Համբարձում Գալստյան. Անլուրջ մարդու հուշեր | Մաս 1
...1987 թ. ամռանից սկսած Հայկական ԽՍՀ ներքին կյանքը խիստ անհանգիստ էր, ու Երևանի քլորոպրենախառն օդից մոտալուտ խոշոր փոփոխությունների հոտ էր գալիս: …
…Վերակառուցման զեփյուռը Հայաստան մի սերմ էլ էր բերել, որը կամաց-կամաց ճախրելով հյուսիսից՝ արևելյան ճանապարհով եկավ, ընկավ Ղարաբաղի հողին, այնտեղից էլ կամաց-կամաց Երևան տեղափոխվեց: Սկզբում, ըստ յոթանասուն տարի ընդունված և սրբությամբ պահպանվող ավանդույթի՝ շշուկների ձևով, իսկ հետո արդեն հետզհետե ավելի ուժեղ ու վստահ: Շշուկների և խոսակցությունների հիմնական իմաստն այն էր, որ այնտեղ, Մոսկվայում ինչ-որ մարդիկ ինչ-որ բանակցություններ են վարում, որոնցից կարելի է ենթադրել, որ Կարմիր Մայրաքաղաքի մարդիկ այնքան էլ դեմ չեն, որ բազմաչարչար Հայաստանի առևանգված զավակը՝ Արցախը, Հայաստանին միանա: Քիչ մարդիկ կային կամ ընդհանրապես չկային այդպիսիք, որոնք փորձում էին սթափ կերպով մտածել, թե ում է դա պետք և ինչի համար: Եվ եթե երբեմն-երբեմն հանդիպում էին սկեպտիկներ, ապա զրուցակիցները ճնշող մեծամասնությամբ շատ արագ և հիմնավոր կերպով սաստում և ջախջախում էին անհավատներին. ինչպե՜ս կարելի է կասկածել, չէ՞ որ այդ ահավոր անարդարությունը մի օր պիտի վերջ ունենա: Եվ այս փաստարկի առաջ հանձնվում էին ամենահամառներն ու անհավատներն անգամ:
Այս երանելի օրերին ես մեր քաղաքի բազմաթիվ գիտահետազոտական անկելանոցներից մեկում էի աշխատում, ուր ինքս էլ չգիտեի, թե ինչի համար ինձ ավագ գիտաշխատողի համեստ, բայց պարտավորեցնող կոչումին համապատասխան աշխատավարձ էին տալիս: Օրվա մեծ մասն անցկացնում էի գիտական գրադարաններում: Հիմնականում ծանոթանում էի Վրաստանի և Ադրբեջանի հայ բնակչությանը նվիրված գրականությանը: Ժամանակ առ ժամանակ այս կամ այն գիտական կամ համարյա գիտական ամսագրերից մեկում այս հարցերի վերաբերյալ մի հոդված էի տպում ու ինքս ինձանից գոհ ապրում: Երեկոները, համարյա ամեն օր լինում էի արևելագիտության ինստիտուտում, համակուրսեցիներիս ու ընկերներիս՝ Ալեքսան Հակոբյանի ու Մերուժան Կարապետյանի հետ միասին մի քիչ աշխատում էինք, շատ վիճում, իսկ երբեմն էլ նաև համատեղ որևէ բան գրում: Այս կամ այն կերպ երեքս էլ որոշակի առնչություն ունեցել էինք Ղարաբաղի գիտական պրոբլեմներին: Ալեքսանը Աղվանքի վաղ շրջանի պատմության մասնագետ էր, և հենց 1987 թ. լույս էր տեսել նրա «Ալբանիա-Աղվանքը հունա-լատինական և հին հայկական աղբյուրներում» աշխատանքը, որն, իմ խորին համոզմամբ, Ադոնցի «Հուստինիանոսից» հետո հայագիտության լավագույն աշխատանքներից մեկն է: Ինչ վերաբերում է Մերուժանին, ապա նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը Արևելյան Հայաստանի էթնիկական կազմն էր ուշ միջնադարում, և կարծում եմ՝ Երևանում քչերը կլինեն, ովքեր այդքան լավ գիտենան այդ շրջանի աղբյուրներն ու արխիվային նյութերը: Համենայնդեպս, մեզ համար Ղարաբաղը ոչ միայն ազգային, այլ նաև մասնագիտական պրոբլեմ էր, և բնական է, որ «արևելագիտական երեկոների» մեծ մասը 87 թ. վերջերին անցնում էր Ղարաբաղի անցյալի ու ապագայի մասին խոսակցություններով ու բանավեճերով: Մանավանդ, որ այդ ժամանակ Բաքվում լույս էր տեսել Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի աշխատակից Ֆարիդա Մամեդովայի նոր աշխատանքը՝ «Կովկասյան Աղվանքի քաղաքական պատմությունը և պատմական աշխարհագրությունը»: Բացառիկ լպիրշ ու լկտի աշխատանք էր, և այս առումով առանձնանում էր անգամ շատ բան տեսած ու ստի վրա վաղուց արդեն չզարմացող, ստի վրա հիմնված ադրբեջանական պատմագրության հենքին: Ասենք՝ տարօրինակ որևէ բան չկար. Մամեդովան աշխատում էր Իգրար Ալիևի ինստիտուտում, և նրա գրքի խմբագիրն էլ Զիյա Բունիաթովն էր:
Ասեմ, որ Բունիաթովի հետ մի անգամ երջանկություն էինք ունեցել անձամբ երեքս էլ ծանոթանալ: Եթե չեմ սխալվում, 1981 թվականն էր, երեքս էլ ասպիրանտ էինք, և Ալեքսանը հրավիրվել էր Զվենիգորոդ՝ «Բարթոլդյան ընթերցումներ» անվանվող ամենամյա արևելագիտական սիմպոզիումին: Ադրբեջանից ու Վրաստանից 8-10 մարդ կար, Հայաստանից միայն Ալեքսանն էր (ասենք՝ Ալեքսանն էլ Լենինգրադն էր ներկայացնում): Հիմա բավական դժվար է ներկայացնել այդ օրվա կատարվածը և, եթե կարողանամ էլ ներկայացնել, ապա դժվար է այդ բոլորը պատկերացնել նրանց, ովքեր չեն ճանաչում Ալեքսանին: Համենայնդեպս, բոլոր հավաքվածներս գնացինք ու լավ խմեցինք մեր կուրսի առաջին գիտական հաջողության կենացը: Կասեմ միայն այն, որ սիմպոզիումի վերջում Բունիաթովի նման հաստակաշի արարածը սիրտը բռնեց ու դուրս գնաց:
Շեղվեցի:
Ֆարիդա Մամեդովայի գրքին ծանոթանալուց ու գրախոսելուց հետո իմացանք, որ հեղինակը որոշել է պատմական իր մեծարժեք երկը ներկայացնել և պաշտպանել որպես դոկտորական թեզ: Բնական է, մենք չէինք կարող անտարբեր անցնել այդ նորության կողքով և որոշեցինք մեր մասնակցությունը ևս բերել այդ շնորհակալ գործին: Մի փոքրիկ դիկտոֆոն ճարեցինք ու որոշեցինք, որ ես պիտի գնամ ու մասնակցեմ պաշտպանությանը: Զանգեցի ասպիրանտական տարիների ընկերոջս՝ Էլդար Ալեքպերովին և զգուշացրի, որ պատրաստվում եմ Բաքու գալ: Ամեն ինչ պատրաստ էր, բայց մեկնելու նախորդ օրը, չգիտես ինչու, ամենամյա թոքաբորբս սկսվեց, ու անկողին ընկա: Տղաներով որոշեցինք Արայիկ Սահակյանին խնդրել, որ գնա (մեր զուգահեռ կուրսից էր, փիլիսոփայության ֆակուլտետից ու մեր ամենալավ ու ամենավատ օրերի սրտակից ընկերը): Արայիկն, ինչ խոսք, անմիջապես համաձայնեց ու հաջորդ օրն անմիջապես մեկնեց: Պաշտպանությունը փակ էր եղել (մենք էլ չհասկացանք, թե ինչու), ու միայն ակադեմիայի աշխատակից ընկերոջս՝ Էլդարի օգնությամբ էր Արայիկը կարողացել դահլիճ թափանցել: Երկու օր անց Արայիկը վերադարձավ, ու մի քանի օր հինգ-վեց հոգով վերծանում էինք ելույթները (Արայիկը դահլիճի վերջին մասում էր նստել, ու շատ վատ էր ձայնագրվել): Բացառիկ ելույթներ էին. Իգրար Ալիև, Զիյա Բունիաթով ու ադրբեջանական պատմագիտության առաջին մեծության այլ աստղեր: Ի՜նչ խոսքեր ու արտահայտություններ. է՜լ դաշնակցական գաղափարախոսություն, է՜լ նացիոնալիստական զառանցանք, է՜լ «Վելիկայա Արմենիա» ու ծովից-ծով Հայաստան, է՜լ նահանջ մարքս-լենինյան ինտերնացիոնալիզմից, է՜լ քարանձավային ազգայնամոլության մեջ ինքնամոռաց մխրճում, ու այդ բոլորը մեր խեղճ ու կրակ, աշխարհից, Աստծուց ու իրենք իրենցից վախեցած պատմաբանների մասին: Ու բարձրագույն ձոներ օրվա հերոսին՝ Ֆարիդա խանումին:
