Համբարձում Գալստյան. Անլուրջ մարդու հուշեր | Մաս 5
Հաջորդ օրն արդեն՝ առավոտյան ժամը 11-ին, Թատերական հրապարակը լիքն էր: Մի քանի տասնյակ հազար մարդ հենց սկզբից կար: Խոսափողները միացնելուն պես հրապարակն անմիջապես լռեց: Մենք ելույթ ունեցանք, որից հետո սկսեցին ելույթ ունենալ հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչները: Որպես կանոն, ելույթ էին ունենում հիմնարկների շարքային աշխատակիցները. պատմում էին իրենց ժողովի ու ընդունած որոշման մասին, երբեմն խոսում էին նաև շարժման ակտիվիստների նկատմամբ եղած հալածանքների մասին: Ինչ խոսք, ընթերցվող բոլոր որոշումներում կոլեկտիվները սատար էին կանգնում միտինգավորներին ու միանում էին գործադուլին: Ախմախ ելույթներ էլ էին շատ լինում՝ էլ գուսան, էլ սկսնակ ու չճանաչված հանճար-պոետ, երբեմն էլ պարզապես հոգեկան հիվանդ: Երբեմն-երբեմն գործադուլի դեմ ելույթներ էլ էին լինում՝ հիմնականում վաստակաշատ (իսկ Վանոյի դիպուկ խոսքով՝ պետական) մտավորականների կողմից: Որպես կանոն, ժողովուրդը չէր թողնում, որ սկսածն ավարտեն՝ սուլում ու ստիպում էր հեռանալ խոսափողից:
Միտինգների ժամանակ պարբերաբար լենինյան գվարդիայի փառապանծ ներկայացուցիչներ էլ էին հանդիպում: Որպես կանոն, կենտկոմ-քաղկոմի ու ՊԱԿ-ՆԳՆ աշխատակիցները ժողովրդի հետ չէին խառնվում ու հավաքվում էին հրապարակի անկյունում՝ Թումանյանի արձանի մոտ: Մեծ մասի դեմքին արհամարհանքախառն քմծիծաղ կար մշտապես, բայց շատ ուշադիր լսում էին: Քաղկոմում աշխատող մի ընկեր ունեի՝ Խաչիկը, որը հետագայում պատմում էր, որ իրենց աշխատանքային օրն սկսվում էր նախորդ օրվա միտինգի քննարկմամբ ու ավարտվում էր առաջիկա միտինգի ընթացքի վերաբերյալ կանխագուշակումներով: Առանձնապես աշխույժ էին լինում քննարկումներն այն ժամանակ, երբ միտինգում մեզանից մեկը շոշափում էր (կամ քլնգում էր՝ ինչպես ընդունված էր ասել) մերձավոր կուսակցակական ներկայացուցիչներից մեկին: Հոգու խորքում բոլորին էլ դուր էր գալիս՝ տուժյալից բացի: (Այս մասին Լառոշֆուկոն մի հանճարեղ խոսք ունի. «Աշխարհը լիքն է սոխերով, որոնք տանել չեն կարողանում սխտորներին»):
Կուզեի առանձին խոսել պլակատների, կարգախոսների ու ցանկացած միտինգը, ցույցը կամ երթը զարդարող և մեզանում «ցուցադրական ագիտացիա» պարտավորեցնող անունը կրող երևույթի մասին: Թերևս ոչ մի նյութ այդքան համոզիչ ու խոսուն չի վկայի շարժման էվոլյուցիայի մասին, որքան դրանք: Միամիտ ու պարզ էին դրանք և սկզբնական շրջանում հասցեագրված էին ոչ այնքան հավաքվածներին, որքան Մոսկվայում նստածներին ու նրանց նաիրյան կամակատարներին ու եսավուլներին: Ազգերի ազատ ինքնորոշման ու հայ ժողովրդի արդար պահանջի մասին վկայող ամաչկոտ կարգախոսները կորչում էին մարքս-լենինյանի, պրոլետարական ինտերնացիոնալիզմի, սոցիալիստական հայրենիքի ու մյուս ապուշությունների կողքին: Հետո կամաց-կամաց կարմիր պաստառներն սկսեցին առավել արմատական դառնալ: Ընդ որում արմատականությունը պետության, կուսակցության ու ղեկավարության դեմ դեռևս որևէ կերպ ուղղված չէր, այլ առանձին անձերի ու պետական ինստիտուտների