Ի՞նչ է բարիքը
Բարիքը բնության և մարդու կողմից ստեղծված նյութական և ոչ նյութական միջոցների ամբողջությունն է, որը բավարարում է վերջինիս այս կամ այն պահանջմունքը:
Տեսակները
- Անձնական սպառման (սնունդ, հագուստ, բնակարան, ավտոմեքենա, առողջապահական, կրթական, զբոսաշրջային ծառայություններ և այլն),
- Արտադրական սպառման (մեքենաներ, սարքավորումներ, շենքեր և այլն),
- Նյութական (օդ, ջուր, բուսական ու կենդանական աշխարհ, սնունդ, բնակարան և այլն),
- Ոչ նյութական (առողջապահություն, կրթություն, գործող օրենքների համակարգի կիրառում),
- Տնտեսական (ավտոմեքենա, հագուստ, սնունդ և այլն),
- Ոչ տնտեսական (ժամանակին համարվել են ջուրը, օդը և այլն, որոնք այժմ աստիճանաբար վերածվում են տնտեսական բարիքի),
- Հասարակական (ազգային անվտանգության ապահովում, ճանապարհների կառուցում, պետական կառույցների գործունեություն և այլն):
Հասարակական բարիք
Հասարակական բարիքները այն բարիքներն են, որոնք հնարավոր չէ ձեռք բերել անմիջապես վճարելով դրանց համար: Այսպիսի բարիքների սպառմանը հատուկ է անբացառելիությունը և մրցակցային բնույթը: Սրանցից օգտվում են հասարակության բոլոր անդամները: Հասարակական բարիքների ձեռքբերումը կամ ապահովումը կառուցված չէ գերադասելիության սկզբունքի վրա և հնարավոր չէ գնահատել որևէ մեկի սպառման չափը:
Հասարակական բարիքի սպառման համար վճարումներն իրականացվում են անուղղակի ճանապարհով, որի հիմնական ձևը պետությանը վճարվող հարկերն են:
Հասարակական բարիքները կարող են լինել զուտ և խառը: Զուտ հասարակական բարիքը ամբողջությամբ անբացառելի է և ոչ մրցակցային, օրինակ՝ ազգային անվտանգության ապահովումը: Խառը հասարակական բարիքի դեպքում այդ հատկությունները կարող են համեմատաբար թույլ լինել: Այսինքն՝ կան այնպիսի հասարակական բարիքներ, որոնց համար հասարակության անդամները կատարում են մասնակի վճարումներ, օրինակ՝ հասարակական սննդի օբյեկտները:
Մարդու պահանջմունքների բավարարման համար անհրաժեշտ բարիքները բնության մեջ պատրաստի գրեթե գոյություն չունեն (բացառությամբ առանձին դեպքերի): Դրանք հիմնականում ստեղծվում են արտադրության միջոցով:
Այս համատեքստում կարևոր է պարզել հարստության բովանդակությունը: Բնականաբար հարստության հիմքում ընկած է ռեսուրսային ապահովվածությունը, ստեղծված արդյունքների և ծառայությունների ամբողջությունը: Հարստություն կարելի է համարել այն ամենը, ինչը մարդիկ գնահատում են՝ ելնելով իրենց պահանջմունքներից: Այսպես օրինակ՝ ժամանակակից պայմաններում առաջին պլան է մղվում որակյալ, միջազգային չափանիշներին համապատասխան արդյունքի թողարկումը: Եթե որևէ երկիր չի կարողանում դա ապահովել, ապա նրա հարստության մակարդակը համեմատելի չէ ավելի որակյալ արդյունք արտադրող երկրի նույն ցուցանիշի հետ:
Հեղինակ՝ Մարիամ Խաչատրյան (Mariam Khachatryan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Վահե Սալահյան (Vahe Salahyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan)
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