Համբարձում Գալստյան. Անլուրջ մարդու հուշեր | Մաս 2
1988 թ. փետրվարին սկսեցին հակասական լուրեր հասնել Ղարաբաղից: Մի կողմից շարունակվում էին ակտիվ գործողությունները: Նամակներ, ստորագրություններ, գյուղական ու ավանային խորհուրդների նստաշրջաններ կուսակցության սկզբնական ու շրջանային կազմակերպությունների որոշումներ պատմական ճշմարտությունը վերականգնելու պահանջով և նման ուրիշ շատ ու շատ հուսադրող երևույթներ: Բայց, մյուս կողմից, Ղարաբաղի ադրբեջանաբնակ շրջաններում ու Ղարաբաղի սահմանակից բնակավայրերում ավելի հաճախակի ու ահագնալի էին դառնում հայերի նկատմամբ կիրառվող բռնությունները: Այդ օրերին քաղաքում մարդիկ ձեռքից-ձեռք էին փոխանցում այդ բռնություններից տուժած և Ստեփանակերտի մարզային հիվանդանոցում նկարահանված հայերի պատմածները, որոնք, մեղմ ասած, այնքան էլ չէին նպաստում դարավոր հարևանների նկատմամբ խանդաղատանքի առաջացմանը:
Փետրվարի 18-ի երեկոյան Երևանի Թատերական հրապարակում միտինգ էր նշանակված: Կազմակերպիչները գոյապահպանական շարժման ակտիվիստներն էին, իսկ հիմնական նպատակը, եթե չեմ սխալվում, Աբովյանում կառուցվելիք լիզինի գործարանի շինարարությունը կասեցնելն էր: Ես էլ էի շատ վրդովված այդ տմարդի գործարանի կառուցման փաստից, չնայած մինչև հիմա էլ, թեկուզ սպանեք, չգիտեմ, թե լիզինն ինչ է, ում է պետք և ում պետք չի: Ստամբոլցյան Խաչիկն ու Սանասարյան Հակոբն այնպիսի պերճախոս փաստարկներ ունեին գործարանի կառուցման դեմ, որ միայն շատ համարձակը կարող էր «Մոսկվայի ագենտ» հորջորջվելու պատվից վեր կանգնել ու մտքում (միայն մտքում) այլ փաստարկներ ունենալ: Ահագին ժողովուրդ էր հավաքվել՝ երևի մի քանի հազար: Սկզբում Թատերական հրապարակում էինք հավաքված, հետո ինչ-որ մեկի առաջարկով շարժվեցինք դեպի Բաղրամյան պողոտա ու, եթե չեմ սխալվում, առաջին անգամ կենտկոմի շենքի դիմաց փողոցն ու ամբողջ երթևեկությունը փակեցինք: Շատ սպասեցինք, և միայն ժամը 20-21-ի արանքում հայտնվեցին միտինգի հիմնական գործող անձինք՝ աբովյանցիները: Սակայն թափորով եկող երկու-երեք հարյուր մարդկանց ձեռքի տրանսպարանտներն ու լոզունգները, ինչպես նաև խոսելիքը, կարծես թե առանձնապես մեծ կապ չունեին գոյաբանական խնդիրների և մասնավորապես լիզինի ու լիզինի գործարանի հետ:
Եկողները խոսում էին միայն Ղարաբաղի մասին: Ժողովուրդը շատ խանդավառված էր: Առջևից Իգորն էր քայլում: Փորձեցի հետը խոսել. մասնավորապես հետաքրքրում էր, թե երբ պիտի ղարաբաղցիների հերթական խմբի հետ միասին Մոսկվա մեկնեմ, բայց Իգորն առանձնապես չհասցրեց հետս խոսել և ընդամենը ասաց, որ արդեն Մոսկվա խնդրագրով գնալու անհրաժեշտությունը վերացել է, և երկու օր հետո՝ փետրվարի 20-ին Ստեփանակերտում պիտի տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի խորհրդի նիստը, որը Հայաստանի հետ վերամիավորվելու որոշում պիտի ընդունի: Հա, չմոռանամ ասել, որ այդ օրերից սկսած՝ անընդհատ զարմացել եմ վերամիավորում արտահայտության վրա: Ի՞նչ է նշանակում այն, և ո՞վ ում հետ պիտի վերամիավորվի. կարծում եմ, ռուսական կրթություն ունեցող ինչ-որ իմաստուն «վերա» մասնիկն ավելացրել է մեր արդար պահանջն ավելի արդար ու համոզիչ դարձնելու անկասկած առողջ մղումով: Ինչևիցե, միտինգ-երթն ավարտվեց՝ հաջորդ օրն առավոտյան հավաքվելու առաջարկությամբ: Որոշեցինք արդեն հավաքվել ցերեկը՝ ժամը 14-ին:
