Համբարձում Գալստյան. Անլուրջ մարդու հուշեր | Մաս 4
Միտինգից հետո, ուշ երեկոյան կենտկոմի նիստերի դահլիճում ակտիվի նիստ էր տեղի ունեցել: Շատ պարունակող բառ է ակտիվի նիստ ասվածը, և կազմակերպիչներն, ամենայն հավանականությամբ, աշխատել էին ամեն ինչ անել, որպեսզի ռուբինե աստղերով քաղաքից ժամանած հարգարժան հյուրերին ապացուցեն, թե ժողովրդի միայն միտինգավոր հատվածը չի տառապում էքստրեմիստ ու նացիոնալիստ պարտավորեցնող գնահատականներից, և, ընդհանրապես, հարցը շատ ավելի լուրջ է: Շատ-շատերն էին ելույթ ունեցել, և իսկապես շատ սուր ելույթներ էին եղել:
Հաջորդ օրը, ըստ նախորդ օրվա պայմանավորվածության, պիտի շարունակեինք նախորդ օրվա կիսատ թողած հանդիպումը կենտկոմում: Մինչև կենտկոմ գնալը վերցրինք թերթերը և, ի մեծ զարմանք մեզ, էլի նույն զիբիլը տեսանք՝ նացիոնալիզմ, էքստրեմիզմ ու էլի չգիտեմ ինչ: Զարմացած էինք՝ չէ՞ որ Եգոր Կուզմիչը խոստացել էր մամուլին կարգի հրավիրել: Տարբեր ենթադրություններ անելով՝ հասանք կենտկոմ:
Այս անգամ արդեն Իգորն էլ էր եկել, ու մեր կողմից հիմնականում նա էր խոսում: Իգորը հիմնականում ուզում էր կենտկոմի երկու քարտուղարներից կոնկրետ պատասխան ստանալ Ղարաբաղի ապագայի վերաբերյալ, ինչը, բնականաբար ի վիճակի չէին անել մեր հյուրերը: Ավելին, այս անգամ ընկերներ Դոլգիխն ու Լուկյանովը, ի տարբերություն նախորդ օրվա, խիստ ագրեսիվ էին ու կտրական, և կարծես թե նրանց ուզածն ընդամենը մի բան էր՝ մեզանից խոստում ստանալ առ այն, որ մենք ժողովրդին տուն կուղարկենք: Հետին թվով հիմա կարելի է ենթադրել, որ նրանք արդեն տեղյակ էին նույն երեկոյան Մոսկվայում կայանալիք քաղբյուրոյի նիստին ու նրա որոշմանը: Համենայնդեպս, տևական խոսակցությունը կամ բանավեճը որևէ հայտարարի չբերեց՝ եկվորները հնազանդություն ու ապաշխարանք էին պահանջում ու վերջ: Բաժանվեցինք որպես բարեկամներ:
Երեկոյան միտինգի ժամանակ ժողովուրդը շատ-շատ էր հավաքվել: Մարդիկ զարմացած ու զայրացած նախորդ օրվա Լուկյանովի ելույթի ու առավոտվա մամուլի հրապարակումների միջև եղած անպատկառ տարբերություններից՝ հրապարակ էին եկել ու հաշիվ էին պահանջում: Մեղք մարդ ենք, մեղք ազգ ու դասեր ենք քաղում միայն այն դեպքերից, որոնք անձամբ մեզ հետ են կատարվում: Կարծես պատմություն չի եղել, կարծես Կարսի ու Մոսկվայի պայմանագրեր չեն եղել, կարծես ԳՈՒԼԱԳ-ում մեր հայրերը չեն եղել, կարծես 80 թ. կոմունիզմի մասին չենք լսել կամ ազգովին թավահոնք առաջնորդի մեծարժեք գրքերը չենք ուսումնասիրել: Կարծես այդ բոլորը չի եղել, և առաջին անգամ Մոսկվայից եկած մի աստիճանավոր մեզ սուտ էր ասել, և ազգովի մեզ խաբված ու վիրավորված էինք զգում:
Երեկոյան միտինգը սկսելիս զուտ տեխնիկական բնույթի պրոբլեմներ ևս ունեինք. մշտական միտինգավարներից մեկի՝ Սամսոնի ձայնը կտրվել էր, Գևորգյան Սամվելը վատ էր զգում, ու միտինգում «կոնֆերանսյեների» խիստ պակաս էր զգացվում: Սամվելին Սամսոնն էր նախորդ օրը բերել ու երաշխավորել որպես լավ լրագրող ու լավ տղա և գոյաբանական շարժման ղեկավարներից մեկը: Իսկապես լավ ու կարգին տղա դուրս եկավ: Սամսոնը առաջարկեց, որ միտինգների ղեկավարման կազմկոմիտեի մեջ Վանո Սիրադեղյանին էլ վերցնենք: Ես անունը լսել էի, բայց հետը ծանոթ չէի: Սամսոնը կարճ ու կտրուկ գնահատեց. «Լավ տղա է, բայց մի քիչ խելառ է»…:
Այդ օրվա միտինգը խիստ ագրեսիվ սկսվեց: Առաջին կտրուկ ելույթը, եթե չեմ սխալվում, ես ունեցա: ԽՄԿԿ ու ՀԿԿ պատմությանը նվիրված համառոտ ակնարկից հետո, ոչ մեկ, ոչ երկու՝ պահանջեցի Կարեն Դեմիրճյանի հրաժարականը: Առարկության չհանդիպելով ու ոգևորվելով՝ ձեռքի հետ կառավարության հրաժարականն էլ պահանջեցի: Գերագույն խորհրդին առաջարկեցի ինքնալուծարվել, նոր ընտրություններ նշանակել ու առաջին անգամ, մեր ժողովրդի քաղաքական ակտիվությանը վայել ազատ ընտրություններ կազմակերպել: Վերջում էլ պահանջեցի կոմունիստական կուսակցությունը ցրել ու դատ կազմակերպել նրա նկատմամբ: Ասել, որ շատ հանգիստ ու անտարբեր էի խոսում՝ ճիշտ չի լինի. ոտքերս երկուսն էլ դողում էին: Կողքից ինքս ինձ էի նայում ու ինքս իմ մեղքը գալիս էի. խե՜ղճ տղա, բռնելու են տանեն, գլուխն ուտեն:
Տղաները բոլորն էլ շատ կտրուկ խոսեցին: Միտինգավորների ելույթները ստանդարտից դուրս էին եկել: Ու այստեղ առաջին անգամ ելույթ ունեցողներից մեկն առաջարկեց այսինչ-այսինչը չկատարվելու դեպքում ազգովի գործադուլ կազմակերպել: Մենք, ինչ խոսք, այս առաջարկությունը վաղաժամ համարելով՝ մեր ելույթներում մերժեցինք:
Մոռացա ասել, որ առաջին օրերից իսկ սկսած Թատերական հրապարակի հարթակում հեռուստացույց էինք դրել՝ համարյա բացառապես «Ժամանակ» լրատվական ծրագիրը դիտելու համար, ընդ որում, որպես կանոն, միտինգն ավարտվում էր հաղորդումից անմիջապես հետո: Մենք ևս հիմնական նորությունները լսում էինք հեռուստատեսությամբ և, օրվա նորություններն իմանալուց հետո, հավաքվում էինք հաջորդ օրվա անելիքները որոշելու: Գորբաչովի ժամանակ մի նորամուծություն էին մտցրել հեռուստատեսություն. ամեն հինգշաբթի թե ուրբաթ օր հեռուստատեսությամբ լրատվություն էր տրվում քաղբյուրոյի շաբաթական նիստի վերաբերյալ: Հեռուստացույցով հայտնեցին Արեոպագոսի՝ քաղբյուրոյի նիստի վերաբերյալ, որը բառ առ բառ կրկնել էր «նացիոնալիզմը», «էքստրեմիզմը» ու վերջում էլ հայտնել էր, որ այդպիսի հարց գոյություն չունի, և Խորհրդային Միության մեջ սահմանների փոփոխություններն անընդունելի են:
Դժվար է ասել, թե ինչ կատարվեց հրապարակում դրանից հետո: Շուրջ կես միլիոնանոց հրապարակը մի ահավոր ու ընդհանուր բերան դարձած՝ սուլում էր: Թվում էր, թե հենց հիմա կողքի շենքերը կփլվեն ազգովի բողոքի այդ յուրօրինակ դրսևորումից: Մենք էլ էինք սուլում: Հետո վերջացրինք սուլելը: Եթե շատ մեղմ բառով փորձեմ նկարագրել մեր վիճակը, ապա թերևս ամենահարմար բառը շփոթությունն է: Երկրի քրմերի գերագույն խորհուրդը հստակ ու աներկմիտ պատասխանել էր մեր արդար (ազգովի, համաժողովրդական, հավաքական սրտի խորքից, պատմական անարդարություն, վերակառուցում ու հրապարակայնացում՝ ինչ ուզում ես ասա՝ կարելի է) խնդրանք-պահանջին: Հետին թվով հերոս ու խիզախ ձևանալու ոչ մի ցանկություն չունեմ ու անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ այդ հաղորդումից հետո բոլորս մի ահավոր հուսախաբություն պիտի ապրեինք և գլխիկոր ու գլխահակ վերադառնայինք մեր հաստոցները: Ու երևի ես մենակ չէի: Համենայնդեպս, Վաչե Սարուխանյանը չեղած մազերն էր փետում ու բոլորին հայտնում, որ ինքն անձամբ կորած է ու իր ելույթները չեն ներվելու: Ու վաղը կսկսվի: Մնացած ժողովրդի վիճակն էլ լավ չէր:
Ու հանկարծ խոսափողին մոտեցավ Վազգենը: Որպես կանոն, միտինգների ժամանակ Վազգենը շենքի (օպերայի) ներսում էր նստում ու վրա-վրա սուրճ էր խմում: Ելույթ երբեք չէր ունեցել ու համարյա չէր խառնվում միտինգի ընթացքին: Ու եթե հանկարծ հարթակ էր բարձրանում, ապա հանգիստ կքանստում էր (կարծես պպզել բառի գրական ձևն է) մի անկյունում ու լսում:
Հիմա սարսափելի այլայլված կամ, ավելի ճիշտ, գազազած էր: Ինչ-որ մեկը պատմել էր քաղբյուրոյի որոշման վերաբերյալ: Շատ հատու քայլերով մոտեցավ խոսափողին: Հարյուր-հազարավոր մարդիկ քարացան: Չգիտեմ ինչու, բայց քարացան: Ասենք արդեն հասկացել եմ, թե ինչու: Մարդիկ իսկապես շփոթված էին ու անելիքները չգիտեին: Եվ պատրաստ էին լսել ու ենթարկվել նրան, ով իր վրա պատասխանատվություն կվերցներ: Հետին թվով հիմա արդեն համոզված եմ, որ սաղմնավորվող ազգային շարժման առաջին ու վճռորոշ պահն էր եկել: Կամ պիտի ազգովին, ծեծված շան թուլաների նման տուն գնայինք ու մղկտայինք մեր անբախտ ազգի ու պատմական անարդարության վրա, կամ էլ պիտի կռիվ սկսեինք: Ոչ Ադրբեջանի ու ադրբեջանցիների դեմ: Գորբաչովի ու Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության դեմ:
Ու Վազգենը կռիվն սկսեց: Խոսեց 10-15 րոպե: Ամբողջ հրապարակը քարացած կամ, ավելի ճիշտ, փշաքաղված լսում էր: Վազգենը ելույթն սկսեց նրանից, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի Ղարաբաղը իրեն միացրել՝ Ռուսաստանն է (բոլշևիկները, Լենինը) տվել Ադրբեջանին ու հիմա էլ էլի Ռուսաստանն է (Գորբաչովը, վերակառուցումը, ԽՍՀՄ-ը և այլն) դեմ այն Հայաստանին միացնելուն: Ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ակտիվությունը կամ չակտիվությունը չորրորդական է այս հարցում («պեշկա» են՝ իր խոսքերն են): Հետո պարզ ու խիստ համոզիչ շարադրեց իր հայացքները քաղաքականության մեջ ուժի գործոնի դերի ու նշանակության վերաբերյալ: Խոսեց Արամ Մանուկյանի ու Առաջին Հանրապետության մասին, նրա պատմական դասերի մասին, կայսրությունների ու կայսերական շահերի, ազգերի ու ազգային շահերի մասին: Վերջացրեց նրանով, որ բոլոր հավաքվածներին կոչ արեց համազգային գործադուլի՝ ի պատասխան քաղբյուրոյի որոշման:
Եղած ու չեղած գրական ամբողջ տաղանդս ի զորու չէ հաղորդելու այն, ինչ կատարվեց դրանից հետո: Քարացած ժողովուրդը, ելույթն ավարտելուն պես, սկսեց որոտալ՝ «գոր-ծա-դուլ, գոր-ծա-դուլ»: Մարդկանց դեմքերի արտահայտությունը փոխվել էր, ոգևորություն ու վճռականություն էր ի հայտ եկել: Էլ ելույթներ, քննարկումներ չեղան: Մգրոն խոսափողին մոտեցավ և երգեց «Արյունոտ դրոշ մեր ազատության»: Ամբողջ ժողովուրդն էլ հետը երգում էր: (Խեղճ Մգրո, անբախտ Մգրո, մի ամիս առաջ մահացավ):
Հետո երթ սկսվեց: Շուրջ հազար հոգի մինչև առավոտ մի հզոր պտույտ կատարեցին քաղաքով մեկ՝ ժողովրդին գործադուլի կոչելով: Հրաշալի գիշեր էր: Կողքս անընդհատ քաղաքի ոստիկանապետն էր՝ Կառլոս Ղազարյանը. անգամ նա էր ոգևորված, չնայած անընդհատ աշխատում էր ցույց չտալ: Առավոտյան ժամը յոթին վերադարձանք տուն: Պայծառ ու անմոռանալի գիշեր էր՝ երբեք չեմ մոռանալու և անընդհատ կարոտելու եմ:
Հատված Համբարձում Գալստյանի «Հոդվածներ, հուշագրություններ, հարցազրույցներ»-ից, (Երևան, 2002)
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