Սիրով օրվա խորհրդով հրապարակում ենք Ժակ Պրևերի (Jacques Prévert) «Այս սերը» (This Love) պոեմի հայերեն թարգմանության երկու տարբերակ՝ իրականացված «Ինլայթ»-ի թարգմանիչների բաժնի կողմից: Թարգմանություններն արվել են անգլերենից:

Այս սերն
Այնպես մոլի,
Այնպես փխրուն,
Այնպես քնքուշ,
Այնպես անհույս:
Այս սերը
Օրվա պես աննման
Եվ ընդունայն որպես եղանակը,
Երբ եղանակն է ընդունայն:
Այս սերն
Այնպես իրական,
Այս սերն
Այնպես աննման,
Այնպես երանելի,
Այնպես բերկրալի,
Եվ այնպես անմիտ,
Ցնցվելով վախից
Որպես երեխան մթնում,
Եվ այնպես աներկմիտ
Որպես անխռով մարդը գիշերվա անդորրում:
Այս սերը
Այլոց վախեցնող,
Զրախոս դարձնող
Նրանց այտերի գույնը խամրեցնող,
Այս սերը սպասված,
Քանի որ նրանց ինքներս ենք սպասել՝
Թակարդված, խոցված, տրորված, սպառված, ժխտված, մոռացված,
Քանի որ մենք ենք այն թակարդել, խոցել, տրորել, սպառել, ժխտել, մոռացել:
Այս սերն
Անբասիր,
Դեռ շնչավոր այնպես,
Շողշողուն.
Քոնն է,
Իմն է:
Այս սերը
Որ միշտ նոր է,
Եվ չի փոխվում բնավ,
Տնկի պես իրական,
Թռչնի պես թրթռող,
Ամռան պես տաք և կենսակիր:
Երկուսս էլ կարող ենք
Գնալ ու հետ գալ,
Կարող ենք մոռանալ
Եվ քնով անցնել,
Արթնանալ,
Մաշել առած տարիքը
Եվ կրկին քնով անցնել,
Երազել առ մահ,
Արթնանալ,
Ժպտալ և խնդալ,
Գարուն դառնալ կրկին:
Մեր սերը ուժում է
Ավանակի պես հաստակող,
Տենչանքի պես կենսակիր,
Հիշողության պես անգութ,
Ափսոսանքի պես անխոհեմ,
Հիշողության պես հուշիկ,
Մարմարի պես պաղ,
Օրվա պես չքնաղ,
Մանկան պես նրբին:
Այն մեզ է հայում,
Ժպտում,
Եվ մեզ հետ խոսում- անբարբառելի:
Եվ ես,
Ես այն լսում եմ
Դողդոջուն
Եվ ես թախանձում եմ,
Թախանձում եմ ի սեր քեզ և ինձ
Եվ քեզ եմ աղաչում
Ի սեր քեզ և ինձ
Եվ սիրող ամենքի համար,
Եվ սիրված ամենքի:
Այո,
Աղերսում եմ դա
Ի սեր քեզ և ինձ
Եվ մնացյալի համար-ինձ անծանոթ,
Մնա այնտեղ,
Այնտեղ, ուր որ ես,
Ուր գտնվում էիր նախկինում,
Մնա այնտեղ,
Մի՛ շարժվիր,
Մի՛ հեռացիր,
Մենք, որ սիրված ենք
Մոռացել ենք քեզ,
Մեզ մի մոռացիր.
Մեր ունեցածն այս հողում դու ես,
Թույլ մի տուր սառչել,
Ամեն օր դառնալ ավելի հեռուն,
Տեղն էական չէ,
Կյանքի նշան տուր,
Ծառուտի խուլ անկյունում,
Անտառում հիշողության,
Ի հայտ եկ անսպաս,
Բռնիր մեր ձեռքը
Մեզ ի փրկություն:
Թարգմանությունը՝  Հեղինե Ալեքսանյանի

Այս սերը
Այնպես ուժգին,
Այնպես փխրուն,
Այնպես նրբին
Ու այնպես անհույս։
Այս սերը
Չքնաղ` լույսի նման
Ու տարաբախտ` ինչպես եղանակը,
Երբ տարաբախտ է այն։
Այս սերը
Այնպես շոշափելի։
Այս սերը
Այնպես աննման,
Այնպես երանավետ,
Այնպես բերկրալի
Ու այնքա՜ն խենթ…
Վախից դողացող
Ինչպես երեխան մթնում,
Ու համարձակ
Ինչպես անխռով տղամարդը գիշերվա անդորրում։
Այս սերը,
Որ վախեցնում է նրանց,
Ստիպում` բամբասել
Ու խլում գույնը նրանց երեսից։
Այս սերը`
Փայփայված,
Որովհետև փայփայել ենք իրեն։
Մոլորված, վիրավոր, ոտնահար, կիսատված, մերժված ու մոռացված,
Որովհետև մոլորեցրել ենք, վիրավորել, ոտնահարել, կիսատ թողել, մերժել ու մոռացել։
Կենարար
Ու Պայծառ
Այս սերը
Քոնն է
Եվ իմն է։
Այս սերը
Միշտ նոր է,
Չի փոխվում երբեք։
Ծաղկի պես բնակերտ է,
Թռչնի պես` քնքշօրոր։
Կենսատու ու ջերմ` ինչպես ամառը։
Երկուսով կարող ենք
հեռանալ, վերադառնալ,
Մոռանալ,
Քնով անցնել,
Արթնանալ`
Ողբալու հին օրերը։
Նորից քնել`
Մահը տեսնելու
Ու արթնանալ,
Որ ժպտանք ու ծիծաղենք։
Բայց դեռ տոկում է
Մեր սերը ջահել։
Համառ է,
Կրակոտ` ինչպես կիրք,
Անողոք` ինչպես հիշողություն։
Անմիտ է ինչպես զղջումը,
Նրբին` ինչպես հիշողություն։
Սառը` ինչպես մարմար,
Չքնաղ` ինչպես լույս։
Ու փխրուն` ինչպես մանկիկ։
Ժպտալով
Հետևում է մեզ
Ու խոսում մեզ հետ
Առանց բառերի։
Լսում եմ` ինչպես է դողում,
Ու արտասվում եմ։
Արտասվում` քեզ համար,
Ինքս ինձ համար։
Աղերսում հանուն քեզ,
Հանուն ինձ,
Ու հանուն նրանց, ովքեր սիրում են,
Ու ում սիրում են։
Այո՛,
Արտասվում եմ հանուն այդ սիրո։
Հանուն քեզ,
Հանուն ինձ,
Հանուն բոլորի։
Չգիտեմ։
Մնա՛
Այնտեղ, որտեղ կաս։
Այնտեղ, որտեղ առաջ էիր։
Մնա՛։
Մի՛ քայլիր։
Մի՛ հեռացիր։
Մենք, որ սեր ունենք,
Մոռացել ենք քեզ։
Բայց դու հիշի՛ր մեզ։
Միայն քեզ ունենք այս հողագնդում։
Մի՛ թող, որ մրսենք
Ամեն օր ավելի ու ավելի։
Կարևոր չէ` որտեղ`
Անտառի թաքստոցում կամ
Հիշողության ծառուտում
Հայտնվի՛ր,
Կյանք տո՛ւր մեզ
Բռնի՛ր մեր ձեռքը
Եվ փրկի՛ր մեզ։
Թարգմանությունը՝ Մարինե Մարգարյանի

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն © Բոլոր իրավունքները պաշտպանված են: