1988-ի փետրվար

Բագրատ Ուլուբաբյան. 1988-ի փետրվար

Փետրվարի 20-ին, վերջապես, պետք է գումարվեր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական դեպուտատների մարզխորհրդի նստաշրջանը։

Բայց նստաշրջանն ինչպե՞ս պիտի գումարվեր։ Դա հնարավո՞ր պիտի լիներ կատարել մարզի երկու հակահայրենասեր ղեկավարների՝ կուսակցության մարզկոմի առաջին քարտուղար Բ․ Կեւորկովի եւ մարզխորհրդի նախագահ Վ․ Օսիպովի, գլուխների վրայով։

Նախապես իմանալով, որ խորհրդի արտահերթ նստաշրջան գումարելու համար պարտադիր է նրա դեպուտատների ո՛չ պակաս, քան երկու-երրորդի գրավոր համաձայնությունը, դեպուտատ-գրող Վարդան Հակոբյանը եւ գրողներ Գուրգեն Գաբրիելյանն ու Հրաչյա Բեգլարյանը․ «Կռունկ» կոմիտեի նախագահ Արկադի Մանուչարովի, եռանդուն կազմակերպիչներ Յուրի Ներսիսյանի, Յուրի Ջհանգիրյանի, Ռազմիկ Պետրոսյանի եւ շատ ուրիշների միջոցով, մեկ օրվա ընթացքում ապահովեցին դեպուտատների երկու-երրորդի համաձայնությունը եւ փետրվարի 19-ին, ներկայանալով մարզխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Շմավոն Պետրոսյանին, առաջարկեցին խորհորդի արտահերթ նստաշրջան հրավիրել։

Երբ Պետրոսյանը նրանց հիշեցրեց դեպուտատների երկու-երրորդի համաձայնության անհրաժեշտությունը, նրանք հանեցին համաձայնության գիրը՝ հաստատված 70 դեպուտատների ստորագրություններով։

― Սա օրինական չէ, ― ասաց Պետրոսյանը։ ― Յուրաքանչյուր դեպուտատ առանձին պիտի ներկայացնի իր համաձայնագիրը։

― Այդ էլ կանենք, ― խոստացան կազմակերպիչները եւ գործի անցան։

Գիշերն անքուն գործում էին նստաշրջանը կազմակերպողների սուրհանդակները եւ հաջորդ օրվա առավոտյան մարզգործկոմ ներկայացրին 90 դեպուտատների համաձայնության գրերը՝ լրացված առանձին-առանձին, բծախնդրորեն համապատասխան օրենքի պահանջներին։ Այս անգամ Պետրոսյանի առանձնասենյակ հրավիրվեց նաեւ մարզի ագրոարդի նախագահ Հենրիկ Պողոսյանը, եւ երկուսով գրողների հետ պայմանավորվեցին գումարելիք նստաշարջանի մանրամասների վերաբերյալ։ Կեսօրվա դեմ․ 20 դեպուտատների հետ միասին, գործկոմի նախագահ Վ․ Օսիպովի մոտ գնաց Վարդան Հակոբյանը։ Մինչեւ նրանք վիճում էին՝ նստաշրջան գումարե՞ն, թե՞ ոչ, Շմավոն Պետրոսյանը դրսում հայտարարեց, թե հենց այդ օր երեկոյան էլ պիտի նստաշրջանը գումարվի, եւ մարզգործկոմի աշխատակիցներին ու «Կռունկի» «թեւավորներին» հանձնարարեց ապահովել բոլոր դեպուտատների ներկայությունը։

― Ղշի թեւով էլ լինի, պիտի ներկայանան, որպեսզի ժամը 20-ին նստաշրջանն սկսենք։

Իսկապես, միայն ղշի թեւով կարող էին այդքան արագ Ստեփանակերտ հասնել մարզի հեռավոր գյուղերի դեպուտատները, որոնց ներկայությունը խափանելու համար ամեն տեսակ արգելքներ էին ստեղծել Բաքվի դրածոները՝ հենց այդ օրվա առավոտյան մարզկենտրոն հասած Քյամրան Բաղիրովի՝ Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղարի գլխավորությամբ։

