու պարզաբանեց.
― Նրա հերը քու հոր հետ ընկերություն չի արել, սխալ է ասում։ Բայց քու հերը քեզ անտառից է գտել, դու դեն-գցած ես եղել։ Մի իրիկուն մի գառը կառնես կգաս քու պատմությունն ինձանից կլսես։ Ոչխարի պանիր էլ կբերես, ավելացրեց։
Զանգակի զնգոց էր գալիս, շուռ եկանք տեսանք աստծու անմեղ խոյը եկել մեզ հոտոտում է։ Ցածր, մեզ զսպելով, բայց մեռնում էինք, մեր կոպերը վար բերինք, մեր ձեռքը պարզեցինք ասացինք.
― Բոժոժը տվեք՝ մենք էստեղից գնանք։
Եվ առաջացանք դեպի ժողովուրդը։ Կրկնեցինք.
― Զանգակի ձեն լսեցինք, զանգակն էստեղ է, տվեք՝ գնանք էստեղից։
Մեր կույր ընթացքի առաջ ժողովուրդը ետ-ետ էր անում, կանգ առանք, ասացինք. «Մեր օրորոցի վրա էդ բոժոժն է եղել, տվեք՝ գնանք»։ Հետո իսկապես խնդրեցինք. «Խնդրում ենք։ Ոչ մեկիդ չենք սպանի, մեր աչքն էլ չենք բացի տեսնենք որըդ էիք-զանգա՛կը»։
Ծանր լռություն էր, միայն խորովածի թշշոցն էր, թվում էր արդեն լաց ենք լինելու, Ալբերտն ու մեր քրոջ զավակը եկան դեպի խոյը, խոյը զնգզնգալով փախավ, եւ մենք խելագարի նման մռնչացինք ու կատաղեցինք. մեր ուսի հարվածը նորընծա անտառապահին խփեց որսագողին ու երկուսին էլ շպրտեց, վրա քշեցինք ժողովրդի զանգվածին՝ զանգվածը նահանջեց. միայն մեզանից սերվածի փախուստը փախուստի եւ վախը վախի նման չէր եւ ընդհակառակը՝ պաշտպանության ու նույնիսկ կռվի էր կանգնում. Մոլուցքի մեջ ասացինք՝ «տո դո՜ւ ինչ ես» եւ խփեցինք գցեցինք ու դեռ ավելացրինք՝ «Մուրադենց ճորտ… տես ու մարդկություն սովորիր, ես քու մերը». հետո խեղճ փոստատարը հայտնվեց մեր ճամփին, խփվելուց վախենում էր, բայց չխփեցինք, թեկուզեւ նա էլ իր բաժինն ստացավ-փոստի պայուսակին քացի տվինք ցիրուցան արինք, ասացինք՝ «Դուրս էստեղից, էս թշնամու տնից դուրս». կաշվե սեւ բաճկոնավոր տղերքը մեզ մի պահ շրջապատեցին, կանգնեցին սպառնալիքով, բայց հետո չկային, մեզ հասավ թզուկի ձայնը՝ «թողեք խփի հանգստանա, թողեք», ինքը թզուկը չէր երեւում, մեր գյուղի գործակատարն էր, ասաց՝ «հըմի էդ ի՞նչ ես դերասանություն անում», զզվեցինք շուռ եկանք՝ սղոցարանի մեր զույգ եղբայրն էին, նրանց արանքով խորովածի կրակին նետվեցինք, մեր սապոգի թաթը տակը տվինք քաշեցինք ու նետեցինք խորովածի ամբողջ սիրուն շարքը, «դե հիմի կերեք» ասացինք, գնացինք դեպի հացի երկար սեղանը, երեք բաճկոնավորը հայտնվեցին մեր առջեւ, ամեն վայրկյան կարող էին մեզ ծնկի բերել, բայց ժպտալով ու ծամոն կամ իրենց լեզուները ծամելով դեռեւս ետ-ետ էին անում եւ եկավ թզուկի մեծահոգի հրահանգը՝ «Թողեք տրորի հանգստանա, թողեք», մենք շուռ եկանք, շշերի արկղը մեր ոտքի տակ ընկավ, մենք լիքն արկղը շպրտեցինք դեպի արկղերի դարսված խորանարդը, ապա՝ կամրջակի վրա հրամանատարական իր բարձունքին թզուկն էր, թիկունքում՝ սիրուհու զարմացած կերպարանքը, մենք բառաչեցինք, նետվեցինք դեպի թզուկը, ասացինք՝ «Քու կապած ջրում քեզ հիմի թխսի պես կխեղդենք», ետեւից մեզ գրկեցին ու սեղմվեցին ու տզի պես կպել էին, մեր թափահարվելով չէին պոկվում, մենք մեր գլուխը ետ նետեցինք, մեր գլխի հարվածը իր գլխին՝ նրան պոկեց մեր մեջքից, ընկավ, առաջ անցանք, մեր քրոջ վարորդ զավակը իրեն իրավունք տվեց խաղաղեցնողի ու խրատատուի իր կերպարանքը տնկել մեր առջեւ, ասացինք՝ «Տերտերի քու կարիքը չենք զգում, ռադ եղիր ճամփիցս», ասաց՝ «Երեխային տվեցիր սպանեցիր», եւ խոսքը մեզանից սերվածի մասին էր, ում վրա բժիշկն արդեն ծնկել էր, բայց մենք ասացինք՝ «Սպանված պըտեր ու ծնված չպըտեր» եւ մեր քրոջ վարորդ զավակին մեր ճամփից նետեցինք, «Բոլորդ դավաճան ու թշնամի եք, բոլորդ, բոլորդ» ծղրտացինք, հետո դարձյալ կաշվե բաճկոնավոր տղերքն էին ու նրանց թիկունքում կամրջակին՝ հաղթական թզուկը… բայց այդտեղ եկավ մեր քրոջ սուր ծղրտոցը՝ «Էդ ո՜ւմ ախպորն եք էդպես որոշած սպանում, էդ որբ եք գտե՜ել» եւ հետո ինքը եկավ թեւերը փռած, հեւալով, խեղդվելով, ձայնն արդեն կորցրած՝ «էդ ո՜ւմ ախպորն եք սպանում, էդ ո՜ւմ պահածին եք սպանում», թեւերը փռած մտավ մեր ու բաճկոնավորների արանքը, «Էդ ի՜նչ օրի ես, ախպեր ջան, մեռնեի՝ էս վիճակում քեզ չտեսնեի, իմ փաշա ախպեր ջան, իմ զորավար ախպեր ջան», մեր գլուխն իր չորուկ կրծքին առավ, եւ հետո մենք երեխայի պես կծկվել, նրա գոգում ցնցվելով լաց էինք լինում, եւ ինքը, նստած, մեր գլուխը իր գոգն էր առել եւ իր նույն խոսքն էր մրմնջում՝ «Ո՜որբ ջան, զորքդ կորցրել մենակ ես մնացել, ցա՜վդ տանեմ, Սարգսանց Տիգրանի հիշատակ ջան»։
Հետո ժողովուրդը քարացած կանգնած էր, մենք ելել գնում էինք, մեր քույրը մեր ետեւից գալիս էր, երկրախույզների օդաչուն բերեց մեր գլխարկը մեզ տվեց, առանց նայելու վերցրինք մեր գլխին դրինք, մեր քույրը զատվեց ու արագ մենատուն վազեց, եւ մենք մեծ դարպասի վրա բացված նեղ դռնակից դուրս եկանք, եւ մեր ետեւից նայում էին բոլորը եւ իր կամրջակի վրայից՝ թզուկը. մտահոգված թզուկը ոտքից ոտքի փոխվեց եւ ռուսերեն տակ արեց՝ «տա՜ակ»։ Մեր քույրը մենատուն էր մտել շալն ուսերին առնելու, շալն ուսերին դուրս թռավ դեպի դարպասի դռնակը, եւ նորընծա անտառապահը իշխանաբար հրահանգեց.