Ու որոշեցինք լրջորեն զբաղվել դոկտորական թեզով: Պրոֆեսորների ու ականավոր ակադեմիկոսների ստորագրությամբ երկու-երեք նամակ, պաշտպանության ժամանակ հնչած ելույթների սղագրությունը պատրաստեցինք ու ուղարկեցինք Մոսկվա՝ Բարձրագույն ատեստացիոն հանձնաժողով: Անգամ Մոսկվա՝ ասպիրանտական տարիների ընկերոջս մոտ գնացինք, որն այդ ատեստացիոն հանձնաժողովում ինչ-որ պատասխանատու պաշտոն էր զբաղեցնում: Երեք-չորս ամիս անցավ, մինչև ցնծությամբ իմացանք, որ Ֆարիդա խանումի փայլուն թեզը Ադրբեջանի, ասել է, թե՝ Կովկասյան Աղվանքի փառապանծ պատմության հնագույն շրջանի վերաբերյալ փայլուն կերպով մերժվել է: Ձայնագրության ժապավենը բավական երկար ժամանակ մոտներս էինք պահում, հետո չգիտեմ ինչ ձևով այն ընկել էր համալսարանի փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ Գևորգ Խռլոպյանի ձեռքը, և դրանից հետո արդեն ամենևին չզարմացանք, երբ Արայիկին ՊԱԿ կանչեցին ու մի քանի օր անընդհատ հարցաքննում էին Բաքվի հերոսական պաշտպանության մասին (1918 թ. պաշտպանությունը չէ՝ այլ 1987 թվականինը):
Ասեմ, որ 1987 թ. արդեն երկու անգամ հնարավորություն էինք ունեցել ՊԱԿ-ի հետ բավական մոտիկից ծանոթանալու: Առաջին անգամ ծանոթացել էինք՝ կապված Ալեքսանդր Զինովևի երկու գրքի բազմացման հետ: Ինչ-ինչ ճանապարհով ՊԱԿ-ում իմացել էին այդ մասին, ու մի գեղեցիկ օր Մանուչարյան Աշոտին իրենց մոտ հրավիրեցին ու ամբողջ օրը պահեցին: Նույնը հաջորդ երկու օրը ևս, ու վերջապես զգուշացնելով, որ հաջորդ անգամ նման բան իմանալիս արդեն ավելի լուրջ միջոցներ ձեռք կառնեն, բաց էին թողել: Փորձեցինք պարզել, թե որտեղից էին իմացել, բայց որևէ նոր բան իմանալ չկարողացանք, բացի այն, որ մահու չափ վախեցրինք պատճենահանող մեքենայի վրա աշխատող երիտասարդին: Մեղքս ինչ թաքցնեմ, ես էլ այնքան էի վախեցել, որ մի գիշերվա մեջ վառեցի ձեռքիս տակ ու ընկերներիս մոտ եղած բոլոր երեսուն օրինակները:
Մյուս առիթը, շնորհիվ որի նույն տարվա ընթացքում երջանիկ հնարավորություն ստացանք նորից ՊԱԿ-ի հետ գործ ունենալու, կապված էր մի հազվագյուտ տականքի հետ: Տարվա ընթացքում երկու-երեք անգամ Երևանից ու Բաքվից ԽՍՀՄ ՊԱԿ նամակներ էին հասել այն մասին, որ Երևանում գոյություն ունի ՙայսպես կոչված՚ հայագետ-գիտնականների խումբ, որը ժողովուրդների և, մասնավորապես, հայ ու ադրբեջանական ժողովուրդների բարեկամության դեմ պայքարից ազատ ժամանակ զբաղվում էր քաղաքական տեռորով և առաջիկայում մտադրություն ունի պայթեցնելու մետրոյի մի շարք կայարաններ Բաքվում, Թբիլիսիում և Մոսկվայում: Տեռորիստների ցուցակում տասից ավելի գիտնականներ էին՝ արվեստագետներ, հնագետներ, ազգագրագետներ, աղբյուրագետներ, ընդ որում, հիմնականում նրանք, ովքեր այս կամ այն առումով անդրադարձել էին Անդրկովկասի ժողովուրդների քաղաքական կամ մշակութային պատմության առավել կնճռոտ հարցերին: Ինչ խոսք, Ալեքսանի անունն այս ցուցակում առաջիններից մեկն էր: ՊԱԿ-ը մի քանի տարի զբաղվել էր այս հարցով, երկու ամիս ունկնդրել էր ՙտեռորիստների՚ տնային ու աշխատանքային բոլոր հեռախոսազրույցները, և երբ վերջնականապես պարզել էին, որ ազգայնամոլ-ծայրահեղականները գոնե մետրո պայթեցնել չեն պատրաստվում, որոշել