Ասում են Ղարաբաղում ոտք դնելուն պես Բաղիրովը Կեւորկովի առանձնասենյակն է հրավիրել կուսակցության մարզկոմի բյուրոյի անդամներին․ հետները խորհրդի նստել․, որպեսզի հնար գտնեն նստաշրջանը խափանելու համար։ Երբ համոզվել է, որ դա անհնար է, կարգադրել է, որպեսզի մարզի ու հարեւան ադրբեջանական շրջանների ավտոտեսչությունների աշխատողները փակեն Ստեփանակերտ բերող ավտոճանապարհները եւ արգելեն դեպուտատների շարժումը։ Այն ժամանակ շարժման մեջ են դրվել լեռնաստանի բնակիչների հմտությունն ու տոկունությունը։ Կռունկականներն ու նրանց օգնականները դեպուտատների տները հասնելով՝ մոբիլիզացրել են շրջկենտրոնների ու կոլխոզների ամենաերթ (вездеход) մեքենաները, որոնք միայն իրենց վարորդներին ծանոթ լեռնային կածաններով ու անտառային անցուղիներով ժամանակին մարզկենտրոն են հասցրել դեպուտատներին։

Երեկոյան ժամը 8 անց կեսին մարզխորհրդի նիստերի դահլիճ հավաքված 112 դեպուտատների առաջ ելույթ ունենալով՝ մարզխորհրդի մանդատային հանձնաժողովի նախագահ կուսակցության մարզկոմի կազմակերպական բաժնի վարիչ Վլադիմիր Մայիլյանը հայտարարեց, թե նստաշրջանին ներկայացած բոլոր դեպուտատների հայտերն ի մի են բերվել, եւ, բոլոր հանգամանքները նկատի առնելով, իրենք, իրավասու են նստաշրջանն սկսելու։ Սակայն հենց այդ պահին էլ հեռախոսով հայտնեցին, թե նստաշրջանին մասնակցելու են գալիս վերեւից եկածները։ Ուրեմն պետք է սպասել նրանց։

Շուտով եկան, տեղ հասան վերին ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչները՝ ԽՄԿԿ Կենտկոմի պատասխանատու աշխատակից Վ․ Յաշինը, Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ք․ Բաղիրովը, Կեւորկովն ու մարզկոմի բյուրոյի անդամները։

Ժամը 21-ին նիստն սկսվեց, եւ առաջինը ելույթի խոսք վերցրեց Բաղիրովը։ Նա կես ժամ խոսեց ժողովուրդների բարեկամության, հատկապես հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների անխախտ եղբայրության մասին․ դատապարտեց բոլոր նրանց, ովքեր, մեր բազմադարդյան համակեցության սրբազան ավանդույթներն  արհամարհելով, Լեռնային Ղարաբաղի հայ աշխատավորության իրավունքներն են ոտնահարել, ինչ-ինչ բնագավառներում խանգարել մարզի սոցիալ-տնտեսական առաջընթացը։ Խոստացավ ամենակարճ ժամանակում վերացնել թույլ տրված բոլոր սխալները, կատարել մարզի ժողովրդական դեպուտատների ամեն տեսակ առաջարկությունները, ինչպես եւ բոլոր այն պահանջները, որ կներկայացվեն այս նստաշարջանում։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի տեղի հարցին, ապա մի՞թե դա էլ նոր պիտի լուծվի։ Չէ՞ որ արդեն յոթերորդ տասնամյակն է, ինչ մարզը գտնվում է եղբայրական Ադրբեջանի կազմում, եւ դրանից գոհ են երկու վարչական միավորների աշխատավորները, մտավորականները, ինչպես նաեւ հայ ժողովուրդը՝ ուր էլ որ այն լինի։ Ի՞նչ է պատահել, որ մի խումբ անհնազանդ ընկերներ աղմուկ են բարձրացրել, եւ դա էլ ստեղծում է անհաճո խլրտումներ։ Եւ, հետո էլ, մի՞թե ընկերները չեն հասկանում, որ այս ամբողջ անախորժությունը ոչ մի արդյունք էլ չի կարող տալ, մարզխորհրդի նստաշրջանը պարզապես իրավասու չէ նման հարց լուծելու․․․

Նույն ոգով խոսեց նաեւ Վ․ Յաշինը։ Սա եւս պնդում էր, թե մարզխորհուրդը չունի նման հարց լուծելու իրավասություն, եւ որ նստաշրջանի կազմակերպիչներն այս անբարենպաստ եղանակին իզուր են դեպուտատներին հավաքել եւ պիտի զուր տեղը կրքեր բորբոքեն։