― Ե՛տ դարձիր… Ետ դարձիր ասում ենք։ Գամփռ շուն ես մեծացրել՝ ասում ես ախպեր եմ մեծացրել։
Մեր քույրը նրա հրահանգն ու խոսքը բանի տեղ չդրեց, գնաց դուրս եկավ դարպասի դռնակից, հետո մեր ավիրած այգին ու ժողովուրդն էին եւ կամրջակի վրայից թզուկի վերին գնահատականը մեզ.
― Տա՜ակ… Իրա նման տասը տղա լիներ՝ Ղարսը հիմա մերն էր։
Մենատունը ետեւում թողնելով մենք դուրս եկանք ճանապարհ՝ կանգնած մեքենաների երկար շարանն էր-եւ՛ մարդատար, եւ՛ հիվանդանոցային, եւ՛ բեռնատար՝ որոնցից մի երկուսը գլխեգլուխ փայտ էին բարձած, շարանի ծայրից դենը ճանապարհի հեռուներում դպրոցական երեխաների խումբը վերադառնում էր Հովըտից։
Մի քանի օրինապահ էր՝ այսինքն երեւում էր որ սովորող են, մի երկու անկարգ՝ այսինք հենց էնպես էին գնում դասի, խմբից թաքուն երկուսը ծխում էին, պայուսակները մեջքներին կապած ու պայուսակը թաթիկով որպես բեռ քաշող մի երկու բոլորովին ճստիկ էր, Մարոյի աղջիկը, իր հասակի ուրիշ մի երկուսը, անճոռնին՝ հեծանիվը հրելով, որին դարձյալ մի երկու զարդ էր ավելացրել եւ իր գլխին էլ մոտոցիկլիստի կարմիր սաղավարտ էր դրել, առաջին-բարձր դասարանների մոտ քսան աշակերտ։ Ետեւից եկողները անճոռնու սաղավարտին մանր քարերով խփում էին, սա ուշք չէր դարձնում, որովհետեւ շատ ուժեղ տարված էր Մարոյի աղջկանով։ Ծնողների բացակայությամբ՝ մեծերը փոքրերի վրա ծնող էին, փոքրերը մեծերի առաջ՝ երեխաներ-նրանց հովանավորությունն ընդունում, նրանց վատ արարքը հայտնում էին (որ, օրինակ, քարով խփողը «Էս Կարենն էր», որ, օրինակ, «Էս Կարենը պապիրոս է քաշում». «Առողջապահության մինիստրությունը զգուշացնում է ձեզ, որ ծխելը խիստ վտանգավոր է ձեր առողջության համար» ծխելու մասին լսելիս ասում էր Մարոյի աղջկանով հիացած վերացա անճոռնին. իր կարճ, փոքր կարիքով թփի ետեւն անցած որեւէ փոքրիկի մեծերից մեկնումեկը անպայման սպասում էր, հետո էլ շտկում նրա փեշը)։
Մեր՝ մեծերիս՝ իրենց ծնողների, տատերի ու պապերի տնազն էին անում եւ նրանց համար ամեն ինչ ծիծաղելի էր՝ մեր սկզբունքն ու հոգսը, մեր հիվանդությունն ու ծերությունը, մեր վեհությունն ու նվաստությունը, եւ լավ շատ բան կար, բայց ամենալավն իրենք էին-պայծառաչվի, մաքուր, զնգուն։
― Բայց չէ՞ որ, մատաղ, Ծմակուտի տերը դեռ մեռած չի. մեր համեստության պատճառով մենք չենք կարող մատնացույց անել մեզ-դուք ինքներդ տեսեք ու ձեր սեփական խղճով մատնացույց արեք մեզ։ Էդ ուրեմն մենք էինք, կապիկների աչքից մեր ոճը չէր վրիպել։
― Հա՜ատ, նանը պրանենք, հանուն ապագա սերունդների՝ անտառն իմն է։ Էս էլ ուրեմն զրույցների մեր հերն էր՝ Տիգրան անտառապահը, ում դղրդուն բասը երեխայի կոկորդն ավիրեց, երեխայի կուրծքն ու կոկորդը կես վայրկյան չդիմացան, հազալ սկսեց, եւ նրա թիկունքը հազի դեմ ծեծեցին ու գուրգուրեցին մեր քրոջ տնազով.