էին պարզել նամակների հեղինակի անձը: Ոչ տևական աշխատանքները ՊԱԿ-ի շեռլոկ հոլմսերին բերել էին ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժին, ուր աշխատում էր առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող շարքային մի գիտությունների թեկնածու՝ Սուրեն Մնացականյան անունով: Հայերենին շատ վատ տիրապետող և սկզբունքորեն հայերեն չխոսող այս համբակի մեջ բնությունն այնքան թույն ու թարախ էր դրել, որ չորս սերնդի Ուլյանովների մեջ եղած չէր լինի: Միայն հարուստ երևակայություն ունեցող մեր սերնդի մարդիկ կարող են պատկերացնել այսօր մի հայի, որը կարող էր հայր և որդի Ախունդովների հետ (1986 թ. Բաքվում հրատարակված տխրահռչակ ՙխաչդաշերի՚ մասին գրքի հեղինակներն են) երկար որոճալուց հետո նստել, մատնագիր գրել ու Խորհրդային Միության տարբեր քաղաքներից Մոսկվա ուղարկել: Ընդ որում, շատ զվարճալի էր այն հանգամանքը, որ ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ ՊԱԿ-ի քննիչներին Սուրեն Մնացականյանի անունը տվել էր ոչ այլ ոք, քան սույն «ինտերնացիոնալիստի» և «ժողովուրդների բարեկամության» ջատագովի բաքվեցի բարեկամը: Ինչևիցե, այս գործը բացվելուց հետո երկար ժամանակ բանակցություններ էին գնում ՊԱԿ-ի, ՙտեռորիստների՚ ու տարբեր կուսակցական մարմինների միջև, և միայն Ալեքսանի համառությունն էր, որ թույլ տվեց վերոհիշյալ կնաբարո արարածին դատարան ու դրանից հետո պակաս հաճելի տեղեր ուղարկել:
Երևի հենց այս օրերին էր, որ կամաց-կամաց մեզ էլ սկսեց պարուրել ամբողջ հանրապետությունն ալեկոծած նամակագրական կիրքը, ու մենք էլ սկսեցինք գրել:…
…1987 թ. աշնանը, եթե չեմ սխալվում «Գրական թերթում», մեկ թե երկու ամսվա ընթացքում տպագրվեցին երկու նամակ՝ իրենց պատասխաններով: Միխայիլ Գորբաչովին հասցեագրված երկու նամակներում մեր տիտղոսավոր մտավորականության լավագույն ներկայացուցիչները ներկայացնում էին Արցախի հիմնահարցը՝ հնագույն ժամանակներից սկսած և ամոթխած ակնարկ էին անում վերակառուցման ու ժողովրդավարության օրերին Ադրբեջանական ԽՍՀ կազմում նրա գտնվելու փաստը վիճարկելի լինելու վերաբերյալ: Ե՛վ մեր համարձակ գիտնականների հայրենասիրական ելույթը, և՛ Միխայիլ Գորբաչովի հանձնարարությամբ (հի-հի) գրված պատասխանը մի մեծ բերկրանք պատճառեցին մեր միամիտ հայրենակիցներին, էլ առավել համոզեցին բոլորիս, որ այնտեղ Ղարաբաղի հարցն արդեն… լուծել են (մեղադրելու բան չէ. յոթանասուն տարի ապրել ենք մի երկրում, ուր մամուլը հենց այնպես ոչ մի բան չի գրել): Արդեն մի քանի տարի անցել է և, օգտվելով վաղեմության ժամկետի սկզբունքից, կուզեի ներկայացնել այդ նամակների և դրանց պատասխանների առաջացման տեխնոլոգիան: Ով գիտե, գուցե դեռ ինչ-որ մեկին էլ պետք գա:
Նամակները, կամ գոնե դրանցից մեկը, գրվել են Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի կովկասագիտության բաժնում (11-րդ հարկ)՝ վերևում հիշածս երեկոների ընթացքում: Հիմնականում գրում էր Հակոբյան Ալեքսանը, իսկ ես ու Մերուժանը կամ մի թեթև խմբագրում էինք, կամ՝ ոչ: Նամակը պատրաստելուն հետևում էր ամենածանր աշխատանքը՝ ստորագրությունների հավաքումը: Ամենածանրն եմ ասում, որովհետև մեր անվանի ակադեմիկոսներն ու թղթակից-անդամները խիստ մեծ տհաճությամբ էին իրենց մեծագին ստորագրությունը դնում այս բնույթի փաստաթղթերի տակ: Ասենք, իրենց էլ հասկանալ կարելի է. այլ դաստիարակություն էին ստացել: Ինչների՜ն էր պետք: Համենայնդեպս, ստորագրությունները հավաքվում էին, ու նամակն ուղարկվում էր, ու սպասում էինք հետագա իրադարձություններին: Իսկ հետագա իրադարձությունները զարգանում էին հետևյալ կերպ. վերակառուցման գլխավոր ճարտարապետի գրասենյակից նամակն ուղարկվում էր ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, այնտեղից պատմության բաժանմունք, այնուհետև ԳԱ ԽՍՀՄ պատմության ինստիտուտի տնօրինությանը, հետո Միջին դարերի պատմության բաժնի վարիչ Նովոսելցևին, ու … միջքաղաքային հեռախոսով զանգում էր գեղեցիկ ձայնով մի կին և ասում էր. «Տղանե՛ր, հասավ»: Վիադա Արթուրովնան էր՝ ինստիտուտի միջնադարյան շրջանի պատմության բաժնի ավագ գիտաշխատողը, որին նման դեպքերում միշտ հանձնարարվում էր Անդրկովկասի ժողովուրդների պատմության այս կամ այն պրոբլեմի վերաբերյալ գիտական սպառիչ տեղեկանքների կազմումը: Նամակի պատասխանը ևս կազմում էր նույն հեղինակային խումբը Երևանից: Պատասխանը տիկին Վիադայի (մասնագիտությամբ բյուզանդագետ) ստորագրությամբ ներկայացվում էր Պատմության ինստիտուտի բաժնի վարիչին, հետո՝ ինստիտուտի ղեկավարությանը, որից հետո կամ մի տիտղոսակիր մոսկվացի պատմաբանի ստորագրությամբ ուղարկվում էր Երևան (վատագույն դեպքում), կամ էլ շարունակում էր իր ճանապարհը դեպի վեր, ու նույն պատասխանը ստացվում էր արդեն առավել պատկառազդու ստորագրությամբ: Բնական է, որ և՛ Երևանից ուղարկված նամակը և՛ Մոսկվայից ստացված արժեքավոր նամակն անմիջապես հրապարակվում էին մեր թերթերում՝ հերթական զանգվածային հրճվանքի ալիքն առաջացնելով հանրապետությունում:
Այս շրջանում արդեն սկսվել էր ստորագրությունների հավաքումը Ղարաբաղը Հայաստանին միացնելու խնդրանքով: Համոզված չեմ, բայց կարծում եմ, որ այն սկիզբ առավ Ղարաբաղում, հետո տարածվեց Հայաստանում բնակվող ղարաբաղցիների մեջ, իսկ այնուհետև սկսեցին արդեն բոլորն անխտիր ստորագրել: Չգիտեմ ինչպես իրականում, բայց խոսակցությունների մեջ համարյա միշտ ստորագրություններ հավաքելու գաղափարն ու կատարումը առաջին հերթին կապվում էր Զորի Բալայանի անվան հետ: Անմիջապես ասեմ, որ գոնե ինձ համար հենց սկզբից տարօրինակ էր այն հանգամանքը, որ կուսակցական մարմինները ոչ միայն չէին խանգարում այդ աշխատանքներին ու պատժում կազմակերպիչներին, այլ հաճախ իրենք էին կազմակերպում:
Թերևս 1987 թ. կեսերին էր, երբ առաջին անգամ լսեցի Իգոր Մուրադյանի անունը: Մերուժանն էր, որ մի օր բերեց երկու ահռելի թղթապանակ, ուր հավաքված էր Իգոր Մուրադյանի անտիպ նամակների ժողովածուն: Եվ, հոգի ունեմ տալու, պիտի խոստովանեմ, որ հենց սկզբից ապշեցի նամակագրի աննկուն կամքից, համառությունից ու նպատակամղվածությունից: Նամակները լավ էին գրված, գործիմաց մարդու ձեռքով և նվիրված էին Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի ամենատարբեր հարցերին՝ պատմությանը, տնտեսությանը, բնակչությանը, մշակույթին և այլն: Հասցեագրված էին ում ասես՝ ԽՄԿԿ կենտկոմից ու Միխայիլ Գորբաչովից