Դեպուտատներից առաջինը ելույթ ունեցավ Միքայել Խաչատուրովը, որը հենց սկզբից եւեթ հակահարված տվեց երկու ղեկավարների ապակողմնորոշող հայտարարություններին, ինչպե՞ս թե մարզխորհրդի նստաշարջանն իրավունք չունի որոշելու մարզի աշխատավորության ճակատագրին վերաբերող ամենակարեւոր հարցը։ Այո՛, ամենակարեւոր, որովհետեւ, եթե այստեղ խոսվեց մարզի ու հանրապետության յոթ տասնամյակների համատեղ կյանքի մասին, ապա այդ յոթ տասնամյակներն ապացուցել են, որ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանն անհամատեղելի են։ Եւ դրա մեղքը հանրապետության ղեկավարների շլնքին է իջնում, որովհետեւ սրա՛նք են, որ տարիներ ու տասնամյակներ շարունակ մարզը պահել են գաղութի վիճակում։

Նույն ոգով խոսեցին նաեւ աշխատանքի ու կուսակցության վետերան Եղիշե Համբարձումյանը, բանվորուհի Տատյանա Սոբոլեւան, մարզի քաղաքացիական պաշտպանության պետ Բաբայանը։

Հարկավոր է հասկանալ մի կարեւոր հանգամանք, այստեղ նշված թերություններից ու բացթողումներից շատ-շատերը միանգամայն օբյեկտիվ պատճառ ունեն, նրանց համար նույնիսկ չի կարելի մեղադրել մարզի ղեկավարներին։ Օրինակ, մի՞թե պարզ չէ, որ մեր դպրոցի, լուսավորության, մշակութային զարգացման բնագավառների ճիշտ ու նպատակասլաց ղեկավարությունը հնարավոր է միայն եւ միայն բանիմաց, մեր ազգային ամեն տեսակ առանձնահատկությունները ճանաչող ու հասկացող մասնագետների միջոցով, որպիսիք չկան հանրապետության ղեկավար մարմիններում։ Կմիանանք Հայաստանի հետ, եւ այդ հարցերի լուծումը չի առաջացնի այն բարդությունները, որոնց մենք հիմա դեմ ենք առնում ամեն քայլափոխի։

Բաղիրովն այսպիսի խոսքերը հաճախ էր ընդհատում՝ խոստանալով հանրապետական մարմիններում այսուհետ պահել համապատասխան կադրեր հայ բնակչության ազգային-մշակութային հարցերի լուծման համար։ Մոսկվայի ներկայացուցիչը եւս քանիցս միջամտեց ելույթ ունեցողներին՝ պնդելով, թե մարդիկ լուծման ենթակա հարցերը, երկրորդական-երրորդական խնդիրները հաճախ ուռցնում են․ նրանց առկայությամբ էլ մթագնված է երեւում առաջընթացի հեռանկարը։

Այն ժամանակ ելույթի խոսք խնդրեց դեպուտատ, Գրողների միության մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար Վարդան Հակոբյանը։ Նա նստաշրջանին ներկա գտնվող հյուրերից ներողություն խնդրեց, որ պիտի խոսի հայերեն («թարգմանիչներ կգտնվեն եւ ձեզ կբացատրեն, թե ինչ եմ խոսում»), հետո էլ դիմեց դահլիճին․