Հաջորդ օրն առավոտյան ես ու Ալեքսանը գնացինք Իգորի տուն: Հիվանդացել էր: Անհրաժեշտ կարգադրություններն ու հրահանգներն ստացանք ու վերադարձանք: Ասեմ, որ անգամ ինձ նման հավակնոտ մարդու համար այս փուլում Իգորի գերազանցությունն ու նրա ասածների քննարկումից դուրս լինելու հանգամանքն ակնհայտ էր: Ասաց, որ չի կարողանալու միտինգին մասնակցել, և որ մենք կազմակերպենք այն: Գնացինք Թատերական հրապարակ: Ահռելի ժողովուրդ էր հավաքվել՝ երկու-երեք տասնյակ հազար, ու, մեր մեջ մնա, սարսափեցի այդ բազմությունից:
Ուզում էինք միտինգն սկսել, երբ մի մեծ խմբի հետ Իգորը հայտնվեց: Խմբի հենց առջևում քայլում էր Հայոց աշխարհի տիկնանց տիկինը՝ Սիլվա Կապուտիկյանը: Ասեմ, որ տիկին Սիլվայի նկատմամբ այս տիտղոսը միշտ անկեղծորեն եմ օգտագործել, չնայած մի անգամ, միտինգի ժամանակ կարծես թե վիրավորվեց այդ արտահայտությունը լսելով: Համենայնդեպս, գոնե նկարագրածս ժամանակ ու գոնե ինձ համար նա տիկնանց տիկին էր: (Լավ ժամանակներ էին. ընդամենը մի տիկնանց տիկին կամ ազգի maman ունեինք):
Եթե չեմ սխալվում, միտինգը ես բացեցի: Բացեցի ու անմիջապես խոսքը տվեցի տիկին Սիլվային: Խոսեց առավելապես Ղարաբաղի մասին: Խոսեց խորհրդային իշխանության արշալույսին հայ ժողովրդի նկատմամբ թույլ տրված պատմական անարդարության մասին: Ասաց, որ այդ հանցագործության հիմնական հեղինակը ժողովուրդների ու հատկապես հայ ժողովրդի դահիճ Իոսիֆ Ստալինն էր, որն օգտվելով մեծ, շատ մեծ, առաջնորդի հիվանդությունից, Ղարաբաղը տվեց Ադրբեջանին: Տիկինը պատմեց, թե վերջին յոթանասուն տարվա ընթացքում ինչ տանջանքների ու հալածանքների է ենթարկվել մեր ժողովրդի մասնատված մանուկը, և իր հույսն ու գոհունակությունը հայտնեց առ այն, որ խորհրդային ղեկավարության կողմից հռչակված վերակառուցման, ժողովրդավարության ու հրապարակայնության պայմաններում մեր երկու ժողովուրդների բարեկամությունը սասանող այդ փորձաքարը կվերանա: Լավ չեմ հիշում, բայց կարծեմ վերջում հրապարակեց նամակի թե հեռագրի մի տեքստ, որն առաջարկեց միտինգի անունից ուղարկել Միխայիլ Գորբաչովին:
Տիկին Սիլվայից հետո ես խոսեցի: Մի քանի խոսք ասացի Ղարաբաղի ու ղարաբաղցիների մասին ու սահուն կերպով անցա մյուս, մեղքս ինչ թաքցնեմ, առավել սրտամոտ թեմաներին: Է՜լ ժողովրդից գողացված ու անարգված պատմություն, է՜լ լեզվական (ասել է թե ռուսերենի) ու մշակութային ինտերվենցիա, է՜լ բարոյական արժեքների այլասերում, է՜լ գողության ու թալանի տասնամյակներ՝ բոլորն ասացի, ու դեռ մի բան էլ ավելի: Տարիների երազանքս կատարվել էր՝ կարող էի կանգնել ու ի լուր աշխարհի հայտնել, թե ինչ եմ մտածում երկրի ու շուրջս կատարվածի մասին: Կարծես հարբած լինեի:
Ինձանից հետո Ալեքսանը խոսեց: Հիմնականում ծանրացավ (ինչ լավ բառ գտա Ալեքսանի ելույթի համար) Արցախի հարցի պատմական կողմի վրա ու հավաքված ժողովրդական զանգվածների առջև քարը քարին չթողեց «այսպես կոչված» ադրբեջանական պատմագրությունից: Ու հենց այդ ելույթի ժամանակ էլ հրապարակում պարտավորվեցինք թյուրքածին Ղարաբաղ անվան փոխարեն օգտագործել միայն հայկական Արցախ անվանումը:
Հետո բազմաթիվ ուրիշ հռետորներ էլ ելույթ ունեցան: Ներողություն եմ խնդրում, որ բոլորին անուն առ անուն հիշել չեմ կարող՝ ժամանակ շատ է անցել: Ուզում եմ նաև ներողություն խնդրել նվաստիս արած ու չարածների մասին հարկ եղածից ավելի շատ խոսելու համար. պարզապես ուզում եմ ճշգրիտ լինել, իսկ առավել ճշգրիտ հիշում եմ իմ կատարածները (կամ չկատարածները): Նեղացողներից անպայման պիտի Սամսոն Ղազարյանի անունը նշեմ. որը … 1987 թ. վերջերից գոյապահպանության առաջամարտիկներից մեկն էր: Այդ հողի վրա էլ ծանոթացել ու նույն ակտիվությամբ էլ շարունակում էինք համագործակցել նաև ղարաբաղյան հարցի հետ կապված: … Համենայնդեպս, առաջին միտինգը հիմնականում Սամսոնն ու ես էինք վարում (եթե, իհարկե, վարել բառը կարելի է օգտագործել միտինգի առնչությամբ):
Տիկին Սիլվայի խմբի հետ Իգորն էլ էր եկել, չնայած առավոտյան ասել էր, որ չի կարողանալու միտինգին մասնակցել: Գլխին մի չալպտուրիկ գլխարկ կար: Ասեմ, որ արդեն այդ ժամանակ Իգորն ահռելի հեղինակություն ուներ ժողովրդի մեջ, և հրապարակում նրա հայտնվելուն պես ժողովուրդն սկսեց նրա անունը վանկարկել: Միտինգն արդեն վերջացնում էինք ու անգամ, եթե չեմ սխալվում, արդեն հայտրարել էինք նրա փակման մասին, երբ Իգորն ասաց, որ ուզում է ելույթ ունենալ (լավ չեմ հիշում՝ գուցե ժողովուրդն ինքը սկսեց նրա անունը վանկարկել): Ու Իգորս սկսեց խոսել:
Ինձ համար Ղարաբաղյան շարժման առավել բարդ հանելուկներից մեկը Իգոր Մուրադյանն է՝ թե անձը և թե քաղաքական գործունեությունը: Անկասկած օժտված ու տաղանդավոր մարդ է, բայց թերություններն այնքան շատ են, որ միայն մեծ ցանկության ու ազնվության դեպքում կարելի է խոստովանել վերը նշված արժանիքները: Վեր է մարդկային հասարակության մեջ ընդունված ցանկացած պայմանականությունից ու, իմ խորին համոզմամբ, իր գործունեության մեջ վաղուց արդեն ջնջել է «կարելին» «չի կարելիից» բաժանող սահմանը (եթե, իհարկե, տեսականորեն չբացառենք այն դեպքը, թե այդ սահմանն ի սկզբանե չի եղել): …
Եթե որևէ մեկն ինձ ասեր, որ լեզվական արատ ու մասնավորապես կակազող մարդը կարող է փայլուն հռետոր լինել, ապա, որպես քաղաքավարի մարդ, ընդամենը կժպտայի: Այդ օրը հասկացա, որ լավ հռետորի համար ամենևին էլ էական չէ՝ լեզուն բերանում ճի՞շտ է դրված, թե ոչ: Իգորը բոլորին կախարդեց: Տասնյակ հազարավոր մարդիկ քարացած ու հմայված լսում էին: Անսովոր ելույթ էր, որին, գոնե իմ ականջները, սովոր ու պատրաստ չէին: Դժվար է ասել, թե ինչն էր անսովոր: Սուր մի՞տքը, թե՞ հումորի առավել սուր զգացումը: Ելույթի համարձակությու՞նը, թե՞ ցինիկությունը: Պատկերավոր համեմատություննե՞րն, անսպասելի շրջադարձերն ու հռետորական բազմաթիվ այլ հնարքնե՞րը… Ամենայն հավանականությամբ՝ այս բոլորը միասին: Մի բան էլ մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ՝ նրա փայլուն կառուցված, կենդանի խոսքը լավ նախապատրաստված տնային աշխատա՞նք էր, թե՞ հրաշալի էքսպրոմտ:
Հռետորը խոսեց Ղարաբաղի ու ղարաբաղցիների մասին: Խոսքում էժան ու սրտաճմլիկ բաներ չկային, չկար նաև հարգանք մեր հարևանների, նրանց ծնողների, պապերի ու առաջնորդների նկատմամբ: Ագրեսիվ ելույթ էր, ու սոցիալիստական ինտերնացիոնալիզմի ոգով դաստիարակված բոլոր երեք սերունդների միտինգավոր ներկայացուցիչների համար էլ ելույթի ոգին անսպասելի լինելով՝ խիստ գրավիչ էր: Ելույթը հիմնականում հանգում էր նրան, որ պատմական արդարության ժամը հասել է, Ղարաբաղի ժողովուրդն արդեն իր ընտրությունը կատարել է, և Խորհրդային