― Վույ, ցավդ տանեմ, ցա՜վդ, ցավդ, ցավդ… Վո՜ւյ, մեռնի քու տատը, մեռնի-մեռնի-մեռնի…
― Հա՜-ատ, մեռած պտեինք ու մեր զավակներին թշնամու դռանը տեսած չպտեինք։ Դարձյալ մենք էինք՝ առավոտվա մի թիզ աղջնակի բերանով. պայուսակի տակ ճպուռի նման գնում էր ու չէինք հասկանում, որ նայում ու տեսնում էլ է։
― Որպես սկզբունքային՝ էս մի բաժակը քեզ հետ պըտի խմեմ։ Խմում եմ՝ լավ եմ անում. պլանս կատարել եմ՝ ազատ քաղաքացի եմ։ Էդ էլ ուրեմն հարբած հացթուխն էր։
Եվ սարերի թո՛ւրքն իր բաժինն առավ, եւ տնտեսությունների ղեկավար կոչվածի՛ն ոչնչացրին, եւ չխղճացին անգամ ծանրականջ պահակին ու ձին տարիներ առաջ կորցրած Օսեփանց հալիվորին։
― Այ Ռոստոմ փաշա. ախր լավ մարդ ես, է, շատ լավ մարդ ես՝ չոխ յախշի. ախր էդ ձին լավն ես, է, այ Ռոստոմ քիշի. ձին տաս քու դոստումին՝ լավ մարդ ես, չի տաս՝ փիս մարդ ես, գյադա։
Սա ուրեմն թուրքն էր։
― Չէ, էս մի բաժակը ես քեզ հետ պիտի խմեմ, դու ինձ դուր ես…
― Այտա, Ռռռռոստոմ ջ-ջ-ջան, էն հավն աչքովս չի ընկնում, գիդեմ ոչ աղվեսը կըլի տարած թ-թե Ս-սենոյի ը-ըրեխեքը։ Սա խանութի պահակն էր, սրան ուրիշները շարունակեցին.
― Հ-համ էլ ասեղը կ-կորցրել եմ, շ-շալվարս պատռել է, գիդեմ ոչ ոնց կ- կարկատեմ։
Դարձյալ շարունակեցին.
― Ասեղս գդա, ծ-ծակը գդնում չեմ, ծ-ծ-ծակը կորցրել եմ, Ռռռոստոմ ջ-ջ-ջան։
Չէին ծիծաղում, քանի որ յուրաքանչյուրն էր պատրաստ հավելելու իր տեսածն ու հնարածը։ Հետո «տնտեսության ղեկավարը» մի «ենթակայի» մի կողմ տարավ ու շատ ծանրումեծ պահանջեց.
― Կենտրոնից քու օգուտի վերաբերյալ կարեւոր հյուր ունեմ. քու գառը էգուց եթե իմ սեղանին լինի՝ քու օգուտը մեծ կլինի։ Հա, հետն էլ մի երկու գլուխ պանիր։ Հավ չունե՞ս, հավ, էս անտեր ստամոքսս…
― Հա՜ատ, նանը, երկիրս կողոպտեցիր, պատասխանեցին մեր կողմից։
― Համմե՞. ձիս սարերից տարան կերան, կերան Տիգրանի ժառանգնին։ Սա հին ժամանակներում ձին կորցրած, մեզ ու բոլորի վրա կասկածող հալեվորն էր։
― Հա՜ատ, նանը. թող արա հարցը պետական մասշտաբով վճռենք, քու ձին մեջ մի գցիր։ Սա, հասկանալի է, դարձյալ մենք էինք։
Հետո առաջարկ եղավ, ասացինք.