― Ընկեր դեպուտատներ, ― ասաց նա, ― մեր նստաշրջանի կեսն անցել է, բայց դեռ մարդկանց այն է անհանգստացնում, թե մենք իրավունք ունեցե՞լ ենք հավաքվելու, թե իրավունք ունե՞նք խոսելու մեր ինքնավար մարզի ամենակենսական հարցի մասին եւ նրա առթիվ արտահայտելու մեր կամքը, ընդունելու մեր վճիռը։ Ես կարծում եմ՝ այստեղ ոչ մի հարց չկա։ Ժողովրդական դեպուտատների մարզխորհուրդն օրենքի բոլոր կետերը հարգելով՝ հավաքվել է իր արտահերթ նստաշրջանին, քննարկում է մարզի հայությանը, այսինքն մեզ՝ իր բարձրագույն լիազորություններով օժտված ժողովրդին այսօր ամենից շատ անհանգստացնող հարցը։ Մենք վաղուց համոզված ենք, որ մարզի հայության համար այլեւս անհնար է ապրել՝ մայր ժողովրդից կտրված, նրա հոգեւոր զարգացման բուռն թափից բաժան, նրա մշակութային վերելքի շատ երեւույթներին անտեղյակ։ Մի՞թե այս աշխարհում կա մտածելու կարողություն ունեցող մի մարդ, որը կարծում է, թե վտանգավոր է, երբ մեր հայկական ինքնավար մարզը վճռում է այսուհետ ապրել իր հարեւանության մեջ գտնվող նույնազգի միութենական այն կազմավորման հետ, որը կոչվում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Պետք է դատապարտվեր հակառակը, երբ նույն երկրում, նույն դրոշի ներքո մի փոքր ազգ ապրում է երկփեղկված, երկու վարչաքաղաքական կազմավորումների մեջ։ Իսկ դրանց միավորումը, որ մեր ամբողջ ազգի յոթանասունամյա բաղձանքն է եղել, պետք է միայն բարեկամաբար ընդունվի մեր հարեւանների կողմից եւ արժանանա գոհունակությանն այն կազմակերպությունների, որոնք շահագրգռված են մեր պետական ապարատի էժանացմամբ։ Չէ՞ որ մարզը Հայկական ԽՍՀ-ին միացվելով անմիջապես կվերացվի մարզային այն վարչական միավորը, որը վիթխարի գումարներ է կլանում․․․

Եւ այպե՛ս, մենք հավաքվել ենք մեզ համար ամենակենսական մի հարց քննելու եւ լուծելու։ Կարծում եմ՝ նստաշրջանի իրավասությունն իրենից ոչ մի հարց էլ չի ներկայացնում։ Իսկ նրանք, ովքեր այնքան էլ համոզված չեն, թե մարզխորհրդի նստաշրջանն իրավասու է այս հարցը քննելու, կարող են մասնակցել կամ չմասնակցել մեր նիստին։

Տեսնելով, որ պաշտոնական ու «բարոյական» ճնշումը ոչ մի ազդեցություն չի գործում անուղղելի դեպուտատների վրա, Բաղիրովն առաջարկեց ընդմիջում անել։ Հյուրերն անցան Օսիպովի առանձնասենյակը։

Ասում են՝ այստեղ նրանք անմիջապես զանգել են ԽՄԿԿ Կենտկոմ, այնտեղ կապվել իրենց առաքելությանը հետեւող ղեկավար մեծերի հետ, պատմել իրադրության մասին, ապա խնդրել, որ անմիջապես էլ Քաղբյուրոյի կամ գոնե քարտուղարության որոշում ընդունվի։ Նշել են նույնիսկ ընդունելիք որոշման ամենաէական կետը՝ որ ներկա պայմաններում տարածքային հարցեր լուծելն անհնարին է, իսկ տվյալ դեպքում նման քայլը կհակասի երկու ժողովուրդների՝ հայերի ու ադրբեջանցիների շահերին։ Ասել են նաեւ, որ, իբր, մարզխորհրդի դեպուտատները պատրաստ են հրաժարվել իրենց պահանջից ու որեւէ որոշում ընդունելուց, եթե իմանան, որ ԽՄԿԿ Կենտկոմն այդպիսի քայլը համարում է ոչ նպատակահարմար։

Բաղիրովն ու մյուսները ժամանակ գտան առանձնանալու եւ իրենց հետագա անելիքը որոշելու համար։ Ըստ երեւույթին նրանք մտածում էին, թե բավական է ԽՄԿԿ Կենտկոմի բացասական վերաբերմունքը հաղորդել, որպեսզի նստաշրջանի հավաքված դեպուտատներն անմիջապես ցրվեն։ Այդ պատճառով վերսկսված նիստում առաջինը ելույթ ունենալով՝ Բաղիրովը շուրջ տաս րոպե խոսեց իր հեռախոսազրույցի, ԽՄԿԿ Կենտկոմի մերժողական վերաբերմունքի մասին, նորից խոստացավ մարզի ծաղկման ու բարգավաճման համար իրականացնել չեղած-չտեսնված միջոցառումներ, միայն թե մարզխորհուրդը հրաժարվի իր անհավասարակշիռ ու անտրամաբանական քայլից․․․

