Աջակցելով համապարփակ և առավել արդյունքամետ մոտեցմանը՝ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը համագործակցություն է ձեռնարկում StrategEast-ի հետ՝ վերջիններիս նոր ծրագրի շրջանակներում․ «Տեղեկագրում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների (այսուհետև ԱլԳ) երկկողմ օրակարգի հիմնական հարցերի վերաբերյալ»: Տեղեկագիրը ձևավորված է որպես օգտակար գործիք հանրային կառույցների և որոշում ընդունողների համար, որոնց հետաքրքրության ոլորտը ընգրկում է ԱլԳ տարածաշրջանը, և տարածվելու է ԵՄ և ԱլԳ ավելի քան 1000 բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կառույցների և ճանաչված փորձագետների շրջանում։
2020 թվականին Եվրոպական հանձնաժողովն ընդունեց տվյալների եվրոպական ռազմավարությունը: 2020-ի նոյեմբերի 25-ին հրապարակվեց տվյալների կառավարման ակտը, որն առաջին առաջարկն է ռազմավարության իրականացման վերաբերյալ: Ռազմավարության իրականացման միջոցով ԵՀ-ն նպատակ ունի 2025 թվականին ԵՄ տվյալների տնտեսության արժեքը 301 միլիարդ եվրոյից (ԵՄ ՀՆԱ-ի 2.4% -ը 2018թ-ի ցուցանիշով) հասցնել 829 միլիարդ եվրոյի։
StrategEast- ը հարցազրույց է վերցրել ԱլԳ երկրների առաջատար փորձագետներից ՝ իրենց երկրներում տվյալների տնտեսության դերի վերաբերյալ։ Ահա՝ Հայաստանի վերաբերյալ փորձագետի պատասխանները.
Ձեր երկիրն օգտագործու՞մ է տվյալների փոխանակման հարթակներ և էկոհամակարգեր: Որո՞նք են ձեր երկրում տվյալների տնտեսության հեռանկարները, կարո՞ղ է այն տնտեսապես շահավետ լինել բիզնես ոլորտի և քաղաքացիների համար։
Հայաստանն այժմ զբաղեցնում է 68-րդ տեղը Համաշխարհային էլեկտրոնային կառավարման զարգացման համաթվում (2020), և 57-րդ տեղըէ` ըստ Open Data Inventory-ի գնահատականի (2020): 2018-ին Հայաստանը մշակեց իր երկարաժամկետ թվային ռազմավարությունը, որը կոչվում է «2018-2030 թվային վերափոխման օրակարգ»: Ռազմավարության առաջնահերթություններից մեկը որոշումների կայացման գործընթացներում տվյալների՝ առավելագույն ներուժով օգտագործման ապահովումն է։ Այդ իմաստով, բաց տվյալները թվային օրակարգում գերխնդիր են հանդիսանում։
Վերջին տարիներին ձեռնարկվել են բազմաթիվ նախաձեռնություններ` երկրում տվյալների էկոհամակարգը բարելավելու ուղղությամբ` ներառյալ էլեկտրոնային ծառայությունների զարգացումը: Այսպիսով, կառավարությունը մշակեց էլեկտրոնային կառավարման հարթակ (www.e-gov.am), որը տեղեկատվություն է տրամադրում կանոնակարգերի և այլ նախաձեռնությունների վերաբերյալ, ինչպիսիք են էլեկտրոնային ստորագրությունը:
Բազմաթիվ պետական հիմնարկներից կուտակված և հրապարակված բաց տվյալներն այսօր բավականին մեծ ծավալներ են կազմում Հայաստանում: Ազգային մակարդակում հարթակների մեծ քանակի պատճառով Հայաստանը տվյալների ցրվածություն ունի: Բացի այդ, ապակենտրոնացումը և տվյալների տրամադրման եղանակների բազմազանությունը խոչընդոտներ են ստեղծում տվյալների վերլուծության հետագա գործընթացի համար: Հանրային հաստատությունների կայքերում առկա տվյալները կա՛մ հասանելի են Html ձևաչափով, կա՛մ pdf: Չկա որոշակի ձևաչափ կամ հստակ ձև: Հետևաբար, տվյալները չեն տրամադրվում մեքենայաբար ընթերցվող ձևաչափով: Այսպիսով, Հայասանում տվյալների էկոհամակարգի հետագա զարգացման համար բաց տվյալների պորտալի ստեղծումը՝ համապատասխան ձևաչափով, անհրաժեշտություն է։
Պետական գերատեսչությունների կողմից հաստատված տվյալները, երբ ընդունվում են երրորդ կողմի կողմից, կարող են հիմք հանդիսանալ հանրային կյանքի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի համար: Այդ տվյալները կարող են ընդգրկել`կրթական համակարգի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և այլ ոլորտների համակարգված և ավտոմատ կերպով մշակվող տեղեկատվությունը:
Հայաստանում տվյալների էկոհամակարգի զարգացման հնարավորությունները զգալի են: Ներկայումս որոշ մասնավոր ընկերություններ աշխատում են տվյալների հատուկ տեսակների հետ և նեղ մասնագիտական ծառայություններ են մատուցում։ Առողջության, կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում կան շատ հնարավորություններ, որտեղ պետության և մասնավոր ընկերությունների երկխոսությունը կարող է հանգեցնել դրական սոցիալական ազդեցության, եթե միայն կառավարության տվյալները մշակվեն և վերլուծվեն: Տվյալների մշակումը կարող է իրականացվել կամ պետության, կամ մասնավոր ընկերությունների, կամ քաղաքացիական հասարակության կողմից: Ավելին, պետությունը կարող է նաև օգուտ քաղել մասնավոր ընկերությունների ստեղծած տվյալներից, օրինակ. տաքսի ընկերությունները կարող են տվյալներ տրամադրել Հայաստանի քաղաքներում երթևեկությունը բարեփոխելու համար:
Տաթև Ղազարյան՝ «Enlight» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի վերլուծաբան։ © Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Սկզբնաղբյուրը՝ Strategeast
Թարգմանիչ՝ Մարիամ Սահակյան (Mariam Sahakyan).