― Երեխեք, եկեք պիես ներկայացնենք։
Մտածեցին ասացին.
― Թույլ չեն տա, մեծերը չեն թողնի։
«Մեծերն» անձնավորվեցին դարձյալ մեզանով.
― Հա՜ատ, նանը։ Էս ավերակին Օֆելյադ էր պակաս։ «ՕֆԷլյա, մտիր գժանոց»։
Մարոյի աղջիկն այնինչ արդեն մենախոսում էր. «Լինե՞լ, չլինե՞լ-այս է խնդիրը…», եւ դա անճոռնուն սաստիկ դուր էր գալիս, սա էլ իր լրացումն էր բերում.
― Առողջապահության մինիստրությունը զգուշացնում է, որ ծխելը խիստ վտանգավոր է ձեր առողջության համար։
Եվ ապա ձայները լռեցին, բոլորը լրջացան, թշնամանքի ու կասկածանքի մեջ դանդաղեցին, համարյա թե կանգ առան. հասել էին մենատանը։
Մենատան այգում ժողովուրդը հացի էր նստած, լուռ ուտում էին, թզուկը՝ որ սեղանի գլխին էր, առաջինը նկատեց երեխաներին, ձեռքով «եկեք» ասաց, հետո սեղանակիցներին կարգադրեց.
― Երեխեքին կանչեցեք, երեխեքի համար սեղան գցեք։
Երեխաների խումբը թշնամանքով ու կասկածով նայում էր նրանց, կարծես թե կանգ էր առնելու, բայց քայլն արագացրեց, այնպես որ մետաղե բարձր ճաղերի արանքից Ալբերտի զույգ ձեռքով պարզված հացը («Արի վեր կալ, բաժանիր ընկերներիդ») արդեն ոչ թե երեխաներին էր պարզված, այլ նրանց ետեւից։
Լուռ եկան, եկան դեմ ընկան մեզ ու մեր քրոջը։ Մեզ ընկած ուր գտել՝ այդտեղ ճանապարհի մեջտեղն էլ մեր քույրը մեր գլուխը գոգն էր առել եւ, վառվող աչքերը չոր, մեր գլուխն ու թիկունքը շոյում ու մրմնջում էր մեր կյանքի լեգենդը.
― Անհեր-անմեր իմ ախպերը…
― Անտառից գտած, աստծու ծնունդ իմ ախպերը…
― Պախրեն կգա ծիծ կտա, քամին կգա կօրորի…
― Էս ոտավոր երկրում մի կենտ ձիավոր իմ Ռոստոմը…
― Իմ աղքատ հպարտ թագավոր ախպերը…
― Էս միլիոնանոց ծմակիցը մի կոպեկի օգուտ չպոկեց ու մաքուր մնաց գրպանը դատարկ իմ ախպերը։
― Իմ ազատ ախպերը։
― Վարչությունը էս ամբողջ երկրի տակից ձիանը հանեց-իմ Ռոստոմ փաշա ախպերը ձիավոր մնաց։
― Անմեր իմ ախպոր վրա ես մեր եմ եղել,
Իմ ախպոր վրա ես քուր եմ եղել։
Էս աշխարքի հարսնության ու աղջկության աչքն իմ ախպոր վրա էր, իմ ախպոր աչքը՝ իր չոր չբերի…
Բարձր բարոյական իմ ախպերը…
Օրինակելի իմ ախպերը…
Դասից-դպրոցից փախած, ինքը իրա դասատու ու էս ժողովրդի դասատու իմ ախպերը։
Պայծառ աչքերում կարեկցանք՝ խումբը լուռ մոտքայլ է անում, իսկ մեր քույրը շարունակում է
Մի օգնական չունեցավ իմ ախպերը,
Ժողովրդի թիկունք իմ ախպերը…
Հատված Հրանտ Մաթևոսյանի «Տերը» վիպակից (Երևան,1983)
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