Դահլիճն աղմկում էր՝ պահանջելով, որ թույլ տրվի անցկացնել նստաշրջանը։ Տեղից վեր կենալով դահլիճին դիմեց Վարդան Հակոբյանը․

― Ընկեր դեպուտատներ, առաջարկում եմ շարունակել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական դեպուտատների մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը, որը մենք կվարենք պահանջված կարգուկանոնով։

Դահլիճը համաձայնության բացականչություններ էր անում։

Բաղիրովն ուսերը թոթվեց ջղային․

― Դե՛, ինչպես կուզե՜ք․․․

Այսինքն՝ ցավը ձեր գլխներին։ Եւ արհամարհանքով հեռացավ դահլիճից, նրա ետեւից էլ հեռացան ԽՄԿԿ Կենկտոմի ներկայացուցիչները, Կեւորկովը, Օսիպովը․․․

Նստաշրջանն իր աշխատանքը վերսկսեց ժամը 22։30-ին։ 

Մանդատային հանձնաժողովի զեկուցումից հետո նստաշրջանի նախագահ ընտրեցին Վիգեն Հայրապետյանին, որին իրենց խորհուրդներով ու փորձառու միջամտություններով օգնում էին մարզգործկոմի նախագահի տեղակալ Շմավոն Պետրոսյանն ու ագրոարդի նախագահ Հենրիկ Պողոսյանը։

Քննարկման դրված միակ հարցի՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու եւ Հայկական ԽՍՀ-ին վերամիացնելու համար Ադրբեջանական ու Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին դիմելու առթիվ զեկուցում կարդաց Վարդան Հակոբյանը։

Նստաշրջանում ելույթ ունեցան 44 դեպուտատներ։ Նրանցից յուրաքանչյուրը զեկուցողի կարճ ու բովանդակալից հաղորդումին ավելացնում էր նոր փաստեր, սեփական դիտարկումներ․․․

Նստաշրջանն ավարտելուց հետո էլ դեպուտատները չէին հեռանում մարզխորհրդի գործկոմի շենքից։ Պահանջում էին կարգավորել արձանագրությունը, նստաշրջանի ամբողջ գրագրությունը, մանավանդ՝ հղկել-վերջնական տեսքի բերել որոշումը եւ այն ներկայացնել մարզային թերթերին, որպեսզի նրանք հաջորդ օրվա համարներում անպայման հրապարակեն։

Այս արարողություններն ավարտվեցին փետրվարի 21-ին ժամը 4-ին, եւ խմբագրական հանձնաժողովը, վերջնական տեսքի բերելով, դեպուտատներին ներկայացրեց հետեւյալ որոշումը․

«Ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ-ի XX գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանի որոշումը ԼՂԻՄ-ն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու մասին Գերագույն խորհուրդների առջեւ միջնորդելու մասին․

Լսելով ու քննարկելով ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի դեպուտատների ելույթները ԼՂԻՄ-ն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայակական ԽՍՀ կազմ հանձնելու համար Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջեւ միջնորդելու մասին, ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի XX գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում է․

Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ խորին ըմբռնման զգացում դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի նկատմամբ եւ լուծել ԼՂԻՄ-ն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել Գերագույն խորհրդի առջեւ՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցի դրական լուծման համար»։

Մնում էր թերթերում («Խորհրդային Ղարաբաղ», «Советский Карабах») հրապարակել որոշումը։ Դրա համար էլ նախապես զգուշացված էին միացյալ խմբագրության ու տպարանի աշխատողները։

Մարզխորհրդի դեպուտատներն առավոտյան հոգնած ու թմրած, աչքներն անքնությունից կարմրած, ցուցարարների համար ուրախ-ուրախ կարդում էին նստաշրջանի որոշումը, թերթերի համարները տնից տուն էին ուղարկում։ Հրապարակում դադար չառած հանրահավաքի հռետորներն իրար հերթ չտալով խոսում էին Որոշման պատմական դերի մասին, նրա վճռական նշանակությունն էին բացատրում՝ սահմանադրությունից անտեղյակ ամբոխին․․․


Հատված Բագրատ Ուլուբաբյանի «Արցախյան գոյապայքարի տարեգրություն»-ից (Երևան, 1997)


Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