Հայաստանը ՏՏ ոլորտի համար շուկային միտված քաղաքականության ներդրման կարիք ունի

Աջակցելով համապարփակ և առավել արդյունքամետ մոտեցմանը՝ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը համագործակցություն է ձեռնարկում StrategEast-ի հետ՝ վերջիններիս նոր ծրագրի շրջանակներում․ «Տեղեկագրում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների (այսուհետև ԱլԳ) երկկողմ օրակարգի հիմնական հարցերի վերաբերյալ»: Տեղեկագիրը ձևավորված է որպես օգտակար գործիք հանրային կառույցների և որոշում ընդունողների համար, որոնց հետաքրքրության ոլորտը ընգրկում է ԱլԳ տարածաշրջանը և տարածվելու է ԵՄ և ԱլԳ ավելի քան 1000 բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կառույցների և ճանաչված փորձագետների շրջանում։ 

Վերջերս Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Թվային տնտեսության և հասարակության համաթիվը (Digital Economy and Society Index)՝ բաղադրյալ ինդեքս, որն ամփոփում է Եվրոպայի թվային կատարողականի վերաբերյալ համապատասխան ցուցանիշները և հետևում թվային մրցունակության դաշտում ԵՄ անդամ պետությունների զարգացմանը:

Համաթիվը գնահատում է եվրոպական տեղեկատվական հասարակության առանցքային հարթությունները՝ հեռահաղորդակցության ոլորտը, համացանցը՝ լայնաշերտ հասանելիությամբ, բջջային կապը, համացանցի օգտագործումը, ինտերնետ ծառայությունները, էլեկտրոնային կառավարումը, առցանց առևտուրը, առցանց բիզնեսը, ՏՀՏ հմտությունները, հետազոտություններն ու զարգացումը։ 

StrategEast-ը հարցազրույց է վերցրել ԱլԳ երկրների առաջատար փորձագետներից՝ իրենց երկրներում ՏՏ զարգացման հեռանկարների վերաբերյալ: Ահա Հայաստանի վերաբերյալ փորձագետների պատասխանները.

Հաշվի առնելով հետխորհրդային երկրներում STEM առարկաների դասընթացների դրական արդյունքները և տարածաշրջանում ՏՀՏ զարգացման վերջին հաջողության պատմությունները՝ ըստ Ձեզ՝ կարո՞ղ է Ձեր երկիրը ոտք մեկնել ԵՄ երկրների հետ ՏՀՏ ոլորտի զարգացման առումով:

Անկասկած, «խորհրդային դպրոցը» զգալի դեր խաղաց ժամանակակից ՏՀՏ ոլորտի հիմքը դնելու գործում: Այնուամենայնիվ, այդ ներուժը պետք է բարելավվի շուկային միտված այնպիսի բաղադրիչների համալրմամբ, ինչպիսիք են տվյալ ծրագրի առևտրայնացումը, ծրագրի պատշաճ կառավարումը և այլն: Այդ քաղաքականության ներդրմամբ ՏՀՏ ոլորտը ինքնաբավ կդառնա ֆինանսական ռեսուրսների տեսանկյունից և նվազ կախված արտաքին ռեսուրսներից։ Ինչ վերաբերում է ԵՄ երկրների հետ մրցակցությանը, ապա այդ նպատակն իրագործելի է միայն ուրույն տեղը գտնելու և դրանում առաջընթացը խթանելու կամ տաղանդի հետ կապված նվազ ծախսատար մրցակցության դեպքում:

Ի՞նչ հաջողության պատմություններ կարող եք նշել էլեկտրոնային կառավարման ծառայությունների ոլորտում:

Վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունն իրականացրել է էլեկտրոնային ծառայությունների մատուցման բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ:  Հիմնական շեշտը դրվել է հատկապես երկու բաղադրիչի վրա՝ Կառավարության փոխգործունակության և մեկ էլեկտրոնային պատուհանի։ Եվ չնայած ներկայիս էլեկտրոնային կառավարման գործիքների մեծ մասը դեռ բարելավման կարիք ունի, կան նաև որոշ նշանակալից արդյունքներ: Հաջողված նախագծերը ներառում են այնպիսի կայքեր, ինչպիսիք են՝ e-gov.am-ը՝ իր բյուջեն ներկայացնող ինտերակտիվ գործիքով և առցանց մատուցվող այլ պետական ծառայություններով, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը (www.e-draft.am), որը հնարավոր է դարձնում վերջիններիս ավելի թափանցիկ և հեշտ քննարկումը, Harkatu.am կայքը՝ հազարավոր խոշոր հարկատուների մշտադիտարկման համար: Դրանից բացի՝ Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնել է իր հաշվարկային կարողությունները՝ ներդնելով և ինտեգրելով համապատասխան ոլորտի հետազոտության համար տվյալների վերլուծության համակարգ:

Կարո՞ղ եք ասել, որ Ձեր երկիրն ունի ՏՏ ոլորտում հմտացած մարդկային ուժեղ կապիտալ:

«Արմաթ»-ի և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաջողության պատմությունները կարող են Հայաստանում մարդկային կապիտալի տեսանկյունից ՏՀՏ ոլորտի մեծ ներուժի ցուցիչ լինել: Մասնագիտական հմտությունների զարգացման հատուկ ծրագրեր են առաջարկում նաև տարբեր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ «Microsoft Innovation Center Armenia», «Synopsis Inc» և այլն: Բարձրացել են նաև ՏՏ մասնագիտացում ունեցող համալսարանական ծրագրերի մրցակցությունն ու որակը, բայց դա միշտ չէ, որ բավարար է արդյունաբերության պահանջները բավարարելու համար: Հիմնական բանաձևը նման նախագծերը հնարավոր բյուրոկրատական քաոսից և անարդյունավետությունից ազատելն է՝ միևնույն ժամանակ պահպանելով ոլորտի ամբողջականության բարձր մակարդակը:


Հակոբ Հակոբյան և Հեղինե Ալեքսանյան՝ «Enlight» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի վերլուծաբաններ © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Ծանոթագրություն

  1. Թարգմանչի կողմից՝ Science, Technology, Engineering և Mathematics (STEM)-Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն և Մաթեմատիկա՝ եզր, որն օգտագործվում է հատկապես կրթական քաղաքականության ոլորտում հիշատակված ուղղությունները միավորելու համար:

Սկզբնաղբյուր՝ Strategeast

Թարգմանիչ՝ Մարիամ Սահակյան (Mariam Sahakyan)։