մինչև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Ռաիսա Մաքսիմովնայից ու կանանց կոմիտեից մինչև սպորտային կազմակերպությունների ղեկավարները: Առանձնապես մեծ տպավորություն թողեցին Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս հայաբնակ շրջանների ժողովրդագրական հարցերին նվիրված՝ Իգոր Մուրադյանի ձեռագիր ուսումնասիրությունները, որոնք, թերևս առաջինը լինելու պատճառով, բացառիկ հետաքրքրություն էին առաջացնում: Եվ միայն մի քանի ամիս անց Իգորի հետ ծանոթանալուց հետո իմացա, որ մասնագիտությամբ տնտեսագետ է, շատ լուրջ նյութեր և ուսումնասիրություններ ունի հիշյալ հարցերի վերաբերյալ: Աշխատում էր Հայկական ԽՍՀ պետպլանի տնտեսագիտության ինստիտուտում:
Սեպտեմբեր թե հոկտեմբեր ամսին էր, երբ առաջին անգամ ծանոթացանք Իգոր Մուրադյանի հետ: Ըստ ընդունված կարգի՝ աշխատում էինք կովկասագիտության կաբինետում: Եթե չեմ սխալվում, երեքով միասին գրախոսություն էինք գրում «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի» մասին (հազվագյուտ անհաջող ու տգետ աշխատանք էր, ուր հեղինակներին ծավալը, ասել է թե հոնորարը, մեծացնելուց բացի մյուս հարցերը երկրորդական էին թվացել): Արթուր Մկրտչյանի հետ էր եկել: Արթուրը երեքիս հետ էլ ընկերություն էր անում. համալսարանում մեզանից երեք կուրս ցածր էր սովորում, իսկ հետո ինձ ու Մերուժանի հետ միասին Մոսկվայում նույն ինստիտուտի ասպիրանտ էր ու նույն հանրակացարանում էլ ապրում էր:
Դժվար է ասել, թե ինչ տպավորություն թողեց Իգոր Մուրադյանը մեզ վրա. համենայնդեպս, միասնական կարծիք չկար: Ալեքսանն, ինչպես միշտ, գոհ էր, ես կարծիք չունեի: Համենայնդեպս, խնդրանքն անմիջապես ու հաճույքով կատարեցինք (հերթական նամակը կենտկոմ թե ուր ուղարկելու համար գիտական տեղեկանք էր ուզում Ղարաբաղի վերաբերյալ): Այս հանդիպումից հետո արդեն սկսեցինք ավելի հաճախ տեսնվել Իգորի հետ:
Հանդիպումներից մեկի ժամանակ էլ Իգորը հայտնեց, որ առաջիկայում պատվիրակություն է պատրաստվում Մոսկվա գնալու համար, որի կազմում նախատեսվում են Խորհրդային Միության հերոսներ, վաստակավոր ու ժողովրդական մտավորականներ, դափնեկիրներ: Որքան էլ ինձ համար անսպասելի էր, Իգորն առաջարկեց, որ պատվիրակությունը ես ղեկավարեմ: Առաջարկությունը մերժեցի, ասելով, որ ղարաբաղցի չեմ, բայց Իգորը շատ արագ ինձ համոզեց, պատճառաբանելով, որ էականը ոչ թե այդ հանգամանքն է, այլ իմ մասնագիտական գիտելիքները: Ասենք՝ ես էլ շատ կատեգորիկ չմերժեցի, քանի որ ինքս իսկապես ուզում էի մասնակցել: Իգորը պատմեց նաև երկու նախորդ պատգամավորությունների մասին, որոնք, ըստ նրա, բավական հաջող էին անցել: Հանդիպումներից մեկի ժամանակ ԽՄԿԿ կենտկոմի ազգամիջյան հարաբերությունների սեկտորի թե բաժնի վարիչ Միխայլովը ղարաբաղցիների այն հարցին, թե ունե՞ն արդյոք իրենք մի փոքրիկ, վարդագույն հույս, պատասխանել էր, որ ոչ թե փոքրիկ ու վարդագույն, այլ մեծ ու կարմիր հույս պետք է ունենան ղարաբաղցիները: Ինչ խոսք, 1987 թ. շատ դժվար էր կռահել, թե կարմիր ու մեծ ասելով՝ Խորհրդային Միության վերակառուցված ղեկավարությունն ի՛նչ նկատի ուներ. համենայնդեպս, այդ զրույցի մասին գիտցողների մեջ շատ քչերը կլինեին, որոնք կփորձեին կարմիր գույնը կապել Սումգայիթի, Կիրովաբադի ու Բաքվի հայերի արյան գույնի հետ:
Հոկտեմբերի կեսերին Երևանում տեղի ունեցավ առաջին գոյապահպանական հանրահավաքը: Թատերական հրապարակում էր, մի քանի հարյուր մարդ էր հավաքված, շուրջ մեկ-երկու տասնյակ հռետորներ պերճախոս ու ոչ պերճախոս ելույթներ ունեցան՝ հիմնականում ատոմակայանի ու «Նաիրիտի» վերաբերյալ: Տպավորիչ ելույթ ունեցավ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Ռաֆայել Ղազարյանը, որը միտինգ էր եկել իր կապտաչ ու հրաշք երեխայի հետ: Համենայնդեպս, հանրահավաքը ինչ-որ դատապարտող-ժխտող-մերժող դիմում ընդունեց հանրապետության ղեկավարությանը, և մասնակիցները գոհ ու երջանիկ, սեփական խիզախությունից թալկացած ցրվեցին՝ պայմանավորվելով հաջորդ հանրահավաքի օրվա ու անելիքների մասին:
Հաջորդ հանրահավաքի մասին արդեն տեղեկացանք Իգորից: Մի երեկո եկավ ու ասաց, որ այսինչ-այսինչ օրը Թատերական հրապարակում հանրահավաք է նշանակված, ուր պիտի Ղարաբաղի հարցը բարձրացվի: Ու խնդրեց, որ ես ու Ալեքսանն անպայման ելույթ ունենանք: Մենք խիստ ուրախացանք ու անմիջապես Մանուչարյան Աշոտին պատմեցինք: Քանի որ գրածս գուցե հրապարակվի տարիներ կամ, ով գիտե, տասնամյակներ հետո, թերևս իմաստ ունի պատմել Աշոտի ու մեր հարաբերությունների մասին:
Ես ու Ալեքսանն Աշոտին ճանաչում ենք 1974 թվականից: Ծանոթացանք՝ կապված մի կիսագաղտնի կիսակոմերիտական միջոցառման ժամանակ (մի զարմացեք, այդպիսի բաներ էլ են կատարվում, և այլ առիթով անպայման պիտի անդրադառնամ այդ պատմությանը[1]): Հետո միասին կոմերիտական գործունեությամբ ենք զբաղվել: Արդարանալու բան չէ, բայց պիտի ասեմ, որ որոշակի ծրագիր ունեինք, կամ մեզ թվում էր, որ ունենք: Ծրագիրը մեզ թվում էր խիստ փաստարկված ու տրամաբանական. քանի որ համալսարանի մեծամասնությունը ուսանողներ են, քանի որ ուսանողների ճնշող մեծամասնությունը կոմերիտականներ են, ապա կոմերիտական կազմակերպությունը մեր վերահսկողության տակ վերցնելով՝ կարելի է վերահսկել համալսարանը և ցրել ամբողջ կուտակված ճահիճն ու տիղմը: Ինչ արած, ջահել էինք ու հիմար, և մեր նախաձեռնությունը Մոսկվայի ՀամԼԿԵՄ կենտկոմից եկած ֆելդֆեբելների կրունկների տակ տրորվեց. բոլորիս կոմերիտմիությունից դուրս հրավիրեցին, իսկ Աշոտին էլ բանակ ուղարկեցին այնքան արագ, որ անգամ մեծապատիվ հորեղբայրը չհասցրեց օգնել: Համալսարանից հետո էլ Աշոտի հետ հարաբերությունները նույն ջերմությամբ ու աշխուժությամբ պահպանվեցին, ու համարյա ամեն օր հանդիպում էինք: Այդ օրերին մենք, ինչպես միշտ, հիմնական աշխատանքից ազատ ժամանակ զբաղված էինք, եթե կարելի է այդպես ասել, քաղաքական գործունեությամբ, որը հիմնականում հանգում էր Հայաստանում ՙվերակառուցման, ժողովրդավարության և հրապարակայնության՚ քաղաքականության քարոզին, իսկ ավելի կոնկրետ՝ որոշակի հակադեմիրճյանական գործունեությամբ էինք զբաղած:
Աշոտի հետ խորհրդակցությունը մի քիչ սառեցրեց ոգևորություններս: Նրա հետախուզությունը տեղեկացրել էր, որ նախատեսված միտինգի օրերին Մոսկվայում ուզում են հանել Դեմիրճյանին, և այդ միտինգը, եթե անգամ կազմակերպված էլ չէ Դեմիրճյանի ու նրա կողմնակիցների միջոցով, ապա, համենայնդեպս, այնպիսի քաղաքական հենք կստեղծի, որի դեպքում Մոսկվայում կվախենան այդպիսի կտրուկ քայլի դիմել: Գուշակում եմ ընթերցողիս դեմքի քմծիծաղը, բայց դե ինչ արած՝ այդպես էինք մտածում: Ճիշտը՝ ճիշտ գրելն է:
Հաջորդ օրը հեռախոսով խոսեցինք Իգորի հետ: Եթե չեմ սխալվում, հիվանդ էր: Չկարողացանք համոզել ու որոշեցինք հանդիպել իրեն: Երկար խոսեցինք ու երբ պարզ դարձավ, որ էլի ենք վիճելու, Իգորը զանգեց ինչ-որ մեկին ու խնդրեց գալ: Մոտ կես ժամ հետո եկավ Վազգեն Մանուկյանը: Ծանոթ չէինք: Համալսարանի դասախոս էր, եթե չեմ սխալվում, դասավանդում էր մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետում, խոսքի մեջ ինչ-որ տեղ նշեց, որ Ռաֆայել Իշխանյանի փեսան է և այս հանգամանքը միանգամից տրամադրեց իր կողմը: Համենայնդեպս, երկար չխոսեցինք, բայց շատ արագ Վազգենը ի չիք դարձրեց մեր բոլոր փաստարկները՝ միտինգը հետաձգելու օգտին: Հանում են՝ թող հանեն, մեր ինչ գործն է, և այս ոչ բարդ ճշմարտության առաջ երկուսս էլ զինաթափվեցինք: Ասենք՝ զինաթափվեցինք առաջին հերթին Վազգեն Մանուկյանի հզոր տրամաբանության ու հստակ քաղաքական մտածողության առաջ: Համենայնդեպս, Վազգենից բաժանվելուց հետո երկուսս էլ նշեցինք, որ մեր բոլոր ծանոթների մեջ նման սուր միտք ունեցող քաղաքական գործիչ դեռ չենք հանդիպել:
Հետո նախատեսված միտինգը տեղի չունեցավ: Պատճառները լավ չեմ հիշում: Կարծեմ Իգորը թե կազմակերպիչներից ինչ-որ մեկը քաղաքից բացակայում էր: Քիչ ժողովուրդ էր հավաքվել: Պատերի տակ մի քիչ բամբասեցինք, կրեմլյան վերջին նորություններն ամփոփեցինք ու բաժանվեցինք: Բոլորս էլ հիացած ու զարմացած էինք մեզանից, մեր համարձակությունից, մեր հայրենասիրությունից:
Կամաց-կամաց մոտեցավ 1988 թվականը: Հույսերի ու սպասումների տարի պիտի լիներ: Բոլորիս մեջ խորը նստած էր այն համոզմունքը, որ «մեր» Գորբաչովն անպայման ուզում է «մեր» հարցը լուծել, բայց նրան խանգարում է իր հետադիմական շրջապատը: Որ ընդամենն անհրաժեշտ է սպասել ու չխանգարել, որ նա ուժ հավաքի: Ու հենց որ ուժ հավաքեց, Լիգաչովի հերն անիծելու է, և Ղարաբաղի հարցի լուծումը հարթ, ողորկ ու ասֆալտապատ ճանապարհ է դուրս գալու: Ինչ խոսք, ամենասպառիչ տեղեկություններ ունեինք նաև մեր նահանգային իշխանությունների տրամադրությունների մասին՝ ով է «մեր» կողմից ու ընդհակառակը: Հա, չմոռանամ գրել, որ այս կամ այն կերպ այն հարցի պատասխանն էլ ունեինք, թե ինչու պիտի Գորբաչովը Ղարաբաղի հարցը լուծի: Ժողովրդի մի մասն ասում էր, որ մոր թե տատի կողմից հայ է (մի քանի ամիս հետո էլ՝ փուքսը մարելուց հետո, ասում էին, թե թուրք է ու մի թուրքական թերթի էլ անուն էին տալիս): Մարդկանց մի մասն էլ ասում էր, թե Կիսլովոդսկում քաղկոմի քարտուղար աշխատելու ժամանակ հայ ՙցեխավիկների՚ հետ մոտ է եղել (մութ մարդկանց համար բացատրեմ, որ ցեխավիկի հետ մոտ լինելը առօրյա գիտակցության մեջ մի նշանակություն ունի՝ տալիք-առնելիք է ունեցել):
Նոր տարին անցկացրինք տոնական ու առատ սեղանների շուրջ (վերջին անգամ), ազգովի բարձրացրինք Ղարաբաղի ու մեր ազգային իղձերի կենացն ու … Լավ էր:
Հատված Համբարձում Գալստյանի «Հոդվածներ, հուշագրություններ, հարցազրույցներ»-ից, (Երևան, 2002)
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