Երբ 2020 թվականի սկզբին Բերաթ Ալբայրաքին հարցրին իր աներոջ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հարաբերությունների մասին, ֆինանսների երիտասարդ նախարարն սկսեց գովասանքի խոսքեր շռայլել: TRT հեռուստաընկերության հաղորդավարին նա ասաց, որ իրենց կապը քաղաքական չէ և հավելեց. «Այս հարաբերությունների հիմքը իդեալն է, հոգին»:
Նոյեմբերի 8-ին նրա շոկային հրաժարականից 6 ամիս անց այդ հարաբերությունները և Ալբայրաքի քաղաքական կարիերան, կարծես թե, հօդս ցնդեցին: Ինչպես իր ընկերը՝ Ջարեդ Կուշները՝ Դոնալդ Թրամփի փեսան և ավագ խորհրդականը, որը շուտով հարկադրված կլինի լքել Սպիտակ տունը, 42-ամյա Ալբայրաքը այժմ հեռանում է աշխատանքից:
Լիրայի արժեզրկման և արտարժույթի պահուստների անկման շուրջ վերջին ամիսների ահազանգերից հետո Թուրքիայի կառավարության երկրորդ ամենաազդեցիկ մարդու անակնկալ հրաժարականը ցնցել է երկրի տնտեսական կառավարումը: Թուրքիայի քաղաքական էլիտան նույնպես ապշած է․ նրանցից շատերը կարծում էին, թե Էրդողանը պատրաստում էր իր ազդեցիկ և ծանրակշիռ փեսային՝ որպես «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ (ԱԶԿ, թուրք.՝ AKP) իր քաղաքական ժառանգ: «Եթե դուք խորհրդարանի (իշխող կուսակցության) անդամ էիք, Բերաթը ներկայացնում էր գերագույն իշխանությունը: Նա ալֆա և օմեգա էր», — ասում է ԱԶԿ նախկին պատգամավորը: «Նա այլևս գոյություն չունի․․․ Ամեն ինչ վերջացած է»։
Ալբայրաքի ստրատոսֆերային վերելքը և կտրուկ անկումը պատմում են ինչպես Էրդողանի իշխանության ներքո Թուրքիայում տեղի ունեցած փոփոխությունների, այնպես էլ հենց իր՝ Ալբայրաքի մասին: «Սա շատ խորհրդանշական է ավտորիտար պետությանը», — ասում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ծագմով թուրք պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուն, որը «Ինչու են ազգերը ձախողվում» գրքի համահեղինակն է: «Իր աներոջ դիրքի շնորհիվ նա կարողացավ շատ ազդեցիկ լինել և իր շուրջ ստեղծել մի թիմ, որը գործում էր ինքնավար և շատ ոչ կառուցողական ձևով: Դրանք այնպիսի բաներ են, որոնք դուք չեք կարող տեսնել գործող ժողովրդավարություններում»:
Այն փաստը, որ երկրում տիրում է կառավարման խառնաշփոթ, որ միևնույն ժամանակ ընտանեկան դրամա է, Էրդողանի կողքին ժամանակին աշխատած մարդկանց համար զայրույթի և ամոթի աղբյուր է ու, ինչպես ասում են նրանք, նաև նշան, թե ինչպես է փոխվել երկիրը նրա իշխանության օրոք:
«Նորմալ ժողովրդավարություններում բոլորը խոսում են կաբինետային վեճերի, քաղաքական և կուսակցական պայքարի մասին», — ասում է կառավարության նախկին պաշտոնյան: «Իսկ ի՞նչ է կատարվում այստեղ․ մենք ընտանեկան խնդիրներ ենք քննարկում: Ինչպիսի՞ երկիր ենք մենք»:
Էրդողանը պոպուլիստ ծայրահեղական է, որը գրեթե 20 տարի ղեկավարել է 83 մլն բնակչությամբ երկիրը՝ այն տանելով խորացող ավտորիտար ճանապարհով: Իր փեսայի վերելքը տեղի ունեցավ Թուրքիայի ղեկավարի կողմից իշխանության կայուն ամրապնդմանը զուգահեռ: Սկզբնական շրջանում ԱԶԿ-ն, որը համահիմնադիրել էր Էրդողանը 2001 թ․-ին, ներկայացնում էր լայն տեսակետներ: Ստամբուլի նախկին քաղաքապետը, չնայած արմատապես իսլամիստական քաղաքականության մեջ լինելուն, ձգտում էր իր կուսակցությունը ներկայացնել որպես բազմակարծիք, եվրոպամետ և բիզնեսի համար բարենպաստ՝ ներգրավելով թուրք հասարակության կուսակցական պաշտոնյաներին և խորհրդարանի անդամներին:
ԱԶԿ-ն, որը 2002 թ․-ի ընտրություններում բացահայտ մեծամասնությամբ հաղթելուն պես տապալեց հին կարգը, երբեք վստահելի չի համարվել Թուրքիայի որոշ սեկուլյարիստների և ձախերի կողմից: Բայց այն մասամբ արժանացավ երկրի աղքատ, պահպանողական ցածր խավերի աջակցությանը՝ վերացնելով գլխաշոր կրելու պարտադրանքը, որը հետ էր պահում օրինապահ երիտասարդ մահմեդական կանանց համալսարան հաճախելուց: Այն արժանացավ քուրդ ընտրողների հավանությանը՝ թուլացնելով քրդերենի գործածման սահմանափակումները և հետագայում սկսելով բանակցություններ՝ վերջ դնելու թուրքական պետության և քուրդ զինյալների միջև տասնամյակներ տևած հակամարտությանը: Տնտեսությունը վերելք ապրեց, ԱԶԿ-ն ներդրումներ կատարեց ենթակառուցվածքներում և հիմնովին փոխեց երկրի առողջապահական համակարգը: 2007 թ․-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները հասան 19 մլրդ դոլարի:
Բերաթը ներկայացնում էր գերագույն իշխանությունը: Նա ալֆա և օմեգա էր։ Հիմա նա գոյություն չունի․․․ Ամեն ինչ վերջացած է։
ԱԶԿ նախկին պատգամավոր
Այս ընթացքում Էրդողանի ընտանիքի անդամները տեսադաշտում էին. երբեմն ուղեկցում էին այն ժամանակվա վարչապետին ուղևորությունների ժամանակ կամ հայտնվում հասարակական միջոցառումներին: Բայց նրանք կառավարության որոշումների կայացման գործում էական դեր չունեին: Իշխող կուսակցության նախկին պատգամավոր Սուաթ Կընըլըօղլուն հիշում է, որ Էրդողանը 10 տարի առաջ շրջանցեց ԶԼՄ-ների շահարկումները, թե իր կրտսեր դուստրը՝ Սումեյյեն, կարող է դառնալ վճարվող խորհրդատու: «Նրան դուր չէին գալիս այդ կեղծ հաղորդումները», — ասում է նա: «Այն ժամանակ նա կարծես դժկամությամբ էր ընտանիքի անդամներին նշանակում այդպիսի պաշտոնների»:
ԱԶԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները դժգոհում են, որ երբ Էրդողանը տարավ ընտրական մի շարք հաղթանակներ և բախվեց իր իշխանության պահպանմանը ուղղված մի շարք սպառնալիքների, նրա ղեկավարման ոճը փոխվեց: Նա դարձավ ավելի համարձակ, ավելի բռնակալ և քիչ հակված ներքին բանավեճեր անցկացնելու: Ժամանակի ընթացքում այդ հատկությունները խառնվեցին պարանոյայի և վախի հետ: «Թե՛ կուսակցությունը, թե՛ Էրդողանը դանդաղ էվոլյուցիայի ենթարկվեցին», — ասում է մեկը, ով նրան ճանաչում է տասնամյակներ:
2013 թ.-ին երկիրը ցնցեցին Գեզի այգու բողոքի լայնամասշտաբ ակցիաները, երբ ամբողջ Թուրքիայում միլիոնավոր մարդիկ դուրս եկան փողոց վանկարկելով՝ «Թայիփ, հրաժարական տուր»: Մի քանի ամիս անց Էրդողանի մերձավոր շրջապատը դարձավ կոռուպցիոն հետաքննության թիրախ, որը վարում էին նրա դեմ դուրս եկած նախկին դաշնակիցները: Վարչապետը, որ երկար ժամանակ վախենում էր Թուրքիայի զինված ուժերից և երկրի հայտնի «խորքային պետությունից», դա անվանեց «հեղաշրջման փորձ» և համոզվեց, որ գտնվում է ներքին և միջազգային թշնամիների պղտոր դաշինքի շրջափակման մեջ: «Կարծում եմ՝ ի վերջո նա մտածեց, որ բացի իր ընտանիքից՝ ոչ ոքի չի կարելի վստահել», — ավելացնում է վաղեմի ընկերը:
Հաջորդ տարիների ընթացքում հին դաշնակիցներից շատերը, որոնք զբաղեցրել էին պետական բարձր պաշտոններ, հեռացվեցին կամ հեռացան աշխատանքից: ԱԶԿ-ի համահիմնադիր Աբդուլլահ Գյուլը, որը նախագահի պաշտոնում էր մինչ 2014 թվականը, հեռացավ, երբ Էրդողանը ստանձնեց պաշտոնը: Ալի Բաբաջանը, որ ղեկավարում էր 2000-ականների իր ծաղկման շրջանում գտնվող տնտեսական ուղղությունը և գլխավորում էր ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի բանակցությունները, լքեց նախարարությունը 2015-ին: Ահմեդ Դավութօղլուն, որը երկու տարի զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, 2016-ին հեռացավ աշխատանքից՝ նախագահի հետ բախվելուց հետո: Մեհմեդ Շիմշեքը, Մերիլ Լինչի նախկին հարգարժան բանկիրը, որը որպես փոխվարչապետ պայքարում էր Էրդողանի ցանկությունների դեմ, երկու տարի անց հեռացավ քաղաքականությունից:
Այս գործիչներից շատերը հայտնի էին նրանով, որ արտահայտում էին իրենց կարծիքն Էրդողանի մոտ և հանդես էին գալիս որպես հակակշիռ ԱԶԿ-ին: Առանց նրանց նախագահն ավելի ու ավելի առանցքային դարձրեց կուսակցությունն ու պետությունը: Իրավիճակը էլ ավելի սրվեց նրա ղեկավարման որոշիչ պահ հանդիսացող 2016 թ. հուլիսյան հեղաշրջման փորձից հետո, երբ տանկերը հնձում էին խաղաղ բնակիչներին, իսկ կործանիչները ռումբեր էին նետում նախագահական պալատի մոտ, քանի որ զինված ուժերի մի խարդախ խումբ փորձում էր նրան բռնի ուժով տապալել:
Հեղաշրջման այս անհաջող փորձը սկիզբ դրեց իրադարձությունների մի շղթայի, որը թույլ տվեց Թուրքիայի ղեկավարին ստեղծել կառավարման նոր նախագահական համակարգ՝ նրան շնորհելով աննախադեպ լիազորություններ: Այն արագացրեց ազգային կառույցների դատարկումն ու քաղաքականացումը, որը մասամբ իրականացավ մեծածավալ զտումների շնորհիվ, որոնց արդյունքում 95.000 մարդ բանտարկվեց, և առնվազն 130.000-ը ազատվեց պաշտոնից կամ հեռացվեց: Ձերբակալվել են նաև հարյուրավոր լրագրողներ և մարդու իրավունքների պաշտպաններ: Նրանց թվում էին նաև երկրի գլխավոր քրդական ընդդիմադիր կուսակցության երկու համանախագահներ, քանզի Էրդողանը համագործակցում էր աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության հետ, որը կողմ է մահապատժին և վարում է քրդատյաց քաղաքականություն:
Այսօր թուրքական պետության վերին օղակները զբաղեցնում են հավատարիմ մարդիկ, որոնցից շատերը սերտ անձնական կապեր ունեն ԱԶԿ-ի հետ: Ներքին քննադատները հիմնականում լքել են ասպարեզը՝ թողնելով նախագահին «այո-ական»-ների և անմիտների շրջապատում: Նախագահի տնտեսական խորհրդականներից մեկը ՝ Յիգիթ Բուլութը, հավատում էր, որ անանուն թշնամիները ցանկանում էին սպանել նախագահին տելեկինեզի միջոցով: Մեկ ուրիշը՝ Ջեմիլ Էրթեմը, 2018-ին խոստացավ կատարել ԱՄՀ-ի խորհուրդների «ճիշտ հակառակը»: «Նրա խորհրդականները ապուշ են», — նշում է պետական պաշտոնյան: «Մենք Էրդողանի կարիքն ունենք․․․ Բայց նա պետք է որոշ տեխնիկական որոշումներ թողնի այն մարդկանց, որոնք գլուխ են հանում իրենց գործից»:
Վարչակարգի լեգիտիմությունը թուլանում է․․․ Մարդիկ խոսում են հետէրդողանական աշխարհի մասին։
Սինեմ Ադար, միջազգային և անվտանգության հարցերի գերմանական ինստիտուտ
Նախագահն ինքը, հակառակ տնտեսական հիմնական մտածողությանը, հավատում է, որ բարձր տոկոսադրույքներն ավելի շատ խթանում են ինֆլյացիան, քան կանգնեցնում այն՝ անվանելով դրանք «ամեն չարիքի մայր և հայր»: Նա երկար ժամանակ պայքարել է այն բանի դեմ, որը ինքն անվանում է «տոկոսադրույքների լոբբի», սպեկուլյանտների ստվերային մի խումբ, որը, նրա կարծիքով, փորձում է սեփական շահի համար խեղդել Թուրքիայի աճի հեռանկարները:
Այդ ընթացքում էր, որ Ալբայրաքը, որը 2004 թվականին ամուսնացավ Էրդողանի դստեր՝ Էսրայի հետ, 2018-ին նշանակվեց աշխարհի մեծությամբ 19-րդ տնտեսության ղեկավար: Թուրքական ընդդիմադիր կուսակցությունները ծաղրուծանակով դիմում էին նախագահի հովանավորյալին որպես դամաթ, այսինքն՝ փեսա կամ փեսացու, և նրան համարում էին ԱԶԿ ընտանեվարության ամենավառ օրինակ: Օտարերկրյա ներդրողները բողոքում էին, որ նա չունի բավականաչափ փորձ և գիտելիք: Հասարակության լայն շերտերը երբեք չեն համակրել նրան: Նույնիսկ իշխող կուսակցության ներսում շատերը դժգոհում էին այն ուժից և հեղինակությունից, որին հասավ թուրքական քաղաքական կենտրոնի հետ ընտանեկան կապեր ունեցող այս մարդը:
Սակայն, Ալբայրաքի աները կարծես մեծագույն հարգանքով էր վերաբերվում նրան: Էրդողանին դուր էր գալիս, որ նա լավ տիրապետում էր անգլերենին և բիզնես կառավարման մագիստրոսի աստիճան էր ստացել Նյու Յորքի Փեյս համալսարանում: Ամենակարևորը՝ նա ընտանիքի վստահելի անդամ էր: Իր փեսային նման նշանավորություն տալու որոշումը, կարծես գոնե մասամբ պայմանավորված էր իր իսկ ապագայի և ժառանգության հարցով: 66-ամյա առաջնորդը դեռ ունի միլիոնավոր երկրպագուներ, որոնք հարգում են նրա կոպիտ պահվածքը և համաշխարհային ասպարեզում Թուրքիայի դիրքը հաստատելու նրա ջանքերը: Տեսականորեն նա կարող է պաշտոնավարել որպես նախագահ մինչև 2033 թվականը, եթե շարունակի ընտրություններում հաղթելու տարբերակ գտնել: Բայց նրա կուսակցությանն ուղղված աջակցությունը 2011 թ.-ի ընտրություններում իր՝ ամենից բարձր ձայները ստանալուց հետո աստիճանաբար կրճատվում է:
Շատ վերլուծաբաններ կարծում են, որ Էրդողանը ցանկանում է հնարավորինս երկար շարունակել՝ առաջնորդվելով մասամբ գաղափարական նպատակի խորը զգացմամբ, բայց նաև իշխանությունը կորցնելու վախով և այն հեռանկարով, որ պաշտոնից հեռանալուց հետո իր հետ կարող են հաշվեհարդար տեսնել: Որքան էլ անհավանական էր, որ Ալբայրաքը, որը չունի աներոջ ուժեղ խարիզման, կարող էր հաջողությամբ ստանձնել այդ պաշտոնը, և այդ վախը բացատրում է, թե ինչու էին շատ քաղաքական դիտորդներ ներկայացնում այն գաղափարը, համաձայն որի՝ նախագահը նախապատրաստում էր Ալբայրաքին որպես իշխանության հանձնման ծրագրի մի մաս: «Էրդողանի և նրա վարչակարգի լեգիտիմությունը թուլանում է, և (իրավահաջորդության հարցը) շատ ակնառու էր դառնում», — ասում է միջազգային և անվտանգության հարցերի Բեռլինի գերմանական ինստիտուտի գիտաշխատող Սինեմ Ադարը: «Ավելի ու ավելի շատ մարդիկ են խոսում հետէրդողանական աշխարհի մասին»:
Ալբայրաքը, որի հայրը՝ մի իսլամիստ գրող ու մտավորական, արդեն երկար տարիներ ճանաչում էր Էրդողանին, 2015-ին մտավ խորհրդարան և նույն տարում դարձավ կառավարության անդամ: Նրա առաջին հանձնարարությունն էներգետիկ ոլորտն էր, բայց ի սկզբանե նա հրաժարվեց սահմանափակվել իր պաշտոնական պորտֆոլիոյով: Նախկին պաշտոնիայի խոսքով Ալբայրաքը թվում էր «չափազանց հավակնոտ»: Նախկին բիզնես ղեկավարը հսկայական ազդեցություն ձեռք բերեց կառավարությունում և ոչ միայն․ արտաքին քաղաքականությունից մինչև դատական համակարգ և լրատվամիջոցներ: «Նա նման է ութոտնուկի», — անցյալ տարի բողոքում էր պետական պաշտոնյաներից մեկը: «Նրա շոշափուկներն ամենուր են»:
Նա նաև պատասխանատու էր պետության և ԱԶԿ մեքենայի առանցքային պաշտոններում հավատարիմ մարդկանց նշանակելու համար, և հաճախակի է բախվել կառավարության գործընկերների հետ, այդ թվում ՝ երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, որը համարվում էր ֆինանսների նախարարի հիմնական մրցակիցը, և հավանական է, որ մի օր կստանձներ կուսակցության առաջնորդի դերը:
Շատերը համոզված էին, որ Ալբայրաքը և նրա ավագ եղբայրը՝ Սերհաթը, կապ ունեն սոցիալական մեդիա-գրոհայինների մի խմբի հետ՝ հայտնի որպես «Պելիկանական խումբ», որը համակարգված գրոհներ է ձեռնարկել Ալբայրաքի, նախագահի և նրանց դաշնակիցների հակառակորդների դեմ: ԱԶԿ նախկին խորհրդարանական Այդըն Ունալը այն նկարագրել է որպես մի խորքային կառույց, որը զուգահեռ է գործում իշխող կուսակցությանը, որն էլ «յուրաքանչյուր բարեկամական նախազգուշացում որակում է որպես դավաճանություն և լռեցում նրանց, ովքեր տարակարծիք են»: Ալբայրաքը խմբի հետ իր ենթադրյալ կապերի և այլ թեմաների վերաբերյալ հարցերին չի պատասխանել:
Փաստաբանները, որոնք աշխատում են նախարարի համար, որի հայրը 1980-ականների սկզբին իր մի գրվածքի պատճառով ինը ամիս ազատազրկման է ենթարկվել տխրահռչակ Սիլիվրի բանտում, կոպիտ արձագանքեցին այն լրագրողներին, որոնք մեղադրում էին Ալբայրաքին և նրա նախկինում ղեկավարած ընկերությանը կոռուպցիայի և հարկերից խուսափելու մեջ: Ալբայրաքը այս ամենը հերքեց:
Իր կառավարման ողջ ընթացքում երիտասարդ նախարարին մեղադրում էին ամբարտավանության և լիազորությունների անսահմանափակության զգացման համար: «Նա շատ բարդ անձնավորություն է», — ասում է մի ազդեցիկ գործարար, որը սերտ հարաբերություններ ունի նախագահի հետ, բայց երբեք լեզու չի գտել նրա փեսայի հետ: «Նա կարծում է, թե գիտի ամեն ինչ»:
Իրենից առաջ շատերի նման Ալբայրաքի անկման պատճառը ևս եղավ այդ ամբարտավանությունը: «Եթե նա մնար էներգետիկայի նախարարությունում, ապա հիմա հերոս կլիներ», — պնդում է պետական պաշտոնյաներից մեկը՝ մատնանշելով այս տարի Թուրքիայի կողմից Սև ծովում միլիարդավոր դոլարներ արժեցող գազի պաշարների հայտնաբերումը, որը Ալբայրաքի հաղթանակն էր՝ որպես էներգետիկայի նախարար: «Նա կլիներ այն տղան, որը նախագծած և իրականացրած կլիներ էներգետիկ անկախության այս քաղաքականությունը»:
Բայց Ալբայրաքը ցանկանում էր ղեկավարել երկրի տնտեսությունը: 2018 թ․-ի հուլիսին, երբ Էրդողանը ստանձնեց նոր նախագահական համակարգի ղեկավարումը՝ իրականացնելով իր փեսայի ցանկությունը, նա ապշեցրեց միջազգային ֆինանսական համայնքին: Նա միավորեց գանձապետարանը և ֆինանսների նախարարությունը և Ալբայրաքին նշանակեց այդ «համաձուլվածքի» պատասխանատուն: Այս լուրերին զուգահեռ լիրան արժեզրկվեց 3,8 տոկոսով: Օտարերկրյա ներդրողներից մեկը, որը առաջին շաբաթների ընթացքում հանդիպել էր Ալբայրաքին, նրան նկարագրել էր որպես իր կարիերայի ընթացքում հանդիպած ամենավատ ֆինանսների նախարար:
Նրա երկամյա պաշտոնավարումն ուղեկցվեց ճգնաժամերով և բնութագրվեց տնտեսության կառավարման ոչ ավանդական, նույնիսկ հարկադրական մեթոդներով:
2018 թ․-ի օգոստոսին լիրայի կտրուկ արժեզրկման արդյունքում առաջ եկած ինֆլյացիայի աճից հետո, Ալբայրաքը քարոզարշավ սկսեց՝ դիմելով մանրածախ առևտրականներին, որ չբարձրացնեն արտադրանքի գինը: Ըստ մի քանի նախկին բանկիրների՝ նա միջամտում էր մասնավոր բանկերի գործելաոճին՝ ստիպելով նրանց վարկեր տրամադրել՝ վարկային տնտեսության աճի խթանմանն աջակցելու նպատակով, և խառնվում էր նրանց աշխատանքի ընդունելու և ազատման գործերին: Եվ նրա հսկողության ներքո իշխանությունները սահմանափակումներ մտցրին արտարժույթի փոխանակման մեջ` օտարերկրյա ծանրակշիռ ներդրողներին թուրքական բաժնետոմսերի և պարտատոմսերի շուկայից վտարելով, քանի որ Ալբայրաքը հայտարարել էր, որ նրանց բարձր իրացվելի ակտիվների (hot money) կարիքը չկա:
Ալբայրաքի ամենախնդրահարույց քաղաքականությունը լիրայի կառավարման հարցում իր ունեցած մոտեցումն էր։ 2019 թ.-ին կենտրոնական բանկը ձեռնամուխ եղավ տոկոսադրույքների իջեցմանը։ Բանկը գործում էր Ալբայրաքի և նախագահի հրամանով, որոնք այդ տարվա հուլիսին աշխատանքից ազատեցին կառավարչին, քանի որ նա «չէր կատարելու հրահանգները»։ Փորձագետները զգուշացրին, որ եթե նրանք այդքան հեռուն գնան, ապա դա դրամական համակարգի վրա կգործադրեր նոր ճնշում և կխթաներ փոխարժեքների աճի անհրաժեշտությանը կրկին։ Բայց փոխարենը կասեցնելու կամ հակադարձելու տոկոսադրումների իջեցմանը, Ալբայրաքը արհամարհեց տնտեսական օրենքները։ Քանի որ լիրան գտնվում էր ճնշման տակ, կենտրոնական բանկը սկսեց այրել տասնյակ միլիարդավոր դոլարների արտարժույթի պահեստներ։ «Այդ ամենն Ալբայրաքի գաղափարն էր», — ասում է նախկին պաշտոնյան, որը ծանոթ է համակարգի ներքին աշխատանքին:
Այս սեպտեմբերին «Մուդիսի» վարկանիշային գործակալությունը ահազանգեց՝ զգուշացնելով, որ երկրի արտարժույթի պահուստները վերջին 20 տարվա կտրվածքով նվազագույն մակարդակում են, և որ երկրի ինստիտուտները «չեն ցանկանում կամ չեն կարող» ձեռնարկել քայլեր, որոնք անհրաժեշտ են լիակատար ճգնաժամը կանխելու համար: Goldman Sachs-ը գնահատմամբ վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիան ծախսել է 140 մլրդ դոլար արժութային միջամտության վրա: Բայց նախաձեռնությունն ի վերջո ձախողվեց: Օգոստոսից սկսած լիրան սկսեց ռեկորդային անկումներ գրանցել։ Արդեն նոյեմբերի սկզբին այն դոլարի համեմատությամբ 30%-ով արժեզրկվեց՝ ճնշում գործադրելով թուրքական բիզնեսների վրա, որոնք ծանրաբեռված էին արտաժութային պարքերով և վառելիքի աճող ինֆլյացիայով Թուրքիայի նման մի երկրում, որը մեծապես կախում ունի ներկրված ապրանքներից։
Մի օտարերկրացի ներդրող հանդիպմանը տվեց հետևյալ բնորոշումը. «Իմ կարիերայի ընթացքում հանդիպածս ամենից վատ ֆինանսների նախարարն էր»:
Մինչ նույնիսկ ԱԶԿ-ի տնտեսագետները, ներդրողներն ու այլ մարմինները սկսում էին անհանգստանալ, Ալբայրաքը շարունակում էր պնդել, թե ամեն ինչ կարգին է։ Նա պնդում էր, որ իր պաշտոնավարման ընթացքում դոլարի համեմատությամբ իր արժեքի 46 տոկոսը կորցրած ավելի էժան լիրան երկիրը ավելի մրցակցային կդարձնի ու կնպաստի արտահանման վրա կենտրոնացած տնտեսական մոդելին անցմանը։