Հայաստանի ամբողջ ժողովուրդը մեկ մարդու նման պիտի սատար կանգնի արցախահայությանը: Վերջում հռետորը առարկություն չընդունող տոնով ժողովրդից պահանջեց, որպեսզի հաջորդ օրը հրապարակում հարյուր հազար մարդուց պակաս չլինեն: Դեռ լուրջ տոնով էլ ավելացրեց, թե պակաս լինելու դեպքում Ղարաբաղը տանուլ ենք տալու: Ընդհանրապես, Իգորի փետրվարյան ելույթները հիշեցնում էին տարրական դպրոցի դաստիարակչուհու խոսակցությունն իր սաների հետ, ընդ որում սաների մանկական դեմքերն ամենևին չէին կարողանում (ասենք՝ նպատակ էլ չունեին) թաքցնել հիացմունքը ուսուցչի նկատմամբ:
Միտինգի ավարտից հետո ես, Ալեքսանն ու Սամսոնը գնացինք Իգորենց տուն: Ահագին մարդ կար՝ հիմնականում ղարաբաղցիներ: Բոլորն ինչ-որ ցուցումներ էին ստանում ու կամաց-կամաց հեռանում: Վերջում միայն մենք մնացինք: Խոսեցինք միտինգի մասին, վերջին լուրերն իմացանք, հաջորդ օրվա անելիքը որոշեցինք ու բաժանվեցինք:
Հաջորդ օրը մոտավորապես ժամը 12-ին Թատերական հրապարակ եկանք: Կյանքումս երբեք մի հրապարակում այդքան մարդ հավաքված չէի տեսել: Էլի վախեցա: Ընդհանրապես մարդկանց մեծ կուտակումներից միշտ վախեցել եմ: Մայրս է պատմել, և մեջս խիստ տպավորվել է, թե ինչպես Ստալինի մահվան ժամանակ ահագին մարդկանց ամբոխը ոտատակ է տվել ու սպանել: Լավ չեմ հիշում, բայց գիտեմ, որ մեր մի հեռավոր ազգականի կամ բարեկամի այդ օրը ոտքի տակ են տվել:
Կարծես թե Իգորի պատգամը կատարվել էր, և հրապարակ էր եկել, թերևս, հարյուր հազարից ավելի մարդ: Մարդիկ բոլորն արդեն գիտեին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանի մասին ու իրենց գործերը թողել, հրապարակ էին եկել: Լավ էլ գարնանային եղանակ էր:
Էլի ելույթներ սկսվեցին: Նոր բաներ ասողներ հիմնականում չկային: Տակից-գլխից խոսում էինք: Ժամանակ առ ժամանակ մի խելքը գլխին խոսող էր լինում, բայց դե ժողովուրդն առանձնապես խելոք բաներ լսելու չէր եկել: Մեծ հաջողություն ունեին չտպագրվող ու խորհրդային անարդար կարգերի կողմից «հալածված» պոետներն ու գուսանները: Հաջող էին անցնում նաև մեր հարևանների հասցեին առավել ընտիր էպիտետներ օգտագործող հռետորների ելույթները: Վարողներն, ինչ խոսք, և առանձին, և հրապարակավ կարգի էին հրավիրում նման ելույթների հեղինակներին, բայց դե Իգորի դափնիները շատերին հանգիստ չէին տալիս:
Եթե չեմ սխալվում, փետրվարի քսանի միտինգից հետո ավանդույթ դարձավ հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվների ընդհանուր ժողովների որոշումների արձանագրությունների ընթերցումը: Շատ էին բերում, ու մենք էլ հաճույքով խոսափող էինք տրամադրում: Չգիտեմ ինչն էր պատճառը: Ասենք, գիտեմ՝ խորհրդային դաստիարակությունը: Ու մեկ էլ… վախը: Տեսեք, մենք մենակ չենք, մի քանի հոգի չենք, մի ամբողջ ժողովուրդ ենք, ամբողջ ժողովրդով հո հանցագործ ու ազգայնամոլ լինել չէինք կարող:
Փետրվարի քսանի միտինգի ժամանակ կազմկոմիտե ընտրեցինք (բա ամոթ չէ՞ր առանց դրա, ի՞նչ կասեին մարդիկ): Ասել, թե ժողովրդավարական ընտրություններ եղան՝ ոնց որ ճիշտ չի լինի: Ես մի ցուցակ կարդացի անուններով, և ժողովրդին տեղյակ պահեցինք, որ միտինգները կազմակերպված ու կարգապահ անցկացնելու համար «Ղարաբաղ» կազմակերպչական կոմիտե ենք ստեղծում: Նախագահ, ինչ խոսք, ներկաների հիացական բացականչությունների ու սուլոցների ներքո, ընտրվեց Իգոր Մուրադյանը: Նրանից բացի, կազմկոմիտեի կազմում ընտրվեցին Ալեքսան Հակոբյանը, Սամսոն Ղազարյանը, և, եթե չեմ սխալվում, ղարաբաղցիներից Մանվել Սարգսյանն ու Գագիկ Սաֆարյանը: Նաև նվաստս: Ասեմ, որ յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ ժողովրդին զգուշացնում էինք միտինգները կազմակերպված ու կարգապահ անցկացնելու մասին՝ թշնամին ուշադիր հետևում է, որ միտինգների ժամանակ հանկարծ մի սխալ թույլ տանք, մի անշնորհք բան անենք կամ ասենք, որ դրանից հետո մեզ (ասել է, թե ամբողջ ժողովրդին կամ գոնե հրապարակում հավաքվածներին) պատժի: Մի բառ էլ էր մեր ժողովուրդն իր համար հայտնաբերել, որը բոլորի շուրթերին էր՝ պրովոկատոր: Բոլորս էլ գիտեինք, որ մեր մեջ ՊԱԿ-ը կամ մի ուրիշն անպայման պրովոկատոր են ուղարկելու, ու խիստ զգույշ էինք: Վայն եկել ու տարել էր այն մարդուն, որի ելույթն ինչ-ինչ պատճառով միտինգավորների դուրը չէր եկել ու նրանցից մեկը հռետորին անվանել էր պրովոկատոր: Ամենաճիշտը սուսուփուս, առանց ավելորդ ուշադրություն հրավիրելու հեռանալն էր: Հակառակ դեպքում թշնամու պրովոկատորն անպայման արժանի հատուցում կստանար: Թե ով է այդ արյունռուշտ թշնամին ու ինչու էր ուզում մեզ անպայման պատժել՝ այդ մասին գերադասում էինք չխոսել, բայց հո բոլորս էլ գիտեինք, որ Լիգաչովն ու իր նմանները ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի: Խե՜ղճ Եգոր Կուզմիչ: Թե ոնց էր կարողացել Միխայիլ Սերգեևիչն այս անխելք ֆելդֆեբելին ամբողջ երկրի համար դարձնել վերակառուցման թշնամի ու նրա վրա բարդել իր բոլոր կատարածների ու չկատարածների մեղքը՝ մինչև հիմա զարմանում եմ: Չէ, բանսարկությունների անգերազանցելի գրոսմայստեր էր ստավրոպոլցի նախկին տրակտորիստն, ու թերևս սա միակ բանն էր, որ կարողանում էր անել կատարյալ ու անթերի:
Փետրվարի քսանմեկին առաջին անգամ խորհրդային մամուլը գրեց երևանյան իրադարձությունների մասին: Ասեմ, որ ոչ միայն երևանյան, այլև Ղարաբաղում ընթացող իրադարձությունների մասին մինչ այդ մամուլը որևէ խոսք չէր գրել: Այս անգամ էլ առանձնապես շատ բան չկար. ՏԱՍՍ-ը «Պրավդայի» ու «Իզվեստիայի» վերջին էջերում խորհրդային ժողովրդին իմիջիայլոց տեղեկացնում էր, որ Երևանում մի խումբ ծայրահեղականներ ու ազգայնականներ միտինգ են արել և ազգայնամոլ-ծայրահեղական հարցեր են բարձրացրել: Կարճ-կոնկրետ: Բայց արդյու՜նքը…
Այս մի երկու բառից (ազգայնամոլ ու ծայրահեղական, նացիոնալիստ ու էքստրեմիստ) մեր ազնվական ժողովուրդը շատ էր վիրավորվել: Ու միտինգավորների քանակն էլ կրկնապատկվել, քառապատկվել էր: Հռետորները մեկը մյուսին հերթ չտալով՝ ելույթ էին ունենում, նշում իրենց կոչումները, տիտղոսներն ու սոցիալիստական հայրենիքին մատուցած ավանդներն ու խիստ զայրացած պատիվ էին պահանջում իրենց ազգայնամոլ ու ծայրահեղական անվանող «ծախու գրչակներից»: Այս անգամ արդեն կոլեկտիվ ընթերցանությունների ժամանակ հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչներն իրենց բանավոր ու գրավոր ելույթներում մի-մի քացի էլ հասցնում էին «վերակառուցման, հրապարակայնության ու ժողովրդավարացման» քաղաքականությանն անհարիր խորհրդային մամուլին:
Փետրվարի 21-ի միտինգն սկսվեց Ղարաբաղում ընթացիկ իրադարձությունների մասին տեղեկատվությամբ: Այս հարցով, որպես կանոն, հիմնականում Մանվել Սարգսյանն էր զբաղվում: Շատ լավ տղա է, բացառիկ բարոյական նկարագրի տեր անձնավորություն, մաքուր, ջինջ, բայց իմ ամբողջ հարգանքով ու սիրով հանդերձ չեմ կարող պնդել, թե մեր ժողովրդի մեծագույն հռետորներից մեկն է: Շատ անհաջող էր խոսում, բայց միևնույն է՝ ժողովուրդը համակ ուշադրություն դարձած լսում էր: Հիմնականում խոսում էր նախորդ օրը կայացած նստաշրջանի որոշման մասին, այնուհետև խոսեց Ղարաբաղի տարբեր վայրերում ու Ադրբեջանի հարևան շրջաններում հայերի նկատմամբ կատարված բռնությունների մասին: Բավական մանրամասն պատմեց նաև Ադրբեջանի պետական քարոզչության՝ ռադիոյի, հեռուստատեսության ու մամուլի կեցվածքի մասին: Հատուկ անդրադարձավ նստաշրջանին նախորդող երեկոյան կայացած հեռուստատեսային հաղորդմանը, ուր երեք ժամ շարունակ բայաթիների ու մուղամների մղկտացնող երաժշտության ուղեկցությամբ ցուցադրվել էր Ղարաբաղը, նրա բնությունը, հուշարձանները (Գանձասար, Ամարաս և այլն), և խոսվել էր ժողովուրդների բարեկամության, ադրբեջանցի ժողովրդի բարության ու հյուրընկալության և դրանք շահարկող ազգայնամոլների ու ծայրահեղականների մասին: Գիտական այրերն էլ էին ելույթ ունեցել և հյուրընկալ ադրբեջանցիներին տեղյակ պահել առ այն, որ հայերը Ղարաբաղում հայտնվել են ընդամենը հարյուր տարի առաջ՝ Պարսկաստանից մազապուրծ փախչելուց հետո: Իսկ «Վա՜յ Գանձասարն» ու «Վա՜յ Ամարասը» աղվանական, ասել է թե ադրբեջանական հնագույն քաղաքակրթության վկաներն են: Ու կոչ էին արել տղամարդկանց՝ վեր կենալ հայրենիքի պաշտպանության համար:
Մանվելը բավական մանրամասն պատմեց Ստեփանակերտի նստաշրջանի կազմակերպման ու անցկացման մասին: Այն կանխելու համար այդ օրերին Բաքվից գաղափարախոսական ճակատի շատ խոշոր պաշտոնյաներից բաղկացած մի հզոր դեսանտ են իջեցրել Ստեփանակերտ: Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ՝ ռուս քարտուղարը, գաղափարախոսական գծով քարտուղարը և ուրիշներ: Նստաշրջանի նախորդ օրը, երբ բոլոր փաստարկները սպառվել են, Ստեփանակերտ եկող բոլոր ճանապարհների վրա պոստեր են ստեղծել՝ պատգամավորների մասնակցությունն արգելելու նպատակով: Ադրբեջանցի պատգամավորները հենց սկզբից հրաժարվել են նստաշրջանի աշխատանքներին մասնակցելուց, և այն հրավիրվել է, եթե չեմսխալվում, 110 պատգամավորի մասնակցությամբ: Ինչպես միշտ, այս գործը խափանելու ու կազմակերպիչներին պատժելու ամենալայն գործունեությունը ծավալել էր մարզկոմի երկարամյա առաջին քարտուղար Բորիս Կևորկովը: Ահավոր բաներ էին պատմում այդ օրերին սույն ճիվաղի գործունեության մասին: Վերջին օրն էլ, երբ տեսել էր, որ նստաշրջանը որևէ կերպ հետաձգել հնարավոր չէ, վերցրել էր մարզային խորհրդի գործադիր կոմիտեի կնիքն ու Բաքվից եկած դեսանտայինների հետ միասին մեկնել Աղդամ հերոս քաղաքը: Ու այդպես էլ կնիքը չվերադարձրեց, և պատմական որոշումն այդպես էլ անկնիք մնաց, ու ներկա պատգամավորներն ստիպված էին եղել այն վավերացնել իրենց ստորագրություններով:
Մանվելի ելույթից հետո, վարողի իրավունքով, նորից խոսափողին մոտեցա ու, մեկ անգամ ևս շեշտելով մեր պայքարի բացառապես քաղաքակիրթ ուղին, դիմեցի մեր իշխանություններին ու փափագս հայտնեցի համանման մի նստաշրջան Երևանում կազմակերպելու ու Ղարաբաղի դիմումին համանման մի որոշում ընդունելու վերաբերյալ: Ժողովուրդն առաջարկությունս շատ բուռն ընդունեց ու այդ պահից սկսած, շուրջ չորս ամիս շարունակ, մեր միտինգների անհրաժեշտ ատրիբուտը դարձավ հրապարակ թնդացնող «սե-սիա», հետո՝ «նըս-տա-շըր-ջան» վանկարկումը: Էքսպրոմտ ելույթս, չգիտես ինչու, Իգորի դուրն ամենևին չեկավ, ու միանգամից ասաց, որ հիմարություն է նստաշրջան պահանջելը: Ասածը չփաստարկեց, այլ ընդամենը արձանագրեց: Սիրտս շատ նեղվեց, բայց մնացի իմ կարծիքին:
Քանի որ խոսքը հռետորներին հասավ, ապա գայթակղությանը չպիտի դիմանամ ու անպայման Վաչե Սարուխանյանի մասին գրեմ: Ամենասիրված հռետորն էր: Առաջին անգամ հայտնվեց գիսաստղի նման: Ելույթից առաջ ներկայացավ որպես Ստեփանակերտի հայկական թատրոնի գլխավոր ռեժիսոր (սուտ էր): Ելույթն սկսեց հայտարարությամբ առ այն, որ թուրքերն իր գլուխը գնահատել են հարյուր հազար ռուբլի (այն ժամանակվա համար խիստ մեծ գումար էր): Հետո պատմեց, թե ինչ վտանգներ ու սարսափելի որոգայթներ է հաղթահարել, մինչև որ գիշերը Ստեփանակերտից Երևան է հասել (էլի սուտ էր՝ հետո իմացա, որ այդ օրերին Ղարաբաղում ընդհանրապես չի եղել): Հետո պատմեց իր կատարած մյուս սխրագործությունների մասին ևս, և ներկաների համար միանգամից պարզվեց, թե ով է Ղարաբաղյան շարժման ու այս բոլոր իրադարձությունների հոգեհայրը: Հետո սկսեց պատմական էքսկուրսներ կատարել, և բոլորս հիացախառն զարմանքով իմացանք, որ Ղարաբաղում ու նրա սահմաններից դուրս շուրջ մեկ (թե մեկուկես) միլիոն ղարաբաղցի է ապրում, և բոլորը մի մարդու նման կանգնած են: Այս բոլոր տեղեկություններն ուղեկցվում էին ՙթուրք-թաթարական պիղծ ու ստոր ցեղերի՚ հասցեին ուղղված ոչ այնքան գեղեցիկ արտահայտությունների հեղեղով, և պիտի խոստովանեմ, որ սույն ելույթը հավաքվածների վրա մեծ տպավորություն թողեց: Թատերական հրապարակը շունչը պահած ու քարացած լսում էր: Հռետորը կախարդել էր լսարանը: Մենք էլ գոհ էինք: Ելույթի ժամանակ (քառասուն րոպեից մինչև մեկ ժամ) ճանճն անգամ չէր տզզում, և անհանգստանալ պետք չէր, թե կարող են անկարգություններ կամ այլ բաներ լինել: Հոգ չէ, թող մի քիչ էլ սուտ խոսեր: Ժողովրդի դուրը գալիս էր: Միակ վրդովվողը քաղաքի միլիցիայի վարչության պետ Կառլոս Ղազարյանն էր. երբ հռետորն իր հերթական ելույթներից մեկի ժամանակ նշեց, որ ինքը գիշերվա ընթացքում գնացել է Ստեփանակերտ ու վերադարձել, զայրացած գնդապետը մոտեցավ օրվա հերոսին ու ներկայացրեց իր հաշվարկները, որոնցից բխում էր, որ հռետորը Երևանը կարծես թե չէր լքել: Զայրացած գնդապետը այս հաշվարկներն ու դրան ուղեկցող մաղթանքները ներկայացրեց խորհրդային ոստիկանության աշխատակցին բնորոշ նուրբ արտահայտություններով: Հռետորին զգուշացվեց նաև, որ ժողովրդի դյուրահավատության չարաշահման մյուս փորձերը իրավապահ մարմինների կողմից կկասեցվեն ամենակտրուկ միջոցներով:
Փետրվարի 22-ի միտինգը նորից կեսօրին սկսվեց Թատերական հրապարակում: Միտինգից մեկ-երկու ժամ անց լուրեր հասան, թե Երևան են եկել ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի ներկայացուցիչները: Քիչ անց կարողացանք նաև եկվորների անունները ճշտել՝ Դոլգիխ ու Լուկյանով: Կրեմլյան բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունը Երևան միտինգավորների միահամուռ կարծիքով դիտվեց որպես առաջին փոքր հաղթանակ, որից հետո հռետորներից մեկն անմիջապես առաջարկեց այն ամրապնդել՝ նրանց Թատերական