դեմ: Սկզբնական շրջանում առավել ագրեսիվ տրանսպարանտները հիմնականում անդրադառնում էին խորհրդային մամուլին, հեռուստատեսությանն ու լրատվական մյուս աղբյուրներին: Ինչ խոսք, մամուլի հետ միասին ղեկավարներից ամենաշատը շոշափվում էր Լիգաչովի անունը: Պատճառը պարզ էր՝ այս թշվառականն էր ղեկավարում քաղբյուրոյի գաղափարական աշխատանքները և, իր կամքից անկախ, ամբողջ կրակն իր վրա էր վերցրել: Այս տրանսպարանտային անմեղությունը պահպանվեց ամբողջ փետրվարի ընթացքում, ու միայն հայրիկյանականներն էին, որ հենց սկզբից էլ ամբողջ չարիքի աղբյուրը համարում էին Կրեմլն ու նրանց դեմ էլ պայքարի կոչ էին անում: Հիմնականում պլակատներում ու տրանսպարանտներում: Այն պարզ պատճառով, որ խոսափողին մոտ չէին թողնում նրանց:
Պարույր Հայրիկյանն ու նրա զինակիցներն առանձին ու մեծ խոսակցության առարկա են: Ոչ առաջնորդի ու ոչ էլ նրա զինակիցների նկատմամբ երբեք առանձին համակրանք չեմ ունեցել, բայց պիտի ջանամ օբյեկտիվ գտնվել նրանց ու իրենց կատարածի նկատմամբ: Հենց սկզբից ասեմ, որ միտինգավորների ճնշող մեծամասնությունը, այդ թվում նաև այս տողերի հեղինակ նվաստը, ամեն կերպ աշխատում էր հեռու մնալ նրանցից: Հիմա երկնագույն «Երկրի» էջերից մեկում ամեն համբակ կարող է մեկ-երկու սոճու չափ թուղթ փչացնել անկախության ու ինքնորոշման մասին ճամարտակելով. հարգված թեմա է և, ամենակարևորը, անվտանգ: Այն ժամանակ ուրիշ էր, ու բոլորս էլ գիտեինք՝ եթե կա մեկը, որին չեն ներելու, ապա դա առաջին հերթին անկախությունից ու ինքնորոշումից խոսողներն են, «անխորտակելի միության» հավերժությունը կասկածի տակ դնողները: Ու այս գիտակցության հետևից կրնկակոխ եկող վախն էր, որ ստիպում էր ինչ-որ տեսական կամ քաղաքական հիմնավորում տալ անկախականներին Շարժումից հեռու պահելու մեր ձգտմանը: Բոլորի համար պնդել չեմ կարող, բայց գոնե իմ մասին ճիշտ եմ ասում: Ու բոլոր զգույշ ու «խելոք» մարդիկ՝ շրջկոմ-քաղկոմների աշխատակիցներից մինչև տիտղոսակիր ու ուսադիրակիր մտավորական, դա էին պնդում ու դրանով էին վախեցնում: Ասենք, իրենք էլ շատ ապուշություններ էին անում ու մարդկանց իրենցից խրտնեցնում. միտինգներից մեկի ժամանակ ինչ-որ ախմախ թռուցիկներ էին տարածել կաթողիկոսի դեմ ու նման բազմաթիվ ուրիշ ապուշություններ ևս:
Պարույր Հայրիկյանի մասին, մեղքս ինչ թաքցնեմ, առաջին անգամ լսել եմ 1987 թ. միայն՝ եթե չեմ սխալվում, «Հայ Դատում»: Ազգային առումով խիստ ռադիկալ ամսագիր էր և որակապես տարբերվում էր «վերակառուցողական ու հրապարակայնացված» մյուս խորհրդային «սամիզդատ»-ներից: Ասենք, սկզբնական շրջանում այդ ամսագիրը պահանջատիրական նյութերից բացի բազմաթիվ այլ թեմաների էլ էր անդրադառնում: Այստեղ արդեն ոչ մի բան ոչնչով քողարկված չէր, ու հեղինակները հենց սկզբից իրերն իրենց անունով կոչելու նախանձի արժանի համարձակություն ունեին: Եթե չեմ սխալվում, առաջինը հենց «Հայ Դատն» էր, որ հրապարակեց հայ քաղբանտարկյալների անունները: Եթե չեմ սխալվում, այստեղ էր, որ առաջին անգամ խոսվեց հայ այլախոհների մասին, ու հատկապես, Զատիկյանի ու նրա խմբի մասին: Այստեղ առաջին անգամ խոսվեց Կարսի ու Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրերի մասին:
Մոռացա գրել, որ քաղբյուրոն Երևանի հետ միասին Բաքու էլ էր դեսանտ իջեցրել՝ Լիգաչովին ու Ռազումովսկուն: Սրանք էլ, հետո իմացանք, նույն հանդիպումները Բաքվում էին ունեցել, նույն խոստումները Բաքվում էին տվել: Մի ակտիվի խորհրդակցություն էլ Բաքվում էր տեղի ունեցել, ուր Մոսկվայից եկած հյուրերը հնարավորություն էին ունեցել ծանոթանալու մեր հարգարժան հարևանների տեսակետին վիճահարույց հարցի՝ ասել է թե Ղարաբաղի վերաբերյալ: Էլի խոսվել էր ծովից-ծով Հայաստանի, ազգայնամոլական թույնի, դաշնակցական քարոզչության մասին ու նման այլ հիմարություններ: Այստեղ նորից նախաձեռնող թշվառը՝ Եգոր Կուզմիչը, մի հայտարարություն էր կատարել Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մաս լինելու և Խորհրդային Միության միջև սահմանների անխախտության վերաբերյալ: Էլի միտինգում մի ապագա «պոլիտոլոգ» ելույթ ունեցավ ու նորից ժողովրդին պատմեց ԽՄԿԿ կենտկոմում եղած պայքարի մասին, ու զարմանքից աչքերը լայն բացած մեր հայերն սկսեցին վանկարկել «Լենին-պարտիա-Գորբաչով, Ստալին-Բերիա-Լիգաչով»: Լավ է, չէ՞:
Եթե չեմ սխալվում փետրվարի 24-ին էր, որ առաջին անգամ ուղղակի հանդիպում եղավ մեր ու հանրապետության ղեկավարների միջև: Օրվա երկրորդ կեսն էր, և միտինգը սովորական ընթացքով եռում էր, երբ քաղկոմի թե կենտկոմի հրահանգչի տեսքով մի երիտասարդ մոտեցավ ինձ ու խորհրդավոր տեսքով հայտնեց, որ ինձ կանչում են: Առանց հարցերիս պատասխանելու, երիտասարդն ինձ շենք մտցրեց ու տարավ օպերայի ու բալետի թատրոնի տնօրենի առանձնասենյակ: Խիստ կարևոր տեսքով շուրջ քսան տղամարդ էին հավաքված և աշխուժորեն քննարկում էին հրապարակի բոլոր ելույթները: Սենյակը ռադիոֆիկացված էր, և հավաքվածները ինձնից ոչ վատ տեղյակ էին անցուդարձի մասին: Հիմա դժվարանում եմ ասել, բայց կարծես թե ներկաներից ոչ մեկին չէի ճանաչում՝ նախարարների խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Մովսիսյանից բացի: Ու հենց նա էլ, շիկահեր ու կապտաչ մեկ ուրիշի հետ միասին, սկսեց խոսակցությունը: Մյուսները մի փոքր հեռացան ու զբաղված մարդկանց տեսք ընդունելով՝ փորձում էին կռահել մեր խոսակցության ընթացքը:
Մովսիսյանի հետ մի քանի աննշան խոսք փոխանակելուց հետո խոսակցության ղեկն իր ձեռքը վերցրեց մյուսը: Երբ խոսքի մեջ զրուցակիցս ասաց, որ ուզում են մեզ հետ ծանոթանալ, ես բավական անտակտ կերպով հարցրի, թե իսկ ինքն ո՞վ է, զրուցակիցս ներկայացավ՝ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Սուրեն Հարությունյան: Նրա մասին հանրապետությունում վերջին ժամանակներս շատ էին խոսում. երկար տարիներ աշխատել էր Մոսկվայում՝ սկզբում կոմերիտական պաշտոններում, իսկ հետո ԽՄԿԿ կենտկոմում պատասխանատու հրահանգիչ, թե չգիտեմ ինչ էր եղել ու Հայաստան էր ուղարկվել: Չգիտեմ՝ որքանով էին համապատասխանում ճշմարտությանը, բայց շշուկներ կային, որ Միխայիլ Սերգեևիչը նրան հեռանկարով է Երևան ուղարկել: Շշուկներ կային նաև այն մասին, որ մեր հանրապետության «հակավերակառուցողական» ուժերը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով հալածում ու խանգարում էին վերակառուցված Մոսկվայից մեր նաիրյան, չվերակառուցված ու բոլոր մեղքերի մեջ թաղված մայրաքաղաքը վերադարձած գործչին: Համենայնդեպս, զրույցը խիստ բարեկամական, մեղմ տոներով էր ընթանում: Ընկեր Հարությունյանը հետաքրքրվում էր, թե ինչպես ենք մենք պատկերացնում հարցի լուծումը և ունե՞նք, արդյոք, գործողության ծրագիր այս կամ այն ձևի հարցադրումների համար: Իմ ոչ մի բան չասող պատասխանից ու մի քանի նման բնույթի հարցերից հետո զրուցակիցս և Վլադիմիր Մովսիսյանն ընդհանուր հայտարարի եկան այն հարցում, որ տվյալ պահին առավել կարևորը ժողովրդին Թատերական հրապարակից դուրս տանելն է ու պայթյունավտանգ իրադրության սառեցումը: Հետո շատ կոնկրետ հարց տվեցին, թե անկախ Մոսկվայի վերաբերմունքից ու մոտեցումից, Հայաստանի իշխանությունները ի՞նչ կարող են անել, որպեսզի մարդիկ ցրվեն: Ես անկեղծորեն խոստովանեցի, որ ոչ մի միտինգավորի ու ոչ էլ անգամ ընկերներիս կողմից լիազորված չեմ իշխանությունների հետ բանակցելու համար, բայց եթե առարկություն չունեն, ապա կարող եմ զրուցակիցներիս ասածը նրանց փոխանցել ու շատ արագ պատասխան բերել: Հետո տղաներին պատմեցի խոսակցության մասին, և ոչ երկար քննարկումից հետո ՀԿԿ կենտկոմի բյուրոյի երկու անդամներին կամ անդամության թեկնածուներին հայտնեցինք մեր կարծիքը, որը, համառոտ, հանգում էր հետևյալ պահանջներին.
ա) Հանրապետության ղեկավարները ներկայանում են Թատերական հրապարակ ու միտինգում հրապարակավ հայտնում են իրենց կարծիքը Ղարաբաղի մարզային խորհրդի որոշման վերաբերյալ:
բ) Նույն տեղում հանրապետության ղեկավարությունը տեղեկացնում է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջան հրավիրելու իր որոշման մասին և հայտնում է նստաշրջանի օրը:
գ) Հանրապետական մամուլը անաչառ կերպով լուսաբանում է Ղարաբաղում ու Հայաստանում կատարվածը և ձեռնպահ է մնում կենտրոնական մամուլի ու լրատվական գործակալությունների տեղեկատվությունը վերատպելուց:
Զրուցակիցներս ասածներն ուշադիր գրեցին ու մեր պայմաններն անմիջապես հանրապետության ղեկավարությանը փոխանցելու խոստմամբ հեռացան: Այդ օրն այլևս նրանք օպերայի շենքում ու նրա շրջակայքում չերևացին:
Փետրվարի 25-ի միտինգն սկսելու ժամանակ արդեն ժողովուրդը Թատերական հրապարակում չէր տեղավորվում ու զբաղեցրել էր բոլոր հարակից փողոցներն ու տարածքները: Երևանցիների ու շրջակա քաղաքների մշտական միտինգավորներին ավելացել էր առավել հեռու գտնվող բնակավայրերից եկածները, որոնք շարասյուներ կազմած՝ հետիոտն գալիս էին: Ասեմ, որ նախորդ մի քանի օրերի ընթացքում երևանցիները միտինգային կուլտուրայի առումով տասնամյակների բացթողածը միանգամից ետ էին ստացել, ու այս առումով համաքաղաքացիներս էապես տարբերվում էինք մյուսներից: Վերջիններիս զգալի մասի համար կատարվածը ընդամենը թամաշա էր, ու շատ քչերն էին, որ ընկալում էին կատարվածն ու ասվածները: Վախենում եմ վիրավորվեն, բայց շրջաններից եկածների մեջ հարբածներն էլ շատ էին, և այս առումով միշտ վախենում էինք նրանց անկառավարելիությունից:
Փետրվարի 25-ին արդեն հանրապետության համարյա բոլոր խոշոր ձեռնարկությունները միացել էին գործադուլին: Երևանի խոշոր հիմնարկներում ստեղծվել էին գործադուլային կոմիտեներ, որոնց հեղինակությունը շատ բարձր էր: Արդեն այդ օրերին բավական շուտ ուրվագծվեցին հասարակական այն խավերը, որոնց վրա գլխավորապես կարող էր հենվել Շարժումը: Առաջին հերթին դա խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների բանվորությունն էր, որոնց, Ղարաբաղի ցավահարույց հարցի հետ միասին, հրապուրում էր նաև Շարժման բարձրացրած հարցերի արմատականությունը: Թերևս այդ էր պատճառը, որ Երևանի հետ միասին, միտինգներն ու գործադուլները առավել ակտիվ էին Աբովյանում, Չարենցավանում ու Հրազդանում: Մարդիկ խիստ հոգնել էին համընդհանուր այլանդակությունից ու անբարոյականությունից և պատրաստ էին հավատալ ցանկացածին, ով գոնե չէր խորշում հրապարակավ գնահատական տալ կատարվածին: Ելույթների պերճախոսությամբ ու հռետորների դերասանական արվեստով այս քաղաքների միտինգներն էապես զիջում էին մայրաքաղաքին, բայց դե անկեղծությունն ու անմիջականությունն էլ այստեղ անհամեմատ մեծ էր:
Արդյունաբերական բանվորության հետ միասին Շարժման մեջ խիստ մեծ էր մտավորականության կշիռը: Մտավորականություն ասելով՝ ես շատ ավելի լայն հասկացություն նկատի ունեմ, քան մեր այն ժամանակվա ընդդիմախոսները: Ի տարբերություն Ադրբեջանի, ուր գոնե մինչև 1988 թ. վերջերը ազգային շարժման խորհրդանիշն ու լուսավոր դեմքը համարվում էր սումգայիթցի փականագործ-մարդասպանը, Հայաստանում հենց սկզբից տոն տվողը մտավորականությունն էր: Անդրանիկ համազգային գործադուլին առաջիններից մեկը արձագանքեցին հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն ու ԽՍՀՄ ատոմային էներգիայի պետական կոմիտեին պատկանող ֆիզիկայի ինստիտուտը: Խիստ կազմակերպված, մայիսմեկյան շքերթ հիշեցնող շարասյուներով էին միշտ Թատերական հրապարակ մտնում մերգելյանցիները ու առավել արմատական որոշում ընդունող աշխատավորական կոլեկտիվն էլի նույն ինստիտուտն էր: Այս և մյուս մտավորական հիմնարկներում ստեղծվեցին կոմիտեներ: Մատենադարանում «Ղարաբաղ» կոմիտեի նախագահը գիտությունների երիտասարդ դոկտոր Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Նման կոմիտեներ ստեղծվել էին արդեն ակադեմիական ու ոչ ակադեմիական բոլոր ինստիտուտներում, բուհերում ու այլ վայրերում և այս օրերին տեղերում ստեղծված «Ղարաբաղ» կոմիտեները հիմնարկները հիմնականում իրենց ձեռքն էին վերցրել: Որպես կանոն, հիմնարկների «Ղարաբաղ» կոմիտեներում ընդգրկված էին առավել լուրջ, ազնիվ ու հեղինակավոր անձինք, չնայած կային նաև հիմնարկներ, ուր այդ կոմիտեների մեջ էին մտել առավել պարապ, դատարկապորտ և երեսպաշտ, պարզապես անհաջողակ մարդիկ, որոնք հաշվել էին, որ իրենց ժամանակն է եկել: Ինչ խոսք, այս շրջանում այդպիսի մարդիկ հրապարակի վրա դեռևս անհամեմատ քիչ էին, և աղբի ու փրփուրի զանգվածային հոսքը դեպի Շարժում չկար. այն եղավ անհամեմատ ավելի ուշ՝ առաջին ազատ խորհրդարանական ընտրությունների նախօրյակին:
Սկզբնական շրջանում ակտիվությունն առանձնապես մեծ չէր ուսանողության մեջ. գալիս, լսում, մի քիչ գոռգոռում ու գնում էին: Լավ էլ առիթ էր՝ դասերին երևի չէին գնում ու պատճառը հպարտորեն միտինգներն էին նշում: Չգիտեմ ու մինչև հիմա էլ սրա բացատրությունը չունեմ: Երևի նայում էին, ուսումնասիրում, ատամներին խփում: Իմ կարծիքով, առաջին լուրջ ուսանողական ակտը նստացույցն էր, որը մի քանի ամիս ուշ սկսվեց:
Ինչ վերաբերում է գյուղական շրջաններին, ապա սրանք մինչև վերջ էլ անհաղորդ մնացին Շարժմանը և որոշակի ակտիվություն ցուցաբերում էին շատ ավելի ուշ և միայն այն դեպքերում, երբ խոսքն անմիջապես իրենց կենսական շահերին էր վերաբերում: Նկատի ունեմ սահմանամերձ շրջանների գյուղացիության ակտիվությունն ինքնապաշտպանության հարցերում:
Փետրվարի 25-ի միտինգի ժամանակ չգիտեմ ինչ ճանապարհով Մոսկվայից իմացել էինք, որ Միխայիլ Սերգեևիչը ընդունել էր Սիլվա Կապուտիկյանին ու Զորի Բալայանին: Վերջինիս արդեն 4-5 օր անընդհատ սպասում էինք ու չգիտեմ ինչ արտասովոր հույսեր էինք կապում նրա հետ: Մինչ այդ մի քանի ամիս Ամերիկայում էր գտնվում ու, եթե չեմ սխալվում, սրտի վիրահատություն էր անցկացրել: Անհամբեր սպասում էինք: Ինքն էլ անընդհատ զանգահարում էր և ցուցումներ էր տալիս՝ հիմնականում Իգորի միջոցով: Նույն օրվա երկրորդ կեսին արդեն գիտեինք հանդիպման մասին և առ այն, որ հանդիպումը խիստ հաջող էր անցել, և Աստծո աջի հետքը ճակատին Միխայիլն ըմբռնումով էր վերաբերվել «բազմաչարչար» հայ ժողովրդին ու նրա պրոբլեմներին: Ու ամենևին անսպասելի չէր, որ մյուս օրվա միտինգին արդեն ժողովուրդը ծովի չափ էր…
Փետրվարի 26-ի առավոտյան Չարբախից քաղաքի կենտրոն գնալիս առաջին անգամ սաղավարտավոր, վահանավոր ու մահակավոր զինվորներ տեսա քաղաքում: Խիստ անսովոր, տպավորիչ ու, մեղքս ինչ թաքցնեմ, վախեցնող էր: Արդեն նախորդ օրն օդակայանի աշխատողներն անընդհատ լուրեր էին բերում, թե ռազմատրանսպորտային ինքնաթիռներով բազմաթիվ զինվորներ ու «փողոցային անկարգությունները» կարգավորող տեխնիկա են բերում: Անգամ թիվն էինք հասցրել իմանալ՝ 1500 հոգի: Մինչև Թատերական հրապարակ հասա, մի քանի տեղ նորից սաղավարտավորների տեսա: Հետո տղաներն էլ եկան, ու պատկերը պարզ էր՝ բոլշևիկներն արդեն փոստ-հեռագրատուն, կամուրջ ու մյուս՝ Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից ի վեր ստրատեգիական համարվող կետերն զբաղեցրել էին: Ըմբռնումը ըմբռնում, բայց Միխայիլ Սերգեևիչն էլ որոշել էր զգոնությունը չկորցնել և «ծայրահեղականներին» ու «ազգայնականներին» կուլ չգնալ: Ասենք, թերևս ավելի շատ դա Միխայիլ Սերգեևիչի պրոբլեմն էր, քանի որ Թատերական հրապարակում հավաքված ժողովրդին նայելով՝ դժվար էր ենթադրել, թե շատ են տառապում ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարի հոգեկան հանգստությունը պահպանելու ու նրան գլխացավանքից ազատելու ցավով: ….
Այստեղ հուշերի տեքստն ընդհատվում է:
Հատված Համբարձում Գալստյանի «Հոդվածներ, հուշագրություններ, հարցազրույցներ»-ից, (Երևան, 2002)
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