Նրան քննադատողները հակադարձում էին, թե գործազրկության աճի ու կյանքի պայմանների վատթարացման ֆոնին հասարակ մարդիկ բավական ծանր գին են վճարում դրա համար։ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով անցած տարի անկում ապրեց՝ դառնալով 9000 դոլար. ավելի ցածր, քան 2013-ի անկումն էր՝ 12500 դոլար։ Իր վաղ շրջանի հաջողությունները զարգացող տնտեսության բարգավաճման հիմքի վրա կառուցած ԱԶԿ-ն այժմ կրում է տնտեսական անկման հետևանքները։ Նախորդ տարի տեղական ինքնակառավարման ընտրություններում ԱԶԿ-ն կորցրեց իր իշխանությունը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում և նաև Ստամբուլում, որտեղից Էրդողանը սկսել էր իր քաղաքական կարիերան։ Ստամբուլում ընտրությունների վերանցկացման աղետալի որոշում կայացնելու մեջ, որը ավարտվեց ձախողմամբ, քանզի ընդդիմության ներկայացուցիչը ջախջախիչ հաղթանակ տարավ, կուսակցության շատ անդամներ մեղադրում են Ալբայրաքին։
Վերջին ամիսներին, երբ արժույթը տատանվում էր, ու Թուրքիայի քաղաքացիները պայքարում էին կորոնավիրուսի պանդեմիայի տնտեսական հետևանքների դեմ, ԱԶԿ-ում դժգոհությունն աճում էր։ Մինչեռ Էրդողանը ոչինչ չէր ձեռնարկում։ «Ես գիտեմ շատ պատգամավորների, որոնք շատ անհանգիստ են տնտեսական իրավիճակի պատճառով», — ասում է Դավութօղլուն՝ նախկին վարչապետը, որն անցած տարի իր սեփական կուսակցությունը հիմնեց։
Հետադարձ հայացք գցելով՝ գործարար աշխարհը կարծում է, որ վերջին շաբաթներում կային նախանշաններ այն մասին, որ Ալբայրաքի ու Էրդողանի միջև հարաբերությունները այնքան էլ լավ չեն։ Նախորդ ամիս իր եղբոր ղեկավարած մեդիա խմբի ստամբուլյան գլխավոր գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ ֆինանսների նախարարը բիզնես ղեկավարներին պատմեց նախագծված մի շարք ծրագրերի մասին, որոնք իրեն շատ էին ոգևորել՝ անկախ այն բանից, թե ինքը նույն դիրքում կլինի դրանց իրականացման ժամանակ, թե ոչ։ Ներկաներից ոմանք դա ընկալեցին որպես կյանքի անցողիկության մասին արված ակնարկ Ալբայրաքի կողմից, որը ընկերների հավասմամբ կրոնապաշտ է։ Իսկ մյուսները կարծեցին, թե նա հուշում է իր՝ հեռանալու ճանապարհին լինելու մասին:
Ավելի ուշ՝ նոյեմբերի 7-ի առաջին ժամերին, Թուրքիայի պաշտոնական տեղեկագրի մի ծանուցման մեջ ասվում էր, որ նախագահը մեկ տարվա մեջ արդեն երկրորդ անգամ պաշտոնից ազատել է կենտրոնական բանկի կառավարչին։ Վերջինիս նա փոխարինել էր Ալբայրաքի վարած քաղաքականությունը քննադատող Նաջի Աղբալով, որը, ինչպես պնդում են կուսակցության ու կառավարության ինսայդերները, օգնել է Էրդողանին հասնկանալ երկրի դեմ ծառացած մարտահրավերների իրական մասշտաբները։ ԱԶԿ-ի մի բարձրաստիճան պաշտոնյա պատմում է. «Նաջի Աղբալը նրան/Էրդողանին/ կարճ ասաց, որ նավն արդեն խորտակվել է»։
Համաձայն նրանց պատմածների՝ նախագահը, որն անցած տարի հրապարակայնորեն հարձակվեց «Financial Times»-ի վրա, քանի որ վերջինս բացահայտել էր այն, որ կենտրոնական բանկը թաքցնում էր իր պահուստային կորուստների իրական չափը, ի վերջո հասկացել է, որ դրամարկղերը ոչ թե լոկ դատարկ են, այլ, նետտո տերմիններով ասած, բացասական. այսինքն բանկը պարտք է առել ավելի շատ արտարժույթ, քան ունի։
Ալբայրաքը կարծես թե կատաղած էր։ Հաջորդ օրը նա պաշտոնաթողության մասին հայտարարություն հրապարակեց Ինստագրամում, որը անսպասելի եղավ նույնիսկ իր մտերիմ խորհրդականների համար։ Նա ասաց, որ հեռանում է առողջական խնդիրների պատճառով։ Այդ հայտարարության մեջ միայն մի թեթև ակնարկ կար իր աներոջ մասին, որում նա բազմանշանակ ասում էր, թե ծրագրում է ավելի շատ ժամանակ անցկացնել «իր մոր, հոր, կնոջ ու երեխաների հետ»։ Շատ թուրքեր այս հայտարարությունը համարում են քողարկված քննադատություն Էրդողանի հասցեին։ Կոդավորված այս խոսքը վկայակոչում է ներքին կոնֆլիկտի մասին և ավարտվում մի արտահայտությամբ, որը ազատ թարգմանված նշանակում է՝ «Հաջողություն բոլորիս»։