հրապարակ հրավիրելով: Եվ քանի որ ինքներս էլ մեր ասածին չէինք հավատում, ապա որոշեցինք գնալ, շրջապատել կենտկոմի շենքն ու այդպես պահել, մինչև որ ժողովրդի ներկայացուցչի հետ հյուրերը չհանդիպեն: Որոշեցինք ու արեցինք՝ դրանով իսկ կառավարական ու պետական շենքերի շրջափակումը քաղաքական պայքարի զինանոց մտցնելով (ինչ իմանայինք, որ մի օր էլ այդ շենքերում մենք ենք հայտնվելու): Նոր էինք կենտկոմի շենքի դիմաց տեղավորվել և խոսափողները Ակադեմիայի բակում տեղադրել, երբ ինչ-որ մեկը մոտեցավ և ասաց, որ կենտկոմից ուզում են միտինգավորների ներկայացուցիչների հետ զրուցել: Արագ խորհրդակցելուց հետո տղաները որոշեցին ինձ ուղարկել: Գնացի:
Շենք մտնելուց հետո անմիջապես երկրորդ (թե երրորդ) հարկ բարձրացրին ու երկար ու բարակ միջանցքներով տանելուց հետո մի առանձնասենյակի առաջ խնդրեցին սպասել: Կարծեմ կոչվում էր բյուրոյի սենյակ: Քիչ անց ներս հրավիրեցին: Շատ մարդ կար: Նստածներից ճանաչեցի միայն Կարեն Դեմիրճյանին ու Ֆադեյ Սարգսյանին: Խոսակցությունն սկսեց Դեմիրճյանը: Ներկայացա: Հարցրեց, թե ինչ մասնագիտություն ունեմ: Ասացի, որ պատմաբան եմ: Հետո հարցրեց, թե ինչու են մարդիկ հավաքվել ու ինչ են ուզում: Առանց պատասխանս լսելու մեծահոգաբար տեղյակ պահեց, որ թե՛ ինքը, և թե՛ հավաքվածներից յուրաքանչյուրը գոնե դեմ չեն, որ Ղարաբաղը Հայաստանին միացվի, բայց դե հարցեր կան… Դրանից հետո նորից հարցրին, թե միտինգավորների պահանջներն ինչ են և ինչպես կարելի է մարդկանց վերադարձնել տուն կամ աշխատանքի: Պատասխանեցի, որ մարդկանց հրապարակից կարելի է տուն ուղարկել միայն Գերագույն խորհրդի նստաշրջանի հրավիրման մասին ԳԽ նախագահության որոշումը հրապարակելուց հետո: Ասեմ, որ այս հարց ու պատասխանի ժամանակ սովորական, լկտիության հասնող անբռնազբոսիկությունս լրիվ լքել էր ինձ, և հարցերին պատասխանում էի խոնարհ աշակերտի նման: Ընկեր Դեմիրճյանը մի հարց տվեց, որի ժամանակ, առանց իսկ պատասխանս լսելու, ներկա քարացած բյուրոյականները քմծիծաղ տվեցին: Հարցի էությունը հանգում էր նրան, թե ինչպես է, որ պատմաբան լինելով հանդերձ չեմ հասկանում, որ նման հարցերը նստաշրջանով չեն լուծվում: Սա էլ անմռունչ կուլ տվեցի և ընդամենը ասացի, որ եկել եմ միտինգավորների անունից, ու մարդիկ ցանկանում են Մոսկվայի ներկայացուցիչներից իմանալ, թե երկրի ղեկավարությունն ինչ է մտածում Ղարաբաղի վերաբերյալ: Հանրապետության ղեկավարը ժպտալով էլի ինչ-որ բաներ ասաց, որից հետո տեղեկացրեց, որ իրենք առարկություն չունեն, որ դրսի ժողովրդից մի քանի հոգի հանդիպեն քաղբյուրոյի ներկայացուցիչների հետ ու իրենց ասածն ասեն: Այդ պահից ես ու ընկեր Դեմիրճյանը դարձանք դաշնակիցներ, ու նա ինձ մի քանի խորհուրդ տվեց, թե ում ընտրենք ու ոնց խոսենք: Տեսակցությունը սրանով ավարտվեց, և դուրս եկա: Ճանապարհին մի երիտասարդ էր ինձ ուղեկցում, որն անընդհատ իր հիացմունքն էր արտահայտում իմ պահվածքի վերաբերյալ և խնդրում էր, որ «ռուսների» հետ էլ նույն համարձակությամբ խոսենք: Իմ դարդն ուրիշ էր, ինձ խորապես նվաստացած ու վիրավորված էի զգում և ոչ մի կերպ չէի կարողանում ինձ ներել խոնարհ ու հնազանդ պահվածքիս համար:
Հատված Համբարձում Գալստյանի «Հոդվածներ, հուշագրություններ, հարցազրույցներ»-ից, (Երևան, 2002)
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