Հաղորդագրությանը հետևեցին նախագահի կողմից լռության 27 ժամ և ԶԼՄ-ների մի արտառոց բլեքաուտ, քանի որ պետական ու պրոկառավարական լրատվամիջոցները նախընտրեցին անտեսել այն փաստը, որ երկրի ամենակարևոր պաշտոնյաներից մեկը հայտարարել էր իր հեռանալու մտադրության մասին։ Այս վակուումային իրավիճակում, երբ որևէ մեկը չկար երկրի տնտեսության ղեկին, լիրան իր լավագույն օրերն էր վայելում երկու տարի շարունակ։ Էրդողանն ի վերջո հայտարարեց, որ ընդունել է Ալբայրաքի՝ «իր պարտականություններից ազատվելու խնդրանքը»։ Ալբայրաքը չկարողացավ ներկայանալ պաշտոնի հանձնման արարողությանը, որտեղ հեռացող նախարարները հաջողություն են մաղթում իրենց հաջորդողներին։
Որոշ մարդիկ կասկածում են, որ նախագահը, հնարավոր է, իսկապես անտեղյակ է եղել երկրի արտաքին պահուստների իրական դրության մասին։ «Էրդողանը փայլուն հիշողություն ունի ու սիրում է վերահսկել ամեն ինչ, — ասում է Ալբայրաքի պաշտպաններից մեկը։ «Նա հետևում է դոլարին ու եվրոյին ամեն օր, իսկ կենտրոնական բանկին՝ ո՞չ։ Ես իսկապես չեմ կարող դա հասկանալ»։
Բայց կառավարության ու կուսակցության ինսայդերները պնդում են, որ նախագահը այդ ինֆորմացիայի մեծ մասը ստանում էր իր փեսայի միջոցով, որն ապրում է ստամբուլյան նույն համալիրում ու ելումուտ կատարելու եզակի հնարավորություն ունի։ Աթիլլա Յեշիլադան՝ թուրք հայտնի մեկնաբան Աթիլլա Յեշիլադան, կարծում է, որ ֆինանսների նախարարը վստահեցրել է նախագահին, թե ամեն ինչ իր վերահսկողության տակ է։ «Ինձ ասել են, որ Ալբայրաքն իրականում մեկուսացրել էր Էրդողանին, ու մարդիկ չէին կարողանում նրան հասնել», — ասում է Յեշիլադան։ «Եթե Դուք վերահսկում եք մարդու շրջապատը, ապա Դուք վերահսկում եք նրան հասնող ինֆորմացիան։ Ես կարծում եմ, որ Ալբայրաքը պարզապես նրան հիմարեցնում էր»։
Էկոնոմիկայի նախկին նախարար Ալի Բաբաջանը, որը վերջերս հեռացավ ԱԶԿ-ից, որպեսզի հիմնի իր սեփական կուսակցությունը, գտնում է, որ Էրդողանը տեղյակ եղել է տնտեսական իրավիճակի մասին, թե ոչ, երկու դեպքում էլ պատկերը ապշեցուցիչ է։ «Այստեղ երկու սցենար կարող է գոյություն ունենալ, — ասել է նա անցած շաբաթ, — առաջինն այն է, որ նա իսկապես տեղյակ չի եղել, թե ինչքան վատ է իրավիճակը, ու որ այն լրիվ այլ կերպ են ներկայացնում նրան։ Եթե այսպես է, ուրեմն նա անհանգստանալու լուրջ առիթներ ունի։ Երկրորդն այն է, որ Էրդողանը գիտի, թե ինչ է կատարվում, բայց հանրությանը այլ բան է ասում։ Սա ևս աղետ է»։
Այժմ արդեն բոլորին պարզ է դառնում, որ Էրդողանի ընտանիքը կարևոր գործոն չի հանդիսանա Էրդողանից հետո:
Սելիմ Քորու, քաղաքական վերլուծաբան
Մյուսները զգուշացնում են այն վտանգի մասին, որ կարճ ժամանակ անց Էրդողանը կվերադառնա իր սկզբնական գործելակերպին. այն է՝ ճնշում գործադրել կենտրոնական բանկի վրա տոկոսադրույքները կրճատելու համար։ «Սա ընդունելով որպես կենտրոնական բանկի անկախության դեմ ուղղված շարժում ես ավելի շատ հակված եմ այն մտքին, որ Էրդողանն իր համաձայնությունն է տալիս տոկոսադրույքի բարձրացմանը՝ փորձելով զսպել ֆինանսական ճգնաժամը», — հայտնում է Սելվա Դեմիրալփը՝ Քոչ համալսարան-ԹՈՒՍԻԱԴ-ի տնտեսական հետազոտությունների ղեկավարը։ «Երբ փոխարժեքը կայունանա, ամենայն հավանականությամբ, նա կվերադառնա ցածր տոկոսադրույքով քաղաքականություն՝ աճը խթանելու համար»։ Դա կարող է վտանգավոր լինել ու նպաստել, որ Թուրքիան մեկ այլ ճգնաժամի մեջ ընկնի։
Թեև Էրդողանը նաև խոստացել էր դատական բարեփոխումներ իրականացնել մարդու իրավունքների պաշտպանության ու օրենքի գերակայության ոլորտում, հավանական չէ, որ նման կարևոր փոփոխություններ կատարվեն մի մարդու կողմից, որին անհրաժեշտ է շարունակ ճնշում գործադրել ընդդիմադիր կուսակցությունների և լրատվամիջոցների վրա իր իշխանությունը պահպանելու համար։ Նույնը վերաբերում է նաև Թուրքիայի ռազմատենչ արտաքին քաղաքականությանը, որը վերջին տարիներին նա օգտագործում է ներքաղաքական նպատակներով, չնայած որ որոշ դիվանագետներ հույս ունեն, թե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակից հետո գոնե նրա հռետորաբանության մեջ կարճաժամկետ մեղմացում կլինի:
Մինչ Ալբայրաքի հեռանալուց հետո իրավիճակը կայունանում է, մի նախկին բանկիր Քերիմ Ռոթան, որը կասկածներ ունի, թե Ալբայրաքն է խոչընդոտել իր՝ 2017 թվակականին Odeabank մասնավոր բանկի գլխավոր գործադիր տնօրեն նշանակվելուն, պնդում է, թե Թուրքիայի գործարար ու ֆինանսական համայնքը պետք է ուսումնասիրի իր դերը երկրի ներկա ծանրի րավիճակում։ «Անձամբ ես կարծում եմ, որ բանկային համակարգը և գործարարները որոշ չափով պատասխանատու են Թուրքիայի՝ այսպիսի ընտանեկան պետություն դառնալու գործում», — ասում է նա։ Երբ Ալբայրաքը անցավ մասնավոր բանկերի համար աշխատողներ վարձելու ու ազատելու գործին, «բանկերի սեփականատերերից կամ գործադիր տնօրեններից ոչ ոք ոչինչ չասաց», — ավելացնում է Ռոթան, որն անցած տարի դարձավ Դավութօղլուի նոր քաղաքական կուսակցության հիմնադիր անդամներից մեկը։ «Նրանք միայն տվեցին իրենց համաձայնությունը և վարձեցին այդ մարդկանց»։ Odeabank-ը չի պատասխանել սրան մեկնաբանություն տալու հարցմանը։
Ընդդիմադիր կուսակցությունները վերջին այս դրաման համարում են Էրդողանի վարչակարգի փլուզման նախանշան։ ԱԶԿ նախկին պատգամավոր Մուսթաֆա Յեներօղլուն, որը լքեց կուսակցությունը 2019-ին, անցած շաբաթ գրել է իր Թվիթերում, որ «ճանապարհի վերջը տեսանելի է»։
Քեմալ Քըլըչդարօղլուն՝ Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը, պնդում է, որ նախագահը կպարտվի հաջորդ ընտրություններում, որոնք ներկայումս նախատեսված են 2023-ին, և պաշտոնը թողնելուց բացի այլ ելք չի ունենա։ «Առաջին անգամ մեր պատմության ընթացքում մենք պատրաստվում ենք տապալել ավտորիտար ռեժիմը ժողովրդավարական միջոցներով», — անցած ամիս հայտարարել է նա։
Ոմանք ավելի մռայլ տեսակետ ունեն՝ պնդելով, որ Ալբայրաքի հեռանալը նախագահին առավել քան երբևէ դժվարին կացության մեջ է դնում։ «Նրան չեն կարող քվեարկությամբ հեռացնել», — ասում է Սինան Սիդդին՝ ԱՄՆ-ի Ծովային հետևակի կորպուսի համալսարանի քաղաքագետը։ «Չկա մի այնպիսի իրավիճակ, որի դեպքում Էրդողանը կանցկացնի ընտրական ինչ-որ գործընթաց, կպարտվի ու կասի. «Ահա իմ երկրի բանալիները»։ Հիմա, երբ Ալբայրաքի հետ կապված նախագիծը ավարտվել է, նա ասում է. «Էրդողանը հավանաբար վատ դրության մեջ է՝ չգիտենալով, թե ում նշանակի իր փոխարեն։ Ինձ համար այնքան էլ պարզ չէ՝ գոյություն ունի արդյո՞ք ամբողջական ստրատեգիա, թե ում կարելի է իշխանությունը փոխանցել և ինչպես»։
Էրդողանը, որը իր իշխանության 18 տարիներին բազմաթիվ ճգնաժամերի է դիմակայել, այս ամսվա ֆիասկոյից հետո ստիպված է ձևացնել, թե ամեն բան կարգին է։ Այս դրվագը հիշեցնում է անողոք պրագմատիզմը մի մարդու, որի համար իշխանության ղեկին մնալուց ավելի կարևոր բան չկա։ Բայց այս պրագմատիզմը անհրաժեշտ էր միայն այն վտանգավոր խաղում, որ նա սկսեց Ալբայրաքին առաջին տեղում նշանակելու համար. սա մեկն է վերջին տարիներին կայացված այն բազմաթիվ որոշումներից, այդ թվում՝ Ստամբուլի ընտրությունների վերանցկացման աղետալի որոշումը, որոնք ցույց են տալիս, որ բանիմաց քաղաքական գործիչը հեռու է անսխալական լինելուց։
ԱԶԿ-ի որոշ գործիչներ կարեկցական տեսակետ ունեն քաղաքական ճգնաժամի յուրահատուկ մարտահրավերների մասին, որոնք նաև ընտանեկան բնույթի էին։ «Սա շատ դժվարին իրավիճակ է նախագահի համար», — ասում է կուսակցության բարձրաստիճան պաշտոնյան։ «Նա (Ալբայրաքը) Ձեր դստեր հետ է։ Ձեր թոռների»։ Նա գովաբանեց նախագահին «ճիշտ քայլ» կատարելու համար և պնդեց, որ Թուրքիան կհաղթահարի այս ճգնաժամը, ինչպես որ միշտ արել է նախկինում։ Սակայն, նա ավելացնում է. «Առաջին հերթին նա երբեք չպeտք է իր ընտանիքի անդամին նշանակեր այդպիսի պաշտոնում»։
Լաուրա Փիթլը «Financial Times»-ի թղթակիցն է Թուրքիայում։
Թարգմանիչներ՝ Սոնա Սիմոնյան (Sona Simonyan), Մարիետա Ստեփանյան (Marieta Stepanyan), Մարիամ Անտիկյան (Mariam Antikian) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։